Заметка

Աշխարհը` գրպանում

Աշխարհը` գրպանում

28.02.2014 | 14:53

Տարեցտարի ավելանում են Facebook-ի բջջային օգտագործողները, ըստ որոշ տվյալների, դրանց թիվը հասնում է մեկ միլիարդի: Մասնագետները պնդում են, որ 21-րդ դարի քաղաքացին բջջային հեռախոսը օրական ձեռքն Է վերցնում մոտ 80 անգամ: Իհարկե, ոչ միայն զանգելու նպատակով: Կարելի է լուսանկարել, տեսագրել, ձայնագրել, խաղեր խաղալ, հաղորդագրություններ ուղարկել-ընդունել, սոցցանցերից օգտվել, կամ պարզապես ձեռքը վերցնել` զգալու համար, որ աշխարհն ափի մեջ է: Առանց հեռախոսի տառացիորեն միայնակ ես ու անպաշտպան: Ի հայտ է եկել նոր տերմին` նոմոֆոբիա, (no mobile phobia), այսինքն` առանց հեռախոսի մնալու վախ:

Կարելի է եզրակացնել նաև, որ մեր մոլորակում ավելացել է միայնակ մնացածների թիվը: Եվ միայնակ մարդկանց զգալի մասը շրջում է` աշխարհը գրպանում:

Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Заметка

«Ներառական կինոյի 60 վայրկյանները»

«Ներառական կինոյի 60 վայրկյանները»

28.02.2014 | 12:08

Բրիտանական ֆիլմերի 12-րդ փառատոնի հատուկ հյուր և «Պարզամիտ Ջիմը» ֆիլմի ռեժիսոր Մեթ Հալսը փետրվարի 23-27-ին դասընթացներ է անցկացրել «Թումո» կենտրոնում:

Դասընթացից հետո պատանիները նկարահանել են մեկրոպեանոց ֆիլմեր: Լավագույն ֆիլմերի հեղինակները պարգևատրվել են սմարթֆոններով: «Ներառական կինոյի 60 վայրկյանները» մրցույթում հաղթել է Մարիամ Բորեցյանի և Մարիա Սարգսյանի համատեղ ֆիլմը, Մարինե Ղազարյանի, Տիգրան Ղալեչյանի աշխատանքները ճանաչվել են լավագույնները:
«Դասընթացի մասնակիցներին փորձել եմ սովորեցնել, որ պատմության վիզուալ ներկայացումը շատ կարևոր գործոն է: Ոչ բոլոր ֆիլմերը պետք է ծանրաբեռնված լինեն երկխոսություններով, կինոն նաև պատմությունների վիզուալ ներկայացումն է` հնչունային բաղադրիչի ստեղծագործ օգտագործմամբ: Սրանք են այն ոլորտները, որոնց վրա փորձել ենք կենտրոնանալ դասընթացների ընթացքում»,- նշել է Մեթ Հալսը:

Заметка

Գրադարանները համալրվում են

Գրադարանները համալրվում են

27.02.2014 | 18:19

Մայրաքաղաքի գրադարանները համալրվում են նոր գրականությամբ, այս մասին տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանից: Այսպես, 2013-ի գրադարանային ֆոնդն ընդհանուր առմամբ կազմել է 1 միլիոն 712136 կտոր գրականություն: 2012-ի համեմատ այն ավելացել է 16432 գրքով: Եթե 2012-ին գրադարանն ունեցել է 26227 ընթերցող, ապա 2013-ին` 36269: Խոսքն ինչպես գեղարվեստական, այնպես էլ մասնագիտական գրքերի մասին է:

Մեր տեղեկություններով` Հայաստանի գրադարանների 95 տոկոսը չի համալրվում նոր գրականությամբ: Գրադարանները եթե անգամ մեծ հետաքրքրություն ներկայացնող գիրք են ձեռք բերում, քանակը սահմանափակ է: Մեղմ ասած` գրադարանները չունեն ընթերցողին առաջարկելու նոր և լավ գրականություն: Մարզային գրադարանների մասին, գերադասում ենք լռել:

Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Заметка

Արվեստ ու լեգենդ` հայկական նախշերով

Արվեստ ու լեգենդ` հայկական նախշերով

27.02.2014 | 17:30

Երևանյան «Արտ և Լեգենդ» նորաբաց ցուցասրահի ձեռագործ աշխատանքներում և գեղանկարներում գերիշխում են հայկական զարդանախշերը, խորհրդանիշերն ու գույները: «Արտ և Լեգենդ» ՍՊԸ-ի հիմնադիր տնօրեն Անետ Բեքերը գերմանուհի է, ապրում է Ֆրանսիայում: Հետաքրքիր երազանք ունի, ուզում է, որ մի օր Հայաստանում հնարավոր լինի հող մշակել, վուշ ցանել, կտոր գործել ու արտադրել: Հույս ունի, որ հետագայում իրենց կմիանան նաև հայ արվեստագետները, գորգագործները, փայտագործները և այլք, միասին հայկական մաքուր արտադրանք կստեղծեն: Կազմակերպության գործադիր տնօրեն Արմինե Խաչատրյանը մեզ հետ զրույցում ասաց, որ աշխատում են սահմանամերձ գյուղերի կանանց հետ, որ աշխատանք չունեն, բայց ունեն շնորհք, ու դա այնքան թաքցված է, պետք է ջրի երես հանել:

Կազմակերպիչների խոսքով` այսօր մեր հայ պարողների շորերի վրա թուրքական նախշեր են կարում։ «Արտ և Լեգենդ»-ի նպատակը հայկական մաքուր արտադրանքը վերստեղծելն է, չկորցնելը այն, ինչ ունենք:
ՈՒշագրավ են նաև Անետ Բեքերի հայաստանյան լուսանկարները, որոնք առանձին բաժնով ներկայացված են ցուցասրահում:

http://www.irates.am/hy/1393507824
Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Заметка

«Գառնիում որտեղ բահը խփես, հնագիտական շերտ է»

27.02.2014 | 16:13

«Գառնի» պատմամշակութային արգելոց-թանգարանի տարածքում գարնանը սեզոնային սրճարան կտեղադրվի: Մատուցվելու են թեթև սնունդ, սուրճ, թեյ, տեղական գաթա, մրգեր: Կառույցը մոնումենտալ չի լինելու, տեղադրվելու են սեղաններ, աթոռներ և համապատասխան ծածկ: Նախագիծը առաջացրել է հասարակական տարբեր շերտերի դժգոհությունը, նախագծին դեմ է արտահայտվել նաև համայնքի ղեկավարը:

«Հանրությունը լավատեղյակ չէ, թե ինչ է կառուցվում և ինչու: Նորմալ նախագիծ է, համահունչ ճարտարապետական միջավայրին: Ես բազմաթիվ եվրոպական երկրներում եմ եղել ու չգիտեմ որևէ պատմամշակութային հուշարձան, ճարտարապետական կոթող, որին կից չլինեն հուշանվերների խանութ, սրճարան, առևտրի տաղավարներ, սանհանգույց և այլն: Հիմա, եթե խնդիրը դրվեր, որ պետք է սանհանգույց կառուցել, կարելի՞ էր, թե՞ չէ: Արգելոցի տարածքում հուշանվերների կրպակներ կան, ինչո՞ւ ոչ ոք դրա մասին չի խոսում»,- խնդրի շուրջ իր կարծիքը հայտնեց վերականգնող-ճարտարապետ ՍՏԵՓԱՆ ՆԱԼԲԱՆԴՅԱՆԸ: Նա դեմ չէ սրճարանին, բայց ունի նաև իր տեսակետը. արգելոցում կարող էին շարժական սրճարաններ լինել, իսկ եթե սրճարանն այնուամենայնիվ կառուցվելու է, պետք վերահսկում լինի, որ չվերածվի կերուխումի տարածքի:
Դեմ արտահայտվողներն ասում են, որ հնագիտական շերտի վրա է կառուցվում սրճարանը: Ճարտարապետը նշեց, որ Գառնիում որտեղ բահը խփես (պարսպից դուրս էլ), հնագիտական շերտ է: Վերնիսաժում վաճառվող ամենահայտնի հնագիտական իրերը «գանձագողերը» Գառնիից են բերում: Այլ հարց է, որ նախապես պետք է հետազոտվի տարածքը, որը, ըստ նրա, ուսումնասիրվել և հետազոտվել է: «Կարող եմ ասել նաև, որ «Գառնի» պատմամշակութային արգելոց-թանգարանում անելիքներ շատ կան»,— եզրափակեց իր խոսքը ճարտարապետը:

http://www.irates.am/hy/1393503311

Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Заметка

«Վահանը մեծ մարդ էր, դիմացինին խնայող, բարի կամեցող, անհանգիստ, անհուսահատ»

