Заметка

«Ոսկե ծիրանը» լուրջ պլատֆորմ է երիտասարդ ռեժիսորների համար»

«Ոսկե ծիրանը» լուրջ պլատֆորմ է երիտասարդ ռեժիսորների համար»

09.07.2013 | 15:16

Բարև ձեզ: Ռեժիսոր ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ՇԱՏՅԱՆ: Նկարահանել ենք «Մարաթոն» կարճամետրաժ ֆիլմը: Մի պատմություն երիտասարդի մասին, որ դուրս է եկել ինքն իր դեմ, իր սրտի դեմ և պայքարում է ընդդեմ մահվան: Ֆիլմը առանձնահատուկ է նրանով, որ նկարահանված է մեկ կադրով, չունի մոնտաժային կցումներ: Այն էքսպերիմենտալ է, քանի որ մեկ կադրի ժանրում փորձ չունեինք: Պատմությունը հորինված է: Սցենարը գրել եմ ես:

«Ոսկե ծիրան» կինոփառատոնի «Հայկական համայնապատկեր» ծրագրում ներկայացված իր նոր` «Մարաթոն» ֆիլմը լրագրողների հետ հանդիպման ժամանակ այսպես ներկայացրեց Հարություն Շատյանը:

-Ինչի՞ համար էր մեկ կադրով նկարահանումը: Դա տեխնիկական հնարք է, թե ինչ-որ խորհուրդ ունի:
-Խորհուրդը նրանում է, որ ֆիլմը վերջանում է այնտեղ, որտեղից սկսվել է: Ինչու մեկ կադրով, որովհետև դա բարդ էր, չգիտես ինչու, մենք սիրում ենք բարդութուններ: Բացի այդ, եթե լիներ մոնտաժ, կլիներ պատմություն, որ մոնտաժված է: Իսկ այս ֆիլմում, քանի որ հերոսին նկարահանում են, դա ամենաճիշտ ձևն էր` նկարահանում մեկ կադրով, առանց դադարի:
-Ձեր ֆիլմերում անհավանական լավատեսություն կա, ինչպե՞ս եք վերաբերվում անկումային տրամադրություն ստեղծող ֆիլմերին, որոնք քիչ թիվ չեն կազմում: Թե՞ կարևորը լավ աշխատանքն է:
-Ընդհանրապես միշտ կարևորը լավ աշխատանքն է, բայց կոնկրետ հայ ազգի համար լավատեսական շեշտը նախընտրելի է, որովհետև առանց այն էլ շատ դժվարություններ ենք ապրել: Չնայած համաշխարհային կինոարտադրության մեջ կան այնպիսի վերջաբանով ֆիլմեր, որ ուղղակի ուզում ես գլուխդ ջարդել, որ մոռանաս այդ պատմությունը:
-Ձեր «Բեռնելով կյանքս» ֆիլմը մի շարք մրցանակների է արժանացել և մեզ մոտ, և դրսում: Բայց միևնույնն է, ստեղծվող լավ ֆիլմերը հայտնի են կինոսիրողների, կինոգետների նեղ շրջանակում, ի՞նչ է պետք դրանք լայն շրջանակներին հասցնելու համար:
-Կան ֆիլմեր լայն մասաների համար, կան ֆիլմեր նեղ շրջանակների համար: Փառատոնային և ոչ կոմերցիոն ֆիլմերը, այսպես թե այնպես, նեղ շրջանակների համար են (չնայած բացառություններ լինում են): Պետք է ուղղակի լինեն փառատոներ, ինչպես «Ոսկե ծիրանն» է, և այն մարդիկ, ովքեր սիրում են կամ ուզում են նայել հեղինակային ֆիլմեր` գնան ու նայեն: Ֆիլմեր դիտելու մյուս միջոցն այսօր արդեն նաև համացանցն է:
-Հեռուստասերիալներին տրամադրվող ժամերը կրճատվել են, կարծում եք` կբարելավվի՞ մեր հեռուստաեթերի որակը: Օրինակ, հեղինակային ֆիլմերի համար ժամեր կտրամադրվե՞ն:
-Հեռուստասերիալների ժամերի կրճատումը կախված է այլ խնդիրների հետ, ես նաև հեռուստատեսության մարդ եմ և գիտեմ որոնք են այդ խնդիրներն ու պատճառները: Բայց չեմ կարծում, թե հեղինակային ֆիլմեր կլինեն կամ կավելանան եթերում: Դրանք, նախ, ձեռնտու չեն ֆինանսական առումով: Հետո էլ, հեղինակային ֆիլմերի թեմատիկան այնպիսին է, որ միգուցե հեռուստաընկերությունները չցանական հեռարձակել ֆիլմը զուտ թեմայի կամ ֆիլմում արծարծվող խնդրի պատճառով:
-Փառատոնին մասնակից ֆիլմերից ո՞րն եք հավանել: Կարծես թե, մեր ռեժիսորները մեկը մյուսի ֆիլմերը չեն դիտում:
-Եթե ստանում եմ նոր հայկական ֆիլմի ցուցադրության հրավեր, անպայման փորձում եմ ներկա լինել, քանի որ այդպես տեղյակ ես լինում այն բնագավառին, որտեղ նաև դու կաս: Սիրում եմ ու գնահատում ցանկացած ստեղծագործական աշխատանք, անկախ նրա լավ կամ վատ լինելուց, քանի որ ցանկացած արվեստի գործ գնահատելը սուբյեկտիվ է և հարաբերական:
Փառատոնին ներկայացված ֆիլմերը չեմ դիտել, հատկապես հայ ռեժիսորների ֆիլմերի ցուցադրություններին կփորձեմ ներկա լինել: Ասեմ, որ շատ հաճելի է մեր ռեժիսորների ֆիլմերը տեսնել նաև արտասահմանյան փառատոների շրջանակում:
-Հարություն, կյանքում նույնպե՞ս լավատես եք:
-Ես գիտեմ, որ ամեն ինչ լավ է, իսկ եթե լավ չէ, հաստատ լավ կլինի: Եթե դա լավատեսություն է, ուրեմն ես լավատես եմ…
-Կարծում եք` «Մարաթոնը» հաջողություն կգրանցի՞ «Ոսկե ծիրանում»:
-«Մարաթոնը» արդեն գրանցել է հաջողություն` ընդգրկվելով մրցութային ծրագրում: «Ոսկե ծիրանը» լուրջ պլատֆորմ է երիտասարդ ռեժիսորների համար, որտեղ մասնակցելու հայտ ես ներկայացնում` մրցելու համար համաշխարհային կինոշուկայի ռեժիսորների հետ:
-Ձեր հաջորդ ֆիլմը ինչի՞ մասին է լինելու և ի՞նչ ծրագրեր ունեք առաջիկայում:
-Ներկայումս ունենք երեք սցենար` երկու կարճամետրաժ և մեկ լիամետրաժ ֆիլմերի համար: Ֆինանսավորումից է կախված, թե որ ֆիլմը կյանքի կկոչվի:
Թե ինչի մասին կլինի հաջորդ ֆիլմը, կասեմ, որ` մարդու: Իմ և երևի թե շատ շատերի սիրելի թեման մարդն է, իսկ կինոն այն «ճշգրիտ գիտությունն է», որը բացահայտում է` մարդուն իր բոլոր կողմերով…
-Ի՞նչ կասեք վերջում:
-Շնորհակալություն եմ հայտնում բոլոր այն մարդկանց, ովքեր այս կամ այն չափով մասնակցել են «Մարաթոնի» ստեղծմանը: Ավելի քան 90 մարդ անշահախնդիր աշխատանք է արել, առանց նրանց այս ֆիլմը չէր ծնվի:

http://www.irates.am/hy/1373368606
Զրույցը` Արմինե ՍԱՐԳՍՅԱՆԻ

«Ոսկե ծիրանը» լուրջ պլատֆորմ է երիտասարդ ռեժիսորների համար»

Заметка

 

«Պատմությունը պետք Է հենց այսպես պատմել, առանց արյունահեղության տեսարանների»

«Պատմությունը պետք Է հենց այսպես պատմել, առանց արյունահեղության տեսարանների»

09.07.2013 | 15:28

«Պատմությունը պետք Է հենց այսպես պատմել, առանց արյունահեղության տեսարանների»

Ամեն անպատիժ ոճրագործություն ծնում է նորը, երբ մարդու մեջ խավարում է մարդկայինը, նրա մեջ արթնանում է գազանը, և մարդկության ողջ պատմությունը դրա վառ ապացույցն է: Իսկ ամենածանր բեռը, ամենադաժան հարվածը այս ամենի մեջ հասնում է երեխաներին:
ԱՐԱ ԵՐՆՋԱԿՅԱՆԻ «Խավարում» կարճամետրաժ ֆիլմը ներկայացված է «Ոսկե ծիրան» 10-րդ միջազգային կինոփառատոնի «Հայկական համայնապատկեր» ծրագրում:
«Խավարումը» պատմում է 1915-ին Արևմտյան Հայաստանում կատարվող իրադարձությունների մասին: Դեպքերը տեղի են ունենում Կարմիր խաչի ճամբարում, որտեղ բերում են ծնողազուրկ երեխաների: Նրանց զգեստափոխում են, կերակրում, հետո տեղափոխում են տարբեր երկրներ:
«Պատմությունը պետք է հենց այսպես պատմել, առանց արյունահեղության տեսարանների»,— լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց դերասան Արշալույս Հարությունյանը: Նրա կարծիքով` ողբերգությունն այդ որբերի աչքերում շատ ավելի խոր է արտահայտվում, քան դաժանություններ պատկերող տեսարաններում:
«Ցեղասպանությունը ապացուցված է պատմական փաստերով, բայց Հայկական հարցի լուծման առումով դեռևս տեսանելի տեղաշարժեր չկան: Ի՞նչ կարող է և ի՞նչ պետք է ասի կինոն միջազգային հանրությանը»:
Անդրադառնալով irates.am-ի այս հարցին, Արշալույս Հարությունյանն ասաց, որ կինոն շատ ճիշտ լեզու է այս թեման ներկայացնելու, ուղղակի այնպես պետք է խոսել, որ հակառակ ազդեցությունը չունենա:
«Միջազգային հանրությունը միայն մենք չենք, որ ունենք ցավ, էմոցիաներ, որ մեր կաշվի վրա զգացել ենք ցեղասպանությունը,- ասաց նա:— Որքան էլ հարուստ է կինոյի լեզուն, պետք է զգույշ և նրբանկատ լինել, մի բան, որ փորձել ենք անել, թե որքան է հաջողվել, ցույց կտա ֆիլմի ճակատագիրը»:
Ցեղասպանությանը նվիրված Արա Երնջակյանի հաջորդ ֆիլմը լիամետրաժ է լինելու: Նախագիծը ներկայացված է մրցույթի:
Irates.am-ին ռեժիսորը տեղեկացրեց, որ ֆիլմը կոչվելու է «Ջրհեղեղ»: «Դեպքերը տեղի են ունենում Արևմտյան Հայաստանում, որտեղ հայաբնակ գյուղի բնակիչներից մեկը տապան է պատրաստում: Ավելին չեմ ասի»,- ասաց նա:
Արա Երնջակյանը արվեստի վաստակավոր գործիչ է, Երևանի պետական կամերային թատրոնի հիմնադիրն ու ռեժիսորը, թատերագիր: Նախնական մասնագիտությամբ կիբեռնետիկ է և միայն 1983-ին է ավարտել ռեժիսորական կրթությունը: ՈՒսանողական տարիներին հիմնել է Հայաստանի ուրախների և հնարամիտների ակումբը և թատերական հաջողությունների հասել: Զուգահեռաբար, 1990-ից սկսել է զբաղվել կինոռեժիսորությամբ: Նկարահանել է չորս ֆիլմ:
Հավելենք, որ «Հայկական համայնապատկեր» ծրագրում ներկայացված են 22 խաղարկային, վավերագրական և կարճամետրաժ ֆիլմեր:
Ժյուրիի անդամներն են Միքայել Պողոսյանը, Մարինա Ալէսը, Նիք Ջեյմսը, Ժան Ռադվանին, Դեյվիդ դþԱրսին:

Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ
Հ.Գ.- Արա Երնջակյանի և Արշալույս Հարությունյանի հետ զրույցի մանրամասները` «Իրատես de facto»-ի առաջիկա համարներից մեկում:

  «Պատմությունը պետք Է հենց այսպես պատմել, առանց

Заметка

«Միմինոն» կճամփորդի

«Միմինոն» կճամփորդի

08.07.2013 | 11:06

«Ոսկե ծիրան» Երևանի 10-րդ միջազգային կինոփառատոնի«Վրացական կինոյի շաբաթ» ծրագրի շրջանակներում կներկայացվի վրաց անվանի կինոռեժիսոր Ռեզո Չխեիձեի ֆիլմերի ընտրանին` հետահայաց ցուցադրություններ ծրագրում: Իսկ Գեորգի Դանելիայի անչափ սիրված «Միմինո» կատակերգությունը, կսկսի ցուցադրությունների իր ճամփորդությունը` ներկայացվելով նախ Երևանում և Գյումրիում, և ապա` տարվա ընթացքում Վրաստանի և Հայաստանի այլ քաղաքներում` նշելով ֆիլմի ստեղծման 35-ամյա հոբելյանը: Ծրագրի շրջանակներում փառատոնը Երևանում կհյուրընկալի ռեժիսորի տիկնոջը` Գալինա Դանելիային: Կներկայացվեն նաև վերջին տարիների վրացական լավագույն ֆիլմերից:

Այս տարի փառատոնի շրջանակներում կկայանա նաև «Ռուսաստանի ֆիլմերի օրեր» ծրագիրը` Ռուսաստանի դաշնության մշակույթի նախարարության և «Կինոֆեստ» պրոդյուսերական կենտրոնի հետ համատեղ:
Արդեն երրորդ տարին է ինչ անցկացվում է «ԱՊՀ երկրների կինո» ծրագիրը` ԱՊՀ երկրների հումանիտար համագործակցության միջպետական հիմնադրամի աջակցությամբ:
Ինչ վերաբերում է միջազգային համագործակցություններին, այս տարի ևս փառատոնի հետ համագործակցում էԲրիտանական խորհուրդը` հատուկ մրցանակ սահմանելով կարճամետրաժ ֆիլմի համար:

«Միմինոն» կճամփորդի 08.07.2013 | 11:06 «Ոսկե ծիրան» Երևանի 10-րդ միջազգային

«Ոսկե ծիրանը» նման է վավերագրական կինոյի

«Ոսկե ծիրանը» նման է վավերագրական կինոյի

08.07.2013 | 11:12

«Ոսկե ծիրանը» մեկնարկեց: Շառլ Ազնավուրի անվան հրապարակում բացվեց մեծ շանսոնյեի «Աստղը»:

Հոբելյանական «Ոսկե ծիրանի» և անվանի հայի աստղի բացման արարողությանը ներկա էին մշակութային գործիչներ, բարձրաստիճան պաշտոնյաներ և փառատոնի պատվավոր հյուրը` Շառլ Ազնավուրը: Նա ասաց, որ չի կարողանում խոսել հայերեն, այս տարիների ընթացքում միայն մի բան չի փոխվել` իր հասակը:

Կինոթատրոն, կինոարտադրություն չունեցող մեր փոքրիկ երկրի համար, թվում է, շքեղություն է նման հեղինակավոր փառատոն ունենալը:
«Մեկը մյուսի հետ կապ չունի: «Ոսկե ծիրանը» կայացել է, մենք տոնում ենք տասնամյակը: Ես կարծում եմ, որ «Ոսկե ծիրանը» մեր Երևանի հրաշքներից մեկն է»,— մեզ հետ զրույցում ասաց դերասան Միքայել Պողոսյանը, խոսելով Ազնավուրի մասին, ասաց,- աշխարհում նրա նմանը չկա…»:
Բացման արարողությունը շարունակվեց Երևանի Ալ.Սպենդիարյանի անվան Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում:

Հոբելյանական Ոսկե մրցանակը շնորհվեց փառատոնի գլխավոր հովանավոր, «ՎիվաՍել-ՄՏՍ» ընկերության գլխավոր տնօրեն
Ռալֆ Յիրիկյանին:
«Առիթը օգտագործելով ուզում եմ այս բեմից ասել հետևյալը. Հայաստան աշխարհ, դու իմ հայրենիքն ես, ես քեզ այնքան եմ սիրում, ինչքան իմ ծնողներին, ինչքան իմ տիկնոջը, ինչքան իմ երեխաներին, դեռ` ավելին»,- ասաց պարոն Յիրիկյանը, «Ոսկե ծիրանը» նմանեցնելով վավերագրական կինոյի, որ ծնվում է գաղափարից ու երազանքներից:

«Փարաջանովյան թալեր» մրցանակը շնորհվեց փառատոնի պատվավոր հյուրին` Շառլ Ազնավուրին: Մրցանակը հոտնկայս ծափողջույնների ներքո մեծ շանսոնյեին հանձնեց կանադահայ ռեժիսոր, փառատոնի պատվավոր նախագահ Ատոմ Էգոյանը: Նրա խոսքով` որպես աշխարհի ամենահայտնի հայ` Շառլ Ազնավուրը իր ուսերին մեծ պատասխանատվություն ունի: «Նա շատ ավելին է տվել աշխարհին, քան մենք կարող ենք երևակայել: Նա մեզ տվել է իր սերն առանց վերապահումի: Նա սիրում է իր ժողովրդին: Մենք էլ քեզ ենք սիրում, Շառլ Ազնավուր»,— ասաց Ատոմ Էգոյանը:

Տարին հոբելյանական է: «Ոսկե ծիրանը» տասը տարեկան է:
«Առաջին տարում ունեինք ընդամենը 2 ծրագիր, այսօր` 8-10: Տասը տարի առաջ ունեինք 1000 հանդիսատես, այսօր` 50-60 հազար»,— ասաց փառատոնի հիմնադիր տնօրեն Հարություն Խաչատրյանը, հույս հայտնեց, որ եկող տարիներին կլինեն կինոթատրոններ ոչ միայն կենտրոնում, այլև քաղաքի տարբեր մասերում, ինչպես նախկինում էր, և բոլոր ցանկացողները կմասնակցեն ծրագրերին:

Միջոցառումն ամփոփվեց Ֆրանսուա Տրյուֆոյի «Կրակել դաշնակահարի վրա» ֆիլմով, որի գլխավոր դերում Ազնավուրն է:

http://www.irates.am/hy/1373267681
Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Заметка

«Եթե համացանցում տեսնեք ֆիլմի թրեյլերը, պարզ կլինի ադրբեջանցիների արձագանքը»

«Եթե համացանցում տեսնեք ֆիլմի թրեյլերը, պարզ կլինի ադրբեջանցիների արձագանքը»

07.07.2013 | 14:35

Ջիվան Ավետիսյանի` 2012-ին նկարահանած «Ընդհատված մանկութուն» ֆիլմը ներկայացված է «Ոսկե ծիրան» փառատոնի Հայկական համայնապատկեր ծրագրում:

Ֆիլմը ղարաբաղյան պատերազմի ընթացքում` 1992-ին, ադրբեջանցիների կողմից գերեվարված 6-ամյա Լենայի մասին է: Աղջկան բանտից տանում են Ֆաթիմա Խալայի տուն, որպեսզի վերջինս Լենային փոխանակի ռազմաճակատում կորած իր որդու հետ: Ժամանակի ընթացքում վախն ու թշնամանքը վերածվում են փոխադարձ կարեկցանքի. չորս ամիս անց Ֆաթիման աղջկան վերադարձնում է ընտանիքին` փոխանակելով իրեն անծանոթ ադրբեջանցի զինվորի դիակի հետ: Աղջկա հուշերում Ֆաթիման մինչ օրս սպասում է իր որդուն:
Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ Ջիվան Ավետիսյանն ասաց, որ ֆիլմի հիմքում իրական պատմություն է, Լենան արդեն 27 տարեկան է, ապրում է Ռուսաստանի Դաշնությունում: Այս պատմությունը պատմել է ԼՂՀ ներկայիս փոխվարչապես Արթուր Աղաբեկյանը, ում շնորհիվ էլ պատերազմի տարիներին կայացել է աղջնակի փոխանակումը:
Լենային ռեժիսորը հանդիպել է Երևանում: Նրա կարծիքով` ամենակարևորն այս պատմության մեջ այն է, որ հայ աղջիկը վերջիվերջո վերադարձել է ընտանիք:
«Ի՞նչ արձագանք է գտել ֆիլմը ադրբեջանցիների շրջանում: Մեր հարևան երկիրը որպես կանոն բուռն է արձագանքում նման նախագծերին: Թեև այս ֆիլմում ավելի շատ համերաշխություն կա, քան պատերազմ»:
Անդրադառնալով irates.am-ի այս հարցին` ռեժիսորն ասաց, որ ֆիլմը պատերազմի դեմ է:

«Ես ծնվել եմ Ստեփանակերտում, ամբողջ պատերազմն անցել է իմ աչքի առաջ:- ասաց նա:— Ես դատապարտում եմ պատերազմը: Եթե համացանցում տեսնեք ֆիլմի թրեյլերը, պարզ կլինի ադրբեջանցիների արձագանքը: Նրանք ամենևին էլ «Ընդհատված մանկութանը» չեն նայում որպես համերաշխության ֆիլմի: Ինչը բնական եմ համարում»:
Ջիվան Ավետիսյանը ծնվել է Ստեփանակերտում: 2002-ին ընդունվել է Երևանի Թատրոնի և կինոյի պետական ինստիտուտ, լիամետրաժ ֆիլմի ռեժիսուրայի բաժին: Իր առաջին ֆիլմը` «Առաջին իմ սեր»-ը, նկարահանել է 18 տարեկանում: Հետագայում դարձել է ՙԵրկիր Մեդիա՚ հեռուստաընկերության գլխավոր ռեժիսորը: Մասնակցել է մի շարք տեղական և արտասահմանյան փառատոների:

Հեղինակ է «Առաջին իմ սեր», «Արևածագն Արցախում խաղաղ է», «Գտնված երազ» և այլ ֆիլմերի:

«Ընդհատված մանկութունը» կցուցադրվի «Մոսկվա» կինո-թատրոնում` հուլիսի 9-ին, 10-ին և 11-ին:

http://www.irates.am/hy/1373193939

Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

«Եթե համացանցում տեսնեք ֆիլմի թրեյլերը, պարզ կլինի ադրբեջանցիների

Заметка

Ազնավուրը և Փելեշյանը Հայաստանում են

Ազնավուրը և Փելեշյանը Հայաստանում են

06.07.2013 | 01:11

«Ոսկե ծիրան» կինոփառատոնի շրջանակում` Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի կունենա Ամենայն Հայոց Կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ-ի սահմանած «Եղիցի լույս» մրցանակի հանձնումը, որն այս տարի կշնորհվի Արտավազդ Փելեշյանին:

Այս մասին լրագրողներին տեղեկացրեց փառատոնի հիմնադիր տնօրեն Հարություն Խաչատրյանը, նշեց նաև, որ մեծ հայերը` Շառլ Ազնավուրը և Արտավազդ Փելեշյանն արդեն Հայաստանում են:

«Անցյալ տարի «Փարաջանովյան թալերը» շնորհվեց Ալեքսանդր Սակուրովին, և անբողջ ռուսական մամուլը ողողվեց դրանով,- ասաց Հարություն Խաչատրյանը:- Հպարտ էին, որ Սակուրովը ստացել է նման մեծ մրցանակ: Առաջին հայ ռեժիսորը, ում շնորհվում է «Փարաջանովյան թալերը», Արտավազդ Փելեշյանն է: Արժանի մրցանակ է: Ինքը շատ լուռ և լուրջ մարդ է: Ասացի` մաեստրո, հարցազրույց տվեք լրագրողներին, կնեղանան: Ասաց` թող նեղանան, իրենք են ստեղծել այս վիճակը, որ ոչ մի բան չեմ ասում իրենց»:
Ի դեպ, Արտավազդ Փելեշյանը լրագրողներին կպատվի առանձին մամուլի ասուլիսով: Թեև, ինչպես փառատոնի հիմնադիր տնօրենն է նշում, պետք է զգույշ լինել, ռեժիսորները դաժան են ու նեղացկոտ:
Գևորգ եպիսկոպոս Սարոյանի տեղեկացմամբ` Էկումենիկ ժուրին բաղկացած է կաթոլիկ և բողոքական եկեղեցիների երկու մասնակիցներից, ինչպես նաև Հայ առաքելական եկեղեցու ներկայացուցչից, հանձինս իրեն` Գևորգ եպիսկոպոս Սարոյանի:

Ինչ վերաբերում է Շառլ Անզնավուրին, մեծ շանսոնյեի հետ հանդիպումը կլինի օպերայի թատրոնի դահլիճում` փառատոնի բացմանը:

«Նա հոգնած է և չի ցանկանում հարցերի պատասխանել, խնայենք իրեն, հարգենք իր տարիքը, նա 89 տարեկան է: Վայելենք իր ներկայություն,- ասաց Հարություն Խաչատրյանը:- Տասն օր առաջ էր, Մարսելում, երբ հարցեր սկսեցին տալ, թողեց, հեռացավ:

Հավելենք, որ փառատոնային հատուկ միջոցառումների` հոբելյանական երեկոների և Երևանյան պրեմիերաների շրջանակներում համաշխարհային կինոյում վաստակի համար «Փարաջանովյան թալեր» մրցանակներ կհանձնվեն նաև Մարգարեթե ֆոն Թրոթային, Իշտվան Սաբոյին, Ներսես Հովհաննիսյանին և Յոս Ստելինգին: Իսկ անվանի ավստրիացի կինոռեժիսոր, Կաննի մրցանակակիր Ուլրիխ Զայդլը, ում «Դրախտ» եռապատումը կներկայացվի արտամրցութային ծրագրում, կարժանանա փառատոնի «Վարպետ» մրցանակին:

«ԱՊՀ երկրների կինոն» կմեկնարկի Գյումրիում

«ԱՊՀ երկրների կինոն» կմեկնարկի Գյումրիում

06.07.2013 | 12:25

«Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի շրջանակներում կներկայացվի «ԱՊՀ երկրների կինո» ծրագիրը` ԱՊՀ երկրների հումանիտար համագործակցության միջպետական հիմնադրամի աջակցությամբ:

«ԱՊՀ երկրների կինո»-ն ծրագրի համակարգող Անահիտ Ղազարյանի տեղեկացմամբ` ծրագիրը, որ կներկայացնի ԱՊՀ երկրների` վերջին տարիներին ստեղծված լավագույն ֆիլմերը, այս անգամ կկայանա Գյումրիում, որն ԱՊՀ երկու այլ պետությունների քաղաքների հետ մեկտեղ ճանաչվել է որպես 2013թ. մշակութային մայրաքաղաք: Ցուցադրությունների ծրագրում կընդգրկվեն 16 ֆիլմ, որից 2-ը` վավերագրական, 8-ը` խաղարկային և 6-ը` կարճամետրաժ:
Ծրագիրը կմեկնարկի հուլիսի 9-ին` Գյումրիի «Հոկտեմբեր» կինոթատրոնում և կներկայացնի Ռուսաստանի, Ուկրաինայի. Բելառուսի, Մոլդովայի, Ուզբեկստանի, Ղազախստանի, Ղրղզստանի և Հայաստանի ֆիլմեր:

Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Ազնավուրը և Փելեշյանը Հայաստանում են 06.07.2013 | 01:11 «Ոսկե ծիրան»

Заметка

«Շատ են ցանկանում, որ մեր փառատոնում ցուցադրվեն ռուսական ֆիլմեր»

