ԲԱՅՑ ԿԳԱ ՄԻ ՕՐ, ԵՎ ՄԵՆՔ ԱՆՊԱՅՄԱՆ ԿՎԵՐԱԴԱՌՆԱՆՔ

«ԵՐԲ ՀԱՅԵՐՆ ԵՆ ԸՄԲՈՍՏԱՆՈՒՄ, ՍԵՂԱՆ ԵՆ ԳՑՈՒՄ, ՀՐԱԺԵՇՏ ԵՆ ՏԱԼԻՍ ՀԱՐԱԶԱՏՆԵՐԻՆ, ՄԵԿՆՈՒՄ ԵՆ ԱՐՏԵՐԿԻՐ ԵՎ ԵՐԳՈՒՄ «ՕՏԱՐ, ԱՄԱՅԻ ՃԱՄՓԵՔԻ ՎՐԱ»

«ԵՐԲ ՀԱՅԵՐՆ ԵՆ ԸՄԲՈՍՏԱՆՈՒՄ, ՍԵՂԱՆ ԵՆ ԳՑՈՒՄ, ՀՐԱԺԵՇՏ ԵՆ ՏԱԼԻՍ ՀԱՐԱԶԱՏՆԵՐԻՆ, ՄԵԿՆՈՒՄ ԵՆ ԱՐՏԵՐԿԻՐ ԵՎ ԵՐԳՈՒՄ «ՕՏԱՐ, ԱՄԱՅԻ ՃԱՄՓԵՔԻ ՎՐԱ»

13.04.2010 | 00:00

Հայկական շուկայի ամենակարդացվող գրքերը` բեսթսելլերները, այսօր տպագրվում և մեկ-երկու տարվա ընթացքում սպառվում են 2000-3000 տպաքանակով: ԿԱՐԵՆ ՄԱՐԳԱՐՅԱՆԻ (ՄԱՐԿ ԱՐԵՆ) «Անատոլիական պատմություն. այնտեղ, որտեղ ծաղկում են վայրի վարդերը» վեպը 2008-ին համարվել է տարվա գլխավոր բեսթսելլեր` չկորցնելով հետաքրքրությունն ընթերցողի շրջանում առայսօր: Գիրքը գրավել է արտերկրի հրատարակիչների ուշադրությունը, չի բացառվում` նաև էկրան բարձրանա: «Անատոլիական պատմությունը» հայ և թուրք երիտասարդ զույգի չկայացած սիրո պատմություն է: Թուրք ազգայնականի պատմություն, որը, իր որդիների և թոռնիկների հետ կյանքի վերջին պահերն անցկացնելու փոխարեն, ոտքի տակ է տալիս հեռավոր Մարսելի գերեզմանները` հայ ծնողների շիրիմը գտնելու համար: Սա պատմություն է Եղեռնի մասին, որ դառնում է այսօրվա մարդու ճակատագրի առանցքը: 
-Մի փոքր պատմեք` ինչո՞վ եք զբաղվում, ի՞նչ մասնագիտություն ունեք:
-Հեշտ չէ միանշանակ ասել, թե որն է իմ մասնագիտությունը: Ինստիտուտում սովորեցի ստեղծել համակարգիչներ, թեկնածուական աշխատանքիս թեման համակարգչային վերլուծությունն էր, Գերմանիայում մասնագիտացա հակաճգնաժամային կառավարման բնագավառում, Մոսկվայում ինձ բախտ վիճակվեց համատեղ գիտական աշխատանք վարելու ակադեմիկոս Լվովի հետ: Ներկայումս գլխավորում եմ գլոբալ տնտեսության գիտահետազոտական ինստիտուտը: Տնտեսագիտության դոկտոր եմ, բայց տնտեսագետ ինձ չեմ համարում: Տնտեսագետ էին Մարքսը, մեր ազգակից Խորազովը, որը, ի դեպ, կեյնսիական տեսության որոշ թեզեր հրապարակել էր Կեյնսից առաջ, տնտեսագետներ էին Կեյնսը, Մարշալը, Լվովը: Այ, երբ ի մի բերեմ ազգային դիվիդենդի իմ տեսությունը, ինչ խոսք, ինձ էլ կարող եմ համարել տնտեսագետ:
-Ազգային դիվիդենդի տեսությո՞ւն, ի՞նչ է դա:
-Լենինը պետությունը համարում էր բյուրոկրատների մասնավոր սեփականությունը, իսկ ես գիտեմ` ինչպես այն վերածել սեփական արժեքի` մեզնից յուրաքանչյուրի համար:
-Ինչո՞ւ որոշեցիք դառնալ Մարկ Արեն: 
-Մինչ իմ առաջին գրական փորձը, ես որոշակի գիտական ճանաչում ձեռք բերեցի իմ անունով, և որպեսզի գրական ու գիտական մուսաները չընդհարվեն, կինս հորինեց այս կեղծանունը: Ինձ դուր եկավ, նման էր իմ սիրած Մարկ Տվենին, Մարկ Արյանին (Անրի Մարգարյան):
-Ձեզ գրող համարո՞ւմ եք:
-Գրող էին Դոստոևսկին, Թումանյանը, Սարոյանը, Հեմինգուեյը, Ռեմարկը… Իսկ ես պարզապես գրում եմ: Ինձ դուր է գալիս այդ զբաղմունքը: Դուր է գալիս հերոսներիս հետևել: Ես չեմ թելադրում նրանց իմ կամքը, պարզապես թղթին եմ հանձնում այն ամենը, ինչ ապրում են երևակայությանս մեջ հորինված իմ հերոսները: Ընթերցողին դուր է գալիս: Վերջերս ընկերներիցս մեկի տղան տեսել էր, թե ինչպես է մետրոյում մեկը կարդում իմ «Սգերգ Հուդայի համար» վեպը: Գրող մարդու համար դա շատ հաճելի է:
-Ինչի՞ մասին է գիրքը :
-Հավատի և դավաճանության: Այս պատմության վերջում դատավարություն է ընթանում, Հուդան գործ է հարուցում ընդդեմ մարդկության: Տեսնելով, թե ինչպես ենք ապրում, պահանջում է հայցի բավարարում: Գուցե դա տարօրինակ թվա, բայց նայեք Ձեր շուրջը և կտեսնեք քաղաքականություն` առանց սկզբունքների, կոմերցիա` առանց բարոյականության, գիտելիք` առանց ճշմարտության, գիտություն` առանց մարդասիրության, հարստություն` առանց աշխատանքի, հավատք` առանց անձնազոհության: Հատկապես ցավալի է վերջինը: Խորհրդային տարիներին, չնայած արգելքներին, մենք անկեղծ էինք մեր հավատքի մեջ, ինչպես առաջին քրիստոնյաները Ներոնի ժամանակ: Իսկ հիմա կարող ես լսել` ես քրիստոնյա եմ, բայց չեմ հավատում եկեղեցականներին, այն ամենին, ինչ գրված է Ավետարանում: Հավատալ կամ չհավատալ կարող ես կնոջը, նախանշաններին: Շատերն այսօր հավատքը պարզապես ցուցադրում են եկեղեցում: ՈՒշադրություն դարձրեք` ինչ մռայլ դեմքեր ունեն նրանք Պահքի գիշերը։ Ասես ինչ-որ մեկի հուղարկավորությանն են մասնակցում: Նրանք չգիտեն, որ Զատիկը ուրախության տոն է: Մահվան նկատմամբ Կյանքի հաղթանակի տոն: Այդ վախվորած մարդիկ իրապես կարծում են, թե եկեղեցում կարելի է միայն ողբալ… Եվ «զոհողություն» են անում այն քաղքենիական հաշվարկով, որ Աստված իրենց ինչ-որ բանով կփոխհատուցի: Նրանք մտածում են, որ Աստված «փրկության ծառայություն» է: Բայց դա այդպես չէ, Աստված Աստված է: Եվ նրա հետ չի կարելի պայման կապել: Նրան կարելի է միայն հավատալ: Իմ «Սգերգն» այդ մասին է:
-ՈՒնե՞ք նոր գրքեր:
-ՈՒնեմ երեք նոր վեպ: «Ժառանգորդը»` մի սիրո պատմություն, որը 2017-ին կպատահի հրաշքով փրկված վերջին ռուս արքայազն Ալեքսեյի ծոռան` Միխայիլի հետ: Ֆանտաստիկ ժանրի մեկ այլ վեպ` Պուշկինի արտասովոր արկածի մասին, որը տեղի է ունեցել նախքան նրա մահը` 2008-ին: Եվ «4WD»` սիրո և ընկերության պատմություն։
-Ռուսերեն եք գրում, գո՞հ եք թարգմանությունից, չե՞ք կարծում, որ վատ թարգմանությունը կարող է վնասել, աղավաղել գործը:
-Ինձ` բանաստեղծուհի Արշալույս Մարգարյանի եղբորորդու համար ցավալի է հայերեն չգրելը: ՈՒսուցչուհիս` Հասմիկ Միրզոյանը, ամեն ինչ արեց, որ հայերեն սովորենք: Բայց ես լիարժեք չեմ տիրապետում հայերենին, իսկ վատ գրել մայրենի լեզվով չեմ ուզում: Բարեբախտաբար, հանդիպեցի Հրանտ Քոչարյանին, որի թարգմանությունից շատ գոհ եմ:
-«Անատոլիական պատմությունը» իրակա՞ն հիմք ունի:
-Ամբողջությամբ` ոչ, բայց Կիլիկիայում, այդ ժամանակաշրջանում, դա կարող էր տեղի ունենալ յուրաքանչյուրի հետ: Եվ գրել եմ, որ երբեք ոչ ոքի հետ նման բան չլինի:
-Ճի՞շտ է, որ մտադիր եք «Անատոլիական պատմությունը» թարգմանել նաև թուրքերեն:
-Արդեն թարգմանվել է: Նաև` անգլերեն: Ֆրանկֆուրտի վերջին տոնավաճառում գրքով հետաքրքրվել են ֆրանսիացի, գերմանացի և թուրք հրատարակիչները:
-Լսել եմ նաև, որ երեք երկրների (Հայաստան, Թուրքիա, Գերմանիա) հետ համատեղ ֆիլմ ստեղծելու ծրագիր կա: Կարծում եք` Թուրքիան կհամաձայնի՞:
-«Մոնտյոր» Մեչնիկովը` «12 աթոռից», վստահեցնում էր, որ համաձայնությունը կողմերի չդիմադրելու արդյունք է: Կարծում եմ` թուրքերը դեմ չեն լինի, որովհետև «Անատոլիական պատմությունը» քաղաքական ենթատեքստ չունի: Վեպն այն մասին է, որ աշխարհում վատ մարդիկ չկան, կան պարզապես մոլորված հոգիներ։
-Ինքներդ ո՞ւմ եք կարդում, ժամանակակից հայ գրողներին գիտե՞ք: 
-Վերջին շրջանում ես ավելի շատ վերընթերցում եմ, ի դեպ, ինքնատիպ հեղինակների` Զոշչենկո, Հաշեկ, Չապեկ, Ջերոմ… Մեր ժամանակակիցներից վերջերս կարդացել եմ Սիմոն Ծատուրյանի «Մէլս» վեպը:
-Որքան ինձ հայտնի է` շատերը Ձեզ չեն ճանաչում, բայց «Անատոլիական պատմությունը» մեծ հետաքրքրություն է առաջացրել հայ ընթերցողի շրջանում: Ինչո՞վ է դա պայմանավորված:
-Ճիշտ է, որպես գրող ես «քաջ» հայտնի եմ նեղ միջավայրում: Բարեբախտաբար, գիրքը դուր է գալիս կամ դուր չի գալիս, անկախ նրանից` ով է հեղինակը: Ինչպես երշիկը: Այն պետք է առաջին հերթին թարմ լինի, իսկ թե ով է արտադրողը, երկրորդական հարց է:
-Գրքի ձևավորումը, շապիկը, տառատեսակը նույնպես կարևոր են։ Շատ կարևոր է նաև գովազդը: Հայաստանում գրեթե բացակայում է գրքի գովազդը, չե՞ք կարծում, որ կա դրա անհրաժեշտությունը: 
-Գնումներ անելիս, բացի մեզ անհրաժեշտ ապրանքից, գնում ենք նաև էմոցիաներ: Մրցակցությունն այսօր մեծ է, շատ ապրանքներ նման են բնույթով, և միայն էմոցիոնալ մատուցմամբ մի ապրանքը կարող է մյուսից ավելի նախընտրելի լինել: Գիրքն արտաքինից տարբեր են դարձնում տառատեսակը, շապիկը և, իհարկե, գովազդը` իբրև վաճառքի շարժիչ ուժ:
-Արձագանքներն ինչպիսի՞ն են, քննադատություններ չե՞ք լսել: 
-Ինձ հետաքրքիր է իմանալ անծանոթ մարդկանց կարծիքը, այդ իմաստով համացանցը մեծ պարգև է: ՈՒղղակի հաճելի է, երբ ոմանց անձնական էջերում Բուլգակովի, Ռեյ Բրեդբերիի գրքերի կողքին տեսնում ես քո գիրքը…
-Ձեր կարծիքը հայ-թուրքական հարաբերությունների, սահմանի բացման մասին: Թեև Ձեր գիրքը մեծապես պատասխանում է այդ հարցերին:
-Կլաուզևիցի խոսքով` ազգը մեռնում է, երբ սկսում է սնվել հիշողություններով, և միայն այսօրվա օրով է ապացուցվում նրա գոյության իրավունքը: Սահմանի բացումը կբարելավի մեր տնտեսական վիճակը և այսօրվա օրը:
-Ի՞նչ եք կարծում, եթե Թուրքիան ճանաչի Ցեղասպանությունը, հնարավոր կլինի՞ անցյալի վերքերը մոռանալ: Հայ և թուրք երիտասարդների սիրավեպը կավարտվի ամուսնությա՞մբ, թե՞…
-Կլինեն իմ հերոսները միասին, թե ոչ, որոշողը ես չեմ, այլ մենք բոլորս, հայերը և թուրքերը: Ինչ վերաբերում է Եղեռնին, նման բանը չի մոռացվում: Մենք ներել ենք, բայց չենք մոռացել, ասել են հրեաները գերմանացիներին: Իհարկե, սարսափելի է ցանկացած ջարդ, բայց եռակի սարսափելի է էթնիկ ցեղասպանությունը: Եթե ձեզ սպանում են, որովհետև ուրիշ հայացքների տեր եք, հարում եք մեկ այլ հավատքի կամ որովհետև հակառակվում եք թշնամուն, որքան էլ սարսափելի լինի, դա ձեր ընտրության հետևանքն է: Իսկ եթե դուք ոչինչ չեք արել, ուղղակի ծնվել եք, բայց ծնվել հայ կամ հրեա ընտանիքում, և ձեզ ոչնչացնում են միայն դրա համար, նշանակում է` վերջ ամեն ինչին, որովհետև ազգությունը փոխել հնարավոր չէ:
-Թուրքիան «ստեղծեց» հայոց Սփյուռքը, մենք շարունակում ենք նրանց սկսած գործը, մեծ թվով հայեր են լքում հայրենիքը, մի քանի սերունդ հետո նրանք կդառնան գերմանացի, իսպանացի… Ո՞վ պիտի պատասխան տա, ինչո՞ւ է այդպես: Գուցե ճակատագի՞ր է: 
-Ոչ, այդ ձևով է արտահայտվում հայերի ըմբոստությունը: Երբ ըմբոստանում են ֆրանսիացիները, նրանք կործանում են Բաստիլը և «Մարսելիեզ» երգելով` կառուցում են բարիկադներ: Երբ ըմբոստանում են գերմանացիները, նրանք այրում են Ռայխստագը և երգելով «Deutschland, Deutschland, u..beralles» («Գերմանիա, Գերմանիա, ամենուրեք»)` գնում են գրավելու ողջ աշխարհը: Երբ ապստամբում են ռուսները, նրանք ձեռքն են վերցնում եղանը, «նռ, ցւվպՎ!» երգելով` կործանում են տերերի տները: Իսկ երբ հայերն են ըմբոստանում, սեղան են գցում, հրաժեշտ են տալիս հարազատներին, մեկնում են արտերկիր և երգում «Օտար, ամայի ճամփեքի վրա»:
-Եթե ժամանակը հետ պտտվեր, ի՞նչը կուղղեիք մեր ժողովրդի անցյալում:
-Ես այնպես կանեի, որ Աբգար արքան չսահմանափակվեր Հիսուսին ուղղված նամակով, այլ գնար նրա հետևից Երուսաղեմ: Գուցե այդ դեպքում աշխարհը հիմա ուրիշ լիներ:
-Հայաստանյան այսօրվա իրականությունն ինչպե՞ս կբնորոշեք «հեռվից նայողի աչքերով»:
-Բոլորը փոփոխություն են ուզում: Ի դեպ, ոչ միայն նրանք, ովքեր դժվարությամբ են ապրում, այլև իմ ընկերը, որը վերջերս տղային արտասահմանյան մեքենա էր նվիրել: Միանշանակ է, որ մեզնից ամեն մեկն ի վիճակի չէ փոխելու երկիրը, բայց չէ՞ որ կարող է սկսել ինքն իրենից: Եվ եթե այդպիսիք շատ լինեն, մեր երկիրը կդառնա ուրիշ:
-Եվ, մի վերջին հարց, քանի որ խոսեցինք արտագաղթի մասին. ինչո՞ւ եք ապրում և աշխատում Մոսկվայում:
-1994-ն էր, հոկտեմբերի 22-ը` դստերս` Լինայի ծննդյան օրը: Առավոտյան գնացի շուկա ու երբ վերադառնում էի, իրար ձեռք բռնած երկու փոքրիկ մոտեցան ինձ։ Քույր և եղբայր էին: Հաց խնդրեցին: Սիրտս «վայր ընկավ» ու աստիճաններով գլորվեց. ես դա լսեցի: Չեմ հիշում, ինչպես նրանց տվեցի` ինչ գրպաններումս ունեի և կիսաողջ վերադարձա տուն: Ծննդյան սեղանին միայն խմում էի, ամբողջ գիշեր չքնեցի, առավոտյան Մոսկվա մեկնելու տոմս գնեցի: Հասկացա, եթե մնամ, կորբացնեմ փոքրիկներիս: Այդ ժամանակ «Սիլ գրուպ» ընկերության փոխնախագահն էի (ի դեպ, անվանումը իմն է): Բայց կգա մի օր, և մենք անպայման կվերադառնանք: Համոզված եմ ասում, որովհետև նույնիսկ ցանկություն չունեմ Ռուսաստանի քաղաքացիություն ձեռք բերելու: Իսկ ընկերս` Ռուսաստանի բանկերի միության նախագահ Գարեգին Թոսունյանը, նույնիսկ չի փոխում իր ժամացույցի վրա հայաստանյան ժամանակը, որ վերադառնալուց հետո փոխելու կարիք չլինի:
Զրույցը` Արմինե ՍԱՐԳՍՅԱՆԻ
Սկզբնաղբյուրը` http://www.irates.am/hy/27WNBUJMVRVZZdjRKO26Cuw3VZ

