Заметка

Մեր քաղաքում կոկորդիլոսներ ու ընձառյուծներ կան

Մեր քաղաքում կոկորդիլոսներ ու ընձառյուծներ կան

30.12.2013 | 21:32

Մեր քաղաքում, ուր տոննաներով աղ է ծախսվում, ուր ողջ գիշեր փողոցներն ու բակերը մաքրվում են, ամենուր մերկասառույց է: Մեր քաղաքում կոկորդիլոսներ ու ընձառյուծներ կան: Մեր քաղաքում բուդն ու տոլման ավանդական են ու մոդայիկ: Տոնական սեղանի ճոխությունը միշտ չէ որ խոսում է գրպանիդ պարունակության մասին: Դատարկ գրպանների, ջուր քաշող կոշիկների, հետտոնական դեպրեսիայի մասինչխոսենք, տոնական չէ:

Նախատոնական տրամադրությունն ավելին արժե, քան հենց Նոր տարին: Նոր տարուն… դուռդ կթակի հարևանդ, դիմացի, որին վերջին անգամ տեսել ես անցած Նոր տարուն, բարեկամդ, որին չես տեսել անցած հազարամյակում ու չես տեսնի էլի մի հազարամյակ: Քանի դեռ ապրում ես: ՈՒ նոր տարին կասոցացվի դռան թակոցի հետ, մանդարինի հոտի, թփով տոլմայի: Կոկորդիլոսն անպայման չէ: Նրանք, ովքեր բախտ են ունեցել համտեսելու վերոնշյալ կենդանու միսը, վկայում են, որ բանի նման չէ: Դեռ հարց է, քանի մարդ է կերել օտար ափերում ապրող կոկորդիլոսը (օտար ափերում հայեր շատ կան):

Ինձ թվում է` կոկորդիլոսի միս ուտելը մեր երկրում, ուր բազում քաղցած մարդիկ կան, կոռեկտ չէ: Չճշտված տեղեկությունների համաձայն` կոկորդիլոսի միս համտեսողը այլևս չի կարող Ամանորին ու տոնական այլ առիթներին կոկորդիլոս չուտել: Ծայրահեղ բևեռացված մեր հասարակության մեջ, ուր կան հարուստներ և աղքատներ, այսուհետև կլինեն նաև կոկորդիլոս ուտող ավելի հարուստներ:
Իմ քաղաքում Նոր տարի է:

http://www.irates.am/hy/1388424799
Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Заметка

«Անընդհատ քայլում ենք գիշերների միջով, զարմանալիորեն դեպի նույն գիշերը»

«Անընդհատ քայլում ենք գիշերների միջով, զարմանալիորեն դեպի նույն գիշերը»

30.12.2013 | 13:33

«Մատներիցդ բառ է կաթում, ես բառի գիժ»

Ա. ԱԼՈՅԱՆ

Բանաստեղծ, արձակագիր, երաժիշտ, լրագրող ԱՐԱ ԱԼՈՅԱՆԸ հեղինակ է «Լույս դառնալուց առաջ» բանաստեղծական գրքի: Արժանացել է գրական, երաժշտական մի շարք մրցանակների: Պարբերաբար ներկայանում է գրական մամուլում:

-Արա´, Նոր տարին հին տարվա շարունակությունը չէ՞:

-Եռաչափության, ժամանակակից լեզվով ասած՝ Երեք D ընկալմամբ, նորը հնի, հինը՝ նորի, իսկ այդ երկուսը շարունակության մեջ են: Առհասարակ, մեծ հարց է, մե՞նք ենք շարունակում, թե՞ կրավորական է` մենք ենք շարունակվողը… Շարունակություն փնտրելիս կորստի փորձառություն, երազողի անհամեստություն, հուսախաբի տկարություն ու սխալվողի հավանականություն ունենք միաժամանակ: Սա՝ այլաբանորեն: Մասնավոր առումով՝ Նոր տարին դեռ տաք է խնդության ու ապերջանիկության արցունքի հանգույն:

-Ամանորի գեշերվա Ձեր երազանքի մասին որևէ մեկը գիտի՞:

-Որևէ մեկը, որ Միակն է՝ իբրև մարդաստեղծ, գիտե: Ընդհանրապես, ես աստվածերկյուղ մարդատեսակ եմ, ու իմ երազների մասին, այսպես թե այնպես, գիտեն շատերը իմ գրալի ներկայության շնորհիվ:

-Որտե՞ղ եք պահում երազները:

-Արդեն ասացի՝ բանաստեղծություններումս, բայց ոչ սոսկ բառերում կամ տաղաչափության ու խոսքամեղեդականության տիրույթ-մաշկերում:

-Վերջին անգամ ե՞րբ եք բարձի տակ նայել` Ձմեռ պապիկի անակնկալին սպասելով:

-Անահիտի ծնվելուն չորս տարի սպասելիս:

-Իսկ պատահե՞լ է, որ նա` Ձմեռ պապը, մոռացել է Ձեզ նվեր բերել:

-Հա, չորս տարի մոռացել է…

-Ձեր աղջնակին ի՞նչ եք նվիրելու այս տարի:

-Նոր տարում հին տարվա պես՝ Ձմեռ պապիկի գոյության ու մշտական այցելության նկատմամբ հավատը: Նյութական չափումներում, օրիգինալ չեմ եղել: Դասական հայրություն եմ արել ու մանկական նվերներ արել:

-Գիտե՞ք, որ երեխաները երբեմն չեն հավատում Ձմեռ պապիկի գոյությանը, բայց ձևացնում են, թե հավատում են, որ ծնողներին չտխրեցնեն:

-Այո, մանուկները հայրություն-մայրություն են անում: Իրականում մենք ավելի ենք փոքրանում՝ իրենց ներկայությամբ: Իրենց ձևացնելը կենսական է, ապրեցնող, մերը՝ Մեծ փոքրերինս, անբովանդակ:

-Սիրուղին Ձեր հնարած արահե՞տն է:

-Բառաշինության հակումներ ունեմ: Ամենակարևոր բաները երբեմն բառեր են դառնում, բայց ոչ՝ հակառակը, այսինքն՝ բառն ամեն ինչ չէ:

-«Ես գիտեմ, որ դու ինձ սիրում ես,

Կարևոր չէ՝ հեռվի՜ց, թե կողքիս»: Կարևոր չէ՞:

-Այո, բառացիորեն կարևոր չէ: Սիրով բաղադրվող բացակա ներկայությունն է կարևոր:

-Երբ սիրում ես, սիրելը քիչ է՞:

-Քիչը՝ չափման միավոր է: Իսկ սերը` չափանիշ:

-Սիրո՞ւմ եք գիշերը («Գիշերները ցած եմ կաթում անկողնու մեջ` որպես արցունք…»):

-Գիշերային եմ քանի տարի: Անընդհատ քայլում ենք գիշերների միջով, զարմանալիորեն դեպի նույն գիշերը, որովհետև.

Գիշեր ամենից հարմար հագուստն է

Սիրահարների մերկ մարմիններին,

Դրախտում, գուցե, գիշեր է եղել,

Գուցե, լոկ գիշեր…

Եվ քայլում ենք, որովհետև որոնելու հետ մեկտեղ թաքնվելու հանգրվաններ ենք փնտրում, քանզի այդպես էլ մինչև վերջ չենք ազատվել ցերեկների վախերից, տագնապներից:

-Ինչո՞ւ են բանաստեղծները հաճախ գրում Աստծո մասին: Որովհետև Սուրբ գրքի տողերը մի բառ այս կողմ, այն կողմ` դառնում են բանաստեղծությո՞ւն:

-Եկեք՝ իմ մասով վկայեմ. այն բանաստեղծություններում, որտեղ առերևույթ կամ անվանպես հիշատակվում է Բարձյալը, ես միայն դրանց համահեղինակն եմ՝ Աստծուց հետո, ես արտագրողն եմ: Մյուս դեպքերում, պակաս կամ ավելի տարբերությամբ նորեն տիրոջ ձեռագիրն է՝ իմ ՙտառասխալներով՚… Մենք խոսում ենք ճշմարիտ գրողների մասին, ոչ թե, ինչպես կասեր իմ սիրելի ընկերը՝ Ավագ Եփրեմյանը, ինչ-որ կասկածելի ժամանակակիցներ: Բայց ես ինքս իմ իսկ կասկածից վեր չեմ:

-Անունը ճակատագի՞ր է:

-Այո: Ավելի շուտ Ձեր նշածն է, քան Ճակատագիրն է անուն, անվանյալ, որովհետև այն ստույգ, եզակի չէ՝ որ կողմից էլ կուզեք, նայեք:

-Կոնսերվատորիան եք ավարտել, որպես դուդուկահար մրցանակների եք արժանացել, իսկ փորձե՞լ եք երգերի վերածել Ձեր բառերը:

-Այո: Իմ հեղինակած երգերը, ի դեպ, երգչախմբային կամ անհատական կատարումների մակարդակով էլ են հնչել: Չար ու բարի լեզուներն ասում են, որ իմ բանաստեղծություններում երաժշտականություն կա:

-«Սիրում են, որ արդարացնեն խենթությունը»: Խե՞նթ եք:

-Համարյա մահապարտի տեքստ եք ակնկալում ինձնից: Ես ի՞նչ ասեմ, որ խենթերն ինձ հասկանան, կամ խենթերին խենթ համարողները:

-Ձեր ստացած մրցանակներից ո՞րն եք առանձնացնում:

-1993-ի «Շնորհալիներ» համահայկական մրցույթ-փառատոնին 12-18 տարեկան դուդուկահարների մրցույթում գլխավոր մրցանակ ստանալը՝ որպես դուդուկահար, ի դեպ, 12 տարեկանս չբոլորած: Իսկ գրական մասով՝ Ռուբեն Սևակի անվան գրական ամենամյա մրցանակակիր դառնալը, ՙԿանչ՚ շաբաթաթերթի նախաձեռնությամբ, Ալեքսանդր Թոփչյանի նախագահությամբ, երջանկահիշտակ Ներսես Արքեպիսկոպոս Պոզապալյանի բարձր հովանավորությամբ ու իր ձեռամբ պարգևաշնորհումով…1997-ին…