«Շատ են  ցանկանում, որ մեր փառատոնում ցուցադրվեն ռուսական ֆիլմեր»

05.07.2013 | 18:11

«Ոսկե ծիրան» 10-րդ կինոփառատոնի շրջանակում կկայանա«Ռուսաստանի ֆիլմերի օրեր» ծրագիրը` Ռուսաստանի դաշնության մշակույթի նախարարության և «Կինոֆեստ» պրոդյուսերական կենտրոնի հետ համատեղ:

Ծրագրում ընդգրկված են ռուսաստանյան արտադրության 6 ֆիլմեր («Մայոր», «Ինտիմ մասեր» և այլն), որոնցից 3-ը ներկայացվել են Սոչիի «Կինոտավր» փառատոնին և բազմաթիվ մրցանակներ են շահել:

Այս մասին լրագրողներին տեղեկացրեց ԱՊՀ երկրների կինոծրագրի համակարգող Անահիտ Ղազարյանը, նշեց նաև, որ ֆիլմերի մեծ մասն այս ծրագրում ունի տարիքային սահմանափակում:

Փառատոնի հիմնադիր տնօրենը Հարություն Խաչատրյանն իր հերթին նշեց, որ ծրագիրը կյանքի է կոչվել Ռուսաստանի դաշնության մշակույթի նախարարության խնդրանքով, նախաձեռնությամբ և ֆինանսավորմամբ:

«Նրանք նախանձախնդիր են, շատ են ցանկանում, որ մեր փառատոնում ցուցադրվեն ռուսական ֆիլմեր և մտավախություն ունեն, որ նման փառատոնում մեկ-երկու ֆիլմի ցուցադրումը շատ քիչ է»,- ասաց Հարություն Խաչատրյանը:

«Ռուսաստանի ֆիլմերի օրերը» կմեկնարկի հուլիսի 9-ին` Բորիս Խլեբնիկովի «Քանի դեռ գիշերը մեզ չի բաժանել» ֆիլմի ցուցադրությամբ:

Ո ՞ր ֆիլմը կշահի բրիտանացիների համակրանքը

Ո ՞ր ֆիլմը կշահի բրիտանացիների համակրանքը

05.07.2013 | 12:02

«Ոսկե Ծիրան» կինոփառատոնի և Բրիտանական խորհրդի միջև ձևավորված համագործակցության 10-րդ հոբելյանական տարվա շրջանակում Բրիտանական խորհուրդը սահմանել է «Փառատոնի նոր անուն» հատուկ մրցանակը: Փառատոնի «Հայկական համայնապատկեր» ծրագրի շրջանակում Բրիտանական խորհրդի կողմից ընտրված ֆիլմի ռեժիսորը կմասնակցի Միացյալ Թագավորությունում անցկացվող Sheffield Doc/Fest 21-րդ փառատոնին:

Հատուկ մրցանակից զատ Բրիտանական խորհրդի աջակցությամբ Երևան է ժամանելու Միացյալ Թագավորությունում լույս տեսնող հեղինակավոր «Sight & Sound» heghinakavor կինոհանդեսի խմբագիր Նիք Ջեյմսը, ով կնախագահի կինոփառատոնի «Հայկական համայնապատկեր» ծրագրի ժյուրին և կանցկացնի մի շարք հանդիպումներ:
Հիշեցնենք, որ անցյալ տարի Բրիտանական խորհրդի հատուկ մրցանակին արժանացավ Սեզար Գանանյանի` «Հայկական ռապսոդիա» ֆիլմը (Բրազիլիա):
Հետաքրքիր է, թե այս տարի որ ֆիլմը կշահի բրիտանացիների համակրանքը, որովհետև ռապսոդիան ոգևորությամբ չընդունվեց հայ հանդիսատեսի կողմից, ավելի ճիշտ կլինի ասել` չընդունվեց: Հիշեցնենք, որ «Հայկական համայնապատկերում» անցյալ տարի մասնավորապես ներկայացվեցին հետևյալ ֆիլմերը. Վալերի Մասադյանի «Նանա», Միքայել Վաթինյանի «Ժաննան և ձայները», Վահագն Գրիգորյանի «Ես եմ», Էրիկ Նազարյանի «Պոլիս», Սյուզան Խարտալյանի «Տատիկին դաջվածքները», Արմեն Գասպարյանի «Հայկական հացը» և այլն:

Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

«Շատ են ցանկանում, որ մեր փառատոնում ցուցադրվեն ռուսական

«Վ…, այսինքն` Վեռնյոյ»04.07.2013 | 11:45«Ոսկե ծիրան» 10-րդ միջազգային փառատոնի բացմանը մնացել

«Վ…, այսինքն` Վեռնյոյ»

«Վ…, այսինքն` Վեռնյոյ»

04.07.2013 | 11:45

«Ոսկե ծիրան» 10-րդ միջազգային փառատոնի բացմանը մնացել են հաշված օրեր:

Լրագրողների համար «Մոսկվա» կինոթատրոնի վիդեո սրահում կազմակերպվում է փառատոնի մրցութային ծրագրում ներառված ֆիլմերի նախնական ցուցադրություններ:

Արտո Փեհլիվանյանի 2013-ին նկարահանած «Վ…, այսինքն` Վեռնյոյ» ֆիլմն ընունվեց ծափողջույններով:
Ֆիլմը ներկայացնում է բացառիկ արխիվային նյութեր ականավոր ռեժիսոր Անրի Վեռնյոյի կյանքից: Նա իր հետքն է թողել ֆրանսիական կինոյի պատմության մեջ` նկարահանելով մի շարք հիշարժան ֆիլմեր` հանրահայտ աստղերի մասնակցությամբ: Ֆիլմում տեղ է գտել նաև Օմար Շարիֆի հետ բացառիկ հարցազրույցը, ով հանրահայտ «Մայրիկ» ֆիլմում մարմնավորում է Վեռնյոյի հոր կերպարը: Կլաուդիա Կարդինալեն` Վեռնյոյի մոր դերակատարուհին, պատմում է ֆիլմի նկարահանման ընթացքի մասին, ռեժիսորի ապրումների: Թե ինչպես է ֆրանսահայ ռեժիսորը ստեղծում ֆիլմը, նույնչափ հետաքրքիր է, որքան նրա ֆիլմերը:

Անրի Վերնյոյի ֆիլմերում հայկական շեշտադրումներ կան, կարելի է տեսնել` ինչպես է Բելմոնդոն համտեսում հայկական դոլման ու իմամբայալդին:

Շարիֆի բնորոշմամբ, Վեռնյոյի ծնողներն ուզում էին, որ իրենց միակ ժառանգը ֆրանսիացի լինի, սակայն, երկար ժամանակ ֆրանսիացի ձևացած Անրին, հասունանալով, դառնում է ավելի հայ, քան ուրիշ հայերը:

«Վ…, այսինքն` Վեռնյոյ» ֆիլմը ներկայացված է «Ոսկե ծիրանի» Համայնապատկեր ծրագրում:

Արտո Փեհլիվանյանը հեղինակ է «Հայկական կինոյի գանձարանը», «Հայաստանից Հայաստան», «Արարատ, սեր իմ», «Տարազ» և այլ ֆիլմերի: Ծնվել է Թուրքիայում:
Սովորել է Երևանի պետական կոնսերվատորիայի խորեոգրաֆիայի բաժնում: Տեղափոխվելով Ֆրանսիա` աշխատել է որպես խորեոգրաֆ և մշակութային ծրագրերի ռադիոհաղորդավար: Հեռուստատեսային կարիերան սկսել է 1984-ին, (հայկական հեռուստատեսության պաշտոնական թղթակից և լրագրող TF1, Ֆրանս 2, Ֆրանս 3 և 5 ալիքներում): 1990-ից վավերագրական ֆիլմեր և տեսանյութեր է նկարահանում: 2005-ին Ռոբեր Գեդիգյանի (Կետիկյան) հովանավորությամբ ֆրանս-հայկական կինոակումբ է ստեղծել: 2011-ից Հ1 հեռուստաընկերության թղթակիցն է և համագործակցում է Ֆրանսիայում Հայաստանի դեսպանության և ԼՂՀ-ի ներկայացուցչության հետ:

http://www.irates.am/hy/1372924048
Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Заметка

Նիդերլանդական առավոտ` առանց Յոսի

Նիդերլանդական առավոտ` առանց Յոսի

01.07.2013 | 15:50

Գրոնինգեն, Նիդերլանդներ: Յոսն արթնանում է անօթևանների կացարանում` գիշերելու իր մշտական վայրում: Առավոտյան մոտ ժամը 10-ն է: Սկսվում է փողոցային կյանքը` անկախ եղանակից: Հիվանդ է, թե ոչ, կամա թե ակամա, Յոսը ստիպված է հեռանալ, ինչպես ամեն օր: Կացարանը կբացվի 12 ժամից: Դրսի ցրտին 12 ժամ դիմանալը հեշտ չէ: Բայց այս օրն ուրիշ է: Յոսը ծրագիր ունի. մտադիր է իրականացնել որոշածը: Նա ստիպված կլինի համոզել ընկերուհուն և ընկերներին: Ինչևէ, մտքին դրել է այսօրվանից փոխվել. այլևս չի խմի, չի ծխի, կոկաին, հերոին կամ այլ թմրանյութեր չի օգտագործի: Երբեք: Յոսը, իրոք, ուզում է փոխվել: Այսօր նա իր բոլոր վատ սովորությունները կթողնի: Իրո՞ք: Այսօր այդ օրն է… Կամ, լավ, գուցե վա՞ղը:

Ռենե Հաուվենի «Հերոին» ֆիլմն ընդգրկված է «Ոսկե ծիրան» 10-րդ միջազգային կինոփառատոնի խաղարկային ֆիլմերի ծրագրում: Դերերում` Մադս Վիտերմանս, Էվա Փուշենդորֆ:
«Ես ոչինչ չեմ արել, ես ոչինչ չեմ արել… թմրամո՛լ»… Յոսի իրերից թռցրել են թմրանյութը, իսկ նա որոշել է փոխվել: Ֆիլմը սկսվում է կարճ, հպանցիկ ինտրիգով ու շարունակվում ոչ մի տեղ չտանող միապաղաղ, չընդհատվող վազքով: Վազք, որ հեռացնում է աղքատության կացարանից, հերոինից, անփողությունից, մթերային խանութից, սեփական տեսակի հետ հաշտ` թափառական ընկերներից: Եթե հերոսի տևական, անկյանք, անվերջ ձգվող պայքարից չհոգնես, կհասնես նրա հետ մինչև փրկության դուռը, ուր սերն է: Դուռ, որ չգիտես քանի-քանի անգամ է բացվել ու փակվել: Այստեղ էլ կյանք չկա: Հերոին է: Հուսահատ փրկություն: Սիրո տեսարանները, ընթրիքը, ամեն ինչ ներծծված են հերոինով: Միջանցքում պտտվող լվացքի մեքենան տարուբերում է Յոսի շորերը: Նրա դղրդոցն ու միայնակ տեսքը ֆիլմից դուրս մնացած դրվագ են հիշեցնում, որի այն կողմում վերջացող կյանքն է, կամ` վերջացած: Յոսն էլի հայտնվում է այն կողմում:
Յոսը վազում է աղքատության կացարանի կողքով, թափառաշրջիկ ընկերների, հերոինի, կյանքի: Ֆիլմի վերջում բացվում է նիդերլանդական առավոտը` առանց Յոսի:
«Ես ոչինչ չեմ արել, ես ոչինչ չեմ արել… թմրամոլ»։
«Հերոինը» Ռենե Հաուվենի առաջին լիամետրաժ աշխատանքն է: Հաուվենը 30 տարի աշխատել է երաժշտության ասպարեզում` որպես երաժիշտ, ձայնագրության պրոդյուսեր, եղել է Գրոնինգենի Mastersound Studios-ի տերը: 2007-ին լիովին հեռացել է երաժշտության ոլորտից, իսկ մեկ տարի անց սկիզբ է առել նրա համագործակցությունը երիտասարդ կինեմատոգրաֆիստ Թեյս Գլոգերի հետ: Միասին հիմնել են Schaftkip Films ընկերությունը` փոքր բյուջեով ֆիլմեր նկարահանելու համար:
Նշենք, որ «Ոսկե ծիրան» փառատոնի խաղարկային ֆիլմերի ծրագիրը, ինչպես նախորդ տարիներին, ընդգրկում է 12 ֆիլմ («11 հանդիպում հորս հետ», «Երկար, երջանիկ կյանք», «Հինգերորդ եղանակ», «Ձայն լռության» և այլն):
Խաղարկային ֆիլմերի ժյուրիի անդամներն են Թինա Լոքը, Անդրեյ Պլախովը, Ջեյ Վայսբերգը, Սերժ Ավետիքյանը: Ժյուրին գլխավորելու է համաշխարհային կինոյի ամենանշանավոր ռեժիսորներից մեկը` հունգարացի Իշտվան Սաբոն:

Ռենե Հաուվենի «Հերոին» ֆիլմից կադր
Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ
http://www.irates.am/hy/1372679548

Նիդերլանդական առավոտ` առանց Յոսի 01.07.2013 | 15:50 Գրոնինգեն, Նիդերլանդներ: Յոսն

Заметка

Նա շարունակելու է վազել»

«Նա շարունակելու է վազել»

27.06.2013 | 13:46

Դավիթը երիտասարդ և արդեն կայացած մարզիկ է, ում համար վազքն ավելին է, քան կյանքը: Նրան` դեռևս նոր ծնված մանկանը, երկու օրվա կյանք էլ չէին խոստանում, բայց ճակատագիրն այլ կերպ տնօրինեց ամեն ինչ: Այդ օրվանից Դավիթը չի հավատում բժիշկներին: Հիմա` 25 տարեկան հասակում, նա լուրջ առողջական խնդիրներ ունի, որոնց դեպքում վազքով զբաղվելը նույնն է, ինչ ինքնասպանություն գործելը: Դավիթը գիտակցում է դա, բայց չի կարող ինքն իր դեմ գնալ. որոշումը կայացված է` նա շարունակելու է վազել:

ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ՇԱՏՅԱՆԸ ներկայանում է իր նոր` «Մարաթոն» կարճամետրաժ ֆիլմով: Մարաթոնը երիտասարդ հերոսի վազքն է` մինչև մահ կամ ի հեճուկս մահի:
Հարություն Շատյանին շատերը ճանաչում են նրա դեբյուտային` «Բեռնելով կյանքս» կարճամետրաժ ֆիլմից, որը շահել է հանդիսատեսի համակրանքը, արժանացել մի շարք մրցանակների` երկրում և երկրից դուրս: «Բեռնելով կյանքս»-ը նկարահանվել է սիրողական տեսախցիկով, քանի որ, ռեժիսորի խոսքով` նպատակ է եղել ստեղծելու առավելագույնս անկեղծ ֆիլմ (ֆիլմի թե՛ օպերատորը, թե՛ գլխավոր դերակատարը ռեժիսորն է):
«Մարաթոն» ու «Բեռնելով կյանքս» ֆիլմերը նման են իրենց նկարահանման ձևաչափով, որտեղ ռեալությունը առաջնային տեղ է գրավում: «Ես սիրում եմ այդ ոճը,- մեզ հետ զրույցում ասաց Հարություն Շատյանը:— Եթե «Բեռնելով կյանքս» ֆիլմն ամբողջությամբ պս՛ևդովավերագրական էր, ամեն ինչ ներկայացված էր մաքսիմալ ռեալ և վավերագրական, ապա «Մարաթոնում» փորձել ենք ընդգրկել նաև գեղարվեստական տարրեր: Թե որտեղ են սկսվում և ավարտվում վավերագրականը և խաղարկայինը, հանդիսատեսը կտեսնի ֆիլմը դիտելիս»:
Հարությունը նշեց նաև, որ ֆիլմն ամբողջությամբ` սկզբից մինչև վերջ, նկարահանված է մեկ կադրով, առանց մոնտաժային կցումների:
«Մարաթոնը» կցուցադրվի «Ոսկե ծիրան» 10-րդ միջազգային կինոփառատոնի «Հայկական համայնապատկեր» ծրագրում: Ֆիլմի պրոդյուսերը Գրիգոր Հայրապետյանն է, դերերում` Հարություն Շատյանը, Լիլի Միքայելյանը, Կառլոս Մուրադյանը, Աշոտ Տեր-Մաթևոսյանը, Արթուր Սարիբեկյանը:

http://www.irates.am/hy/1372326487
Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Նա շարունակելու է վազել» 27.06.2013 | 13:46 Դավիթը երիտասարդ և