Заметка

«ԱՅՍ ԳԻՐՔԸ ՉԻ ԿՈՐԵԼ. ԿԱՐԴԱՑԻՐ` ՓՈԽԱՆՑԻՐ ՄԵԿ ՈՒՐԻՇԻՆ»

«ԱՅՍ ԳԻՐՔԸ ՉԻ ԿՈՐԵԼ. ԿԱՐԴԱՑԻՐ` ՓՈԽԱՆՑԻՐ ՄԵԿ ՈՒՐԻՇԻՆ»

08.07.2011 | 00:00

«Սովորաբար ի՞նչ ենք անում կարդացած գիրքը։ Տարիներով մոռանում ենք դարակներում: Բայց ինչո՞ւ թողնել, որ գիրքը փոշու տակ կորչի, եթե այն կարող է օգտակար լինել ինչ-որ մեկին»։ 
Առաջնորդվելով այս սկզբունքով, նպատակ ունենալով աշխարհը դարձնել մի «մեծ գրադարան»` ինտերնետային տեխնոլոգիաների մասնագետ Ռոն Խորնբեկերը 2001-ին սկսեց «BookCrossing» կամ, ինչպես ասում են, «Գրքերի ազատում» շարժումը:
«BookCrossing»-ի գաղափարը հետևյալն է. մարդիկ թողնում են իրենց կարդացած գրքերը հասարակական վայրերում, նրանք, ովքեր գտնում են այդ գրքերը, վերցնում են, կարդում ու իրենց հերթին «ազատում» դրանց:
«BookCrossing»-ը Հայաստան է թափանցել ԱՐՄԱՆ ՂԱԶԱՐՅԱՆԻ նախաձեռնությամբ:
«Կիրակի օրը ես իմ սիրելի գիրքը կնվիրեմ քեզ». այս խորագիրն էր կրում Կասկադի այգում կազմակերպված միջոցառումը, որի շրջանակում հավաքված գրքերն ընդգրկվելու էին «BookCrossing»-ի մեջ: Մտքովս անցավ, որ շատերը գուցե ներկայանան միջոցառմանը ոչ թե իրենց հետաքրքրող գրքով, այլ ում ձեռքն ինչ ընկնի: Արման Ղազարյանը, սակայն, այդ կարծիքին չէր, նրա խոսքով` մասնակիցները քիչ թե շատ կարդացող մարդիկ են և չէին ցանկանա պատահական գրքով ներկայանալ: Ինքը` կազմակերպիչը, իր հետ բերել էր Ալեքսանդր Դյումայի «Քամելիազարդ տիկինը», Սոմերսեթ Մոեմի «Լուսին և վեց պենսանոց»-ը և այլ գրքեր:
Ընթերցասերների արձագանքը, դատելով մասնակիցների թվից, այնքան էլ հուսադրող չէր: Նկատելի էր նաև արվեստագետների, գրողների բացակայությունը: Շոուի, մոդայիկության, ըստ այդմ` անցողիկության վտանգ չունե՞ն այս միջոցառումները` գրական ընթերցումներ, «BookCrossing» և այլն:
Գրող, գրականագետ ՀՈՎԻԿ ՉԱՐԽՉՅԱՆԻ խոսքով` ցանկացած քայլ, միջոցառում, որ արվում է հանուն գրքի, հանուն ընթերցասիրության, արդեն մեծ երևույթ է, իսկ եթե դա անում են երիտասարդները, կրկնակի հաջողություն է: «Անկախ նրանից` սա միջոցառո՞ւմ էր, հաջողվա՞ծ էր, թե՞ անհաջող, շա՞տ մարդ եկավ, թե՞ քիչ, կա հարցի որակական կողմը, որն ինձ շատ է ուրախացնում,- ասաց նա:- Մի քանի տարի առաջ մեր երիտասարդները երազում էին չկարդալ և շատ փող ունենալ, հեռու էին մշակույթից, գրականությունից: Այսօր իրենք են նախաձեռնում, խրախուսում մշակութային միջոցառումները: Չնկատել այս ամենը սխալ է: Ես այսօր որևէ էական մասնակցություն չունեցա, բայց եկա, որ մասնակիցների թիվը մեկ հոգով ավելի լինի»:
«Գրքապտույտը» շարունակվում է. արդեն մի քանի տասնյակ գրքեր պտտվում են Երևանում այս շարժման շնորհիվ, և այդ գրքերի թիվն օրեցօր ավելանում է:

Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

http://www.irates.am/hy/ALwJqCWhADUBsCOtlgAKEbJDGM

Заметка

«ՊԵՏՔ Է ՊԱՐԶԱՊԵՍ ՃԱՇԱԿ ՈՒՆԵՆԱՆՔ` ԸՆՏՐԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԱՅՆ, ԻՆՉ ՄԵՐ ՔԻՄՔԻՆ ՄՈՏ Է»

«ՊԵՏՔ Է ՊԱՐԶԱՊԵՍ ՃԱՇԱԿ ՈՒՆԵՆԱՆՔ` ԸՆՏՐԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԱՅՆ, ԻՆՉ ՄԵՐ ՔԻՄՔԻՆ ՄՈՏ Է»

21.10.2011 | 00:00

«Լավ գիրք ունե՞ս, արի փոխանակենք». այս խորագիրն էր կրում «MetroMusic PUB»-ում կայացած «BookCrossing»-ի («Գրքապտույտի») հերթական միջոցառումը, որի շրջանակներում ընթերցասերները, գրողները միմյանց հետ գրքեր են փոխանակում: Հավաքված գրքերը հայտնվում են գրքապտույտի մեջ, շրջում քաղաքով մեկ և փնտրում իրենց ընթերցողին` գրադարակներում նստելու փոխարեն: «BookCrossing» կամ ինչպես ասում են` «Գրքերի ազատում» շարժումը 2001-ին հիմնել է ինտերնետային տեխնոլոգիաների մասնագետ Ռոն Խորնբեկերը` նպատակ ունենալով աշխարհը դարձնել մի «մեծ գրադարան»: Հայաստան այն թափանցել է բոլորովին վերջերս` Արման Ղազարյանի և Ինեսա Սաղեյանի նախաձեռնությամբ:
««BookCrossing»-ը գնալով ակտիվանալու է Հայաստանում, ու թեև հրավիրված քսան գրողներից միայն չորսն էին ներկա, միջոցառումն անցավ բավականին աշխույժ ու գրքային մթնոլորտում»,- մեզ հետ զրույցում ասաց Վարդան Հակոբյանը (Արտո)` մասնակիցներին նվիրելով իր «Արտառոցը կամ դեպի փայլուն ապագա» վեպն ու մի շարք այլ գրքեր: Հատկանշական է, որ նա մինչ այս նախաձեռնությունն էլ, սեփական մտահղացմամբ, գրքեր է թողել «MetroMusic PUB»-ում և այլուր:
Բանաստեղծուհի Հասմիկ Սիմոնյանը միջոցառման մասին տեղեկացել էր կազմակերպիչներից, հիացած էր, խանդավառված ու ասում էր, որ անպայման կփորձի օգնել նրանց: «Ինձ որպես հեղինակի են դիմել, ես իմ գիրքն եմ տալու, ինչպես նաև որոշ ժամանակակից գրողների, օրինակ` Հրաչյա Սարիբեկյանի «Գուշակություններ հայելիներով» գիրքը, Հովհաննես Գրիգորյանի գրքերից»,- ասաց նա:
Գրական այս ազատ շարժումը տարածում է գտնում համացանցի միջոցով, խոստանում նոր ու բազմազան ծրագրեր: Երիտասարդ բանաստեղծուհու կարծիքով` համացանցը կարող է ազդել գրականության վրա ինչպես լավ, այնպես էլ վատ առումով: «Մենք ամեն ինչ ունենք, պետք է պարզապես ճաշակ ունենանք` ընտրելու համար այն, ինչ մեր քիմքին մոտ է: Կոնկրետ ինձ համար համացանցը հրաշալի միջոց է` լավ գրականությունն արագ գտնելու, քանի որ առանձնապես հարուստ չեմ ու չեմ կարող ինձ թույլ տալ այդքանը գնել, մանավանդ որ Հայաստանում այդ գրքերի մի մասը չկա էլ: Որպես գրող` էլի չեմ դժգոհի, ընթերցողների բանակ է ձևավորվում, թաց-չոր, կարծես թե, խառն են, բայց օր առ օր ամեն ինչ իր տեղն է ընկնում»:
Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

http://www.irates.am/hy/kYS707Ys0fVjH0RPqGTgWiMboL

ԼԱՎ ԳԻՐՔ ՈՒՆԵ՞Ս, ԱՐԻ ՓՈԽԱՆԱԿԵՆՔ

ԼԱՎ ԳԻՐՔ ՈՒՆԵ՞Ս, ԱՐԻ ՓՈԽԱՆԱԿԵՆՔ

30.09.2011 | 00:00
«BookCrossing»-ի, այսպես ասած, «Գրքապտույտի» շրջանակներում «MetroMusic PUB»-ում կիրակի օրը ժամը 2-ին կկայանա երկրորդ միջոցառումը: Տեղի է ունենալու գրքերի փոխանակություն. ընթերցասերները կներկայանան իրենց նախընտրած գրքերով, հայ ժամանակակից գրողները` հեղինակային:
«BookCrossing»-ը Հայաստան է թափանցել Արման Ղազարյանի նախաձեռնությամբ, ով, ի դեպ մասնագիտությամբ բժիշկ է: «BookCrossing»-ի գաղափարը հետևյալն է. մարդիկ թողնում են իրենց կարդացած գրքերը հասարակական վայրերում, նրանք, ովքեր գտնում են այդ գրքերը, վերցնում են, կարդում ու իրենց հերթին «ազատվում» դրանցից: Չի կարելի ասել, թե գրքի այս նորօրյա շարժումը կազմակերպվում է 2012-ին ընդառաջ, երբ Երևանն աշխարհին ներկայանալու է որպես գրքի մայրաքաղաք: Ենթադրվում է, որ 2012-ը ավելի շուտ այցի կգա, քան մեր մայրաքաղաքը կհասցնի արժանավայել դիմավորել այն: Գոնե վիրտուալ Երևանը երիտասարդ ակտիվիստների շնորհիվ փորձում է դառնալ գրքային: Մինչ մեր ավագ սերնդի գրողներն ահազանգում են, թե գրականությունը չի կարելի մտցնել համացանց, Facebook սոցիալական ցանցում և այլուր ստեղծվում են նորանոր գրական առցանց ակումբներ, կայքեր, կազմակերպվում են մարաթոններ, գրքերի քննարկումներ, ի վերջո, երևան են գալիս գրական նոր անուններ, անգամ ձևավորվում է ինտերնետային գրականություն:
Նշեմ, որ Կասկադում տեղի ունեցած «Գրքապտույտի» առաջին միջոցառումը չէր գրավել ո՛չ լրատվամիջոցներին, ո՛չ էլ գրողներին: Կազմակերպիչները, սակայն, չեն նահանջում: Կիրակնօրյա միջոցառումը խոստանում է լինել բազմամարդ: Քննարկվելու են «Փոքրիկ Իշխանը», «Օսկարը և վարդագույն տիկինը» գրքերը: Փոխանակված գրքերը կհայտնվեն գրքապտույտի մեջ` շրջելով քաղաքով մեկ: Իսկ մինչ այդ` «BookCrossing»-ը առաջարկում է` «Լավ գիրք ունե՞ս, արի փոխանակենք»:
Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

