Զգայացունց փառատոն Բաքվում

Զգայացունց փառատոն Բաքվում

06.12.2012 | 12:56

Լուրեր են շրջանառվում, որ տարեվերջին կամ 2013-ի հունվարին հայկական ֆիլմերի փառատոն է անցկացվելու Ադրբեջանում: Կազմակերպիչը քաղաքագետ և վերլուծաբան Զարդուշտ Ալիզադեն է: Կասկածելի ծագմամբ մի ֆիլմ արդեն ընտրվել է, որի ռեժիսորը ազգությամբ քուրդ է։ Ֆիլմի գործողությունները տեղի են ունենում հետխորհրդային Հայաստանի հյուսիսում, հերոսները խոսում են քրդերեն, հայերեն և ռուսերեն: Հայկական ֆիլմերի ընտրության հարցում կազմակերպիչներին կօգնի նաև Գեորգի Վանյանը:
Կարելի է ենթադրել, որ ադրբեջանական ֆիլմերի ցուցադրությունը Հայաստանում տապալելու մեր քայլին հարևան Ադրբեջանը պատասխանում է խաղաղասիրական դրսևորմամբ: Ավելի զգայացունց կլիներ փառատոնը, եթե այն նվիրվեր Սաֆարովի ազատագրման և հերոսացման գործընթացին, կամ, ասենք, ոչ հեռու անցյալի սումգայիթյան ջարդերին:

http://www.irates.am/hy/1354784550
Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Մեկնարկեց «Կին» միջազգային 9-րդ կինոփառատոնը

Մեկնարկեց «Կին» միջազգային 9-րդ կինոփառատոնը

04.12.2012 | 16:33

Երևանի Հովհաննես Թումանյանի անվան տիկնիկային թատրոնում մեկնարկեց «Կին» միջազգային 9-րդ կինոփառատոնը, որտեղ ներկայացվեն 25 երկրի 65 ֆիլմեր:
Ավանդական դարձած փառատոնի նպատակն է Հայաստանում կին ռեժիսորների ստեղծած ֆիլմերի հանրահռչակումը, նոր անունների բացահայտումը, տարբեր ազգերի մշակույթների երկխոսությունը:
Տիկնիկային թատրոնում կցուցադրվեն ոչ միայն մրցութային ֆիլմերը, այլև ճապոնական «Շորտ շորտ փառատոնը և Ասիան» և բրիտանական «Բաֆտա» փառատոների ընթացքում ցուցադրված լավագույն ֆիլմերը: Նախատեսվում է նաև շվեդահայ ռեժիսոր Սյուզան Խարդալյանի ֆիլմերի հետահայաց ցուցադրություն:
«Կին» միջազգային 9-րդ կինոփառատոնի կազմակերպիչն է «Լիզա» հիմնադրամը` ՀՀ մշակույթի նախարարության, ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանատան, Բրիտանական խորհրդի հայաստանյան մասնաճյուղի և Մոսկվայում Իսպանիայի դեսպանատան աջակցությամբ:
Փառատոնի ավարտին դիպլոմներ և մրցանակներ են շնորհվելու «Լավագույն ֆիլմ» և «Հատուկ մրցանակ» անվանակարգերում:
Ժյուրիի կազմում են դերասան, գրող Զեք Պողոսյանը (Արգենտինա), ռեժիսոր Մահվաշ Շեյխոլեսլամին (Իրան), կինոգետ Արծվի Բախչինյանը (Հայաստան), դերասանուհի Կարինե Ջանջուղազյանը (Հայաստան) և ռեժիսոր Արման Չիլինգարյանը (Հայաստան):

«Գաֆէսճեանի» տարեվերջյան ծրագրերը

«Գաֆէսճեանի» տարեվերջյան ծրագրերը

05.12.2012 | 12:26

«Գաֆէսճեան» արվեստի կենտրոնը համերգային տարին կամփոփի ջազային համերգով: «Երաժշտական կասկադ» ծրագրի շրջանակում ելույթ կունենա Հայաստանի պետական ջազ նվագախումբը:

Կենտրոնի հանրային կապերի և մարքեթինգի ղեկավար Լիլիթ Սոխակյանի տեղեկացմամբ` մինչև տարեվերջ «Գաֆէսճեան» դասական երաժշտության համերգաշարերի ընթացքում կլինեն իսպանական և իտալական երաժշտության երեկոներ, համերգներով հանդես կգան Սուրեն Առուստամյանը` բլյուզ նվագախմբով, և Վահան Արծրունին` Մաշտոցից Կոմիտաս շարքով և այլն:
«Հանդիպում արվեստի հետ» շարքի շրջանակում կնշվի Սայաթ-Նովայի 300-ամյակը: Մինչև դեկտեմբերի 16-ն անվճար կգործի «Երևանյան կոլեկցիոներների ընտրությունը» ցուցահանդեսը:
Նախատեսվում է նաև ամանորյան բազմազան ու հետաքրքիր ծրագիր:

Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Հայկական էպոսը՝ համամարդկային մշակութային արժեք

Հայկական էպոսը՝ համամարդկային մշակութային արժեք

05.12.2012 | 19:08

Հայկական «Սասունցի Դավիթ» էպոսն ընդգրկվել է մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության ցուցակում:

Հարցը քննարկվել է դեկտեմբերի 5-ին` ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանման հարցերով ՅՈՒՆԵՍԿՕ-ի միջկառավարական կոմիտեի նիստում:
Կոմիտեի յոթերորդ նիստն անցկացվում է դեկտեմբերի 3-7-ին` ՅՈՒՆԵՍԿՕ-ի փարիզյան կենտրոնական գրասենյակում: Քննարկվում է մոտ 60 հայտ` կոմիտեի ցուցակում ներառելու համար: Հաղթողների անունները հայտարարվում են յուրաքանչյուր օրվա վերջում:

Լուսինե Զաքարյանի բնակարանը և «կորած» ժառանգորդները

Լուսինե Զաքարյանի բնակարանը և «կորած» ժառանգորդները

06.12.2012 | 13:42

Վերջին շրջանում քննարկվում է մեծանուն երգչուհի Լուսինե Զաքարյանի և նրա ամուսնու` Խորեն Պալյանի` Երևանի կենտրոնում գտնվող բնակարանը տուն-թանգարանի վերածելու հարցը (բնակարանը, ի դեպ, պարբերաբար ողողվում է ջրով ու մատնված է անուշադրության):

