Заметка

«ՄԱՐԴԸ ՄԻԿՐՈԿՈՍՄՈՍ Է»

«ՄԱՐԴԸ ՄԻԿՐՈԿՈՍՄՈՍ Է»

24.06.2011 | 00:00

Վատ ինքնազգացողությունը հաճախ կապվում է մագնիսական դաշտի կտրուկ տատանումների հետ: Սրվում են սրտանոթային, աղեստամոքսային, նյարդային համակարգերի, թոքային և այլ քրոնիկ հիվանդությունները:
Իրականում ինչի՞ մասին է խոսքը:
«Արեգակնային բռնկումների ժամանակ արձակվում է էներգիա, որն անբարենպաստ պայմանների դեպքում (եթե ուղղված է մեզ վրա) կարող է աղավաղել երկրագնդի մագնիսական դաշտը: Դա կոչվում է մագնիսական փոթորիկ,- ասում է աստղաֆիզիկոս, Բյուրականի աստղադիտարանի ավագ գիտաշխատող ՍՄԲԱՏ ԲԱԼԱՅԱՆԸ:- Փոխազդեցության հետևանքով (արեգակնային քամու և երկրագնդի մագնիսական դաշտի) առաջանում են ցածր հաճախության ռադիոալիքներ, որոնք բացասաբար են ազդում բնության, կենդանի օրգանիզմների վրա, որոնք գործում են ցածր հաճախությունների տիրույթում: Հավանաբար, վատ զգալու պատճառը ռեզոնանսն է, երբ արտաքին և ներքին հաճախությունները համընկնում են, ինչն էլ հանգեցնում է ներքին օրգանների աշխատանքի որակական փոփոխության: Պատահական չէ, որ հնուց ի վեր խորհուրդ էին տալիս քնելիս այնպիսի դիրք ընդունել, որ գլուխը դեպի հյուսիս լինի, ոտքերը` հարավ: Սա նույնպես կապված է մագնիսական դաշտի հետ»:
Աստղագետը նշում է, որ անկայունությունը բացասաբար է ազդում հիմնականում թույլ օրգանիզմների վրա:
Ամսվա ընթացքում միջինը երկու-երեք առավելագույն անկայունության օրեր են լինում. բարեբախտաբար, դրանք երկարատև չեն:
Ըստ ֆիզիոթերապևտ-մանուալիստ, ակադեմիկոս ԳԱԳԻԿ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԻ` մագնիսական դաշտի անկայունության օրերին «վտանգի» ազդանշանն ազդում է մարդու հոգեբանության վրա, առաջանում են լարվածություն, վատ ինքնազգացողություն, թուլանում է օրգանիզմի դիմադրողականությունը:
«Մարդը միկրոկոսմոս է, և տիեզերքում կատարվող յուրաքանչյուր փոփոխություն ազդում է նրա վրա: Բնությունը դաժան մեխանիզմ ունի, մաքրում է երկրի վրայից հիվանդ և թույլ օրգանիզմները»,- ասում է նա և խորհուրդ տալիս մագնիսական անկայուն օրերին հանգստանալ, թուլանալ, շնչառական վարժություններ կատարել, դուրս գալ մաքուր օդ և քիչ լուրեր լսել: Նրա հավաստմամբ` այս մեթոդները կիրառելուց հետո սրտի համար նախատեսված դեղեր պետք չեն լինի:
Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Մագնիսական փոթորկի ազդեցությունը

Մագնիսական փոթորկի ազդեցությունը

10.01.2014 | 12:49

Հունվարի 9-10-ը Երկրին սպառնացող մագնիսական փոթորկի ազդեցությունից անմասն չեն մնում մեր մոլորակի բնակիչները:

Մասնագետները փաստում են, որ արեգակնային բռնկումների ժամանակ արձակվում է էներգիա, որն անբարենպաստ պայմանների դեպքում (եթե ուղղված է մեզ վրա) կարող է աղավաղել երկրագնդի մագնիսական դաշտը: Դա կոչվում է մագնիսական փոթորիկ: Արեգակնային քամու և երկրագնդի մագնիսական դաշտի փոխազդեցության հետևանքով առաջանում են ցածր հաճախության ռադիոալիքներ, որոնք բացասաբար են ազդում բնության, կենդանի օրգանիզմների վրա, որոնք գործում են ցածր հաճախությունների տիրույթում:
Նշենք, որ անկայունությունը բացասաբար է ազդում հիմնականում թույլ օրգանիզմների վրա:
Ամսվա ընթացքում միջինը երկու-երեք առավելագույն անկայունության օրեր են լինում. բարեբախտաբար, դրանք երկարատև չեն:

Заметка

«ՄԵՐԺԵԼ ԱՆԲԱՑԱՏՐԵԼԻՆ, ԱՆՀԱՅՏԸ, ՆՇԱՆԱԿՈՒՄ Է ՄԵՐԺԵԼ ԲՆՈՒԹՅԱՆ ԱՆՎԵՐՋՈՒԹՅՈՒՆԸ, ՈՐԻ ԲԵԿՈՐՆԵՐՆ ԵՆ ԴՐԱՆՔ»

«ՄԵՐԺԵԼ ԱՆԲԱՑԱՏՐԵԼԻՆ, ԱՆՀԱՅՏԸ, ՆՇԱՆԱԿՈՒՄ Է ՄԵՐԺԵԼ ԲՆՈՒԹՅԱՆ ԱՆՎԵՐՋՈՒԹՅՈՒՆԸ, ՈՐԻ ԲԵԿՈՐՆԵՐՆ ԵՆ ԴՐԱՆՔ»

