Заметка

«Եթե համացանցում տեսնեք ֆիլմի թրեյլերը, պարզ կլինի ադրբեջանցիների արձագանքը»

«Եթե համացանցում տեսնեք ֆիլմի թրեյլերը, պարզ կլինի ադրբեջանցիների արձագանքը»

07.07.2013 | 14:35

Ջիվան Ավետիսյանի` 2012-ին նկարահանած «Ընդհատված մանկութուն» ֆիլմը ներկայացված է «Ոսկե ծիրան» փառատոնի Հայկական համայնապատկեր ծրագրում:

Ֆիլմը ղարաբաղյան պատերազմի ընթացքում` 1992-ին, ադրբեջանցիների կողմից գերեվարված 6-ամյա Լենայի մասին է: Աղջկան բանտից տանում են Ֆաթիմա Խալայի տուն, որպեսզի վերջինս Լենային փոխանակի ռազմաճակատում կորած իր որդու հետ: Ժամանակի ընթացքում վախն ու թշնամանքը վերածվում են փոխադարձ կարեկցանքի. չորս ամիս անց Ֆաթիման աղջկան վերադարձնում է ընտանիքին` փոխանակելով իրեն անծանոթ ադրբեջանցի զինվորի դիակի հետ: Աղջկա հուշերում Ֆաթիման մինչ օրս սպասում է իր որդուն:
Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ Ջիվան Ավետիսյանն ասաց, որ ֆիլմի հիմքում իրական պատմություն է, Լենան արդեն 27 տարեկան է, ապրում է Ռուսաստանի Դաշնությունում: Այս պատմությունը պատմել է ԼՂՀ ներկայիս փոխվարչապես Արթուր Աղաբեկյանը, ում շնորհիվ էլ պատերազմի տարիներին կայացել է աղջնակի փոխանակումը:
Լենային ռեժիսորը հանդիպել է Երևանում: Նրա կարծիքով` ամենակարևորն այս պատմության մեջ այն է, որ հայ աղջիկը վերջիվերջո վերադարձել է ընտանիք:
«Ի՞նչ արձագանք է գտել ֆիլմը ադրբեջանցիների շրջանում: Մեր հարևան երկիրը որպես կանոն բուռն է արձագանքում նման նախագծերին: Թեև այս ֆիլմում ավելի շատ համերաշխություն կա, քան պատերազմ»:
Անդրադառնալով irates.am-ի այս հարցին` ռեժիսորն ասաց, որ ֆիլմը պատերազմի դեմ է:

«Ես ծնվել եմ Ստեփանակերտում, ամբողջ պատերազմն անցել է իմ աչքի առաջ:- ասաց նա:— Ես դատապարտում եմ պատերազմը: Եթե համացանցում տեսնեք ֆիլմի թրեյլերը, պարզ կլինի ադրբեջանցիների արձագանքը: Նրանք ամենևին էլ «Ընդհատված մանկութանը» չեն նայում որպես համերաշխության ֆիլմի: Ինչը բնական եմ համարում»:
Ջիվան Ավետիսյանը ծնվել է Ստեփանակերտում: 2002-ին ընդունվել է Երևանի Թատրոնի և կինոյի պետական ինստիտուտ, լիամետրաժ ֆիլմի ռեժիսուրայի բաժին: Իր առաջին ֆիլմը` «Առաջին իմ սեր»-ը, նկարահանել է 18 տարեկանում: Հետագայում դարձել է ՙԵրկիր Մեդիա՚ հեռուստաընկերության գլխավոր ռեժիսորը: Մասնակցել է մի շարք տեղական և արտասահմանյան փառատոների:

Հեղինակ է «Առաջին իմ սեր», «Արևածագն Արցախում խաղաղ է», «Գտնված երազ» և այլ ֆիլմերի:

«Ընդհատված մանկութունը» կցուցադրվի «Մոսկվա» կինո-թատրոնում` հուլիսի 9-ին, 10-ին և 11-ին:

http://www.irates.am/hy/1373193939

Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

«Եթե համացանցում տեսնեք ֆիլմի թրեյլերը, պարզ կլինի ադրբեջանցիների

Оставьте комментарий