«Վահանը մեծ մարդ էր, դիմացինին խնայող, բարի կամեցող, անհանգիստ, անհուսահատ»

26.02.2014 | 16:43

«Մի օր խմբագրի սենյակ մտավ նիհարիկ մի տղա, անմարմին ու շատ սիրուն աչքերով: Բանաստեղծություններ էր բերել: Այդ տղան Վահան Վարդանյանն էր,- վաղամեռիկ բանաստեղծ Վահան Վարդանյանի մահվան տարելիցին նվիրված հուշ-ցերեկույթում գրող, հրապարակախոս, հասարակական գործիչՄԵՐՈՒԺԱՆ ՏԵՐ-ԳՈՒԼԱՆՅԱՆԸ պատմեց «Գարունում» իրենց հանդիպման մասին:- Ես չեմ սիրում բանաստեղծությունները հեղինակի ներկայությամբ կարդալ: Ասում եմ՝ կզանգահարեմ կամ այսինչ օրը կգաս: Ինչ-որ է: Կարդացի ու հիացա իրենով, կարդացի ու զարմացա»:

Վահանին շատ սիրով ընդունում են «Գարունի» ընտանիք: Նա կայանում է որպես բանաստեղծ, դրամատուրգ: Գալիս են մութ ու մռայլ տարիները: «Գարունը» սկսում է հուսահատ թպրտալ, գրական մամուլը խեղճանում է, որևէ տպավորություն չի թողնում, հասարակական որևէ կարծիք չի ձևավորում, ու հանկարծ ստեղծվում է «Նարցիս» ամսագիրը, որ գալիս է փրկելու, վերակենդանացնելու գրական դաշտը։
«Վահանը մեծ մարդ էր, դիմացինին խնայող, բարի կամեցող, անհանգիստ, անհուսահատ, որքան պինդ էր իր սկզբունքների մեջ, այնքան փխրուն է կյանքում,— շարունակեց իր խոսքը Մերուժան Տեր-Գուլանյանը:— Պիտի խնայենք իրար, այնպես, ինչպես Վահանն էր անում: Այնքան մեծ բան է իրար խնայելը, պարոնայք, տիկնայք, օրիորդներ»:
«Վահանին բնութագրել ու հոգևոր խորությունները չտեսնել նշանակում է նրա պոեզիայի մասին համարյա ոչինչ չասել»,- ասաց «Նարցիս» ամսագրի խմբագիր ՇԱՆԹ ՄԿՐՏՉՅԱՆԸ, նկատելով, որ նա այն բացառիկներից էր, ով հոգևոր տարածքներին տիրություն էր անում, տեսնում էր շատ բան: Գրողը հորդորեց բարի լույսերով հիշել իր ընկերոջը:
Գրականագետ ԱՐՄԵՆ ԱՎԱՆԵՍՅԱՆԸ նշեց, որ Վահան Վարդանյանն իր պիեսները գրել է բանաստեղծություններով:«Հայ թատրոնը դեռևս պատրաստ չէ ներկայացնելու նրա դրամատուրգիան, մի շատ հետաքրքիր ցնորք ունեցող համաշխարհային ռեժիսոր բազմաթիվ ժանրերով կարող էր բեմադրել` դրամայից սկսած մինչև ողբերգություն, մյուզիքլ, մոնոդրամա: Վահան Վարդանյանի խոսքը անպայման պետք է տեղ հասնի»,— ասաց գրականագետը:

http://www.irates.am/hy/1393418710
Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Заметка

«Դժբախտաբար, հայտնի դառնալը որոշում են պատկերասրահների տերերը»

«Դժբախտաբար, հայտնի դառնալը  որոշում են պատկերասրահների տերերը»

25.02.2014 | 11:31

Սա մեր արևն է, մեր ժամանակը: Արևը նշանակում է կյանք, էություն: Թռչունները ժամանակն են պահում, զանգակները հուշում են, որ ժամանակն անդադար անցնում է: Կտավին նայելիս հասկանում ես, որ եթե կյանքը սկսվում է, ուրեմն պետք է նաև վերջանա: «Սա առասպել չէ, մենք գիտենք, որ ծնվում ու մահանում ենք,-ասում է ֆրանսահայ գեղանկարիչՄԱՐՏԻԿ ՆԵՐՍԵՍՅԱՆԸ:— Կտավում պատկերված սլաքները հիշեցնում են, թե կյանքի որ հատվածում ենք, նայած տարիքին: Զանգակներն ասում են` ճիշտ ապրեք ձեր կյանքի ժամանակը, ամեն սլաք կարող է վերջինը լինել»:
Մարտիկ Ներսեսյանի աշխատանքներին ծանոթացա «Արտ և լեգենդ» երևանյան նորաբաց պատկերասրահում: Հայրենիքում ցուցահանդես դեռ չի ունեցել: Նրան նոր-նոր են սկսում ճանաչել: Ամեն կտավը մի պատմություն ունի: «Կորսված հայրենիք» կտավում ծառի (հայ ազգի) կտրված արմատները նորից ծաղկում են ու տարածվում: Ասում են` կյանքը ջրից է սկիզբ առել. «Նախակյանքը» հենց դրա մասին է: «Ազատագրված միտք», «Մի երեկո», «Չորս եղանակ», «Հայուհի», «Կյանքի վեց անիվները»: Նկարիչը համոզված է, որ մենք անցնում ենք վեց ժամանակի, վեց օղակի միջով: Հույները, մայաները, չինացիները, արիացիները, մեծ ազգերը հավատացել են սրան: Կյանքի ու մահվան անիվների միջով անցնելուց հետո նորից հառնում ես` որպես սերմ, ծառ, քար, վագր կամ մարդ արարած, ու նորից անցնում կյանքի օղակների միջով: Կենտրոնում արևն է: «Մինչ օրս մենք «արև»-ով ենք երդվում և եկեղեցիներում ունենք մեր կրակը, որը չվերացրեց քրիստոնեությունը: Իսլամը վերացրեց, իրենց մզկիթներում լույս չկա»,-ասում է գեղանկարիչն ու պատմում, որ նկարում է մածկաթիակով (шпатель), ներկն առանց բացելու է գործածում, միլիմետր-միլիմետր շարում է գծերը` առանց սխալվելու իրավունքի: Որովհետև մաքրել ու նորից նկարել չի կարող: Ասում է, որ կապ չունի՝ ինչ ներկով ես նկարում, կտավի՞ վրա ես նկարում, թե՞ փայտի, կարևորը միտքն է: Վերացական նկարներ էլ ունի: «Բայց ոչ թե աբստրակտ, այլ ֆիգուրատիվ աբստրակտ,-ասում է նա:— Մի թեթև ձև եմ տալիս, որ նայողը հասկանա` ինչ է տեսնում, քառակուսի չեմ նկարում և ասում` սա խնձոր է»: «Տոհմածառ» կտավում տեսնում ենք հայոց տառերը: «Հրահանգը» ավանդույթների մասին է, «Լքյալը» մի նավակ է, որ ամբողջ կյանքում ձուկ ու հաց է տվել ձկնորսին ու հիմա լքված է, թողել են, մոռացել: Գուցե դա միայնակ կին է, չիրագործված երազանք, կամ հենց լքված նավակ, ու նայելիս տխրում ես լքյալի համար:
«Սուրբ Գայանեի ծաղիկ ծախողին» գեղանկարիչը Ֆրանսիա հասնելով կտավին է հանձնել, ասում է` մի քիչ ավելի երիտասարդացրել եմ, բայց նա հոգու խորքում հենց այդպիսին է: «Փրկված ծաղիկ». տուն, ուր մութ է, տխուր, բայց մի ծաղիկ կա, լույսի մի կտոր: 
Հարցրի` Ցեղասպանության թեմայով աշխատանք ունե՞ք: «Իսկ սա ի՞նչ է, նա ի՞նչ է»,— ասաց` ցույց տալով սրահի գրեթե բոլոր կտավները:

-Ձեզ գիտե՞ն դրսում: Ցուցահանդեսներ ունենո՞ւմ եք:
-Դպրոցն ավարտելուց անմիջապես հետո սկսել եմ զբաղվել նկարչությամբ: Կլինի շուրջ 40 տարի: ՈՒնեցել եմ մեծ թվով անհատական ու խմբակային ցուցահանդեսներ` տարբեր երկրներում: Պատկերասրահում փակցված նկարները Հայաստանին եմ նվիրել, դեռ էլի աշխատանքներ եմ բերելու: Սա էլ իմ փափագն է: Ես իմ կյանքի գործն արել եմ: Տարբեր երկրներից հաճախորդներ ունեմ: Հազարավոր նկարներ ունեմ դրսում: Հիմա նկարում եմ ինքս ինձ համար և ուզում եմ ապրել իմ երկրում:
-Ձեր ընտանիքը կգա՞ Հայաստան:
-Մեծ ընտանիք չունեմ: Հայրս և մայրս որբ են եղել՝ Ցեղասպանությունից մահապուրծ: Եղբայրս մահացել է, կինն ու երկու զավակներն ապրում են Ֆրանսիայում: Տղաս` Հայկը, մոր հետ ապրում է ԱՄՆ-ում: Խոստացել է, որ կգա Հայաստան:
-Կգա, կգնա՞:
-Չես իմանա, ես հայ եմ մեծացել, նա էլ հայ է մեծացել, այսօր չգա, վաղը կգա: Ես էլ երեկ չեմ եկել: Այսօր եմ եկել:
-Ինչպե՞ս եք նայում այն երևույթին, որ այսօր էլ են գնում:
-Գնում են, ոչ թե որովհետև չեն սիրում իրենց երկիրը, այլ որովհետև ընտանիք պահելու խնդիր ունեն, չեն գտնում մի ճանապարհ, որ նորմալ կերպով, առանց գողության, խարդախության ապրեն: Դժբախտաբար նրանք են գնում, որ պետք են այս երկրին: Նրանց տեղը լրացնում են շրջաններից եկածները: Փողոցով քայլում ես, զգում ես, որ քաղաքի մակարդակն այն չէ: Հայաստանը բաժանվել է երեք մասի. մի մասը լավ է ապրում, գողանում է, ստում, նրանք քանակով քիչ են, բայց վերցրել են իրենց ձեռքը ամբողջ ներվերը քաղաքի ու երկրի: Մի մասը, որ նույնպես մեծ թիվ չի կազմում, քիչ թե շատ ապահով է ապրում: Եվ արդեն կա մեծ թվով ժողովուրդ, որին խաբել են հեռուստատեսությամբ, ամերիկյան դատարկ ֆիլմերով, գիրք չեն բացում և դժվարությամբ են ապրում: Եթե այսպես շարունակվի, չգիտեմ ինչ է լինելու հետո: Սփյուռքահայերը ոչ մի բան չեն կարող անել: Մենք սիրում ենք Հայաստանը, փորձում ենք օգնել, իմանալով, որ հաճախ մեր տված մեկ եվրոյից 10 ցենտ է տեղ հասնում, ու հենց այդ 10 ցենտի համար ենք օգնում: Այնպես չէ, որ հիմար ենք, չենք հասկանում:
-Ասում են` Ցեղասպանության մոտեցող 100-ամյակին Թուրքիային ավելի շատ մտահոգում է հայկական սփյուռքը:
-Թուրքիան նման մտահոգություն չունի: Եվրոպան ամենից առաջ իր շահի մասին է մտածում: Նա 70-միլիոնանոց ժողովրդին չի փոխի 2-միլիոնանոց երկրի հետ, որը չունի նավթ, ոսկի, ուրան:
-ՈՒրեմն 100-րդ տարելի՞ցն էլ ոչինչ չի փոխի:
-Ցեղասպանությունը ճանաչելուց հետո Թուրքիան պիտի վերադարձնի ներկայումս իրեն պատկանող հողերի մի մասը: Արդյոք կարո՞ղ է իր ժողովրդին ասել, որ 100 տարի սուտ են խոսել, ցեղասպանություն են կատարել: Կան հստակ հաշվարկներ, որ Եվրոպան 35 տարի հետո իսլամական երկիր է դառնալու: Ամերիկան էլ հեռու չէ, նա էլ խնդիր ունի, Ռուսաստանն էլ: Ի՞նչ եք կարծում` Հայաստանն ինչպե՞ս պետք է դիմանա այս ամենին: Եթե ինչ-որ բան պետք է փոխվի, դա պետք է լինի հիմա:
-Իսկ Եվրոպային չի՞ մտահոգում իր՝ մուսուլմանական երկիր դառնալու վտանգը: Որքան գիտեմ, եվրոպական օրենքներն ավելի շատ հօգուտ մուսուլմանների են:
-Դրամի խնդիր է: Դուք կարծում եք՝ Եվրոպայում գրված օրենքները չե՞ն խախտվում: Կամ Ֆրանսիայի նման մի երկրում խարդախություն չի՞ լինում, քվեներ չե՞ն կեղծվում: Ավելի «բարձրակարգ» ձևով են լինում: Գուլպաների մեջ են քվեաթերթիկներ անցկացնում, սնդուկներ են փոխանակում` կեղծված քվեներով: Ինչ վերաբերում է արտոնություններին, Եվրոպայում արաբը ինը երեխա կարող է ունենալ, բավական դրամ ստանալ ու հանգիստ ապրել: Բացահայտ ասում է` քո ճանապարհը կփակեմ, իմ գորգը կփռեմ ու նամազ կանեմ: Ոստիկանը չի կարող բան ասել, որովհետև իր երկրի քաղաքացին է նա:
-Վերադառնանք Ձեր կտավներին: Ի՞նչ ժանրում եք ստեղծագործում:
-Եթե փորձեմ թարգմանել, կլինի «շողքի խաղ»: Ես նկարում եմ միլիմետր-միլիմետրուկես հաստությամբ չոր ներկով: Երբ նկարի վրա լույսը կողքից է ընկնում, իր հոգին, բնույթը փոխվում են: Լույսի շողքն է, որ իմաստավորում է նկարը: Դուք այսօր տեսնում եք իմ գունավոր նկարները: ՈՒնեմ գործեր` սպիտակով սպիտակի վրա: Առանց լույսի ոչինչ չեն ասում: Երբ հայ արվեստասերները մի քիչ ծանոթանան գործերիս, հետագայում սպիտակ նկարների ցուցահանդես կբացեմ:
-Ձեր նկարներն ովքե՞ր են գնում ավելի շատ` օտարերկրացինե՞րը, դրսի հայե՞րը:
-Հայ հաճախորդներս քիչ են, հիմնականում ճապոնացիներ են, ամերիկացիներ, ֆրանսիացիներ:
-Ինչո՞վ են գրավում Ձեր նկարները:
-Այն, ինչ ես եմ նկարում, ուրիշ տեղ չեն տեսնում: Երբ, ասենք, 50 նկարչի աշխատանք մի սրահում ցուցադրում են, հմուտ մասնագետը մոտենում է, նայում, ասում է` որ նկարը որ նկարչինն է: Բայց կարող է հեռվից, նախքան մոտենալը նայել նկարներին ու ասել` այ սա Մարտիկի նկարն է: Այդպես են ինձ ճանաչում Եվրոպայում: Հաճախորդներ ունեմ, որ ամեն տարի նկար են գնում ինձնից: Գալիս են, ասում` 2013-ի նկար չունենք: Արվեստանոցում կտավ ունեմ, որտեղ պատկերված է հայրիկիս` Խաչիկ Ներսեսյանի բանաստեղծությունը` նրա ձեռագրով: Շատերը մատն այդ նկարի վրա են դնում` կարծես հասկանալով արժեքը: Բայց ես դա չեմ վաճառում:
-Ձեր հայրը գրո՞ւմ է:
-Այո, բանաստեղծ է, տպագրված գործեր ունի: Հայրս Վանից է, Դրոյի զինվորներից է եղել: Հուշեր ունի գաղթի մասին, դեռ ձեռագիր են, Հայաստան եմ բերելու:
-Շատերին թվում է, որ եթե արվեստագետը ոտքը դրեց դուրս, հայտնի է դառնալու: Հայ նկարիչը ի՞նչ կարող է անել դրսում:
-Նման բան չկա: Դժբախտաբար, հայտնի դառնալը որոշում են պատկերասրահների տերերը, երբ զգում են, որ տվյալ նկարչի միջոցով կարող են դրամ վաստակել: Այսինքն, մեծ մասամբ ոչ թե արվեստն են գնահատում, այլ կոմերցիոն կողմը, անունը:
-Իսկ անունը մի՞թե նկարիչը ձեռք չի բերում իր աշխատանքներով:
-Հիմա ասեմ` ինչպես է լուծվում անունի հարցը: Հարուստ ընտանիքի աղջիկը նկարում է, վճարում է որևէ պատկերասրահի, որ ցուցադրեն իր գործերը: Մարդիկ են գալիս, նայում, մասնակցում աճուրդին ու գնում նկարը: Իրականում այդ ամենը՝ այցելությունները, վաճառքը կազմակերպում է աղջկա հայրը կամ ընկերը: Եվ նույնը արվում է 20 պատկերասրահում: Մարդիկ չեն լսել այդ նկարչի անունը, արածը մի բան չէ, բայց գիտեն, որ 7500 եվրո է գնահատվել: Երկու տարի հետո այդ նկարչի աշխատանքներն արդեն մեծ պահանջարկ են վայելում:
-Իսկ ինչպե՞ս եք Դո՛ւք հայտնի դարձել:
-Իմ դեպքն ուրիշ է: Ես որբ հայր ու մայր եմ ունեցել, հայ եմ մեծացել, պատիվ եմ պահել, գովազդի հետևից չեմ գնացել և այսօր արդեն կարող եմ ասել` չեմ ուզում վաճառել նկարներս:
-Պարոն Ներսեսյան, Ֆրանսիայում բողոքի մեծ ալիք է բարձրացրել միասեռականների ամուսնությունը օրինականացնող օրենքը: Ի՞նչ կասեք այդ մասին:
-Աշխարհում միշտ եղել են միասեռականներ` որոշ ժամանակ գաղտնի, որոշ ժամանակ` ոչ: Եվրոպայում նրանք իրավունքներ են ունեցել ու այնքան շատ են, որ նախագահի թեկնածուն նրանց ձայների կարիքն ունի: Եթե նրանց քանակը մեզնից շատ լիներ, մենք պիտի ենթարկվեինք նրանց: Դեռ մեր քանակն է շատ: Ես համաձայն չեմ նրանց հետ, բայց չեմ պայքարի, եթե ուզում է այդպես ապրել: Ամեն մարդու իրավունքն իր ձեռքում է:
-Հարցն ապրելու իրավունքը չէ, այլ միասեռականների ամուսնության օրինականացումը:
-Օրենքն ո՞վ է ընդունում:
-Կառավարությունը:
-Իսկ կառավարությա՞նն ով է ընտրում:
-Ժողովուրդը:
-Ես էլ ժողովրդի մի մասնիկն եմ:

http://www.irates.am/hy/1393314003
Զրույցը` Արմինե ՍԱՐԳՍՅԱՆԻ

Заметка

Երգում է 70-ականների Երևանը

Երգում է 70-ականների Երևանը

22.02.2014 | 14:27

Մեկնարկել է «Կրկին երգում է 70-ականների Երևանը» նախագիծը:

Սիրված երգերը կկատարեն հայկական էստրադայի լավագույն ներկայացուցիչները` Զառա Տոնիկյան, Էռնա Յուզբաշյան, Ռադիկ Գաբրիելյան և այլք: Ժամանակի հայտնի ու սիրված երգերը կներկայացվեն առանց փոփոխության, դասական տարբերակով: Հնչելու են Առնո Բաբաջանյանի, Կոստանտին Օրբելյանի, Ռոբերտ Ամիրխանյանի և այլ կոմպոզիտորների ստեղծագործությունները:
Համերգը կկայանա Արամ Խաչատրյանի համերգասրահում` փետրվարի 22-ին և 23-ին: Ծրագիրը կվարի Սուսաննա Շահինյանը: Համերգին մասնակցում են երաժիշտներ Մարտին Վարդազարյանը, Արմեն Հյուսնունցը, Երվանդ Երզնկյանը, Արամ Սաթյանը և այլք:
Կամակերպիչը` Վազգեն Ասատրյանն է:
Նախագիծն առաջին անգամ կազմակերպվել է 5 տարի առաջ` 2005-ին, ներկայացվել է երեք համերգ:

Заметка

Ռիչարդ Գալիանոն կներկայանա «Տարվա եղանակներ» համերգային ծրագրով

Ռիչարդ Գալիանոն կներկայանա «Տարվա եղանակներ» համերգային ծրագրով

24.02.2014 | 19:30

Հայաստանի պետական կամերային նվագախմբի գարնանային համերգաշրջանը կմեկնարկի Մայրության և գեղեցկության տոնին նվիրված համերգով: Մասնակցելու է Ֆրանսիայից հրավիրված վիրտուոզ ակորդեոնահար Ռիչարդ Գալիանոն: Համերգը ղեկավարելու է կամերային նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Վահան Մարտիրոսյանը։ Հնչելու են Անտոնիո Վիվալդիի «Տարվա եղանակները», Աստոր Պիացոլայի «Տարվա եղանակները», ինչպես նաև Ռիչարդ Գալիանոյի «Օպալե-կոնցերտը» նվագախմբի և ակորդեոնի համար:

«Երաժիշտը պետք է նվագի իր երկրի երաժշտությունը: Ես ծնվել եմ Ֆրանսիայի հարավում, հետևաբար` ինձ ոգեշնչում է ծովի ռիթմը, դրա համար ես մոտ եմ կանգնած լատինական երաժշտությանը: Իմ երաժշտության մեջ միշտ ծովի շարժում կա»,- հայաստանյան իր այցի ժամանակ ասել էր ֆրանսիացի Ռ. Գալիանոն:
«Տարվա եղանակները» համերգային ծրագիրը ակորդեոնահարը ներկայացրել է աշխարհի տարբեր երկրներում:
Աշխարհում նրան ճանաչում են «Ջազի սրբազան հրեշ» մականունով: Նա հայտնի ակորդեոնահար Լուսիեն Գալիանոյի որդին է: Նվագել սկսել է 4 տարեկանից: Գալիանոն մի շարք ձայնասկավառակներ է թողարկել ֆրանսիացի երաժիշտներ Բարբարայի, Սերժ Ռեգիանի, լեգենդար շանսոնիե Շառլ Ազնավուրի և այլ հայտնի երաժիշտների հետ:

Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Заметка

Գրողների տանը կբացվի շախմատի ակումբ

Գրողների տանը կբացվի շախմատի ակումբ

24.02.2014 | 15:51

Հայաստանի գրողների միությունում բացվելու է շախմատի ակումբ, որն իր դռներն է բացելու բոլոր շախմատասեր գրողների առաջ: ՀԳՄ նախագահ ԷԴՈՒԱՐԴ ՄԻԼԻՏՈՆՅԱՆԸմեզ հետ զրույցում ասաց, որ գրողների տանը մի ժամանակ սեղանի թենիս կար, շախմատ, ցանկացողները խաղում էին: Շախմատի ակումբը կբացվի փետրվարի 25-ին, կլինի մրցություն, որին կմասնակցն 14 գրող: Ի դեպ, ՀԳՄ նախագահն ասաց, որ պրոֆեսիոնալ շախմատիստ է, մրցույթին չի մասնակցելու, բայց ներկա կլինի բացմանը: Հետագայում կարող են ստեղծագործական միությունների առաջնություն կազմակերպել:

Գրող ՎԱՀԱՆ ՏԵՐ-ՂԱԶԱՐՅԱՆԻ կարծիքով՝ գրողների միությունը հին խորհրդային ձևով է գործում: Ժամանակին համահունչ լինելու համար պետք է կատարի արհմիությունների և ակումբների ֆունկցիա: Շախմատի ակումբի հիմնումը, ըստ նրա, մի քայլ է դեպի ակումբային գործելաոճը: Նաև ժամանցը կազմակերպելու, հանդիպելու այլընտրանքային միջոց է:

http://www.irates.am/hy/1393242773
Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