Заметка

«ՄԵՐԺԵԼ ԱՆԲԱՑԱՏՐԵԼԻՆ, ԱՆՀԱՅՏԸ, ՆՇԱՆԱԿՈՒՄ Է ՄԵՐԺԵԼ ԲՆՈՒԹՅԱՆ ԱՆՎԵՐՋՈՒԹՅՈՒՆԸ, ՈՐԻ ԲԵԿՈՐՆԵՐՆ ԵՆ ԴՐԱՆՔ»

«ՄԵՐԺԵԼ ԱՆԲԱՑԱՏՐԵԼԻՆ, ԱՆՀԱՅՏԸ, ՆՇԱՆԱԿՈՒՄ Է ՄԵՐԺԵԼ ԲՆՈՒԹՅԱՆ ԱՆՎԵՐՋՈՒԹՅՈՒՆԸ, ՈՐԻ ԲԵԿՈՐՆԵՐՆ ԵՆ ԴՐԱՆՔ»

06.05.2011 | 00:00

«Իրատես de facto»-ի հյուրն է Վիկտոր Համբարձումյանի տուն-թանգարանի տնօրեն, աստղագետ, տոմարագետ ԳՐԻԳՈՐ ԲՐՈՒՏՅԱՆԸ:
-Զուգադիպությունները շատ չե՞ն 2012-ի հետ կապված: Ինչպես ասում են` ավարտվում է մայաների օրացույցը, Արեգակը ակտիվության փուլում է լինելու, ասում են` Նիբիրուն է մոտենում, կանխատեսումներն ու թվերն են համընկնում: Չարագույժ կամ ճշմարտությանը մոտ ոչինչ չե՞ք տեսնում: 
-Պատահական չէ այն առումով, որ այդ բոլորը հատուկ հորինվում են և իրար կցվում: Այսինքն, կան շրջանակներ, որոնք նպատակադրված ուզում են այդպիսի օրինաչափություններ ի հայտ բերել նույնիսկ այնտեղ, որտեղ դրանք չկան: Նիբիրուն վարկածային մոլորակ է, դեռևս ոչ մի աստղադիտակով այդ մոլորակը չի դիտվել: Ինչի՞ հիման վրա են հայտարարում, որ այն մոտենալու է, բախվելու է մեր մոլորակին: Արեգակի ակտիվացումը բնական երևույթ է: Գոյություն ունի Արեգակի ակտիվացման 11-ամյա պարբերաշրջան: Ինչ վերաբերում է մայաների օրացույցին, շատ բաներ այնտեղ մեզ համար դեռևս անհայտ են: Չիմացած օրացույցի հիման վրա եզրակացություն անել` պատմության ասպարեզից դուրս եկած մի ազգի անցյալի և այլնի մասին, մեղմ ասած, լուրջ չէ: Մայաները զուգահեռաբար օգտագործել են երեք տարբեր օրացույցներ, և, դրանից զատ, մայաների ամեն մի քաղաքն ունեցել է իր տեղային լուսնային օրացույցը: Որքա՞ն է ճիշտ ասելը, թե վերջանում է մայաների օրացույցը:
-Իսկ աստղագետներն աշխարհի կործանման ինչ-ինչ վարկածներ առաջ քաշո՞ւմ են, իհարկե, գիտականորեն հիմնավորված:
-Այն ամենը, ինչ ունի սկիզբ, ունի նաև վախճան: Դա բնության օրենքն է, ինչպես կենդանի արարածը ծնվում և մահանում է, առարկաները ևս ստեղծվում և վերանում են: Աշխարհն էլ, եթե ունի սկիզբ, պիտի ունենա նաև վախճան: Արեգակի տարիքը գնահատվում է մոտ 5 մլրդ տարի, մոտավորապես այդքան է գնահատվում նաև մեր մոլորակի տարիքը: Լուսինը մի փոքր ավելի երիտասարդ է համարվում: Տիեզերական մարմինը, եթե ինչ-որ մի պահ դարձել է այնպիսին, ինչպիսին հիմա է, ընդունել է որոշակի ձև, պարզ է, նա չի առաջացել ոչնչից, այլ պիտի առաջացած լինի ինչ-որ մի ուրիշ վիճակից և ինչ-որ ժամանակ հետո իր վիճակը դարձյալ փոխելու է: Ո՛չ Երկիրը հավերժական այդպես կմնա, ո՛չ Արեգակը, ո՛չ Լուսինը: Բնության մեջ ամեն ինչ փոխվում է: Բայց ճի՞շտ է արդյոք դա աշխարհի վերջ անվանելը: Չէ՞ որ ամեն մի վերջ ինչ-որ բանի սկիզբ է: Երբ աստղը մի վիճակից անցնում է մեկ այլ վիճակի, մենք չենք ասում, թե աստղը վերջացավ:
-Չասենք՝ աշխարհի վերջ, ասենք՝ մարդկության վերջ, որովհետև եթե ինչ-որ բան փոխվի, մարդկությունը կարող է վերանալ:
-Եթե «մարդկություն» բառը հասկանանք մարդկայնություն իմաստով, մենք համարյա թե այդ «վերջի» մեջ ենք: Մեր քաղաքակրթությունն այդ իմաստով գնում է դեպի մարդկության վերջը: Մարդը մարդու համար դառնում է գիշատիչ, թշնամի: Բնության մեջ ոչ մի արարած իր նմանին այդպես հետևողականորեն, այդպես կազմակերպված չի վերացնում: Նույնիսկ կենդանիներ կան, որ իրենց նմաններին ուտում են, բայց միայն քաղցից դրդված, որ չսատկեն, որ իրենց տեսակը չվերանա: Մարդը անում է մի բան, որի նախադեպը բնության մեջ չկա: Այդ իմաստով մենք մարդկությունը վերացնում ենք:
-Էֆթանազիա, կլոնավորում, հղիության արհեստական ընդհատում, կենսական օրգանների փոխպատվաստում և նման այլ երևույթները համարվում են շեղում բնականից և, կա կարծիք, որ բացասաբար են ազդում շրջապատի վրա, առաջ են բերում աղետներ, արհավիրքներ: 
-Երբ որևէ մեկին վիրավորում ես, դա նույնպես կարող է բացասաբար ազդել բնության վրա: Բնությունն անվերջ կապերով փոխկապակցված մեկ ընդհանրություն է: Բնականաբար, բնության մի մասնիկի վրա կատարված ինչ-որ մի բան պետք է ազդի մնացած ամեն ինչի վրա: Բայց մենք այսօր չունենք եղանակներ` գրանցելու, զուտ առարկայորեն ասելու, որ այսպիսի բան կա: Այդ իմաստով մեր հնարավորությունները խիստ սահմանափակ են:
-Իսկ Աստծու ձեռագիրը այստեղ բացառո՞ւմ եք, չե՞ք կարծում, որ կա Մեկը, որ վերահսկում է այս ամենը, ու Նա է որոշում սկիզբը և վերջը: 
-Չեմ բացառում: Եթե խոսենք կրոնի լեզվով, հարկ է նշել, որ մարդը միակ արարածն է, որն ունի ազատ կամք, վճիռ կայացնելու իրավունք: Դրա համար կա նաև մեղք հասկացությունը, քո վճռից էլ բխում է քո անմեղ կամ մեղավոր լինելը: Եթե ես ճակատս խփում եմ պատին, մի՞թե Աստված մեղավոր է դրա համար:
-Այսինքն, աշխարհը մենք ենք կործանում:
-Միանշանակ, Աստված մեզ տվել է, կարելի է ասել, անսահմանափակ հնարավորություն: Բայց դրա հետ մեկտեղ տվել է նաև ընտրելու իրավունք, պարտականություն և պատասխանատվություն:
-Աստղագետները շատ են շփվում երկնքի, աստղերի, անհասկանալի երևույթների հետ. դա մոտեցնո՞ւմ է Արարչին, թե՞ հեռացնում:
-Ո՛չ այս, ո՛չ այն: Եթե մարդն ընդունակ է աստվածայինը տեսնելու, նա կարող է տեսնել դա հողի, մրջյունի, խոտերի, ծաղկի, նաև աստղերի մեջ: Եթե ընդունակ չէ, նույնիսկ եթե իրեն էլ տանես աստղերի մեջ, միևնույն է՝ բան չի տեսնի:
-Տպավորություն է ստեղծվել, որ գիտնականների զգալի մասն ուղղակիորեն հերքում է անհասկանալի, անբացատրելի երևույթները` թռչող օբյեկտներ, աստղագուշակություն և այլն: Սակայն մարդկանց մեծ մասը հակված է դրանց հավատալու: 
-Մարդու ընկալած աշխարհն անվերջ է: Եվ այդ անվերջ աշխարհի մեջ մեր իմացածը, մեր հասկացածը միշտ վերջավոր է: Դա նման է կաթիլին` օվկիանոսի մեջ: Մարդու գիտելիքը բեկոր է, միշտ ավելի շատ է մեր չիմացածը, քան իմացածը: Մերժել անբացատրելին, անհայտը, նշանակում է մերժել բնության անվերջությունը, որի բեկորներն են դրանք: Դա նույնն է, որ Աստծուն մերժես, որովհետև Աստված նույնպես անվերջ է: Դրա համար էլ մենք չենք կարողանում Նրան ընկալել: «Կա» կամ «չկա» ասելը գիտական մոտեցում չէ: Գիտությունը, որպես աշխարհաճանաչողության միջոց, հենվում է երկու իրողության վրա` գիտական փաստի (ֆիզիկայում դա փորձի արդյունքն է, աստղագիտության մեջ փորձի փոխարեն աստղադիտական դիտման արդյունքն է) և տրամաբանական դատողության: Գիտությունը հիմնված է գիտականորեն ստուգելի փաստի և տրամաբանության վրա: Սրանք են գիտության «գործիքները»: Այս երկու «գործիքներով» հնարավոր չէ մերժել գոյությունը ինչ-որ բանի, որը չգիտես:
-Իսկ ի՞նչ է ասում գիտնականը` հանդիպելով անբացատրելի երևույթի: 
-Ասում է` ես նման բան դեռ չգիտեմ: Գիտական փաստը ստուգելի է: Երբ ասում են. «Մի ափսե իջավ, լույսերը վառվեցին, պոզավոր մարդիկ դուրս եկան միջից, աչքերը կանաչ էին և այլն», դա գիտական փաստ չէ: Դա արդեն բանահյուսություն է, ունի այլ արժեք, խոսում է մարդու երևակայության, աշխարհընկալման որոշակի ձևի մասին:
-Ի՞նչ եք կարծում, ուժ ունե՞ն արդյոք մարդկային միտքը, խոսքը:
-Անպայման:
-Գիտականորեն հիմնավորվա՞ծ:
-Կարելի է փորձել գիտականորեն հիմնավորել: Եթե մարդն իր անցյալը, հիշողությունը պրպտի, կգտնի բեկորներ, որոնք դա կհաստատեն: Երբ ինչ-որ բան մտածում ենք` լինում է, ուզում ենք` լինում է: Միտքը նյութականանալու հատկություն ունի: Դա նաև կրոնի հիմքում է դրված: «Սկզբում էր Բանը»: Դրա համար տարբեր կրոններ մարդկանց հորդորում են վատ բաներ չխոսել, վատը չմտածել: Նույնիսկ ժողովրդի մեջ, երբ մեկը մի վատ բան է խոսում, հանդիմանում են, ասում են` «կռավում ես»:
-Ժյուլ Վեռնի գրվածքների մեծ մասն իրականություն դարձավ: Եվ էլի կան գրողներ, որ ասես «մարգարեական» շնորհք ունեն: Գրված խոսքը զորությո՞ւն ունի և իրականությո՞ւն է դառնում, թե՞ նրանք տեսնում են ապագան: Հայտնության պես մի բան է:
-Հայտնության տարրեր յուրաքանչյուր մարդու կյանքում էլ կան: Ի՞նչ է հայտնությունը. ի վերուստ գոյություն ունեցող ճշմարտությունը ոմանց համար դառնում է հայտնի` ինչ-ինչ, մեզ անհայտ ձևով ու սահմանափակ ծավալով: Ինչ վերաբերում է Ժյուլ Վեռնին, նա ունեցել է փայլուն վերլուծական միտք, խորությամբ իմացել է իր ժամանակի գիտությունը, բնականաբար, կարողացել է ճիշտ եզրակացություն, ավելի շուտ` գիտական կանխատեսումներ անել: Գուցե կա պայծառատեսության տարր, բայց նրա գրականությունը կարելի է լրիվ բացատրել ճիշտ կանխատեսումներով:
-ճապոնիայի ցունամիի, Նյու Յորքի երկնաքերների կործանման մասին ֆիլմեր են նկարահանվել մինչ դրանց իրականություն դառնալը: Շատ ու շատ չարագույժ, վատ վերջաբաններով ֆիլմեր են նկարահանվում մեր օրերի մասին, նաև վաղվա օրվա, աշխարհի կործանման մասին, կարծես հող են պատրաստում` առիթ տալով վատ հետևանքների: Միգուցե վերահսկվո՞ւմ է, հատո՞ւկ է արվում:
-Պատկերացրեք, որ մենք թիմ ենք կազմում ու ծրագրեր ենք մշակում, թե ապագայում ինչ պիտի անենք: Բավական լծակներ ունենք, ազդեցություն: Հետո մեզնից մեկին ասում ենք, որ գրի առնի մեր ծրագրերը մի քիչ աղավաղված, որ տարածենք իբրև գուշակություն: Երբ հերթական գործողությունն անենք, կասենք` տեսեք, իրականացավ այդ գուշակությունը, այդ ամենը ճիշտ է:
-Այսինքն, վերը նշվածները, ըստ Ձեզ` ծրագրավորվա՞ծ են:
-Իմ ասածը հնարավո՞ր տարբերակ է:
-Այո: 
-ՈՒրեմն, չենք կարող բացառել։ Ինչ վերաբերում է Ճապոնիայի երկրաշարժին, Ճապոնիայի աշխարհագրական դիրքն այնպիսին է, որ պարզ գիտական կանխատեսման մակարդակով հնարավոր էր նման բան կանխատեսել: Հիմա կարելի է Ամերիկայի Ելոուսթոն հրաբխի մասին գրել, ֆիլմեր նկարահանել, որ մի օր պայթելու է, ու եթե պայթի, համաշխարհային աղետ կլինի:
-Հիմա էլ կսկսեն դրանից խոսել: 
-Այդ մասին վաղուց է խոսվում: Նախորդ անգամ, ըստ երկրաբանների` ժայթքել է մոտ 600 000 տարի առաջ (ի դեպ, ժայթքումների մոտավոր պարբերությունն էլ հենց այդքան է), հաջորդ ժայթքումը գնալով մոտենում է: Սակայն դա չպետք է մեզ հետաքրքրի, եթե նման բան լինի, մենք, միևնույն է, էլ չենք լինի:
-Ասում էիք` միտքն ու խոսքը կատարվում են, յուրաքանչյուր մարդ հետ նայելով, հասկանում է, որ իր կյանքի ընթացքը մեծապես կախված է եղել իր խոսքերից ու մտքերից, նույնն էլ մարդկության պատմությունը չէ՞: Եթե այդպիսի ֆիլմեր են ստեղծվում, գրականություն է գրվում, արդյո՞ք անհետևանք են անցնելու: Այսպես ասեմ` 2012-ին որևէ բան չի՞ լինի` բոլոր այս խոսակցությունների, մտավախությունների արդյունքում:
-Եկեք այդ մասին խոսենք 2013-ին: 1998-99 թվականներին բոլորը խոսում էին 2000-ի մասին, նույնիսկ «աշխարհի վերջի» «տեղն» էին ցույց տալիս: Լրագրողներն ինձ հարցնում էին` տեղը գիտե՞ք, ինչպե՞ս է դա լինելու: Ես ասում էի, չեմ էլ հասկանում, թե ի՛նչ է նշանակում «աշխարհի վերջի տեղը»: 2000 թվականը եկավ-անցավ, ոչ ոք ոչ մի բան չզգաց: Հետաձգեցին 2012-ին, հետո մի ուրիշ բան կասեն, մեկ այլ թվի հետ կկապեն:
Ընդհանրապես, Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո աշխարհը շատ փոխվեց: Խորհրդային Միության փլուզումից հետո աշխարհը գնում է դեպի նոր աշխարհաքաղաքական կարգ: Աշխարհի քարտեզը մեր աչքի առաջ ձևափոխվում է, երկրներ են առաջանում, երկրներ են վերանում: Դրանք աշխարհի համար մեծ ցնցումներ են, որոնք, բնականաբար, ցավոտ են, ու մարդկանց անզգայացնելու համար զբաղեցնում են նման բաներով: Սրանք անզգայացման եղանակներ են: Ժամանակին հռոմեական կայսրերն ամֆիթատրոն էին կառուցում` գլադիատորների մարտեր էին կազմակերպում` մարդկանց զբաղեցնելու համար: Հիմա էլ ԶԼՄ-ները չճշտված տեղեկություններ են տարածում, սերիալներ են ցուցադրում և այլն. կարևորը, որ մի քիչ հրապուրիչ լինի, մարդիկ կարդան, զբաղվեն: Խնդիրը մարդկանց այդ պահին զբաղեցնելն է:
Ամերիկայի Ելոուսթոնի պայթյունից մենք դեռ բավականին հեռու ենք: Արևը դեռ չի խոստանում սառչել: Վերջին 5 մլրդ տարվա ընթացքում նա կայուն ճառագայթում է, ու վստահություն կա, որ գոնե մեր քաղաքակրթության ընթացքում նրա վիճակի մեջ ոչինչ չի փոխվի: Օրախնդիր հարցերի, մեր վաղվա օրվա մասին պետք է մտածել, և ոչ թե Նիբիրուի կամ մայաների օրացույցի: Այսօր մեր երկրի և ազգի համար շատ ավելի հրատապ են տնտեսական, սոցիալ-քաղաքական, նախ և առաջ` բարոյա-հոգեբանական խնդիրները: Դրանց լուծումից են կախված մեր վաղվա գոյությունը, լինել-չլինելը:
Հարցազրույցը` Արմինե ՍԱՐԳՍՅԱՆԻ
http://www.irates.am/ru/kmlFtNakcdf7gdtod81Omn05ID

