Заметка

Մատենադարան` Արցախում

19.03.2014 | 13:00

Արցախում կառուցվում է Մատենադարան: Նախագիծն իրականություն կդառնա ամենաուշը մեկ տարուց: Հեղինակը ճարտարապետ Արթուր Մեսչյանն է: Ցուցանմուշների զգալի մասը պատրաստ է: Մատենադարանը կունենա գրադարան, ընթերցասրահ, գիտական դահլիճ, ցուցադրական դահլիճներ: Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտի՝ Մատենադարանի տնօրեն Հրաչյա Թամրազյանը նշել է, որ այն կլինի Երևանի Մատենադարանի օրգանական շարունակությունը: Նշենք, որ Արթուր Մեսչյանի նախագծով հիմնանորոգվելու է նաև Ստեփանակերտի Վահրամ Փափազյանի անվան դրամատիկական թատրոնի շենքը: Նախագիծը քննարկման փուլում է:

Заметка

Աշխարհը` գրպանում

Աշխարհը` գրպանում

28.02.2014 | 14:53

Տարեցտարի ավելանում են Facebook-ի բջջային օգտագործողները, ըստ որոշ տվյալների, դրանց թիվը հասնում է մեկ միլիարդի: Մասնագետները պնդում են, որ 21-րդ դարի քաղաքացին բջջային հեռախոսը օրական ձեռքն Է վերցնում մոտ 80 անգամ: Իհարկե, ոչ միայն զանգելու նպատակով: Կարելի է լուսանկարել, տեսագրել, ձայնագրել, խաղեր խաղալ, հաղորդագրություններ ուղարկել-ընդունել, սոցցանցերից օգտվել, կամ պարզապես ձեռքը վերցնել` զգալու համար, որ աշխարհն ափի մեջ է: Առանց հեռախոսի տառացիորեն միայնակ ես ու անպաշտպան: Ի հայտ է եկել նոր տերմին` նոմոֆոբիա, (no mobile phobia), այսինքն` առանց հեռախոսի մնալու վախ:

Կարելի է եզրակացնել նաև, որ մեր մոլորակում ավելացել է միայնակ մնացածների թիվը: Եվ միայնակ մարդկանց զգալի մասը շրջում է` աշխարհը գրպանում:

Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Заметка

Արվեստ ու լեգենդ` հայկական նախշերով

Արվեստ ու լեգենդ` հայկական նախշերով

27.02.2014 | 17:30

Երևանյան «Արտ և Լեգենդ» նորաբաց ցուցասրահի ձեռագործ աշխատանքներում և գեղանկարներում գերիշխում են հայկական զարդանախշերը, խորհրդանիշերն ու գույները: «Արտ և Լեգենդ» ՍՊԸ-ի հիմնադիր տնօրեն Անետ Բեքերը գերմանուհի է, ապրում է Ֆրանսիայում: Հետաքրքիր երազանք ունի, ուզում է, որ մի օր Հայաստանում հնարավոր լինի հող մշակել, վուշ ցանել, կտոր գործել ու արտադրել: Հույս ունի, որ հետագայում իրենց կմիանան նաև հայ արվեստագետները, գորգագործները, փայտագործները և այլք, միասին հայկական մաքուր արտադրանք կստեղծեն: Կազմակերպության գործադիր տնօրեն Արմինե Խաչատրյանը մեզ հետ զրույցում ասաց, որ աշխատում են սահմանամերձ գյուղերի կանանց հետ, որ աշխատանք չունեն, բայց ունեն շնորհք, ու դա այնքան թաքցված է, պետք է ջրի երես հանել:

Կազմակերպիչների խոսքով` այսօր մեր հայ պարողների շորերի վրա թուրքական նախշեր են կարում։ «Արտ և Լեգենդ»-ի նպատակը հայկական մաքուր արտադրանքը վերստեղծելն է, չկորցնելը այն, ինչ ունենք:
ՈՒշագրավ են նաև Անետ Բեքերի հայաստանյան լուսանկարները, որոնք առանձին բաժնով ներկայացված են ցուցասրահում:

http://www.irates.am/hy/1393507824
Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Заметка

