«ԴԵՌԱՀԱՍՆԵՐԸ, ԿԱՐԾԵՍ, ԻՐԵՆՑ ՏԵՂԸ ՉԵՆ ԳՏՆՈՒՄ, և ՀԱՅՏՆՎՈՒՄ ԵՆ ՄԱՐԴԻԿ, ՈՐ ՕԳՏՎՈՒՄ ԵՆ ԴՐԱՆԻՑ»

«ԴԵՌԱՀԱՍՆԵՐԸ, ԿԱՐԾԵՍ, ԻՐԵՆՑ ՏԵՂԸ ՉԵՆ ԳՏՆՈՒՄ, և ՀԱՅՏՆՎՈՒՄ ԵՆ ՄԱՐԴԻԿ, ՈՐ ՕԳՏՎՈՒՄ ԵՆ ԴՐԱՆԻՑ»

08.07.2011 | 00:00

Մեկական վարդ վաճառող, մուրացկանությամբ, այլևայլ զբաղմունքներով ժամանակը փողոցում անցկացնող 12-14 տարեկան տղաների գիշերային կյանքը վերջին շրջանում բազմաթիվ քննարկումների և ենթադրությունների առիթ տվեց: 
Ականատեսների վկայությամբ` նրանց մի մասը գիշերները մարմնավաճառությամբ է ապրուստը հոգում: Հավաքատեղին Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու հարակից տարածքն է: Փողոցային երեխաների շրջանում նրանց անվանում են «օգտագործված տղաներ», խուսափում են նրանցից, երբեմն էլ` օրինակ վերցնում: Մամուլում տպագրված հրապարակումների համաձայն` մանկավարժները, ոստիկանները խուսափում են երեխաների այս խմբի մասին խոսելուց: Տարածքի ոստիկանները, թեև տեղյակ են անցուդարձին, բայց ոչինչ չեն ձեռնարկում. իրավասու չեն մոտենալու, քանի դեռ անչափահասներն արգելված ոչինչ չեն արել:
Իրողությունը տագնապալի է: Միայն մայրաքաղաքում 20 մուրացիկ երեխա է հաշվառված: Մուրացկանությամբ զբաղվող, թափառաշրջիկ, փողոցներում ապրող կամ աշխատող երեխաների բանակն օր օրի ստվարանում է:
Արձանագրվել են դեպքեր, երբ ծնողները տեղյակ չեն, թե ինչով են զբաղվում իրենց երեխաները, երբեմն էլ հենց իրենք են երեխային մղում փողոց` մուրացկանությամբ հաց վաստակելու: Կարելի է ասել` մատաղ սերնդի այս խնդիրները մնում են չլուծված կամ լուծվում են փողոցում` փողոցի օրենքներով:
Քաղաքացիների ահազանգերի դեպքում թափառաշրջիկ, մուրացկան, անտուն, վարքային խնդիրներ ունեցող, բռնության ենթարկված երեխաներին հայտնաբերում և նրանց ժամանակավոր խնամքը ստանձնում է «Հայ օգնության ֆոնդի» (ՀՕՖ) «Երեխաների աջակցության կենտրոն» հիմնադրամը: Այս կենտրոնում մասնագետներն աշխատում են և՛ երեխաների, և՛ ծնողների հետ: Հետո արդեն երեխան հանձնվում է ծնողների կամ, հարկ եղած դեպքում, մանկատների խնամքին (ի դեպ, նման դեպքերում քաղաքացիները ՀՀ օրենսդրությամբ պարտավոր են դիմել համապատասխան մարմիններին, իսկ մենք, լավագույն դեպքում, սահմանափակվում ենք գումար խնդրող երեխայի ափի մեջ մանրադրամ նետելով)։
Երեխաների աջակցության կենտրոնում Հայ առաքելական եկեղեցու ներկայացուցիչը հոգևոր թեմաներով զրույցներ, միջոցառումներ է անցկացնում: Փորձեցի ճշտել` ի՞նչ գիտեն բարձրաձայնված խնդրի մասին մեր հոգևորականները, առհասարակ, թափառաշրջիկ երեխաներին աջակցելու, դարձի բերելու աշխատանքներ իրականացվո՞ւմ են, կա՞ որոշակի ծրագիր: Կարծում էի` պետք է անհանգստացած լինեին, և ոչ միայն այն պատճառով, որ «միջադեպերը» տեղի են ունենում եկեղեցու պատերի տակ: «Հոգևոր թեմաներով խոսելը, եկեղեցուն հաղորդակից դարձնելը հենց նպատակ ունի երեխաներին զերծ պահելու նման քայլերից»,- եղավ պատասխանը: Իսկ մարմնավաճառ երեխաներին առնչվող հարցերը, ըստ եկեղեցու պաշտոնյայի, հոգևոր թեմաների շրջանակում չեն։
Բայց կան երեխաներ, որ չեն էլ հայտնվում այդ աջակցության կենտրոնում և չեն մասնակցում հոգևոր զրույցներին: «Ես այն երեխաների հետ եմ շփվում, ովքեր այդ հաստատության մեջ են»,- ասաց զրուցակիցս ու անհասկանալի զգուշավորությամբ չներկայացավ իր ամբողջական անվամբ (հեռախոսազրույցի ընթացքում), քանի դեռ առերես չենք հանդիպել:
Ինչևէ: Երեխաների պաշտպանությամբ զբաղվող մյուս կենտրոնները հիմնականում ցերեկային են: Անչափահասներին այդ կենտրոնների խնամքին են հանձնում ծնողները, մանկավարժները, ծանոթ-բարեկամները: Փաստորեն, մուրացիկ, թափառաշրջիկ, անտուն, անտեսված երեխաներն էլի մնում են ուշադրությունից դուրս: «Երեխաների պաշտպանությամբ զբաղվող կազմակերպությունները հոգ են տանում երեխաների նկատմամբ մինչև երեկոյան 7-ը,- մեզ հետ զրույցում ասաց Երեխաների իրավունքների պաշտպանության բարեգործական հիմնադրամի նախագահ ԿԱՐԻՆԵ ԱՆՏՈՆՅԱՆԸ:- Եվ հարց է, թե ուր է գնում երեխան դրանից հետո: «Հետո»-ի վերահսկողություն չկա: Իհարկե, այստեղ նրանք սովորում են գրագետ, կիրթ խոսել, երգել, նկարել, նրանց լավ են վերաբերվում, նրանք սնվում են, ապահովվում հագուստով, այսինքն, էսթետիկական հաճույք են ստանում: Որոշ երեխաներ, տեսնելով այս ամենը, ընտրում են բարեկեցիկ, նորմալ կյանքը: Որոշ երեխաներ, որքան էլ աշխատանք տարվի, ձգտում են դեպի փողոց»: Կարինե Անտոնյանը նշեց, որ թափառաշրջիկ երեխաների մեջ կան նաև բարեկեցիկ և օրինավոր ընտանիքների զավակներ:
Ինչ վերաբերում է գիշերային արկածներին, դրանց զոհերը, ըստ նրա, մանկատների կամ ինտերնատների երեխաներ չեն, քանի որ այդ հաստատություններում կա հսկողություն: Նրանք պատասխանատվություն են կրում, եթե երեխան փախչում է, հայտնում են ոստիկանությանը:
«Կյանքն է այդպիսին դարձնում այդ երեխաներին, հեռուստատեսությունը, ինտերնետը, ակումբները, «վիվարոները»,- ասում է Կարինե Անտոնյանը։- Հետաքրքրությունը, արժեքները փոխվել են: Ամեն ինչ փողից է կախված: Նկարելը, գրելը, կարդալն ու երգելը երրորդական, չորրորդական են: Ամեն ինչ կանեն, միայն գումար ունենան: Սրա մասին պետք է մտածել, այլ ոչ թե հունիսի 1-ին ցույց տալ, թե ինչքան լավն են և ինչ պաշտպանված են մեր երեխաները: Իսկ մարմնավաճառությունը բիզնես է, երեխան ընկնում է այդ բիզնեսի մեջ: Ոչ ոք չի կարող որևէ տեղ հենց այնպես կանգնել, դրա համար պետք է վճարել, հատուկ ժամ ունենալ: Տարածքի ոստիկանները մի՞թե չեն տեսնում: Ինչո՞ւ չեն կանխում: ՈՒրեմն եկամուտ ունեն»:
ՈՒրեմն կա պահանջարկ: Պետք է սկսել այստեղից:
Քաղցը, անպաշտպանությունը, փողոցը ինչի՞ կարող են հանգեցնել: Եվ ովքե՞ր են օգտվում սրանից:
«Սա խիստ սոցիալական հարց է: Պատճառը պետք է փնտրել սոցիալական ցնցումների մեջ,- ասում է «Այգ» հոգեբանական կենտրոնի գլխավոր մասնագետ, հոգեբանական գիտությունների թեկնածու, դոցենտ ՌՈՒԲԵՆ ՊՈՂՈՍՅԱՆԸ:- Երբ (Առաջին համաշխարհային պատերազմից հետո) մուրացկանությունը պատել էր ամբողջ Անգլիան, խորհրդարանում բարձրացրին այս հարցն ու վերացրին խնդիրն ընդամենը մեկ տարվա ընթացքում: Այստեղ հանդուրժողականության հարց կա, ազգային պատվախնդրության: Եթե նայում ենք իբրև օբյեկտիվորեն անխուսափելի երևույթի և դրանով իսկ արդարացնում, ավելի խորացնում ենք իրավիճակը` սոցիալական բնույթի նոր խնդիրներ առաջ բերելով: Դեռահասությունը, պատանեկությունը ամենախնդրահարույց տարիքային շրջան են: Դրա մասին մշտապես խոսվել է: Հին Հռոմում ընդունված է եղել պեդոֆիլիան, երբ տղան սեռական հարաբերության մեջ է մտնում տղամարդու հետ, որպեսզի, իբր, զարգանա որպես տղամարդ, վերցնի կարևոր հատկանիշները: Այսինքն, դեռահասները, կարծես, իրենց տեղը չեն գտնում այս սոցիալական կյանքում, և հայտնվում են մարդիկ, որ օգտվում են դրանից: Էլ չեմ ասում, որ սոցիալական դաշտը խարխուլ վիճակում է, պարարտ հող` նման երևույթներին զանգվածային բնույթ տալու համար»:
Ռուբեն Պողոսյանը նշեց, որ նրանք, ովքեր օգտագործում են այդ երեխաներին, պեդոֆիլիա զարգացնող անձինք են, ունեն որոշակի հոգեբանական խնդիրներ և գործում են թաքնված, որովհետև նրանց արարքն անընդունելի է, խստագույնս պատժելի: «Պեդոֆիլիան մանկապղծություն է: Միասեռամոլներին դեռ կարելի է հասկանալ, թեև նույնպես անընդունելի, բնությանը դեմ երևույթ է,- ասում է նա:- Արհեստականորեն մարդու կողմից ստեղծված երևույթներ են սրանք: Մշակույթն է ստեղծել, զարմանալի է, բայց այդպես է: Մշակույթը մարդու մտածած, ստեղծած, արհեստական բնությունն է, որը կարող է նաև վնասել, դեմ գնալ բնությանը: Որքան հեռանում ենք բնությունից, այնքան խեղվում ենք: Այս դեպքում մի ամբողջ սերունդ ենք խեղում: Մանկապղծությունը շեղում է, ինչպես արյունապղծությունը: Մենք միասեռամոլներ ենք պատրաստում: Ինչպե՞ս են վաղը նրանք ընտանիք կազմելու: Եթե այսպես շարունակվի` խորհրդարանում կդրվի միասեռամոլ ամուսնությունները թույլատրելու հարցը, որից արդեն ազգ չի սերում»:
Մանկապղծության այս և այլ դեպքերը հաճախ մեղմացնում են, պատճառաբանելով, որ երեխան ինքնակամ է գնում դրան: Այսինքն, չկա բռնություն: Հոգեբանը դեմ է այս կարծիքին: «Իրենք ուզում են փող վաստակել, չեն մտածում, ծանրութեթև անում. փող է պետք և վերջ: ՈՒղիղ ճանապարհով,- ասում է նա:- Եվ դա տարեցտարի աճ է տալու: Ի՞նչ է նշանակում` բռնություն չէ: Սա խայտառակություն է: Իրավունքի հարցը մշակված չէ մեր իրականության մեջ: Բացի այդ, եթե միայն իրավաբանական տեսանկյունից ենք նայում, մարդկայինը չենք տեսնում: Վերջին հաշվով, բարոյականության նորմեր, խղճի հարց գոյություն ունեն: Տոլստոյն ասում էր` ինչով էլ մենք զբաղվում ենք` բանվորությամբ, բիզնեսով, բարոյականության խնդիր ենք լուծում, այսինքն, որքա՞ն է ընդունելի, բարոյապես նորմալ մեր արարքը: Մենք, կարծես, քայլում ենք փշալարի վրայով: Հոգեկանը շատ նուրբ մատերիա է, հեշտությամբ կարելի է խեղել, հենց ծննդյան օրից: Երեխաները դուրս են նետվել, ուրեմն մի խնդիր կա: Արդյո՞ք մենք ճիշտ ենք հասկանում երեխաների տառապանքը: Երեխան անպաշտպան է զգում իրեն ներքուստ, այստեղ պետք է թափանցել: Երբեմն մեր կենտրոն են այցելում երեխաներ, որոնք պաշտպանված չեն զգում ծնողների կողմից, թեև ծնողներն ամեն ինչ անում են նրանց համար: ՈՒրեմն որքա՜ն նուրբ մատերիայի հետ գործ ունենք։ Հարկ է հնարավորինս շուտ կանխարգելել այս երևույթները, հետագայում ավելի բարդ խնդիրների, հոգեբանական բարդությունների առաջ չկանգնելու համար»:
Մանկապղծությունը Ռուբեն Պողոսյանը համարում է մեր սոցիալական դաշտի ամենաաղետաբեր երևույթը: Իսկ մուրացկանությո՞ւնը: Չէ՞ որ այս դեպքում էլ երեխան կորցնում է իր ես-ը, արժանապատվությունը: «Դրանք նույն դաշտում են, դրանց միջև սահմանները շատ փխրուն են, հեշտությամբ կարելի է մեկից մյուսին անցնել,- ասում է հոգեբանը։- Երեխան ի ծնե անպաշտպան է, և պատկերացրեք` հանկարծ հայտնվում է արյունապիղծ ձեռքերում»:
Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

