«ԳՐՈՂԻ ՀԱՄԱՐ ՉԿԱ ԱՎԵԼԻ ՄԵԾ ՈՂԲԵՐԳՈՒԹՅՈՒՆ, ԼԻՆԻ ԿԵՆԴԱՆՈՒԹՅԱՆ ՕՐՈՔ,ԹԵ ՀԵՏՄԱՀՈՒ, ՔԱՆ ԻՐԱԿԱՆ ԱՐԺԵՔԻ ՈՒՌՃԱՑՈՒՄՆ Է»

«ԳՐՈՂԻ ՀԱՄԱՐ ՉԿԱ ԱՎԵԼԻ ՄԵԾ ՈՂԲԵՐԳՈՒԹՅՈՒՆ, ԼԻՆԻ ԿԵՆԴԱՆՈՒԹՅԱՆ ՕՐՈՔ,ԹԵ ՀԵՏՄԱՀՈՒ, ՔԱՆ ԻՐԱԿԱՆ ԱՐԺԵՔԻ ՈՒՌՃԱՑՈՒՄՆ Է»

03.12.2010 | 

Լույս է տեսել սփյուռքահայ գրող ԱՐԱՄ ՀԱՅԿԱԶԻ «Մոռացված էջերի» առաջին հատորը: Նախատեսված չորս հատորներում ներկայացվելու են գրողի` տարբեր տարիներին մամուլում տպագրված պատմվածքները, հոդվածները, մանրապատումները և այլն: Գրողի ծննդյան 110-ամյակի կապակցությամբ գրքի առաջին հատորը վերջերս ներկայացվել է Նյու Յորքում: Հայրենիքում գիրքը համապատասխան ընդունելության չի արժանացել: «Մոռացված էջերն» ավելի են նպաստում, որ Արամ Հայկազը մոռացվի»,- ասում է գրականագետ, ՀՀ ԳԱԱ Մ. Աբեղյանի անվան գրականության ինստիտուտի ավագ գիտաշխատող ԱՐՔՄԵՆԻԿ ՆԻԿՈՂՈՍՅԱՆԸ:
-Ենթադրվում էր, որ Արամ Հայկազի չորսհատորյակը տպագրվելու է սփյուռքի նախարարության աջակցությամբ, բայց, որքան գիտեմ, գիրքը չի արժանացել գրականության ինստիտուտի հավանությանը, առաջին հատորն արդեն լույս է տեսել այլ միջոցներով: 
-Գիրքն ուրիշ միջոցներով չի տպագրվել, այլ հենց սփյուռքի նախարարության աջակցությամբ, պարզապես դա համատեղ ծրագիր էր, իսկ գրականության ինստիտուտում, ծանոթանալով առաջին հատորի բնույթին ու բովանդակությանը, համարեցին, որ այդ տեսքով սխալ ու հակագիտական է տպագրել այն: Այսինքն` ինստիտուտը հրաժարվել է այդ հրատարակության պատասխանատուն լինելուց: Ընդհանրապես, այն ձեռնարկները, որոնք միտված են ներկայացնելու սփյուռքահայ գրականությունը, ու հատկապես այն գրողներին, ովքեր խորհրդային գաղափարախոսության և այլ արգելակների պատճառով ժամանակին չեն ներկայացվել հայաստանյան ընթերցողին, իհարկե, ողջունելի են, բայց պետք է հաշվի առնել մի կարևոր հանգամանք. «Մոռացված էջեր» ասվածը տեքստաբանական իրացման խնդիր է, և գրականագիտությունն այդ հարցերին անդրադառնում է այն ժամանակ, երբ գրողն իր հիմնական արժեհամակարգով ընթերցողին ներկայացված է: Արամ Հայկազը դեռ ծանոթ չէ մեր ընթերցողին և, ըստ էության, մեզ համար Արամ Հայկազի բոլոր էջերն են մոռացված ու անծանոթ: Լավ կլիներ, որ այդ գրողն առաջին հերթին ներկայացվեր ընտիր հատորով, հետո միայն կարելի էր զբաղվել նրա մոռացված էջերով, եթե դրա հարկը լիներ: Չգիտեմ` գրականագետին, ընթերցողին ի՞նչ են տալու այդ` մամուլից հավաքված, միջինից մի քիչ բարձր կամ ցածր մակարդակի նյութերը, մանավանդ որ գիրքը կազմված է անչափ փնթի, ժամանակագրական սկզբունքի կիրառմամբ, որն այդ դեպքում որոշ կամայականությունների առիթ է տալիս: Ժանրային օրինաչափությունների բացառումը գրքում ստեղծել է քաոս, և չկա կողմնորոշիչ ոչ մի բան: Տեքստաբանական կանոններ կան, որոնց մասին մարդիկ լսել, իբր ըմբռնել են, բայց լավ չեն մարսել: Մեր ակադեմիական հատորներում, ասենք, Թումանյանի, Բակունցի, մյուսների, ընդունված է նյութերը դասավորել ժամանակագրական կարգով, բայց նախ և առաջ նկատի է առնվել ժանրային գործոնը: Այսինքն` պետք է ճշտել ժանրային համակարգը, ապա միայն անցնել ժամանակագրական կարգին: Հակառակ դեպքում` ինչի՞ նման կլիներ, ասենք, եթե Թումանյանի 1-ին հատորում իրար հետևից դրվեին մի բանաստեղծություն, այնուհետև հոդված, ապա էլի բանաստեղծություն, հետո որևէ պոեմի սևագիր տարբերակ, ապա էլի հոդված, ինչ է թե դրանք ժամանակագրական առումով հաջորդում են միմյանց: Բազմաթիվ հասկացություններ կան տեքստաբանության մեջ, որ բացարձակապես անտեսված են Արամ Հայկազի գրքում: Այստեղ, ասենք, կարդում ես «Արքա Լիր» վերնագիրն ու գաղափար չունես` ի՞նչ է, կարդում ես առաջին տողերն ու հասկանում, որ լրատվություն է թատերական ներկայացման մասին: Կողքին հանդիպում է պատմվածք, կամ բացարձակ արժեք չներկայացնող որևէ լրատվություն, թե` ո՞վ, ո՞ւր ժամանեց: Սա հակագիտական մոտեցում է:
-Որքա՞ն է արդարացի չորս հատոր նվիրել միայն Արամ Հայկազին, երբ սփյուռքահայ շատ գրողներ, առհասարակ, գիրք չունեն:
-Դա ավելի շատ կազմողի` Մարգարիտ Խաչատրյանի նախաձեռնությունն է, որն իր հղացման մեջ շատ շնորհակալ, միևնույն ժամանակ պատասխանատու գործ է: Մարգարիտ Խաչատրյանը ուներ արդեն նախափորձ, նա հավաքել և տպագրել էր Համաստեղի մոռացված էջերը, դարձյալ շնորհակալ գործ` ֆորմալ առումով, որովհետև իր բովանդակության մեջ այն նույնպես շատ փնթի կողմեր ուներ, որ կուզեի չտեսնել: Ինչ որ է, Համաստեղի պարագան այնքան էլ վտանգավոր չէր այն պատճառով, որ թեկուզ մեկ հատոր Հայաստանում տպագրվել է 1989-ին, և Համաստեղ երևույթին` բարձր արժեքայնության տեսանկյունից, մեր ընթերցողը ծանոթ է: 
-Ըստ Ձեզ` առաջնայի՞ն գրող է Արամ Հայկազը, կամ ո՞րն է գրականության մեջ առաջնայնության չափորոշիչը:
-Առաջնային գրող է Հրանտ Մաթևոսյանը, որ ազգային գիտակցություն է պայմանավորում, ճանապարհ է ցույց տալիս, ճանապարհ է քննում: Այդ առումով եթե զուգադրեմ, շատ առումներով է զիջում Արամ Հայկազը: Խնդիրները, որ իրենց առաջ դրել են ու իրագործել այդ գրողները, տարբեր են: Արամ Հայկազին իմ` գրականագետի գիտակցությունով, ընկալում և դիտարկում եմ որպես տաղանդավոր մարդու, տաղանդավոր գրողի` սփյուռքի տագնապները, կարոտները ապրածի ու արտացոլողի:
-Այսինքն` տարբե՞ր կերպ են ընկալվում մեր գրողները սփյուռքում և հայրենիքում:
-Վերջին ժամանակներս շատ կոչեր են հնչում այդ առումով: Հայաստանյան և սփյուռքի գրականությունը միասնական դաշտի մեջ դիտարկելը լավ նպատակ է, բայց մեթոդաբանորեն, իմ կարծիքով, հնարավոր չէ դա իրագործել, որովհետև սփյուռքը և Հայաստանը տարբեր իրողություններ են, ուզենք թե չուզենք: Սփյուռքում արժեք ասվածը պայմանավորված է այլ գործոններով, Հայաստանում` այլ: Արամ Հայկազի գրականությունն անմիջական արձագանքն է սփյուռքում ապրող մարդու հոգեբանության, կարոտների, սպասելիքների և այլն: Խնդրադրություններ կան, որ սփյուռքում շոշափվում են, տագնապներ հարուցում, սակայն Հայաստանում դրանք այդքան զգացական մակարդակով չեն ընկալվում և այդքան ողբերգական շեշտադրումներ չունեն: Չեմ բացառում, որ սփյուռքում մեծ ընդունելություն գտած գործը մեզ մոտ հաջողության չարժանանա: Հոգեհատակի խնդիր կա, մանավանդ այս դժվար ժամանակներում, երբ պրոբլեմներն ամենուր են, դժվար է հուզել հայաստանյան ընթերցողին այն խնդիրներով, որ ինքը չունի, և շատ ուրախ է, որ չունի:
90-ականներից, երբ սփյուռքի, այսպես ասած, դռները բացվեցին, այնտեղի հայ գրողներին սկսեցին ազատ ներկայացնել Հայաստանում: Եվ այդ ժամանակներից մի վատ միտում նկատվեց. մերոնք այնքան ոգևորվեցին, որ կարծում էին` սփյուռքում ստեղծվող ամեն ինչը մեծ արժեք է: Սակայն, ըստ էության, այսօր սփյուռքում, չնչին բացառությունները չհաշված, չի ստեղծվում բարձր մակարդակի գրականություն: Իրենց պատասխանը համոզիչ չէ, բայց հիմնավորումներ ունի, ասում են` հայապահպանման խնդիրը լուծում ենք, լեզուն պահում ենք, այդ լեզվով գրականություն ենք ստեղծում, լավն ու վատը ի՞նչ էական են: Այսինքն` զգացական մակարդակի վրա դիտարկվող խնդիր է սա, որը զուտ գրականության դաշտում չես կարող հիմնավորել: Եթե մանավանդ միասնական գրական դաշտը դիտարկելու խնդիր ենք հետապնդում, պիտի վերանանք մեզ կաշկանդող այդ կապերից և գրականությունը քննենք որպես գրականություն ու դիտենք այն այնպես, ինչպես կա:
-Ի՞նչ քայլեր են արվում սփյուռքահայ գրականությունը Հայաստանում ներկայացնելու առումով:
-Շատ քայլեր են արվել, բայց բացերն այնքան շատ են, որ դեռ ահռելի գործ կա անելու: Վազգեն Շուշանյանի գրքերը տպագրվեցին, ընդ որում` նախկինում անտիպ, և դրանց կազմող Նաիրա Հարությունյանն իսկապես լուրջ գիտական աշխատանք էր կատարել: Ես և սփյուռքահայ գրականության բաժնի վարիչ Հրաչյա Սարիբեկյանը ծրագիր ենք ներկայացրել գրականության ինստիտուտի տնօրենությանը` տպագրելու սփյուռքի այն հեղինակներին, ովքեր Հայաստանում երբևիցե չեն տպագրվել կամ վատ են ներկայացված:
-Իսկ եթե ներկայացման Ձեր կերպը նույնպես հակառակ արձագանքներ առաջացնի՞: Ի՞նչ չափանիշներով եք առաջնորդվելու:
-Պահպանվելու է գիտական պատշաճ մակարդակը, որը ենթադրում է տեքստի բացառիկ մաքրություն, անհրաժեշտ ծանոթագրություններ: Ընդ որում, առաջարկել ենք, որ գրքերը տպագրվեն գրողի նախընտրած ուղղագրությամբ, որպեսզի նախ` օգտակար լինեն և՛ սփյուռքին, և՛ Հայաստանին, միևնույն ժամանակ, հարգվի բնագրագիտության ամենակարևոր օրենքը` գրողին հրատարակել իր կիրառած ուղղագրությամբ:
-Սփյուռքում հայապահպանման գործում մեծ է Արամ Հայկազի և այդօրինակ մտավորականների դերը: ՈՒնե՞նք այսօր նման գրողներ: 
-Արևելյան գաղթօջախներում և Ամերիկայում ստեղծվող գրականության մեջ կա պաթետիկ ոգևորվածություն` իմ սուրբ երկիր և նման այլ կաղապարներով: Դա սփյուռքի մարդու հոգեբանությունից բխող երևույթ է: Բայց մի հետաքրքիր օրինաչափություն կա. այն գրականությունը, որ հավատարիմ է մնացել ընկալման այդ կերպին, բարձր արժեքներ չի ստեղծել: Իսկ այնպիսի ինքնատիպ գաղթօջախում, ինչպիսին, օրինակ, ֆրանսիականն է, գրականությունը հայրենիքի այդպիսի ընկալման հետ գոնե արտաքին մակարդակում ընդհանրապես կապ չունի, գրողներ կան, որ ուրիշ խնդիրներ են բարձրացնում, ավելի ինտելեկտուալ, իմացական մակարդակի, քան պաթետիկ ճառերն են: Եվ ստեղծվում են արժեքներ: Վկայությունը Գրիգոր Պլտյանի, Վահե Օշականի ընտիր գրականությունն է: 
Քիչ գրողներ կան, որ ստեղծում են իրենց գրականությունը: Սփյուռքահայերի համար այս թեմաներին, այսպես ասած, «կպնելը» սրբապղծության պես բան է: Հայրենասիրության, ազգապահպանության խնդիր արտացոլելը նորություն չէ սփյուռքում, բոլոր ստեղծագործող մարդիկ արծարծում են այդ գաղափարները: Դրանով չի կարելի պայմանավորել գրողիս առաջնայնությունը: Գրողի համար չկա ավելի մեծ ողբերգություն, լինի կենդանության օրոք, թե հետմահու, քան իրական արժեքի ուռճացումն է: Բարձր մակարդակ ունեցող ընթերցողի հետ շփման դեպքում արտաքին պաճուճանքները վայր են թափվում, մնում է գրողն այնպիսին, ինչպիսին կա: Այս առումով, եթե վերադառնանք Արամ Հայկազին, գուցե պարզ, նորմալ, ճիշտ ներկայացման դեպքում նա ավելի մեծ արժեք ունենար: Ամեն դեպքում` Արամ Հայկազին ճիշտ տպագրելը կլուծի մի մեծ բաց էլ. Հայաստանում ստեղծվում են գրականության պատմություններ, դասագրքեր, հիրավի անտեսված գրողին կարող ենք ներառել այդ ընդհանուր գրաբանական դաշտի մեջ, որ նրա ամբողջ ստեղծագործությունը չվերածվի մոռացված էջի: 
-Ի դեպ, նրա կյանքն ինքնին հետաքրքիր պատմություն է:
-Ես այդպիսի գրող չգիտեմ սփյուռքում, որ հետաքրքիր կյանք ապրած չլինի: Բայց գեղագիտությունն ավելի կարևոր է, քան պարզունակ գաղափարախոսությունը: ՈՒստի անհարկի ուռճացումներ պետք չեն: Ինձ համար հաճելի ու նաև տարօրինակ է լրատվամիջոցների այս հետաքրքրվածությունն Արամ Հայկազի գրքով: Զգացվում է, որ արհեստական է, այսպես կոչված, PR-ի արդյունք: Անհամեմատ բարձրարժեք գրքեր են լույս ընծայվում, բայց ոչ մի լրատվամիջոց դրանց չի անդրադառնում: Գրիգոր Պլտյանի «Մանտրաներ» գիրքն է վերջերս լույս տեսել: Կամ` Սևան Տեյրմենճյանի աշխատասիրությամբ Զավեն Պիպեռյանի «Մրջյուններու լուսաբացը» վեպը, որը գեղարվեստական-գաղափարական շատ բարձր իրացում է:
-Հայաստանյան ընթերցողը նորից անմա՞սն է մնալու Արամ Հայկազից:
-Այս տեսքով` այո, սա Արամ Հայկազ չէ: Դեռևս 60-ականներին Պարույր Սևակը հարց էր բարձրացնում, որ մեր դասականներին (նույնիսկ) պետք է ներկայացնենք հատընտիրներով, որ այդ արժեքներն ամրագրվեն և ինչ-որ չնչին բաների պատճառով ժողովուրդը չհիասթափվի իր մեծություններից: Եվ ասում էր` գիտական հրատարակությունները գիտնականների համար են: Աշխարհում ընդունված կարգ է սա. նման հրատարակություններն անել սահմանափակ տպաքանակով` գիտնականների և տվյալ գրողով հետաքրքրվողների համար:
-Երևի այդ նպատակով էլ կազմվե՞լ է գիրքը:
-Չեմ կարծում, գիրքը հրատարակվել է 500 տպաքանակով, Հայաստանի համար դա առավելագույն տպաքանակ է, և որքան տեղեկացված եմ, տարվել է նաև ԱՄՆ: Սփյուռքի որոշ շրջանակներում գուցե այդ գիրքն ընկալվի որպես մոռացված էջեր, շռնդալից ու ծափաշատ ընդունելության արժանանա, բայց վստահ եմ` ինչպես Համաստեղի պարագայում եղավ, ամենամեծ քննադատությունը կսպասենք սփյուռքից:
-Բայց Մարգարիտ Խաչատրյանը վստահեցնում էր, որ սփյուռքում մեծ ընդունելություն է գտել Համաստեղի «Մոռացված էջերը», ինչը և սպասվում է Արամ Հայկազի դեպքում:
-Դա սուբյեկտիվ կարծիք է: Կլինեն մարդիկ, որ շնորհանդեսներ կանեն, կոգևորվեն առանց կարդալու, գրքի փաստը կգնահատեն: Բայց կա մի շրջանակ, որ իրական գնահատականը կտա: 
Զրույցը` Արմինե ՍԱՐԳՍՅԱՆԻ
http://www.irates.am/hy/DaXD50YWgWnGXNt5VdGKcSOm7Y

«ՄԱՄՈՒԼԻ ԴԵՄ ԱՍՎԱԾ ՃՇՄԱՐԻՏ ԽՈՍՔԸ ՀԱՇՎԵՀԱՐԴԱՐ ՉԷ»

«ՄԱՄՈՒԼԻ ԴԵՄ ԱՍՎԱԾ ՃՇՄԱՐԻՏ ԽՈՍՔԸ ՀԱՇՎԵՀԱՐԴԱՐ ՉԷ»

21.12.2010 | 

Երեկ «ՈՒրբաթ» ակումբում գրողների միության նախագահ ԼԵՎՈՆ ԱՆԱՆՅԱՆԸ և նկարիչների միության նախագահ ԿԱՐԵՆ ԱՂԱՄՅԱՆԸ հրապարակեցին լրատվամիջոցների և լրագրողների համար սահմանված «Գեղանք» և «Կեղանք» մրցանակաբաշխության առաջին հաղթողների անունները: «Գեղանք» անվանակարգում «Գեղեցիկը կփրկի աշխարհը» մրցանակին և համապատասխան դիպլոմների արժանացան «Իրատես de facto» թերթն ու հեռուստալրագրող Ջուլիետ Կաժոյանը` հանրապետության մշակութային կյանքն անաչառ լուսաբանելու, ստեղծագործական միությունների նկատմամբ լրջմիտ վերաբերմունքի համար:
Մինչ «Կեղանք» անվանակարգին անդրադառնալը, ՀԳՄ նախագահը ևս մեկ անգամ հստակեցրեց` «կեղանք» նշանակում է խոց, քոս, փառ, ոչ ավելին: Նոր և արտառոց այդ մրցանակը ստեղծագործական միությունները սահմանել են գրական, մշակութային արժեքները խեղաթյուրելու, մշակույթի գործիչներին անվանարկելու, ստեղծագործական միությունները վարկաբեկելու, փաստերը նենգափոխելու հարցում սահմանած ռեկորդների համար: «Կեղանք» մրցանակը տրվեց «Ազատամտություն» և «Հայոց աշխարհ» օրաթերթերի լրագրող Կիմա Եղիազարյանին: 1937 թվականին թողարկված խորհրդային երեք ռուբլիանոցի փոքր պատճենը` վկայականով ու փոքրիկ հուշանվերով, չհանձնվեց մրցանակակրին, հասկանալի պատճառով. նա ներկա չէր մրցանակաբաշխությանը, թեև հրավիրված էր: «Մեծ կեղանք» մրցանակին արժանացավ ՀԳՄ նախկին անդամ Աբգար Ափինյանը: Ի տարբերություն նախորդի` ստալինյան թղթադրամի պատճենն ավելի խոշոր էր: Մրցանակները կփոխանցվեն փոստով:
Լրագրողներից մեկն այս մրցանակաբաշխությունը նմանեցրեց հաշվեհարդարի, քանի որ այն սահմանել է տուժող կողմը: «Ո՞վ պետք է մեր դատին տեր կանգնի,- հակադարձեց ՀԳՄ նախագահը:- Կիսագրագետ, մակերեսային, սկանդալային գրչակները պետք է զազրախոսեն, իսկ մենք չասե՞նք` տեր կանգնեք ձեր ասածին: Օրենքը պիտի գործի բոլոր օղակների, այդ թվում` չորրորդ իշխանության համար: Մամուլի դեմ ասված ճշմարիտ խոսքը հաշվեհարդար չէ»: «Իրատես de facto»-ի հարցին` այդ մրցանակները կփակե՞ն նմանատիպ հրապարակումների ճանապարհը, թե՞ նոր դուռ կբացեն դրանց առաջ, ՀԳՄ նախագահն ի պատասխան ասաց, որ ապատեղեկատվության, զազրախոսության դեմ մշտապես կիրառվելու են համարժեք բոլոր միջոցները: «Ի վերջո այս երկիրը պիտի դառնա՞ բարոյական երկիր, մշակութային երկիր, բարության երկիր: Արդեն անհնար է շնչահեղձ չլինել մաղձի, չարության վարկաբեկիչ այս մթնոլորտում»,- դառնությամբ հավելեց նա: Ստեղծագործական միությունների նախագահներն իրենց խոսքն ավարտեցին տարեվերջի բարեմաղթանքներով:
Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ
http://www.irates.am/hy/nQZ1JXjZ5f8kEU3SKpM9y5hF5a

«ԱՇԽԱՐՀԻ ՔԱՂԱՔԱՑԻ ԴԱՌՆԱԼՈՒՆ ՄԻՏՎԱԾ ՄԵՐ ՋԱՆՔԵՐՆ ԻԶՈՒՐ ԱՆՑԱՆ»

«ԱՇԽԱՐՀԻ ՔԱՂԱՔԱՑԻ ԴԱՌՆԱԼՈՒՆ ՄԻՏՎԱԾ ՄԵՐ ՋԱՆՔԵՐՆ ԻԶՈՒՐ ԱՆՑԱՆ»

21.01.2011 | 

Վերջերս լույս տեսած «Տոնապետ» պատմվածքների ժողովածուն ՎՐԵԺ ԻՍՐԱՅԵԼՅԱՆԻ հերթական «հանդիպում-զրույցն» է ընթերցողի հետ: Էջ առ էջ թերթելով ծանոթ իրականությունը, մոտենում ես Վրեժ Իսրայելյան-արձակագրին: Նա ուրիշ անուն չի տալիս իրականությանը: Մեր տեսածն է պատմում, մեր մասին է պատմում ու վարակում ընթերցողին իր ցավով ու տեսածով: Նրա տեսածն ավելին է, բայց տխրության մեջ էլ գեղեցկություն կա (կարծեմ` Չապլինն է ասել): Այս տխրության մեջ կյանք կա, իրականության դեմ իրականությամբ կռիվ տալու համառություն: 
Մարդը, սասունցին, հայը։ Տոնապետը: Սա գրողի ստեղծած աշխարհն է աշխարհի մեջ: ՈՒ շատ կուզենար, որ Տոնապետի ազգային պատկանելության մասին հարցեր չտայինք, և երջանիկ կզգա իրեն, եթե Տոնապետն ընթերցողի ընտանիքի անդամը դառնա կամ սիրված հյուրը: «Իմ մեղքը չէ, որ Տոնապետն ու Սանչո Պանսան նույն լեզվով դժվար թե երբևէ խոսեն»,- ասում է նա ընթերցողին ուղղված խոսքում: Աշխարհի քաղաքացի դառնալուն միտված մեր ջանքերն իզուր անցան, նկատում է: Ազգությունն էլ ինքը չի ընտրել, ոչ էլ ցավը: «Նա, ով կպնդի, որ իմ Տոնապետը զորեղ մարդ չէ, մարդկային ուժի մասին իր պատկերացումները թող աշխարհի լվացքի պարանին փռի: Ո՞րն է ուժը, այն, որ գործադրվո՞ւմ է, թե՞ այն, որ զսպվում է: Կարծում եմ` գրականությունը բառերի մեջ զսպված ուժն է: Հակառակը` աղետ է»: 
Այդ զսպված ուժն է թաքնված «Մեկ վայրկյան» պատմվածքում: «Մամ ջան, էդ պատմվածքս կկարդաս ու կներես որդուդ, որ երկիրը սիրեց իր պես և իր պես էլ քեզ մոռացավ»: Սա երկրի ամենակարևոր մարդու նամակն է, ով, ի դեպ, միայն ինքը գիտի, թե ինչ է զգում երկրի ամենակարևոր մարդն այն պահին, երբ ահաբեկչի ինքնաձիգի փողն ուղղված է նրա քունքին: Երբ «ամբողջ կյանքի դիմաց մեկ վայրկյան ժամանակ է տրված: Երբ անզգուշության դեպքում կարող ես մեռնել, ու երկիրն անտեր կմնա, ու մահդ կծանրանա երկրի խղճին»: Չգիտեմ` այս պատմվածքում հիացմո՞ւնքն է շատ, զսպված ո՞ւժը, թե՞ ողբերգությունը: «Կորած-մոլորած տարի»: Հերթական պատմվածքն է: «Երեխաներին հանգիստ թող, նրանք մեղք չունեն, որ մենք ծերանում ենք»: Սա մեկ այլ ողբերգություն է: Խիստ է ասել` ողբերգություն: Կյանքն է, գիտակցումը, որ ապրելով մոտենում ես վերջին ու փորձում ես հաշտ նայել «կորած-մոլորած տարիներին ու նրանց, ովքեր դեռ շարունակելու են իրենց, քո՛ ճանապարհը: ՈՒ էլի` եղեռն: Չգրված օրենք է: Գենետիկ հիշողությամբ, թե հայրերիդ, պապերիդ պատմածով, մեկ է, եղեռնը մի օր հասնելու է քեզ»: Պատմվածքը վերնագրված է «Ապաքինում»: ՈՒշագրավ բանաձևում-հակասություն է` «Ցավը ցավով են մեղմում»:
Եղեռնի պատմությունը սրբում է որդու աչքերն ու բթացնում եռացրած ջրի մեջ խաշված ոտքերի ցավը: Հետո նույն այդ պատմությունը ոտքը կորցրած որդու աչքերն էր արցունքի ավազով լցնելու` չթողնելով «ցավի տեղ` ցավի համար»: Իսկ պատմությունն սկսվում է Դեր Զորից, որ ամենաստվերախիտ անտառը կլիներ, եթե դիակները ծառեր դառնային… Թվում է, գանգրահեր տղան դեռ ավազի վրա գրում է` այնտեղ թուրքերն են…
«Ազատություն Աղավնի տատիկին» պատմվածքում անխուսափելի ծերությունն է, մեր օրերի գծագիրը` «գյուղացիք գյուղից են փախչում, քաղքցիք` քաղաքից»: ՈՒ էլի եղեռնը: ՈՒթսունյոթամյա Աղավնի տատիկի հիշողության կորստի մեջ վառ ապրում է թուրքը: «Ժողովո՜ւրդ, թուրքերը կողպել են բոլոր դռները…», ահազանգում է ութսունյոթամյա հիշողությունը: Եվ իզուր են տնեցիները փորձում նրան փակի տակ պահել: Երբեմն արձակագրի վերնագրերն ուղղակի կամ անուղղակի տալիս են պատումի փակուղու պատասխանը` «Ազատություն Աղավնի տատիկին»: Քաղաքի նոր հարևանների այս կոչը կարելի է հազար ձևով բացատրել: Կարելի է և թողնել առանց մեկնաբանության: 
«Հայ-թուրքական հինավուրց խաղ» պատմվածքում այլ հարթություն է բացվում: Գերի ընկած հայ աղջնակի համար ադրբեջանցի հրամանատարի առաջարկած խաղի մեջ հայ զինվորները սեփական կյանքն են դնում, իսկ աղջնակը գերությունից ազատվելուց հետո ծնողների հետ արտասահման է մեկնում և, ըստ լուրերի, ամուսնանում թուրքի հետ: Ի դեպ, սա արդեն գրողի երևակայությունը չէ, նշում է հեղինակն ու ցավով արձանագրում. «Ամեն ինչ խառնվեց իրար. եթե Մեծն Տոլստոյին հաջողվեց սեփականացնել իր նախնիների պատերազմն ու խաղաղությունը, ես ընդամենը կարողացա մտնել հարյուրամյա մի քարանձավ ու այնտեղից դժվար թե դուրս գամ»: «Բարենբար»-ը պատմվածքում արդարացված հաշտությունն է հայ և ադրբեջանցի մայրերի: Գուցե, որովհետև ցավը ազգություն չունի: Ադրբեջանցի և հայ մայրերից այնպիսի նշան են ուզում, որ դիակը պահպանած լինի, որ միայն նրանց հատուկ լինի: «Իմ որդին, երբ ծիծաղում էր, այտերին սիրուն փոսիկներ էին գոյանում: Հետո ծիծաղն անցնում էր, բայց փոսիկները դեռ մնում էին»,- ասում է հայ մայրը: «Ադրբեջանցի տղան էլ եղանի մի խոցումով երեք խուրձ խոտ էր պահում գլխավերևում»: Ցավը մի տեսակ մտերմացնում է մայրերին, ու ձախողված բանակցությունների փոխարեն կարևոր նվաճում են ձեռք բերում` որդիներին փնտրում են ողջերի մեջ:
«Սոնան և պատերազմը»: Քնքուշ մի տխրություն կա այս պատմվածքում, որ իրապես կարող է նկատել նա, ով պատերազմին նայում է կողքից: Չգիտես էլ` զավե՞շտն է շատ, թե՞ ողբերգությունը:
«Այդ պատերազմում մեզ վիճակված էր երկու բան` զոհվել և ծիծաղել: Երկուսն էլ անթերի կատարեցինք: Պետությունն էլ մեզ լիուլի վարձատրեց` տասնմեկս էլ արժանացանք «Մարտական խաչի», բայց չիմացանք… զոհվելո՞ւ, թե՞ ծիծաղելու համար»: Սոնան աննկարագրելի է, պատերազմը` անմեկնելի: Երկուսից էլ բան չեն հասկանում տղաները: Բայց դե, «եթե պետք էր, որ այս պատերազմն իր Սոնան ունենա, թող ունենա»: 
«Այդպիսի բաներ». սա չնախատեսված հանդիպումն է հայի և թուրքի: Փարիզի սրճարանի պատերին Սասնա բնաշխարհն է, սրճարանատերն էլ քուրդ է: Հենց այստեղ էլ հանդիպում են ֆրանսիացի-սասունցի քուրդն ու հայաստանցի-սասունցի հայը: «Բայց մտածում ես, որ այս քուրդը, որ Սասունի իր տունը ծախել ու Ֆրանսիայում սրճարան է գնել, եթե ոչ այսօր, ապա վաղն իր թշնամին է դառնալու»,- մտածում է սասունցին: «Եվ ես իմ նոր թշնամուն մեղադրելու բարոյական իրավունք չեմ ունենալու, որովհետև նա գրեթե իմ չափ, կամ ինձնից առավել սիրում է իմ հայրենիքը: Նա ասաց. «Երկիրը նրանն է, ով ապրում է այդ հողի վրա», հետո ասաց. «Նրանն է, ով ննջում է այդ հողի մեջ»։ Հետո ասաց. «Նրանն է, ով վերադառնում է»: Սասունցու որդին ասում է քրդին. «Հայրս ասում է, որ վաղ թե ուշ հանդիպելու ենք»: Այ, այսպես Փարիզն սկսվում ու ավարտվում է քրդի սրճարանում, իսկ տասը տարի անց, երբ թոռներն էլ արդեն տասը տարով մեծացած կլինեն, երբ լրագրողը հարցնի, թե ո՞րն է աշխարհի ամենասիրուն քաղաքը, կպատասխանի` Փարիզը: «Ինչո՞ւ»,- կհարցնի լրագրողը: «Այնտեղ ես տեսա Սասունը»։ Մինչ այդ փարիզյան նպարավաճառից երկու գեղեցիկ ձուկ կգնի ու, որպես Վանա տառեխ, կմատուցի թոռներին, հավատացած, որ թոռները սուտն ավելի ախորժակով կծամեն, քան ճշմարտությունը:
«Թատրոն»-ը մատնանշում է հայի և թուրքի տարօրինակ «հարազատությունը»` որտեղ հայ, այնտեղ թուրք: «Մեղավո՞ր է արդյոք առաջին հայը, որ իր բառապաշարում «թուրք» բառը չի ունեցել: Մեղավո՞ր է արդյոք վերջին հայը, որի պատմվածքն առանց թուրքի յոլա չի գնում: Սիրահարական պատմվա՞ծք է մտմտում, մեկ էլ թուրքը քիթը խոթում է մեջը: Պատմավե՞պ է, գրում, թուրքը կա ու կա»: Մեր միջի թուրքից ազատվելու միակ միջոցը նրան հաղթելն է` թե՛ դրսում, թե՛ ներսում, փորձում է ելք գտնել գրողը: Իսկ իրականում թատրոն է ամբողջը, թուրքը թուրքի դեր է տանում, հայը` հայի, ով լավ դերասանություն է անում, նրան էլ ծափահարում են: 
«Թանկագին հյուրը» երկու դասընկերոջ պատմություն է: Մոսկվայից հաղթանակած վերադարձած Մելոն: Պատերազմում հաղթած Հակոն, որ վերադառնում է Մռովն իր մեջ ու անպատերազմ կյանքում սկսվում է նրա ողբերգությունը: Այստեղ չի խնայում արձակագիրը ո՛չ ընթերցողին, ո՛չ հաղթած-պարտված ազատամարտիկին, ո՛չ ինքն իրեն: 
Ընտանիք, ծերություն, անհաշտ հաշտություն ու նույնքան վտանգավոր հաշտություններ, կյանք… Շատ բան կարելի է գտնել այս գրքում: Իսկ գրքի հերոսը շարունակում է մնալ Տոնապետը` վազքից (թե՞ կյանքից) հետ ընկած սասունցին…
Գիրքը փակելուց հետո դեռ երկար կխորհի ընթերցողը: Իսկ գրողն ուղղակի գրում է. «Շատ բան էի ուզում գրել, բայց, բարեբախտաբար, այդ ամենն արդեն գրել էր Վիլյամ Սարոյանը: Լավ թե վատ, ինչ գրել եմ, սրտով եմ գրել: Ազատություն եմ փնտրել. կա՛մ գտել եմ, կա՛մ ոչ: Այս պատմվածքների մեջ ապրում է մարդու այն տեսակը, որի անունը Վրեժ Իսրայելյան է»: 
Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