Заметка

«Ոչ թե Խաչատրյան ազգանունն է պարտավորեցնում, այլ հայ լինելը»

«Ոչ թե Խաչատրյան ազգանունն է պարտավորեցնում, այլ հայ լինելը»

17.09.2013 | 14:42

Արամ Խաչատրյանի ծննդյան 110-ամյակին նվիրված համանուն միջազգային փառատոնի շրջանակներում միջազգային մրցույթների դափնեկիր, աշխարհահռչակ ջութակահար Սերգեյ Խաչատրյանն ու Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբն հանդես եկան համատեղ համերգով։ Երեկոյի ընթացքում Սերգեյ Խաչատրյանի կատարմամբ հնչեց Արամ Խաչատրյանի Ջութակի կոնցերտը, իսկ երիտասարդական նվագախումբը առաջին անգամ ներկայացրեց Խաչատրյանի Հանդիսավոր պոեմը:

2011-ին երիտասարդական նվագախումբը և Սերգեյ Խաչատրյանը հանդես են եկել Բրյուսելում։ Հայաստանում սա նրանց առաջին համատեղ համերգն էր: Անվանի ջութակահարը մինչ համերգը հանդիպեց լրագրողների հետ:
Շատերի մեջ հարց է առաջանում. ազգակցական որևէ կապ ունի՞ ջութակահարը Արամ Խաչատրյանի հետ, և պարտավորեցնո՞ղ է Խաչատրյան ազգանունը: Հետաքրքրվողներին երիտասարդ ջութակահարը ստիպված է հիասթափեցնել, ասելով, որ ինքը Խաչատրյանի թոռը չէ: Նա հավելեց նաև, որ ոչ թե Խաչատրյան ազգանունն է պարտավորեցնում, այլ հայ լինելը:
Անվանի ջութակահարին խնդրեցի բնորոշել խաչատրյանական երաժշտությունը: Ինչպես և կարելի էր ենթադրել, նա ասաց, որ այդ հարցին լավագույնս կարող է պատասխանել համերգի ժամանակ: Ըստ նրա` Ջութակի կոնցերտը Խաչատրյանի ամենամեծ գործերից է: «Շատերը սխալմամբ նրան համարում են խորհրդային շրջանի կոմպոզիտոր: Խաչատրյանի ստեղծագործություններում ազգային, ժողովրդական տարրերն ակնհայտ են, ինչը նրա երաժշտությունը դարձնում է առանձնահատուկ։ Ես փորձում եմ Ջութակի կոնցերտում հայկական ժողովրդական տարրն ավելի ընդգծված ներկայացնել ու այդ մոտիվներն ավելի վառ ցույց տալ»,- ասաց Սերգեյ Խաչատրյանը, նշեց նաև, որ եթե Հայաստանում չես եղել, ծանոթ չես նրա երաժշտությանը, պատմությանը, ի վերջո, եթե արյանդ մեջ չունես այդ երաժշտությունը, դժվար է Խաչատրյան մեկնաբանելը: Խոսքը, իհարկե, այլազգի երաժիշտների մասին էր: Նա նաև տեղեկացրեց, որ տարբեր երկրներում ներկայացնում է հայկական երաժշտություն՝ Կոմիտաս, Խաչատրյան, Բաբաջանյան, ինչը շատ լավ է ընդունում դրսի հանդիսատեսը: Նրանց համար ժողովրդականը շատ հետաքրքիր է և էկզոտիկ: Երաժշտի կարծիքով՝ դա նաև նրանից է, որ մեր ֆոլկլորը շատ խոր և յուրահատուկ է, ինչը չես կարող ասել ուրիշ ֆոլկլորների մասին:
«Կա՞ն ստեղծագործություններ, որ առանձնահատուկ տեղ են զբաղեցնում Ձեր համերգային ծրագրերում, և ինչո՞վ է պայմանավորված` սեփակա՞ն նախընտրությամբ, թե՞ հանդիսատեսի համակրանքով»: Անդրադառնալով «Իրատես de fato»-ի այս հարցին, Ս. Խաչատրյանն նշեց, որ երաժշտությունը, նախ և առաջ, պետք է անցնի իր միջով, ինքը պետք է սիրի ու զգա այդ երաժշտությունը: «Այն գործը, որ ես չեմ սիրում, երբեք չեմ կատարում,— ասաց նա,- եթե անգամ այդ գործերը շատ հայտնի են ու սիրված: Ոչ միայն ես, բոլոր երաժիշտները պետք է այդպես վարվեն: Ջութակի կոնցերտներից առանձնացնում են Բեթհովենի, Շոստակովի չի և Խաչատրյանի գործերը: Շատ եմ սիրում, մանկուց, առանձին անկյուն է ունեցել ինձ համար Բախը: Ժամանակի ընթացքում ճաշակը փոխվում է, բայց Բախի երաժշտությունը միշտ ինձ հետ է»:
Ի՞նչ զգացողություն եք ունենում Հայաստանի բեմում: Կա՞ արդյոք տարբերություն` հարենիքո՞ւմ եք, թե՞ արտերկրում: Մեր հաջորդ հարցն այսպիսին էր: «Իհարկե կա, ու դժվար է ասել՝ որքանով է իմ մեջ ինչ-որ բան փոխվում և որքանով է ունկնդրից կախված այդ փոփոխությունը: Կարծում եմ, երկու կողմն էլ մեծ դեր ունի,- ասաց Ս.Խաչատրյանը և նշեց, որ երբ իր ժողովրդի համար է նվագում, կամա թե ակամա, մոտեցումը, զգացողությունը փոխվում են:
Անվանի ջութակահարը հաճախ է գալիս հայրենիք, բայց կարճ ժամանակով, մեզ հետ զրույցում ասաց, որ չի հասցնում տեսնել Հայաստանը, հայաստանյան իրադարձությունների, փոփոխությունների մասին որևէ բան չի կարող ասել:
Սերգեյ Խաչատրյանը նվագում է 1740-ի Ջ. Գվարներիի «Իզայի» ջութակը, որը նրան տրամադրել է ճապոնական երաժշտական Nippon հիմնադրամը: Ի դեպ, 2005-ին Բելգիայի թագուհի Եղիսաբեթի անվան երաժշտական մրցույթում արժանացել է առաջին` Թագուհու մրցանակի և ստացել է 1704-ի Ստրադիվարիուս ջութակը, որը տրվում 4 տարով:
Նշենք, որ Արամ Խաչատրյանի անվան միջազգային փառատոնի շրջանակներում Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի հաջորդ համերգը հոկտեմբերի 5-ին է։ Նվագախմբի հետ ելույթ կունենա աշխարհահռչակ հոբոյահար Ալեքսեյ Օգրինչուկը:

http://www.irates.am/hy/1379414723
Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Заметка

«Վիքիներում» աշխատելը հաճելի զբաղմունք է

«Վիքիներում» աշխատելը հաճելի զբաղմունք է

17.09.2013 | 13:34

«Վիքին սիրում է հուշարձաններ» միջազգային լուսանկարչական ամենամյա մրցույթին այս տարի մասնակցում է շուրջ 50 երկիր: 2012 և 2013 թվականներին այն, որպես աշխարհի ամենամեծ լուսանկարչական մրցույթ, գրանցվել է Գինեսի գրքում: Նախորդ տարի մրցույթի լուսանկարների թիվը գերազանցել է 350 000-ը։