http://www.irates.am/hy/UKYrw3mTLRNEcKEL9oTvtxAYBk

Заметка

«Երանի՜ այն գրողին, ում գրականությունը քաղաքականացված չէ»

«Երանի՜ այն գրողին,  ում գրականությունը  քաղաքականացված չէ»

31.05.2013 | 11:12

«Քարե երազներ», հետընտրական զարգացումներ, գրողն ու իր շրջապատը: Այս և այլ թեմաների շուրջ է մեր զրույցը արձակագիր ԼԵՎՈՆ ՋԱՎԱԽՅԱՆԻ հետ:

-Պարոն Ջավախյան, Ձեր «Քիրվա» պատմվածքը թարգմանվել է ռուսերեն և Ադրբեջանում լայն արձագանք է գտել: Ադրբեջանական ann.az կայքում պատմվածքի մասին հոդված է զետեղված, որտեղ նշվում է, որ «Քիրվայի» հրատարակումից հետո Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանը Ձեզ անվանել է դավաճան: Նախկին նախագահն իրո՞ք այդքան բուռն է արձագանքել Ձեր պատմվածքին:
-Չեմ կարծում, թե Ռոբերտ Քոչարյանը նման բան ասած լինի, մանավանդ որ նա հեռու է գրականությունից, մշակութային անցուդարձից: Լևոն Ջավախյանն ու նրա «Քիրվան» դժվար թե նրան հետաքրքրեն: Բայց նա «քիրվա» արտահայտության մասին խոսել է, գուցե ռուսական մամուլում կամ որևէ տեղ այդ առումով հարց են տվել, ինքն էլ պատասխանել է: Թեև չեմ կարծում:
-Մեր նախորդ զրույցը Ձեզ հետ Աքրամ Այլիսլիի «Քարե երազներ» գրքի շուրջ էր:
Ադրբեջանցի գրողին շտապեցինք հերոսացնել, հախուռն կերպով թարգմանել ու հրատարակել նրա աղմկահարույց վեպը: Իսկ բոլորովին վերջերս նախիջևանագետ Արգամ Այվազյանը կոչ արեց չափավորել ոգևորությունը, ըստ նրա` գրողն իր վեպում կեղծել է փաստերը` նպատակ ունենալով ազնվացնելու իր երկիրն ու իր ժողովրդին: Ավելին, ոմանք պնդում են, թե հալածանքները գրողի նկատմամբ արհեստական են: Չե՞ք կարծում, որ երկու դեպքում էլ մոտեցումը ծայրահեղական է:
-Ընդհանրապես, ինձ համար այս դարաշրջանում մարդկանց հերոսացնելը վատ բան է, ճիշտը արժանապատիվ քաղաքացիական հասարակարգ ստեղծելն է:
Մակեդոնացիների, չապաևների և այլոց ժամանակներն անցել են: Յուրաքանչյուր հերոսի անվան տակ կա պրոպագանդա, քարոզ։ Այդ քարոզը Հունան Ավետիսյանին դեպի մահ էր տանում, Մատրոսովին` մահ, Սաֆարովին` քնած մարդուն սպանելու: Լյուդովիկոս 14-րդը Եվրոպայում բացարձակ միապետ էր, նա ասում էր` պետությունը ես եմ, ասում էր նաև` ինձնից հետո թեկուզ ջրհեղեղ: Կոպիտ է հնչում, բայց մարդու մահից հետո ամեն ինչ վերանում է: Եթե որևէ հասարակարգ միտված է մարդու կյանքը վերցնելու` հանուն լավ ապագայի, դա խաբեություն է:
Հիմա ի՞նչ են ուզում Այլիսլիից: Ես անձամբ չեմ հերոսացնում նրան: Այլիսլին հումանիստ է, որ քարոզից զերծ` իր կարծիքն է ասում երկու ժողովուրդների մասին, հատկապես իր ժողովրդի, և ամաչում է, ուզում է խայտառակությունից փրկել իր ազգը: Այլիսլին այդպես է գրում, Արգամ Այվազյանը կարո՞ղ է ավելի լավ գրել, թող գրի: Ես ադրբեջանցի գրողին գրած նամակում ասել եմ` օրհնվի այն ժողովուրդը, որ Այլիսլիի նման զավակ է ծնել: Ականջովս է ընկել, որ Արգամ Այվազյանը վրդովվել է իմ այս խոսքերից: Իսկ ինչո՞ւ չօրհնվի, ո՞վ է ասում, որ կան վատ ժողովուրդներ:
Ինչ վերաբերում է փաստերը խեղաթյուրելուն, գեղարվեստական ստեղծագործությունը երևակայության արդյունք է, կարող է հնարանք լինել: Մարդը գեղարվեստ է ստեղծել, արդյունքում էլ հումանիստական գաղափարներ է արտահայտել, հիմա պատմաբանի կամ դատավորի դերում կանգնենք ու քննե՞նք: Նման գործ գրելով` նա իր քաղաքացիական պարտքն է կատարել ու, չեմ կարծում, թե գրել է մեր մտավորականներին այդպես հուզելու համար կամ հերոսանալու:
-Ձեր «Հերոսի մահը» էսսեում ասում եք. «Հերոսը բարբարոսական դարաշրջանի ծնունդ է, որն այդպես էլ մահացավ` քսանմեկերորդ դար չթևակոխած»: Լավ, իսկ ի՞նչ ունենք փոխարենն այսօր` արդյո՞ք առողջ քաղաքացիներ, առողջ հասարակարգ:
-Երբ ապրում ես խաղաղության մեջ` առանց խաղաղության, երբ ապրում ես կոռումպացված հասարակարգում, երբ մարդու խիղճը, ընտրական ձայները, ամեն ինչ փողով են գնվում, երբ ալան-թալանի պայմաններում մարդիկ քաղցած են, իմ ասածները բարի ցանկություններ են մնում:
-Աբովյանում բացվել է Սուրբ Հովհաննես եկեղեցին, ու գաղտնիք չէ, որ նորաստեղծ եկեղեցին չի ընկալվում որպես ճարտարապետական կամ հոգևոր արժեք, ընդհակառակը, քաղաքական ու ապաքաղաքական եռուզեռի առիթ է տալիս: Ի՞նչ կասեք սրա մասին:
-Երանի ես կարողանայի հասնել այնպիսի պարզության, որին հասել է Ջիվանին իր երգերում: «Իրանք սնունդ չունին ապրելու համար, Հինգ հատ վանք են շինել, խելքի՜ աշեցեք», ասում է Ջիվանին:
Ժամանակները կրկնվում են, էլի նույնն է` թշվառություն, տառապանք, գործազրկություն, և եկեղեցիներ են կառուցվում: Ո՞Ւմ հոգիներն են փրկում: Իրե՞նց: Թող մի տեղ առանձնանան, աղոթեն` փրկվեն: Այդ եկեղեցիները, չեմ կարծում, թե ժողովրդին անհրաժեշտ են: Եկեղեցականներն էլ սերտաճել են իշխանությունների հետ, դարձել են իշխանությունների դամքաշը, նրանք ալան-թալան են անում, սրանք էլ դամ են քաշում: Փոխանակ ժողովրդի կողքին կանգնեն:
-Մի ձեռքով կառուցում, մյուսով քանդում են: Փակ շուկայի մասին անվերջ խոսվում է, իսկ արդյունքը զրոյական է: ՈՒ սա միակ օրինակը չէ: Օրը ցերեկով քանդում-կառուցում են, վերևներում ասում են` մենք տեղյալ չենք: Ինչպե՞ս կբնորոշեք մեր քաղաքի այս խճանկարը:
-Մարդու հավատը, խիղճը գնալով դառնում է շահը, ոչ միայն սովորական շահը, այլև շահնշահը: Իսկ որտեղ շահն է խոսում, այնտեղ մոռանում են և՛ ճարտապետական հուշարձանները, և՛ պատմական անցյալը, և՛ նախնիների ժառանգած սրբությունները: Արժեքները ոտնատակ են տալիս, որովհետև նրանք առաջնորդվում են իրենց միակ թագավորով` շահնշահով:
-Ձեր գործերում մեզ ծանոթ իրականությունն ենք տեսնում, իրական կերպարների: Գրականությունը պետք է արտացոլի իրականությո՞ւնը, թե՞ օգնի փոքր-ինչ կտրվելու ժամանակից ու առօրյա հոգսերից: Ի՞նչ խնդիր է լուծում գրողը:
-Ես չեմ կարողանում ստել ո՛չ կյանքում, ո՛չ գեղարվեստում: Երանի՜ այն գրողին, ում գրականությունը քաղաքականացված չէ: Ո՜չ երանի ինձ, որովհետև իմ գրականությունը քաղաքականացված է: Դա լավ օրից չէ, կյանքը քաղաքականացված է, ես ակամա տուրք եմ տալիս կյանքին: Դա իմ հոգու արտացոլանքն է:
Հովհաննես Մելքոնյանն ինձ ասում էր` Լևոն, գրականությունն ընդհանրապես ստի վրա է հենված, ես էլ եմ մեկ-մեկ ստում, իսկ դու միջից սուտը հանում ես: Դա ինքնաբերաբեր է լինում, ես ընտրում եմ իմ հոգևոր հագուստը, ինչը ամենևին էլ չի նշանակում, թե լավ գրականությունը պիտի անկեղծ լինի: Դժբախտաբար, կան մարդիկ, որ այդպիսին չեն ու այդ զգեստն արհեստականորեն իրենց վրա են հարմարեցնում:
Հետո էլ, գրողի տեղն ու դերը կյանքում, հասարակական-քաղաքական գործունեության մեջ ճիշտ չեն բաշխվում: Թվում է, գրողն այն մարդն է, որ իր ուսերին պիտի պահի կյանքի ողջ ծանրությունը, ժողովրդին ճանապարհ տա, մարգարե լինի և այլն: Ժամանակին Թումանյանը, Րաֆֆին այդ դերը ստանձնել են, որովհետև պետություն չենք ունեցել, իսկ հիմա կան մարդիկ, որ դրա համար աշխատավարձ են ստանում: Թող աշխատեն: Գրողի դերը, իմ կարծիքով, այն է, որ մարդկանց համար ստեղծագործություններ գրի, որ մարդու պարապությունը զարդարի, այնպես, ինչպես Բեթհովենն է զարդարել, Մոցարտը, Տոլստոյը: Հիմա սերիալներն են ազատ ժամանակը լցնում, այն ժամանակ Տոլստոյն ու Դոստոևսկին էին այդ դերը խաղում: Մարդկանց պարապությունը լցվում էր, դեռ մի բան էլ հոգևոր վերելք էին ապրում: Բայց հիմա սերիալով ո՞ւր պիտի գնաս:
Գրելն ինձ համար պարապ ժամանակի խաղալիք է, ես կոչված եմ իմ ընթերցողի պարապը լցնելու և մեծ նկրտումներ չեմ տեսնում` որպես գրողի, բայց եթե կամա-ակամա մի բան տալիս եմ նրանց հոգևոր գանձարանին, ուրեմն… ապրի Լևոնը:
-«Մեր սրճարանում այս էլ քանի տարի հաշտ ու խաղաղ ապրում է կյանքը` միտքն ու խոսքը, լուրջն ու անլուրջը, գիտունն ու անգետը, իմանալին ու անիմանալին… չգտնելով, սակայն, իրենց տեղը, կշիռն ու զորությունը լայն ու ընդարձակ աշխարհում»: «Տիեզերքի հաշվապահը» պատմվածքից են այս տողերը: Խոսքը «Վերնիսաժ» կոչվող սրճարանի մասին է, որ արվեստագետների յուրատեսակ հավաքատեղի է: Պարոն Ջավախյան, Ձեր պատմվածքի փոքրիկ սրճարանում ապրում է կյանքը, իսկ հակառակ զգացողություն չե՞ք ունենում, որ կաթվածահար է եղել կյանքը քաղաքում:
-Մի քանի նման սրճարաններ են եղել, որ, այսպես կոչված, ազատության, չնվաճված տարածքներ էին` «Պապլավոկը», «Սկվազնյաչոկը», «Դիմակը»: «Վերնիսաժի» տերը Կետիկյանն է, մի լավ տղա, ազատամարտիկ, որ մտավորականներին տեսնելիս ուրախանում է և այնքան էլ չի տխրում, որ նրանց ձեռքի փողը քիչ է: Հիմա այնտեղ են հավաքվում:
Ինչ վերաբերում է Ձեր ասածին, ո՞նց չեմ զգում: Մեկ էլ տեսնում ես` մարդը մերկանում է իր հարազատներից, իր մտերիմներից ու դեպի միայնություն է գնում: Հոռետեսության այդ պահերին մտածում եմ` «Ես ես չեմ, ես կրիա եմ», ինքս իմ մեջ եմ քաշվում: Դուրսն ինչ ուզում է լինի, ես ինձ զրահով պաշտպանում եմ, ներփակվում եմ միայնության մեջ, որ կարողանամ տանել այդ ամենը: Ես մի մարդ եմ, որ ինքս ինձ չեմ հերիքել, անընդհատ մարդ եմ փնտրել, մարդաշատ տեղեր եմ գնացել` «Դեպի լայն հրապարակներն ու կրկեսները բաց», բայց հիմա դարձ է կատարվում ինքս դեպի իմ ներսը: Կյանքի թշվառությունը, շրջապատի դավաճանությունն այնքան են ճնշում, որ ակամայից պատսպարվում եմ զրահի մեջ: Հետո էլ կրիայի նման գլուխս հանում եմ` նայելու, ապրելու, մեկ-մեկ էլ գրելու համար:
-Ինչ կասեք հետընտրական զարգացումների մասին. ավելի շատ` հոգո՞ւ, թե՞ հացի սով է սպասում մեր ժողովրդին:
-Նախագահական ընտրության ժամանակ ես իմ ձայնը տվեցի Սերժ Սարգսյանին, դեռ հարցազրույցի ժամանակ ասացի` ինչքան էլ ինձ ասեն` 30 արծաթով ծախվեցի, այնուամենայնիվ, ձայնս տալիս եմ իրեն: Չեմ համարում, թե մեծ սխալ եմ արել, իրավիճակն այնպես էր, որ մտածում էի` ինձ մեկ սուտն ավելի է հերիք, քան մի քանի ստերը: Ընդդիմությունից հիասթափված` ես իմ ձայնը տվեցի Սերժ Սարգսյանին, գնահատելով նրա անցած ուղին, փորձը, հաշվի առնելով նաև այն, որ պետությունը, ժողովուրդը, ի վերջո, որբի գլուխ չէ, որ ով ուզի վրան դալլաքություն սովորի: Հիմա ուզում եմ դառը խոսքեր ասել: Ոչ ոք չէր սպասում, որ Րաֆֆի Հովհաննիսյանը 500 հազար ձայն կտանի, դա «մեսիջ» էր, որ հասարակության մեջ կուտակվել են հարցեր, որոնք հրատապ լուծում են պահանջում:
Բայց այդ «մեսիջին» Սերժ Սարգսյանն ականջալուր չեղավ, դեռ ավելին` մի նոր մշակույթ ձևավորվեց. ձայները փողով են գնում:
Ժամանակին ճիզվիտները մարդկանց ինդուլգենցիա էին վաճառում` իբրև մեղքերի թողության վկայագիր: Հիմա հակառակն է, ձայն են առնում, նոր մեղք գործում:
Սա սարսափելի է: Ժողովրդին դեգրադացնում են, փչացնում:
Ես մտածում էի, որ ընտրությունից հետո ծրագրային փոփոխություններ կլինեն: Բայց ի՞նչ ստացվեց, պարզվեց, որ այս երկրի զարգացմանը խանգարում էր միայն սպորտի և երիտասարդության նախարարը: «Հարկային հանրապետությունը» շարունակում է լինել այնպիսին, ինչպիսին կա: Ամբողջովին քերում են ժողովրդի միսն ու արյունը, արդեն փղոսկրի սպիտակությամբ ոսկրին են հասել, էլ քերելու բան չկա, անընդհատ հարկեր, հարկեր: Էլ չեմ ասում` խորամանկ աղվեսի նման սպասեցին հենց ընտրությունը վերջացավ, նոր համարձակվեցին ասել գազի գինը բարձրանում է, և ոչ միայն գազի:
Գիտե՞ք, վերնիսաժում եմ աշխատում, մի երիտասարդ կա, ասում է` իմ մասին հոդված գրի, որ ինձ վտարեն այս երկրից, ուշքն ու միտքը այս երկրից գնալն է: Հետո մնում-մնում ասում է` ոչ, սա Ռիո դը Ժանեյրո չէ, այսինքն` երազանքների երկիրն ու քաղաքը չեն: Մեկն էլ կողքից ասում է` սա իսկի Երևանը չէ, ուր մնաց Ռիո դը Ժանեյրո լինի: Մեկ ուրիշն էլ ասում է` ի՞նչ Երևան, սա իսկական Համզաչիման է, Բոզի գեղ:
Մեր երկիրը, մեր քաղաքը, մեր հրաշք աշխարհը ինչ են դարձրել: Թող սթափվեն, փոփոխություններ անեն, որ այս երկրի, ժողովրդի վրա ինչ բարդվել է` թոթափվի, թե չէ էս պետությունից միայն սփյուռքի նախարարությունն է մնալու:
Թերթում կարդում եմ ու սարսափում, մարդիկ ոտքով են գնում երկրից: Ես չեմ գնալու, ես սխալ եմ համարում գնալը: Ո՞Ւմ եք թողնում երկիրը:
-«Եթե պարտվենք այդ պատերազմում, ապա պիտի կռվենք ապրելու համար, միայն ապրելու համար»: Ձեր այս խոսքերը ինչպե՞ս կբացատրեք:
-Իմ կարծիքով` մարդու կյանքն Աստծու տված պարգևն է: Կարող էիր չծնվել, չէ՞, եթե ծնվել ու ապրում ես, դա արդեն իսկ երջանկություն է: Բայց պետությունը պետք է ամեն կերպ ապահովի այդ կյանքը, քեզ պաշտպանի նրանցից, ովքեր խաթարում են այդ կյանքը: Բայց դուրս է գալիս այնպես, ինչպես լինում է. ոչ թե օգնում են, այլ հենց իրենք են խաթարում կյանքդ:
Ես կյանքն իմ պատմվածքներից մեկում համեմատում եմ մի բաժակ ջրի հետ, որը, սակայն, չեմ համարձակվում միանգամից խմել-պարպել: Այդպես օլիգարխներն են անում, ես կում-կում եմ խմում, որ մանրամասն ապրեմ, վայելեմ այդ կյանքը: Իշխանավորները թող հարամ չանեն այդ կյանքը, թող այդ մի բաժակ ջրի մեջ նամարդություն չխառնեն:
-Ի՞նչ կասեք Ձեր ստեղծագործական ծրագրերի մասին:
-Բանաստեղծ Աշոտ Խաչատրյանը (հիմա Մոսկվայում է ապրում) իմ վերջին գիրքը կարդացել էր, հավանել ու ասաց` Լևոն, դու ամեն ինչ արել ես որպես գրող երևելի լինելու համար, քեզ մնում է արձակ մեծ գործ գրել, դու գնդակը դրել ես 11-ի վրա, ընդամենը պիտի գաս այդ 11- մետրանոցից հարվածես ու քո գոլը ազդարարես: Այն ժամանակ` 5-6 տարի առաջ, պատրաստ չէի: Իմ տղան 10 տարի անընդմեջ Հայաստանի չեմպիոն է եղել, աշխարհի արագավազ հայն է եղել 100 մետր վազքից: Ինձ թվում էր, իմ տեղն էլ, որպես գրողի, կարճ տարածությունն է` նովելներ, կարճ պատմվածքներ գրելը: Բայց ուժ գտա, արդեն իսկ մի ընդարձակ գործ եմ գրում: Ինձ թվում է, ես կխփեմ կյանքում իմ գոլը:

Սկզբնաղբյուրը`  http://www.irates.am/hy/1369947319

Զրույցը`
Արմինե ՍԱՐԳՍՅԱՆԻ

«Երանի՜ այն գրողին, ում գրականությունը քաղաքականացված չէ» 31.05.2013 | 11:12

Заметка

Ի՞նչ են կարդում փոքրիկները

Ի՞նչ են կարդում փոքրիկները

30.05.2013 | 16:53

Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանն օրական ունի 600-800 այցելու: Գրադարանի փոխտնօրեն Մադլեն Հովսեփյանի տեղեկացմամբ` կրտսեր տարիքի երեխաներին հետաքրքրում են ավելի շատ հեքիաթները, կենդանական և բուսական աշխարհին վերաբերող գրքերը, բանաստեղծությունները: Միջին տարիքի երեխաների շրջանում մեծ պահանջարկ ունեն արկածային գրականությունը, պատմվածքները, բարձր տարիքի երեխաների շրջանում` գեղարվեստական, գիտահանրամատչելի, ֆանտաստիկ ժանրի գրականությունը:

Փոխտնօրենը նշեց, որ մանկական գրականություն շատ է հրատարակվում (և՛ թարգմանական, և՛ վերահրատարակություններ): «Գրադարանը մշտապես համալրվում է նաև ժամանակակից գրողների գործերով,- ասաց նա,- կազմակերպվում են հանդիպումներ գրողների հետ, գրքերի շնորհանդեսներ և այլն: Թեև շատ չեն մեր մանկագիրները, թվով 6-7 հոգի են, այնուհանդերձ, վերջին տարիներին շատ աշխույժ է մանկական գրականությունը»:
Հավելենք, որ հունիսի 1-ին, ժամը 13-ին, Խնկո Ապոր անվան գրադարանում մեծ հանդիսություն է լինելու` նվիրված Երեխաների պաշտպանության միջազգային օրվան: Նախատեսվում է թատերականացված երեկո և համերգ:

Ի՞նչ են կարդում փոքրիկները 30.05.2013 | 16:53 Խնկո Ապոր անվան

Заметка

«Թողել ենք մեր պապերի հայրենիքն ու հարմարվում ենք ինչ-որ բանի»

«Թողել ենք մեր պապերի հայրենիքն ու հարմարվում ենք ինչ-որ բանի»

28.05.2013 | 22:25

Գեղանկարիչ Վարուժ Կարապետյանը Ռիգայում է 1982-ից: Մեկնել է սովորելու` վերադառնալու մտադրությամբ, բայց հանգամանքների բերումով դեռ օտար երկրում է: Վերադարձի մտադրությունը չի փոխել:

Ասում է, որ շփվում է տեղի հայ համայնքի հետ, բայց հիմնականում ինքն իր հետ է լինում:
Հետաքրքրվեցի, թե ի՞նչ են անում այսօր` մայիսի 28-ին, Ռիգայի մեր հայրենակիցները, առհասարակ նշո՞ւմ են մայիսյան հաղթանակերը:
Ասաց, որ առաջ ավելի լավ էին տոնում, հիմա օտարած են, մատների արանքով են նայում, կամ հոգնել են, չգիտի: Այսօր էլ հավաքվելու են ինչ-որ ակումբում, հրավիրել են, բայց չի գնացել:
Նրա խոսքով` հիմնականում տեղի հայկական եկեղեցին է կազմակերպում միջոցառումները: Եկեղեցին կազմակերպում է կազմակերպելու համար, ոչ թե արդյունքի: Ավելի բարձրաճաշակ, դասական մակարդակի միջոցառումներ է կազմակերպում Րաֆֆի Խարաջանյանը: Իսկ եթե հավաքվում են ռաբիսի տակ, իր նմանները բնականաբար չեն գնում:
Մենք անկախութուն ենք ուզում, բայց բողոքում ենք անկախությունից` նկատեցի: Մենք ասում ենք, որ փոքր է մեր հայրենիքը, բայց հեռանում ենք այդ հայրենիքից:
«Մենք անկախություն չենք ուզում, մենք ունենք անկախություն: Բայց մեդալն ունի երկու կողմ, եթե մի կողմը կա, մյուսը` չկա, ուրեմն կեղծ է: Ես համամիտ եմ միացյալ Հայաստանի գաղափարին, թողել ենք մեր պապերի հայրենիքն ու հարմարվում ենք ինչ-որ բանի, թե ինչի` չգիտեմ»,- ասաց գեղանկարիչը:
Նրա խոսքով` այդ հայրենիքը գոյություն ունի միջազգային բոլոր փաստաթղթերով, նորմերով, բայց դե ֆակտո` մնացել է թղթի վրա:
«Մեր տարածքները համարվում են օկուպացված, իսկ մեր պետական այրերը կարծես թե դրա մասին չգիտեն, կամ անտեսում են ինչ-ինչ պատճառներով»,— ասաց նա:

Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ
Հ.Գ.- Զրույցը լիտվաբնակ արվեստագետի հետ «Իրատես de facto»-ի առաջիկա համարներից մեկում

«Թողել ենք մեր պապերի հայրենիքն ու հարմարվում ենք

«ՏԱՍՆՅԱԿ ՀԱԶԱՐԱՎՈՐ ՀԱՅԵՐ ՀԱՆԳՍՏԱՆՈՒՄ ԷԻՆ ՍԵՎ ԾՈՎԻ ՀՅՈՒՍԻՍԱՅԻՆ ԱՓԵՐԻՆ, ԲԱՅՑ ՉԳԻՏԵԻՆ, ԹԵ ՈՎՔԵՐ ԵՆ ՀԱՄՇԵՆՑԻՆԵՐԸ»

«ՏԱՍՆՅԱԿ ՀԱԶԱՐԱՎՈՐ  ՀԱՅԵՐ ՀԱՆԳՍՏԱՆՈՒՄ ԷԻՆ ՍԵՎ ԾՈՎԻ ՀՅՈՒՍԻՍԱՅԻՆ ԱՓԵՐԻՆ, ԲԱՅՑ ՉԳԻՏԵԻՆ, ԹԵ ՈՎՔԵՐ ԵՆ ՀԱՄՇԵՆՑԻՆԵՐԸ»