http://www.irates.am/hy/EN1NmcwqRKoJ3qxvYnKo26tc54

Заметка
«ԵԹԵ ՄՏԱՎՈՐԱԿԱՆՆ ԱՍՈՒՄ Է, ՈՐ ԺՈՂՈՎՈՒՐԴԸ ՏԳԵՏ Է, ՈՒՐԵՄՆ ՏԳԵՏ ՄՏԱՎՈՐԱԿԱՆԻ ՀԵՏ ԳՈՐԾ ՈՒՆԵՆՔ»
 

«Այսօր» ամսաթերթն իր տարաբնույթ հավելվածներով երևան եկավ 90-ականներին, գրավեց իր հաստատուն տեղը, ընթերցողների ուշադրությունն ու, մի տեսակ, անաղմուկ հեռացավ: «Այսօր»-ի հիմնադիր-խմբագիր ԱՐՄԵՆ ՖՕՆ ԳԵՎՈՐԳՅԱՆՆ «Իրատես de facto»-ի հյուրն է: Նա վստահեցնում է` թերթը վերաբացվելու է մի պայմանով` էլ չփակվելու:
 

 

 
— Հեղափոխական ամսաթերթ, նոր երևույթ մեր նոր կյանքում` ազատ, անկախ, ցուրտ և մութ Հայաստանում: Կարելի՞ է ասել, որ «Այսօրը» ժամանակի, օրվա ծնունդ էր ու իր ժամանակի հետ հեռացավ: 
 
— Այսօրը ամեն օր էլ հեռանում է։ Բայց, միևնույն է, հաջորդ օրը նորից է գալիս։ Բացի այդ, հեռանում են այս աշխարհից։ «Այսօրը» ճիշտ ժամանակին, ճիշտ տեղում էր: Այս պահին էլ ճիշտ տեղում է: Պարզապես գործունեությունն է ընդլայնվել, անցում է կատարվել տպագրական գործունեության, շատերի համար ենք թերթեր տպագրում և սեփական թերթ հրատարակելու ժամանակ չի մնում։ Կարող եմ խոստանալ, որ կգտնվի նաև այդ ժամանակը։ 
 
— Այն տարիներին ներկայացաք նաև խաչբառերի նոր տեսակով:
 
— Խաչբառի, այսպես կոչված, բումը «Այսօրի» հետևանք էր։ Եկամտաբեր նախագիծ էր։ Այնքան եկամտաբեր, որ կարճ ժամանակում մեծ մրցակցություն առաջացավ. խաչբառերի շուրջ 60 արտադրող ի հայտ եկավ։ Սակայն անառողջ մրցակցության հետևանքով և՛ որակներն ընկան, և՛ այդ բիզնեսն ինձ ֆինանսական տեսանկյունից անհետաքրքիր դարձավ, թեև մինչև հիմա էլ շատերը հիշում են «Այսօր» բրենդով խաչբառային թերթերը։ 
 
— Ի՞նչ կար այդ ցուրտ ու մութ տարիներին, որ չկա այսօր: 
 
— Ազատություն, հպարտություն: Հաղթողի հոգեբանություն կար… Հիմա չկա:
 
— Ժամանակի Ձեր ընկալումը: Կարծում եմ, հենց այնպես չի ընտրվել ամսաթերթի անվանումը:
 
— Անցյալն ընդամենը փորձ է կամ փորձառություն, ապագան էլ այսօրներով է ստեղծվում:Այսօրը գաղափարախոսություն է: Մեր այսօր-ի և քաղաքակիրթ աշխարհի այսօր-ի միջև առնվազն 50 տարվա տարբերություն կար: Նպատակն այդ «այսօրների» անջրպետը նվազագույնի հասցնելն էր:Կարծում եմ, թեկուզ փոքրիկ հաջողություն այդ առումով կարելի է գրանցել։ 
 
— Իսկ ինչո՞ւ Ֆօն:
 
— Ասենք` գրական կեղծանուն:
 
— Չակերտները չե՞ք բացում: 
 
— Պարզապես Արմեն Գևորգյանը սովորական մի մարդ է, նորմալ կյանքով ապրող, իսկ գրող Արմեն Գևորգյանը` մի ոմն Ֆօն: Այն էլ կլոր օ-ով: Ստվե՞ր է, ի՞նչ է…
 
— «Այսօր»-ական պատասխան եք տալիս: Կա՞ պարբերական, որ շարունակում է «Այսօր»-ի գործը, կամ իր ուղղվածությամբ, շնչով, ասելիքով մոտ է «Այսօրին»:
 
— Չկա և չէր էլ կարող լինել, քանի որ, կրկնեմ, «Այսօրն» ուրույն գաղափարախոսություն է։ «Այսօրը» պետք է գործի ազատության, ժողովրդավարության հետ զուգահեռ: «Այսօրը» չէր կարող գործել բռնապետական երկրում, ինչպես չկարողացավ խորհրդային տարիներին: Սէվի հետ (Հենրիկ Խաչատրյան) 85-ից «պերեստրոյկայի» ալիքի տակ փորձել ենք մասնավոր թերթ հրատարակել: «Այսօր» անունը գտնվել է հենց 85 թվականի հուլիսի 16-ին: Շարժումն սկսվելուց քիչ առաջ, 86-ին կարողացանք ինքնահրատ «Այսօր»-ով ներկայանալ: Իսկ պաշտոնապես գրանցվեց 1992-ին: Ի դեպ, գրանցման համարը 2-ն էր, կարող էր 1-ինը լինել, բայց 1-ինը «Հայաստանի Հանրապետությունը» գրանցեցին։ Թերթի առաջին համարը լույս է տեսել հուլիսի 4-ին՝ 32 էջով, 20000 տպաքանակով։ Այն ժամանակ «Սոյուզպեչատը»՝ մամուլի տարածման միակ ցանցը, մեր թերթը չվերցրեց իրացման։ Հսկայական գումար տանուլ տալու եզրին էինք։ Արագ կողմնորոշվելով` կազմակերպեցինք մամուլի տարածման Հայաստանում առաջին մեծամասշտաբ այլընտրանքային կառույցը՝ շրջիկ լրագրավաճառների ցանցը, որն էլ հիմք դարձավ այսօր գործող մամուլի տարածման մասնավոր ցանցի համար։
 