-Իսկ կոչումներից ո՞րը կառանձնացնեիք… երաժիշտ, մանկավարժ, լրագրող, բանաստեղծ, արձակագիր:

-Արտագրող… Այս խոստովանությամբ, միգուցե, ձեր նախորդ՝ խենթ լինել-չլինելու առնչությամբ հարցին պատասխանեմ հետահայաց: Տեսեք, դասական ընկալումներում արտագրող աշակերտը ճարպիկի համարում ունի, բայց ոչ օրինակելի, չէ՞: Բայց երանի ես Աստծո ուղերձի հմուտ արտագրողներից լինեի, որն է՝ Մարդ ու Բանաստեղծ:

-«Եվ չեմ կարողանում նույնիսկ խաչակնքել՝

Արդեն քանի տարի…»:

Նոր տարին առիթ է ազատվելու հին մեղքերի՞ց նաև:

-Ազատվես էլ, չես կարողանա թեթևությամբ խաչակնքել: Խաչն ինքը ծանրության, մեղքի հիշողություն ունի, Հիսուսի Խաչաժամանակյա դրվագ-ապրումն ավելի թեթև եղավ, քան մեր խաչանդին կյանքը:

-Ձեր տարվա վերջին բանաստեղծությունն ինչի՞ մասին է:

-Վերջին բանաստեղծությունը միշտ չի գրվում, արտագրվում: Բրոդսկին ասում էր, իսկ ճշմարիտը բանաստեղծությունն է, գրողը տանի: Իսկ քանի դեռ չեմ կարողանում խաչակնքել, ուրեմն դեռ վերջին բանաստեղծությունը չի գրվել:

-Ե՞րբ կլինի ձեր նոր գիրքը:

-Այս տարի, հուսամ ավելի շուտ, քան կդառնամ Հիսուսի երկրային կյանքի տարեկիցը: Գոնե հասակով համեմատվելուց առաջ մի հաշվետվություն ունենամ: Ընդհանրապես, մեր բոլոր ձախողումների, կցկտուրության, անկայունության պատճառը հաշվետու չլինելն է, որը չէ անպայման արդարացում կամ անսխալականություն: Պետք է հաշվետու լինել առհասարակ: Եթե գիրքս էլ հաշվետվություն չի լինելու, ապա զուր է ամեն ինչ: Ասված խոսքի համար պետք է պատասխանատու լինել: Ասված խոսքի, գրքի համար պետք է հաշվետու լինել՝ համրերի, լռողների, Աստծո փոխարեն նաև… ու նրանց առջև…

-Ի՞նչ կմաղթեիք աշխարհին:

-Աշխարհին… կյանք եմ մաղթում ու անաշխարհիկություն: Ամեն ինչ անկյանք է դարձել ու աշխարհիկ:

-Իսկ ինքներդ Ձե՞զ:

-1995-ին եմ գրել.

Ես աշխարհ եկա, որ իմ երգերի սերմերը շռայլ

Ցանեմ իմ մտքի չհերկված հողում,

Ու հետո, եթե Աստված կամենա,

Ո՛չ բախտս բերի,

Ես իմ ձեռքերի մատ-մանգաղներով բերքս շռայլեմ ճերմակ թղթերին….

http://www.irates.am/hy/1388396263

Զրույցը` Արմինե ՍԱՐԳՍՅԱՆԻ

Заметка

«Նոր տարին մանկությունից եկող ամենագեղեցիկ հեքիաթն է»

«Նոր տարին մանկությունից եկող ամենագեղեցիկ հեքիաթն է»

29.12.2013 | 23:26

«Նոր տարին մեծ հաշվով հին տարվա շարունակությունն է: Ինչո՞ւ է մեզ թվում, որ ամեն ինչ ուրիշ կերպ է լինելու, որ տարին «փոխվում է»,- irates.am-ի այս հարցին պատասխանում է Երևանի թիվ 2 բուժմիավորման նյարդաբանական կլինիկայի կլինիկական հոգեբան ՄԻՀՐԴԱՏ ՄԱԴԱԹՅԱՆԸ:

-Ամանորը պայմանականորեն ընդունված է որպես մի տարվա վերջ և մյուս տարվա սկիզբ: Սա ավելի շատ օրացուցային նշանակություն ունի: Սակայն մարդկանց այս մտածելակերպն օգնում է: Սկսում են անցած տարվա իրադարձությունների վերջնահաշվարկն անել, տեսնել իրենց կատարած սխալները, ուրախանալ իրենց հաջողությունների համար և Նոր տարին սկսել նոր նախագծերով ու սպասումներով: Նման մտորումները և ապագայի նկատմամբ հավատը հանգեցնում է որոշակի մոտիվացիաների ձևավորման, որոնք իրենց մեջ ներկրում են ապագայի ձգտում և անցյալից խուսափում:
Երկրորդը՝ Նոր տարին մանկությունից եկող ամենագեղեցիկ հեքիաթն է, որից մենք ոչ մի կերպ չենք ուզում հրաժարվել, և դրա կարիքը չկա էլ: Ցանկացած հասուն մարդ, հավատում է, որ այդ գիշեր մի հրաշք է տեղի ունենալու՝ մի յուրահատուկ զրոյացում, որից հետո նա կկարողանա իր կյանքի շարունակությունը գրել նոր ու սպիտակ էջից: Տեսեք, թե ինչքան պայմանականություններ կան՝ կապված այդ գիշերվա հետ՝ սեղանների լի լինելը, շամպայնի մեջ ինչ-որ այրած թղթեր լցնելը և այլն…