13.03.2012 | 00:00

2004-ից Հայաստանում լույս է տեսնում «Ձայն համշենական» ամսաթերթը, որն անվճար բաժանվում է հայկական գաղթօջախներում (Աբխազիա, Կրասնոդարի երկրամաս, Մոսկվա, Լիբանան, Սիրիա, Թուրքիա, ԱՄՆ և այլուր): «Ձայն համշենական» թերթի գլխավոր խմբագիր, ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտի գիտաշխատող, «Համշեն» հայրենակցական միության փոխնախագահ ՍԵՐԳԵՅ ՎԱՐԴԱՆՅԱՆԸ գրի է առնում 18-րդ դարում արյունալի սպանդի հետևանքով բռնի կրոնափոխված համշենահայերի երգերը, հեքիաթները, զրույցները` դրանք բնագրով և գրական հայերենով ներկայացնելով թերթի էջերում: Անգամ թուրքական մամուլն է անդրադարձել այն փաստին, որ մի մարդ իր տանը, միայնակ, համշենահայերին նվիրված թերթ է հրատարակում: «Զաման» հանրահայտ թերթի «Երևանում մի տարօրինակ համշենցի» վերնագրով հոդվածը նվիրված է Սերգեյ Վարդանյանին, թեև վերջինս ծագումով վանեցի է: Նրա մասին ընդարձակ հոդվածներ են տպագրել Ստամբուլի հայտնի պարբերականները` «Բիր գյունը» և «Աքսյոնը», նաև «Ագօսը» և այլն: Հայաստանյան մամուլը ևս քանիցս անդրադարձել է նրա գործունեությանը: Նշենք, որ «խմբագրությունում»` Սերգեյ Վարդանյանի տանն են պահվում նաև համշենահայերին նվիրված ապագա թանգարանի համար տարիների ընթացքում ձեռք բերած լուսանկարները, արխիվային նյութերը, իրերն ու գրքերը: Սոչիում համշենահայերի թանգարան հիմնելու առաջարկը Սերգեյ Վարդանյանը մերժել է: «Նման հարստությունը պետք է պահվի Հայաստանում»,- ասում է նա, թեև մեր երկրում թանգարան ունենալու հույսն այնքան էլ իրական չի թվում:
-1982 թ. «Գարուն» ամսագրում տպագրվել է Ձեր` «Համշենցիները` ծանոթ և անծանոթ» վերնագրով հայտնի հոդվածը: Մի առիթով ասացիք, որ եթե հիմա գրեիք, էլի նույն վերնագիրը կընտրեիք: 
-Այո, երեք տասնամյակ է անցել, ու թեև քրիստոնյա և մահմեդական համշենահայերին նվիրված գրքեր ու հոդվածներ են տպագրվել, բայց նրանց պատմությունը, ազգագրությունը, մշակույթը մնում են քիչ ուսումնասիրված: 1981-ին, Կրասնոդարի երկրամասի և Աբխազիայի բնակավայրերում շրջագայելուց հետո, գրեցի ուղեգրություն, որից երկու հատված տպագրվեց «Գարուն» ամսագրում («Համշենցիները` ծանոթ և անծանոթ») և «Սովետական գրականություն» հանդեսում («Մայկոպյան խճանկար»): Դրանք մեծ աղմուկ հանեցին: Սփյուռքի մամուլը արտատպեց, նրանք հարց էին բարձրացնում, թե ինչպես է, որ հեռավոր Արգենտինա Հայաստանից դասագրքեր եք ուղարկում, իսկ Աբխազիայի հայկական դպրոցները դասագիրք չունեն: Այդ քննարկումների ժամանակ էլ ծնվեց «ներքին սփյուռք» տերմինը:
Տասնյակ հազարավոր հայեր հանգստանում էին Սև ծովի հյուսիսային ափերին (Սուխում, Գագրա, Սոչի, Տուապսե, Նովոռոսիյսկ, Անապա), բայց չգիտեին, թե ովքեր են համշենցիները: Ծովափից մի քանի կիլոմետր այն կողմ, լեռներում հայկական գյուղեր կային, ուր մարդիկ գյուղատնտեսությամբ էին զբաղվում, անասնապահությամբ, անգամ չէին էլ իջնում ծով:
Այդ տարիներին հայկական դպրոցները փակվում էին: Կրասնոդարի երկրամասում 1951-ին կար 140 հայկական դպրոց, 1981-ին մնացել էին 4-ը: Տխրահռչակ Մեդունով կար, Կրասնոդարի երկրամասի կոմկուսի առաջին քարտուղարն էր, նա հայկական դպրոցները փակում էր, և կամակատարներ ուներ հենց հայերի մեջ: Միշտ էլ լինում են մարդիկ, որ հեշտ ուղիով են գնում կամ չեն ուզում հակադրվել իշխանություններին: Արդյունքը լինում էր այն, որ փակվում էին հայկական դպրոցները: Խնդրին նվիրված իմ «Համշենցիները` ծանոթ և անծանոթ» հոդվածը, «Գարունի» գլխավոր խմբագիր Անժիկ Հակոբյանի գրությամբ, ուղարկեցինք Հայաստանի բարձրագույն և միջնակարգ մասնագիտական կրթության նախարարություն, որն իր հերթին դիմեց ՌԽՖՍՀ և Վրաստանի ԽՍՀ բարձրագույն և միջնակարգ մասնագիտական կրթության նախարարություններ, որից հետո որոշում կայացվեց, որ ամեն տարի Աբխազիայից, նաև Կրասնոդարի երկրամասից և Ռոստովի մարզից շուրջ 30 շրջանավարտներ առանց մրցույթի կարող են ընդունվել Հայաստանի մանկավարժական բուհեր, պայմանով, որ պետք է վերադառնան ու դասավանդեն իրենց գյուղերում: Մոտ երեսուն տարի գործել է այդ համակարգը: Վերջին շրջանում բուհական ընդունելության կարգը փոխվել է, և չգիտեմ ինչ ընթացք է ստացել ծրագիրը:
-Իսկ ինչպիսի՞ն է պատկերն այսօր: Կրասնոդարի երկրամասում և Աբխազիայում կա՞ն հայկական դպրոցներ:
-Ողբերգությունն ուրիշ տեսքով է գալիս, հիմա էլ տեղի հայերը չեն ուզում հայկական դպրոց գնալ: Կրասնոդարի երկրամասում` Ադլերում, կա մեկ հայկական դպրոց, մի քանի բնակավայրերի դպրոցներում` հայկական բաժիններ կամ ֆակուլտատիվ ժամեր: Ասեմ, որ 2010-ի մարդահամարի նախնական տվյալներով` Կրասնոդարի երկրամասում բնակվում է 281680 հայ, 15561 հայ էլ ապրում է Ադըղական Հանրապետությունում: Անշուշտ, իրական թիվն ավելին է, բայց Հայաստանից գնացածներից շատերը չեն կարողանում գրանցվել: Կրասնոդարի երկրամասում կան նաև հազարից ավելի մահմեդական համշենցիներ, ովքեր այնտեղ են գաղթել Միջին Ասիայից:
-Ենթադրում եմ` նաև լեզուն է կորչում: Հայախո՞ս են տեղի համշենցիները: 
-Շատերը կենցաղային մակարդակով են տիրապետում հայերենին: Մի մասը, մանավանդ ծովափնյա շերտը, դարձել է ռուսախոս: Մարդիկ ուզում են, որ իրենց երեխաները ռուսերեն լավ սովորեն: Իսկ լեռներում, գյուղերում, հենց Աբխազիայում ապրող մեր հայրենակիցները մինչ օրս հայերեն են խոսում, շատերը` Համշենի բարբառով: Չմոռանամ ասել, որ Աբխազիայում ներկայումս 32 հայկական դպրոց կա, բոլորն իրար հետ շուրջ 2000 աշակերտով, ինչը շատ քիչ է 40-50-հազարանոց գաղութի համար: Բնական է, որ այդ երեխաները, դպրոցի ուսուցիչները հայերեն են խոսում, բայց դարձյալ նկատելի է ռուսերենին անցնելու միտումը: Մի խոսքով, ռուսերենը հաղթում է: Աբխազիայի հայկական դպրոցներում ուսուցանում են նաև աբխազերեն:
-Ճի՞շտ է, որ համշենցիները հաճախ խուսափում են հայ ներկայանալուց, շեշտելով, որ համշենցի են: 
-Ո՛չ, ճիշտ չէ, Աբխազիայի, Կրասնոդարի երկրամասի համշենցիները, բնականաբար, իրենց հայ են անվանում, շատերն ինձ հարցնում են, թե ինչո՞ւ ենք մենք իրենց համշենցի ասում: Չգիտեն էլ` ի՞նչ է համշենցին: Որովհետև նրանց նախնիները վաղուց են հեռացել Համշենից, տեղափոխվել Տրապիզոն, Օրդու, Սամսոն, այնտեղից էլ 19-րդ դարի երկրորդ կեսին և Մեծ եղեռնի տարիներին գաղթել Կրասնոդարի երկրամաս և Աբխազիա: Դրա համար էլ իրենք իրենց կոչում են տրապիզոնցի, օրդեցի, ջնիկցի (նկատի ունեն Սամսոնը) և այլն: Միայն մահմեդական համշենահայերն են իրենց այդպես տարանջատում` դիվանագիտական լուծում տալով խնդրին: Քանի որ քրիստոնյա չեն, մահմեդական են, թուրք չեն, հայ են, ուստի Թուրքիայում խուսափողաբար ասում են, թե ծագումով Համշենի գավառից են, համշենցի են, այսինքն, չեն նշում ազգությունը։
-Բուն Համշենում հայությունը պահպանե՞լ է լեզուն, սովորույթները: 
-Մինչև 20-րդ դարի կեսերը նրանք հայերեն էին խոսում: Ներկայումս բուն Համշենում խոսում են թուրքերեն` օգտագործելով բազմաթիվ հայերեն բառեր և տեղանուններ: Ռիզեի նահանգի թրքախոս համշենցիների շրջանում ազգային ինքնագիտակցությունն արդեն խամրել է, քչերն են իրենց ծագումով հայ համարում: Շատերն էլ պարզապես տեղյակ չեն իրենց ծագմանը և կարծում են, որ իրենց օգտագործած թուրքերենում առկա ոչ թուրքերեն բառերը հատուկ են միայն իրենց գյուղին կամ էլ հունարեն են, լազերեն են կամ այլ լեզուներից փոխառված: Ես մի քանի տարի է լինում եմ Ռիզեում, Խոփայում և ապշում եմ մեր ազգի հզորության վրա. սարերում` անմատչելի բարձունքների վրա հայկական գյուղեր են հիմնել: Բայց, ցավոք, Մեծ եղեռնը ոչ միայն քրիստոնյա հայերին անդառնալի կորուստներ պատճառեց, այլև մահմեդական հայախոս համշենցիներին, որոնք կտրվեցին հայախոս շրջապատից, մեկուսացվեցին և դատապարտվեցին ձուլման:
-Համշենցին ամուսնանում է միայն համշենցու հե՞տ, ապրում են զգույշ ու մեկուսացա՞ծ: Ճշմարտամո՞տ է այս պատկերացումը: 
-Պարզ չէ՞, որ գյուղի բնակիչները մեկը մյուսի հետ պիտի ամուսնանան: Անտեղյակ մարդիկ այնպես են ներկայացնում համշենցիներին, որ, թվում է, հնդկացիական ցեղերի մասին են խոսում, ոչ թե 21-րդ դարի Թուրքիայում ապրողների: Մեծ քաղաքներ ուսման կամ աշխատանքի մեկնածների մեջ շատ մեծ է խառնամուսնությունների թիվը: Բավական մեծ է նաև արտագաղթը Թուրքիայի արևմտյան քաղաքներ, նաև ԱՄՆ, եվրոպական երկրներ: Կա նաև մեկ ուրիշ հետաքրքիր երևույթ. սահմանների բացվելուց հետո Թուրքիայի Խոփայի գավառի համշենցիները, որոնք շուրջ 25 հազար են, Ռուսաստանի և Միջին Ասիայի մահմեդական համշենցիներից 30-40 հարս են բերել: Այդ երևույթն էլ կա: Հիմա «մոդայիկ» է դարձել, շատերն են խոսում համշենահայերի մասին, վերլուծություններ անում` առանց նրանց տեսնելու և ուսումնասիրելու: Մեր մամուլում իսլամահայերի մասին ինչ անհեթեթություն ասես գրվում է: Ապշում եմ, որովհետև սովորական ստախոսություն չէ: Չնայած անվնաս սուտ չկա, մի սուտը երկրորդ սուտն է բերում: Իբրև օրինակ` Ղրղզստանի համշենահայերի գաղթի մասին լուրը, որը ողողել էր ողջ մամուլը: Թերթերը գրում էին, թե 250 ընտանիք տեղափոխվում է Ղրղզստանից Լեռնային Ղարաբաղ, այն դեպքում, երբ ամբողջ Ղրղզստանում 250 համշենահայերի ընտանիք կա: Բնական է, որ բոլորը մեկ մարդու պես չէին կարող տեղափոխվել: Նույն ինֆորմացիան տարածվեց նախ թուրքական, հետո այլ երկրների մամուլում: Այս անհիմն, սուտ տեղեկատվությանը հաջորդեցին միջազգային ատյաններ ադրբեջանցիների բողոքները, որ հայերը միջէթնիկական լարվածություն են առաջացնում` Ղրղզստանի մահմեդական հայերին բնակեցնում են զավթած տարածքներում: Իսկ Ղրղզստանում մեծ թիվ են կազմում էթնիկ ադրբեջանցիները, որոնք ապրում են համշենցիների հետ նույն ավանում, նույն քաղաքում, աշխատում նույն հիմնարկում, և լավ է, որ արյունահեղություններ չեղան, քանզի մահմեդականները նրանց կարող էին մեղադրել դավաճանության մեջ, որ գնում են Ղարաբաղ: Մեկ կայծը բավական էր: Օշի մարզում, որտեղ հիմնականում ապրում են կրոնափոխ համշենցիները, միշտ էլ միջէթնիկական լարվածություն է եղել, ինչին ես ինքս եմ քանիցս ականատես եղել: Զարմանալի է, որ ընտանեկան, անձնական կյանքում չափազանց գաղտնապահ հայերս ազգային հարցերում անկառավարելի բացբերան ենք:
-Ղրղզստանում բնակվող համշենահայերի տեղափոխման ծրագիր չի՞ եղել, չէ՞ որ լուրերը հենց այնպես չեն տարածվում:
-Ընդամենը մեկ հոգի էր եկել, որ ծանոթանա Հայաստանին և վերադառնա` ներկայացնելու պայմանները: Իմ հին ծանոթներից էր, այցելեց նաև ինձ: Ժամանակին եղել եմ նրա ծնողների տանը: Մի հինգ ամիս առաջ զանգահարեցի, հարցրի` քանի՞ ընտանիք է մտադիր տեղափոխվել, ասաց` նախնական տվյալներով, առայժմ մի 10 ընտանիք: Այնպես, որ, պետք չէր աշխարհով մեկ շեփորահարել:
-Իսկ ե՞րբ են Ղրղզստանում կրոնափոխ համշենցիներ հայտնվել: 
-Նրանք 1944-ին են Ստալինի կարգադրութամբ Աջարիայից Միջին Ասիա աքսորվել: Ես 1984-ին և 1987-ին եղել եմ Միջին Ասիայում: Այդ տարիներին Ղրղզստանում, Ղազախստանում և ՈՒզբեկստանում ապրող մեր հայրենակիցներն ուզում էին տեղափոխվել Հայաստան: Երեք-չորս հազար համշենահայություն կար: Պետք է պետականորեն կազմակերպվեր ներգաղթը: Նույնիսկ այնտեղից ներկայացուցիչներ եկան, նրանց հետ շրջագայեցի Հայաստանում: Սակայն կոմկուսը մերժեց` չգիտեմ ինչ պատճառով: Սերո Խանզադյանի «Նողկալի մերժում», «Փակ դռների հետևում» հոդվածներն այս խնդրին էին վերաբերում:
-Երկար տարիներ ստանձնել եք համշենցիների բարբառը, բանահյուսությունը, սովորույթները մոռացությունից փրկելու ինքնակամ առաքելությունը: Համշենցիները ջերմորե՞ն են ընդունում Հայաստանի հայերին, թե՞ ավելի շատ զգուշանում են: 
-Կրասնոդարի երկրամասի, Աբխազիայի ամենախուլ տեղերում անգամ հայաստանցի հայեր կան: Այնտեղ ռուսախոս միջավայր է, շփումը մեծ է: Հայաստանում էլ շատ կան ծագումով համշենցիներ, այդ թվում` բազմաթիվ նշանավոր մարդիկ: 1992-ից գործում է «Համշեն» հայրենակցական միությունը: Թուրքիայի կրոնափոխ համշենահայերը, բնական է, զգուշանում են: ՈՒզում են իմանալ` ինչո՞ւ ես իրենց բանահյուսությունը գրի առնում, կամ ինչո՞ւ ես լուսանկարում իրենց: Մի մասի համար դու օտար երկրի քաղաքացի ես, մտավախություն ունեն, որ այցելությունդ քաղաքական հետևանք կարող է ունենալ: Թուրքիայի համշենահայերի շրջանում շատ են վարորդները, շուրջ 100 հոգի հաճախ է լինում Հայաստանում, ծանոթ է մեր սովորույթներին։ Ասեմ, որ ոմանք հյուրընկալվել են մեր տանը, և իրենք էլ ջերմորեն ընդունում են մեզ:
Զրույցը` Արմինե ՍԱՐԳՍՅԱՆԻ

Սկզբնաղբյուրը` http://www.irates.am/hy/Wy5D4kOMJWxukD3vAmTtjKVmcU

Заметка

Կաննում էլ, ինչպես տեսնում ենք, հաղթում է «գեղեցիկը»

Կաննում էլ, ինչպես տեսնում ենք, հաղթում է «գեղեցիկը»

27.05.2013 | 12:55

Կաննի 66-րդ կինոփառատոնի գլխավոր մրցանակը շնորհվել է ֆրանսիացի կինոռեժիսոր Աբդելատիֆա Քեշիշին` «Ադելի կյանքը» ֆիլմի համար, որը պատմում է միասեռականների սիրո մասին: Երկու աղջիկների սիրո պատմությունը ցնցել է հանդիսատեսին:

Ռեժիսորը ցանկացել է գեղեցիկ սիրո պատմություն ցույց տալ: Կաննում էլ, ինչպես տեսնում ենք, հաղթում է «գեղեցիկը»:
Անցյալ տարի «Ոսկե արմավենու ճյուղը» նվաճեց ավստրիացի ռեժիսոր Միխայել Հանեքեի «Սեր» ֆիլմը, որով, ի դեպ, ամփոփվեց «Ոսկե ծիրան» Երևանի 9-րդ միջազգային կինոփառատոնը: Էլի գեղեցիկ սիրո պատմություն, կյանքի 8-րդ տասնամյակը թևակոխած ամուսնական զույգը դաժան փորձության է ենթարկվում, ամուսինը սպանում է կնոջը` հիվանդության տառապանքից ազատելու համար:
Մեկնաբանություներնն ավելորդ են: Ամեն դեպքում, վատ, ցածրարժեք, էժանագին կինոյից բողոքելուց զատ` պետք է մի հարց էլ բարձրացնել` ո ՞ւր է տանում, այսպես կոչված, «լավ» կինոն:

Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Կաննում էլ, ինչպես տեսնում ենք, հաղթում է «գեղեցիկը»