06.05.2011 | 00:00

«Իրատես de facto»-ի հյուրն է Վիկտոր Համբարձումյանի տուն-թանգարանի տնօրեն, աստղագետ, տոմարագետ ԳՐԻԳՈՐ ԲՐՈՒՏՅԱՆԸ:
-Զուգադիպությունները շատ չե՞ն 2012-ի հետ կապված: Ինչպես ասում են` ավարտվում է մայաների օրացույցը, Արեգակը ակտիվության փուլում է լինելու, ասում են` Նիբիրուն է մոտենում, կանխատեսումներն ու թվերն են համընկնում: Չարագույժ կամ ճշմարտությանը մոտ ոչինչ չե՞ք տեսնում: 
-Պատահական չէ այն առումով, որ այդ բոլորը հատուկ հորինվում են և իրար կցվում: Այսինքն, կան շրջանակներ, որոնք նպատակադրված ուզում են այդպիսի օրինաչափություններ ի հայտ բերել նույնիսկ այնտեղ, որտեղ դրանք չկան: Նիբիրուն վարկածային մոլորակ է, դեռևս ոչ մի աստղադիտակով այդ մոլորակը չի դիտվել: Ինչի՞ հիման վրա են հայտարարում, որ այն մոտենալու է, բախվելու է մեր մոլորակին: Արեգակի ակտիվացումը բնական երևույթ է: Գոյություն ունի Արեգակի ակտիվացման 11-ամյա պարբերաշրջան: Ինչ վերաբերում է մայաների օրացույցին, շատ բաներ այնտեղ մեզ համար դեռևս անհայտ են: Չիմացած օրացույցի հիման վրա եզրակացություն անել` պատմության ասպարեզից դուրս եկած մի ազգի անցյալի և այլնի մասին, մեղմ ասած, լուրջ չէ: Մայաները զուգահեռաբար օգտագործել են երեք տարբեր օրացույցներ, և, դրանից զատ, մայաների ամեն մի քաղաքն ունեցել է իր տեղային լուսնային օրացույցը: Որքա՞ն է ճիշտ ասելը, թե վերջանում է մայաների օրացույցը:
-Իսկ աստղագետներն աշխարհի կործանման ինչ-ինչ վարկածներ առաջ քաշո՞ւմ են, իհարկե, գիտականորեն հիմնավորված:
-Այն ամենը, ինչ ունի սկիզբ, ունի նաև վախճան: Դա բնության օրենքն է, ինչպես կենդանի արարածը ծնվում և մահանում է, առարկաները ևս ստեղծվում և վերանում են: Աշխարհն էլ, եթե ունի սկիզբ, պիտի ունենա նաև վախճան: Արեգակի տարիքը գնահատվում է մոտ 5 մլրդ տարի, մոտավորապես այդքան է գնահատվում նաև մեր մոլորակի տարիքը: Լուսինը մի փոքր ավելի երիտասարդ է համարվում: Տիեզերական մարմինը, եթե ինչ-որ մի պահ դարձել է այնպիսին, ինչպիսին հիմա է, ընդունել է որոշակի ձև, պարզ է, նա չի առաջացել ոչնչից, այլ պիտի առաջացած լինի ինչ-որ մի ուրիշ վիճակից և ինչ-որ ժամանակ հետո իր վիճակը դարձյալ փոխելու է: Ո՛չ Երկիրը հավերժական այդպես կմնա, ո՛չ Արեգակը, ո՛չ Լուսինը: Բնության մեջ ամեն ինչ փոխվում է: Բայց ճի՞շտ է արդյոք դա աշխարհի վերջ անվանելը: Չէ՞ որ ամեն մի վերջ ինչ-որ բանի սկիզբ է: Երբ աստղը մի վիճակից անցնում է մեկ այլ վիճակի, մենք չենք ասում, թե աստղը վերջացավ:
-Չասենք՝ աշխարհի վերջ, ասենք՝ մարդկության վերջ, որովհետև եթե ինչ-որ բան փոխվի, մարդկությունը կարող է վերանալ:
-Եթե «մարդկություն» բառը հասկանանք մարդկայնություն իմաստով, մենք համարյա թե այդ «վերջի» մեջ ենք: Մեր քաղաքակրթությունն այդ իմաստով գնում է դեպի մարդկության վերջը: Մարդը մարդու համար դառնում է գիշատիչ, թշնամի: Բնության մեջ ոչ մի արարած իր նմանին այդպես հետևողականորեն, այդպես կազմակերպված չի վերացնում: Նույնիսկ կենդանիներ կան, որ իրենց նմաններին ուտում են, բայց միայն քաղցից դրդված, որ չսատկեն, որ իրենց տեսակը չվերանա: Մարդը անում է մի բան, որի նախադեպը բնության մեջ չկա: Այդ իմաստով մենք մարդկությունը վերացնում ենք:
-Էֆթանազիա, կլոնավորում, հղիության արհեստական ընդհատում, կենսական օրգանների փոխպատվաստում և նման այլ երևույթները համարվում են շեղում բնականից և, կա կարծիք, որ բացասաբար են ազդում շրջապատի վրա, առաջ են բերում աղետներ, արհավիրքներ: 
-Երբ որևէ մեկին վիրավորում ես, դա նույնպես կարող է բացասաբար ազդել բնության վրա: Բնությունն անվերջ կապերով փոխկապակցված մեկ ընդհանրություն է: Բնականաբար, բնության մի մասնիկի վրա կատարված ինչ-որ մի բան պետք է ազդի մնացած ամեն ինչի վրա: Բայց մենք այսօր չունենք եղանակներ` գրանցելու, զուտ առարկայորեն ասելու, որ այսպիսի բան կա: Այդ իմաստով մեր հնարավորությունները խիստ սահմանափակ են:
-Իսկ Աստծու ձեռագիրը այստեղ բացառո՞ւմ եք, չե՞ք կարծում, որ կա Մեկը, որ վերահսկում է այս ամենը, ու Նա է որոշում սկիզբը և վերջը: 
-Չեմ բացառում: Եթե խոսենք կրոնի լեզվով, հարկ է նշել, որ մարդը միակ արարածն է, որն ունի ազատ կամք, վճիռ կայացնելու իրավունք: Դրա համար կա նաև մեղք հասկացությունը, քո վճռից էլ բխում է քո անմեղ կամ մեղավոր լինելը: Եթե ես ճակատս խփում եմ պատին, մի՞թե Աստված մեղավոր է դրա համար:
-Այսինքն, աշխարհը մենք ենք կործանում:
-Միանշանակ, Աստված մեզ տվել է, կարելի է ասել, անսահմանափակ հնարավորություն: Բայց դրա հետ մեկտեղ տվել է նաև ընտրելու իրավունք, պարտականություն և պատասխանատվություն:
-Աստղագետները շատ են շփվում երկնքի, աստղերի, անհասկանալի երևույթների հետ. դա մոտեցնո՞ւմ է Արարչին, թե՞ հեռացնում:
-Ո՛չ այս, ո՛չ այն: Եթե մարդն ընդունակ է աստվածայինը տեսնելու, նա կարող է տեսնել դա հողի, մրջյունի, խոտերի, ծաղկի, նաև աստղերի մեջ: Եթե ընդունակ չէ, նույնիսկ եթե իրեն էլ տանես աստղերի մեջ, միևնույն է՝ բան չի տեսնի:
-Տպավորություն է ստեղծվել, որ գիտնականների զգալի մասն ուղղակիորեն հերքում է անհասկանալի, անբացատրելի երևույթները` թռչող օբյեկտներ, աստղագուշակություն և այլն: Սակայն մարդկանց մեծ մասը հակված է դրանց հավատալու: 
-Մարդու ընկալած աշխարհն անվերջ է: Եվ այդ անվերջ աշխարհի մեջ մեր իմացածը, մեր հասկացածը միշտ վերջավոր է: Դա նման է կաթիլին` օվկիանոսի մեջ: Մարդու գիտելիքը բեկոր է, միշտ ավելի շատ է մեր չիմացածը, քան իմացածը: Մերժել անբացատրելին, անհայտը, նշանակում է մերժել բնության անվերջությունը, որի բեկորներն են դրանք: Դա նույնն է, որ Աստծուն մերժես, որովհետև Աստված նույնպես անվերջ է: Դրա համար էլ մենք չենք կարողանում Նրան ընկալել: «Կա» կամ «չկա» ասելը գիտական մոտեցում չէ: Գիտությունը, որպես աշխարհաճանաչողության միջոց, հենվում է երկու իրողության վրա` գիտական փաստի (ֆիզիկայում դա փորձի արդյունքն է, աստղագիտության մեջ փորձի փոխարեն աստղադիտական դիտման արդյունքն է) և տրամաբանական դատողության: Գիտությունը հիմնված է գիտականորեն ստուգելի փաստի և տրամաբանության վրա: Սրանք են գիտության «գործիքները»: Այս երկու «գործիքներով» հնարավոր չէ մերժել գոյությունը ինչ-որ բանի, որը չգիտես:
-Իսկ ի՞նչ է ասում գիտնականը` հանդիպելով անբացատրելի երևույթի: 
-Ասում է` ես նման բան դեռ չգիտեմ: Գիտական փաստը ստուգելի է: Երբ ասում են. «Մի ափսե իջավ, լույսերը վառվեցին, պոզավոր մարդիկ դուրս եկան միջից, աչքերը կանաչ էին և այլն», դա գիտական փաստ չէ: Դա արդեն բանահյուսություն է, ունի այլ արժեք, խոսում է մարդու երևակայության, աշխարհընկալման որոշակի ձևի մասին:
-Ի՞նչ եք կարծում, ուժ ունե՞ն արդյոք մարդկային միտքը, խոսքը:
-Անպայման:
-Գիտականորեն հիմնավորվա՞ծ:
-Կարելի է փորձել գիտականորեն հիմնավորել: Եթե մարդն իր անցյալը, հիշողությունը պրպտի, կգտնի բեկորներ, որոնք դա կհաստատեն: Երբ ինչ-որ բան մտածում ենք` լինում է, ուզում ենք` լինում է: Միտքը նյութականանալու հատկություն ունի: Դա նաև կրոնի հիմքում է դրված: «Սկզբում էր Բանը»: Դրա համար տարբեր կրոններ մարդկանց հորդորում են վատ բաներ չխոսել, վատը չմտածել: Նույնիսկ ժողովրդի մեջ, երբ մեկը մի վատ բան է խոսում, հանդիմանում են, ասում են` «կռավում ես»:
-Ժյուլ Վեռնի գրվածքների մեծ մասն իրականություն դարձավ: Եվ էլի կան գրողներ, որ ասես «մարգարեական» շնորհք ունեն: Գրված խոսքը զորությո՞ւն ունի և իրականությո՞ւն է դառնում, թե՞ նրանք տեսնում են ապագան: Հայտնության պես մի բան է:
-Հայտնության տարրեր յուրաքանչյուր մարդու կյանքում էլ կան: Ի՞նչ է հայտնությունը. ի վերուստ գոյություն ունեցող ճշմարտությունը ոմանց համար դառնում է հայտնի` ինչ-ինչ, մեզ անհայտ ձևով ու սահմանափակ ծավալով: Ինչ վերաբերում է Ժյուլ Վեռնին, նա ունեցել է փայլուն վերլուծական միտք, խորությամբ իմացել է իր ժամանակի գիտությունը, բնականաբար, կարողացել է ճիշտ եզրակացություն, ավելի շուտ` գիտական կանխատեսումներ անել: Գուցե կա պայծառատեսության տարր, բայց նրա գրականությունը կարելի է լրիվ բացատրել ճիշտ կանխատեսումներով:
-ճապոնիայի ցունամիի, Նյու Յորքի երկնաքերների կործանման մասին ֆիլմեր են նկարահանվել մինչ դրանց իրականություն դառնալը: Շատ ու շատ չարագույժ, վատ վերջաբաններով ֆիլմեր են նկարահանվում մեր օրերի մասին, նաև վաղվա օրվա, աշխարհի կործանման մասին, կարծես հող են պատրաստում` առիթ տալով վատ հետևանքների: Միգուցե վերահսկվո՞ւմ է, հատո՞ւկ է արվում:
-Պատկերացրեք, որ մենք թիմ ենք կազմում ու ծրագրեր ենք մշակում, թե ապագայում ինչ պիտի անենք: Բավական լծակներ ունենք, ազդեցություն: Հետո մեզնից մեկին ասում ենք, որ գրի առնի մեր ծրագրերը մի քիչ աղավաղված, որ տարածենք իբրև գուշակություն: Երբ հերթական գործողությունն անենք, կասենք` տեսեք, իրականացավ այդ գուշակությունը, այդ ամենը ճիշտ է:
-Այսինքն, վերը նշվածները, ըստ Ձեզ` ծրագրավորվա՞ծ են:
-Իմ ասածը հնարավո՞ր տարբերակ է:
-Այո: 
-ՈՒրեմն, չենք կարող բացառել։ Ինչ վերաբերում է Ճապոնիայի երկրաշարժին, Ճապոնիայի աշխարհագրական դիրքն այնպիսին է, որ պարզ գիտական կանխատեսման մակարդակով հնարավոր էր նման բան կանխատեսել: Հիմա կարելի է Ամերիկայի Ելոուսթոն հրաբխի մասին գրել, ֆիլմեր նկարահանել, որ մի օր պայթելու է, ու եթե պայթի, համաշխարհային աղետ կլինի:
-Հիմա էլ կսկսեն դրանից խոսել: 
-Այդ մասին վաղուց է խոսվում: Նախորդ անգամ, ըստ երկրաբանների` ժայթքել է մոտ 600 000 տարի առաջ (ի դեպ, ժայթքումների մոտավոր պարբերությունն էլ հենց այդքան է), հաջորդ ժայթքումը գնալով մոտենում է: Սակայն դա չպետք է մեզ հետաքրքրի, եթե նման բան լինի, մենք, միևնույն է, էլ չենք լինի:
-Ասում էիք` միտքն ու խոսքը կատարվում են, յուրաքանչյուր մարդ հետ նայելով, հասկանում է, որ իր կյանքի ընթացքը մեծապես կախված է եղել իր խոսքերից ու մտքերից, նույնն էլ մարդկության պատմությունը չէ՞: Եթե այդպիսի ֆիլմեր են ստեղծվում, գրականություն է գրվում, արդյո՞ք անհետևանք են անցնելու: Այսպես ասեմ` 2012-ին որևէ բան չի՞ լինի` բոլոր այս խոսակցությունների, մտավախությունների արդյունքում:
-Եկեք այդ մասին խոսենք 2013-ին: 1998-99 թվականներին բոլորը խոսում էին 2000-ի մասին, նույնիսկ «աշխարհի վերջի» «տեղն» էին ցույց տալիս: Լրագրողներն ինձ հարցնում էին` տեղը գիտե՞ք, ինչպե՞ս է դա լինելու: Ես ասում էի, չեմ էլ հասկանում, թե ի՛նչ է նշանակում «աշխարհի վերջի տեղը»: 2000 թվականը եկավ-անցավ, ոչ ոք ոչ մի բան չզգաց: Հետաձգեցին 2012-ին, հետո մի ուրիշ բան կասեն, մեկ այլ թվի հետ կկապեն:
Ընդհանրապես, Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո աշխարհը շատ փոխվեց: Խորհրդային Միության փլուզումից հետո աշխարհը գնում է դեպի նոր աշխարհաքաղաքական կարգ: Աշխարհի քարտեզը մեր աչքի առաջ ձևափոխվում է, երկրներ են առաջանում, երկրներ են վերանում: Դրանք աշխարհի համար մեծ ցնցումներ են, որոնք, բնականաբար, ցավոտ են, ու մարդկանց անզգայացնելու համար զբաղեցնում են նման բաներով: Սրանք անզգայացման եղանակներ են: Ժամանակին հռոմեական կայսրերն ամֆիթատրոն էին կառուցում` գլադիատորների մարտեր էին կազմակերպում` մարդկանց զբաղեցնելու համար: Հիմա էլ ԶԼՄ-ները չճշտված տեղեկություններ են տարածում, սերիալներ են ցուցադրում և այլն. կարևորը, որ մի քիչ հրապուրիչ լինի, մարդիկ կարդան, զբաղվեն: Խնդիրը մարդկանց այդ պահին զբաղեցնելն է:
Ամերիկայի Ելոուսթոնի պայթյունից մենք դեռ բավականին հեռու ենք: Արևը դեռ չի խոստանում սառչել: Վերջին 5 մլրդ տարվա ընթացքում նա կայուն ճառագայթում է, ու վստահություն կա, որ գոնե մեր քաղաքակրթության ընթացքում նրա վիճակի մեջ ոչինչ չի փոխվի: Օրախնդիր հարցերի, մեր վաղվա օրվա մասին պետք է մտածել, և ոչ թե Նիբիրուի կամ մայաների օրացույցի: Այսօր մեր երկրի և ազգի համար շատ ավելի հրատապ են տնտեսական, սոցիալ-քաղաքական, նախ և առաջ` բարոյա-հոգեբանական խնդիրները: Դրանց լուծումից են կախված մեր վաղվա գոյությունը, լինել-չլինելը:
Հարցազրույցը` Արմինե ՍԱՐԳՍՅԱՆԻ
http://www.irates.am/ru/kmlFtNakcdf7gdtod81Omn05ID