— Ոչ միայն «Այսօրն» է տարբերվում, այլև այն ժանրը, որով դուք ներկայանում էիք:
  
— Ավանգարդ պոեզիայով զբաղվելուց բացի, թարգմանել եմ Դանիիլ Խարմս՝ աբսուրդի հայրերից մեկին։ Հենց աբսուրդի ժանրն էլ ներմուծել եմ լրագրության ասպարեզ։ Դուք սա նկատի ունեք երևի։ Զվարճանում եմ, երբ բիզնես գործունեության մեջ պոեզիայի տարրեր եմ նկատում։ Փաստորեն, այդ Ֆօնը չի դադարել ինձ հետապնդելուց։ Այ այդպիսի անդավաճան ֆօն ունեմ։ Նրանից օրինակ եմ վերցնում։ Կարելի է արձանագրել, որ Ֆօնը նաև լրագրության մեջ է եղել իմ ստվերը: Կան մարդիկ, որ իրենց այսօրական են համարում և ինձ ֆօնի տեղ են դնում… ուրեմն, դեռ ամեն ինչ չի ավարտվել: Ամեն բան մահանում է այն ժամանակ, երբ ոչ ոք այլևս չի հիշում:
 
— Գաղտնիք չէ, որ մեր օրերում, քիչ թե շատ լավ աշխատանք ունենալու համար պարտադիր պայմաններն են` տարիքը մինչ 25, տասը տարվա աշխատանքային փորձ, ռուսերենի, անգլերենի, համակարգչի գերազանց իմացություն և այլն: Ի դեպ, անգրագիտության ֆոնի վրա: Այն օրերին «Այսօր»-ում աշխատելու պայմանները հետևյալն էին` հայերենի իմացություն, պարզ համառոտ նախադասություն կազմելու ունակություն: Եթե այսօր պարբերական ունենաք, ի՞նչ պայմաններ կառաջարկեք:
 
— Նաև՝ ողջ կյանքը ժուռնալիստիկային նվիրաբերելու պատրաստակամություն… Պայմանները չեն փոխվի: Հավերժական են… Կարևորը մարդու միտքն է, ոչ թե քերականական գիտելիքները։ Թեև ցանկալի է։ Խմբագիրներին և սրբագրիչներին էլ պետք է գործ թողնել։ Իսկ գլխավոր խմբագրի իմ գլխավոր ֆունկցիան համարել եմ հեղինակներին տպագրելը, ոչ թե մերժելը։ Եթե մարդը որևէ բան է գրել, գլխավոր խմբագիրը պետք է գտնի ընթերցողին այն մատուցելու ձևը, չափը, տեղը, նունիսկ տառաձևն ու տառաչափը։ 
 
— «Հայաստանն անկո՞ւմ է ապրում, թե՞ վերելք». «Այսօրում» այսպիսի մի հարցադրում կար: Հետաքրքիր է իմանալ Ձեր պատասխանը:
 
— Աշխատանքի ընդունելու իմ կազմած թեստային հարցաթերթիկից է: Քանի որ հարցը քաղաքական ենթատեքստ ունի, դիվանագիտական պատասխան կտամ` շատ եմ ցանկանում, որ վերելք ապրի: Աշխատում եմ և ապրում դրանում իմ ներդրումն ունենալու համար:
 
— «Ֆօն-ֆօնը» («Այսօր»-ի երգիծական հավելվածը) հումորային թերթ էր ու կարծես ստվեր գցեց «Ոզնու» վրա: Անգամ հումորի տեսակն էր փոխվել, և հետաքրքիր է, այն օրերին դեռ մարդիկ ծիծաղում էին: Ներկայումս հումորային ոչ մի թերթ, ըստ իս, երկար, նույնիսկ կարճ կյանք չի ունենա: 
 
— Համամիտ չեմ այդ կարծիքին։ Զավեշտալի ժամանակներ են: «Ֆօն-ֆօնը» վերահրատարակելու անհրաժեշտություն եմ զգում։ Իսկ «Ֆօն-ֆօնը» ոչ թե գործում էր ստվերելով «Ոզնուն», այլ երգիծանքի այն դաշտը, որում գործել է, «Ոզնին» այդ դաշտում չկար: Պահպանել եմ ուրիշի բաղը չմտնելու ոսկե կանոնը։ Սոցիալական հումորով չեմ զբաղվել։ «Ոզնին» 50 դրամ էր, մեր թերթը՝ 150, ի դեպ, տպաքանակը մինչև 25000-ի հասել է։ Եվ ընդհանրապես «Ոզնու» հետ համեմատելի չէր, քանի որ «Ոզնու» խմբագիրն իր թերթի անունով էր ստորագրում՝ Գլխավոր Ոզնի, իսկ մեր թերթն իր խմբագրի անունով էր գրանցված։
 
— Ազատությունից գռեհկացում կամ ամենաթողություն մի քայլ է: Պահո՞ւմ էիք այդ սահմանը:
 
— Ազատությունը մարդու ներսում է: Մարդուց դուրս ազատությունը միշտ սահմանների մեջ է, իսկ ինչը սահմանների մեջ է, ես արդեն դժվարանում եմ ազատություն կոչել: Պատասխանը հակասական է, սակայն հենց այս պատճառով շատ ու շատ բաներ են վերագրում ազատությանը։ Մենք միշտ եղել ենք օրենքի և պարկեշտության սահմաններում՝ անկախ նրանից, թե ինչ են մեզ վերագրել։ 
 
— Սէվը (նույնպես հայտնի այսօրական) հետաքրքիր մի բան ասաց իր հավանած արվեստագետների մասին. «Հիմա կամ ճգնաժամի մեջ են` չեն ստեղծագործում, կամ էլ անցել են հանրօգուտ աշխատանքի»: Ձեր պարագայում ինչպե՞ս է:
 
— Այսօր արդեն որպես աշխարհահռչակ այսօրական, ալեհեր Սևը՝ բոլոր ժամանակների իմ միակ գուրուն, անկասկած, անսխալական է. ես ինձ մեղավոր եմ զգում, կարծես ուղղիչ աշխատանքային գաղութում լինեմ:
 
— Ովքե՞ր էին այսօրականները կամ Ձեր ասած` ազատ արվեստագետները:
 
— Մի խումբ մարդիկ էինք, էի՛նք, թեև մեզնից ոչ ոք հողին չի հանձնվել (շատերը հանձնվել են այլ երկրներին, ամուսնական կյանքին կամ սեփական երեխաներին), որոնք այլևս մարդ չեն, թերևս՝ մեծություններ են, քանի որ ոչ ոք չի փոխել իր մասնագիտությունը։ Ավելին. ավելի են խորացել իրենց մասնագիտական գործունեության մեջ և շարունակում են չարաճճիորեն ապրել ու ազատորեն ստեղծագործել։ Անում էինք ինչ խելքներիս փչեր, բնականաբար, խորագույն հարգանք, նույնիսկ ակնածանք, մինչև անգամ պաշտամունք տածելով օրենքների և ավանդույթների նկատմամբ՝ ունենալով հազարավոր ընթերցողներ: «Այսօրը» մեզ համար ապրելակերպ էր: Աշխարհահռչակ այսօրական Սև Հենդոյից հետո այդ տիտղոսին հավակնում են Գարիկ Պետրոսյանը՝ իր շոու ստուդիայով, Գագիկ Ղազարէն՝ իր պրպտուն կինոնորարարություններով, Նարինե Գիժլարյանն ու Ռոբ Մանուկյանը՝ Հ1-ի գեղարվեստական ֆիլմերի հոգեհարազատ հայերեն թարգմանություններով, Նաիրա Ահարոնյանը՝ իր նկարչական և մանկական խաղեր ստեղծելու տաղանդով, ամերիկյան ուսումնական հաստատությունները մինչ օրս անհանգիստ պահող Ծովինար Նազարյանը՝ իր անխոնջ լրագրությամբ, Ռուզան Մելիքսեթյանն ու Գոհար Բալդրյանը և նույնիսկ Գոհար Ղարիբյանը… Կարող եմ էլի անուններ թվել։
 