Լուրեր են շրջանառվում, որ մուծված չեն նաև անվանի երգչուհու տան կոմունալ վարձավճարները, մշակույթի նախարարությունից էլ խորհուրդ են տվել վարձավճարների հարցով դիմել քաղաքապետարան:
Փորձեցինք պարզել` ի՞նչ գիտեն այս մասին քաղաքապետարանում և ի՞նչ քայլեր են ձեռնարկելու խնդրի առնչությամբ:
Քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից մեզ տեղեկացրին, որ Լուսինե Զաքարյանի և Խորեն Պալյանի բնակարանը երկու կողմերի ոչ անմիջական ժառանգորդների սեփականությունն է: «Ինչ վերաբերում է բնակարանի գործառնական նշանակությունը փոխելուն և այն տուն-թանգարանի վերածելուն, դրա համար անհրաժեշտ է սեփականատիրոջ համապատասխան դիմումը, որից հետո հարցը, սահմանված կարգով, կքննարկվի»,- ասվում է պատասխան նամակում:
Պատասխանից կարելի է ենթադրել, որ արտոնությունների մասին կխոսենք, երբ գա ժամանակը: Իսկ «ժամանակը» ուշանում է, քանի որ չեն գտնվում ժառանգորդները: Համանման պատասխան ստացանք նաև մշակույթի նախարարությունից:
Մեր նախորդ հրապարակման մեջ նշել էինք, որ խնդրի հետ կապված Facebook-ում ստորագրահավաք է կազմակերպվել` ուղղված մշակույթի նախարարությանը` կործանումից փրկելու Լուսինե Զաքարյանի բնակարանը և այն վերածելու երգչուհու տուն-թանգարանի:
Այն, որ մեր հասարակությունը մտահոգվում է նման խնդիրներով, մշակույթի նախարարությունը ողջունելի է համարում, միաժամանակ հիշեցնելով, որ բնակարանը սեփականատեր ունի, և առայժմ իրավասու չեն ոչինչ անելու: Մեզ հետ զրույցում նախարարության մամուլի ծառայությունից հայտնեցին, որ պատրաստ են քայլեր ձեռնարկելու, եթե հայտնվեն ժառանգները և համաձայնեն տրամադրելու բնակարանը` տուն-թանգարան դարձնելու նպատակով: Հարց է առաջանում` այս տարիներին հնարավոր չէ՞ր մեծանուն երգչուհու բնակարանի թանգարանացման գործընթացը որևէ կերպ կազմակերպել: Պարզվում է, երկու տարի առաջ Լուսինե Զաքարյանի տանը հանդիպել են բնակարանի ժառանգորդները և մշակույթի նախարարության ներկայացուցիչները: Վերջիններս պատրաստակամություն են հայտնել թանգարանացման գործընթացն սկսելու, եթե ժառանգներն իրենց հերթին քայլեր անեն: «Այդքանով ավարտվել է ձեռնարկը: Նրանք մինչ օրս լռում են»,- հայտնեց նախարարության աշխատակիցը:
Շեղվելով խնդրահարուց թեմայից, նշենք, որ մեկ ամսից լրանում է անվանի երգչուհու մահվան 21-րդ տարելիցը:
Նախարարությունը հարգանքի տուրք կմատուցի` պսակի կամ ծաղկեփնջի տեսքով, այլ միջոցառումներ չեն նախատեսվում:
Անցյալ տարի մահվան 20-րդ տարելիցի առիթով բացվել է հուշատախտակ:
Թեմայի շուրջ զրուցեցինք նաև «Շարական» համույթի գեղարվեստական ղեկավար Դանիել Երաժիշտի հետ: Նրա խոսքով` Լուսինե Զաքարյանն արժանի է, որ բնակարանը խնամեն, փայփայեն, վերածեն տուն-թանգարանի, ավելին` հոգևոր երաժշտության մշակութային կենտրոնի։ Վերոհիշյալ խնդիրներին նա ծանոթ չէր:
Հուսանք, որ անլուծելի խնդրի չենք բախվել, ու նման կարևոր հարցեր բարձրացնող խմբերը ոչ թե երկպառակությանդուռ կբանցեն, այլ կօգնեն, որ «սայլը տեղից շարժվի»:

http://www.irates.am/hy/1354787065
Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

 

«Արդյոք ճիշտ է լա՞վ ապրելը, թե՞ ճիշտ ապրելը»

«Արդյոք ճիշտ է լա՞վ ապրելը, թե՞ ճիշտ ապրելը»

06.12.2012 | 18:57

Գրողների տանն այսօր արձակագիր ԴԱՎԻԹ ՍԱՐԳՍՅԱՆԻ«Երկվություն» գրքի շնորհանդեսն էր: Գիրքը գրվել է մոտ հինգ տարում, հեղինակի հավաստմամբ՝ այն տարիների կուտակումների արդյունք է:

«Վեպի հերոս Խաչոն մտավորական է, որ գալիս է անցյալ հազարամյակից ու շարունակում է ապրել նոր հազարամյակում, այսինքն, հատել է մի սահմանագիծ, որի ընթացքում մեծ փոփոխություններ են տեղի ունեցել Հայաստանում»,— ասաց նա՝ նշելով, որ փոփոխությունները միայն հասարակարգային չեն, լուրջ փոփոխությունների է ենթարկվել արժեհամակարգը: Իրականում ոչ թե վերարժևորումներ են տեղի ունենում, ինչպես ընդունված է ասել, այլ պարզապես արժեզրկում: Հոգևոր, բարոյական հատկանիշներն իրենց տեղը զիջում են նյութականին:
«Սյուժեն հետևյալն է. Խաչոն տնից գալիս է Ցեղասպանության հուշահամալիր, այդ ընթացքում է տեղի ունենում ամեն ինչ: Երկվությունը մարդու հենց այդ երկպառակությունն է` արդյոք ճիշտ է լա՞վ ապրելը, թե՞ ճիշտ ապրելը»,— հավելում է հեղինակը:
Անդրադառնալով «Իրատես de facto»-ի հարցին՝ լավ գրականությունը կարո՞ղ է ինչ-որ բան փոխել մեր իրականության մեջ, Դավիթ Սարգսյանը պատասխանեց, որ գրքում կա վերլուծություն, թե ինչո՞ւ է ամեն ինչ այս երկրում (ոչ միայն Հայաստան աշխարհում) դարձել առքուվաճառքի առարկա, ինչո՞ւ խոսքն արժեք չունի, ինչո՞ւ են մարդիկ անտարբեր միմյանց նկատմամբ, ինչո՞ւ է անծանոթն անծանոթի նկատմամբ չարությամբ լցված:
«Հասարակական-քաղաքական կյանքում ինչ կփոխվի, ես չգիտեմ,— ասաց նա,- բայց լավ գրականությունը կարող է մարդուն բարձրացնել: Համենայն դեպս, մարդը պետք է փորձի պահպանել իր մարդկային նկարագիրը»:
Գիրքը լույս է տեսել 500 օրինակով, գրախանութներում կդրվի խորհրդանշական ձևով, իսկ ընդհանրապես հեղինակն այն նվիրելու է իր շրջապատի մարդկանց:
Գրքի շնորհանդեսներն աստիճանաբար վերածվում են շնորհանդես-վաճառքի: Դավիթ Սարգսյանը դեմ է դրան և ասաց, որ գրքի տպագրությունը հովանավորել են իր ընկերները, որոնք խնդրել են չհրապարակել իրենց անունը:
«Որովհետև բարեգործությունը չպետք է գովազդվի»,- ասաց արձակագիրը:

http://www.irates.am/hy/1354805994
Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Երևանյան կոլեկցիոներների բացառիկ հավաքածուն

Երևանյան կոլեկցիոներների բացառիկ հավաքածուն

30.11.2012 | 16:25

«Գաֆէսճեան» արվեստի կենտրոնը (ԳԱԿ) հայտարարում է, որ «Երևանյան կոլեկցիոներների ընտրությունը» ցուցահանդեսը կգործի մինչև դեկտեմբերի 16:

Դեկտեմբերի 1-ից ցուցահանդեսի մուտքը կլինի անվճար:
Երեք կոլեկցիոներների` արվեստաբան Պողոս Հայթայանի, նկարիչ Ռոբերտ Էլիբեկյանի և ճարտարապետ Օշին Եղիազարյանցի արվեստի հավաքածուների բացառիկ ընտրանին հանրությանն է ներկայացվում առաջին անգամ:
«Գաֆէսճեան» արվեստի կենտրոնի նախաձեռնությունը` բացահայտելու հայաստանաբնակ մասնավոր կոլեկցիոներներին և ցուցադրելու նրանց հավաքածուները, աննախադեպ է հայ իրականության մեջ: Ստեղծվում է մասնավոր հավաքածուները թանգարանային միջավայրում ցուցադրելու եզակի մշակութային պլատֆորմ` վերահաստատելով անհատ կոլեկցիոների հանրային դերն ու ներդրումը մշակութային ժառանգության պահպանման գործում:

Երևանի գրադարանները համալրվում են նոր գրքերով

Երևանի գրադարանները համալրվում են նոր գրքերով

30.11.2012 | 16:28

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի նախաձեռնությամբ այս օրերին քաղաքապետարանը 214 անուն 9000 կտոր գիրք է բաշխում Երևանի գրադարաններին` Երևանը գրքի համաշխարհային մայրաքաղաք հռչակվելու տարվա առիթով։

