Заметка

«Ես համաձայն չեմ լռություն պահանջողների հետ»

«Ես համաձայն չեմ լռություն պահանջողների հետ»

31.10.2013 | 14:59

Առավել է,

մարդն առավել է,
քան մարդը,
սերն՝ առավել,
քան սերը,
կյանքը՝ քան կյանքը:

Ա. ԵՓՐԵՄՅԱՆ

«Հայ գիրք» գրախանութում անցկացվում են հանդիպումներ ժամանակակից հայ գրողների հետ: Այս անգամ միջոցառման հյուրը բանաստեղծ, թարգմանիչ ԱՎԱԳ ԵՓՐԵՄՅԱՆՆ էր: Սիրված գրողը կարդաց իր հին ու նոր ստեղծագործություններից, ներկայացրեց նաև Բրոդսկու գործերը` իր թարգմանությամբ, մեկ գործ էլ Բլոկից:
Գրաքննադատ Արքեմնիկ Նիկողոսյանը նկատեց, որ մենք ապրում ենք բացառիկ ժամանակներում ու մեզ պետք է բացառիկ զգանք, որովհետև մեր կողքին Ավագ Եփրեմյանի պես պոետներ են ապրում: Նրա կարծիքով` Ավագ Եփրեմյանին ներկայացնելու կարիք չկա, գոնե այս միջավայրում, ասաց, որ կուզեր՝ հանդիպումը ծառայեր իր նպատակին, բացահայտեինք այն Ավագին, որին մինչև այսօր չենք կարողացել բացահայտել, Ավագի գրչի մեջ որսայինք այն հատկանիշները, այն տրամադրությունները, խորքային ասելիքը, որ գուցե առայսօր չենք կարողացել որսալ:
Հստակ է ընթացքը դեպի սակավախոսություն, խտախոսություն, բոլորը խոսում են, բանաստեղծի գործը բարդանում է, բառի միջոցով բառը հաղթահարելու, բառով լռությունը ֆիքսելու անհրաժեշտություն կա մեր օրերում: Այսպիսի տեսակետ հնչեց, որը ներկայացնում եմ մոտավոր, պատասխանն` առանց խմբագրման:
«Իրականում ոչ մի նշանակություն չունի, թե քանի բառ ես օգտագործում, եթե բառերդ տեղին լինեն: Բանաստեղծությունն ինքը, կարծում եմ, ոչ այլ ինչ է, եթե ոչ հաճախականություն: Հիմա, եթե այդ հաճախականություններն ընդունող ալեհավաքն ես, ճիշտ կլինի, ավելորդ բառեր չեն լինի: Իհարկե, չարչարանք է, ինչ-որ տեղ գուցե ոչ երկնահաճո գործ է իմ բանաստեղծելը: Եթե մոլորակի վրա կատարվող մյուս գործերի հետ համեմատենք, գուցե թե արդարացում ունենա: Որովհետև ես համաձայն չեմ լռություն պահանջողների հետ ու ևս մի որովհետև` չարչարանքի մեջ դրված էությանը, ինչպիսին մարդ արարածն է, պիտի թույլ տալ խոսի գոնե, և հատկապես խոսի այն, ինչ ինքն է ուզում ու հատկապես, եթե գլխի է ընկել դա, խոսի բանաստեղծությամբ, որովհետև բանաստեղծությունը բարձրագույն դրսևորումն է խոսքի, լեզվի: Գենետիկ հիշողությունն ասում է գուցե, որ նա, ով արարել է մարդուն, ըստ երևույթին, խոսել է հենց բանաստեղծությամբ, չափով, ռիթմով` իբրև հաճախականություն, իբրև արարչական հաճախականություն, խոսքն այստեղ մեր` այդ հաճախականության մեջ մտնելուն պետք է վերաբերի»:
Պատասխանը խոսք է պահանջում, իսկ խոսքը հարգանք է պահանջում: Հարց տալ ու պատասխան ակնկալելը պարտադրանքի ձև է: Այս կերպ խուսափեց Ավագ Եփրեմյանն իրեն ուղղված հաջորդ հարցերից: «Էդմոն Ավետյանն իր վերջին հարցազրույցներից մեկում ասում է` ընկեր ունեմ, պատահում է հարց եմ տալիս, ասում է՝ կմտածեմ, և ասում է, սովորաբար մտածում է մեկ տարի»,— ասաց նա, հետո հավելեց` ֆեյսբուքյան գրառումները երևի հենց հարցերից խուսափելու համար են, բանաստեղծությունն էլ, նկատեց, որ բարձրաձայն կարդալու բան չէ:
Երեկոն «Հայ գիրք» գրախանութում ավագեփրեմյանական էր:
Հավելենք, որ «Պոեզիայի ժամ ԱՎԱԳ ԵՓՐԵՄՅԱՆԻ հետ» միջոցառմանը շուտով կհաջորդի գրողի «Վարք. սեւագրություն» գրքի շնորհանդեսը:

http://www.irates.am/hy/1383217375
Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Заметка