— Մեր օրերում քաղաքականացված են մամուլը, մշակույթը, կյանքը: Նույնիսկ ամենախոցելի` մարտի մեկի դեպքերի մասին գրված Ձեր նյութի մեջ ուրիշ մի բան կար («Օպտիկական խաբկանք»-ի մասին է խոսքը), որ բացակայում է քաղաքական շնչով գրված «ամենամարդասիրական» հոդվածում: Գուցե մեզ պակասում է արվեստի այդ տեսա՞կը` դատարկությունը լցնելու համար, մարդկանց «բուժելու», նոր մի բան ասելու:
 
— Իսկ ինչո՞ւ գուցե… Աբսուրդի ժանրը՝ ներմուծված լրագրության մեջ… Այդ պակասն է ինձ ստիպում մտածել, որ այսօրականները նորից են գործելու: Մեր խոսքն ուրիշ էր… 
 
— Փորձե՞լ եք ներկայանալ գրական մամուլում: Ինչպե՞ս էր ընկալվում ժամանակի գրական դաշտում Ձեր արվեստը:
 
— Առաջին ավանգարդ ստեղծագործությունս «Գարուն»-ում տպագրվեց 88-ին. ներկայացրել էի տպագրության 87-ին: Խոր հիասթափություն ապրեցի ու հասկացա, որ Հայաստանին այլ մամուլ է պետք: «Այսօր»-ը ստեղծվել է նաև դրա համար: 
 
— Արձագանքնե՞րն էին վատ:
 
— Ինչո՞ւ միանգամից՝ վատ։ Համահարթեցված զգացի ինձ, թեև ճանաչում էլ ձեռք բերեցի: Ողջ մշակութային մամուլը առայսօր սոցիալացված է։ «Գարունն» իմ տեղը չէր: Լրագրությամբ զբաղվելուց հետո դադարեցի գրելուց. ինձ` արվեստում արվեստագետիս բարձրացրած հարցերի պատասխաններն ունեցած համարեցի:
 
— Հիմա չե՞ք գրում:
 
— Չէ, շարունակում եմ ապրել այնպես, ինչպես կգրեի:
 
— Ինչպե՞ս է վերնագրված Ձեր գիրքը:
 
— «Ձկնապուր թարմացնող քսուքներով»: Դա իմ վերջին բանաստեղծության վերնագիրն է: Երբ մի բանաստեղծություն էի գրում, անմիջապես չէի ընկալում, մեկ-երկու ամիս անց գրվում էր հաջորդը, այսինքն` նախորդ գրածն արդեն ընկալված էր։ Ես շատ չեմ գրել: Գրամոլ չեմ եղել։ Ի դեպ, եթե լիովին ընկալեմ վերջին գրածս, գուցե շարունակեմ:
 
— Քաղաքականությունն ու «Այսօրը»:
 
— «Այսօր»-ն ամեն ինչով զբաղվել է, բացի քաղաքականությունից: Դա հակասական, սկանդալային, էպատաժային թերթ էր և բացարձակ ինքնաֆինանսավորվող, այսինքն՝ լիովին ազատ: Ուստի խնդիրը ներդրված միջոցները բազմապատկված հետ բերելն էր: 
 
— Ավելի շատ քննադատե՞լ եք, թե՞ քննադատվել: Մի զավեշտալի պատմություն էին պատմում, որ Ձեր փոխարեն բռնության է ենթարկվել մեկ ուրիշը:
 
— Միշտ և ամեն ինչ խստագույն քննադատության եմ ենթարկում՝ սկսած ինձնից։ Այդ պատմությունը 93-ին է եղել: Անուններ, բնականաբար, չեմ տա: Դա, հավանաբար, առաջին ահաբեկչական գործողությունն էր նորօրյա մամուլի դեմ: Ես տեղում չեմ եղել: Հարցրել են` ստեղ ո՞վ ա Արմեն Գևորգյանը, տեղակալս ասել էր` ես եմ, ասել էին` էս հոդվածը ինչո՞ւ ես տպագրել, ասել էր` լավ եմ արել, ու ծեծ էր կերել: Ինձ հետ հանդիպումից, բնականաբար, տուժողներ չեղան, ամեն ինչ իր տեղն ընկավ: Իսկ մոտիվը հետևյալն էր. հոդված էի տպագրել, բռնության դեմ էր, ճիշտ չէր ընկալվել, քանի որ անձնավորված էր. չգիտեին, որ օրենքով պարտավոր ենք հակառակ կարծիքն էլ տպագրել: Կռվի տարիներն էին, եկել էին մի 40-50 հոգով՝ զինված։ Արկածախնդրություն էր։ 
 
— Շատ արվեստագետներ հեռանում են ոչ թե հեռանալու միտումով, այլ ինքնահաստատվելու, կայանալու, շատերն էլ այստեղ ապրում են հայրենիքից հեռու, օտարված: Այդ ի՞նչ անդունդ է արվեստագետի ու իր երկրի միջև: Ինչո՞ւ արվեստագետն իրեն լավ չի զգում հայրենիքում: 
 
— Ես Սէվի խոսքերով ասեմ, երբ առաջին անգամ Փարիզ էր գնացել, հարցրի` ո՞նց էր Փարիզում, շատ լավ պատասխան տվեց (միգուցե հիմա ինքը մոռացել է), ասաց` աշխարհի ցանկացած կետում էլ կարելի է դժբախտ լինել: Իսկ ես կարծում եմ, որ մենք ունենք եվրոպամետ մտավորականություն և ասիամետ ժողովուրդ, այստեղից էլ` անջրպետը։ Բայց, այնուամենայնիվ, անջրպետի մեղավորությունը մտավորականությանն է. պետք չէ արհամարհել ժողովրդին։ Եթե մտավորականն ասում է, որ ժողովուրդը տգետ է, ուրեմն տգետ մտավորականի հետ գործ ունենք։ 
 
— Կհեռանա՞ք ինքներդ:
 
— Ես տեր եմ։ Ես տեր եմ իմ երկրին, իմ մոլորակին, իմ տիեզերքին։ Երևի դրանից է, որ երբեք հեռանալու հարց չի եղել։ 
 
— Ի՞նչ է լինելու վաղը…
 
— Նորից Այսօր:
 
 Զրուցեց Արմինե ՍԱՐԳՍՅԱՆԸ

Հարցազրույցը տպագրվել է  «Իրատես de facto» թերթում, 2010 թվականին
Заметка

«Սերժ Սարգսյանի այցելությունը սփյուռք համազգային հանրաքվեի արժեք ունի»

«Սերժ Սարգսյանի այցելությունը սփյուռք համազգային հանրաքվեի արժեք ունի»