Ցեղասպանությանը նվիրված համերգ` Գերմանիայում

Ցեղասպանությանը նվիրված համերգ` Գերմանիայում

13.02.2014 | 17:26

Դուդուկահար Գևորգ Դաբաղյանը ապրիլի 20-30-ին, Ցեղասպանության 99-րդ տարելիցի կապակցությամբ, համերգներով հանդես կգա Գերմանիայում:

irates.am-ի հետ զրույցում Գևորգ Դաբաղյանն ասաց, որ Գերմանիայի հինգ քաղաքների մեծ եկեղեցիներում հնչելու են Կոմիտաս, Մակար Եկմալյան, հայ հոգևոր երաժշտություն` երգեհոնի նվագակցությամբ: Համերգային ծրագիրը նախաձեռնել են գերմանացիները, ինչը, երաժշտի խոսքով, իր համար նորություն չէ։ «Նման ծրագրեր հաճախ են կազմակերպվում: Նրանք դատապարտում են ցեղասպանությունը: Կա մի զանգգված, որ շատ լավ գիտի Հայաստանի, հայ պատմության մասին ոչ միայն Գերմանիայում, այլև ամբողջ աշխարհում: Իհարկե, հակառակն էլ կա»,— ընդգծեց երաժիշտը:
Նշենք, որ այս տարի Սոչիում անցկացվող օլիմպիադայի շրջանակում անցկացվող Արվեստի ձմեռային 7-րդ միջազգային փառատոնի փակմանը` փետրվարի 20-ին, հնչելու է հայկական դուդուկը:

Ռուս երաժիշտ Յուրի Բաշմետի հրավերով դուդուկահար Գևորգ Դաբաղյանը փետրվարի 18-ին Ձմեռային թատրոնի բեմում կնվագի Կոմիտասի ու Վաչե Շարաֆյանի ստեղծագործություններից մի քանիսը: Ելույթը կտևի մոտ 15 րոպե:

Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Заметка

Թատրոնի աբոնեմենտները կվերականգնվեն

Թատրոնի աբոնեմենտները կվերականգնվեն

10.02.2014 | 16:48

Այս տարի սեպտեմբերից կներդրվի աբոնեմենտային մի համակարգ, որով երեխաները կայցելեն թատրոններ և թանգարաններ: Քննարկվում է նաև թանգարաններում պրակտիկ դասընթացներ անցկացնելու հարցը:

Երկու տարի է, ինչ արգելված է թատրոնի տոմսերի վաճառքը ուսումնական հաստատություններում, ինչը մեծ դժգոհություն է առաջացրել թատրոնների ղեկավարների շրջանում:
Արգելքը, իհարկե, ուներ իր պատճառները. մեր տեղեկություններով` տոմսերի վաճառքը դպրոցներում իրականացվել է ոչ թե կրթադաստիարակչական նպատակներով, այլ շահադիտական, «պարտադրվել» են «անճաշակություններ» և այլն: Արդյունքում դրամահավաքության, կոռուպցիայի դեմ պայքարի համար ավելի հարմար միջոց չի գտնվել, քան տոմսերի վաճառքի արգելքը: Լրագրողների հետ հանդիպման ժամանակ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը նույնպես փաստեց, որ որոշ դպրոցներում ավանդույթի ուժով կազմակերպում են այցելություններ թանգարան, դպրոցներ կան, որ անհաղորդ են հին ու բարի ավանդույթին: Նախարարի կարծիքով` պարտադիր տարրի ներմուծումը կկարգավորի խնդիրը: Հարցն ակտիվորեն քննարկվում է երեք գերատեսչությունների կողմից` մշակույթի նախարարության, կրթության և գիտության նախարարության և քաղաքապետարանի:

Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Заметка

Թվայնացվում են

Թվայնացվում են

10.02.2014 | 14:34

Ազգային գրադարանը, այս տարվանից համագործակցելով այն գրադարանների հետ, որոնք ունեն համապատասխան նյութեր, սկսել է իրականացնել հայ պարբերական մամուլի և հայ գրքի թվայնացման ծրագիր: Ծրագրի համար ձեռք են բերվել սարքավորումներ, Բրիտանական թանգարանը լրացուցիչ դրամաշնորհ է տրամադրելու ազգային գրադարանին` սարքավորումների ձևով, որը հնարավորություն կտա ավելի ակտիվ ու արագ իրականացնելու այդ աշխատանքները: Հայկական ժառանգության էլեկտրոնային շտեմարանին կարելի է ծանոթանալ Ազգային գրադարանի կայքում:

 

Заметка

Պիկետ` ի պաշտպանություն ֆրանսիացիների

Պիկետ` ի պաշտպանություն ֆրանսիացիների

10.02.2014 | 17:49

Ֆրանսիացիները պայքարում են հանուն ընտանիքի պաշտպանության: Օրերս Փարիզում 500 հազար մարդ էր դուրս եկել փողոց ընդդեմ միասեռ ամուսնությունների:

Համահայկական ծնողական կոմիտեն, «Քրիստոնյաներն ընդդեմ մարդկանց համարակալման» և մի շարք կազմակերպություններ փետրվարի 12-ին, ժամը 13.00-ին անցկացնելու են պիկետ Ֆրանսիայի դեսպանատան դիմաց` ի պաշտպանություն ֆրանսիացիների:
Հիշեցնենք, որ միասեռ ամուսնությունների օրինականացումը Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի նախընտրական խոստումներից էր: Օրինագծի քննարկումը բողոքի զանգվածային գործողությունների պատճառ էր դարձել: Չնայած դրան, օրենքն ընդունվել է, իսկ 2013-ի մայիսի 29-ին Մոնպելիեում անցկացվել է տղամարդկանց առաջին պսակադրության արարողությունը:

Заметка

«Չենք կարող ոչ բավարար գումարով շինարարություն սկսել»

«Չենք կարող ոչ բավարար գումարով շինարարություն սկսել»

07.02.2014 | 15:45

Այսօր Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանում մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը ներկայացրեց 2014 թվականի մշակույթի ոլորտի գերակա ուղղություններն ու խնդիրները` պատասխանելով նաև լրագրողների հարցերին:

«Ի՞նչ ընթացքի մեջ են Համազգային պետական թատրոնի շենքի հարցը, մշակութային օջախների վերանորոգման խնդիրը, մասնավորապես` Դերենիկ Դեմիրճյանի տուն-թանգարանի, որը մասնակի նորոգվել է 2005-ին, բայց հրատապ է մնացել հիմնանորոգման խնդիրը»: Անդրադառնալով irates.am-ի սույն հարցերին` մշակույթի նախարարն ասաց, որ իրենք են առաջինը խոսում այն մասին, թե ինչ հարցեր դեռևս ունեն լուծելու, և եթե վերջին տարիների վերանորոգումներին հետևեք, կտեսնեք, որ պետությունը քայլ առ քայլ բոլոր մշակութային կազմակերպությունները կարգի է բերում` վերանորոգում է, արդիականացնում: «Ինչպես օրիանակ գրականության և արվեստի թանգարանը, որի տեղը գուցե շատերը չգիտեն, բայց մեր կարևորագույն թանգարաններից մեկն է»,- ընդգծեց նախարարը` լրագրողներին հորդորելով պրոպագանդել թանգարանը: Հավելեց նաև, որ անցյալ տարի չի հաջողվել Դերենիկ Դեմիրճյանի տուն-թանգարանը վերականգնել, իսկ այս տարի ծրագիրը, որպես առաջնահերթություն, ներկայացրել են քաղշիննախարարությանը:
«Մենք ունենք հարցեր որոնք ժամանակի ընթացքում պետք է լուծվեն, բայց այդ հարցերի մեջ կան առաջնահերթություններ, օրինակ Դեմերճյանի տուն-թանգարանը, Մերկուրովի տուն- թանգարանը Գյումրիում: Ինչ վերաբերում է Սոս Սարգսյանի թատրոնին, երբ բոլոր գումարները հայթայթվեն, ծրագիրը կմեկնարկի, որովհետև մենք չենք կարող ոչ բավարար գումարով շինարարություն սկսել: Փորձը ցույց է տալիս, որ բոլոր հարցերը լուծվում են, ոչ մի հարց, այդ իմաստով, առկախ չի մնում»,- ասաց նախարարը:

Ռեկտորի հարցը դեռևս չի քննարկվել

 

08.02.2014 | 13:13

Արմեն Մազմանյանի ղեկավարության ընթացքում թատերական ինստիտուտում դրական փոփոխություներ են եղել, լուրջ գործընթացներ են մեկնարկել, և ուղենիշը, որ սահմանել է Արմեն Մազմանյանը, ինստիտուտի հաջորդ ղեկավարները պետք է շարունակեն: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց մշակույթի նախարար ՀԱՍՄԻԿ ՊՈՂՈՍՅԱՆԸ:

«Խնդիրներ կարող են լինել ցանկացած կազմակերպությունում, բայց արդյունքերը, որ ունեցել ենք այդ կարճ ժամանակահատվածում, եկեք գնահատենք»,— ասաց նախարարը: Վստահեցրեց, որ ինստիտուտը գրավի տակ չէ, իսկ նոր ղեկավարի հարցը դեռևս չի քննարկվել:

«Անունները հայտնվեցին ավելի շուտ, քան սկսվեց հարցի քննարկումը: Չի կարելի ռեկտորի պաշտոնի մասին խոսել այն ժամանակ, երբ հողին հանձնված չէ նախորդ ղեկավարը: Ամեն ինչ իր տրամաբանական ժամկետն ունի: Տասն օրը ոչ մի բան չի փոխելու, բուհն ունի ղեկավարություն, պրոռեկտորներ, եկեք մի քիչ բարոյական լինենք, մենք բոլոր սահմաները սկսել ենք անցել»,- ասաց Հասմիկ Պողոսյանը, նշելով, որ լինելու են օրինական ընտրություններ, որոնց կարող են մասնակցել ցանկացողները:
Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

 

Заметка

Facebook-ը 10 տարեկան է

Facebook-ը 10 տարեկան է

04.02.2014 | 15:35

Facebook սոցիալական ցանցը դարձավ 10 տարեկան: Հարվարդի համալսարանի ուսանողների համար նախատեսված ցանցը կարճ ժամանակում հասանելի դարձավ մյուս համալսարանների ուսանողներին: Այսօր Facebook սոցիալական ցանցում գրանցված է աշխարհի բնակչության մեկ յոթերորդը: Հայաստանում, վերջին տվյալների համաձայն, կա 500 հազարից ավելի ֆեյսբուքյան օգտատեր: Ցանցը գործում է 70 լեզուներով, նաև հայերենով: Համահիմնադիրն ու գլխավոր տնօրենը Մարկ Ցուկերբերգն է:

Facebook -ը միակ սոցցանցը չէ, բայց առայժմ ամենահայտնին և ամենաայցելվողն է, մեղմ ասած` ամենասիրվածը:

Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

 

Заметка

Ջեկ Լոնդոն. «Շանը նետած ոսկորը գթասրտության նշան չէ»

Ջեկ Լոնդոն. «Շանը նետած ոսկորը գթասրտության նշան չէ»

01.02.2014 | 17:49

Հույսը առհասարակ հաշվի չի ուզում նստել փորձառության հետ:

Սիրելը ավելի լավ ու ավելի գեղեցիկ է, քան սիրվելը: Սերը այնքան հարստացնում է կյանքը, որ մարդ հոժարությամբ կմեռներ այդպիսի կյանքի համար:

Խուճապը, որը առաջանում է բազմության մեջ, մի տեսակ ընդհանուր շահագրգռվածություն է ստեղծում և այդ պատճառով էլ ահավոր չէ, որքան այն, որին մարդ մատնվում է, երբ մենակ է:

Ով որ իր փողը ցրիվ է տալիս, արժանի է կողոպտվելու:

Եվ նա երջանիկ է հենց նրա համար, որ հանգիստ է թողել կյանքի փիլիսոփայությունը: Նա այնքան է զբաղված կյանքով, որ ժամանակ չունի կյանքի մասին խորհրդածելու: Իմ սխալն այն է, որ ես սկսեցի գիրք կարդալ:

Ես միշտ սերը գնահատել եմ, որպես աշխարհի ամենավեհ զգացմունքը, գոյության վսեմագույն նպատակը, ուրախության և երջանկության այն ամենաքաղցր բարձրակետը, որտեղ կյանքը սարսռում է խայտանքից, այն գերագույն բանը, որ մարդ միայն կարող է ողջունել:

Հոգու բարոյական անընկճելի վեհությունը, ոչ մի արգելք չի ճանաչում և հավիտենականությունից ու անմահությունից բխող վստահությամբ ու քաջությամբ բարձրանում է ավելի վեր, քան ժամանակը, տարածությունն ու նյութը:

Աշխարհում, թերևս, չկա ավելի ահավոր բան, քան ուժեղ մարդու տեսքը` ծայրահեղ տկարության և ընկճվածության պահին:

Միայն կյանքն է, որ ստիպում է տառապել: Մեռնելը ցավ չի պատճառում: Մեռնել նշանակում է քնել, մահ` նշանակում է վերջ, դադար, հանգստություն: Հապա ինչո՞ւ ինքը չի ուզում մեռնել…

Այսօր մի ճշմարիտ բան ասել, վաղը` ուրիշ, հենց դա էլ նշանակում է ստել:

Մարդը հանուն փողի չպետք է ապրի, այլ հանուն երջանկության, որը ոչ ոք չի կարող ո’չ տալ, ո’չ գնել, ո’չ վաճառել, որը ոչինչով չես վարձատրի:

Շրջմոլիկի հաջողությունը կախված է լավ «պարմություն» հորինելու ընդունակությունից:

Շանը նետած ոսկորը գթասրտության նշան չէ: Գթասրտությունը ոսկոր է, որ կիսում ես քաղցած շան հետ, երբ ինքդ էլ քաղցած ես նրա պես:

Ծաղկաքաղը` Արմինե ՍԱՐԳՍՅԱՆԻ