«Պոեզիան ստվերում է մնում»

«Պոեզիան ստվերում է մնում»

31.10.2013 | 15:44

«Հայ գիրք» գրատանը գրեթե ամեն երեքշաբթի կազմակերպվում են հանդիպումներ ժամանակակից հայ բանաստեղծների հետ: Գրատան տնօրեն, բանաստեղծ ԱՇՈՏ ԳԱԲՐԻԵԼՅԱՆԻ կարծիքով` արձակն այսօր լավ ներկայացվում է, բայց պոեզիան ստվերում է մնում:

«Գրականագետների, քննադատների մեղավորությունն է, որ ճիշտ չեն կարողացել համակարգել այսօրվա բանաստեղծության միտումները` գոնե գրականագիտության համար: Այդ առումով, բանաստեղծները լավ ներկայացված չեն, և փորձում ենք այդ բացը լրացնել»,-ասաց Աշոտ Գաբրիելյանը:
Թե պոետները, թե՛ պոեզիայի սիրահարները մեծ թիվ չեն մեզանում: Հետաքրքրվեցի` ովքե՞ր են մասնակցում հանդիպումներին: Պարզվեց, կան հավատարիմ մասնակցիներ, ամեն հանդիպմանը նրանց թիվն ավելանում է:«Պոեզիայի, գրականության նկատմամբ խանդավառությունը վերականգնվում է, ինչը մեր հանդիպումների ամենամեծ ձեռքբերումն է»,— ընդգծեց զրուցակիցս:
«Հայ գիրք» գրախանութների նորաբաց ցանցում ամենից շատ պահանջարկ ունի մանկական գրականությունը: Գեղարվեստական գրականության սիրահարները հետաքրքրված են ժամանակակից հայ գրողների գործերով:

Заметка

Կոմպոզիտորների միության նոր նախագահը Արամ Սաթյանն է

Կոմպոզիտորների միության նոր նախագահը Արամ Սաթյանն է

27.10.2013 | 23:35

Հայաստանի կոմպոզիտորների և երաժշտագետների միության նախագահ է ընտրվել կոմպոզիտոր Արամ Սաթյանը: Նա ստացել է 43 ձայն, Ռոբերտը Ամիրխանյանը` 41:

Նախագահի թեկնածուները չորսն էին` Լևոն Չաուշյան, Արամ Սաթյան, Ռոբերտ Ամիրխանյան և Երվանդ Երկանյան: Լևոն Չաուշյանն ինքնաբացարկ է հայտարարել hօգուտ Արամ Սաթյանի թեկնածության, Երվանդ Երկանյանը նույնպես հրաժարվել է մրցակցությունից:
Համագումարը համարվում էր արտահերթ, քանի որ հրավիրվել էր օրենքով սահմանված ժամկետից ուշ: Միության վերջին համագումարը տեղի է ունեցել 2009-ին: Կոմպոզիտորների միության անդամներից շատերի պնդմամբ` ընտրված նախագահի` Ռոբերտ Ամիրխանյանի պաշտոնավարման ժամկետը ավարտվել է դեռևս 2011-ին: Սույն համագումարին ընդառաջ երիտասարդ կոմպոզիտորները հանդես էին եկել բաց նամակով` առաջարկելով չքվեարկել Ռոբերտ Ամիրխանյանի օգտին:Միության նախագահն իր ընդդիմադիրներին անվանել էր մոլորյալներ, նրանց գործողությունները` թշվառական:
Հիշեցնենք, որ «Ինչպիսի՞ն պետք է լինի կոմպոզիտորների միության նախագահը» հարցին Արամ Սաթյանը պատասխանել էր` «Նախագահը մեզանից մեկն է, եթե հակադրում է իրեն, ուրեմն, մեզ հետ չէ»:

«Կեղծիքի ճանապարհով չեմ անցել մինչև հիմա, դուք իմ երաժշտության մեջ չե՞ք զգացել դա»

«Կեղծիքի ճանապարհով չեմ անցել մինչև հիմա, դուք իմ երաժշտության մեջ չե՞ք զգացել դա»

26.10.2013 | 18:10

Կոմպոզիտորների և երաժշտագետների միության համագումարը, որի հրավիրման անհրաժեշտության մասին պնդում էին կազմկերպության անդամներից շատերը, վերջապես, մեկնարկել է:

Համագումարը համարվում է արտահերթ, քանի որ հրավիրվել է օրենքով սահմանված ժամկետից ուշ: Միության վերջին համագումարը տեղի է ունեցել 2009-ին, ընտրված նախագահի` Ռոբերտ Ամիրխանյանի պաշտոնավարման ժամկետը ավարտվել է դեռևս 2011-ին, ինչը նշանակում է, որ 2 տարի և 5 ամիս է կոմպոզիտորների միութունը չունի լեգիտիմ նախագահ:
Միության անդամների իրավունքը խախտվում է նաև համագումարն հրավիրելու ընթացքում: Կազմակերպության ժողովի օրակարգի, նրա աշխատանքն սկսվելու տեղի, օրվա ու ժամի մասին մասնակիցները պետք է ծանուցվեն պատվիրված նամակով, կանոնդարութամբ սահմանված ժամկետներում, սակայն ոչ ուշ քան ժողովի անցկացման օրվանից 14 օր առաջ:
«Գոնե մեկ շաբաթ առաջ տեղեկացնեին: Օրակարգ էլ չկա, նոր պետք է առաջադրվի,- ասաց կոմպոզիտորԱՐԱՄ ՍԱԹՅԱՆԸ:- Դեռ երեկ մենք գիտեինք, որ միության անդամները 126-ին էին, որոնցից բացակայում էին 5-ը: Այսօր նորից 126 մարդ է ցուցակում, այն 5-ը, որ մահացել են, չգիտեմ ինչպես են վերականգնվել: Ճիշտ է Օրբելյանի անունը չկա ցուցակում, հանված ու հանված է, բայց խախտում է արվել»:
Կոմպոզիտորը լրագրողներին ասաց, որ միության նախագահը պետք է բացատրության տա խախտումների համար, որ իրավունք չունի իրենց անվանել մոլորյալներ, դա անհարգալի վերաբերմունք է երիտասարդների, իր կոլեգաների նկատմամաբ: Ամիրխանյանի ամենաառաջին մեղքն, ըստ նրա, այն է, որ պառակտում է գցում միության մեջ: Կապ չունի, թե ով ում է ձայն տալու, պետք է նորմալ հարաբերություններ լինեն միության անդամների միջև:
Լրատվամիջոցները եկել էին ընտրության մասնակցելու, բայց Արամ Սաթյանն իրազեկեց, որ լինելու է համերգ, նախագահի զեկուցում, ելույթներ և այլն: «Ընտրությունները վաղն են լինելու` ըստ Ամրիխանյանի,-ասաց նա:— Ես ասում եմ այն, ինչ լրագրողների նման լսեմ եմ կողքից: Պաշտոնական հրավեր ոչ մի լրատվամիջոց չի ստացել, սա խեղաթյուրում է, շեղում բուն հարցերից»:
Անդրադառնալով «Հնարավո՞ր է այս համագումարը նման լինի գրողների միության համագումարին» հարցին` պատասխանեց. «Չեմ կարծում, որովհետև մեր մասան ավելի խեղճ ու կիրթ է»:
Նախագահի թեկնածուները երկուսն են` Արամ Սաթյանն ու միության ներկայիս նախագահ Ռոբերտ Ամիրխանյանը: Համագումարի ընթացքում կարող են առաջադրվել նոր թեկնածուներ:
Ինչպիսի՞ն պետք է լինի կոմպոզիտորների միության նախագահը: «Նախագահը մեզանից մեկն է, եթե հակադրում է իրեն, ուրեմն, մեզ հետ չէ»,- ասաց Արամ Սաթյանը:
Լրագրողների հարցերին պատասխանեց նաև ՌՈԲԵՐՏ ԱՄԻՐԽԱՆՅԱՆԸ:
Նախ խոսեց կյանքում առկա տարբերությունների մասին, նշեց, որ ամեն ցերեկ ունի իր գիշերը, ամեն առողջություն ունի իր հիվանդությունը, վատաբանելը հեշտ է, բայց անհեռանկար: Աշխարհի ամենամեծ ուժն, ըստ նրա, բարությունն է, որով ուզածդ դուռը կարող ես բացել: Սակայն ապրում ենք մեծամասամբ զգացումներով, կարծես բացակայում է մտքի գործոնը, զգացումներն էլ հիմնականում նեգատիվ են: Համագումարն այս հարցերի սպառիչ պատասխանը չի կարող տալ, բայց պետք է ձգտենք:
Հարց հնչեց` ինչպե՞ս եք ղեկավարել միությունը: Մեծ պատասխանատվությամբ` եղավ պատասխանը: Իր աշխատանքը Ռոբերտ Ամիրխանյանը համարում է թերի, որովհետև միշտ կարելի է ամեն ինչ ավելի լավ անել, ինչպես որ, երգը գրվում է, բայց այդ երգը միշտ կարելի է ավելի լավ գրել:
Կկրկնվի՞ գրողների միության համագումարի սցենարը. փոխադարձ վիրավորանք և այլն: «Մեր կյանքում ինչ տեղի է ունենում, մի հենարան ունի, որ կոչվում է զայրույթը: Մենք չար չենք, բայց չարացած ենք, չգիտեմ` ինչու,-ասաց միության նախագահը, նշեց, որ ուզում է հասկանալ, ե՞րբ է մարդը խաբում մեկ ուրիշին: Նրա կարծիքով` իր ընդդիմադիրները երկու ամիս է հենց դրանով են զբաղված` խաբելով: Կոլեգաների հասցեին հնչեցրած արտահայտություններից էլ խոսեց, ասաց, որ թշվառ չի ասել ոչ մեկին, ասել է` թշվառական գործողություններ, ասել է` մոլորյալ, իսկ մոլորյալն այն մարդն է, որ շուտով պետք է գտնի իր ճանապարահը: «Ես նաև ասել եմ` ապուշացած, ինչո՞ւ ոչ ոք չի ասում դրա մասին: Եթե կուզեք, դա կոմպլիմենտ է, որովհետև ապուշանալ կարող է միայն խելացի մարդը»,-ասաց նա:
Միության անդամների «կեղծված» ցուցակից էլ հարցրին: «Ես հոգնել եմ ստերին պատասխանելուց: Անմիտ խոսակցություն է: Կեղծիքի ճանապարհով չեմ անցել մինչև հիմա, դուք իմ երաժշտության մեջ չե՞ք զգացել դա»,- զարմացավ միության նախագահը:
Սույն համագումարին ընդառաջ երիտասարդ կոմպոզիտորները հանդես էին եկել բաց նամակով` առաջարկելով չքվեարկել Ռոբերտ Ամիրխանյանի օգտին: Երիտասարդների նամակի մասին ասաց, որ չգիտի, ինքը կարող է կարդալ կոմպոզիտորների միության անդամների նամակները: Իսկ այն հիշեցումը, որ այդ ցուցակում կան միության անդամների ստորագրություններ, համարեց դետեկտիվ ժանրից: Ռոբերտ Ամիրխանյանն ասաց նաև, որ նպատակ չունի նախագահ լինելու, ուզում է միությունը բարգավաճի, ինքն ունի իր երաժտությունը, որի մասին բոլորը գիտեն: Անդրադառնալով «Չի՞ հոգնել այդքան տարի պաշտոնավարելուց» հարցին` պատասխանեց, որ դա ինքը չի որոշում, մեղավոր չի, որ միության անդամներն իրեն են ընտրում:
Irates.am-ը պարոն Ամիրխանյանից փորձեց ճշտել ընտրության օրը, ժամը:
«Ընտրությունը կլինի այն ժամանակ, երբ բոլորն իրենց կարծիքները կհայտնեն, կբավարարվեն, ապացուցելի ծրագրեր կլինեն,-ասաց նա:- Ես հանգիստ եմ նայում ամեն ինչին, հանգիստ եղեք դուք նաև»:
Հավելենք, որ կոմպոզիտորների միության համագումարը հրավիրվել է ֆիլհարմոնիայի մեծ դահլիճում, ինչը նույնպես տարաբնույթ խոսակցությունների առիթ է տալիս:

Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Заметка

Մշտական ցուցադրություն` գրականության և արվեստի թանգարանում

Մշտական ցուցադրություն` գրականության և արվեստի թանգարանում

28.10.2013 | 15:46

Մշակույթի նախարարության աջակցությամբ Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանում կբացվի մշտական ցուցադրություն:

Թանգարանի տնօրեն ԿԱՐՈ ՎԱՐԴԱՆՅԱՆԻՑ հետաքրքվեցինք` ի՞նչ սկզբունքով է բացվելու ցուցահանդեսը և ի՞նչ ոլորտներ է ընգրկելու:
«Հինգ ցուցասրահ ենք նախատեսել, որոնցից երկուսը տրամադրված է գրականությանն ու պատմությանը, երրորդը` թատերարվեստին, չորրորդը` կինոարվեստին, հինգերորդը` երաժշական արվեստին: Նշված բոլոր ասպարեզներից մենք լայնածավալ գանձարան` ֆոնդեր ունենք»,- ասաց Կարո Վարդանյանը:
Ինչ վերաբերում է խոչընդոտներին, դրանք զուտ ստեղծագործական բնույթի են, քանի որ տարածքը, տնօրենի տեղեկացմամբ, շատ փոքր է, սրահները ծավալային առումով տեղավորում են թանգարանի ֆոնդերում եղած գործերի մեկ-երկու տոկոսը: «Յուրաքանչյուր հեղինակի, նույնիսկ Թումանյանին, Կոմիտասին հնարավոր է հինգ-վեց ցուցանմուշով ներկայացնենք, որ գոնե բոլոր երևելիները մեկ-երկու նյութով երևան,- ասաց նա:— Եթե այլ թանգարաններն իրենց ցուցադրությունը կազմակերպելիս գործ ունեն հիմնականում կտավների, քանդակների հետ, մեր ֆոնդերում պահվում է տվյալ հեղինակի հետ կապված ամեն ինչ` գրասենյակային գույք, անձնական կամ բեմական հագուստ, լուսանկարներ, ձեռագրեր և այլն»:
Հետաքրքվեցի, թե թանգարանի ֆոնդերում ի՞նչ տեղ ունի կերպարվեստը:
«Շատ հարուստ կերպարվեստի ֆոնդ ունենք և բոլոր սրահները հագեցրել ենք թեմային հարիր` և՛ քանդակներով, և՛ նկարներով»,- ասաց Կարո Վարդանյանը:
Հավելենք, որ մշտական ցուցադրությունը, ամենայն հավանականությամբ, կբացվի եկող ամսվա առաջին կեսին:

Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Заметка

Գրքեր` փաբում

Գրքեր` փաբում

27.10.2013 | 16:45

Հաճախ է խոսվում այն մասին, որ խորհրդային շրջանում գործող շուրջ 70 գրախանութներից այսօր պահպանվել են 1-2-ը: Մայրաքաղաքի խոշոր գրախանութները երկուսն են` «Բուկինիստն» ու «Նոյան տապանը»: Բայց պետք է նշել, որ վերջին շրջանում սկսել են բացվել նորերը` «Հայ գիրք» գրախանութների ցանցը, «Նաիրի» գրատունը, ՆՓԱԿ-ի գրախանութը, «Էդիթ Պրինտը», «Նոր գիրքը» և այլն: Գրախանութներ են ստեղծվել գրադարաններում: Գրքեր են վաճառվում նաև տարբեր հիմնարկներում, գրենական պիտույքների խանութներում, դեղատներում, փոստային բաժանմունքներում: Ավելին, բոլորովին վերջերս պարզեցինք, որ գրքեր են վաճառվում երևանյան փաբերից մեկում: «Բուկինիստի» գովազդային բաժնի կառավարիչ Անի Ղազարյանը տեղեկացրեց, որ «Բուկինիստի» գրքերը կարելի է ձեռք բերել «White Crow» փաբից նույնիսկ այն ժամերին, երբ գրախանութը փակ է լինում: Փաբում վաճառվում են տարբեր ժանրի, հիմնականում մեծ պահանջարկ վայելող գրքեր:

Հավելենք, որ երևանյան գրախանութներում անցկացվում են գրքերի շնորհանդեսներ, գրական հանդիպումներ և այլն:

Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Заметка

Այվազյանական փառատոնը կայանալու է

14.10.2013 | 14:03

«Աղասի Այվազյան» հիմնադրամը կազմակերպում է «Այվազյանական հանրապետական թատերական փառատոնը», որը նախատեսվում է անցկացնել նոյեմբերի 11-18-ին:

Փառատոնի տնօրեն ԷՐԻԿ ԲԱՐՍԵՂՅԱՆԻ տեղեկացմամբ` այս տարի աննախադեպ ակտիվ են մարզային թատրոններն ու թատերախմբերը: Մինչ օրս հայտեր են ներկայացրել Երևանի, Վանաձորի, Գավառի, Ալավերդու, Օշականի, Կոտայքի, Արմավիրի, Արագածոտնի, Արարատի մի շարք թատրոններ ու թատերախմբեր: «Չնայած «Այվազյանական հանրապետական թատերական փառատոնն» ըստ էության մեկ հեղինակի փառատոն է, այդուհանդերձ թատերական միավորումները ցուցաբերում են հետաքրքրություն և հիանալի ակտիվություն, ինչն անշուշտ ողջունելի և ուրախալի փաստ է»,- ասում է Էրիկ Բարսեղյանը:
Փառատոնն անցկացվում է 2-րդ անգամ: Այս տարի այն երկու անգամ հետաձգվել է: Փորձեցինք պարզել` ֆինանսական և այլ խնդիրների պատճառով էլի մեկ անգամ չի՞ հետաձգվի այվազյանական փառատոնի մեկնարկը:
Փառատոնի հասարակայնության և լրատվության հետ կապերի բաժնի պատասխանատու ՍԻՐԱՆՈՒՅՇ ՆԱԶԼՈՒԽԱՆՅԱՆԸ մեզ հետ զրույցում ասաց, որ դիմել են մի շարք պետական և մասնավոր կառույցների: Առաջինը արձագանքել է քաղաքապետարանը, ինչի համար շնորհակալություն են հայտնում քաղաքապետ Տարոն Մարգարյանին: Արձագանքներ, հավանաբար, դեռ կլինեն:
«Այվազյանական փառատոնը նպատակ ունի հանրությանը ծանոթացնելու մեծանուն դրամատուրգի պիեսներին,-ասաց նա,- Հայաստանի և Արցախի տարածքում գործող պետական և ոչ պետական թատրոնների խաղացանկում ավելացնելու Աղասի Այվազյանի պիեսների բեմադրությունները: Ամեն ինչ անելու ենք, որ կյանքի կոչվի փառատոնը, մանավանդ, որ մեծ թվով թատրոններ ու թատերախմբեր պատրաստվել են փառատոնին: Լինելու են նաև նոր պիեսների բեմադրություններ»:
Ներկայացումները տեղի կունենան Երևանի թատրոնի ու կինոյի պետական ինստիտուտում:
Փառատոնի պատվավոր նախագահն է Աղասի Այվազյանի այրին` տիկին Գրետա Վերդյանը:

Заметка

Բուկինիստական գրքերը մեծ պահանջարկ ունեն

Բուկինիստական գրքերը մեծ պահանջարկ ունեն

14.10.2013 | 17:17

Երևանի կենտրոնում տեղակայված «Բուկինիստ» գրախանութում ինչ-որ ժամանակ վաճառվել են հին գրքեր: Քաղաքի ներկայիս ամենամեծ գրախանութում այսօր էլ կա բուկինիստական բաժին: Գրախանութի մենեջեր Մարիամ Վարդանյանը մեզ հետ զրույցում ասաց, որ հին գրքերր մեծ պահանջարկ ունեն. ընթերցողին տրվում է ընտրելու հնարավորություն` գնել իր ուզած գիրքը` նոր հրատարակությամբ, որն արժի, ասենք, 6000 դրամ, կամ նույն գիրքը ձեռք բերել անհամեմատ մատչելի գնով՝ 500-1000 դրամով:

«Հայերեն կարդալը թանկ հաճույք է այսօր, դրա համար էլ երևի հիմա մեծ պահանջարկ ունեն նաև բուկինիստական գեղարվեստական հայալեզու գրքերը, ինչպես, օրինակ, 1991-ին հրատարակված Կաֆկայի «Դատավարությունը» կամ Բալզակի «Շագրենի կաշին» ու «Երեսնամյա կինը», որոնք շատ գրքասերներ նախընտրում են գնել 350 կամ 500 դրամով գրախանութի բուկինիստական բաժնից, քան վճարել տասնապատիկ ավելի գումար` նոր հրատարակված գրքի համար»,- հավելեց գրախանութի գովազդային բաժնի մենեջեր Անի Ղազարյանը:
75-ամյա գրախանութը ինչ-որ ժամանակ ընթերցողին ներկայանում էր «Գրքերի աշխարհ» անունով: Բայց, միևնույն է, երևանցիների համար այն շարունակում էր մնալ «Բուկինիստ»: Գրախանութի աշխատակիցները տեղեկացրին, որ գրախանութը նորից ստանալու է իր ավանդական անվանումը:

Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Заметка

«Խոստացել էի, որ իր ծննդյան նվերը պիտի լինի, բայց ինքը կանուխ հեռացավ»

«Խոստացել էի, որ իր ծննդյան նվերը պիտի լինի, բայց ինքը կանուխ հեռացավ»

15.10.2013 | 16:40

Լիբանանում՝ Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության տպարանում լույս է տեսել Լևոն Անանյանի «Ժամանակ և ոգի» հրապարակախոսական ժողովածուն: Գիրքը խմբագրել է Անթիլիասի հայագիտական և կրթական գրասենյակի ղեկավար, գրող, թարգմանիչ Սարգիս Կիրակոսյանը:

«Իրատես de facto»-ի հետ զրույցում Սարգիս Կիրակոսյանն ասաց, որ «Ժամանակ և ոգի» գիրքը ներկայացնում է Լևոն Անանյանի գրական ժառանգության վերջին 20 տարիների ընտրանին` ելույթները, հրապարակումները, էսսեներ, գեղարվեստական ստեղծագործություններ և այլն: Նյութերն ընտրել է ՀԳՄ նախագահի կենդանության օրոք, նրա հետ միասին: Գրքի վերնագիրը առաջարկել է Լևոն Անանյանը: Պարոն Կիրակոսյանը նշեց նաև, որ գրքի առաջաբանում բնութագրել է Լևոն Անանյանին որպես մարդ, գրող, հրապարակախոս, գրական ղեկավար:
Գիրքը հայաստանյան ընթերցողին է ներկայացվել Լևոն Անանյանի ծննդյան օրը` հոկտեմբերի 13-ին՝ գրողների տանը կայացած հուշ-ցերեկույթի ընթացքում:
«Խոստացել էի, որ իր ծննդյան նվերը պիտի լինի, բայց ինքը կանուխ հեռացավ»,— ասաց Սարգիս Կիրակոսյանը:
Հավելենք, որ «Ժամանակ և ոգին» լույս է տեսել դասական ուղղագրությամբ, 1000 օրինակով: Հրատարակության 100 օրինակը պատկանում է ընտանիքին, 30-40 օրինակ արդեն բերվել է Երևան:

Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Заметка

«Մենք ճանապարհ ենք հարթում ազգի ոչնչացման համար»

«Մենք ճանապարհ ենք հարթում ազգի ոչնչացման համար»

16.10.2013 | 16:49

Այսօր, ժամը 11-ին, Ալեքսանդր Թամանյանի արձանի մոտից մեկնարկեց «Ո՛չ «Գենդերային հավասարության մասին» 57 օրենքին» խմբի կազմակերպած բողոքի երթը:

Երթի կազմակերպիչ, «Նախնյաց հետքեր» մշակութային ՀԿ-ի նախագահ ԱՐՄԱՆ ՄԽԻԹԱՐՅԱՆԸ տեղեկացրեց, որ նպատակ ունեն չեղյալ համարելու վերոհիշյալ օրենքը, որը, թեև կանանց և տղամարդկանց հավասար իրավունքի մասին է, բայց ամենևին չի համապատասխանում իր բովանդակությանը:
«Երևի դա է պատճառը որ պատգամավորները մեծ մասամբ կողմ էին քվեարկել: Գենդերը սեռափոխ անձնավորությունն է և օրենքում խոսվում է նրանց հավասարության մասին: Նրանք իրավունք ունեն ամուսնանալու, երեխա որդեգրելու: Կառավարությունը ստանձնել է գենդերային օրենքի մի ամբողջ փաթեթ: Հաջորդը լինելու է ընտանեկան բռնության մասին օրենքը: Այս դեպքում նույնպես վերնագիրը հակասում է բովանդակությանը: Սոցիալական աշխատողները մուտք են գործելու ընտանիք` պարզելու` երեխայի համար արդյո՞ք բարենպաստ պայմաններ կան: Նրանց հայեցողությամբ կարող է երեխան օտարվել ընտանիքից»,— ասաց Արման Մխիթարյանը, նշելով, որ կնոջ և տղամարդու իրավահավասարությունն ամրագրված է ՀՀ Սահմանադրությամբ, և եթե «գենդերը» փոխարինվի մեկ այլ եզրույթով, օրենքն ընդհանրապես իմաստ չի ունենա:
«Ո՛չ գենդերային օրենքին», «Ո՛չ պղծությանը», «Հանուն մեր երեխաների» վանկարկելով` երթի մասնակիցները շարժվեցին դեպի Կառավարության շենք և հանձնեցին իրենց նամակը, որտեղ կան մի շարք պահանջներ. չեղյալ համարել գենդերային օրենքը, արգելել գենդերային այլասերումների քարոզը, պատասխանատվության ենթարկել Հայաստանի քաղաքացիների շրջանում ապատեղեկատվություն տարածողներին: Երթի կազմակերպիչները նշում են նաև, որ 57 օրենքը հակասում է ՀՀ Սահմանադրության և դրանից բխող ՀՀ Ընտանեկան օրենսգրքի և ՀՀ Կրթության մասին օրենքի մի շարք հոդվածների:
Բողոք-ակցիային միացել է 40 կազմակերպություն, կառավարությանը հանձնած նամակի տակ կա 3500 ստորագրություն:
Հասարակական-քաղաքական գործիչ ԽԱՉԻԿ ՍՏԱՄԲՈԼՑՅԱՆԸ տեղեկացրեց, որ 2014-ի հունվարի 1-ից նույնականացման քարտը դառնալու է պարտադիր բոլորի համար, և նամակում բարձրաձայնվել է նաև մարդկանց «համարակալման» խնդիրը: Ինչ վերաբերում է գենդերի մասին օրենքին, Խաչիկ Ստամբոլցյանը մեզ հետ զրույցում ասաց, որ եթե օրինական ձևով հարցին լուծում չտրվի, քաղաքացիական պատերազմ կսկսվի, մանավանդ, երբ հարցը հասնի երեխաներին «բռնազավթելուն»: Հետաքրքրվեցի` «գենդեր» բառով ապակողմնորոշված մեր քաղաքական այրերը կո՞ղմ են 57 օրենքի դեմ սկսված պայքարին: Պարոն Ստամբոլցյանն ասաց, որ գրեթե բոլոր կուսակցությունները կողմ են, բացառությամբ այն կուսակցությունների, որոնք սնվում են դրսից և չեն ուզում նեղացնել Եվրոպային: Դրանք են «Ժառանգությունը» և ՀԱԿ-ը:
Բողոքի երթին մասնակցում էին նաև հոգևորականներ: Մայր աթոռ Ս. Էջմիածնի միաբան, հայորդաց տների տեսուչ տեր ԿՈՄԻՏԱՍ վարդապետ ՀՈՎՆԱՆՅԱՆՆ իր խոսքում ասաց, որ գենդերային օրենքի նպատակը ազգերի այլասերումն է, այն ոչ մի կապ չունի եվրոպական և արևմտյան արժեքների հետ, հակառակ է ոչ միայն աստվածային կամքին, այլև բնությանը:
«Գենդերային օրենքին տուրք տալով` մենք ճանապարհ ենք հարթում ազգի ոչնչացման համար: Մենք ձայն ենք բարձրացնում ողջ ժողովրդի համար: Խոսքը հայի վաղվա օրվա մասին է: Չեմ կարծում, թե որևէ հայ, լինի հավաքարար թե պաշտոնյա, պիտի կամենա, որ իր աղջիկը եկեղեցի մտնի մեկ այլ աղջկա հետ, տղան` տղայի և միասեռ ամուսնություն իրականացնի»,- ասաց նա, ընդգծելով, որ իրենք ոչ թե բողոքի, այլ սթափության ձայն են բարձրացնում:
Գենդերային հավասարության դեմ պայքարի էր դուրս եկել նաև «Նոր մշակույթ» կուսակցության նախագահ Անի Զախարյանը, ով ժամանակ առ ժամանակ իր վրա էր սևեռում երթի մասնակիցների, հատկապես լրատվամիջոցների ուշադրությունը:
Չնայած իր վանկարկումներով ու քարոզներով և հենց ներկայությամբ Անի Զախարյանը հարուցում էր ներկաների զայրույթը, սակայն մինչև վերջ չլքեց «մարտադաշտը», ասելով, որ իրեն հրավիրել են երթը նախաձեռնողները: Վերջիններս հերքեցին հրավերի փաստը:

Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Заметка

Մինաս Ավետիսյանի «Հայաստանը» չի տեղափոխվի

Մինաս Ավետիսյանի «Հայաստանը» չի տեղափոխվի

17.10.2013 | 17:29

Մինաս Ավետիսյանի «Հայաստան» որմնանկարը, կառավարության որոշմամբ, կվերականգնվի և կամրակայվի: Այդ նպատակով պետական բյուջեից «Մինաս Ավետիսյան» մշակութային բարեգործական հիմնադրամին որպես նվիրաբերություն տրամադրվել է 22526,8 հազար դրամ:

«Հայաստանը» տեղադրված է Շիրակի մարզի Վահրամաբերդ գյուղի մշակույթի տան նախասրահում: Կառավարությունը որոշել է վերականգնված որմնանկարը չտեղափոխել մայրաքաղաք:
Հիշեցնենք, որ վերջին տարիներին Երևան են տեղափոխվել Մինասի «Երկանք», «Թել են մանում», «Հանդիպում», «Խաչքարի մոտ» և այլ որմնանկարները` առաջացնելով դժգոհություն մտավորականների և հենց գյումրեցիների շրջանում: Որմնանկարը կատարված է գաջի կրային սվաղի հիմքի վրա: Բնական և մեխանիկական ազդեցությունների հետևանքով առկա են որմնանկարի սվաղի շերտի տեղաշարժեր, տարանջատված, դատարկ հատվածներ, ներկի շերտերի քայքայում, վնասված ու կորսված մասեր: Որմնանկարի հետագա քայքայումը կանխելու առավել ընդունելի տարբերակը դրա ամրակայումն ու վերականգնումն է: