Заметка

Նոբելյան մրցանակ՝ գրականության ոլորտում

Նոբելյան մրցանակ՝ գրականության ոլորտում

30.01.2014 | 16:03

Լուրեր են շրջանառվում, որ Ռումինիայի գրողների միությունը գրող, քաղաքական գործիչ, Ռումինիայի հայոց միության հիմնադիր-նախագահ Վարուժան Ոսկանյանի «Շշուկների մատյանը» առաջարկել է 2014-ի Նոբելյան մրցանակի:
Վարուժան Ոսկանյանը ներկայացվել էր գրականության Նոբելյան մրցանակի նաև անցյալ տարի` Ռումինիայի, Հայաստանի և Իսրայելի գրողների միությունների կողմից:
ՀԳՄ նախագահ Էդուարդ Միլիտոնյանը «Իրատես de facto»ի հետ զրույցում ասաց, որ գրողների միությունը ժողով չի հրավիրում այս կամ այն գրողին Նոբելյան մրցանակի ներկայացնելու համար, կազմկոմիտեն դիմում է անհատներին, ոչ թե միություններին: Մրցանակակիրների անունները հրապարակում է նոբելյան կազմկոմիտեն: Մինչ այդ հայտարարություններ տարածելը, ըստ Միլիտոնյանի, ճիշտ չէ, դա ավելի շատ բացասական քարոզչություն է գրողի համար:
Կարելի է ենթադրել, որ ՀԳՄ-ն անցյալ տարի էլ չի ներկայացրել ռումինահայ գրողի թեկնածությունը: Իսկ թե ինչպես են շրջանառվում նման լուրերը, հայտնի չէ:

Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Заметка

ԵԹԿՊ-ի ռեկտորի հավանական թեկնածուն

ԵԹԿՊ-ի ռեկտորի հավանական թեկնածուն

30.01.2014 | 17:56

Լուրեր են շրջանառվում որ թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի նոր ղեկավար է նշանակվելու հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի նախագահի տեղակալ, Երևանի մնջախաղի պետական թատրոնի գեղարվեստական ղեկավար Ժիրայր Դադասյանը:

ԵԹԿՊ-ից հայտնեցին, որ կրթության և գիտության նախարարությունից պաշտոնական հայտարարություն հարցի վերաբերյալ չեն ստացել, անհայտ աղբյուրների տարածած ինֆորմացիաներին տեղեկանում են լրատվամիջոցներից: Ինչ վերաբերում է Ժիրայր Դադասյանի հավանական թեկնածությանը, ԵԹԿՊ-ի մամուլի խոսնակն ընդգծեց, որ լուրը տարածող լրատվամիջոցը հայտնել է, որ օգտվել են հավաստի աղբյուրից: «Թե ինչ հավաստի աղբյուրի մասին է խոսքը, չենք կարող եզրակացնել»,— ասաց նա:
Փորձեցինք լուրը ճշտել ռեկտորի ենթադրյալ թեկնածուից:
«Անձամբ ես ոչինչ չգիտեմ, ո՞վ է շրջանառում լուրը, իրենցից հարցրեք»,— եղավ պատասխանը: Հետաքրքրվեցի` պատրա՞ստ է ստանձնելու ռեկտորի դերը հարկ եղած դեպքում: Զրուցակիցս նկատեց, որ դա արդեն երկրորդ հարցն է:
Ի դեպ, ուշագրավ են նաև ներկայացված հատկանիշները, որոնք, ըստ ամենայնի, պետք է ունենա նորընտիր ռեկտորը. թատերական աշխարհում հայտնի իշխանամետ կեցվածքի դրսևորումը, վերևներին չհակադրվելը, ասել է թե` հեշտ կառավարվելը և, ի վերջո, ղարաբաղցի լինել-չլինելու փաստը: Ցանկալի է «լինելը»:
Հիշեցնենք, որ ԵԹԿՊ-ի ղեկավարի հավանական թեկնածուների շարքում էին Արմեն Էլբակյանը, Դավիթ Մուրադյանը, Ռուբեն Բաբայանը, Հակոբ Ղազանչյանը, Արամ Սուքիասյանը։

Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Заметка

Գարեգին Նժդեհ. «Միայն արին, քաջը, միայն հերոսը կարող է զոհաբերել»

Գարեգին Նժդեհ. «Միայն արին, քաջը, միայն հերոսը կարող է զոհաբերել»

28.01.2014 | 13:28

ՈՒժեղը նա՛ չէ, որի հաղթությունները ռազմական լինելով բարոյական չեն:

…Մենք շատ հաճախ երգո՛ վ ենք հաղթում:

…Գրանիտե հավատ, որ ապստամբած ժողովրդին միայն Աստված կարող է հաղթել:

Մաքիավելին չի օգնի ձեզ:

Եղիր ուժե՛ղ, քանի որ թույլերը բարեկամ չունեն աշխարհի վրա:

Ներկա Հայաստանը կազմում է հազիվ մեկ տասներկուերորդ մասը մեր պատմական հայրենիքի: Դա հայրենիք չէ, այլ հայրենի անկյուն:

Ո՞վ է մեղավոր. Երկրի աշխարհագրական դի՞րքը, քրիստոնեական Եվրոպա՞ն, մահմեդական Ասիա՞ն, ճակատագիրը՞…

-Բոլորը, բացի մեզնից,- կտարամաբանի մեր աննուղելի քաղքենամտությունը:

Անարդար կլինի հավատալ հիվանդին, երբ սա գանգատվում է աշխարհից:

Հոգու հիվանդություն ունեն այն ժողովուրդները, որոնք բողոքում են սեփական հայրենիքից:

Մենք այնքան անարժեք ենք թվում մեզ, որ չենք կարծում, թե քաղաքական աշխարհում որևէ բանի պատճառ, անգամ դժբախտություն կարող ենք և մենք լինել:

Մուրացականությունը զզվելի է ընդհանրապե՛ս, իսկ քաղաքական մուրացկանությունն` առավել:

Միայն արին, քաջը, միայն հերոսը կարող է զոհաբերել:

Ստորությունը մնում է ստորություն անգամ այն դեպքում, երբ նա կատարվում է հանուն ամենանվիրական շահերի. դա նախ բարոյազրկում է և տկարացնում իրենից օգտվողին:

Ժողովուրդները չեն պարտվում, եթե չեն ուզում պարտվել:

Չարժե և չի կարելի օգնել ընկածին, եթե նրան պակասում է ինքնօգնությամբ ոտքի կանգնելու կամքը:

Վաղը հաղթելու է նա, որ մինչ այդ վաղը իր հոգու մեջ կտանի հաղթանակը:

ՈՒզո՞ւմ ես գուշակել, տեսնել ժողովրդի ապագան` նայիր նրա երիտասարդությանը:

Հայրենիքներն ապրում են հայրենասիրությամբ, կործանվում ` դրա պակասից:

Ժողովուրդն առանց հայրենասիրության նույնն է, ինչ մարմինն առանց հոգու:

Փոքր ազգերը պարտադրորեն ավելի հայրենասեր պիտի լինեն, քան մեծերը, մենք ավելի` քան բոլորը:

Կռվի ժամանակ զինվորն ավելի շատ բարոյական մենակությունից է վախենում, քան մահից:

Ռազմավարի հանճարը բխում է նրա հոգու վեհությունից:

Ճապոնացին ապրում է, եթե դա պետք է և մեռնում է, երբ դա արդարացի է:

Հայ կինն ավելի հերոսուհի, քան թախծության մայր պիտի լինի:

Հաճախ վիրավոր, բայց հոգեպես անպարտելի ժողովուրդներն են միայն հաղթում պատմության մեջ:

Հաղթում են ա՛յն ժողովուրդները, որոնք ծանոթ չեն հուսահատություն կոչված ախտին:

Ծաղկաքաղը` Արմինե ՍԱՐԳՍՅԱՆԻ

Заметка

 

Մանսուրյանական տարի

Մանսուրյանական տարի

27.01.2014 | 12:34

 

Այսօր լրանում է անվանի կոմպոզիտոր, ժողովրդական արտիստ Տիգրան Մանսուրյանի 75-ամյակը: 
Մաեստրոյի հոբելյանական առաջին համերգը տեղի է ունեցել Լոս Անջելեսի հայտնի «Zipper» սրահում: Հնչել են նրա` տարբեր տարիների գրված ստեղծագործությունները:

 

«Տիգրան Մանսուրյանի վսեմ, հոգևոր երաժշտությունն ունի խորքային տխրություն: Բայց մակերեսները մնում են անխռով, զարմանալիորեն հյութեղ և աներևակայելի գեղեցիկ». գրել է «Լոս Անջելես թայմս» պարբերականը:
Հոդվածում ասվում է նաև. «Ճոխ զգացմունքայնությունը` որպես հոգևոր դեղամիջոց նրա գաղտնի զենքն է և կասկած չկա, որ հենց դա է 75-ամյա հայ կոմպոզիտորին աշխարհահռչակ կերպար դարձրել»:
Երաժշտաքննադատ Մարկ Սուիդը նշել է. «Մեկ անգամ Մանսուրյան լսելով, այլևս հնարավոր չէ մոռանալ նրա հնչյունների առեղծվածային աշխարհը»:
Տարին խոստանում է լինել մանսուրյանական` երաժշտական, առեղծվածային, պարզ և հյութեղ:

 

Заметка

Շրջիկ ճաշարանի հետքերով

Շրջիկ ճաշարանի հետքերով

27.01.2014 | 13:49

Դերասան Հայկ Մարությանը («Կարգին Հայկո») և «Նոր հայեր» КВН-ի խմբի Արտակ Գասպարյանը սոցիալապես անապահով 200 քաղաքացիների մեկ տարի ապահովելու են ուտելիքով: Շոումեններիայս քայլը դրական արձագանք է գտել հասարակության շրջանում: Քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը հայաստանյան օլիգարխներին խորհուրդ էր տվել օրինակ վերցնել նրանցից, թե ինչպես պետք է բարեգերծություն անել:

Հիշեցնենք, որ Հայկ Մարությանը free car ակցիայի նախաձեռնողներից մեկն էր, ակտիվորեն պայքարում էր նաև տրանսպորտի ուղեվարձի բարձրացման դեմ: irates.am-ը Կարեն Քոչարյանին դիմեց հետևյալ հարցով. «Երբ հայտնի մարդիկ բարեգործություն են անում, միանում են քաղաքացիական ակցիաներին, դրական արձագանքից զատ, մեկ այլ կարծիք է շրջանառվում: Խոսքը PR-ի մասին է: Ի՞նչ կասեք այս մասին»:
«Միանգամայն անմիտ մոտեցում է. PR-ի կարիք ունի նա, ում ոչ ոք չի ճանաչում: Հայկոյին ո՞վ չգիտի, մեր 131 դեպուտատներից շատ են ճանաչում նրան, եթե թեկնածությունն առաջադրի, կդառնա դեպուտատ: Եթե, իհարկե, չկեղծեն»,— ասաց քաղտեխնոլոգը: Անդրադառնալով «Ինչո՞վ եք բացատրում այդ մոտեցումը, երբ սևացնում են ամեն ինչ» հարցին` պատասխանեց. «Ես կարծում եմ` սևացնում են այն մարդիկ, ում դեմ նա ակցիաներ է անում: Կայքերից մեկում հոդված էին գրել Հայկոյի դեմ, 100-ավոր մեկնաբանություններ կային, ու ոչ մեկը համաձայն չէր հեղինակի հետ: Ընդ որում, անստորագիր հոդված էր»: 

Հուսանք, որ շրջիկ ճաշարանի օրինակով տարաբնույթ ակցիաներ կկազմակերպվեն: Հուսանք նաև, որ բարության այս և նման դրսևորումների արդյունքում կգա մի օր, երբ այլևս քաղցած մարդիկ չեն լինի մեր քաղաքում: Շրջիկ ճաշարանին կփոխարինի, ասենք, շրջիկ գրախանութը` գրքեր նվիրելով ընթերցասեր անցորդներին:

http://www.irates.am/hy/1390816382#.UuYvRBMVrUk.facebook

Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Заметка

«Վիսոցկին և Հայաստանը»

«Վիսոցկին և Հայաստանը»

25.01.2014 | 11:31

Հունվարի 29-ին, ժամը 18:00-ին «Մոսկվայի տուն» մշակութային կենտրոնում տեղի կունենա Վլադիմիր Վիսոցկու ծննդյան 76-ամյակին նվիրված հուշ-երեկո: Այս մասին տեղեկացնում է «Մոսկվայի տան» հանրային կապերի ծառայության ղեկավար Արմինե Ղազարյանը: «Վիսոցկին և Հայաստանը» խորագիրը կրող միջոցառման հեղինակները կպատմեն Վիսոցկու և Սերգեյ Փարաջանովի ընկերության մասին, ով ցանկացել է Վիսոցկուն նկարահանել իր ֆիլմերից մեկում: Լևոն Քոչարյանի հետ ընկերության մասին, ում շնորհիվ ձայնագրվել և տարածվել են երիտասարդ Վիսոցկու երգերը: Կներկայացվի նաև երգչի երևանյան շրջագայության, Սևանա լիճ ուղևորության և Հայ առաքելական եկեղեցում Վիսոցկու կնքվելու մասին:

«Մոսկվայի տան» բեմում` երևանյան թատրոնների հայտնի արտիստների կատարմամբ կհնչեն նաև Վիսոցկու երգերը` «Баллада о книжных детях», «Где твои 17 лет», «Я не люблю», «Канатоходец», «07», «Кони привередливые», «Диалог у телевизора», «Жираф большой», «О переселении душ»:
Միջոցառման մուտքն ազատ է:
Ռուս նշանավոր երգիչ-կատարող, պոետ, երգահան և դերասան Վլադիմիր Վիսոցկին ծնվել է հունվարի 25-ին, Մոսկվայում: Մանկությունը մոր հետ անցկացրել է տարհանման մեջ՝ ՈՒրալում: Պատերազմից հետո հոր և հայուհի խորթ մոր հետ ապրել է Գերմանիայում, ապա Մոսկվայում։
Հեղինակ է շուրջ 600 երգի և 100 բանաստեղծության, ինչպես նաև արձակ գործերի։
Նրա բանաստեղծություններն առաջին անգամ հայ հանրությանն են ներկայացվել «Ավանգարդ» թերթում (Լևոն Բլբուլյանի թարգմանությամբ ու նախաձեռնությամբ), այնուհետև ողողել են հայաստանյան գրական մամուլը: Հաջորդիվ` Լևոն Բլբուլյանը հայ ընթերցողի դատին է հանձնել Վիսոցկու «Ես, ինչ խոսք, ետ կգամ» գիրքը:
Հիշեցնենք որ «Մոկվայի տանն» է կայացել ռեժիսոր Պյոտր Բուսլովի «Վիսոցկի. շնորհակալություն, որ ողջ ես» ֆիլմի երևանյան պրեմիերան: Ցուցադրությանը ներկա էր նաև մեծ արտիստի որդին` Նիկիտա Վիսոցկին, ով նաև Վիսոցկու մասին առաջին գեղարվեստական ֆիլմի սցենարիստն է և պրոդյուսերներից մեկը: Ֆիլմը միանշանակ չընդունվեց հանդիսատեսի կողմից: «Իմ սերունդը, ցավոք, վերջինն է, որ հիշում է Վիսոցկուն բեմի վրա, տեսել է նրան կյանքում: Փորձել ենք երիտասարդ սերնդին նորովի ներկայացնել այն, ինչը սիրել ենք, ինչը հուզել է մեզ: Կարող են սիրել-չսիրել ֆիլմը, ինձ համար մեկ չէ, բայց ես արել եմ դա և ավելին անել չէի կարող»,-ասաց Նիկիտա Վիսոցկին:

Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Заметка

«Համլետի» հայերեն նոր թարգմանությունն ու մեկնաբանությունը

«Համլետի» հայերեն նոր թարգմանությունն ու մեկնաբանությունը

24.01.2014 | 14:15

ՈՒիլյամ Շեքսպիրի «Համլետի» 700-էջանոց այս պատկերազարդ հրատարակությունն ընդգրկում է ողբերգության նոր թարգմանություն անգլերեն բնագրից, մանրակրկիտ մեկնություններ ու ծավալուն ուսումնասիրություն, որտեղ քննարկվում են երկի աղբյուրների, գրության ժամանակի, առաջին տպագիր օրինակների, կառուցվածքի, բովանդակության հետ առնչվող և այլ խնդիրներ: Անգլերենից թարգմանությունը, ուսումնասիրությունը և մեկնություններն ԱՐԱՄ ԹՈՓՉՅԱՆԻՆՆեն: Գիրքը համատեղ հրատարակել են «Սարգիս Խաչենց» և «Փրինթինֆո» հրատարակչությունները: Թարգմանիչ, մշակութաբան Արամ Թոփչյանն այսօր «Իրատես de facto»-ի հյուրն է:

-«Համլետի» նոր թարգմանությունը համարվում է թարգմանական խիզախում, մանավանդ մասեհյանական հանրահայտ թարգմանությունից հետո: Ինչո՞ւ խիզախում, այս բնորոշումն ինչպե՞ս կբացատրեք:

-Մամուլում ու համացանցում եղել է այդպիսի գնահատական, բայց ես չէի ուզի, որ մարդիկ շարունակեն իմ աշխատանքին վերաբերվել այդ մոտեցմամբ: «Խիզախում», «հանդգնություն» և նման ուրիշ բնորոշումների ենթատեքստն այն է, որ ես համարձակվել եմ մրցակցության մեջ մտնել Հովհաննես Մասեհյանի հետ, մինչդեռ դա հեռու է իրականությունից: Ես երբեք իմ առջև այդ նպատակը չեմ դրել և ուզում եմ իսկույն շեշտել, որ խոր ակնածանք ունեմ Մասեհյանի ինչպես անձի, այնպես էլ հասարակական-քաղաքական գործունեության ու, հատկապես, թարգմանությունների հանդեպ: «Համլետի» թարգմանությանն ու մեկնաբանությանն ինձ առաջին հերթին մղել է բոլորովին ուրիշ ազդակ` իմ սիրելի հեղինակ Շեքսպիրին թարգմանելու և նրա մասին գրելու անհագ պահանջմունքը: Երբ մարդ նման պահանջմունք է ունենում, նրան չեն կարող աշխատանքից հետ պահել նույն երկի արդեն գոյություն ունեցող մեկ կամ մի քանի ուրիշ թարգմանությունները, նույնիսկ դասական արժեք ունեցող: Վերջերս, օրինակ, տեղեկացա, որ Մոսկվայում մեր հայրենակից Աշոտ Սահրատյանը հրապարակել է «Համլետի» ռուսերեն իր նոր թարգմանությունը: Նրան չի խանգարել այն հանգամանքը, որ իրենից առաջ ռուսերեն մոտ երեսուն թարգմանություն է եղել, իսկ դրանց մեջ կան շատ հայտնիները (Լոզինսկի, Պաստեռնակ և ուրիշներ), և ես նրան լիովին հասկանում եմ: Շեքսպիրն այն հեղինակներից է, որոնց մշտական ներկայությունը պարտադիր է իրեն քաղաքակիրթ համարող ամեն մի ժողովրդի մշակույթում, և որքան այդ ներկայությունը բազմազան ու թարգմանական շատ տարբերակներով լինի, այնքան լավ: «Ռոմեո և Ջուլիետն» ու «Լիր արքան», օրինակ, մենք ունենք Հովհաննես Մասեհյանի և Խաչիկ Դաշտենցի (նաև ուրիշների) թարգմանությամբ: Եղիշե Չարենցը ծայրեծայր խմբագրել է «Լիր արքայի»` Մասեհյանի թարգմանությունը, և հրատարակված է նաև այդ տարբերակը: Սա, անտարակույս, մշակութային հարստություն է: 19-րդ դարի առաջին քառորդում տպագրվել են «Համլետի» և Շեքսպիրի այլ պիեսների` գերմանացի խոշոր մտածող Ավգուստ Վիլհելմ ֆոն Շլեգելի թարգմանությունները, որոնք բոլոր առումներով համարվում են օրինակելի: Բայց դրանից հետո գերմանացիներն ամենևին Շեքսպիրի թարգմանությունների հարցը փակված չեն համարել, և արվել են (ու անշուշտ դեռ կարվեն) բազմաթիվ ուրիշ թարգմանություններ: Հետևելով բազմազանության այս սկզբունքին` ես ավելի շուտ ոչ թե «խիզախություն» կամ «հանդգնություն» եմ ցուցաբերել, այլ ընդամենը փորձել եմ ընթերցողին հնարավորություն տալ «Համլետը» կարդալու հայերեն մի նոր տարբերակով: Նա կարող է իր համար ընտրել թարգմանություններից մեկը կամ մյուսը, կամ երկուսն էլ. դա արդեն իր խնդիրն է:

-Ի՞նչ դժվարությունների եք հանդիպել թարգմանելիս և ուսումնասիրությունը կատարելիս:

-Շատ դժվար է Շեքսպիր թարգմանելը և, նրան վերաբերող ծով գրականության մեջ ճիշտ կողմնորոշվելով, նրա որևէ գլուխգործոցի մասին գրելը, մանավանդ` նոր ու հետաքրքիր խոսք ասելու ակնկալիքով (վերջին տարիների հաշվարկներով` միայն «Համլետին» վերաբերող տարեկան հրապարակումների միջին թիվը չորս հարյուրից ավելի է): Փորձել եմ ըստ կարելվույն այդ դժվարությունը հաղթահարել: Թեպետ Շեքսպիրի լեզուն միջին անգլերեն չէ (որն այսօր գրեթե կատարելապես անհասկանալի է) և պատկանում է արդեն վաղ նոր անգլերենի (Early Modern English) զարգացած փուլին, հիմա այն հաճախ լավ չեն ընկալում նույնիսկ լեզվի կրողները: Ժամանակակից անգլերենով անհնար է Շեքսպիր կարդալ, քանի որ, բացի քերականական խնդիրներից, դժվարություններ է առաջացնում նաև նրա ինքնատիպ բառապաշարը: Բազմաթիվ բառեր, որոնք մեզ այսօր առաջին հայացքից ծանոթ են թվում, նա օգտագործել է բոլորովին ուրիշ իմաստներով: Այս առումով խիստ պատասխանատու է թարգմանչի գործը, որովհետև մեծ է սայթաքելու վտանգը: Երկի թարգմանության ու մեկնաբանության ընթացքում ինձ մեծապես օգնել են մի շարք շեքսպիրյան բառարաններ ու քերականական ձեռնարկներ, ինչպես նաև «Համլետի»` վերջին տասնամյակների լավագույն, մանրամասնորեն ծանոթագրված անգլերեն հրատարակությունները: Ձեռքիս տակ ունեցել եմ տասից ավելի այդպիսի հրատարակություն:

-Թումանյանը գրել է. «Շեքսպիրը դարձել է մի չափ` ազգերի զարգացման աստիճանը որոշելու համար: Եթե մի ժողովուրդ նրան չի թարգմանում, կնշանակի տգետ է, եթե չի հասկանում, կնշանակի տհաս է, եթե մի լեզու նրա վրա չի գալիս, կնշանակի տկար է»: Ըստ Ձեզ` ինչպե՞ս է հաղթահարվել շեքսպիրյան թարգմանությունների խնդիրը հայերենում:

-Հովհաննես Թումանյանն այդ միտքը հայտնել է «Համլետի»` Մասեհյանի թարգմանության առաջին տարբերակի (1894 թ.) իր հայտնի գրախոսականում: Երևի շատերը չգիտեն, որ, Մասեհյանից բացի, «Համլետը» թարգմանել կամ փորձել են թարգմանել ևս յոթ հայ մտավորական. Արամ Տետեյան (Դեդեյան), Սենեքերիմ Արծրունի, Ավետիք Եզեկյան, Արիստակես Կասկանդիլյան (Քասքանդիլյան), Գարեգին Բաբազյան (Փափազյան), Քերովբե Պատկանյան և Ստեփան Մալխասյանց (իմ գրքում կա հայկական այս նյութին նվիրված մի առանձին գլուխ): Բայց Շեքսպիրի հայերեն թարգմանությունը, իհարկե, մեծ թափ է ստացել Մասեհյանի ջանքերով, և պատահական չէ, որ Թումանյանը, վերոհիշյալ միտքը հայտնելուց հետո, գոհունակությամբ ավելացնում է, թե հայերը, «Համլետի» նրա թարգմանության շնորհիվ, «մի հանկարծակի թռիչք» են գործել: Հարկավ, Մասեհյանը հիմք է դրել թարգմանական մի հարուստ ավանդույթի, և այս առթիվ հետաքրքիր կլինի նշել, որ Շեքսպիրի հետ հայերի առնչություններին 1958-ին հատուկ հոդվածով անդրադարձել է Shakespeare Quarterly նշանավոր պարբերականը: Ես բարձր եմ գնահատում այդ ավանդույթը, և ինձ շատ սիրելի են ոչ միայն Մասեհյանի, այլև նրա արժանավոր հաջորդների` Խաչիկ Դաշտենցի, Ստեփան Ալաջաջյանի, Հենրիկ Սևանի և Սամվել Մկրտչյանի թարգմանությունները:

-Ի՞նչ խնդիր է լուծում Ձեր աշխատությունը, որը համարվում է թարգմանական, գրական-հոգևոր-մշակութային կարևոր իրադարձություն:

-Ինչպես արդեն վերը նշեցի, իմ աշխատությունը նախ և առաջ հայ ընթերցողին ներկայացնում է «Համլետի» հայերեն մի նոր տարբերակ: Չափածո հատվածները, որոնք ողբերգության մեջ գերակշռում են, թարգմանել եմ տասներկուվանկանի չափատողերով` երկու հատածով իրարից բաժանված երեք քառավանկ անդամ (ի տարբերություն Մասեհյանի նախընտրած` հնգավանկ անդամներից բաղկացած տասը կամ տասնհինգվանկանի տողերի): Օրինակ` «Խայթում է օդն / անգթորեն, / սաստիկ ցուրտ է»: Նպատակս եղել է ոչ թե Մասեհյանի օգտագործած և հետագա թարգմանություններում ավանդույթ դարձած բանաստեղծական չափը մերժելը, այլ պարզապես Շեքսպիր թարգմանելու համար հայերենի տաղաչափական նաև այլ հնարավորություն օգտագործելը: Շեքսպիրյան տաղաչափության հիմքում հնգոտնյա յամբական ոտանավորն է (iambic pentameter), այսինքն` տասվանկանի չափատողը, որը բաղկացած է հինգ` «յամբ» կոչվող երկվանկ ոտքից: ՈՒստի հայերեն քառավանկ անդամը, որը հավասար է երկու երկվանկ ոտքի, բավական հարազատորեն է վերարտադրում շեքսպիրյան բանաստեղծության ռիթմը: Իսկ անգլերենի համեմատ մեկ կամ երկու լրացուցիչ վանկը (անգլերենում շատ են նաև տասնմեկվանկանի տողերը, երբ հինգ յամբին գումարվում է մեկ անշեշտ վանկ) հնարավորություն են տալիս անգլերեն մեկ չափատողը տեղավորելու հայերեն մեկ չափատողի մեջ: Մյուս խնդիրը, որ փորձել եմ լուծել իմ աշխատության մեջ, երկի մանրակրկիտ մեկնաբանությունն ու համակողմանի ուսումնասիրությունն է: Գրքում ընդգրկված մեկնություններն ամենատարբեր բնույթի են (բանասիրական, բնագրագիտական, գրականագիտական, պատմագիտական, թատերագիտական): Ձգտել եմ հնարավորինս սպառիչ կերպով անդրադառնալ արևմտյան համլետագիտությանը, ինչն առայսօր Հայաստանում բավարար չափով արված չէր:

-Կարծում եք` Ձեր գիրքը գլխավորապես մասնագետների՞ն է հետաքրքրելու: Ինչպիսի՞ն են արձագանքները, կա՞ քննադատություն:

-Իմ գիրքը կարող է հետաքրքրել ինչպես մասնագետներին, այնպես էլ ոչ մասնագետներին, բոլոր նրանց, ովքեր այս կամ այն չափով հետաքրքրվում են «Համլետով» և առհասարակ Շեքսպիրով: Արձագանքները, որքան տեղյակ եմ, դրական են. առաջին հրապարակավ արձագանքողը տաղանդավոր կինոգետ ու թարգմանիչ Զավեն Բոյաջյանն էր: Քննադատություն առայժմ չի եղել:

-Ասվում է. «Կան Մասեհյանի գրքի էջերում ծանոթություններ-բացատրություններ, բայց քիչ են դրանք և մի քանիսն էլ՝ բնագրի չափ մութ»: Ձեր հետազոտությունն ու մեկնաբանությունն ի՞նչ լույս են սփռելու այս մթության վրա:

-Ձեր այս մեջբերումը նույնպես Թումանյանի վերոհիշյալ գրախոսականից է, որտեղ, Մասեհյանի թարգմանության առաջին տարբերակը բարձր գնահատելով հանդերձ, նա մի շարք դիտողություններ է արել թարգմանչին: Մասեհյանը հետագայում հաշվի է առել Թումանյանի քննադատությունը: 1921 թ. հրատարակության մեջ Մասեհյանը, մասնավորապես, ավելացրել է ծանոթագրություններ, և դրանք վկայում են, որ նա քաջածանոթ էր իր ժամանակի շեքսպիրագիտությանը: Իմ մեկնություններն ավելի մանրակրկիտ ու ծավալուն են: Նպատակ եմ ունեցել այնպես անելու, որ «Համլետով» հետաքրքրվող ամեն ոք գրքի մեջ կարողանա գտնել իր համար մութ բոլոր հարցերի պատասխանները: Թե որքան է դա ինձ հաջողվել, ցույց կտա ժամանակը:

-«ՈՒրվականի կերպարը «Համլետ»-ում» հոդվածում նշում եք. «Ի վերջո, հեղինակի և իր ստեղծած ու խաղացած տարօրինակ կերպարի անմեկնելի հայտնությունն ու հեռանալը մեզ թողնում են լուռ երկմտության մեջ: Հարկավ, մնացյալը լռություն է»: Որո՞նք են այս և նման հարցերը, որոնք ուսումնասիրման նյութ են մասնագետների համար, ու որոնք, Ձեր բնորոշմամբ` «մեզ դրդում են որոնել հնարավոր կամ ճշմարտանման պատասխաններ, և որոնումը շարունակական է, քանզի այդ հարցականները, ըստ էության, պատասխան չունեն»:

-«Համլետը» համարվում է Շեքսպիրի ամենախնդրահարույց երկը: Առեղծվածային է, նախ և առաջ, գլխավոր հերոսի կերպարը, և հանրահայտ է այս ողբերգության առաջադրած «հարցերի հարցը»` «Ինչո՞ւ է Համլետը հապաղում» (որին իմ գրքում նվիրված է մի ծավալուն ենթագլուխ): Եղել են այս խնդրի անթիվ-անհամար մեկնաբանություններ, և դեռևս 1898-ին մի հայտնի շեքսպիրագետ, ամփոփելով մինչ այդ եղած կարծիքները, նշել է Համլետի հապաղման տասնվեց պատճառ, որոնցից մեկը նա բաժանել է երկու «ենթապատճառի»: Բացի այս գլխավոր հարցից, «Համլետում» կան նաև մի շարք ուրիշները` ավելի կամ պակաս կարևոր, որոնց նույնպես գրքում նվիրված է մի առանձին ենթագլուխ («Անպատասխան հարցեր» վերնագրով): Ասենք` որտե՞ղ էր Համլետն իր հոր սպանության ժամանակ, Էլսինորո՞ւմ, թե Վիտտենբերգում, ե՞րբ էր նա Օֆելիային գրել այն նամակը, որը Պոլոնիուսը կարդում է Կլավդիուսի ու Գերտրուդի համար (II.2.109-123), որո՞նք են «Գոնզագոյի սպանության» մեջ Համլետի ավելացրած տասներկու կամ տասնվեց տողը (II.2.533-535), ինչո՞ւ Կլավդիուսը որևէ կերպ չի արձագանքում ներկայացումից առաջ ցուցադրված` նույն բովանդակությամբ մնջախաղին, երբ այգում քնած թագավորի ականջը թույն են լցնում (III.2.131.1-14), ինչպե՞ս է Օֆելիան հսկողությունից ազատվում ու գետն ընկնում, եթե Կլավդիուսը կարգադրել էր նրան «լավ հսկել» (IV.5.73), նույնիսկ` ո՞վ կարող էր տեսնել Oֆելիայի խեղդվելը` առանց փորձելու նրան փրկել (IV.7.167-184) և այլն, և այլն: Նման հարցերին տրամաբանական պատասխաններ որոնելու պրակտիկան քննադատվել է` որակվելով իբրև «փաստագրական մոլորություն» (documentary fallacy): Քանզի արդարացված չէ գեղարվեստական երկում ժամանակային ու տարածական մանրամասների ճշգրտություն և փաստերի փոխհամապատասխանություն փնտրելը, ինչպես դա արվում է պատմական աղբյուր վերլուծելիս: Ոչ մի քննադատություն, սակայն, չի կանխել ու չի կարող կանխել, մասնավորապես «Համլետում», նման անպատասխան հարցեր փորփրելու և դրանց ճշմարտանման բացատրություններ առաջարկելու ճիգերը, քանի որ դա հույժ հետաքրքիր զբաղմունք է:

-Գրքի շապիկի ձևավորման մասին ի՞նչ կասեք:

-Գրքի շապիկին պատկերված է այն տպարանի խորհրդանիշը, որը 1603 և 1604-1605 թթ. հրատարակել է «Համլետի» առաջին երկու տարբերակները (ուստի այդ զարդապատկերը դարձել է նաև երկի առաջին հրատարակությունների խորհրդանիշը և ունի պատմական արժեք): Նույն զարդապատկերը կարելի է տեսնել նաև իմ գրքի շապիկի հետևի կողմում` ավելի փոքր, իբրև 1605 թ. հրատարակության տիտղոսաթերթի մաս: Ձևավորմանը որոշ մասնակցություն ունեցել եմ նաև ես, բայց շապիկը վերջնական տեսքի է բերել «Փրինթինֆո» հրատարակչության դիզայներ Էդիկ Պողոսյանը:

-Հաջորդիվ ի՞նչ կարող է ակնկալել ընթերցողը Արամ Թոփչյանից շեքսպիրյան տարածքում:

-Նախ ուզում եմ երախտագիտությունս հայտնել «Սարգիս Խաչենց» հրատարակչության տնօրեն Սերգեյ Խաչիկօղլյանին, որն իմ աշխատությունը սիրով ընդգրկեց «Սարգիս Խաչենց-Փրինթինֆո» հրատարակչական ծրագրում, և «Փրինթինֆո» հրատարակչության տնօրեն Արամ Մեհրաբյանին, որը, հոգալով այս հրատարակության հետ կապված ծախսերի մեծ մասը, գիրքը տպագրել է բարձրագույն որակով: Խորապես շնորհակալ եմ ամերիկահայ մշակութաբան, բարերար Ալիս Նավասարգյանին, ով մասամբ հովանավորեց գրքի հրատարակությունը: Լիահույս եմ, որ կշարունակվի շեքսպիրյան ոլորտում իմ և «Սարգիս Խաչենց» ու «Փրինթինֆո» հրատարակչությունների համագործակցությունը, և մենք կկարողանանք լույս ընծայել նաև ուրիշ նման հատորներ: Այժմ աշխատում եմ «Լիր արքայի» վրա:

http://www.irates.am/hy/1390559119

Զրույցը` Արմինե ՍԱՐԳՍՅԱՆԻ

Заметка

Սևակի գրքերը

Սևակի գրքերը

24.01.2014 | 13:37

«Բուկինիստ» գրախանութից հետաքրքվեցի` պահանջարկ ունե՞ն այսօր Պարույր Սևակի գրքերը:

«Սևակի գրքերը մշտապես պահանջարկ ունեն: Քանի որ Սևակի հատորյակները չեն վերահրատարկվել, դրանք վառավում են բուկինիստական բաժնում և բավականին թանկ` 15-20 հազար դրամով»,- ասաց գրախանութի աշխատակից Սոնա Հրությունյանը:
«Բուկինիստում» վաճառվում են նաև Սևակի բանաստեղծությունների ընտրանին` հրատարկված 90 ականներին և «Եղիցի Լույսը» (2012թ.): Նոր շրջանի հրատարակությունները կարելի է ձեռք բերել 1000 դրամով:
«Եթե գնորդը հետաքրքվում է Սևակի գրքերով, նրա համար տարբերություն չկա`ձեռք կբերի դրանք բուկինիստակա ՞ն, թե՞ նոր հրատարակությամբ: Գինը նույնպես խոչընդոտ չէ: Սևակի հատորյակները մեկ շաբաթից ավելի չեն մնում գրադարակներում»,— վստահեցրեց գրախանութի աշխատակիցը:

Հիշեցնեք, որ այսօր մեծանուն գրող Պարույր Սևակի ծննդյան օրն է:

http://www.irates.am/hy/1390556306
Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Заметка

Ի հիշատակ Կլաուդիո Աբբադոյի

Ի հիշատակ Կլաուդիո Աբբադոյի

23.01.2014 | 21:33

Փետրվարի 19-ին Հայաստանի պետական Ֆիլհարմոնիկ նվագախմբի (դիրիժոր՝ Էդվարդ Թոփչյան) կատարմամբ կհնչի Վերդիի «Ռեքվիեմը»՝ ի հիշատակ մեծ դիրիժոր Կլաուդիո Աբբադոյի:

Ժամանակի ամենաազդեցիկ դիրիժորներից մեկը` Կլաուդիո Աբբադոն, մահացել է այս տարվա հունվարի 20-ին՝ 80 տարեկան հասակում, երկարատև հիվանդությունից հետո:
Գրեթե 15 տարի Աբբադոն ղեկավարել է իր հայրենի քաղաքի՝ Միլանի «Լա Սկալա» օպերային թատրոնը: Եղել է նաև Վիեննայի օպերայի գեղարվեստական ղեկավարը և աշխարհի լավագույն նվագախմբերի՝ Լոնդոնի, Վիեննայի, Բեռլինի ֆիլհարմոնիկների գլխավոր դիրիժորը:
2013-ին Իտալիայի նախագահ Ջորջո Նապոլիտանոն նրան նշանակեց ցմահ սենատոր:
Աբադոն համարվում է բոլոր ժամանակների մեծագույն դիրիժորներից մեկը:
2013-ի վերջին Կալուդիո Աբբադոյին սպասում էին Հայաստանում, սակայն համերգը չի կայացել դիրիժորի հիվանդության պատճառով:

Заметка

ԵԹԿՊԻ-ի ուսանողները` «Նոր ալիք» միջազգային կինոփառատոնում

ԵԹԿՊԻ-ի ուսանողները` «Նոր ալիք» միջազգային կինոփառատոնում

23.01.2014 | 12:18

Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում հունվարի 23-25-ին տեղի կունենա «Նոր ալիք» առաջին միջազգային ուսանողական կինոփառատոնը:

Փառատոնին մասնակցելու են նաև Երևանի կինոյի և թատրոնի ինստիտուտի ուսանողները. Արեն Մալաքյանը «Սիրո խոստովանություն ճապոնական ոճով»ֆիլմով, Լուսինե Պապոյանը` «Պատահական հանդիպում», Նահապետ Սարգսյանը` «ТОСКА», և Անդրանիկ Հարությունյանը` «Հեքիաթ» ֆիլմով:
Երևանի կինոյի և թատրոնի ինստիտուտի մամուլի ծառայությունից մեզ տեղեկացրին, որ փառատոնին ներկայացվել է հինգ ֆիլմ, որոնցից մրցույթի նախնական փուլ են անցել վերոնշյալ չորսը: Արեն Մալաքյանին հաջողվել է անձամբ ներկա լինեն փառատոնին:
Մրցութային նախնական փուլը հաղթահարած հայ ուսանողների ֆիլմերը տեղ կզբաղեցնե՞ն արդյոք «Նոր ալիք» փառատոնի հիմնական անվանակարգերում, պարզ կլինի առաջիկա օրերին:

Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