Заметка

Մեկնարկում է «WebԾիրան»-ը

Մեկնարկում է «WebԾիրան»-ը

10.12.2013 | 17:22

Մեկնարկում է «WebԾիրան» համահայկական օնլայն կինոփառատոնը:

Սահմանված է 1 գլխավոր և 2 խրախուսական մրցանակ: Գլխավոր մրցանակակիրը կպարգևատրվի 500 ԱՄՆ դոլարին համարժեք դրամով և հատուկ դիպլոմով: Խրախուսական մրցանակակիրները կպարգևատրվեն հատուկ դիպլոմով:
Ինչպես գլխավոր, այնպես էլ խրախուսական մրցանակակիրները կստանան նաև 10 օր անվճար պրոֆեսիոնալ նկարահանող տեխնիկայից օգտվելու հնարավորություն: «Համակրանք» խրախուսական մրցանակին և հատուկ դիպլոմի կարժանանա ամենաշատ դիտումներ արձանագրած ֆիլմը: Կինոփառատոնին կարող են ներկայացվել մինչև 30 րոպե տևողությամբ ֆիլմեր` առանց ժանրային սահմանափակումների` խաղարկային, վավերագրական, անիմացիոն և այլն: Այս տարի կներկայացվի նաև «WebԾիրան». ՄՈՒԼՏԻՄԵԴԻԱ» ծրագիրը:
Կարող են ներկայացվել միայն բջջային հեռախոսներով, պլանշետներով, սմարտֆոններով նկարահանված կարճ ֆիլմեր: Ամենաշատ հավանված ֆիլմը կարժանանա հատուկ մրցանակի:
Ֆիլմերը ցուցադրվելու են webtv.am հայկական մշակութային ինտերնետ հեռուստատեսությամբ:
«WebԾիրան» համահայկական օնլայն կինոփառատոնը մեկնարկում է երրորդ անգամ` «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի և Webtv.am մշակութային ինտերնետ հեռուստատեսության նախաձեռնությամբ: Գլխավոր հովանավորն է «ՎիվաՍել-ՄՏՍ» ընկերությունը:
«WebԾիրան»-ում են բացահայտվել «Էն ուրիշ Ֆրունզիկը», «Բեռնելով կյանքս» ֆիլմերը` հետագայում գրանցելով նորանոր հաջողություններ:

Заметка

«Ոսկե ծիրանը» շրջում է մարզերում

«Ոսկե ծիրանը» շրջում է մարզերում

19.11.2013 | 12:03

«Ոսկե ծիրանն» անիվների վրա շրջիկ փառատոնը հյուրընկալվել է Վայոց ձորում, Սյունիքում, Շիրակում և Լոռիում: Ծրագրի շրջանակում մարզերում ցուցադրվել են «Ոսկե ծիրան» 2012-13 թթ. «Հայկական համայնապատկեր» ազգային մրցութային ծրագրում ընդգրկված լավագույն կարճամետրաժ ֆիլմերը:

Նոյեմբերի 8-11-ին «Ոսկե ծիրանն» անիվների վրա շրջիկ փառատոնը մեկնարկել է Ջավախքում` Սերժ Ավետիքյանի և Օլենա Ֆետիսովայի «Փարաջանով» ֆիլմով: Հաջորդ օրերին ցուցադրվել են նաև Ջիվան Ավետիսյանի «Ընդհատված մանկություն», Արամ Շահբազյանի «Ջավախք. հավերժական հայրենիք», Հարություն Խաչատրյանի «Անվերջ փախուստ, հավերժ վերադարձ», Նատալյա Բելյաուսկենեի «Եթե բոլորը…» և Ռուսուդան Չկոնիայի «Ժպտացեք» ֆիլմերը: Ռուսուդան Չկոնիան անձամբ ներկա է եղել իր ֆիլմի ցուցադրությանը, ֆիլմի ավարտին տեղի է ունեցել հարցուպատասխան: «Ոսկե ծիրանի» միջնորդությամբ` Ռուսուդան Չկոնիայի և Երևանի «Մոսկվա» կինոթատրոնի միջև ձեռքբերված համաձայնությամբ «Ժպտացեք» ֆիլմը նոյեմբերի 15-ից կլինի կինոթատրոնի էկրաններին:
Հավելենք, որ «Ընդհատված մանկություն» ֆիլմի սցենարի հեղինակ Կարինե Խոդիկյանը «Ոսկե ծիրանն անիվների» վրա փառատոնի շրջանակներում արժանացել է Ջավախքի պատվավոր քաղաքացու կոչմանը:
Շրջիկ փառատոնը նոյեմբերի 20-ից կհյուրընկալվի Տավուշի մարզում:

Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Հայ ռեժիսորները` «Մութ գիշերներ» փառատոնում

Հայ ռեժիսորները` «Մութ գիշերներ» փառատոնում

21.11.2013 | 11:55

Մեկնարկել է Տալլինի «Մութ գիշերներ» 17-րդ միջազգային կինոփառատոնը: Այս տարի փառատոնի շրջանակում կցուցադրվեն շուրջ 600 խաղարկային լիամետրաժ, անիմացիոն, վավերագրական և կարճամետրաժ ֆիլմեր: Գլխավոր միջազգային մրցույթը կներկայացվի «Եվրասիա» խորագրով: Մրցութային այդ անվանակարգում ընդգրկված է նաև Սերժ Ավետիքյանի և Օլենա Ֆետիսովայի «Փարաջանով» ֆիլմը: Հատուկ ծրագրով նոյեմբերի 21-26-ին կցուցադրվեն հայ երիտասարդ կինոռեժիսորների աշխատանքները, թվով` 17 ֆիլմ: Ընտրվել են այն երիտասարդների աշխատանքները, որոնք սկսել են ստեղծագործել 2000-ից:

Հավելենք, որ «Եվրասիա» մրցութային ժյուրիի կազմում է «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի տնօրեն, կինոռեժիսոր Հարություն Խաչատրյանը:
«Մութ գիշերները» կշարունակվի մինչև դեկտեմբերի 5-ը:

Заметка

«Ֆիլմը եղբորս մասին է. նա որոշեց հեռանալ կյանքից»

«Ֆիլմը եղբորս մասին է. նա որոշեց հեռանալ կյանքից»

