Заметка

Անտեսվում է ժամանակակից գրականությունը

Անտեսվում է ժամանակակից գրականությունը

18.02.2014 | 12:14

Հանրային հեռուսատեսությամբ հեռարձակվելու է 20-րոպեանոց հաղորդաշար, որի ընթացքում ներկայացվելու են հայ ժամանակակից գրողների գործերը` արձակ և չափածո: Այս մասին տեղեկացնում է ՀԳՄ նախագահ Էդուարդ Միլիտոնյանը: Նրա կարծիքով` այդ կերպ կպրոպագանդվի ժամանակակից գրականությունը, նաև ի հայտ կգան նոր դերասաններ, ասմունքողներ:

«Ասմունքի հանրապետական փառատոների մասնակիցներին մենք նվիրում ենք գրքեր, որ նրանք ընտրություն կատարեն նաև այդ գրքերից,— ասում է Է. Միլիտոնյանը:— Վերջերս ասմունքի մասին շատ է խոսվում, ես էլ իմ կարծիքն ասեմ. ասմունքի ասպարեզը մի քիչ հնաոճ է, հիմնականում նմանակում են մեր անցյալի վարպետներին: Նմանակում են նաև դպրոցականները, փառատոներում կլսես երեխաների, որոնք հայտնի դերասանների պես են արտասանում նույն գործերը: Պետք է երեխաների միջից դուրս բերվի նմանակելու այդ տխուր փորձերը»: ՀԳՄ նախագահը նկատեց նաև, որ մերօրյա գրականությունը դերասաններն անտեսում են ոչ այնքան նրա համար, որ այդ գրականությունը բարձր չէ, այլ որովհետև ժամանակակից գրականությունն այդ ոճով կարդալն անհնար է:

«Քիչ չեն գրքերը, որ «հալումաշ» են լինում գրադարաններում»

17.02.2014 | 17:24

Հովհաննես Թումանյանի ծննդյան օրը` փետրվարի 19-ը, արդեն վեց տարի` նշվում է որպես գիրք նվիրելու օր: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ՀԳՄ նախագահԷԴՈՒԱՐԴ ՄԻԼԻՏՈՆՅԱՆԸ տեղեկացրեց, որ գրքեր են նվիրելու Արցախի մարզային ու դպրոցական գրադարաններին: Երևանի դպրոցներում կազմակերպվելու են հանդիպումներ գրողների հետ. «Գիրք նվիրելու օրը մարդկանց համոզում է, որ գրքից լավ նվեր աշխարհում չկա, հատկապես մեր ազգի համար, երբ դարերով գիրքը եղել է սրբազան մի մարմին, էություն. Գրիգոր Նարեկացու գիրքը պահվել է բարձերի տակ որպես բուժման միջոց»:

Մշակույթի նախարարության նախաձեռնությամբ` երեք տարի առաջ հրատարակված գրքերը, որոնք չեն իրացվել կամ դեռևս պահպանվում են գրքի և հրատարակչական գործի կենտրոնում, ցուցակավորվում են, բաժանվում են հանրապետության մարզային և դպրոցական գրադարաններին:
«Մեր դպրոցականները գիրք կարդում են մինչև 6-7-րդ դասարանը, որից հետո զբաղվում են ուսումը շարունակելու պարապմունքներով, մի մասն էլ երևի թե ավելի շատ փողոցի դաստիարակությանն է ապավինում»,— ասաց Է. Միլիտոնյանը, ընդգծելով, որ դպրոցականները հետաքրքրվում են ժամանակակից գրողներով, ուզում են ճանաչել նրանց, և մի դրվագ պատմեց. «Դպրոցներից մեկում հանդիպում էին կազմակերպել։ Երբ խոսքն ինձ տրվեց, մի տղա ասաց` վայ, ես գիտեի` դուք մեռած եք: Դասագրքերում հանդիպել են իմ անվանը, իսկ նրանց թվում է, թե այսօր ապրող մանկագիրներ չկան»:
ՈՒսումնասիրությունները ցույց են տալիս, որ դպրոցների գրադարաններում հատկապես մեծ պահանջարկ ունեն հանրագիտարանային, մանկապատանեկան գրքերը, նաև այն հեղինակների գրքերը, որոնք կան դասագրքերում:
«Իրատես de facto»-ն հետաքրքրվեց` գրքեր նվիրելիս հաշվի առնո՞ւմ են մարզային, դպրոցական գրադարանների պահանջարկը, թե՞ նվիրում են այն, ինչ կարող են: «Այդ հարցը դժվար պատասխանի է մղում: Մարզային գրադարանների պահանջները, իհարկե, կենտրոնում են, բայց բոլորի պահանջները բավարարել, այսօրվա մեր գիրք հրատարակելու միջոցների պայմաններում, շատ դժվար է»,-ասաց Էդուարդ Միլիտոնյանը, նշելով, որ պահանջարկ ունեն հատկապես ժամանակակից գրողների գործերը, որովհետև դասական գրողների գրքերը ժամանակին տպագրվել են տասնյակ հազարավոր տպաքանակով, և ամեն գրքից հինգ օրինակ գոնե առաքվել է գրադարաններ: Այսօր գրքերը հրատարակվում են 500 օրինակով, հանրապետության միայն դպրոցական գրադարանները 1500-ն են: Էդուարդ Միլիտոնյանը տեղեկացրեց, որ հրատարակել են մանկական գրականության անթոլոգիաներ` 1500-2000 տպաքանակով, և նվիրել են դպրոցներին. «Քիչ չեն գրքերը, որ «հալումաշ» են լինում գրադարաններում, կազմերը պոկոտված են, նոր կազմեր են դնում, ամրացնում են և այլն: Հատուկ ծրագիր է պետք մշակել, որ պահանջարկ ունեցող գրքերը վերահրատարակվեն»:
Հարց հնչեց` ի՞նչ է լինելու տարիներ հետո, երբ գրքի շուկայում գերիշխեն էլեկտրոնային գրքերը: «Էլեկտրոնային գիրքն էլ է գիրք և կարելի է նվիրել: Պետք է ոչ թե հակադրել դասական գրքին, այլ նպաստել, որ կարդան: Ով ինչ տեսակի գիրք ուզում է` թող կարդա,- ասաց ՀԳՄ նախագահը:— Բնական է, որ պետք է ընդլայնվի էլեկտրոնային գրքի բիզնեսը, բայց այդ քարոզչությունը չպետք է դառնա միակողմանի` ստվերում թողնելով դասական գիրքը: Հետագայում գուցե ուրիշ տեսակի գրքեր էլ ի հայտ գան»:
Ինչ վերաբերում է թղթային գրքին, բանախոսի կարծիքով, այն չի մահանա, դասական գիրքը մասնակցում է բազմաթիվ միջազգային ցուցահանդեսների, հսկայական դեր ունի, ընդլայնվում է տարբեր երկրներում, ընթերցողների քանակն էլ շատանում է: «Հաճախ է խոսվում թղթի հոտի մասին, որը անբացատրելիորեն ձգում է մարդկանց: Չգիտեմ` դա ինչ է, անուններ չեմ տա, ոչ էլ Մատրոսովի պես մարմնովս ուզում եմ պաշտպանել մի բան, որն իմ պաշտպանության կարիքը չունի»,— եզրափակեց իր խոսքը Միլիտոնյանը, փաստելով, որ աշխարհում պահանջարկի 80 տոկոսը բաժին է ընկնում տպագիր գրքին:
Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

http://www.irates.am/hy/1392643619

Оставьте комментарий