Заметка

Արտերկրային քաղաքակրթությունից մինչև տիեզերական աղետներ

Արտերկրային քաղաքակրթությունից մինչև տիեզերական աղետներ

02.07.2013 | 19:36

Հայկական աստղագիտական ընկերության նորաստեղծ«Աստղագիտակ» առցանց ամսագիրը հնարավորություն է ընձեռում ընթերցողին ծանոթանալու իրեն հետաքրքրող ոլորտներին և հարցերին: Հանրամատչելի այս ամսագրում տեղ են գտել նախկինում տպագրված հոդվածներ, համացանցային կայքէջեր, թեմատիկ հարցազրույցներ:
Հոդվածները դասավորված են ըստ թեմատիկայի` Արեգակնային համակարգ, արտերկրային քաղաքակրթություններ, տիեզերագնացություն, տիեզերական աղետներ և այլն:

Հայկական աստղագիտական ընկերությունից տեղեկացնում են, որ «Աստղագիտակում» կարող են համապատասխան հոդվածներ և նյութեր տեղադրել գիտական լրագրողները և հետաքրքված այլ անձինք: Կայքէջի հասցեն է`http://aras.am/Astghagitak/:

Արտերկրային քաղաքակրթությունից մինչև տիեզերական աղետներ 02.07.2013 | 19:36 Հայկական աստղագիտական

Заметка

 

Արևամուտը կլինի առանձնահատուկ

Արևամուտը կլինի առանձնահատուկ

25.05.2013 | 23:50

Մայիսի 26-ի երեկոյան տեղի կունենա հազվագյուտ և գրավիչ երկնային երևույթ` մոլորակների եռակի միացում, երբ երեք մոլորակ դիտվում է երկնքի մի հատվածում` իրար շատ մոտ: Այս անգամ իրար մոտ կդիտվեն Վեներան, Յուպիտերը և Մերկուրին:

Այս մասին տեղեկացնում են հայկական աստղագիտական ընկերությունից:
Արևամուտը կլինի առանձնահատուկ: Այս միացումը դիտարժան է, քանի որ մասնակցում են մայիսին դիտվող երեք ամենապայծառ մոլորակները: Նույնիսկ քաղաքային պայմաններում երևույթը շատ լավ դիտվելու է:

Հետաքրքիր տեսարանը կշարունակվի մի քանի օր, քանի որ մոլորակներն աստիճանաբար են մոտենում և հեռանում: Ավելին, մայիսի 28-ին Վեներան և Յուպիտերը կդասավորվեն իրար ամենամոտ դիրքերում` 1 աստիճան հեռավորության վրա:

Հարկ է նշել, որ Մերկուրիի, Վեներայի և Յուպիտերի միացումը կկրկնվի 43 տարի անց` 2056-ի փետրվարի 27-ին:

  Արևամուտը կլինի առանձնահատուկ 25.05.2013 | 23:50 Մայիսի 26-ի երեկոյան

Заметка

«Նոր աստղադիտակը ցույց կտա կյանքի գործունեության հետքերը»

«Նոր աստղադիտակը ցույց կտա  կյանքի գործունեության հետքերը»

16.04.2013 | 13:49

Եվրոպական աստղագիտությունը բավականին առաջատար դեր ունի աշխարհում, հատկապես ցամաքային աստղագիտության մեջ: Մասնավորապես, Եվրոպային են պատկանում Չիլիում գործող 8-մետրանոց հայելիով 4 միանման աստղադիտակները (Եվրոպական հարավային աստղադիտարան` ԵՀԱ), որոնց արդյունարար հզորությունը համապատասխանում է 16-մետրանոց տրամագծով աստղադիտակի: Ներկայումս Եվրոպան կառուցում է 39-մետրանոց աստղադիտակ և այս տարի պատրաստվում է արձակելու «Գայա» (Gaia) տիեզերական աստղադիտարանը, որոնց շնորհիվ աստղագիտության մեջ հեղափոխական հայտնագործություններ են սպասվում:
Թեմայի շուրջ ներկայացնում ենք Բյուրականի աստղադիտարանի առաջատար գիտաշխատող, Հայկական վիրտուալ աստղադիտարանի ղեկավար ԱՐԵԳ ՄԻՔԱՅԵԼՅԱՆԻպարզաբանումները:
-Պարոն Միքայելյան, հավանաբար, խոսքը ծախսատար ծրագրի մասին է, ինչպե՞ս է ընտրվել աստղադիտակի կառուցման վայրը, և ե՞րբ այն պատրաստ կլինի: 
-Հիմնականում տեղադրման վայրն ընտրում են` հաշվի առնելով աստղակլիմայի, մթնոլորտի պայմանները, որպեսզի լավ որակի դիտումներ հնարավոր լինի իրականացնել: Ի դեպ, դա 42-մետրանոց դիտակի նախագիծ էր, հետո վերանայեցին բյուջեն, ու որոշվեց կառուցել 39-մետրանոց, որի արժեքը մեկ միլիարդ 200 միլիոն եվրոյի է հավասար լինելու: Գումարներն արդեն տրամադրվում են, և գործընթացը սկսվել է: Բայց կառուցումը տարիներ է տևելու: Նախատեսվում է 2017-ին փորձարկել, և արդեն 2019-ից, հավանաբար, կսկսեն գիտական ծրագրեր իրականացնել:
-Որո՞նք են այն հիմնական ծրագրերը, որ իրականացվելու են նոր, հզոր աստղադիտակով:
-Ասեմ, որ վերոնշյալ բյուջեից հատկացվելու են գումարներ նաև գիտական ուսումնասիրությունների համար: Աստղադիտակի տեխնիկական տվյալները հաշվի առնելով` գիտնականները նշում են, թե ինչ հետազոտություններ կարելի է անել: Առաջինը, հենց կյանքի, այսինքն` բնակելի մոլորակների հայտնագործումն է, որ նման դիտակով հնարավոր կլինի իրականացնել: Այսօր մենք հայտնաբերում ենք բազմաթիվ մոլորակներ և ուսումնասիրում ենք մինչև անգամ նրանց մթնոլորտը, քիմիական բաղադրությունը, բայց դեռևս հնարավոր չի եղել այդքան մանրամասն ուսումնասիրել հեռավոր մոլորակները, իսկ 40-մետրանոց աստղադիտակը ցույց կտա կյանքի գործունեության հետքերը: Այսինքն, ուսումնասիրություններն էլի հիմնականում քիմիական վերլուծության եղանակով են լինելու, բայց արդեն հնարավոր կլինի մոլորակների վրա հայտնաբերել երևույթներ, որոնք միանշանակ կապացուցեն, որ տվյալ մոլորակի վրա քաղաքակրթություն կա:
Երկրորդը տիեզերքի մեծածավալ կառուցվածքի խնդիրն է, որ մինչև հիմա առեղծված է: Վերջին տարիների հայտնագործությունները մասնավորապես ցույց տվեցին, որ տիեզերքը արագացումով է ընդարձակվում: Հնարավոր է` լրացուցիչ էներգիա է գործում, որն առայժմ երևակայական է, ոչ մի նշան, գիտական հիմք դրա համար չկան: Հաջորդ ծրագիրը լինելու է դրանց հիմքերը որոնելու ուղղությամբ. հնարավոր է գտնել որևէ լրացուցիչ էներգիա կամ նոր տեսակի արտասովոր մասնիկներ, որոնք նպաստում են տիեզերքի ընդարձակմանը: Եվ վերջապես, կհասկանանք տիեզերքի էվոլյուցիայի օրենքները, որ մինչ օրս առեղծված են:
Հաջորդ հարցը հետևյալն է` ինչպե՞ս են առաջացել տիեզերական մարմինները: Արդեն կարող ենք ուսումնասիրել այնպիսի աստղեր, որ կտան այդ հանելուկի պատասխանը:
Աստղերի առաջացումը նախնական, մյուս կողմից էլ վերջնական փուլ ունի: Մենք հիմնականում ստանդարտ աստղերն ենք դիտում, որոնք էվոլյուցիայի միջին` կայուն փուլերում են գտնվում: Իսկ սկզբնական փուլում, երբ նոր ձևավորվում է աստղը, օպտիկական ճառագայթումը բավական թույլ է: Վերջին փուլում, երբ արդեն աստղերը, ըստ տեսության, վերածվում են սպիտակ թզուկների, նեյտրոնային աստղերի կամ սև խոռոչների, առավել ևս դժվար է գրանցել օպտիկական թույլ ճառագայթումը:
Տիեզերքում պետք է որ լինեն միլիոնավոր նեյտրոնային աստղեր, բայց դրանցից ընդամենը 1500-ն են հայտնաբերված, ինչը շատ քիչ է` հաստատելու համար էվոլյուցիայի այն պատկերացումը, որ կյանքի վերջում աստղը վերածվում է նեյտրոնային աստղի: Ստացվում է, որ նոր դիտակներով մենք օրական հազարավոր աստղեր կհայտնաբերենք:
-Ինչ կասեք «Գայա» տիեզերական աստղադիտարանի մասին, որն արձակվելու է այս տարի և կարծես թե աստղագիտական հեղաշրջում է խոստանում:
-«Գայան» կարծես մանրակրկիտ քարտեզագրելու է մեր գալակտիկան: Մինչ օրս` սկսած 19-րդ դարից, պարզունակ փորձեր են արվում մեր գալակտիկան պատկերացնելու համար: Մենք ներսում ենք գտնվում և դժվար է ընդհանուր պատկերը ստանալ: «Գայան» չափելու է միլիարդավոր աստղեր, արդեն ունենալու ենք ցուցակներում ամեն աստղն իր տվյալներով, մոտ 1000 անգամ ավելի շատ, քան մեզ էր հայտնի, 1000 անգամ ավելի լավ չափման ճշգրտությամբ: Յուրաքանչյուր աստղի պայծառությունը ստույգ իմանալու ենք տարբեր փուլերում, ինչը հնարավորություն կտա նաև աստղային բնակչության վիճակագրություն անելու: Այսինքն` մենք ունենալու ենք Գալակտիկայի կինեմատիկ պատկերը, այնուհետև դինամիկան, կունենանք աստղային բնակչության տեղաբաշխումն ըստ տարբեր տիրույթների` սկավառակում, հալոյում, այնուհետև կունենանք բազմաթիվ աստղերի, այսպես կոչված` սեփական շարժումները:
Աստղագիտության մեջ պատահաբար են լինում հայտնագործությունները, չափագրումներից հետո կլինեն պլանավորված:
-Ծախսատար այդ նախագծերը, պլանավորված հայտնագործությունները ի՞նչ են տալու մեր մոլորակին:
-Այս դեպքում պետք է ասել` ընդհանրապես աստղագիտությունն ի՞նչ է տալու: Աստղագիտությունն այսօր ֆիզիկայի զարգացման գլխավոր շարժիչ ուժն է: Մենք տիեզերքն օգտագործում ենք որպես հսկայական լաբորատորիա: Ֆիզիկական պարամետրերի ծայրահեղ վիճակները Երկրում հնարավոր չէ ստանալ (բարձր ջերմաստիճան, շատ մեծ արագություն, ցածր ջերմաստիճան, մեծ խտություն և այլն): Ֆիզիկայի հնարավորությունները վերջին հաշվով բերում են կիրառական արդյունքների, և այս ամենը ծառայում է մարդկությանը, չհաշված այն, որ մեր պատկերացումները, մեր աշխարհայացքն են ընդլայնվում: Բայց եթե հարցնում եք` գործնականում ի՞նչ օգուտ կտա, դարձյալ ընդգծեմ, որ աստղագիտությունը գիտության շարժիչ ուժն է, հիմնական նորությունները, գրեթե բոլոր ոլորտներում, ստանում ենք տիեզերական հայտնագործությունների շնորհիվ:
-Իսկ ի՞նչ կտա մեզ հարևան մոլորակների բնակչության հայտնաբերումը:
-Եթե մենք կարողանանք ճիշտ ձևով հարաբերության մեջ մտնել այլմոլորակայինների հետ, նրանցից շատ բան կարող ենք սովորել: Եթե, իհարկե, նրանք ավելի զարգացած են: Բայց չպետք է մոռանալ նաև վտանգը: Մարդիկ միշտ ձգտում են գտնել այլերկրայինների, բայց չի բացառվում, որ նրանց կողմից լինի ոչ խաղաղ տրամադրվածություն:

Զրույցը`
Արմինե ՍԱՐԳՍՅԱՆԻ

«Նոր աստղադիտակը ցույց կտա կյանքի գործունեության հետքերը» 16.04.2013 | 13:49

Заметка

Ատղագիտական դասախոսություններ` Արցախում

Ատղագիտական դասախոսություններ` Արցախում

12.04.2013 | 12:07

Արցախի դպրոցներում անցկացվելու է աստղագիտական դասախոսությունների շարք:

Ծրագրի նպատակներն են աստղագիտական գիտելիքների տարածումը, օժտված և աստղագիտությամբ հետաքրքրվող աշակերտների հայտնաբերումը` նրանց հետ հետագա կապ պահպանելու և հարկ եղած դեպքում մասնագիտական աճին օժանդակելու համար:
Դասախոսություններ կանցկացվեն Արցախի 12 դպրոցներում, կլինեն նաև հանդիպումներ Արցախի կրթության և գիտության նախարարությունում և Արցախի պետական համալսարանում:
Ծրագիրն անցկացվում է ամերիկահայ նշանավոր աստղագետ, Կոռնելի համալսարանի պրոֆեսոր Երվանդ Թերզյանի աջակցությամբ:
Նախաձեռնողներն են Արցախի կրթության և գիտության նախարարությունն ու Հայկական աստղագիտական ընկերությունը:

Ատղագիտական դասախոսություններ` Արցախում 12.04.2013 | 12:07 Արցախի դպրոցներում անցկացվելու է

Заметка

Ինչո՞ւ է ավագ դպրոցի ուսումնական ծրագրերից դուրս մնացել «Աստղագիտություն» առարկան

Ինչո՞ւ է ավագ դպրոցի ուսումնական ծրագրերից դուրս մնացել «Աստղագիտություն» առարկան

04.03.2013 | 15:33

Ոչ վաղ անցյալում հանրակրթական դպրոցների 10-րդ դասարանի աշակերտները «Աստղագիտություն» առարկային ծանոթանում էին Բ. Վոլոնցով-Վելյամինովի հեղինակած դասագրքով: 2001-ից շրջանառության մեջ մտավ ֆիզմաթ գիտությունների թեկնածու, դոցենտ ՍԵՐԳԵՅ ՆԵՐՍԻՍՅԱՆԻ«Աստղագիտություն-10» դասագիրքը` նախատեսված դարձյալ տասներորդցիների համար: 2009-ից «Աստղագիտություն» առարկան հանվեց ավագ դպրոցի ուսումնական ծրագրերից:

Դպրոցում աստղագիտությանը ծանոթանում են հիմնական դպրոցի 9-րդ դասարանի երկրորդ կիսամյակում (17 ժամ)` «Ֆիզիկա և աստղագիտություն» դասագրքի միջոցով:
ՀՊՄՀ-ի ընդհանուր ֆիզիկայի ամբիոնի վարիչ, պրոֆեսոր ԳԱՐԻԿ ԵՂԻԱԶԱՐՅԱՆԸ մեզ հետ զրույցում ասաց, որ դեռևս չորս տարի առաջ, երբ ինքը դեկան էր, համալսարանը պատրաստում էր նաև աստղագետի մասնագիտությամբ ուսուցիչներ: «Սահուն կերպով վերացավ այդ մասնագիտությունը: Հետո առարկայի ժամերը պակասեցրին: Գուցե բավարար չափով չպայքարեցինք դրա դեմ: Պետք է լրջորեն մոտենալ այս հարցին», — ասաց նա` ընդգծելով, որ եթե դպրոցներում անտեսվի «Աստղագիտություն» առարկան, բուհերում նույնպես աստիճանաբար այն կվերանա:
ՀՊՄՀ-ի մաթեմատիկայի, ֆիզիկայի և իմֆորմատիկայի ֆակուլտետի դեկան, ֆիզմաթ. գիտությունների դոկտորԳԱԳԻԿ ԴԵՄԻՐԽԱՆՅԱՆԻ խոսքով` «Աստղագիտություն» առարկայի նկատմամբ ուսանողների, աշակերտների հետաքրքրությունը ամենևին էլ չի նվազել: «Թե ինչո՞ւ է դպրոցական ուսումնական ծրագրից «Աստղագիտություն» առարկան դուրս մղվել ու մի փոքր մասով ներառվել «Ֆիզիկա» առարկայի ծրագրի մեջ, չգիտեմ»,- ասաց նա, ընդգծելով, որ մեր երկիրն այդ բնագավառում հայտնի էր ոչ միայն նախկին ԽՍՀՄ-ի, այլև աշխարհի մասշտաբով:
«Ավելին, Հայաստանի Հանրապետության սահմանած Վիկտոր Համբարձումյանի անվան մրցանակն իր դրամային արտահայտությամբ մի փոքր է զիջում Նոբելյան մրցանակին: Ի դեպ, մի քանի տարի առաջ ԵՊՀ-ում լուծարվեց Վ. Համբարձումյանի հիմնադրած աստղագիտության ամբիոնը: Հարց է առաջանում, եթե ԵՊՀ-ում չկա աստղագիտություն մասնագիտություն, ո՞վ պետք է 10-20 տարի հետո Բյուրականի աստղադիտարանում կատարի գիտական հետազոտություններ: Ինչ վերաբերում է մեզ, ապա պետք է նշեմ, որ մանկավարժական համալսարանի առաքելությունը հանրակրթական հաստատությունների համար ուսուցիչների պատրաստումն է և ուղղակիորեն կապված է դպրոցական ուսումնական ծրագրերի հետ: ՈՒստի, եթե դպրոցից որևէ առարկա դուրս է մղվում, ապա դա անմիջապես անդրադառնում է արտոնագրված մասնագիտությունների վրա: Դրա հետ մեկտեղ, մենք փորձում ենք պահպանել աստղագիտությունը` եթե ոչ որպես մասնագիտություն, ապա գոնե որպես մասնագիտացում: Այսինքն, ֆիզիկա մասնագիտության ուսումնական ծրագրում աստղագիտությունը ներառված է այնքան, որ այդ մասնագիտության որակավորում ստացած շրջանավարտն ի զորու լինի դասավանդելու նաև աստղագիտություն առարկան ավելի խորացված ծրագրով, քան պահանջված է այսօր: Մեր կյանքը շատ արագ է փոխվում: Ենթադրենք, 5 տարի հետո դպրոցական ուսումնական պլաններում կրկին ներառվեց աստղագիտություն առարկան, ո՞վ պիտի այդ դեպքում այն դասավանդի և ի՞նչ մակարդակով: ՈՒստի և մենք իրավունք չունենք աղբյուրները իսպառ փակելու: Պետք է պատրաստ լինենք բոլոր հնարավոր սցենարներին: Մյուս կողմից էլ, անշուշտ, պետք է հաշվի առնել համալսարանի համապատասխան որակավորում ստացած շրջանավարտների աշխատանքի տեղավորման հնարավորությունները»,- ասաց Գ. Դեմիրխանյանը:
Նրա կարծիքով` եթե Վիկտոր Համբարձումյանը կենդանի լիներ, աստղագիտության հետ կապված նման խնդիր չէր առաջ, գուցե հիմա ասպարեզում չկա՞ն այնպիսի հեղինակություններ, ովքեր կարող էին շտկել ստեղծված իրավիճակը:
«Ֆիզիկայի գործերն էլ առանձնապես բարվոք վիճակում չեն,— հավելեց դեկանը: — Խորհրդային տարիների համեմատ` ֆիզիկայի, մաթեմատիկայի ոլորտներում հայ գիտնականների ներդրումն էապես նվազել է, գիտնականների (որպես կանոն, երիտասարդ և արդյունավետ գործող գիտնականների) մի մասն էլ հեռանում է երկրից: Մեր լավագույն ուսանողներից շատերը համապատասխան աշխատանք փնտրելու և իրենց հետագա կարիերան ապահովելու նպատակով նույնպես արտերկիր մեկնելու ուղին են ընտրում»:
Գ. Դեմիրխանյանը փորձեց լավատեսական շեշտադրումով եզրափակել իր խոսքը, ստեղծված իրավիճակը համեմատելով «ձախորդ օրերի» հետ, որոնք «կուգան ու կերթան»: Նրա խոսքով` խանգարող հանգամանքներ կան, բայց պետք է կրակը տաք պահել: Համալսարանն ունի աստղադիտակ, որն օգտագործվում է թե՛ ուսումնական, թե՛ գիտական հետազոտությունների նպատակով, հեռանկարում մտադիր են պայմանագրեր կնքել Սանկտ Պետերբուրգի պետական համալսարանի հետ:
«ՈՒզում եմ նշել, որ դպրոցներում անցնեն, թե չանցնեն աստղագիտություն առարկան, մեկ է, երեխան, իր մորն ու հորը տեսնելուց հետո, ի վերջո, երկնքին է նայում, ուզում է հասկանալ` ի՞նչ են լուսինը, արևը: Այլ հարց է` կբավարարե՞ն նրա հետաքրքրությունը, թե՞ կընկնի աստղագուշակների ծուղակը»,- ասաց դեկանը:
Ինչո՞ւ հարցը չի բարձրացվել հենց սկզբից: «Ամեն ինչ մենաշնորհված է, դասագրքեր են գրում, որ նույնիսկ չեն ուղարկում մեզ` գրաքննելու»,— եղավ պատասխանը:
Ս. Ներսիսյանը կրթության նախարարին նամակ է հղել՝ ներկայացնելով ծրագիրը և չափորոշիչները, որ խորացված ուսուցմամբ ավագ դպրոցներում ներառվի աստղագիտություն առարկան: «Հրամանը տրված է, բայց ոչ մի գործնական քայլ չի արվել: Մի քանի տեղ դիմել եմ, սակայն ցայսօր ոչինչ չի փոխվել»,- ասաց աստղագետը:
Հատկանշական է, որ աստղագիտության միջազգային օլիմպիադայում մեր դպրոցականները բարձր, այդ թվում և` առաջին տեղեր են գրավում: Ս. Ներսիսյանը երեք ոսկե մեդալակիր օլիմպիական է պատրաստել: Բայց այդ հաղթանակները, նրա խոսքով, երկու դպրոցների «Քվանտ» վարժարանի և Ա. Շահինյանի անվան ֆիզմաթ դպրոցի շնորհիվ են, որտեղ գործում են աստղագիտական խմբակներ:
«Դա չի խոսում Հայաստանի աստղագիտության մասին, այդ նույն երեխան կարող է ֆիզիկայի, ինֆորմատիկայի օլիմպիադայի մասնակցել: Օժտված երեխաներ են: Իսկ ինչո՞ւ այդ օժտված երեխան չի կարող այս կամ այն մարզում լինել: Հանրապետական օլիմպիադային գալիս են մարզերից, նայում ես երեխայի աչքերին, տխրում ես, նա չգիտի` ինչ է խնդիրը, բանաձևը, պարզապես պետք է գա, եկել է: Ստացվում է, որ հանրապետական օլիմպիադան երկու դպրոցների օլիմպիադա է»,- պարզաբանեց աստղագետը, նշեց նաև, որ բազմաթիվ դպրոցականներ իրենց մոտ էքսկուրսիա են գալիս ու նրանց մեջ հարց է ծագում, թե ինչո՞ւ է աստղագիտություն առարկան հանվել դպրոցական ծրագրից։
«Ախր սա ապրելակերպ է, աշխարհաճանաչողություն, կենսաձև, դու աչքդ բացում ես, տեսնում ես լուսին, աստղ, արեգակ»,— ասաց Ս. Ներսիսյանը, ընդգծելով, որ աստղագիտությունը համարվում է գիտությունների գիտություն:

http://www.irates.am/hy/1362396985
Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Ինչո՞ւ է ավագ դպրոցի ուսումնական ծրագրերից դուրս մնացել

Заметка

Երկրի և աստղակերպի ամենամոտ հանդիպումը

Երկրի և աստղակերպի ամենամոտ հանդիպումը

15.02.2013 | 15:16

Ինչպես հաղորդում է Օդագնացության և տիեզերական տարածության հետազոտման վարչությունը (ՆԱՍԱ), փետրվարի 15-ին, ԱՄՆ-ի արևելյան ափի ժամանակով 14:25-ին (Երևանի ժամանակով 23:25-ին) Երկրագնդին կմոտենա 45 մետր տրամագծով աստղակերպ:

Ըստ մասնագետների հաշվարկների` աստղակերպը կմոտենա Երկրին և կգտնվի 27,7 հազար կիլոմետր հեռավորության վրա: Դա ամենափոքր տարածությունն է, որը գրանցվել Է նման երկնային մարմինների համար:
Մասնագետների հավաստմամբ` աստղակերպը վտանգ չի ներկայացնում ոչ բուն մոլորակի, ոչ դրա ուղեծրում գտնվող արբանյակների, ոչ Էլ Միջազգային տիեզերակայանի համար:
Երկրի և աստղակերպի ռեկորդային հանդիպման ժամանակ աստղակեպը կգտնվի Հնդկական օվկիանոսի արևելյան մասում, մոտավորապես Ինդոնեզիայի Սումատրա կղզու երկնքում:

Երկրի և աստղակերպի ամենամոտ հանդիպումը 15.02.2013 | 15:16 Ինչպես հաղորդում

Заметка

Տիեզերքի «օգտագործումը» խաղաղ նպատակներով

Տիեզերքի «օգտագործումը» խաղաղ նպատակներով

04.02.2013 | 15:16

Հայաստանը դարձել է ՄԱԿ-ի Տիեզերքի խաղաղ օգտագործման հանձնաժողովի (COPUOS) անդամ, ինչը մեր երկրին հնարավորություն է տալիս միանալու տիեզերքի խաղաղ օգտագործման ոլորտին վերաբերող հինգ հիմնական միջազգային պայմանագրերին («Տիեզերքի պայմանագիր», «Փրկության համաձայնագիր», «Պատասխանատվության կոնվենցիա», «Գրանցման կոնվենցիա», «Լուսնի համաձայնագիր»), մասնակցել տիեզերական նոր ծրագրերին: Չնայած Ադրբեջանի գործադրած բոլոր ջանքերին` խանգարել Հայաստանի անդամակցությանը, Հայաստանն ընդունվել է ձայների բացարձակ մեծամասնությամբ:

Բյուրականի աստղադիտարանի աշխատակից Սմբատ ԲԱԼԱՅԱՆԸ մեզ հետ զրույցում նկատեց, որ տիեզերքն ուսումնասիրող տարբեր նախագծերին կարելի է մասնակցել, անկախ նրանից` կոմիտեին անդամակցո՞ւմ ես, թե՝ ոչ: Նրա կարծիքով սույն համաձայնագիրն ավելի շատ քաղաքական ենթատեքստ ունի:
«Հայաստանը ոչ միայն աստղագիտության, այլև տիեզերական սարքաշինության բնագավառում ունի մեծ համբավ։ Խորհրդային տարիներին ակադեմիկոս Գրիգոր Գուրզադյանի գլխավորությամբ գործում էր Գառնիի կենտրոնը, որտեղ նախագծվել և կառուցվել են սարքավորումներ տիեզերական ուսումնասիրությունների համար, մինչև 1996-ը ճարտարագիտական համալսարանում գործում էր տիեզերական սարքաշինության ամբիոն: Սակայն կոմիետեին անդամակցությունը հնարավոր է դարձել մեր դիվանագետների քրտնաջան աշխատանքի շնորհիվ, Ադրբեջանից հետո, ինչը ցավալի է»,— ասաց նա:
Աստղագետի խոսքով` նշված համաձայնագրերում կան բազմաթիվ կետեր, որոնք կանոնակարգում են պետություների` տիեզերքում ուսումնասիրություններ կատարելու աշխատանքները: «COPUOS-ի անդամ երկրներն աջակցում են միմյանց, տրամադրում տեղեկություններ արձակվող հրթիռների վերաբերյալ, փոխհատուցում հասցրած վնասները և այլն»,— ասաց նա:

Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Տիեզերքի «օգտագործումը» խաղաղ նպատակներով 04.02.2013 | 15:16 Հայաստանը դարձել է

Заметка

«Աստղերը հուշում են միայն «չիմացողներին»

«Աստղերը հուշում են միայն «չիմացողներին»

01.01.2013 | 15:43

Ի՞նչ է բերելու 2013-ը: Շատերն այս հարցի պատասխանը փնտրում են հորոսկոպներում:

Ի՞նչ կապ ունի աստղերի դասավորվածությունը մարդկային ճակատագրի հետ: Իսկապե՞ս աստղերը դժբախտություն են բերո՞ւմ մարդկանց կամ ճակատագիր կանխորոշում:
«Կապ չեմ տեսնում: Մարդիկ մեծամիտ են: Մենք ավելի շատ ղեկավարությունից ենք կախված, քան, օրինակ, Նեպտունից»,- ասում է աստղաֆիզիկոս, Բյուրականի աստղադիտարանի ավագ գիտաշխատող, լաբորատորիայի վարիչ ՍՄԲԱՏ ԲԱԼԱՅԱՆԸ:
Ի դեպ, աստղաբաններին, աստղագուշակներին հաճախ շփոթում են աստղագետների հետ:
ՀԱԸ-ի համանախագահ, Բյուրականի աստղադիտարանի առաջատար գիտաշխատող ԱՐԵԳ ՄԻՔԱՅԵԼՅԱՆԸվստահեցնում է, որ նրանց գործունեությունը, հետաքրքրաշարժ հայտարարությունները գիտական հիմնավորում չունեն:«Մեզ մոտ հայտնվել են մարդիկ, որոնք, ըստ էության, աստղագուշակներ են, բայց իրենց աստղաբաններ են անվանում,-ասում է նա:- Ես կարող եմ ևս մեկ անգամ կրկնել, որ Հայաստանում գոյություն չունի աստղաբանի մասնագիտություն, եթե որոշ երկրներում կա (այն էլ բացառության կարգով, մի քանի տեղ), ապա մեզ մոտ իրեն աստղաբան կոչողը պարզապես շառլատան է: Նման մասնագիտություն չկա»:
ՈՒշագրավ է նաև Վիկտոր Համբարձումյանի տուն-թանգարանի տնօրեն, աստղագետ, տոմարագետ ԳՐԻԳՈՐ ԲՐՈՒՏՅԱՆԻ մեկնաբանությունը: «Իրատես de facto»-ի հետ զրույցներից մեկում նա նշեց, որ աստղագուշակությունը ավանդական գիտություն է, վեդայական ավանդույթով մեզ հասած տարբեր բնագավառներից մեկը։ «Այդտեղ գուշակության արվեստն ունի ընդամենը մարդուն օգնելու, օժանդակելու դեր։ Այսօր մենք քիչ բան գիտենք այդ գիտության մասին: Պահպանվել են որոշ տարրեր (ոչ ամբողջական) տարբեր ժողովուրդների հավատալիքների, սովորույթների մեջ: Կարող ենք ասել, որ Հայաստանում էլ նման գիտություն եղել է, բայց վաղուց կորել է»:
Աստղագետի խոսքով` իր ավանդական վիճակով դա բնավ շառլատանություն չէ, բայց քանի որ շատ տեղերում կորսված է, նախնականը չկա, այն փոխարինվել է ստով, խաբեությամբ:
«Աստղերը, մոլորակները ոչինչ չեն կանխորոշում, իսկ հուշում են, ընդհանրապես, միայն «չիմացողներին»: Ով գիտի իր կյանքը, իր անելիքը, նա աստղերի «խորհրդի», «հուշումների» կարիքը չունի»,- եզրափակում է իր խոսքը նա:
Հետաքրքիր է իմանալ նաև` պաշտոնական բնույթի բանավեճեր լինո՞ւմ են աստղագետների և աստղաբանների միջև: Գուցե իրար ասելու բա՞ն ունենան:
«Բոլորովին,-ասում է Սմբատ Բալայանը:- Աստղաբանները գիտական հայտնագործություններին կարող են տալ սխալ, անհիմն մեկնաբանություններ, մոլորության մեջ գցել մարդկանց: Միշտ պետք է զգուշությամբ վերաբերվել նմանատիպ հայտարարություններին: Հիմա տեղեկատվական միջոցները ազատ հասանելի են, ինֆորմացիան հեշտ է տարածել: Կարծում եմ` նման բնույթի յուրաքանչյուր բանավեճ ժամանակի անիմաստ վատնում է, իսկ աստղաբանների հայտարարությունները` հակագիտական»:

Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

«Աստղերը հուշում են միայն «չիմացողներին» 01.01.2013 | 15:43 Ի՞նչ է