-Ամանորի գիշերն ի՞նչ երազանք եք մտապահելու:
-Կարծում եմ, եթե տարեցտարի այս օրերին որևէ դինամիկա ես նկատում կյանքումդ, արդեն բավարար է:

-Ի՞նչ նվերներ եք պատրաստել:
-Ընտանիքիս անդամների և ընկերներիս համար միշտ էլ նախապես նվերներ եմ պատրաստում: Կարծում եմ՝ թվելն այնքան էլ հետաքրքիր չի լինի:

-Ինքներդ ի՞նչ նվեր եք ուզում Ձմեռ պապիկից:

-Ձմեռ պապիկ եմ վաղուց… Ձմեռ պապիկից մի բան եմ ուզում, որ նա միշտ լինի: Լինի բոլորիս համար և բոլորիս մեջ: ՈՒ եթե նույնիսկ հաստատ գիտենք… միևնույն է, հոգու խորքում մի փոքր հավատանք այդ հրաշքին: Նա մեզ մոտեցնում է մանկությանը, բարիացնում է մեզ:

Ճեպազրույցը` Արմինե ՍԱՐԳՍՅԱՆԻ

Заметка

«Գրքի ընկեր»

«Գրքի ընկեր»

29.12.2013 | 15:47

Տարվա ընթացքում գրական իրադարձությունների պակաս չունեցանք` գրական հանդիպումներ, ընթերցանության ժամեր, գրական մրցույթներ և այլն: ՈՒշադրությունից դուրս չմնացին անգամ լրագրողները, որոնք սովորաբար «մեղադրվում են» գրական կարևոր իրադարձությունները շրջանցելու, գրողական ընտանիքի վեճուկռիվը հանրայնացնելու մեջ: Տարեվերջին «Անտարես» հրատարակչությունը մի շարք լրատվամիջոցների ու լրագրողների պարգևատրեց «Գրքի ընկեր» շնորհակալագրերով:

Տարվա տխուր լուրը. փոքր գրախանութները, հրատարակչությունները փակման վտանգի առաջ են կանգնած: Մայրաքաղաքի գործող գրախանութներում անցկացված հարցումների արդյունքում էլ պարզեցինք, որ գիրք գնողները աստիճանաբար պակասում են:
Մեր ընթերցողները քիչ են ու բազմաճաշակ: Առավել պահանջված գրքերի ցուցակում կարող են տեղ գտնել Նարեկացու «Մատյան ողբերգության» պոեմը, Միլերի «Խեցգետնի արևադարձը», Կարնեգիի «Ինչպես ձեռք բերել բարեկամներ և ազդել նրանց վրա» ձեռնարկը, Կոելիոյի «Ալքիմիկոսը», ժամանակակից հայ հեղինակների գրքերը: Սակայն ամենապահանջված գրականությունը մանկականն է:
Ստվերում չե՞ն մնում արդյոք արժեքավոր գրքերը, որոնց մասին ինչպես հարկն է իրազեկված չէ ընթերցողը:
Ի՞նչ կարդալ: Խորհուրդ են տալիս գրողներն ու գրականագետները` պատասխանելով irates.am-ի հարցին` «ի՞նչ են կարդացել տարվա ընթացքում և ի՞նչ են առաջարկում կարդալ ընթերցասերներին»:
Գրականագետ Հասմիկ Հակոբյանն առաջարկեց կարդալ Քնյութ Համսունի «Սովը»: Բանաստեղծ Արա Ալոյանն ասաց, որ ամեն տարի մշտնջենական այժմեականությամբ վերընթերցում է Աստվածաշունչը, բացահայտում, վերծանում է խորաշերտերը Սուրբ Գրքի: «Հայ գիրք» գրախանութների ցանցի տնօրեն, բանաստեղծ Աշոտ Գաբրիելյանը վերջերս է ավարտել Միգել դե Ունամունոյի «Մառախուղը», տպավորված է Ջորջ Օրվելի «1984»-ով:
«Տարվա ընթացքում շատ գրքեր եմ կարդացել, բայց անցյալ տարվա սկզբին կարդացի Էրիկ Էմանուիլ Շմիթից մի քանի գործ (ցավոք, ռուսերենով), որոնցից կառանձնացնեմ «Օսկարը և վարդագույն տիկինը»: Բացառիկ գործ է, կառաջարկեի, որ բոլորը կարդան: Հիվանդությամբ դատապարտված երեխայի վերջին օրերն են… և նրա նամակներն Աստծուն»,- ասաց բանաստեղծ, արձակագիր Գոհար Գալստյանը:
Հավելենք, որ Facebook սոցցանցի «Գրքեր, որ պետք է կարդալ», «Ինչ գիրք կարդալ» և այլ էջերի միջոցով գրասերները, գրական աշխարհի մարդիկ իրազեկում են իրենց կարդացած լավ գրքերի մասին: «Փոխանակում ենք գրքեր», «Գրաքամոլ» և այլ խմբերի շնորհիվ ոչ միայն առաջարկվում, այլև փոխանակվում են լավ գրքերը:

http://www.irates.am/hy/1388317762

Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Заметка

«Նախնյաց մոռացված հայրենիքի» նկարահանումներն ուշանում են ֆինանսական խնդիրների պատճառով

«Նախնյաց մոռացված հայրենիքի» նկարահանումներն ուշանում են ֆինանսական խնդիրների պատճառով

28.12.2013 | 15:01

ԱՐՍԵՆ ՀԱԿՈԲՅԱՆԻ «Արարատից Եվրոպա» վավերագրական ֆիլմաշարի երկրորդ` «Նախնյաց մոռացված հայրենիք» ֆիլմի նկարահանումներն ուշանում են ֆինանսական խնդիրների պատճառով: Ֆիլմի հեղինակը որոշել է ակցիա կազմակերպել` գումարի հայթայթման համար:

«Նախնյաց մոռացված հայրենիք» վերնագրված ֆիլմում խոսվում է այն մասին, որ քաղաքակրթությունը ծագել է Հայկական լեռնաշխարհում, որից հետո տարածվել է ամբողջ աշխարհում: Մասնավորապես քննարկվում է այն տեսակետը, որ բավարները, բասկերը, բրիտանացիները ծագել են Հայկական լեռնաշխարհից»,-ասում է Արսեն Հակոբյանը:
«Նախնյաց մոռացված հայրենիք» սկսվում է ժայռապատկերների, շումերերենի, հին եգիպտերենի վերծանումով, և ապացուցվում է, որ դրանք գրողները հայերենի կրողներ են եղել: Ֆիլմում օգտագործում ենք հայ և օտարազգի գենետիկների, լեզվաբանների, էպոսագետների, պատմաբանների տեսակետներ:
Դեռևս այս տարվա ամռանը երբ հետաքրքվեցի` ե՞րբ պատրաստ կլինի ֆիլմը, Արսեն Հակոբյանն ասաց, որ մշակույթի նախարարությունը պատրաստ է որոշ չափով աջակցել, պետք է հայթայթեն մնացած գումարը, որ սկսեն նկարահանումները: Հետաքրքվեցի` ո՞ւժի մեջ է պետական աջակցությունը:
«Մշակույթի նախարարությունը աջակցելու է մոնտաժային աշխատանքներին, ինչն այդքան էլ էական չէ, քանի որ այդ հարցում ընկերներս էլ կարող են ինձ օգնել: Կրթության նախարարը խոստացել է 2 միլիոն դրամ տրամադրել»,— ասաց Ա. Հակոբյանը:
Ընդհանուր առմամբ անհրաժեշտ է 20 միլիոն դրամ: Ֆիլմը նկարահանվելու է Անգլիայում, Իսպանիայում, Բելգիայում, Ֆրանսիայում, Գերմանիայում, Շվեցարիայում, Արևմտյան Հայաստանում:
Ֆիլմի աջակիցներին տրվելու է dvd-ներ, cd-ներ, գրքեր:
Հավելենք, որ Արսեն Հակոբյանի «Արարտից եվրոպան» բավականաչափ ցուցադրութուն է ունեցել (մոտ 30 ցուցադրություն միայն` արտասահմանում): Թարգմանվել է ռուսերեն, անգլերեն, ֆրանսերեն և գերմաներեն: Զրուցակիցս նշեց, որ մինչև օրս էլ կազմակերպվում են ցուցադրություններ` հնարավորության սահմաններում:

Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Заметка

Փոքր գրախանութները կփակվեն

Փոքր գրախանութները կփակվեն

26.12.2013 | 19:42

«Գրքերի ծավալը, եթե արտաքուստ նայենք, ավելացել է: Բայց դա ավելի շատ պայմանավորված է ոչ թե վաճառքի մեծացմամբ, այլ տեսականու շատ լինելով: Շատ ավելի անուն գրքեր են տպագրվում, ինչը կառավարությունը դիտարկում է որպես ծավալների ավելացում: Բայց իրական պատկերն այլ է»,- այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Անտարես» հրատարակչության գլխավոր խմբագիր, գրաքննադատԱՐՔՄԵՆԻԿ ՆԻԿՈՂՈՍՅԱՆԸ:

«Անտարեսի» տնօրեն ԱՐՄԵՆ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԸ հավելեց, որ վաճառվող տպաքանակներն էապես նվազել են, և որպեսզի խթանեն այդ պրոցեսը նախաձեռնել են բաժանորդագրություն: Ընթերցասերները բաժանորդագրվելու դեպքում գրքերը ձեռք կբերեն 25 տոկոս զեղչով, կմասնակցեն «Անտարեսի» բոլոր միջոցառումներին, տեղեկատվություն կստանան լույս տեսնող գրքերի, նախաձեռնությունների մասին:
Հրատարակիչը ցավով փաստեց, որ փոքր գրախանութները (հատկապես մարզերում) կփակվեն, որովհետև նոր ՀԴՄ-ների գինը համեմատելի է նրանց տարեկան շահույթի հետ: «Պետգույքի վարչությունը ավելացրել է գրահրատարակչությունների տարածքի վարձի գումարը, սահմանվել են նոր չափորոշիչներ, որոնց արդյունքում վտանգվում է փոքր հրատարակչությունների գոյությունը: Ինչո՞վ եք բացատրում սույն փոփոխությունները»: Անդրադառնալով irates.am-ի այս հարցին` Արմեն Մարտիրոսյանն ասաց, որ իշխանություններն այսօր տաքացնում կամ հրդեհում են այս կաթսան: «ՀԴՄ-ով ծեծում են, տարածքների վարձը բարձրացնելով` ծեծում: Ես կարծում եմ այդ մարդկանց հայրերը, մի քիչ կոպիտ ասեմ, գիրք չեն սիրել և կարողացել են դա փոխանցել իրենց զավակներին: Այսինքն, այդ գործիչները գիրք չսիրողի ծնունդ են»,- ասաց նա:
«Գրանիշ» գրական ակումբի հիմնադիր, բանաստեղծ ԿԱՐԵՆ ԱՆՏԱՇՅԱՆԸ խոսելով էլեկտրոնային գրքի շուկան զարգացնելու մասին, նշեց, որ մեծ խոչընդոտներ կան այս ոլորտում: «Համաշխարհային շուկայում տարեց-տարի մեծանում է էլեկտրոնային գրքերի շուկայի ծավալը, որովհետև դրանք ավելի մատչելի են ու հասանելի տպագիր գրքի համեմատ,— ասաց նա:-Հիմնական խոչընդոտները ընթերցիչների թանկությունն է Հայաստանում, տեխնիկական անհամապատասխանությունը հայերենի հետ: Հայաստանում դեռևս անհասանելի են Google Play, Pay Pal հարթակները, և հայ գործարարները չեն կարողանում էլեկտրոնային գրքերի վաճառքով զբաղվել: Կարծում եմ սա պետության, կառավարության բացթողումն է, պետք է ոչ միայն գրահրատարակչական շուկայում, էլեկտրոնային հարթակում նույնպես օր առաջ հաստատվել և Հայաստանը ճանաչելի դարձնել»:
«Գրանիշ» գրական ակումբի գլխավոր խմբագիր գրականագետ ՀԱՍՄԻԿ ՀԱԿՈԲՅԱՆԸ լրագրողներին տեղեկացրեց, որ «Գրանիշի» հերթական` «Գրանիշ-քաղաքացի» խորագրով համարը լույս կտեսնի 2014-ի առաջին ամսին:
«Տարվա վերջին մեկնարկեցինք նոր նախագիծ, որ նախապատրաստել էինք ամիսներ շարունակ: Նոր նախագիծը, որ իրականացնելու ենք «Գրանիշ» գրական հիմնադրամի հետ, միտված է հատկապես ժամանակակից հայ գրականությունը թարգմանական հարթակներում ներկայացնելուն»,— ասաց գրականագետը: Նրա կարծիքով` սա ամենասպասված և հեռանկարային ծրագրերից մեկն է:
Հավելենք, որ ասուլիսի ավարտին մի շարք լրատվամիջոցներ ու լրագրողներ պարգևատրվեցին «Գրքի ընկեր» շնորհակալագրերով՝ գրականությանը նվիրված հրապարակումների, հաղորդումների և այլ միջոցառումների համար:

http://www.irates.am/hy/1388072697

Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Заметка

«Արվեստը հոգևոր մեծ արժեք է, որևէ մրցությունից դուրս»

«Արվեստը հոգևոր մեծ արժեք է, որևէ մրցությունից դուրս»

26.12.2013 | 13:15

Ռոքի սիրահաներին սիրված երգչուհի ԵՎԱ ՍՈՒՋՅԱՆՆհայտնի է «Ադանա», «Հալելույա», «Բարսելոնա», «Արմենիա» և այլ երգերով: Ներկայումս «Empyray» ռոխ խմբի մեներգչուհին է:

-Եվա, մեր վերջին զրույցը կարծեմ մեկ տարի առաջ էր: Ի՞նչ է փոխվել այս ընթացքում ձեր ստեղծագործական կյանքում:
-Շատ բան է փոխվել: Այժմ «Empyray» ռոխ խմբի մեներգչուհին եմ, ինչի համար շատ ուրախ եմ: Այս տարի ես ունեցա նաև իմ առաջին սկավառակը` «Dream To Fly»-ը, որտեղ երգում եմ ամուսնուս հետ:
-Ամանորի համար ի՞նչ ծրագրեր ունեք….նոր երգ, համերգ: Ձեր երկրպագուների համար ի՞նչ եք պատրաստում:
-Այժմ «Empyray»-ի հետ աշխատում ենք նոր երգերի վրա: Նոր տարուն կունենանք նոր երգեր և իհարկե, կլինեն համերգներ: Իմ երգի սիրահարներին ուզում եմ ասել, որ անչափ կարոտում մեր համերգային հանդիպումներին: Նոր տարուն անպայման կհանդիպենք:
-Եվրատեսիլյան եռուզեռի մասին ի՞նչ կասեք: Համամի՞տ եք, որ կարող ենք հետևել այլ երկրների օրինակին և չմասնակցել այդ ծախսատար մրցույթին, որը գնալով քաղաքականացվում է ու հեռանում երգարվեստից:
-Ես միշտ էլ մտածել եմ, որ նման մրցույթները քաղաքականացված են, ծախսատար և այլն: Արվեստով չեն մրցում, քավ լիցի, արվեստը հոգևոր մեծ արժեք է, որևէ մրցությունից դուրս:
-Երգաշխարհի խնդիրներից ո ՞րը կառանձնացնեիք:
-Երգաշխարհի միակ խնդիրը բիզնեսն է: Դե դա, իհարկե, գլոբալ խնդիր է:
-Ի՞նչ եք զգում, երբ Գոռ Սուջյանը բեմում է:
-Ամեն անգամ Գոռին լսելիս չեմ կարողանում զսպել արցունքներս: Դա մի անբացատրելի զգացում է… Եթե այդ մասին խոսեմ, երկար կտևի:
-Ի՞նչ եք կարծում` հայկական ռոքը դրսում ասելիք ունի՞:
-Դրսում մեր ասելիքը հետաքրքիր կլինի այն դեպքում, երբ մենք կարողանանք նոր շունչ հաղորդել երաժշտությանը: Կարծում եմ հետաքրքիր կլինի, եթե այն համեմված լինի մեր ֆոլկով: Բայց, իհարկե, եթե համեմունքը շատ լինի, համից բան չեն հասկանա:
-Իսկ մենք ունե՞նք ռոք լսող հանդիսատես:
-Իհարկե ունենք ռոք լսող հանդիսատես, բայց վերջերս նկատել եմ անտարբերություն… պատճառն անհայտ է:

http://www.irates.am/hy/1388049404
Ճեպազրույցը` Արմինե ՍԱՐԳՍՅԱՆԻ

Заметка

«Եվրատեսիլ-2014»-ի հայաստանյան ներկայացուցիչը

«Եվրատեսիլ-2014»-ի հայաստանյան ներկայացուցիչը

24.12.2013 | 20:05

Հայաստանը պաշտոնապես հաստատել է իր մասնակցությունը «Եվրատեսիլ-2014» երգի համաեվրոպական մրցույթին: Հայաստանի ներկայացուցչի անունը հայտնի կդառնա Ամանորի գիշերը՝ Առաջին ալիքի տոնական եթերի ժամանակ:

«Եվրատեսիլ-2014»-ը կանցկացվի Կոպենհագենի B&W Hallerne համերգասրահում: Մրցույթը կկրի «Join Us» («Միացիր մեզ») խորագիրը: Ավելին, մրցույթի մասնակիցներնը հնարավորություն կունենան ներկայացնել իրենց ցանկությունները, փոխանակվել գաղափարներով:
«Եվրատեսիլ-2014»-ի խորհրդանիշն ադամանդն է, որն ինչպես համաեվրպական մրցույթը, իր մեջ մեծ ուժ և էներգիա է պարունակում: Ադամանդի արտացոլանքը խորհրդանշում է մրցույթի ոչ միակերպ լինելը` ընդգծելով մասնակից երկրների բազմազանությունն ու առանձնահատկությունները:

Հիշեցնենք, որ մրցույթի ավստրիացի մասնակից, տրանասվեստիտ Կոնչիտա Վուրստի «բազմազանության» քարոզը շատերի զայրույթն է հարուցել: Ավելին, արդեն չի էլ խրախուսվում Հայաստանի մասնակցությունը տարեց-տարի արժեզրկվող, երգ ու երաժշտությունից հեռացող, քաղաքականացված այս շոուին: Ե’վ զուր տեղը գումար է ծախսվում, և’ ջուր ենք լցնում գունային բազմազանությամբ աչքի ընկող մրցույթի ջրաղացին: Մրցույթի կարգախոսն էլ առանձնապես չի ոգևորում` «Միացիր մեզ»:
Ի դեպ, «Եվրատեսիլ-2013»-ը որդեգրել էր «We Are One»` «Մենք մեկ ենք» կարգախոսը, իսկ մրցույթի
խորհրդանիշը ծիածանի բոլոր գույներն ունեցող թիթեռնիկն էր:

Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Заметка

Երևանյան աղմուկը` Ամանորին

Երևանյան աղմուկը` Ամանորին

23.12.2013 | 16:49

Երևանյան աղմուկը Ամանորին ավելի է թեժանում: Հրավառությունն ու պայթուցիկները մի կողմից տոնական մթնոլորտ են ապահովում, մյուս կողմից` ավելորդ աղմուկի ու դժգոհության պատճառ դառնում: Պայթուցիկների անորակությունն էլ մեկ այլ խնդիր է, և կարող են վնասել հենց պայթյունը «սադրողին»:

Ֆիզիոթերապևտ-մանուալիստ, ակադեմիկոս ԳԱԳԻԿ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԸ մեզ հետ զրույցում ասաց, որ պայթուցիկներից առաջացած ձայնային տատանումները հանկարծակիի են բերում մարդկանց, առաջացնում սթրես, զայրույթ, տագնապ, վախ: «Մարդը վախից կարող է մահանալ,— նկատեց նա,— ասում են` երկու վախը մի մահ է: Փոքրիկ երեխաները վեր են թռչում տեղից ու սկսում լացել: Հարցրեք մարդկանց, չեք գտնի մեկին, ում մեջ հրճվանք է առաջացնում այդ աղմուկը»:
Գուցե որոշ մարդիկ իրենց ուրախությունն այդպե՞ս են արտահայտում, ադրենալինի քանակությո՞ւն են ապահովում, հարցրի:
«Կան մարդիկ, ում երեխաներն ուզում են չարաճճիություն, անշնորհքություն անել, նրանց ձեռնտու է տարբեր առիթներից հետո հրավառություն սարքելը: Ոմանք կայանալու խնդիր ունեն, մեկը ծխում է, հայհոյում, մեկն էլ օդում պայթյուն է առաջացնում, հաճույք է ստանում, և դեռ հրճվում է, երբ դիմացինը վախ է ապրում»,— ասում է նա:
Շատ երկրներում արգելված է պայթուցիկների գործածումը: Մեզ մոտ օրենքով հարցը կարգավորելու փոխարեն առաջարկում են բացատրական աշխատանքներ տանել պայթուցիկներից օգտվողների շրջանում: Նշենք, որ Վանո Սիրադեղյանի, Երվանդ Զախարյանի քաղաքապետության ժամանակ արգելված է եղել պայթուցիկների վաճառքը:

Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Заметка

Անվճար ներբեռնում են իրենց ուզած գիրքը

Անվճար ներբեռնում են իրենց ուզած գիրքը

24.12.2013 | 02:44

«Բուկինիստ» գրախանութից մեզ տեղեկացրին, որ տարվա գեղարվեստական գիրք է ճանաչվել Պ. Կոելյոյի «Ալքիմիկոսը», որի տպաքանակն արդեն սպառվում է: Տարվա մանկական գիրքը «Մաշան ու արջը. առաջին հանդիպում» գրքույկն է, որից մի քանի օրում «Բուկինիստ» գրախանութը մանրածախ վաճառքով իրացրել է 150-ից ավելի օրինակ: Տարվա ոչ գեղարվեստական գիրք է ճանաչվել Կառնեգիի «Ինչպես ձեռք բերել բարեկամներ և ազդել նրանց վրա» ձեռնարկը:
Հետաքրքրվեցի, թե ինչո՞վ է պայմանավորված «Ալքիմիկոսի» վաճառքի բարձր ցուցանիշը, գուցե կան ավելի արժեքավոր գրքեր, որ դուրս են մնում ընթերցողի ուշադրությունից:
«Բուկինիստ» ՍՊԸ-ի տնօրեն ԽԱՉԻԿ ՎԱՐԴԱՆՅԱՆՆ ասաց, որ «Ալքիմիկոսը» գովազդում են ռուսական, իսպանական հրատարակչությունները, այն գովազդվում է ամբողջ աշխարհում:«Իսկ ընդհանուր առմամբ գնորդն է որոշում, թե ինչ պետք է կարդա, մենք չենք ուզում ավելի խելացի երևալ ընթերցողից»,- նշեց նա:
Հարցին` ի՞նչ խնդիրներ ունի գրահրատարակչության ոլորտը, պատասխանեց` որ խնդիրները շատ են, մարդիկ քիչ են կարդում, գիրք գնողները գնալով պակասում են: Ըստ նրա` ստեղծված վիճակը պայմանավորված է նորագույն տեխնոլոգիաների առաջացմամբ: Միշտ ասվում է, որ էլեկտրոնային գիրքը փոխարինելու է տպագիր գրքին: Խաչիկ Վարդանյանը նշեց, որ էլեկտրոնային գրքի վաճառքը մեզ մոտ նույնիսկ մեկ տոկոս չի կազմում: Պարզապես մարդիկ չեն կարդում կամ գտնում են առավել մատչելի տարբերակ` անվճար ներբեռնում են իրենց ուզած գիրքն ու կարդում: Եվ որպեսզի պարզ լինի ընդհանուր պատկերը, հավելեց. «Մեկ անուն գրքից տարվա ընթացքում 500 օրինակ չի վաճառվում, նույնիսկ ամենալավ գրքից»:

http://www.irates.am/hy/1387838781

Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