02.10.2009 | 00:00

Հայ թուրքական հարաբերություններ, սահմանի հնարավոր բացում, քաղաքական լավ-վատ զարգացումներ։ Այս թեմաներն այսօր թե՛ հանրության, թե՛ հասարակական-քաղաքական գործիչների, թե՛ մտավորականների ուշադրության կիզակետում են: «Սահմանի բացումը չի նշանակում ցեղասպանության ուրացում, Ղարաբաղի խնդրին միջամտություն: Նախաստորագրված արձանագրության մեջ չկա ոչ մի նման կետ»,- երեկ «Իրավունք de facto» ակումբում հայտարարեց գրող-հրապարակախոս, «Արարատ» հեռուստաընկերության տնօրեն ՄԵՐՈՒԺԱՆ ՏԵՐ-ԳՈՒԼԱՆՅԱՆԸ: Անդրադառնալով նախագահի այցելությանը սփյուռք՝ նա ասաց, որ հիացած է այդ անսպասելի, բայց մեծ իմաստով՝ սպասված քայլով:
«Հայ-թուրքական հարաբերությունների խնդիրը քննարկվում է բավականին երկար ժամանակ, -ասաց նա,- այսօր՝ ավելի ինտենսիվ, ինչը բնական է: Բավականին նուրբ հարց է: Եթե ասեմ, որ իմ մեջ, որպես գրողի, տագնապ չկա, ազնիվ չեմ լինի: Տագնապ կա բոլորի մեջ: Երեկ ես լսեցի հանրապետության նախագահին և զգացի, որ նա ունեցել է այդ նույն տագնապը, սակայն նրա մեջ տեսա նաև վճռականություն: Տարիներ շարունակ մենք թուրքերի հետ խոսել ենք օտարների միջոցով: Եկել է ժամանակը, երբ Հայաստանը պետք է Թուրքիայի հետ դեմ առ դեմ խոսի և ինքը լուծի իր խնդիրը, անկախ նրանից, թե ինչ կարծիքի են մեծ տերությունները: Ղարաբաղի խնդրի համար մենք կանգնեցինք ազգովին և, ինչպես տեսնում եք, Ղարաբաղի խնդիրը լուծեցինք»:
Հայաստան-Թուրքիա սահմանի բացումը նա միանշանակ ճիշտ է համարում, ինչը պետք է ոչ միայն հայերին, այլև թուրքերին: Քաղաքական գործիչների հնչեցրած տագնապը, թե սահմանի բացվելուց հետո թուրքերը կլցվեն Հայաստան, նրանք 70 միլիոն են, մենք՝ 3 միլիոն, ակումբի հյուրը հիշեցրեց, որ պարսիկներն էլ 60-70 միլիոն են, մենք էլի՝ երեք, ի՞նչ պատահեց, երբ բացվեց սահմանը Պարսկաստանի հետ:
«Լիրիկական մի բան ասեմ՝ բացվում է մեր պատմական հայրենիքի դարպասը, և Եվրոպան ձեռնհաս է դառնում մեզ: Բացի այդ, մենք ստիպված չենք լինի Վրաստանի «քթի ջուրը տանել», հույս դնել մի հարևանի վրա, որն աչքի է ընկնում անվստահելիությամբ: Երբ ճանապարհը մեկն է, նրանք և՛ գների, և՛ բարոյական իմաստով մեզ ճնշում են, և՛ ճնշումն ամենօրյա է: Երեկ հանրապետության նախագահը շատ գեղեցիկ ասաց՝ «ես ուղղակի զարմանում եմ՝ ինչո՞ւ չեն ուզում, որ ապրանքներն էժանանան»:
Մերուժան Տեր-Գուլանյանը խոսեց նաև Չարենցի, Տերյանի, Թումանյանի անունից՝ վստահեցնելով, որ եթե մեր մեծերն այսօր ապրեին, կասեին, որ ճիշտը սահմանի բացումն է և դիվանագիտական հարաբերությունների ստեղծումը: Ավելի շատ վախեցնել ժողովրդին, քան իրականում վախենալու բան կա, նա համարեց ոչ բարոյական:
Սփյուռքահայության խնդրին անդրադառնալով էլ ասաց. «Ես իրենց շատ լավ հասկանում եմ, բայց ուզում եմ, որ իրենք էլ մեզ հասկանան: Սա երկրի շնչառությունը բացելու հնարավորություն է: Իսկ Եղեռնի ցավն ամեն մի հայի ցավն է, և մենք մտադրություն չունենք ուրանալու»:
Նախագահի այցելությունը սփյուռք Մերուժան Տեր-Գուլանյանը որակեց պաշտոնապես չհայտարարված համահայկական հանրաքվե:
«Շատ անսպասելի միտք է՝ այցելել և խորհրդակցել մեր ժողովրդի հետ: Այս քայլով նախագահն իր վրա վերցնում է մեծ պատասխանատվություն: Կարծում եմ՝ նրան կհաջողվի հասկացնել, որ այս ամենն արվում է հանուն Հայաստանի և հանուն հայ ժողովրդի: Այսօր նա ճանապարհ է ելել, կարելի է ասել, ազգային մեծ ուխտագնացության, կուզենայի, որ իր թիկունքում զգար մեր ջերմությունն ու օրհնանքը, որ հաջողությամբ և հասկացված վերադառնար: Մենք այն սերունդն ենք, որը նախագահի հետ այդ պատասխանատվությունը պիտի իր վրա վերցնի։ Մենք ենք անելու այն քայլը, ինչը չհաջողվեց անել հարյուր տարվա ընթացքում: ՈՒզենք, թե չուզենք, թուրքը մեր հարևանն է, ուզենք, թե չուզենք, պիտի առնչվենք նրա հետ»:
Գրող-հրապարակախոսը խորհուրդ տվեց սահմանի բացմանը նայել այլ տեսանկյունից, քանի որ այն կոտրում է Թուրքիայի ներսում հակահայկական կարծրատիպը և կարող է ոչ թե վնասել, այլ օգնել, որ Թուրքիան ճանաչի Եղեռնը: Նա նաև մարգարեական կանխատեսում արեց՝ մինչև Եղեռնի 100-ամյակը Թուրքիան ընդունելու է ցեղասպանությունը և ներում է խնդրելու, ուրիշ ճանապարհ չկա: Կիրագործվի մարգարեական այս զեղումը, թե ոչ, շատ էլ չի մնացել պարզելու, ընդամենը 5-6 տարի:
Ակումբի հյուրը խոստովանեց, որ չի վախենում արձանագրության ոչ մի կետից, վախենում է միայն թուրքական դիվանագիտությունից, ինչը կարելի է որակել հմուտ նենգություն կամ նենգ հմտություն:
Մի կողմ դնելով քաղաքականությունը՝ լրագրողները շոշափեցին մեր քաղաքում թուրքերի ներկայության, թուրքական ռեստորանների և այլ հարցեր:
«Ազնավուրի թոռն ամուսնացել է սևամորթի հետ, ինչի առիթով մեծ երգիչն ասել է՝ մեկ է, աշխարհը շուտով գունավոր է դառնալու: Երևանում պարսկական խանութներ կան, սիրիական ռեստորաններ, ճաշակի խնդիր է. չես ուզում, մի գնա: Ստամբուլում հայկական շատ ռեստորաններ կան: Պարզապես մենք վախենում ենք ինքներս մեզնից, մեր չտեսությունից»:
Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

http://www.irates.am/hy/4pMps6G5EYEtsMbaakh4eyugy0