Այս տարի աշխարհի ամենամեծ լուսանկարչական մրցույթին միացել է նաև Հայաստանը: Կազմակերպիչը «Վիքիմեդիա Հայաստան» գիտակրթական հասարակական կազմակերպությունն է։ Մասնակցել կարող են պրոֆեսիոնալ և ոչ պրոֆեսիոնալ լուսանկարիչներ` սեպտեմբերի ընթացքում և նախկինում արված լուսանկարներով։
Հայերեն Վիքիպեդիայում տեղադրվել են Հայաստանի Հանրապետությունում և Արցախում «պատմության և մշակույթի անշարժ հուշարձանի» կարգավիճակ ունեցող շուրջ 25 000 հուշարձանի ցանկերը։ Մրցույթի մասնակիցներն այդ ցուցակների օգնությամբ կարող են իմանալ, թե ինչ հուշարձաններ կան իրենց շրջապատում, գտնել դրանք և լուսանկարել:
«Վիքիմեդիա Հայաստան» գիտակրթական ՀԿ-ի խորհրդի անդամ, «Վիքին սիրում է հուշարձաններ» հայաստանյան մրցույթի համակազմակերպիչ ԱԼԵՔՍԵՅ ՉԱԼԱԲՅԱՆԸ մեզ հետ զրույցում ասաց, որ մրցույթին արդեն ներկայացվել է 6000-ից ավելիաշխատանք, ունեն ավելի քան 100 մասնակից: Քանակական ցուցանիշներից բավարարված են: ՈՒզում են ներգրավել նաև հայտնի լուսանկարիչների` պրոֆեսիոնալ որակ ապահովելու համար: «ՎՍՀ»-ի կազմակերպիչները և աջակիցները կազմակերպում են ֆոտոզբոսանքներ Հայաստանի տարբեր շրջաններում և Արցախում, օգնում են մարդկանց վերբեռնել լուսանկարներ Վիքիպահեստ: Իհարկե, իմաստը հենց այլ մարդկանց ներգավումն է, և առայժմ դա հաջողվում է։ Կազմակերպիչները, եթե մասնակցում են լուսանկարչական «անցուդարձին», ապա մրցույթից դուրս»,— ասաց Ալեքսեյ Չալաբյանը, նշեց նաև, որ «Վիքին սիրում է հուշարձաններ» մրցույթի միակ պահանջը որակյալ լուսանկարներ ապահովելն է:
Այս օրերին սոցցանցերում ստեղծվել են խմբեր, որոնք բանասերներին, թարգմանիչներին հորդորում են տարվա ընթացքում գոնե հինգ նյութ տրամադրել հայերեն Վիքիպեդիային: Զրուցակիցս ասաց, որ ցանկացած ոք, լինի բանասեր, արվեստագետ, ուսանող թե դպրոցական, կարող է նյութեր ավելացնել Վիքիմեդիա նախագծերում։
«Բնավ պարտադիր չէ օրեր, ժամեր տրամադրել, անգամ մեկ նախադասություն ավելացնելը, սրբագրելը զգալի և գնահատելի ներդրում է,- ասաց նա:— Շատերին թվում է, թե սա ծանր աշխատանք է, իրականում վիքի-խմբագիրների համար «Վիքիներում» աշխատելը հաճելի զբաղմունք է»:
Նշենք, որ «Վիքին սիրում է հուշարձաններ» մրցույթին մասնակցում է նաև Ադրբեջանը` դրսևորելով միանգամայն իրեն բնորոշ վարքագիծ:
Ալեքսեյ Չալաբյանը պարզաբանում է. «Քանի որ Հայաստանը մրցույթին մասնակցում է Արցախի Հանրապետության հետ (նման ֆորմատ ընդունված է, օրինակ, Բելգիան և Լյուքսեմբուրգը նույնպես միասին են մասնակցում) ադրբեջանցիները խնդիրներ են ստեղծում: Հայաստանի՝ մրցույթին ներկայացրած լուսանկարները փորձում են ներկայացնել որպես ադրբեջանի ներկայացրած լուսանկարներ, և ստացվում է, որ իրենց աշխատանքների կեսը հայ մասնակիցներն են ապահովել»: Զրուցակիցս ասաց, որ առայժմ սա ավելի շատ զավեշտի է նման: Որոշակի քայլեր, իհարկե, ձեռնարկվում են:
Նշենք, որ մրցույթի տեղական հաղթողներին որոշելու է պրոֆեսիոնալ ժյուրին։ Լավագույն լուսանկարները կմասնակցեն ցուցահանդեսի։ Առաջին տեղերը զբաղեցրած լուսանկարների հեղինակները կստանան արժեքավոր մրցանակներ։ Կլինեն նաև հատուկ մրցանակներ։
Լավագույն 10 լուսանկարներն անցնելու են միջազգային փուլ։ Միջազգային ժյուրին կընտրի բոլոր երկրների լավագույն 10 լուսանկարները։ Այստեղ ևս կլինեն մրցանակներ և ցուցահանդեսներ։

http://www.irates.am/hy/1379410947
Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Заметка

«Ամերիկացի ուսումնասիրողները գեղարվեստական գիրք չկարդացող մարդկանց անվանում են «ֆունկցիոնալ անգրագետներ»

«Ամերիկացի ուսումնասիրողները  գեղարվեստական գիրք չկարդացող մարդկանց անվանում են  «ֆունկցիոնալ անգրագետներ»

13.09.2013 | 11:38

ԳՐՔԻ ԲԻԶՆԵՍԸ ՇՐՋԱԴԱՐՁԱՅԻՆ ՓՈՒԼՈՒՄ Է

Հրատարակիչների ազգային ասոցիացիան, ՈՒկրաինայի, Վրաստանի գործընկերների հետ համատեղ և Բուլղարիայի Next Page հիմնադրամի գլխավորությամբ, 2012-ից իրականացնում է «Գրքի հարթակ» նախագիծը:
Ծրագրի շրջանակում արդեն կատարվել են ուսումնասիրություններ մեր երկրում ընթերցանության վիճակի և վերջին 20 տարում հայերենից 11 լեզուներով արված թարգմանությունների վերաբերյալ: Շուտով կհրատարակվի նաև երրորդ ուսումնասիրությունը, որն ընդգրկում է գրքի ոլորտն իր բոլոր ուղղություններով: Նախագծի համակարգողՎԱՀԱՆ ԽԱՉԱՏՐՅԱՆԻ խոսքով` այս ուսումնասիրությունները հիմք են ստեղծում, որ հետագայում գրադարանների, թարգմանիչների, հրատարակիչների, գրավաճառների ասոցիացիաները, գրողների միությունը, պետական, հասարակական և ձեռնարկատիրական մյուս կազմակերպությունները կարողանան համարժեք եզրահանգումներ անել և զարգացնել իրենց գործունեությունը: Կարելի է ասել, որ գրքի բիզնեսն այսօր Հայաստանում թևակոխում է նոր` շրջադարձային փուլ:
Հրատարակիչների ազգային ասոցիացիան հիմնադրվել է 1998-ին: Կազմակերպել է գրքի ոլորտի զարգացմանն ու հեղինակային և հրատարակչական իրավունքների պաշտպանությանն ուղղված մի շարք սեմինարներ, կոնֆերանսներ, գրքի ցուցահանդես-տոնավաճառներ և այլ միջոցառումներ: Շուրջ 15 տարի անընդմեջ Ֆրանկֆուրտի գրքի համաշխարհային ցուցահանդեսին ներկայացել է սեփական տաղավարով, մասնակցել է նաև Լայպցիգի, Մոսկվայի, Վաշինգտոնի, Նյու Յորքի, Բուենոս Այրեսի, Ստամբուլի, Սալոնիկի, Թբիլիսիի, Հալեպի և գրքի միջազգային այլ տոնավաճառների: Ասոցիացիային անդամակցում են Երևանում գործող հրատարակչությունների, տպագրատների, գրախանութների և գրադարանների ներկայացուցիչներ ու տնօրեններ:

ԽՈՐՀՐԴԱՅԻՆ ՏԱՐԻՆԵՐԻՆ ԿԱՐ 8 ՀՐԱՏԱՐԱԿՉՈՒԹՅՈՒՆ, ԱՅՍՕՐ` ՄՈՏ 300
«Հրատարակիչների թիվն անսահմանափակ է, եթե հաշվի առնենք, որ հրատարակչական գործունեություն կարող են ծավալել գրախանութները, ինստիտուտները, անգամ հեղինակ-հրատարակիչները, այսինքն՝ անհատ քաղաքացիները: Պրոֆեսիոնալ հրատարակիչները մոտ 20-ն են»,- ասում է Վահան Խաչատրյանը, նշում, որ 1991-ից գրահրատարակչական գործը, ՀՀ կառավարության որոշմամբ, համարվեց ազատ գործունեության տեսակ, որի համար ո՛չ հրատարակչական, ո՛չ էլ տպագրական որևէ արտոնագիր այլևս չէր պահանջվում: Այսօր յուրաքանչյուր ոք կարող է հրատարակել ցանկացած գիրք: Գրահրատարակության մասին օրենք չկա, որպես սովորական բիզնես այն ղեկավարվում է… մամուլի մասին օրենքով, հեղինակային իրավունքի, ավելացված արժեքի, ձեռնարկատիրական գործունեության, շահութահարկի մասին և այլ օրենքներով: «Այսինքն, գիրքը չի դիտվում որպես ստրատեգիական, գաղափարախոսական զենք,— ընդգծում է զրուցակիցս,- բայց չէ՞ որ թերթն ավելի թույլ միջոց է, թիթեռի կյանք ունի, իսկ գիրքը մնայուն է, անհամեմատ երկար է գոյատևում ու շատ է տարածվում: Գրահրատարակչական գործունեությունը պետք է ինչ-որ ձևով կարգավորվի, որ ազատությունը չդառնա չարիք»:
Հաճախ է խոսվում խորհրդային գրաքննության մասին, մինչդեռ հատուկենտ գրքեր են արգելվել այդ տարիներին: Վահան Խաչատրյանը փաստում է, որ 1991-1992 թվականներին հրատարակիչները վերատպագրեցին արգելված ընդամենը 1,5 տասնյակ գրքերն ու վերջ դրեցին խորհրդավոր այդ պատմությանը:

ԳՐՔԱՆՈՒՆՆԵՐԻ ԹԻՎԸ ԿՐԿՆԱՊԱՏԿՎԵԼ Է
Խորհրդային տարիներին գրքերը հրատարակվում ու վերահրատարակվում էին մեծ տպաքանակներով:
«Այսօր էլ վերահրատարակվում են որոշ գրքեր, հատկապես հեքիաթներ, հանրագիտարաններ և այլն»,- ասում է Վահան Խաչատրյանը:
Գրքերի տպաքանակը նվազել է, բայց գրքանունների թիվը կրկնապատկվել է, խորհրդային տարիներին տպագրվում էր 1100 անուն գիրք, մեր օրերում` 2200:
«Գրականության ոլորտում այսօր կան փորձված հրատարակիչներ, որ միջազգային մասշտաբով կապեր են հաստատում, կարողանում են համագործակցել դրսի հրատարակիչների հետ, Հայաստանը ներկայացնել իրենց գրքերով, ամենակարևորը, մեր գրքի պոլիգրաֆիական որակն ու ձևավորումը դարձել են եվրոպականին համարժեք, սակայն հրատարակչական ոլորտում անելիք դեռ շատ ունենք, որպեսզի մեր գրքերը թարգմանվեն ու տարածվեն»,- ասում է Վահան Խաչատրյանը:
Նշենք, որ ըստ «Գրքի հարթակ» նախագծի իրականացրած ուսումնասիրությունների` հայերենից վերջին 20 տարում 225 անուն գիրք է թարգմանվել եվրոպական 8 և տարածաշրջանային 3 լեզուներով:

ՀԱՅ ԳԻՐՔԸ ԹՈՒՐՔԻԱՅՈՒՄ
Հրատարակիչների ազգային ասոցիացիան մասնակցում է նաև Ստամբուլի գրքի միջազգային տոնավաճառին` նրա իսկ հրավերով: Ներկայացվել են Հայաստանում հրատարակված գեղարվեստական, մանկական, գիտահանրամատչելի, արվեստաբանական, հանրագիտարանային և տարաբնույթ գրքեր: Ի դեպ, ցեղասպանությանն առնչվող որոշ գրքեր, հանրագիտարանում զետեղված հոդվածները և տարաբնույթ այլ հրատարակությունները որևէ խնդիր չեն առաջացնում նրանց տոնավաճառում: Ավելին, այսօր ցեղասպանությանն առնչվող գրքեր են հրատարակվում Թուրքիայում: Վահան Խաչատրյանի բնորոշմամբ` դրանց մի մասը էժան խաղերի է նմանվում: Նա չի հասկանում, թե մենք՝ հայերս, ինչու ենք ուրախանում, երբ կարդում ենք, որ այսինչի մեծ մայրը հայ է, տարիներ շարունակ չի ասել (և ճիշտ է արել) ու միայն մահվան մահճում է «խոստովանել»: «Տղամարդկանց կոտորել են, կանանց բռնի դարձրել են երրորդ, չորրորդ կին, երեխաներ են ունեցել… ՈՒ հիմա հորթի երջանկությամբ թարգմանում ենք, հրատարակում, հեղինակին կանչում Հայաստան, զրույցներ վարում ԶԼՄ-ներում: Ինչ է, արդարացնում ենք ոճրագործությո՞ւնը,— ասում է Վ. Խաչատրյանը:- Կարծում եմ, նրանք ամեն ինչի վրա խաղում են, ինչպես որ Փամուկին Նոբելյան մրցանակակիր դարձրին` շահարկելով ցեղասպանության թեման: Մինչդեռ Փամուկն ազատ գնում-գալիս է Ստամբուլ, նստում-վեր կենում մեծամեծների հետ, այնպես որ, այդ ամենը կեղծիք է»:

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԳԻՐՔԸ ՓՈԽԱՐԻՆՈՒՄ Է ԴԱՍԱԿԱՆ` ՏՊԱԳԻՐ ԳՐՔԻՆ
«Էլեկտրոնային գիրքը շրջադարձային է այն իմաստով, որ զարգացման նոր աստիճանի հասցրեց կարդալու գործընթացը: Սակայն կարդալը ընթերցել չէ, գեղարվեստական գրքի ընթերցանությունը նաև հաճելի ժամանց է, դա մի ամբողջ արժեք է, ազգային ժառանգություն: Ընթերցանությունն ազգի համար և՛ սոցիալական նշանակություն ունի, և՛ տնտեսական, և՛ քաղաքական, և՛ մարտավարական»,— ասում է Վ. Խաչատրյանը: Նրա խոսքով` ամեն տարի տգիտության` գիրք չկարդալու պատճառով ամերիկյան տնտեսությունը կրում է 500 մլրդ դոլարի վնաս: Էլեկտրոնայի՞ն, թե՞ տպագիր տեքստն է նախընտրելի, դա այլ հարց է: Կինոֆիլմ, ներկայացում նայելը, գեղարվեստական գիրք կարդալը, թանգարան այցելելը և այլն ակտիվացնում են գլխուղեղի աջ կիսագունդը, ձախ կիսագունդը պատասխանատու է տրամաբանության, «չոր ինֆորմացիայի» համար: Մարդու նորմալ, ներդաշնակ զարգացումը ենթադրում է գլխուղեղի երկու կիսագնդերի հավասար ակտիվություն: «Ամերիկացի ուսումնասիրողները չկարդացող մարդկանց անվանում են «ֆունկցիոնալ անգրագետներ», երբ մի կիսագնդով տիեզերագետ են, իսկ մյուս կիսագունդը դատարկ է: Կյանքը ցույց է տալիս որ ֆունկցիոնալ անգրագետը վտանգավոր է հասարակության համար»,- ասում է զրուցակիցս:

ՆՈՐ ՏԱՌԱՏԵՍԱԿՆԵՐԸ ԹԵՐԻ ԵՆ
Պարզվում է՝ տառային սխալ համակարգն ավելացնում է աչքի հիվանդությունները. և ոչ միայն. ազդում է նյարդային, աղեստամոքսային համակարգերի վրա, հենաշարժողական խնդիրներ է առաջացնում:
«Այսօր 200-ից ավելի տառատեսակներ կան, բայց գիտականորեն կառուցված, աչքի համար անվնաս և հաճելի տառատեսակ գրեթե չունենք ո՛չ թերթերում, ո՛չ գրքարտադրության մեջ: Այդ տառերը թերի են ընթերցելու համար»,- փաստում է Վ. Խաչատրյանը: Նրա տեղեկացմամբ` հատուկ սարքի միջոցով, երբ նայում են լատինատառերը, աչքը սկզբում կծիկ է տեսնում, հետո աստիճանաբար ու անկաշկանդ ընկալում է տառապատկերը, իսկ հայերեն տառերը մենք ընկալում ենք մեծ դժվարությամբ, լարված, նյարդայնացած, քանի որ դրանք խժբժում են ու փչացնում տեսողությունը:
Լինոտիպ մեքենաների ժամանակ վարպետները ձեռքով էին հավաքում տառերը, որոնց միջտառային և միջտողային տարածքներն ու համադրությունները հաշվարկված էին գիտականորեն, կատարյալ էին, տեսողական և այլ խնդիրներ չէին առաջացնում ու նպաստում էին ընթերցանությունից հաճույք ստանալուն: Մերօրյա տառաստեղծները դեռևս շատ անելիք ունեն այս ոլորտում:

http://www.irates.am/hy/1379022144

Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Заметка

Էդուարդ Միլիտոնյանը՝ ՀԳՄ նախագահի պաշտոնակատար

Էդուարդ Միլիտոնյանը՝ ՀԳՄ նախագահի պաշտոնակատար

12.09.2013 | 17:58

Այսօր գրողների միությունում տեղի է ունեցել նախագահության նիստ: ՀԳՄ նախագահության անդամ, բանաստեղծական բաժանմունքի նախագահ Արևշատ Ավագյանից հետաքրքրվեցինք նիստի ընթացքի մասին:

Արևշատ Ավագյանը մեզ տեղեկացրեց, որ ՀԳՄ նախագահության միաձայն որոշմամբ գրողների միության նախագահի պաշտոնակատար է ընտրվել Հայաստանի գրողների միության քարտուղար, բանաստեղծ Էդուարդ Միլիտոնյանը:
Վերջինիս թեկնածությունը առաջադրել է ՀԳՄ վարչության քարտուղար Պետրոս Դեմիրճյանը: Միլիտոնյանի թեկնածությունը պաշտպանած Արևշատ Ավագյանն իր հերթին առաջարկել է, որ ՀԳՄ հերթական համագումարին ոչ միայն նախագահի ընտրության հարցը դրվի, այլև քննարկվեն գրական, մշակութային կարևորագույն խնդիրներ:

Заметка

Քարերը հավաքելու ժամանակը

Քարերը հավաքելու ժամանակը

12.09.2013 | 16:39

Հուշարձաններն իրենց պատմական միջավայրից օտարելու, մայրաքաղաք և Հայաստանի այլ ենթաշրջաններ տեղափոխելու ավանդույթը շարունակվում է:

Մայր Աթոռ Սբ Էջմիածնի տարածքում ճարտարապետ ՋիմԹորոսյանի նախագծով կառուցվել է կամարապատ` ի հիշատակ ստալինյան ռեպրեսիաների ժամանակ բռնադատված հայ հոգևորականների: Մեր տեղեկություններով` ներկայումս Հայաստանի տարբեր շրջաններից պատմական խաչքարեր են տեղափոխվում` կամարների տակ շարելու համար:
«Շարունակ ահազանգ ենք ստանում, որ այսինչ գյուղի այսինչ խաչքարը տեղահանում են` թանգարանացնելու, պատերի տակ շարելու նպատակով,— մեզ հետ զրույցում ասաց հուշարձանները վերականգնող ճարտարապետների հայկական ասոցիացիայի փոխնախագահ ՍՏԵՓԱՆ ՆԱԼԲԱՆԴՅԱՆԸ` քարերի տեղափոխման այս քաղաքականությունը որակելով վանդալիզմ:- Երբ ուզում են որևէ հուշակոթող, մասունք տեղափոխել, պատճառաբանում են, թե անտեր էր, կործանվում էր և այլն: Ես կարծում եմ, և շատերն ինձ հետ համամիտ կլինեն, որ մասունքը ճիշտ կլինի իր տեղում շտկել, պահպանել, թեկուզ դնել պատվանդանի վրա, զբոսաշրջիկը կարող է գնալ, տեղում տեսնել»:
Եթե հուշարձանն իսկապես վտանգված է, մասնագետները դեմ չեն թանգարանացմանը` կրկնօրինակը տեղը դնելու պայմանով:
«Օրինակ, Օձունի կոթող-մահարձանի սյուները հնարավոր չէ պահպանել: Մասնագետների կողմից առաջարկ է եղել, որ պատճենը տեղադրվի, սյուները թանգարանացվեն, որովհետև կրաքարային ծագման են, հողմահարվում են, փշրվում, նախշերը տարեցտարի պակասում են»,— ասաց Ստեփան Նալբանդյանը: Զայրույթով փաստեց նաև, որ տեղաբնակները քերում են քանդակները, փոշին տանում են որպես մասունք: Թե որտեղից է գալիս այդ սովորությունը, դժվար է ասել:

Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Заметка

Նամակ-նամակ

Նամակ-նամակ

12.09.2013 | 14:45

Մայրաքաղաքի մարդաշատ վայրերում տեղադրվում են «Առաջարկությունների տաղավարներ»: Քաղաքապետարանից տեղեկացնում են, որ յուրաքանչյուր վարչական շրջանում մեկ տաղավար է լինելու:

Նպատակը երևանցիներին քաղաքի զարգացման ծրագրերին մասնակից դարձնելն է:
Քաղաքացիների առաջարկությունները, մտահղացումները կհասնեն քաղաքապետին, լավագույն առաջարկների հեղինակները կհրավիրվեն քաղաքապետարան` քննարկումներին մասնակցելու:
Նամակներն արկղերից հանվելու են շաբաթը մեկ կամ երկու անգամ` կախված դրանց քանակից, հասարակության ակտիվությունից:
Հետաքրքիր է` ո՞ւմ է գրավելու համաքաղաքային այս նամակագրությունը: Այն էլ մեր օրերում, երբ սոցցանցերը լավագույնս ծառայում են և՛ առաջարկներ անելու, և՛, առավել ևս, քննադատելու գործին:

Заметка

Ռուբեն Սևակի անվան թանգարան

Ռուբեն Սևակի անվան թանգարան

11.09.2013 | 11:53

«Ես իրապաշտ եմ, ամեն իրականութենե վեր մեկ իրականություն մը կճանչնամ՝ ապրված, զգացված կյանքը և ոչ թե երևակայված կյանքը»:

Ռուբեն Սևակ

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում բացվել է Ռուբեն Սևակի անվան թանգարան: Ղազարապատ կոչված պատմական շենքում տեղակայված թանգարանում, որ հիմնանորոգվել է ֆրանսահայ Հովհաննես Չիլինկիրյանի բարերարությամբ, ցուցադրվելու են Մայր Աթոռին նրա նվիրաբերած բացառիկ և արժեքավոր շուրջ 200 կտավներ, ինչպես նաև` նշանավոր նահատակ բանաստեղծ, արձակագիր և բժիշկ Ռուբեն Սևակին պատկանող ածխանկարներ, անձնական իրեր ու փաստաթղթեր, պատմական սրբազան ցուցանմուշներ և հայ արվեստի արժեքավոր գործեր:

Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր խոսքոմ նշել է, որ թանգարանի հիմնումը հարգանքի տուրք և խոնարհում է ինչպես Ռուբեն Սևակին, այնպես և Գրիգոր Զոհրապին, Սիամանթոյին, Վարուժանին, Կոմիտասին, մեր մյուս մեծերին, մեկ և կես միլիոն մեր անմեղ զոհերին, ովքեր չուրացան իրենց հավատքն ու հայրենիքը և ընդունեցին նահատակության պսակը: «Թանգարանը նվիրվում է Հայոց Ցեղասպանության 100-ամյա տարելիցի ոգեկոչմանը և ունի առանձնահատուկ նշանակություն,- ասել է վեհափառը:— Այն այցելուների միջոցով վերածվելու է ղողանջող անլռելի զանգակատան, որի ձայնը լսելի պիտի լինի աշխարհում` նպաստելով Ցեղասպանության միջազգային ճանաչմանն ուղղված ջանքերին»:

Հավելենք, որ բանաստեղծի եղբորորդի Հովհաննես Չիլինկիրյանի հովանավորությամբ Ռուբեն Սևակի հիշատակի տուն է հիմնադրվել Ֆրանսիայի Նիս քաղաքում:

Երևանում Ռուբեն Սևակի անունով կոչվել են փողոց և դպրոց, որի առջև դրվել է նրա կիսանդրին:

Заметка

Լևոն Անանյանը վերընտրվել է

Լևոն Անանյանը վերընտրվել է

27.07.2013 | 18:22

Գրողների տան մեծ դահլիճում տեղի է ունեցել ՀԳՄ 16-րդ համագումարը: Արտահերթ համագումարում քվեարկության է դրվելգրողների միությունը հասարակական կազմակերպություն վերագրանցելու հարցը: Առաջարկն ընդունվել է ձայների մեծամասնությամբ: Բաց քվեարկությամբ և միաձայն ՀԳՄ նախագահ է վերընտրվել Լևոն Անանյանը: Գրողների միությունը նա ղեկավարում է 2001-ից: Ինչպես և կանխորոշում էր պարոն Անանյանը, համագումարն անցել է անաղմուկ և կանոնակարգված:

Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Заметка

Թափուր աթոռ

Թափուր աթոռ

09.09.2013 | 15:17

Գրողների միության նախագահի թափուր աթոռի շուրջ ասեկոսեները թեժանում են, ավելանում է նաև հավանական և ոչ հավանական թեկնածուների թիվը:

«Սոդոմ-Գոմորից» վախենալու պատճառ, ըստ ամենայնի, ունենք, միության ճակատագրով էլ կարելի է հետաքրքվել, թափուր մնացած աթոռով էլ: Բայց կարելի էր գոնե միառժամանակ կրքերը զսպել ` ի հարգանք նոր-նոր կյանքից հեռացած նախագահի:
Միության ճակատագրով հետաքրքրվողներին ասենք, որ ՀԳՄ նախագահի թեկնածուների և ընտրությունների կարգի մասին տեղեկություն կտրամադրենք առաջիկայում: Առայժմ շրջանառության մեջ են բամբասանքները: Այս համատեքստում մեր անվանի գրողներից մեկը, զայրացած անհարկի ու անժամանակ շահարկումներից, մի իրապատում հիշատակեց: Մշակույթի նախարարը մահանում է: Հավակնություններ ունեցող մեր պաշտոնյաներից մեկը ժամանակ չի կորցնում, երկրի ղեկավարներից մեկին ասում է, որ նրա տեղն իրեն տան: Ղեկավարը նայում է ձեռքի ժամացույցին ու ասում` երկու ժամ դեռ կա, կարող ես գնալ նրա տեղը պառկել:

http://www.irates.am/hy/1378725511
Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