http://www.irates.am/hy/zgiPlh3HFUFD96XwiWOltBbJ0Y

 

«ՎՍՏԱՀ ԵՄ, ՈՐ ՄՏԱՎՈՐԱԿԱՆՈՒԹՅԱՆՆ ԱՆՎԱՆԱՐԿԵԼՈՒ ԱՅՍ ԾՐԱԳԻՐԸ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՎՈՒՄ Է ԴՐՍԻՑ»

«ՎՍՏԱՀ ԵՄ, ՈՐ ՄՏԱՎՈՐԱԿԱՆՈՒԹՅԱՆՆ ԱՆՎԱՆԱՐԿԵԼՈՒ ԱՅՍ ԾՐԱԳԻՐԸ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՎՈՒՄ Է ԴՐՍԻՑ»

12.11.2010 | 

Հայաստանում հիմնվում է ստեղծագործական միությունների ղեկավարների խորհուրդ, որը կոչված է քննարկելու գրական, մշակութային, նաև ազգային-հասարակական հնչողություն ունեցող խնդիրներ: Երեկ «Իրատես de facto» ակումբում Հայաստանի գրողների միության նախագահ ԼԵՎՈՆ ԱՆԱՆՅԱՆՆ ու նկարիչների միության նախագահ ԿԱՐԵՆ ԱՂԱՄՅԱՆԸ մանրամասնեցին այն իրադարձությունները, որոնք դրդել են ստեղծագործական միություններին միավորվելու և սահմանելու նոր ու արտառոց մրցանակ:
Գրական, մշակութային արժեքները խեղելու, մշակույթի գործիչներին անվանարկելու, ստեղծագործական միությունները վարկաբեկելու, փաստերը խեղաթյուրելու հարցում սահմանած ռեկորդների համար ՀԳՄ նախագահությունը հայտարարում է լրատվամիջոցների և լրագրողների «Կեղանք» մրցանակաբաշխություն (կեղանք` խոց, քոս, փառ): Մրցանակները կհանձնվեն 2011-ի տարեվերջին` ՀԳՄ քարտուղարության որոշմամբ: Մրցանակակիրներին կտրվեն դիպլոմներ և 1937 թվականին թողարկված խորհրդային երեքռուբլիանոցների պատճեններ: 
«Մեկուկես տարի հետո նորից կլինեն խորհրդարանական ընտրություններ, մեր հասարակությունը, որ կարծես թե արթնանում էր թմբիրից` համախմբվելու մեզ համար կարևոր արժեքների շուրջ, նորից կքաղաքականանա: Արդեն օդի մեջ զգացվում է սպասվելիք գզվռտոցների, պառակտումների հոտը»,- ասաց Լևոն Անանյանը` ընդգծելով, որ այսօրվա թեման հրատապ է և ուղղակիորեն կապ ունի հասարակությունում տիրող բարոյահոգեբանական մթնոլորտի հետ: Նա վկայակոչեց Հովհաննես Ավետարանչի հետևյալ խոսքերը. «Ես ուզում եմ վկայել իմ մասին, բայց այդ վկայությունը ճշմարիտ է, որովհետև գիտեմ` որտեղից եմ եկել և ուր եմ գնում»: Պրոֆեսիոնալ լրագրողի իրավունքով ՀԳՄ նախագահը բարձրաձայնեց մամուլի դերի ու խնդիրների մասին. «Այսօր մամուլի ծառը գլխիվայր է աճում. մենք վաղուց կորցրել ենք ազատության և անարխիայի սահմանագիծը, որը պիտի մամուլին առաջնորդեր իբրև չորրորդ իշխանություն` կազմակերպելու հասարակական միտքը: Մամուլի խնդիրն անպատասխանատվությունն է, խայտառակ փաստեր են հրապարակում, հետո անկյունում մանրատառով հերքում տպագրում»: Լևոն Անանյանը նշեց մեղադրանքների այն շարքը, որ հասցեագրվել է ՀԳՄ-ին: Անմասն չեն մնացել նաև մյուս ստեղծագործական միությունները` նկարիչների, կինեմատոգրաֆիստների, կոմպոզիտորների, թատերական գործիչների: Թալան, օտարամոլություն, կործանիչ գործունեություն, ընդհուպ` մարդասպանություն. սրանք այն մեղադրանքներն են, որ հասցեագրվել են անձնապես ՀԳՄ նախագահին: Քանի որ լռությունը որպես արհամարհանքի դրսևորում չի կասեցրել անպատիժ սադրանքներ տարածող լրագրողներին, ստեղծագործական միությունները որոշել են գործել օրենքի սահմաններում: «Հայոց աշխարհ» թերթում Կիմա Եղիազարյանի «Թալանել, թալանել մինչև վերջ» հրապարակման առիթով հինգ ստեղծագործական միություններ գործ են հարուցել, դատարանը բավարարել է հայցը, կտպագրվի հերքում, նաև ֆինանսական փոխհատուցում կպահանջվի 300 հազար դրամի չափով: «Վստահ եմ, որ մտավորականությանն անվանարկելու այս ծրագիրը ֆինանսավորվում է դրսից»,- ասաց ՀԳՄ նախագահը:
Կարեն Աղամյանը նույնպես հատուկ միտում է տեսնում ընդդեմ ստեղծագործական միությունների: «Ստեղծագործական միությունները կազմում են ՀԿ-ների մի մասը: Հայաստանում գրանցված է 5500 ՀԿ, բայց, չգիտես ինչու, ուշադրության կենտրոնում մենք ենք: Դեռ լավ է, որ Ազգային ժողովը վերջապես հասկացավ, որ ստեղծագործական միությունները սովորական կազմակերպություններ չեն, պետք է ունենան իրենց առանձին կարգավիճակը` առանձին օրենքի ներքո, ինչպես աշխարհի շատ երկրներում է»:
Կզսպի՞ «Կեղանք» մրցանակն անվանարկումների արշավը, դժվար է ասել, սակայն ՀԳՄ նախագահը նկատեց, որ այսուհետ յուրաքանչյուր փաստագրական աղավաղման, վիրավորանքի համար ֆինանսական փոխհատուցում կպահանջվի, և աշխատողներն իրենց աշխատավարձի մի մասը կստանան մատնագրերի դեմ պայքարի այդ ազնիվ ճանապարհով: 
Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

http://www.irates.am/hy/VMHQg3wsCQrBllmh0RhvInoPGk

«ԱՅՍ ՆԿԱՐՆԵՐՈՒՄ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ ՉԿԱ, ԿԱ ՃՇՄԱՐՏՈՒԹՅՈՒՆ»

«ԱՅՍ ՆԿԱՐՆԵՐՈՒՄ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ ՉԿԱ, ԿԱ ՃՇՄԱՐՏՈՒԹՅՈՒՆ»

26.11.2010 | 00:00

Հայաստանի նկարիչների միության ցուցասրահում բացվել է «Մարմին. նոր պատկերային արվեստը Հայաստանում» խորագրով ցուցահանդես: Կերպարվեստը, իբրև առանձին արվեստի տեսակ, սկզբնավորման պահից մշակել է կանոններ մարդկային մարմնի պատկերման ու ընկալման մասին: Ցուցահանդեսը համադրող արվեստագետները (Արարատ Սարգսյան, Սարգիս Համալբաշյան, Արևիկ Արևշատյան, Արման Գրիգորյան, Դավիթ Կարեյան) միավորել են կերպարվեստի կարևորագույն հարցերից մեկը` մարմինը: Ներկայացված է 39 արվեստագետների ավելի քան 50 աշխատանք: Ներառվել են արվեստի տարբեր տեսակներ` քանդակ, լուսանկար, գեղանկար, վիդեո` արտ, ինստալյացիա: Առաջին անգամ Հայաստանում փորձ է արվում համատեղ ներկայացնել տարբեր սերունդների տարբեր մեթոդներով աշխատող արվետագետների, վերացնել դասականների ու ժամանակակիցների միջև եղած ներքին հակամարտությունը, ինչը, ըստ վաստակավոր նկարիչ Արարատ Սարգսյանի, կվերացնի սեկտայությունը և ավելի հետաքրքիր կդարձնի արվեստի միջավայրը: Էդվարդ Իսաբեկյանի, Սարգիս Մուրադյանի, Արման Գրիգորյանի, Հակոբ Հակոբյանի, Էմիլ Գազազի և այլ արվեստագետների կողքին ներկայանում են երիտասարդ արվեստագետներ Դիանա Հակոբյանը, Օվսաննա Շեկոյանը, Սվետլանա Անտոնյանը (Օկիան), Տիգրան Խաչատրյանը… Ինչի՞ համար է մերկ մարմինների այս ցուցադրությունը, կամ ինչո՞ւ է անվանվում նոր պատկերային արվեստ: Պարզվում է` այստեղ կան գործեր, որ արվել են խորհրդային տարիներին ու պահվել արվեստանոցներում: «Խորհրդային նկարիչը մերկ մարմին կարող էր նկարել, եթե պատկերում էր մարզիկի, այլ մերկ մարմին եթե նկարեր, չէին ցուցադրի: Այսինքն, քո ամբողջ ուսումնական պրոցեսը, որ հիմնված է մերկ մարմնի վրա, դառնում էր ավելորդ: Ավարտում էիր և չէիր կարողանում ցույց տալ գիտելիքներդ,- ասում է Արարատ Սարգսյանը։- Մեր ցուցահանդեսը նաև տաբուները հաղթահարելու խնդիր է առաջ քաշում»: Իսկ խնդիրը մարդն է և իր մարմինը, ընդվզումը մարմնի դեմ: Ոմանք պլաստիկ վիրահատություններ են անում, կռվում են իրենց մարմնի դեմ, կարծում են` ինչ-որ բան սխալ է: Բայց, արվեստագետի համոզմամբ, ոչինչ սխալ չէ: Մարդիկ տարբեր են, պետք է համակերպվել սեփական մարմնի հետ, ոչ թե կռվել: Իսկ պատրա՞ստ է այսօր մեր հասարակությունը նման ցուցադրությունների: «Մենք` արվեստագետներս, հայ հասարակության հետ, կարծես, և՛ կապ ունենք, և՛ չունենք: Այս ցուցահանդեսը նկարիչներով ենք համադրել: Սկսենք նրանից, որ դա պիտի անեին արվեստաբանները, բայց արվեստաբանները Հայաստանում ցուցահանդես չեն անում, նրանք չեն մտածում, որ պետք է միջնորդ դառնալ հասարակության և արվեստագետի միջև: Երեխան այսօր բաց տեսարաններ կարող է դիտել հեռուստատեսությամբ և չհասկանալ` ինչ է դա: Մեզ մոտ շատ անգամ դա տաբուներ չի կոտրում, տաբուներ ավելացնում է»: Ազատությունից գռեհկացում մի քայլ է` նկատում եմ, այս դեպքում չկա՞ նման վտանգ: Իսկ պատասխանն այսպիսին է. «Այս նկարներում ազատություն չկա, կա ճշմարտություն: Նկարիչներն ազատ մարդիկ են, ազատ լինելու խնդիր չունեն»: Թե ինչ տաբուներ են կոտրելու բազմաձև մարմինների բաց տեսարանները, դժվար է ասել: Բացասական արձագանքներ լսելի էին մինչ ցուցահանդեսի բացումը: Ցուցասրահի ապակեպատ փակ դռան հետևից նայող մարդիկ, ակնարկելով կանացի մարմինը պատկերող նկարներից մեկը, բազմանշանակ մեկնաբանություններ թողեցին ու հեռացան` «արդեն տեսնում ենք, թե ինչ լավ ցուցահանդես է» ասելով։ Զրուցակցիս աշխատանքներում ռոմանտիկ քնքշություն կար: Հետաքրքրվեցի` «ինչի՞ մասին են» ներկայացված գործերը: «Իմ աշխատանքները «Սեր» կոչվող փոքրիկ բրոնզե քանդակներ են, հիմնականում սիրային պատկերներ, ներկայացվում է մարմինը` սիրո պահին»,- ասաց Արարատ Սարգսյանը: 
Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ
http://www.irates.am/hy/kMaInio635IcONhp99SknImPIn

ՕՏԱՐ ԼԵԶՎՈՎ ԳՐՎԱԾԸ ՀՈՒՄ ՆՅՈՒԹ Է ԼԻՆԵԼՈՒ»

«ՕՏԱՐ ԼԵԶՎՈՎ ԳՐՎԱԾԸ ՀՈՒՄ ՆՅՈՒԹ Է ԼԻՆԵԼՈՒ»

30.11.2010 | 

Բրիտանական խորհուրդը և BBC-ի համաշխարհային ծառայությունը հայտարարում են ռադիոպիեսների 2011 թվականի մրցույթ: Մրցույթն անցկացվում է 12-րդ անգամ: Մասնակցել կարող են պրոֆեսիոնալ և ոչ պրոֆեսիոնալ հեղինակները, որոնք պետք է լինեն 16-ից բարձր և չբնակվեն Միացյալ Թագավորությունում: Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է մինչ օրս չհրատարակված, 60 րոպե տևողությամբ ռադիոպիես ներկայացնել, որը պետք է ունենա առավելագույնը վեց կենտրոնական հերոս: Պիեսը պետք է գրված լինի անգլերեն, ընդունվում է նաև թարգմանված տարբերակը, եթե թարգմանիչը որակավորված է: 
Մեր դրամատուրգներին ներկայանալու հնարավորություն է ընձեռվում, թեև դարձյալ առաջին պլան է մղվում թարգմանության խնդիրը: Բրիտանական խորհրդի հայաստանյան գրասենյակի հասարակայնության հետ կապերի պատասխանատու Արևիկ Բադալյանից փորձեցինք ճշտել, թե հայտեր ներկայացրե՞լ է հայկական կողմը և երբևէ մասնակցություն կամ հաջողություններ ունեցե՞լ ենք սույն մրցույթում: «Հաջողություններ չեն եղել,- ասաց նա։- Առաջին անգամ ենք այսպես լրջորեն ներգրավվում մրցույթում: Թե հայ հեղինակներից ովքեր կներկայանան և ինչ գործերով, դեռ վաղ է այդ մասին խոսելը: Մրցույթին մասնակցելու վերջնաժամկետը 2011-ի մարտի 31-ն է»:
Այնուամենայնիվ, արձագանքներ կա՞ն մեր հեղինակների կողմից կամ հնարավո՞ր է որ լինեն: Զրուցեցինք «Դրամատուրգիա» հանդեսի խմբագիր, դրամատուրգ Կարինե Խոդիկյանի հետ: Նա հայտարարությանը դեռևս ծանոթ չէր, ասաց, որ հայ դրամատուրգներն ունեն չհրապարակված ռադիոպիեսներ, բայց ոչ նման ծավալի, ամեն դեպքում անհրաժեշտ համարեց տեղյակ պահել գրչընկերներին: Ժամանակ դեռ կա, նկատեց նա:
Կարծում եմ` մեր դրամատուրգներին հնարավորություն է ընձեռվում դարակներում մնացած պիեսները լույս աշխարհ հանելու, մանավանդ որ մշտապես առկա է տպագրվելու և բեմադրվելու խնդիրը: Գուցե մրցույթը խթան հանդիսանա նո՞ր պիես գրելու համար: Չպետք է մոռանալ նաև թարգմանության մասին, քանի որ անգլերեն գրող դրամատուրգ հազիվ թե ունենանք: Ըստ արձակագիր, դրամատուրգ Գուրգեն Խանջյանի` եթե նույնիսկ կան անգլերեն գրող դրամատուրգներ, ապա դա սիրողական մակարդակ է ապահովում: «Գրականությունը լեզու է: Անգամ քո հարազատ լեզվին տիրապետելու համար երկար տարիներ են պետք, օտար լեզվով գրվածը հում նյութ է լինելու»: 
Ի դեպ, Գուրգեն Խանջյանը նույնպես ոչինչ չգիտեր մրցույթի մասին: Ակամա ստանձնելով տեղեկատվություն փոխանցողի դերը` պարզեցի, որ դրամատուրգը չի մասնակցի նախագծին: Պատճառը, ինչպես և կարելի էր ենթադրել, լեզուն է: «Քանի դեռ կա այդ խնդիրը, լիարժեք ներկայանալ չենք կարող, իսկ թերարժեք ձևով ներկայանալ և վարկաբեկվել չեմ ուզում: Լավ թարգմանիչներ քիչ կան, մեկ-երկուսն են, այն էլ` անչափ զբաղված, օրինակ, Սամվել Մկրտչյանը: Հակառակ դեպքում, կարծում եմ, կլինեին մի քանիսը, անհամեստ չհնչի, այդ թվում և ես, որ կարող էինք այդ մրցույթին լիարժեք ներկայանալ»: 
Նախորդ տարի ռադիոպիեսների մրցույթին մասնակցել է 1100 հեղինակ: Հաղթողներն ԱՄՆ-ից են և Գանայից: Լավագույն պիեսների հեղինակները կստանան 2500-ական ֆունտ ստեռլինգ և կուղևորվեն Լոնդոն` մասնակցելու իրենց պիեսի ձայնագրմանը: Պիեսները BBC-ի համաշխարհային ծառայությամբ կհեռարձակվեն 2011-ի նոյեմբերին:
Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ
http://www.irates.am/hy/LysR6WjtizQMPNSJ0hLUrFFKge

«ԻՆՁ ՀԱՄԱՐ ՄԵԿ ՀԱՆԴԻՍԱՏԵՍԸ ՀԱՎԱՍԱՐ Է, ՉԱՓԱԶԱՆՑ ՀԱՎԱՍԱՐ Է ՄԻԼԻՈՆԻ»

«ԻՆՁ ՀԱՄԱՐ ՄԵԿ ՀԱՆԴԻՍԱՏԵՍԸ ՀԱՎԱՍԱՐ Է, ՉԱՓԱԶԱՆՑ ՀԱՎԱՍԱՐ Է ՄԻԼԻՈՆԻ»