Ըստ քաղաքապետի խորհրդական Արամ Սուքիասյանի` բոլոր 214 անուն գրքերը վերջին տարիներին պետպատվերով հրատարակվածներն են, խմբաքանակում ներառված են և՛ գեղարվեստական, և՛ մասնագիտական գրականություն, հեքիաթներից մինչև հայ ու համաշխարհային դասականների, ինչպես նաև ժամանակակից գրողների երկեր։
«Իհարկե, տարբեր տարիներին Երևանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող գրադարանները պարբերաբար ստացել են նոր գրքեր, բայց միանգամից այսքան մեծածավալ համալրում վերջին 20 տարիներին չէր եղել»,- ասում է նա:
Երևանի բոլոր վարչական շրջանների գրադարանները կստանան 500-ից 2000-ական կտոր գիրք` ըստ գրաֆոնդը թարմացնելու անհրաժեշտության։ Խմբաքանակում ներառված են նաև ռուսերեն գրքեր:

«Որովհետև երգչուհու քրիստոնեական առաքելությունը երգի միջոցով բացառիկ բան է» (ֆոտոշարք)

«Որովհետև երգչուհու քրիստոնեական առաքելությունը երգի միջոցով բացառիկ բան է» (ֆոտոշարք)

01.12.2012 | 12:57

«Երբ Լուսինեն երգում է «Սուրբ-սուրբը», ամբողջ հրեշտակները բազմությամբ իջնում են Մայր աթոռ ու փառաբանում Աստծուն իր այդ երգեցողության ու նրան ի վերուստ տրված շնորհի համար»:

Կաթողիկոս Վազգեն Ա

«Լուսինեն հայ երգարվեստի մեջ նույն դերն ունի, ինչ ճարտարապետության մեջ՝ Թորոս Թորամանյանը»:
Պարույր Սևակ

Կոմիտասի, հայ հոգևոր երգերի ու տաղերի կատարող, մեծանուն երգչուհի Լուսինե Զաքարյանի և նրա ամուսնու` Խորեն Պալյանի՝ Երևանի կենտրոնում գտնվող բնակարանը հերթական անգամ ողողվել է ջրով:
Խնդրի հետ կապված Facebook-ում ստորագրահավաք է կազմակերպվել` ուղղված մշակույթի նախարարությանը` կործանումից փրկելու Լուսինե Զաքարյանի բնակարանը և այն վերածելու երգչուհու տուն-թանգարանի:
Տարօրինակ չէ՞, որ Facebook-յան ահազանգը պիտի արթնացնի կամ չարթնացնի կառավարությանը, մշակույթի նախարարությանը, հայ առաքելական եկեղեցուն: Ինչևէ: Այն, որ մեր հասարակությունը մտահոգվում է նման խնդիրներով, մշակույթի նախարարությունը ողջունելի է համարում: Բայց բնակարանը սեփականատեր ունի և նախարարությունն իրավասու չէ ոչինչ անելու:
«Ինչպես նախապես ասվել է, մեր բնակարանը պիտի դառնա Լուսինե Զաքարյանի տուն-թանգարանը: Հույս ունեմ, որ Նորին Սուրբ Օծություն Գարեգին Բ վեհափառը ևս կգնահատի նրա ներդրումը (նա միշտ էլ գնահատել է Լուսինեին), որովհետև երգչուհու քրիստոնեական առաքելությունը երգի միջոցով բացառիկ բան է»: Սա հատված է 2001 թվականին Խորեն Պալյանի` «9-րդ հրաշալիք» շաբաթաթերթին տված հարցազրույցից:
Այսքան տարիներ անց կարելի է միայն ողջունել մշակութային զորօրինակ նախաձեռնությունները: Ժառանգորդներին փնտրել կամ չփնտրել` փրկելու համար ավերվող բնակարանը, որն այդպես էլ չդարձավ տուն-թանգարան: Հանգիստ խոսել չմուծված կոմունալ վարձավճարների մասին: Եվ, վերջապես, գլուխն ազատել` «մենք իրավասու չենք» հերթապահ պատասխանով:
Հավելենք, որ մեկ ամսից մեծ երգչուհու մահվան 21-րդ տարելիցն է:

http://www.irates.am/hy/1354353163

Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

«Միայն գրականությանը կարող եմ հարցնել` ինչպե՞ս է, որ չեմ լինի երկար ժամանակ»

«Միայն գրականությանը կարող եմ հարցնել` ինչպե՞ս է, որ չեմ լինի երկար ժամանակ»

02.12.2012 | 20:39

«Իրատես de facto»-ի հյուրը երիտասարդ արձակագրուհի ՆԱՌԱ ՎԱՐԴԱՆՅԱՆՆ է:

-Գրական հանդիպումները հաճախակի են դարձել: Այգիներում, սրճարաններում անցկացվող հանդիպում-քննարկումները ժամանցի, շոուի չե՞ն վերածվում:
-Ոչ, իհարկե: Սրճարաններում և այգիներում մթնոլորտը փոխվում է: Շփման հարթակը բեմերից ու դահլիճներից իջնում, ավելի բնականին ու անկեղծին է մոտենում: Իսկ եթե գրքերի շնորհանդեսները ժամանցի ու շոուի վերածվեին, շատ ավելի լավ ու օգտակար կլինեին հենց ընթերցողների համար:
-Ի՞նչ ես կարծում` անկե՞ղծ են գրողները մեկը մյուսի հետ:
-Չգիտեմ, բայց մտածում եմ` մի՞թե նրանք այնքան պարզունակ մարդիկ են, որ միայն անկեղծությամբ սփոփվեն:
-Իսկ ի՞նչն է «սփոփում» գրողին:
— Հնարավոր է` գրելու պատճառով գրողը տարիներով զրկվի «ապրելուց»: Իր ստեղծած գիրն է միայն սփոփում:
— Ինչպե՞ս անցավ «Գրական տապան» փառատոնը:
— Փառատոնը հրաշալի առիթ էր շփվելու օտարազգի, ինչո՞ւ չէ, նաև իմ ընկեր գրողների հետ: Պակասում էին միայն օտարազգի գրականագետներն ու հրատարակիչները, որպեսզի այս մտահղացումն ավելի գործնական փուլ մտնի, և, Հայաստանի մասին լավ-լավ բաներ գրելուց բացի, լինեն նաև գործնական նախաձեռնություններ:
-Ավելի շատ լա՞վը, թե՞ վատն ես լսում արձակիդ մասին:
-Ես ինքս գիտեմ իմ արձակի լավ ու վատ կողմերը: Դա է պատճառը, որ և՛ լավ, և՛ վատ կարծիքներն անակնկալ չեն ինձ համար: Իսկ առողջ քննադատությունը միշտ օգտակար է:
-Ի՞նչ հարցեր են ավելի շատ ուղղում քեզ` որպես գրողի:
-Կերպարներդ իրակա՞ն են, սա քո պապան ա՞, մաման ա՞, դու վերցնովի երեխա ե՞ս: Ընթերցողին պետք է հետաքրքրի գրողի տեսակը, մտածողությունը:
-Այս տարի արժանացել ես ՀՀ նախագահի գրական մրցանակի: Քեզ ավելի շա՞տ սկսեցին ճանաչել, թե՞ մինչ այդ էլ գիտեին Նառա արձակագրին:
-Իհարկե նախագահի երիտասարդական մրցանակը շատերին է հուզում, ու նաև այդ հետաքրքրության պատճառով ինձ ճանաչեցին:
-Նառա, գրելով ապրել լինո՞ւմ է: Երկրորդ մասնագիտություն, աշխատանք ունե՞ս:
— Մասնագիտություն և աշխատանք ունեմ, որպեսզի գրելով ապրեմ:
-Եթե լավ վճարեն, սերիալի սցենար կգրե՞ս:
-Չեմ փորձել, բայց չեմ էլ գրի, որովհետև դա գրականության հաշվին արվող զուր աշխատանք է, իսկ այդպիսի մի աշխատանք ունեմ արդեն:
-Պատահե՞լ է, որ ռեժիսորը, բեմադրիչը հետաքրքրվեն գործովդ, կամ փորձե՞լ ես ինքդ առաջարկել:
-Մի շրջան ինքս էի փորձում իմ «Երրորդը» պատմվածքի հիման վրա կարճամետրաժ ֆիլմ նկարահանել, բայց նախաձեռնությունս տեխնիկական պատճառներով հետաձգվեց: Սակայն չեմ կարող չասել, որ այսօր հայ ռեժիսոր-բեմադրիչները շատ վերից են նայում ժամանակակից հայ գրականությանը:
-Իսկ մերօրյա գրողները զե՞րծ են աստղային հիվանդությունից:
— Գրողների դեպքում աստղային ասելն այդքան էլ ճիշտ չէ, նրանք բեմ չեն սիրում, սակայն փառասեր են: Ոմանք իրենց անձի, գրականության շուրջ սիրում են միֆ կառուցել, որն էլ ընկնող աստղ-երկնաքարի հայտնվել-անհետանալու պես արագ բացահայտվում է ու դառնում ծիծաղելի, ցավալի:
-Ապրելի՞ս ես ավելի համարձակ, թե՞ երբ գրում ես:
-Գրողներ կան, գիր են սարքում, որ հետևում թաքնվեն, բայց երկու դեպքում էլ անհամարձակ է ստացվում: Իմ դեպքում` անվախ եմ և՛ ապրելիս, և՛ գրելիս:
-Ամենալավ բաները կատարվում են պատահաբար: Համամի՞տ ես:
-Թերևս։ Բայց չէ՞ որ պատահաբար մահանում էլ են:
-Եթե հավատանք Մարկեսին, տարիքն այն չէ, թե դու քանի տարեկան ես, այլ այն, թե ինչպես ես դա զգում: Քանի՞ տարեկան ես:
— Ըստ Այնշտայնի` ժամանակը շատ դանդաղ է անցնում մեծ զանգվածների կողքով: Այսինքն, ժամանակի ստանդարտ չափումից շատ ավելի կարևոր է քո ներքին ռիթմի, քո ներքին ժամանակի զգացողությունը: Եթե տիտանի կողքին ես, կանգնած է ժամանակը: Այնպես որ, տարբեր մարդկանց հետ տարբեր տարիքի եմ:
-Ծրագրե՞րդ են շատ, թե՞ երազանքներդ:
-Ինձ համար նույնական են ծրագիրն ու երազանքը: Որովհետև այն, ինչ ծրագրում ու երազում եմ, ունենում եմ: Միայն մի աղերս-երազանք ունեմ, որ գիտեմ, հաստատ գիտեմ` չի իրականանա:
-Ինչո՞ւ ես գրում:
-Չորս օր Դիլիջան-Վանաձոր ճանապարհի աջ կողմում կովեր էին արածում: Նրանք դմբո-դմբո լռություն էին ծամում: ՈՒզում եմ լռության մասին խոսել: Պիտեր Հանդկեն մի բանաստեղծություն ունի.
Ինչպես պատահեց, որ ես,
ով հիմա ես եմ, չի եղել առաջ
ինձանից առաջ.
և մի օր էլ ես, ով հիմա ես եմ,
չեմ լինի երկար ժամանակ
ես, ով հիմա ես եմ:
Միայն գրականությանը կարող եմ հարցնել` ինչպե՞ս է, որ չեմ լինի երկար ժամանակ:

http://www.irates.am/hy/1354466723
Զրույցը`

Արմինե ՍԱՐԳՍՅԱՆԻ