24.09.2013 | 11:36

Հոլանդացի ռեժիսոր ՌԵՆԵ ՀԱՈՒՎԵՆԻ «Հերոին» ֆիլմը ընդգրկված էր «Ոսկե ծիրան» 10-րդ միջազգային կինոփառատոնի խաղարկային ֆիլմերի ծրագրում (գլխավոր դերում` Մադս Վիտերմանս):
Յոսը որոշում է փոխվել. նա այլևս չի խմի, չի ծխի, կոկաին, հերոին կամ այլ թմրանյութեր չի օգտագործի: Ֆիլմը սկսվում է կարճ, հպանցիկ ինտրիգով ու շարունակվում ոչ մի տեղ չտանող միապաղաղ, չընդհատվող վազքով: Վազք, որ հեռացնում է անօթևանների կացարանից, հերոինից, անփողությունից, մթերային խանութից, սեփական տեսակի հետ հաշտ թափառական ընկերներից: Ֆիլմի վերջում նիդերլանդական առավոտը բացվում է առանց Յոսի:
«Հերոինը» Ռենե Հաուվենի առաջին լիամետրաժ աշխատանքն է: Հաուվենը 30 տարի աշխատել է երաժշտության ասպարեզում` որպես երաժիշտ, 2007-ին լիովին հեռացել է երաժշտության ոլորտից, իսկ մեկ տարի անց սկիզբ է առել նրա համագործակցությունը երիտասարդ կինեմատոգրաֆիստ Թեյս Գլոգերի հետ: Միասին հիմնել են Schaftkip Films ընկերությունը` փոքր բյուջեով ֆիլմեր նկարահանելու համար:
Հոլանդացի ռեժիսորը այսպես ներկայացրեց ֆիլմի նախապատմությունը. «30 տարի առաջ եղբայրս մահացավ հերոինի չարաշահումից,- ասաց նա:— Ֆիլմի ստեղծման պատճառներից մեկը այդ տխուր հուշն էր: Տարիներ շարունակ մտածում էի, որ եղբորս կյանքի տասը տարիների մասին ֆիլմ պիտի նկարահանեմ: Երբ սկսեցի աշխատել, հասկացա, որ ճիշտ կլինի ոչ թե նրա ապրած տարիները ցույց տալ, այլ մեկ օրը: «Հերոինի» ստեղծման երկրորդ պատճառն այն էր, որ շատ էի ուզում ֆիլմի գլխավոր դերակատարի հետ աշխատել: Դերասանն ինքը կյանքի վերջին տարիներին խնդիր ուներ թմրանյութերի հետ»:
Մնացած դերերում սովորական մարդիկ են, Հաուվենը նրանց գտել է փողոցում: Ասաց, որ սիրում է, երբ մարդիկ տեսախցիկի առաջ մտածում են ինչպես խաղալ, երբ պայքարում են իրենք իրենց դեմ: «Հերոինը» նկարահանել է երեք ամսում, քիչ գումարով և գոհ է իր աշխատանքից: «Ինձ հարցնում են` եթե ժամանակ լիներ և ավելի շատ գումար, կկարողանայի՞ք ավելին անել: Հիմա որ նայում եմ, հասկանում եմ, որ` ոչ, ուրիշ ֆիլմ կստացվեր, այսպես լավ է»,- ասաց ռեժիսորը:
-Ինչո՞վ էր պայմանավորված անցումը երաժշտությունից կինո:
-Երաժշտությունը գրում էի ուրիշների համար, շատ պատվերներ ունեի, բայց մի տեսակ ձանձրացել էի ուրիշների համար աշխատելուց և սկսեցի զբաղվել կինեմատոգրաֆիայով: Ֆիլմ նկարահանելու ցանկություն շատ վաղուց ունեի, բայց մեծ ֆինանսների հետ էր կապված: Այսօր արդեն ժամանակակից տեխնոլոգիաները, թվային տեսախցիկները թույլ են տալիս ֆիլմ նկարահանել ավելի փոքր գումարով:
-«Հերոինը» Ձեր առաջին լիամետրաժ ֆիլմն է, նկարահանել եք 2013-ին, սակայն կինեմատոգրաֆիայով զբաղվում եք 2008-ից: Այլ աշխատանքներ ունե՞ք:
-Մինչ «Հերոինը» հինգ ֆիլմ եմ նկարահանել, բայց ոչ որպես ռեժիսոր, այլ պրոդյուսեր:
-«Հերոինը» ցուցադրվե՞լ է Հոլանդիայում, եթե այո, ի՞նչ արձագանք է գտել:
-Հոլանդիայում դեռ ոչ ոք չի տեսել այս ֆիլմը: Պրեմիերան տեղի է ունեցել Մոսկվայում, սեպտեմբերին կներկայացվի Հոլանդիայում կայանալիք փառատոնում: ՈՒզում եմ այս ֆիլմով շատ հեռու գնալ: Հոլանդիան փոքր երկիր է, մարդիկ կարող են լավ կարծիք հայտնել ֆիլմի մասին զուտ այն պատճառով, որ ինձ ճանաչում են: Այլ երկրներում արձագանքները կլինեն շատ ավելի օբյեկտիվ:
-Ինչպե՞ս որոշեցիք «Հերոինը» ներկայացնել «Ոսկե ծիրանում», ի՞նչ գիտեիք փառատոնի մասին:
-Երբ մտածում էի որտեղ ներկայացնեմ ֆիլմը, հաշվի էի առնում, թե ինչպիսի ընտրություն է տեղի ունենում փառատոների ծրագրում: «Ոսկե ծիրանի» նախորդ տարիների ընտրած ֆիլմերը ուսումնասիրելով, հասկացա, որ արժե ֆիլմը ներկայացնել Հայաստանում: Մոտ 1000 փառատոն կա կինոաշխարհում, և իրականում դժվար է ընտրություն կատարելը:
-Ֆիլմում կային իրենց կենսակերպին հարմարված թմրամոլներ, թափառաշրջիկներ: Յոսը պայքարում էր, բայց, ի վերջո, տեղի տվեց: Ինչո՞վ էր պայմանավորված Ձեր ընտրած վերջաբանը:
-Ֆիլմը եղբորս մասին է: Նա որոշեց հեռանալ կյանքից: Մենք հաճախ ենք հանդիպում մարդկանց, ովքեր ունեն որոշակի կախվածություն: Կարծում եմ, պետք է ազատ թողնել այդ մարդկանց, որ կարողանան որոշում կայացնել: Ֆիլմը նկարահանելիս հենց այդ տեսակետով եմ առաջնորդվել: Պատմությանը ծանոթ էի, եթե այլ լուծում տայի, կլիներ արհեստական:
-Երբեմն թմրամոլի մասին պատմող ֆիլմը անուղղակի գովազդում է թմրանյութի գործածումը, մանավանդ եթե հերոսը հայտնի անձնավորություն է, կամ շահում է հանդիսատեսի համակրանքը: Մտածե՞լ եք այդ մասին և ինչպես եք կարողացել պահել այդ սահմանը:
-Նախ ես մի հարց տամ` Դուք սիրեցի՞ք ֆիլմի հերոսին:
-Այո, թեև երբեմն հիասթափեցնում էր: Հետո երկար ժամանակ չէի կարողանում մոռանալ նրան: Այս ֆիլմը ստիպում է մտածել:
-Ֆիլմի սկզբում ներկայացվում է անօթևանների կացարանը, ու ոչ ոք չգիտի, որքան ժամանակ է Յոսը այդ կացարանում, ի՞նչ կյանքով է ապրել, ինչքա՞ն ժամանակ է թմրանյութ գործածել և այլն: Քանի որ իրադարձությունները զարգանում են այդ կետից, հենց դա էլ ապահովում է պրոպագանդայի բացակայությունը:
-Ձեր բարձրացրած խնդիրն առկա է ամենուր: Հոլանդիայում որոշ թմրանյութեր ազատ վաճառվում են, կարելի՞ է ասել, որ խնդիրն ավելի սուր է ձեր երկրում, ու ֆիլմը ստեղծվել է նաև այդ պատճառով:
-Այո, մեզ մոտ որոշ թմրանյութեր ազատ վաճառվում են, բայց դա չէ խնդիրը, կախվածությունը կարող է նաև ալկոհոլից լինել, ոչ մի տարբերություն չկա: ՈՒ եթե մարդն ուզում է մի բան անել, կանի, անկախ նրանից` դա օրենքով թույլատրվո՞ւմ է, թե՞ ոչ:
-Ձեր հետագա ֆիլմերում ի՞նչ խնդիրներ եք արծարծելու:
-Նոր ֆիլմի գաղափար ունեմ, որ հիմնված է իրական պատմության վրա: Մոտ երկու տարի առաջ միջին տարիքի մի գերմանացի նավով եկավ Հոլանդիա և երկու տարի ապրեց լճի վրա: Մարդիկ անհանգստանում էին, ուզում էին մի բան անել, հոդվածներ էին գրում և այլն, բայց այդ մարդն ուզում էր իր կյանքով ապրել, չէր ուզում որևէ մեկը խանգարի իրեն: Ես կարծում եմ` հասարակությունն ուզում էր այդ մարդուց ազատվել, ուզում էր, որ նա չառանձնանա իրենից: Դա կարծես ցուցադրական պայքարի ձև էր, և հասարակությունը նեղվում էր դրանից:
-Ֆիլմը վավերագրակա՞ն է լինելու` իրական կադրերով:
-Ոչ, գեղարվեստական ֆիլմ է լինելու:
-«Ոսկե ծիրան» փառատոնին ներկա էին հայ անվանի արվեստագետներ Փելեշյանը, Ազնավուրը և այլք: Ի՞նչ գիտեք Հայաստանի, հայ նշանավոր մարդկանց մասին:
-Հայկական կինեմատոգրաֆիային ծանոթ չէի, բայց ծանոթ եմ 1900-ականների պատմությանը, ոչ միայն Հայաստանի, առհասարակ, Կովկասյան տարածաշրջանի: Փարաջանովի «Նռան գույնի» մասին լսել եմ, բայց չեմ տեսել, անպայման կդիտեմ ֆիլմը: Ինչ վերաբերում է Ազնավուրին, չգիտեի, որ նա հայ է, կարծում էի` ֆրանսիացի է:
-1900-ականների պատմությանը եթե ծանոթ եք, ուրեմն գիտեք նաև Ցեղասպանության մասին:
-Այո, գիտեմ:
-Հայաստանի մասին ի՞նչ կասեք, Ձեր այցելության ընթացքում ի՞նչն է տպավորվել:
-Ես Ռուսաստանից եկա Հայաստան: Աննկարագրելի էր Մոսկվան մեքենաների արագ ընթացքի առումով: Մոսկվան մեգապոլիս է, երբ եկա Երևան, չգիտեի` ինչ է սպասվում, բայց եկա ու իմ հայրենի քաղաքի նման ջերմություն զգացի:
Սիրում եմ, երբ քաղաքի փոքր կենտրոնը հնարավորություն է տալիս շատ բաների ծանոթանալու: Երևանը տվեց այդ հնարավորությունը, քաղաքի կենտրոնում քայլելով շատ բաների ծանոթացա, շատ հավանել եմ ձեր քաղաքը:
-Հայաստանի իրական ծիրանին ծանո՞թ եք:
-Ոչ, դեռ չեմ հասցրել ճաշակել: Անպայման կփորձեմ:

http://www.irates.am/hy/1380008608

Զրույցը` Արմինե ՍԱՐԳՍՅԱՆԻ
Թարգմանությունը` Աննա ՍԵԹԱՂՅԱՆԻ

Заметка

«Փելեշյանի լռության մեջ գաղտնիքներ չկան, գաղտնիքը նրա հանճար լինելու մեջ է»

«Փելեշյանի լռության մեջ գաղտնիքներ չկան, գաղտնիքը նրա հանճար լինելու մեջ է»

16.07.2013 | 11:37

Անվանի կինոռեժիսոր Արտավազդ Փելեշյանին բնութագրել են իբրև կինոպոեմի վարպետի, կինոգեղագետի, Սերգեյ Փարաջանովը նրան անվանել է բացառիկ հանճար: «Փելեշյանի լռությունը» ֆիլմի ռեժիսոր Պիետրո Մարչելլոն, փորձելով բացահայտել ռեժիսորի լռության գաղտնիքը, հետաքրքիր եզրահանգման է եկել. «Փելեշյանի լռության մեջ գաղտնիքներ չկան, գաղտնիքը նրա հանճար լինելու մեջ է»:
«Ոսկե ծիրան» 10-րդ միջազգային կինոփառատոնի հետահայաց ցուցադրությունների միջոցառման շրջանակում ներկայացվեցին Արտավազդ Փելեշյանի «Բնիկները», «Տարվա եղանակները», «Վերջ» և «Կյանքը» ֆիլմերը: Տեղի ունեցավ նաև հանդիպում անվանի ռեժիսորի հետ: Իր խոսքը նա սկսեց հումորով, նկատեց, որ ցուցադրվում են իր այն ֆիլմերը, որոնք երիտասարդ տարիներին է նկարահանել, 30, 40, 50 տարի առաջ: «Այն ժամանակ երիտասարդ էի, գանգուր մազեր ունեի, սանր չունեի, հիմա սանր ունեմ, մազեր չունեմ»,— ասաց նա:
Արդեն երկար տարիներ կինոսիրողները սպասում են Փելեշյանի նոր ֆիլմին: Հարց է առաջանում` «Վերջը» ֆիլմը վերջակե՞տ է, թե՞ ստորակետ: Շարունակություն է` ասում է ռեժիսորը: Եթե նորից նկարահաներ «Տարվա եղանակները», ոչինչ չէր փոխի, ֆիլմը մարդկանց է վերագրվում, իսկ մարդիկ չեն փոխվել, համոզված է նա:
«Ըստ Ձեզ` 21-րդ դարի առաջին տասնամյակի ամենամեծ նվաճումը ո՞րն է» հարցին պատասխանեց հումորով` «Որ կենդանի ենք մնացել»:
Կինոաշխարհում գոյություն ունեցող «Փելեշյանի փիլիսոփայություն» արտահայտությունը փորձեց բնորոշել մեկ բառով.«Ամեն ինչ պետք է լինի այնպես, ինչպես պետք է լինի, թեկուզ ընդհակառակը լինի»:
«Պիետրո Մարչելլոյի «Փելեշյանի լռությունը» նայե՞լ եք, համաձա՞յն եք այնտեղ նկարագրված ձեր լռության հետ» հարցին անդրադառնալով` ասաց. «Գիտե՞ք ինչ, նայել եմ այդ ֆիլմը: Վերնագիրը` «Փելեշյանի լռությունը», պահանջում է, որ փոքր-ինչ մոտեցում, բացատրություն լինի, թե ո՞րն է գաղտնիքը, բայց ֆիլմի ռեժիսորը ինձնից օրինակ է վերցրել ու ինքն էլ է լռում: Դա իր լռությունն է, ոչ թե Փելեշյանի»:
Փելեշյանի ֆիլմերում տեղ գտած ազգային տարրերը խոսակցությունների առիթ չեն տվել: Միայն մի դիպված է եղել. ռեժիսորին հասկացրել են, որ անհամեստություն է նման վերնագիր դնելը` «Մենք»: «Իմ կարծիքով` նեղ են մոտեցել հարցին. ֆիլմին վերաբերվելով` մենք` հայերս, ես նկատի եմ ունեցել` մենք` մարդիկ, մարդկությունը, որի մի մասն են հայերը»,— ասաց նա:
Ասում են` փելեշյանական կինոն ամեն անգամ նայելիս մի նոր բան ես գտնում։ «Գիտե՞ք դա ինչի հետևանք է: Ես չգիտեմ բառերով ինչպես արտահայտեմ, բայց ասեմ հետևալը. ես մոնտաժում եմ ոչ միայն ներկա, այլև բացակա պատկերները: Դա է պատճառը, որ դուք յուրաքանչյուր անգամ նայելիս նոր բան եք տեսնում: Հետևաբար ամբողջ ֆիլմը կառուցված է, ֆիլմի կեսը, պատկերները բացակա են, բայց մոնտաժի, երաժշտության և պատկերների շնորհիվ նրանք ենթագիտակցության մեջ ներկա են: Ենթադրենք, եթե ես այսօր դրանք ներկայացնեմ, բացակայությունը կվերանա, կստացվի ներկայություն: Հետևաբար խոսքն իսկական բացակայության մասին է»,- ասաց Արտավազդ Փելեշյանը:
Ովքե՞ր են ընդօրինակում մաեստրոյին։ «Կրկնօրինակելը դժվար բան է,— ասում է նա:- Ոչ թե վերցրել են Փելեշյանի մեթոդը, ավելի լավ բառ կա, այդ մարդիկ ոգևորվել են իմ արածից (անհամեստ եմ ասում) և փորձել են մոտավորապես այդ ոճի ֆիլմեր անել, բայց դա չի նշանակում` կրկնել են Փելեշյանին, նրանք կրկնել են իրենք իրենց, բայց օգտվել են, ասենք, այդ մեթոդից»:

Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Заметка

Հայտնի են «Ոսկե ծիրան» 10-րդ միջազգային կինոփառատոնի մրցանակակիրները

Հայտնի են «Ոսկե ծիրան» 10-րդ միջազգային կինոփառատոնի մրցանակակիրները

14.07.2013 | 11:19

Փառատոնի գլխավոր մրցանակը ստացավ սերբ ռեժիսոր Սրջան Գոլուբովիչի` «Պարունակներ» ֆիլմը, «Արծաթե ծիրանը»` Մաջիդ Բարզեգարի «Փարվիզը»: Ժյուրիի հատուկ մրցանակը շնորհվեց «Մեջտեղում ինչ-որ տեղ» ֆիլմին:
Միջազգային վավերագրական մրցույթի գլխավոր մրցանակին արժանացավ բուլղարացի Սվյատոսլավ Ստոյանովի «Սև ծովի վերջին ծովահենները» ֆիլմը: Ժյուրիի հատուկ մրցանակը շնորհվեց «Աշխարհ, որ մերը չէ» ֆիլմին:

Հայկական համայնապատկերի «Ոսկե ծիրանը» շնորհվեց հայ ռեժիսոր Մարիա Սահակյանիի «Այդ ես չեմ» ֆիլմին, «Արծաթե ծիրանը»` Լուսին Դինքի «Սարոյանլենդին»:

«Կորիզ» կարճամետրաժ ֆիլմերի մրցույթի գլխավոր մրցանակը ստացավ Լեոն Պրուդովսկու «Բարի գալուստ և ցավակցում ենք» ֆիլմը : ժյուրիի հատուկ մրցանակներին արժանացան Լուկաշ Օստալսկու «Մայրը», Էլմար Իմանովի «Դագաղագործի ճոճանակը» ֆիլմերը: Ժյուրիի խրախուսական մրցանակը շնորհվեց Էրիկ Շմիթի «Քառատրոփ սլացող ռնգեղջյուրին»:

Ֆիպրեսի ժյուրիի մրցանակի արժանացավ Սալեմ Սալավաթու «Վերջին ձմեռը» ֆիլմը, Էկումենիկ ժյուրիինը` Ռուսուդան Չկոնիայի` «Ժպտացեք» ֆիլմը: Խրախուսական մրցանակի արժանացավ Դարյա Օնիշչենկոյի «Արևելաբաղձությունը»:

Հայաստանում Բրիտանական խորհրդի մրցանակը ստացավ Թամարա Ստեփանյանի «Անթեղը», իսկ Ջիվան Ավետիսյանի «Ընդհատված մանկությունը» արժանացավ Հրանտ Մաթևոսյանի անվան մրցանակի:

Ընդհանուր թվով այս տարի ներկայացվել են ավելի քան 200 ֆիլմ շուրջ 96 երկրից: Փառատոնի կարևորագույն իրադարձություններից էր Հայ առաքելական եկեղեցու կողմից սահմանված հատուկ «Եղիցի լույս» մրցանակի շնորհումը Արտավազդ Փելեշյանին, որ հանձնեց Ամենայն հայոց կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ-ն Մայր Աթոռ Սբ. Էջմիածնում:
Փառատոնի պատվավոր հյուրերի թվում էին Իշտվան Սաբոն, Արտավազդ Փելեշյանը, Ատոմ Էգոյանը, Ալեն Թերզյանը, Գոդֆրի Ռեջիոն, Ռոման Բալայանը, Մարգարեթե ֆոն Թրոթան, Յոս Ստելինգը, և շատ այլոք:
Հոբելյանական «Ոսկե ծիրանը» իր ներկայությամբ պատվեց նաև լեգենդար Ազնավուրը, ում «Աստղի» բացմամբ էլ մեկ շաբաթ առաջ մեկնարկեց փառատոնը:

«Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնն իրականացվում է ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ: Փառատոնի գլխավոր հովանավորն է ՎիվաՍել-ՄՏՍ ընկերությունը:

Заметка

«Այն քաղաքում, ուր Սերգեյ Փարաջանովի հետքերը կան»

«Այն քաղաքում, ուր Սերգեյ Փարաջանովի հետքերը կան»

14.07.2013 | 11:17

«Ես չունեմ ոչ պաշտոնական կոչումներ և ոչ էլ պարգևներ: Ես ոչ ոք եմ: Ես ապրում եմ Վրաստանում, Թիֆլիսում, իմ ծնողների հին տանը, և երբ անձրև է գալիս, ես հովանոցով եմ քնում և երջանիկ եմ, որովհետև դա նման է Տարկովսկու ֆիլմերին»:

«Ոսկե ծիրան» 10-րդ հոբելյանական կինոփառատոնը եզրափակվեց Սերժ Ավետիքյանի և Օլենա Ֆետիսովայի «Փարաջանով» ֆիլմի անդրանիկ ցուցադրությամբ:
«Սա վտանգավոր ցուցադրություն էր»,— ֆիլմի ավարտից հետո ասելու էր Սերժ Ավետիքյանը: Իրականում, այն ընդունվեց մեծ ոգևորությամբ, հոտնկայս ծափողջույններով:
Ֆիլմը Ուկրաինայի, Ֆրանսիայի, Հայաստանի և Վրաստանի համատեղ արտադրություն է:
Փարաջանովին մարմնավորել է ինքը՝ Սերժ Ավետիքյանը:
«Շատ հուզված եմ, որովհետև Երևանում եմ, այն քաղաքում, ուր Սերգեյ Փարաջանովի հետքերը կան,— ասաց նա:- Ինչպես Փարաջանովը, այս ֆիլմն էլ աշխատեց սահմաններ չունենալ: Իհարկե, Փարաջանովը պատկանում է հայերին, վրացիներին, ուկրաինացիներին, նաև ֆրանսիացիներին, որովհետև այնտեղ նրան շատ են սիրում, բայց Փարաջանովի արվեստը համամարդկային է»:
Ֆրանսիաբնակ ռեժիսորն ասաց, որ մեծ պատասխանատվություն է` և մարմնավորել Փարաջանովի կերպարը, և ֆիլմը կառուցել, հավելեց, որ շատ տաղանդավոր մարդիկ են աշխատել իր կողքին: Հանդիսատեսին նա խնդրեց ֆիլմը նայել ազատ հոգով, ազատ աչքերով և ազատ, բաց ականջներով, նշելով, որ «Փարաջանովը» գեղարվեստական ֆիլմ է:
«Ես այլախոհ չեմ, ես արվեստագետ եմ, իմ միակ ցանկությունը ֆիլմեր նկարահանելն է` գեղեցկությանը ծառայելը»,— ասում է Փարաջանովը: Խորհրդային տարիներին հոգեբանական և ֆիզիկական հալածանքների ենթարկված հանճարը «Ո՞վ ես» հարցին պատասխանում է. «Ծագումով հայ, ծնունդով վրաստանցի, ում մեղադրում են ուկրաինացի ազգայնամոլ լինելու համար: Ես ուր էլ լինեմ, լավ ֆիլմեր եմ նկարահանում, եթե ինձ Աֆրիկա ուղարկեք, կնկարահանեմ աֆրիկյան լավ ֆիլմեր»:
Փարաջանովյան գույները, ձևերը, կոլաժները, խելառությունը, տառապանքն ու ազատությունը ներկայացնելուց զատ, Ավետիքյանը հանդիսատեսի դատին է հանձնում Փարաջանովի միայնությունը:

Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Заметка

«Անհրաժեշտություն չկա դրսից մարդ հրավիրելու, որ խոսի մեր ցավի մասին, պատմի մեր պատմությունը»

«Անհրաժեշտություն չկա դրսից մարդ հրավիրելու, որ խոսի մեր ցավի մասին, պատմի մեր պատմությունը»