22.10.2010 | 

Օրերս տիկնիկային թատրոնի ճեմասրահում նշվեց անվանի ռեժիսոր ՀԵՆՐԻԿ ՄԱԼՅԱՆԻ 85-ամյակը: Լրացել է նաև Մալյանի անվան թատրոնի 30-ամյակը, «Նաիրի» հրատարակչությունը վերահրատարակել է Հենրիկ Մալյանի «Երկխոսություն երրորդի համար» գիրքը, բացվել է անվանի ռեժիսորի անվան կայքէջ: «Հենրիկ Մալյան» մշակութային հիմնադրամը և «Ռադիո Վանը» նախաձեռնել են Երևանում կանգնեցնել Հենրիկ Մալյանի հուշարձանը: Առաջին անգամ ժողովրդական հուշարձան է տեղադրվելու մեր քաղաքում, ոչ միայն այն իմաստով, որ նվիրված է ժողովրդի կողմից սիրված մարդուն, այլև կանգնեցվելու է ժողովրդի` մեզնից յուրաքանչյուրի ներդրած գումարով: Ժողովրդական արտիստ Սոս Սարգսյանը ողջունեց Մալյանի արձանը կանգնեցնելու գաղափարը: Ըստ նրա` Երևանն աղքատ է արձաններով, շատ մեծանուն մարդիկ կան, որոնց հուշարձանները պետք է մայթերին կանգնած լինեն, որովհետև ժողովրդի մարդիկ են: 
«Հենրիկ Մալյանի մեծությունը հասկանալու համար պետք է վերհիշել ժամանակը, որում նա ապրում էր,- ասաց ՍՈՍ ՍԱՐԳՍՅԱՆԸ:- «Հայֆիլմում» չկար հայոց ֆիլմ: Մեր կինոյի հիմքը Համո Բեկնազարյանն է դրել, բայց նրանից հետո տասնյակ տարիներ ապազգայնացվեց հայկական կինոն, ինչ արվում էր, արվում էր Մոսկվային դուր գալու համար: Տիրող ապազգային ֆոնի վրա հայտնվեց Հենրիկ Մալյանը: Նկարեց իր առաջին ինքնուրույն ֆիլմը` «Եռանկյունին», տարբեր և՛ ձևով, և՛ մտածելակերպով, և՛ էսթետիկայով: Բոլորն ապշեցին, առաջին հերթին ապշել էր Մոսկվան: «Հայֆիլմում» աշխատող ռեժիսորները հասկացան, որ իրենք սխալ ճանապարհի վրա են և սկսեցին վերադառնալ դեպի ազգայինը, դեպի իրենց արմատները: Այն, ինչ արեց Մալյանն այդ ժամանակներում, չափազանց դժվար էր, վտանգավոր: Հետո, երբ նա նկարահանեց «Նահապետը», «Կտոր մը երկինքը», արդեն պարզ էր, որ մենք գործ ունենք հանճարեղ մարդու հետ»: Սիրված դերասանը խոսեց նաև իր ստեղծագործական կյանքում Հենրիկ Մալյանի ունեցած դերի մասին, շեշտեց, որ եթե չլիներ «Մենք ենք, մեր սարերի» լեյտենանտը, չլիներ «Եռանկյունու» Մկրտիչներից մեկը, չլիներ «Նահապետը» և այլն, ինքը շատ բան կորցրած կլիներ: «Այդ բոլորն իմ կյանքում կար, որովհետև կար Հենրիկ Մալյանը: Կար Մեծ հայը»,- ասաց նա: Մատենադարանի, «Նաիրի» հրատարակչության տնօրեն, բանաստեղծ ՀՐԱՉՅԱ ԹԱՄՐԱԶՅԱՆԸ նկատեց, որ շատ քիչ է խոսվել Մալյանի գրական ժառանգության մասին: Նրա «Երկխոսություն երրորդի համար» գրքում միահյուսված են գրական տարբեր ժանրեր` հուշագրություն, խոհագրություն, ակնարկ, նովելատիպ պատումներ, արվեստագիտական խոր վերլուծություններ: Հրաչյա Թամրազյանը խոսեց նաև Մալյանի թատրոնի մասին. «Դժվարին ճանապարհ անցած թատրոնին այսօր օդի պես անհրաժեշտ են պետական հոգածություն և հասարակական ուշադրություն, ինչին թատրոնը լիուլի կփոխհատուցի յուրօրինակ, խիզախ, բարձրարվեստ բեմադրություններով` դառնալով քաղաքի հոգևոր կյանքի անբաժանելի մասը: Այսօր թատրոնն ապրում է, նրա գեղարվեստական ղեկավարն է Նարինե Մալյանը: Իր հուշապատումի մեջ Հենրիկ Մալյանն ունի չափազանց հուզիչ մի դրվագ` երիտասարդ տարիներին չորսամյա դուստրն է եղել իր միակ ամենաթանկ, իդեալական հանդիսատեսը, որին նա շռայլել է իր հոգու գանձերը»:
Երգահան, երաժշտագետ ՏԻԳՐԱՆ ՄԱՆՍՈՒՐՅԱՆԸ նշեց, որ Մալյանը կինոյի մեծ աշխարհ մտավ իր փոքր, ամենաանհրաժեշտ գործիքներով ու բերեց խաղի իր կանոնները: «Սա ինքնին նոր իրադարձություն է, ես չգիտեմ` կինո է, թատրոն է, սա մի բան է, որ մենք ենք, մեր կինոն է: Անհրաժեշտություն է: Կոմիտասյան է: ՈՒ պիտի շարունակվի այդպես»: Երգահանի համոզմամբ` Մալյանը կինոյում անում էր այն, ինչ Կոմիտասն անում էր մեր երգերի հետ: Մալյանի ֆիլմերը խորհելու առիթ են տալիս: Ինչո՞ւ այսօր չունենք հայկական լավ կինո ասվածը: Ասում են` պատճառը ֆինանսն է: Բայց ինչ-որ ժամանակ ստեղծվել են արժեքներ` առանց մեծ գումարների և հզոր տեխնիկայի: Ըստ դերասան Հայկ Սարգսյանի` փոխվել են կյանքի և կինեմատոգրաֆիայի օրենքները: «Ոչ թե լավ դերասան չկա, կամ լավ ռեժիսոր, այլ ուղղակի կյանքի ռիթմն է փոխվել, փոխվել են ժամանակները: Այն, ինչ կարելի էր այն ժամանակ անել փոքր գումարներով, հիմա գրեթե անհնար է: Համաշխարհային կինոն զարգացած է, նկարահանվում է լավագույն տեխնիկայով: Կինոն պետք է այդ ստանդարտներին համապատասխանի»: Հայկ Սարգսյանը մեծացել է խորհրդային շրջանի ֆիլմերով և համոզված է, որ և՛ այս, և՛ հետագա սերունդները հոգեհարազատ գաղափարներ, մարդկային հարաբերություններ կգտնեն այդ ֆիլմերում, այն, ինչ չունեն ժամանակակից ֆիլմերը: Չի՞ հնացել արդյոք Մալյանի արվեստը նոր սերնդի համար: «Մի՞թե բարությունը, նոստալգիան կարող են հնանալ»,- ասում է ռեժիսոր Նիկոլայ Դավթյանը, որը եղել է Մալյանի ուսանողը, և ահազանգում` չունենք կինոշուկա, կինոդահլիճներ, ստեղծված ֆիլմերը մնում են դարակներում, ոչ մի ֆիլմ իր տրամաբանական շարունակությունը չի ունենում, կինոարտադրությունը չի զարգանում, եղած մեկ-երկու կինոթատրոններն էլ հանդիսատես չեն պահում, կորցրել ենք հանդիսատեսին: «Մենք սխալ դիրք ենք ընտրել,- ասում է նա:- Հեռուստատեսությամբ ցուցադրում ենք ֆիլմեր և ասում` ժողովուրդը սա է ուզում: Ինչ ցույց են տալիս, ժողովուրդը դա է նայում: Մալյանն իր գրքում գրում է հանդիսատեսի մասին, այսօրվա մասին: Կային ֆիլմեր, որ նկարահանվում էին, կարծես թե, միջին հանդիսատեսի համար, բայց բոլորի համար էին, օրինակ` Չապլինի ֆիլմերը։ Մալյանն ասում է` մեր սխալն այն է, որ արվեստն ուզում ենք իջեցնել միջին հանդիսատեսի մակարդակին»: Այսօր ճանաչո՞ւմ են Մալյանին` հարցնում եմ Նիկոլայ Դավթյանին: «Պիտի ասեմ` այսօրվա երիտասարդությունն ընդհանրապես ոչ մի բան չի նայում: Բայց երբ սկսում ենք քննարկել, երբ իրենց մոտեցնում եմ կինոյին, զգում եմ հետաքրքրությունը, սկսում են մտածել, հասկանում են` ինչի համար է նկարահանվել, առաջին շերտն են հասկանում, երկրորդը… Մալյանի ֆիլմերը բարդ են, թվում է` միաշերտ են, բայց իրականում տասը շերտ ունեն: Իմ ուսանողը հասկանում է դա: Էլի նույնն եմ ասելու` պետք է վերադարձնել հանդիսատեսին»: Իսկ Մալյանն ասում է. «Եթե կինոյում կամ թատրոնում ինձ հաջողվել է հուզել թեկուզ մեկ մարդու, միայն մեկ մարդու, միմիայն մեկ հանդիսատեսի, եթե իսկապես բարկացրել եմ մեկին, իսկապես ուրախացրել եմ, իսկապես մաքրել ու ազնվացրել եմ թեկուզ մեկին, ուրեմն հանգիստ խղճով իրավունք ունեմ անվանելու ինձ արվեստի գործիչ: Ինձ համար մեկ հանդիսատեսը հավասար է, չափազանց հավասար է միլիոնի: Աշխարհը, լիքը դահլիճները, որոտընդոստ ծափահարությունները, պատվո երկաթեղենները` ուրիշներին, ինձ` միմիայն մեկ հոգի, մեկ մարդ, մեկ հանդիսատես»: 
Հանդիսատեսը երեկոյի ավարտին հնարավորություն ունեցավ դիտելու երեսուն տարվա վաղեմություն ունեցող ներկայացում` «Թումանյանի հեքիաթները», որով տարիներ առաջ բացվել էր Մալյանի թատրոնը: 
Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ
http://www.irates.am/hy/cHCWUpwQyrEYjWsVd57MPXfRPR

«ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ ՄԻ ՎԵՊ Է, ՈՐԸ ՏԵՂԻ Է ՈՒՆԵՑԵԼ, ՎԵՊԸ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ Է, ՈՐԸ ԿԱՐՈՂ ԷՐ ՏԵՂԻ ՈՒՆԵՆԱԼ» Էդմոն Գոնկուր

«ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ ՄԻ ՎԵՊ Է, ՈՐԸ ՏԵՂԻ Է ՈՒՆԵՑԵԼ, ՎԵՊԸ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ Է, ՈՐԸ ԿԱՐՈՂ ԷՐ ՏԵՂԻ ՈՒՆԵՆԱԼ»   Էդմոն Գոնկուր