Заметка

«Դորիանսը» երկրպագուների հետ կհանդիպի «Գաֆէսճյանում»

«Դորիանսը»  երկրպագուների հետ կհանդիպի «Գաֆէսճյանում»

27.05.2013 | 12:54

Հունիսի 1-ին «Գաֆէսճյան» արվեստի կենտրոնի ամենամյա համերգային ծրագրի շրջանակում բացօթյա անվճար համերգով հանդես կգա «Dorians» ռոք-խումբը:

«Գաֆէսճյան» արվեստի կենտրոնի առաջարկը տղաները հաճույքով են ընդունել, ուրախ են, որ ելույթ ենք ունենալու Երեխաների պաշտպանության միջազգային օրվա առիթով և խոստանում են անակնկալ մատուցել` տոնին համահունչ: Սա նաև առիթ է շնորհակալություն հայտնելու երկրպագուներին, որոնք եվրատեսիլյան օրերին աջակցել, նաև դրական էմոցիաներ են հաղորդել «Մալմյո արենայում» Հայաստանը ներկացնող ռոք-խմբին:
Կարելի է ենթադրել, որ հունիսմեկյան համերգում կհնչի նաև «Lonley planet»` «Միայնակ մոլորակը» երգը, որ նոր-նոր է «վերադարձել» «We Are One»` «Մենք մեկ ենք» կարգախոսը որդեգրած երգի հեղինակավոր մրցույթից:
Ա. Ս.

 

«Դորիանսը» երկրպագուների հետ կհանդիպի «Գաֆէսճյանում» 27.05.2013 | 12:54 Հունիսի 1-ին

Заметка

«Սյունիքի մարզում ծառերը դարձել են պատմության թշնամի»

«Սյունիքի մարզում ծառերը դարձել են պատմության թշնամի»

26.05.2013 | 14:00

Անվերջ խոսվում է այն մասին, թե մարդկային ձեռքը (թեև` ոչ միայն) ինչքան վնաս է հասցնում իրեն շրջապատող բնությանը: Վերկանգնող-ճարտարապետ, «Երկիր և մշակույթ» կազմակերպության կենտրոնական վարչության խորհրդի անդամ Ստեփան Նալբանդյանը մատնանշում է մեկ այլ երևույթ, երբ բնությունը վնասում է պատմությանը: Դարձյալ մարդկային անտարբեր վերաբերմունքի, անհետևողականության արդյունքում:
«Սյունիքի մարզում ծառերը դարձել են պատմության թշնամի»,— ասում է վերկանգնող-ճարտարապետը` ներկայացնելով Սևաքար գյուղի Սբ Հռիփսիմե, Շիկահող գյուղի Սբ Ստեփանոս Նախավկայի , Երկենանց գյուղի Սբ. Աստվածածին, Բեխ ավանի` Տանձափարախի անապատի Սբ Աստվածածին եկեղեցիների ծառածածկ վիճակը պատկերող լուսանկարները:
Անցյալ տարի (Ստեփան Նալբանդյանի ղեկավարությամբ) գիտարշավ էր կազմակերպվել, որի ընթացքում մաքրվել էին ՍյունիքիմարզիԲեխիկամՏանձափարախիանապատի խոտածածկ խաչքարերը, սրբապատկերները, վանական համալիրի ներսի աղբի կույտերը, քանդված քարերը: Հատվել էին ծառերը, որոնք աճել էին անգամ վանքի պատերի մեջ: Նշենք, որ վանական համալիրը, որի կենտրոնում գտնվում է բազիլիկ եկեղեցին, Կապան քաղաքի Բեխ թաղամասից մոտ 5 կմ հեռավորության վրա է, խիտ անտառի մեջ: Գիտարշավը շարունակվելու է նաև այս տարի: Նախատեսվում են տարածքի մաքրման, ծառազրկման, որոշակի ամրակայման աշխատանքներ, նաև հնագիտական ուսումնասիրություններ, Ճարտարագիտական չափագրումներ, որոշ հատվածներում` պեղման աշխատանքներ:
Ստեփան Նալբանդյանը փաստեց, որ Սևաքարում, Շիկահողում նույնպես իրականացնելու են անհրաժեշտ աշխատանքներ: Հոգածությունից, սակայն, դուրս է մնում Երկենանցի Սբ Աստվածածին եկեղեցին: «Տեղական և մարզայինիշխանություններին խնդրել ենք` գոնե կտրել ծառը, որ արմատներ է գցել եկեղեցու պատերի մեջ ու ավերում է հնամենի սրբավայրը»,- ասաց վերականգնող-ճարտարապետը, նշեց, որ իրենք պատրաստ են մասնագիտական աջակցություն ցույց տալու` ծառը հատելիս, բայց վստահ չէ, որ ինչ-որ բան կարվի:
Ի դեպ, նշված եկեղեցին գտնվում է գյուղի կենտրոնում:

Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

«Սյունիքի մարզում ծառերը դարձել են պատմության թշնամի» 26.05.2013 | 14:00

Заметка

 

Արևամուտը կլինի առանձնահատուկ

Արևամուտը կլինի առանձնահատուկ

25.05.2013 | 23:50

Մայիսի 26-ի երեկոյան տեղի կունենա հազվագյուտ և գրավիչ երկնային երևույթ` մոլորակների եռակի միացում, երբ երեք մոլորակ դիտվում է երկնքի մի հատվածում` իրար շատ մոտ: Այս անգամ իրար մոտ կդիտվեն Վեներան, Յուպիտերը և Մերկուրին:

Այս մասին տեղեկացնում են հայկական աստղագիտական ընկերությունից:
Արևամուտը կլինի առանձնահատուկ: Այս միացումը դիտարժան է, քանի որ մասնակցում են մայիսին դիտվող երեք ամենապայծառ մոլորակները: Նույնիսկ քաղաքային պայմաններում երևույթը շատ լավ դիտվելու է:

Հետաքրքիր տեսարանը կշարունակվի մի քանի օր, քանի որ մոլորակներն աստիճանաբար են մոտենում և հեռանում: Ավելին, մայիսի 28-ին Վեներան և Յուպիտերը կդասավորվեն իրար ամենամոտ դիրքերում` 1 աստիճան հեռավորության վրա:

Հարկ է նշել, որ Մերկուրիի, Վեներայի և Յուպիտերի միացումը կկրկնվի 43 տարի անց` 2056-ի փետրվարի 27-ին:

  Արևամուտը կլինի առանձնահատուկ 25.05.2013 | 23:50 Մայիսի 26-ի երեկոյան

Заметка

Հեծանվորդների մրցավազք՝ Երևանում

Հեծանվորդների մրցավազք՝ Երևանում

25.05.2013 | 15:15

Մայիսի 26-ին՝ ժամը 14.30-ին Շահումյանի հրապարակից կմեկնարկի «Ճանաչիր Երևանը» խորագրով մրցույթ-հեծանվավազքը։

Մրցող թիմերը ներկայացնում են երիտասարդական, հասարակական կազմակերպություններ, ուսանողական խորհուրդներ, այլ կազմակերպություններ։
«Ճանաչիր Երևանը» երիտասարդական, սպորտային ծրագիրը կազմակերպել են Հայաստանի երիտասարդական հիմնադրամը, «ՀԱՅԱՍԱ» երիտասարդական ՀԿ-ն՝ «Հեծանիվ+» ՀԿ-ի հետ համագործակցությամբ։
Կազմակերպիչների խոսքով` ծրագիրը նպատակ ունի համախմբել հասարակական ոլորտի ակտիվ երիտասարդներին, խթանել առողջ ապրելակերպն ու ակտիվ հանգիստը, ընդգծել հեծանվի՝ որպես տրանսպորտային միջոցի այլընտրանքի կարևորությունը։
Հիշեցնենք, որ անցյալ տարվա աշնանը Երևանի քաղաքապետի հանձնարարությամբ` մայրաքաղաքում բացվեց փորձնական առաջին հեծանվուղին, որը սկիզբ է առնում Օղակաձև զբոսայգու «Առագաստ» սրճարանին հարող հատվածից և շարունակվում է մինչև Զորավար Անդրանիկի արձանի հարակից տարածք: Նշվում էր, որ հեծանվային տրանսպորտի մշակույթի զարգացման հետ համատեղ՝ հետագայում մայրաքաղաքում կառանձացվեն նոր երթուղիներ:
Տարատեսակ ակցիաներ պարբերաբար կազմակերպվում են մեզ մոտ, բայց հեծանվով երթևեկելու ավանդույթի ձևավորման մասին խոսելը կարծես դեռ վաղ է:

Հեծանվորդների մրցավազք՝ Երևանում 25.05.2013 | 15:15 Մայիսի 26-ին՝ ժամը 14.30-ին