05.11.2010 | 

Օրերս գրողների միությունում նշվեց դերասանուհի, արձակագիր ԱՆԱՀԻՏ ԹՈՓՉՅԱՆԻ «Անհետացում» գրքի շնորհանդեսը: Գիրքն այս տարի արժանացել էր «Հայը 21-րդ դարասկզբին» մրցանակին: 
Հայտնի դերասանուհի Անահիտ Թոփչյանը Ցյուրիխ-Երևան երթուղու օդանավի թռիչքից հաշված րոպեներ առաջ անհետանում է: Օդանավը մեկնում է առանց նրա` մտահոգություն պատճառելով Շվեյցարիայի իրավապահ մարմիններին: Եվ դա սովորական անհետացում չէ: Վիրաբույժ դոկտոր Տեսիեի առաջարկով` դերասանուհին կերպարանափոխվում է, երիտասարդանում տասը-տասնհինգ տարով: Ամենահետաքրքիրն առջևում է: «Անհետ կորած» դերասանուհին հայրենիք է գալիս դոկտորի կնոջ փոխարեն, իբրև Եվրոպայի ներկայացուցիչ` հայրենիքում կատարվող քաղաքական խնդիրներին լուծում տալու, իսկ խնդիրների կենտրոնում նրա ամուսինն է: 
Այսպիսին է անհավանական, հոգեվերլուծական, քաղաքական նուրբ երանգներ ենթադրող «Անհետացում» վեպի սյուժեն: Վեպի վերջում հերոսուհին դարձյալ գնում է դեպի «անհետացում»:
«Հայ թատրոնի պատմության մեջ իր ուրույն տեղը հաստատած դերասանուհին 90-ականներին «անհետացավ» թատերական աշխարհից, որպեսզի ներս մտներ գրականության շքամուտքից: Անահիտ Թոփչյանի մեկնումը Հայաստանից շատ տարակուսանքների տեղիք տվեց. սակայն դա մի առանձին էպոպեա է»,- իր խոսքում ասաց ՀԳՄ նախագահ Լևոն Անանյանը:
Բանաստեղծ, թարգմանիչ Արտեմ Հարությունյանը, որը վարում էր ցերեկույթը, նշեց, որ վեպում երկխոսությունների միջոցով հերոսներն առաջ են տանում քաղաքական ժամանակը: «Քաղաքական իրավիճակների հեղեղ է այստեղ: Վեպում հերոսը թողել է բեմը, որտեղ խաղում էր, հիմա էլ կյանքի բեմի վրա է խաղում: Նա ուրվական է իր Հայաստանում, ինքը ինքը չէ, ընկել է մի միջավայր, որ պետք է տեսնի, քննի, և շատ բան ցավ է պատճառում նրան, որովհետև չկա այն ռեալությունը, որի մեջ նա «ինքն էր»: Բանասիրության դոկտոր, պրոֆեսոր Աելիտա Դոլուխանյանի կարծիքով` Անահիտ Թոփչյանի գրականությունը մրցունակ է արտասահմանյան բեսթսելլերների հետ, գուցե և ավելին է: Նրա գրականությունը և՛ համամարդկային է, և՛ ազգային: Խոսելով դերասանական և կանացի անհատականության մասին, նա հիշատակեց հեռուստաթատրոնում Անահիտ Թոփչյանի մարմնավորած Հեղինեի դերը: «Դժվար է կատարել այդպիսի դեր և համոզել, որ դու այնքան գեղեցիկ ես, որ կարող է Ագամեմնոնը բանակներ վերցնել ու գալ Տրոյայի դեմ պատերազմի: Այդ պատիվը տրվել էր Անահիտին»: Գրականության ինստիտուտի տնօրեն Ավիկ Իսահակյանն Անահիտ Թոփչյանին ճանաչել է ուսանողական տարիներից: «Համալսարանում չէին պատկերացնում, թե կարող է մեկը լինել ավելի գեղեցիկ»,- ասաց նա: Խոսելով դերասանուհու գրական կյանքի մասին, Ավիկ Իսահակյանը նշեց. «Դերասանական արվեստին տիրապետող մարդու արձակն ինքնին շատ հետաքրքիր երևույթ է»:
Շատերն Անահիտ Թոփչյանի հերոսներին նույնացնում են հեղինակի հետ: «Եթե այդ բոլորը ես եմ, ապա ո՞վ եմ ես,- հակադարձեց Անահիտ Թոփչյանը:- Կերպարներ ստեղծելիս դու քո «ես»-ն օգտագործում ես կերպարը հարստացնելու համար, մասնակցում ես իրադարձություններին, մի մասն ես դառնում կերպարի: Դու անցնում ես նրա միջով, նա` քո, և չես կարող սխալվել, ֆալշ չկա, ոչինչ հնարված չէ: Ալեհավաքի պես տիեզերքից ես վերցնում, մարդկանցից, կյանքից և, ի վերջո, քո երևակայությունից»:
Անահիտ Թոփչյանն ընթերցողին ծանոթ է նաև «Lady S.D.F.», «Հայելի» գրքերով: Նրա «Հայելի» ժողովածուն ընդգրկված է բուհերի արդի հայ գրականության ուսումնական ծրագրում: 
Անահիտ Թոփչյանին եկել էին շնորհավորելու նաև նրա դերասանական արվեստի երկրպագուները: «Հոգու ճիչ» ամսագրի խմբագիր Գայանե Ղազարյանը խոստովանեց, որ երազել է երբևէ ծաղիկներ նվիրել սիրելի դերասանուհուն, երազել է երբևէ նմանվել նրան, իսկ հուշատետրում մեծի ձեռագրով կեղծել է` իբր հանդիպել է Անահիտ Թոփչյանին և նա պատիվ է արել գրառում անելու: «Ի՞նչ կարող ենք անել, որ Դուք դարձյալ բեմ վերադառնաք». եղան նաև այսպիսի առաջարկներ: Իսկ ակադեմիկոս Արմեն Գալոյանը նկատեց, որ հայ բեմն աղքատացել է Անահիտ Թոփչյանի բացակայությունից: ՈՒշագրավ է, որ, որպես կանոն, նմանատիպ միջոցառումների ժամանակ հանդիսատեսը, լրատվամիջոցները մեծ թիվ չեն կազմում, նույնիսկ բավարար էլ չեն: Գրողները նույնպես չեն հետաքրքրվում մեկը մյուսի գործերով: Հաջողություններով: Օսկար ՈՒայլդի խոսքերը հիշեցի` ես քիչ եմ գրում, որովհետև շատ եմ կարդում: Մեր գրողները, հավանաբար, ավելի բազմազբաղ են: Իսկ «Անհետացում» գրքի շապիկին կարդում ես. «Շնորհակալ եմ իմ բարեկամներին և, հատկապես` չարակամներին, որ ստիպեցին ինձ այս վեպը գրել…»: «Մեզ փորձում են անհետացնել, բայց մենք չենք անհետանում»,- ասաց օրվա հերոսուհին։ Անհետացումը դարձել էր օրվա խորհուրդը: «Չարակամների» բացակայությունից շնորհանդեսը վերածվել էր անկեղծ խոսք ու զրույցի:
Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

http://www.irates.am/hy/7NOfTRpPyPNByh6tev3IHK63FK

«ԱՐԺԱՆԻ՞ ԷԻՆՔ ՄԱՐԻԱՄԻ ԱՐՑՈՒՆՔՆԵՐԻՆ…»

«ԱՐԺԱՆԻ՞ ԷԻՆՔ ՄԱՐԻԱՄԻ ԱՐՑՈՒՆՔՆԵՐԻՆ…»

05.11.2010 | 
Օրերս Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը հոգևոր երաժշտության երեկո էր` նվիրված Ռաֆայել Պապայանի հիշատակին: Հոգևոր երաժշտության պետական կենտրոնը ներկայացրեց 17-րդ դարի ավստրիացի անվանի կոմպոզիտոր Հայնրիխ Իգնաց Ֆրանց Բիբերի «15 միստերիա Մարիամ Աստվածածնի կյանքից» սոնատների շարքը: Համերգի գեղարվեստական ղեկավարն ու բանախոսը «Շարական» անսամբլի գեղարվեստական ղեկավար և դիրիժոր ԴԱՆԻԵԼ ԵՐԱԺԻՇՏՆ էր: Մենակատարներն էին Անահիտ Պապայանը (սոպրանո), Գոհար Դանիելյանը (ջութակ), «Շարական» անսամբլի մենակատար Ֆելիքս Հարությունյանը (ջութակ): Նվագակցում էին Թերեզա Ոսկանյանը (երգեհոն, կլավեսին), Սուսաննա Մուրադյանը (թավջութակ), Դավիթ Գրիգորյանը (ուդ):

Բիբերի սոնատները բաժանվում են երեք խմբի` ուրախության, տխրության և փառաբանության: Առաջին հնգյակը կատարվել է նախորդ համերգաշրջանում: Տխրության սոնատները («Մարիամի այցելությունը Եղիսաբեթին», «Հիսուսի ընծայումը», «Խաչի ճանապարհը», «Աստվածածնի վերափոխումը», «Հոգեգալուստ») երաժշտասեր հասարակությանը ներկայացվում էին առաջին անգամ: «15 միստերիան» ավարտվում է վերջաբանով` Պասակալիայով, որը Դանիել Երաժիշտը խոստացավ կատարել հաջորդ համերգաշրջանում: Հատկանշական է, որ Բիբերի Պասակալիան ազդել է Սեբաստիան Բախի ջութակի «Չակոնայի» վրա: Նրա երաժշտության ազդեցությունը նկատելի է նաև Մոցարտի արվեստում:
Բիբերը բազմաժանր կոմպոզիտոր է, հորինել է օպերաներ, բալետներ, հոգևոր երգեր, սերենադներ, սոնատներ և այլն: Անվանի կոմպոզիտորի կյանքի գործը համարվում է «15 միստերիա Մարիամ Աստվածածնի կյանքից» սոնատների շարքը, որն անվանում են նաև «Վարդարան», «Բիբլիական սոնետներ»: Բիբերի ժամանակաշրջանում Եվրոպայում մեծ դերակատարություն ուներ «Վարդարան» («Rozar») եղբայրությունը, որը հրատարակում էր «Վարդարան» անունը կրող աղոթագրքեր: Սոնետների վերնագրերն ըստ վարդարանի են, որովհետև այն կառուցվել է աղոթագրքի նմանությամբ և թարգմանվել է հնչյունների լեզվով: Յուրաքանչյուր սոնատից առաջ ընթերցվել է Աստվածաշնչի համապատասխան դրվագ: Դանիել Երաժիշտը նշում է, որ սա սովորական նվագ չէ, այլ աղոթք. «Բախը, Կոմիտասը, Բիբերը «երաժշտերեն» են քարոզել Հիսուսի վարդապետությունը: Այս սոնատներում Հիսուսի կյանքը չի տարանջատվում Մարիամ Աստվածածնի կյանքից: Այդ ժամանակաշրջանի կոմպոզիտորներին նաև անվանում էին հռետորներ, քարոզիչներ: Բիբերը սոնատներում փորձել է վավերագրական ճշտությամբ, որքան հնարավորություն է տալիս երաժշտությունը, թարգմանել Ավետարանի իրադարձությունները: Սոնատները հնչյունակերտ տաճար են, բազմամաս գործերում կա ճարտարապետական ամբողջականության խնդիր»: Երեկոյի ընթացքում երաժշտասերները ականատես եղան սոնետների և հայ հոգևոր երաժշտության ինքնատիպ զուգակցմանը: Հնչեցին միջնադարյան անհայտ հեղինակների տաղեր` նվիրված Աստվածածնին («Խնկի ծառի նման ես», «Ո՞Ւր ես, մայր իմ», «Վարանիմ ի մեղաց»): Երաժշտի խոսքով` այսպիսով ներդաշնակվում են արևմտյան և արևելյան մշակույթները, թեև կյանքում հնարավոր չէ այդ քաղաքակրթությունները հաշտեցնել: Խոսվեց նաև Բիբերի նորարարության մասին: «32-րդ սաղմոսում ասվում է` նոր երգ երգեցեք տիրոջը։ Բիբերը պետք է նոր երգ երգեր, ջութակի չորս լարերը արդյո՞ք բավական էին: Ո՛չ: Եվ նա ճեղքեց ու իր ժամանակի շրջանակներից վեր խոյացավ դեպի հավերժը: Բիբերին կարելի է համարել 17-րդ դարի Պագանինի: Նա օգտագործեց սկորդատուրա կոչվող հնարքը, որը բառացի նշանակում է լարից գցել: Ջութակի չորս լարերը տարբեր լարվածքի միջոցով ստանում էին տարբեր հնչյունաբույլեր, ակորդներ, կրկնակի հնչյուններ, երկնքի և երկրի միջև զրույց, տարբեր գործիքների երկխոսություն, մի ջութակով կարծես մի քանի ջութակ է հնչում»: «Ամենացնցող օրինակը,- գրում է ջութակահար Պավլո Բեզնոսյուկը,- 11-րդ սոնատում է: Ջութակի վերին երկու լարերը Բիբերը լարում է մեկ տոն ցած, այնուհետև միջին երկու լարերի տեղերը փոխում է, ինչի շնորհիվ լարակալի հետևում ստացվում է խաչ»:
«Ժամանակի ամենահիանալի կոմպոզիտոր»,- այսպես է գնահատել Բիբերին Պաուլ Հինդեմիտը: Իսկ Դանիել Երաժիշտը պատմեց մի ավանդույթի մասին, նշելով, որ վարդը Մարիամ Աստվածածնի խորհրդանիշն է, այն փշակալեց այն ժամանակ, երբ մարդը դրախտից վտարվեց: Իսկ ավանդույթն այսպիսին է: «Վանքում մի վանական վարդեր է աճեցնում, զարդարում վանքի մուտքը և խորանները: Վանքում աղոթում էին վարդարանի (ուլունքաշար) միջոցով` հերթով միմյանց փոխանցելով այն: Ավանդույթի համաձայն` այդ վարդարանը Մարիամ Աստվածածինն էր անձամբ նվիրել մի սրբի: Մի օր վանականը վարդերը խնամելիս կորցնում է այդ ուլունքաշարը, և վանահայրը նրան ապաշխարանքի համար պարտադրում է ամեն օր հիսուն վարդ պոկել: Նա արյունոտ մատներով պոկում էր վարդերը և երազում անփուշ վարդ աճեցնել: Մահից առաջ տեսիլքում հայտնվում է Մարիամ Աստվածածինը և նրան նվիրում անփուշ վարդ: Վանականի մահից հետո, նրան հաջորդողը պարտեզում գտնում է արմատներին փաթաթված ուլունքաշարը: Այդպես գոյանում է անփուշ վարդը»: Ի դեպ, վերջին տաղը, ավանդույթի համաձայն, մաեստրոն ղեկավարեց անփուշ վարդով: «Արդյոք պե՞տք էր, որ Հիսուսը մեզ համար խաչվեր, մենք արժանի՞ էինք Մարիամի արցունքներին», Նաբոկովի խոսքերը հիշեցրեց Դանիել Երաժիշտը:
Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ
http://www.irates.am/hy/Px4uQjoKh1TAum0AiUf8QzqMxX

«ԵՍ ՎԱԽ ՉՈՒՆԵՄ, ԳՈՒՑԵ` ՏԽՐՈՒԹՅՈՒՆ»

«ԵՍ ՎԱԽ ՉՈՒՆԵՄ, ԳՈՒՑԵ` ՏԽՐՈՒԹՅՈՒՆ»

15.10.2010 |

Հոկտեմբերի 8-ին Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում ներկայացման պրեմիերա էր: Անտոնիո Բուերո Վալիեխոյի «Երբ քնած է բանականությունը» ստեղծագործության հիման վրա ՏԻԳՐԱՆ ԳԱՍՊԱՐՅԱՆԸ բեմադրել է «Գոյա» ներկայացումը: Գոյայի դերը մարմնավորում է վաստակավոր արտիստ ԱՐՄԵՆ ՄԱՐՈՒԹՅԱՆԸ, որը նաև բեմադրության ռեժիսորն է: Ներկայացում, որ ասելիք ունի բոլոր ժամանակների համար: Բախում` հանճարի և պետության, անհատի և ամբոխի միջև: Անձնական և համամարդկային ողբերգություն: 
Երբ երկրում զանգվածային գլխատումներ են, վերացնում են ազատականներին, «հայրենասերները» ցնծում են, իսկ հանճարը թաքնվում է իր տանը: Տուն, որ մոտ է կամրջին։ Այստեղ նա նկարում է` ինչ ուզում է: Համատարած լռության մեջ հայտնվում է «Կանաչ թղթապանակը»` Գոյայի նամակն ընկերոջը, թագավորի բնորոշմամբ` իր անձի վիրավորանքների ժողովածուն: Հանդուգն նկարիչը համարվում է պետության և թագավորի թշնամին: «Ես վախ չունեմ, գուցե` տխրություն», ասում է Գոյան: Իսկ երկրի տիրակալը նկատում է` այս նամակը գրողը կամ հիմար է, կամ անվեհեր: Իշխանությունների թելադրանքով ժողովուրդը նույնպես սկսում է քարկոծել նկարչին: Պետք է առնվազն խելագար լինել` չվախենալու համար: Իսկ նա չի վախենում: Կախարդներ է նկարում, թեև չի հավատում կախարդներին: Երեսունմեկ տարվա խլությունը նրա աչքում մարդկանց դարձրել է դիմակներ, որոնք ճչում են լռության մեջ: Լսողությունը կորցրած նկարչին ձայներ են հասնում, որ երբեմն թվում են այնքա՜ն իրական: Հավատում է, որ մարդիկ կարող են թռչել, միշտ երազել է այդ մասին: Անգամ տեսել է թռչող մարդկանց, ովքեր մի օր ազատելու են երկիրը դաժանությունից: Աչքերը նույնպես կարող են խաբել, նկատում է բժիշկը, որը, թեև հասկանում է, որ խելահեղության մեջ է հանճարի ուժը, բայց չի կարող տեսնել այն, ինչ տեսնում է նկարիչը: Բժիշկը դժվարանում է գտնել դեղատոմս` հիվանդ երկիրը բուժելու: Նկարչին փրկելն ավելի դժվար է: Գոյայի կյանքը փրկելով` մենք կկործանենք նրան, ասում է նա։
Ներկայացումն ընդունվեց հոտնկայս ծափահարություններով: Մտորելու առիթ իսկապես կա: Մարդկության պատմության մեջ ոչինչ չի փոխվում: Ի՞նչ պատասխան է տալիս «Գոյան» բոլոր ժամանակների համար անլուծելի հարցերին: Ներկայացումից անմիջապես հետո զրուցեցինք դերասան ՎԱՐԴԱՆ ՊԵՏՐՈՍՅԱՆԻ հետ: «Դուք շատ բարձր մարզաձող եք դնում, եթե ուզում եք, որ այս ներկայացումը մարդկության մեջ, երկրագնդի կամ տիեզերական համակարգերում ինչ-որ բան փոխի: Դոստոևսկու խոսքերը հիշենք` երեխայի մի արցունքը տիեզերքից ավելի արժի: Եթե այստեղ մի փոքրիկ փշաքաղում եղավ, միգուցե ինչ-որ բան փոխվեց: Բայց ես չեմ ուզում այս ներկայացման մասին խոսել տիեզերական չափանիշներով: Իջնենք երկիր և տեղափոխվենք Հայաստան»:
Ըստ Վարդան Պետրոսյանի` բեմադրական աշխատանքներն ազդեցիկ և ուժեղ էին, ներկայացումը, ռեժիսուրան` շատ հետաքրքիր, բայց թույլ էր դրամատուրգիան, այդ իսկ պատճառով, չնայած կատարված աշխատանքներին, փոփոխություններին, որոշ հատվածներ ընդհանրապես ոչինչ չասող էին: 
Արմեն Մարությանի խաղը նույնպես հիացրել էր Վարդան Պետրոսյանին: Ըստ նրա` ընտրությունը համարձակ էր, համոզիչ, թեև առաջին հայացքից թվում է` պետք է ընտրվեր «մի տեսակ ինտելիգենտ տեսք ունեցող, շարֆ կրող դերասան»: Կար մի դրվագ, երբ Արմեն Մարությանը հրաշալի պարում էր: Հետաքրքրվեցի, թե ինչ ասաց այդ կտորը դերասանին: «Պարը շատ հետաքրքիր էր որպես բեմադրական հատված: Երբ հանճարեղ, մաքուր մարդը քարկոծվում է (ես դա իմ կաշվի վրա եմ զգացել), արդեն ոչ թե արհամարհանք է ցույց տալիս, այլ մարտական կեցվածք, ստեղծագործական զայրույթ: Դուք գոռացեք, բայց ես իմն եմ ցույց տալիս… Այդ պարը, մի տեսակ, գայլի ոռնոց էր մենամարտից առաջ, ցույց էր տալիս հանճարի խրոխտ կեցվածքը, ինքն իրեն անդավաճան մնալը: Ինձ դուր եկավ այդ կտորը, ես շատ հուզվեցի»: Ինչո՞ւ Գոյա: Եվ արդյո՞ք սա պատմություն էր Գոյայի մասին: «Այստեղ բեմադրիչը Գոյա նկարչին առաջ չէր քաշել: Գոյան միջոց էր, որպեսզի ներկայացներ հանճարի և նրան իր ճիրանների մեջ ճզմող իշխանության խնդիրը: Չհասկացվածության խնդիրը: Ամբոխի և հանճարի խնդիրը: Գոյայի փոխարեն կարող էր լինել, ասենք, Մոլիերը: Ի դեպ, Տիգրան Գասպարյանը տասնյակ տարիներ առաջ բեմադրել է հրաշալի ներկայացում Մոլիերի մասին` արծարծելով նույն խնդիրը, շատ ավելի համարձակ` խորհրդային տարիների համար»: 
Ներկայացմանը մասնակցում էին նաև դերասաններ Արամ Հովհաննիսյանը, Մարիաննա Մխիթարյանը, Մխիթար Մելքոնյանը, վաստակավոր արտիստ Ռազմիկ Խոսրոևը, արվեստի վաստակավոր գործիչ Անդրանիկ Հարությունյանը: 
Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ
http://www.irates.am/hy/NcIRvsOe409NvqyLoG9NQPj8Fd