12.07.2013 | 13:50

Արվեստի վաստակավոր գործիչ, Երևանի պետական կամերային թատրոնի հիմնադիր և ռեժիսոր, թատերագիր Արա Երնջակյանի «Խավարում» կարճամետրաժ ֆիլմը ներկայացված է «Ոսկե ծիրան» 10-րդ միջազգային կինոփառատոնի «Հայկական համայնապատկեր» ծրագրում: 
«Խավարումը» պատմում է 1915-ին Արևմտյան Հայաստանում կատարվող իրադարձությունների մասին: Դեպքերը տեղի են ունենում Կարմիր խաչի ճամբարում, ուր բերում են ծնողազուրկ երեխաների: Նրանց զգեստափոխում են, կերակրում, հետո ուղարկում տարբեր երկրներ:
«Պատմությունը պետք Է հենց այսպես պատմել, առանց արյունահեղության տեսարանների»,- համոզված է դերասան, ռեժիսոր Արշալույս Հարությունյանը: Նրա կարծիքով` ողբերգությունը որբերի աչքերում շատ ավելի խոր է արտահայտվում, քան դաժանություններ պատկերող տեսարաններում: Ֆիլմը նկարահանվել է Աշտարակից Նոր Երզնկա տանող ճանապարհին, այն օրերին, երբ կարկուտը մեծ ավերածություններ գործեց մեր երկրում: Կարելի է ասել` եղանակն էլ մասնակցեց մեր ֆիլմին իր «էմոցիաներով»: Նկարահանման երեք օրերին տարվա բոլոր եղանակները զգացինք»: 
«Իրատես de facto»-ի հարցերին պատասխանում են ԱՐԱ ԵՐՆՋԱԿՅԱՆԸ և ԱՐՇԱԼՈՒՅՍ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ:

-Ցեղասպանությունն ապացուցված է պատմական փաստերով, բայց Հայկական հարցի լուծման առումով դեռևս տեսանելի տեղաշարժեր չկան: Ի՞նչ կարող է և ի՞նչ պետք է ասի կինոն միջազգային հանրությանը:
Ա. Ե.— Նույն բանը պետք է կինոլեզվով ասվի: Լենինը (ինչքան էլ նրան փնովենք) ասում էր` կինոն ամենաազդեցիկ արվեստն է: Կինոյի միջոցով շատ ավելին կարելի է անել, քան դիվանագիտական լծակների: Այն էմոցիաներ է առաջացնում և ազդում է մեծ զանգվածների վրա: 
Ա. Հ.— Կինոն շատ ճիշտ լեզու է այս թեման ներկայացնելու, ուղղակի այնպես պետք է խոսել, որ հակառակ ազդեցությունը չունենա: Միջազգային հանրությունը միայն մենք չենք, որ ունենք ցավ, էմոցիաներ, որ մեր կաշվի վրա զգացել ենք ցեղասպանությունը: Որքան էլ հարուստ է կինոյի լեզուն, պետք է զգույշ և նրբանկատ լինել, մի բան, որ փորձել ենք անել, իսկ թե որքան է հաջողվել, ցույց կտա ֆիլմի ճակատագիրը: Համենայն դեպս, պրեմիերայից հետո հետաքրքիր արձագանքներ են եղել:
-Ինչպե՞ս եք գնահատում ցեղասպանության թեմայով հայ ռեժիսորների մինչ օրս ստեղծած ֆիլմերը: 
Ա. Ե.— Կինոն արվեստ է, իսկ արվեստի լեզուն ուրիշ է, ոչ թե փաստը պետք է արձանագրես, այլ վերաբերմունքը: Շատ պարզունակ ենք ուզում տեսնել այդ ամենը, Ցեղասպանություն ասելիս մենք անպայման ուզում ենք տեսնել արյուն, հղի կանանց, որոնց բռնաբարում են: Դա արդեն ցուցադրվել է և առանձնապես էմոցիա չի առաջացնում, առավել ևս հայ հանդիսատեսի շրջանում: Եթե մենք ավելի սթափ նայենք հարցին, կինոն դրանից կշահի: 
-Հրեաների ստեղծած ֆիլմերի մասին ամբողջ աշխարհն է խոսում, մեր ֆիլմերից ո՞րը կարող ենք առանձնացնել:
Ա. Հ.— Մենք հրաների պես չենք կարող ամբողջ աշխարհին ցույց տալ այն, ինչ ուզում ենք: Դա խոսում է հրեաների համախմբվածության մասին, ազգային գաղափարախոսության, որ մի ամբողջ ուժ է ներկայացնում: Ես չեմ ուզում թերագնահատել մեր ուժը, աշխարհասփյուռ հայությանը, բայց, կարծում եմ, մենք ունենք այդ խնդիրը` ավելի կազմակերպվելու, համախմբվելու ինչ-որ գաղափարի շուրջ:
-Ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ կարո՞ղ ենք ներկայացնել լավ ֆիլմ` մեր ուժերով: Թե՞ անպայման դրսի կինոգործիչների մասնակցությունն է պետք: 
Ա. Հ.— Անհրաժեշտություն չկա դրսից մարդ հրավիրելու, որ խոսի մեր ցավի մասին, պատմի մեր պատմությունը: Մեզ մոտ կան մարդիկ, որ կարող են պատմությունը ներկայացնել այնպես, որ հասնի նպատակակետին, դիպչի մարդկանց սրտերին: Պետք չէ, որ դրանով հեղափոխություն արվի:
-«Խավարումը» ի՞նչ ճանապարհ է անցնելու, կներկայացվի՞ արդյոք միջազգային փառատոների: 
Ա. Հ.— Անշուշտ, որովհետև իսկապես ցանկություն կա, որ ֆիլմը ներկայացվի միջազգային հանրության դատին: Եվ կարծում եմ, այս ֆիլմի պարագայում երկրորդ կարծիք չի կարող լինել, անկախ ազգությունից: Ինչպե՞ս կարող է որևէ մեկը կողմ լինել պատերազմին ու դրա հետևանքներին:
-Ֆիլմում հայ որբուկներից մեկը կորցնում է գաղթի ճանապարհից իր հետ բերած փամփուշտները, որով սպանել էին ծնողներին: Երբ փորձում են գտնել փամփուշտները` մեղմելու համար տղայի աղեկտուր լացը, պարզվում է` բոլոր փոքրիկներն իրենց մոտ փամփուշտներ ունեն` մեկ, երկու և ավելի: Իրական որևէ հիմք ունի՞ այս պատմությունը: 
Ա. Ե.- Ոչ, հնարովի է, բայց գուցե և նման բաներ տեղի են ունեցել:
Ա. Հ.- Այս երեխաները կորցրել են ամեն ինչ` ծնողներին, հարազատներին, բնակավայրը, ապրում են օտար ափերում, օտար մարդկանց մեջ: Աշխարհասփյուռ հայերը նման ճակատագիր ունեցող մարդիկ են: Այդ փամփուշտների մեջ են ողբերգությունը, վրեժը, հիշողությունը: 
-Համացանցն այսօր ապահովում է մեծ դիտում, ֆիլմը կտեղադրվի՞ վիրտուալ տարածքում:
Ա. Հ.- Մի քանի փառատոների մասնակցելուց հետո անպայման կհայտնվի համացանցում` իր պաշտոնական էջով: 
-«Խավարում» ֆիլմի ստեղծմանը էական մասնակցություն է ունեցել Արշալույս Հարությունյանը: Կարծում եմ` ընթերցողին կհետաքրքրի` ո՞րն է այդ դերը:
Ա. Հ.- Չէի ուզենա ինձ առանձնացնել: Նախագծի ընթացքում, սկսած սցենարի ընթերցումից, ստեղծագործական կազմը, տեխնիկական անձնակազմը, բոլորն այնպիսի էներգիայով են աշխատել, այնպիսի հոգեկան ներդրումով, որ ուղղակի աննկարագրելի է: Մենք երեխաներին հեքիաթ պատմելով կադր էինք ստանում, նրանք չէին գիտակցում, թե ինչին են մասնակցում, երևի զգացիք` ինչպիսի՜ աչքեր կան այդ ֆիլմում, ի՜նչ երեխաներ: Տեսախցիկի մի կողմում դերասաններն էին, մյուս կողմում` սպասարկող անձնակազմը, մոտ 40 հոգի, բոլորը լաց էին լինում: Իմ անձը առանձնացնել չէի ուզենա, կարևորը ֆիլմի ստեղծման ընթացքն էր, շատ անկեղծ էր ու ազնիվ: 
Ա. Ե.— Արշալույսի դերը դժվար է ներկայացնել, նախապատրաստական աշխատանքներից մինչև վերջ եղել է իմ կողքին և, անգնահատելի է իր դերը: Ամեն ինչին լավ իմաստով խառնվում է և շատ արդյունավետ:
-Այսինքն` Ձեր օգնակա՞նն է:
Ա. Ե.— Իմ երկրորդ ես-ը: 
-Պարոն Երնջակյան, ցեղասպանությանը նվիրված Ձեր մյուս ֆիլմը լիամետրաժ է լինելու: Նախագիծը ներկայացված է մրցույթի: Սցենարին մի փոքր կծանոթացնե՞ք:
Ա. Ե.— Ֆիլմը կոչվելու է «Ջրհեղեղ»: Դեպքերը տեղի են ունենում Արևմտյան Հայաստանում, որտեղ հայաբնակ գյուղի բնակիչներից մեկը տապան է պատրաստում: Ավելին չեմ ասի:

 http://www.irates.am/hy/1373622944

Հարցազրույցը` Արմինե ՍԱՐԳՍՅԱՆԻ

«Ես մոնտաժում եմ ոչ միայն ներկա, այլև բացակա պատկերները»

«Ես մոնտաժում եմ ոչ միայն ներկա, այլև բացակա պատկերները»

12.07.2013 | 23:24

«ՖԻԼՄԻ ՌԵԺԻՍՈՐՆ ԻՆՁՆԻՑ ՕՐԻՆԱԿ ՎԵՐՑՐԵՑ ՈՒ ԻՆՔՆ ԷԼ Է ԼՌՈՒՄ»

Անվանի կինոռեժիսոր Արտավազդ Փելեշյանին բնութագրել են իբրև կինոբանաստեղծության, կինոպոեմի վարպետ, կինոգեղագետ: Սերգեյ Փարաջանովը նրան անվանել է բացառիկ հանճար: «Փելեշյանի լռությունը» ֆիլմի ռեժիսոր Պիետրո Մարչելլոն ` փորձելով բացահայտել ռեժիսորի լռության գաղտնիքը, հետաքրքիր եզրահանգման է եկել. Փելեշյանի լռության մեջ գաղտնիքներ չկան, գաղտնիքը նրա հանճար լինելու մեջ է:

«Ոսկե ծիրան» 10-րդ միջազգային կինոփառատոնի հետահայաց ցուցադրությունների միջոցառման շրջանակում ներկայացվեցին Արտավազդ Փելեշյանի «Բնիկները», «Տարվա եղանակները», «Վերջ», և «Կյանքը» ֆիլմերը: Տեղի ունեցավ նաև հանդիպում անվանի ռեժիսորի հետ: Մաեստրոն պատասխանեց լրագրողների հարցերին: Իր խոսքը նա սկսեց հումորով, նկատեց, որ ցուցադրվում են իր այն ֆիլմերը, որոնք երիտասարդ տարիներին է նկարահանել, 30, 40, 50 տարի առաջ: «Այն ժամանակ երիտասարդ էի, գանգուր մազեր ունեի, սանր չունեի, հիմա սանր ունեմ, մազեր չունեմ»,— ասաց նա: Տեխնիկական խնդիրներին էլ անդրադարձավ, ասաց` և ժապավենն է բերել, և dividi-ն, ժապավենով ձայնն է վատ, dividi-ով`պատկերը:

«ԱՄԵՆ ԻՆՉ ՊԵՏՔ Է ԼԻՆԻ ԱՅՆՊԵՍ, ԻՆՉՊԵՍ ՊԵՏՔ Է ԼԻՆԻ, ԹԵԿՈՒԶ ԸՆԴՀԱԿԱՌԱԿԸ ԼԻՆԻ»

Արդեն երկար տարիներ կինոսիրողները սպասում են Փելեշյանի նոր ֆիլմին: Հարց է առաջանում`«Վերջը» ֆիլմը վերջակե՞տ է, թե՞ ստորակետ: Շարունակություն է` ասում է ռեժիսորը: Եթե նորից նկարահաներ «Տարվա եղանակները», ոչինչ չէր փոխի, ֆիլմը մարդկանց է վերագրվում, իսկ մարդիկ չեն փոխվել` համոզված է նա:

Եթե այսօր ֆիլմ նկարահաներ Հայաստանի մասին, կանդրադառնար բնությանը:
«Ըստ Ձեզ` 21-րդ դարի առաջին տասնամյակի ամենամեծ նվաճումը ո՞րն է» հարցին պատասխանեց հումորով` «Որ կենդանի ենք մնացել»:

Կինոաշխարհում գոյություն ունեցող փելեշյանի փիլիսոփայություն արտահայտությունը փորձեց բնորոշել մեկ բառով`«Ամեն ինչ պետք է լինի այնպես, ինչպես պետք է լինի, թեկուզ ընդհակառակը լինի»:

«Պիետրո Մարչելլոյի Ֆելեշյանի լռությունը նայե՞ լ եք, համաձա՞ յն եք այնտեղ նկարագրված ձեր լռության հետ» հարցին անդրադառնալով` ասաց. «Գիտեք ինչ, նայել եմ այդ ֆիլմը: Վերնագիրը` «Փելեշյանի լռությունը», պահանջում է, որ փոքր ինչ մոտեցում, բացատրություն լինի, թե ինչո՞ ւմ է կայանում լռության գաղտնիքը, բայց ֆիլմի ռեժիսորը ինձնից օրինակ է վերցրել ու ինքն էլ է լռում: Դա իր լռությունն է, ոչ թե Փելեշյանի»:

Փելեշյանի ֆիլմերում տեղ գտած ազգային տարրերը խոսակցությունների առիթ չեն տվել: Միայն մի դիպված է եղել. ռեժիսորին հասկացրել են, որ անհամեստություն է նման վերնագիր դնելը` «Մենք»: «Իմ կարծիքով նեղ են մոտեցել հարցին, ֆիլմին վերաբերվելով` մենք` հայերս, ես նկատի եմ ունեցել` մենք` մարդիկ, մարդկությունը, որի մի մասն են հայերը»,— ասաց նա:

ԲԱՌԵՐԸ ՇԱՏ ԿԱՐԵՎՈՐ ԵՆ

Իմ ֆիլմերում բառեր չկան, որովհետև դրա կարիքը չի եղել: Բայց բառերը շատ կարևոր են: Գիտե ՞ք ես ինչու չեմ օգտագործել բառեր: Բառը օգտագործելը պահանջում է այնքան տևողությամբ պատկեր, որքան կտևի խոսակցությունը: Իսկ դա խանգարում է կերպար ստեղծելուն, դրա համար ես հրաժարվել եմ բառերից:

Պատկերները, գործողությունը, ձայները, հնչյունը, աղմուկը, երաժշտությունը միասին խոսում են ավելի շատ, քան բառերը:

Օգտագործելով երաժշտություն, պատկերներ և այլն, այսպես ասեմ` ես ստեղծում եմ էմոցիոնալ դաշտ ֆիլմի շուրջը, ոչ թե տվյալ հատվածի, այլ ընդամենը ֆիլմի շուրջը:

ՓԵԼԵՇՅԱՆԱԿԱՆ ԿԻՆՈՆ ԱՄԵՆ ԱՆԳԱՄ ՆԱՅԵԼԻՍ ՄԻ ՆՈՐ ԲԱՆ ԵՍ ԳՏՆՈՒՄ

Գիտե՞ ք դա ինչի հետևանք է: ես չգիտեմ բառերով ինչպես արտահայտեմ, բայց ասեմ հետևալը. ես մոնտաժում եմ ոչ միայն ներկա, այլև բացակա պատկերները: Դա է պատճառը, որ դուք յուրաքանչյուր անգամ նայելիս` նոր բան եք տեսնում: Հետևաբար ամբողջ ֆիլմը կառուցված է, ֆիլմի կեսը, պատկերները բացակա են, բայց մոնտաժի, երաժշտության և պատկերների շնորհիվ նրանք ենթագիտակցության մեջ ներկա են: Ենթադրենք, եթե ես այսօր դրանք ներկայացնեմ, բացակայությունը կվերանա, կստացվի ներկայություն: Հետևաբար խոսքն իսկական բացակայության մասին է:

ՈՎՔԵՐ ԵՆ ԸՆԴՕՐԻՆԱԿՈՒՄ ՄԱԵՍՏՐՈԻՆ

Գիտեք, կրկնօրինակելը դժվար բան է: Ոչ թե վերցրել են փելեշյանի մեթոդը, ավելի լավ բառ կա, այդ մարդիկ ոգևորվել են իմ արածից (անհամեստ եմ ասում) և փորձել են մոտավորապես այդ ոճի ֆիլմեր անել, բայց դա չի նշանակում` կրկնել են Փելեշյանին, նրանք կրկնել են իրենք իրենց, բայց օգտվել են, ասենք, այդ մեթոդից:

ՎԱՎԵՐԱԳՐԱԿԱՆ ԿԻՆՈՆ ՊԵՏՔ Է ՍՑԵՆԱՐ ՈՒՆԵՆԱ

Սցենարը ձեռքիդ պետք է լինի, պետք է նախօրոք որոշես ֆիլմի գաղափարը, թե ինչի՞ ես ուզում նկարահանել, ինչի՞մասին և դա պետք է գրես: Պարտադիր չէ, որ բոլոր դետալները համապատասխանեն, և դու կրկնես, դա քեզ է պետք` որպես ռեժիոր, որ հիշես, ինչ ես ուզում նկարահանել: Իսկ իրականությունը կօգնի քեզ, դրվագներ, դետալներ, էպիզոտներ կբերի, որը դու կվերցնես, բայց կվերցնես այն գաղափարների համար, որ դու նախօրոք մտածել ես:
http://www.irates.am/hy/1373657175
Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Заметка

«Յուրաքանչյուր ոք կարող է իր մեջ Փարվիզ ունենալ»

«Յուրաքանչյուր ոք կարող է իր մեջ Փարվիզ ունենալ»

13.07.2013 | 15:51

50-ամյա Փարվիզը դեռևս ապրում է հոր հետ, և երկու տղամարդիկ այնքան էլ լեզու չեն գտնում: Այդ իրավիճակը հասնում է բարձրակետին, երբ հայրը որդուն հայտնում է, որ մտադիր է նորից ամուսնանալ: Փարվիզն ուրիշ ելք չունի, քան իր տեղը զիջել խորթ մորը և հեռանալ տնից: Իսկ նրա համար դժվար է ապրել նոր՝ միայնակ կյանքով, հարևաններից և իր ճանաչած մարդկանցից հեռու: Ուստի նա գտնում է իր հանդեպ գործված անարդարության դեմ պայքարելու յուրօրինակ ուղի:

Մաջիդ Բարզեգարի (Համադան, Իրան) «Փարվիզ» ֆիլմը ներկայացված է «Ոսկե ծիրան» կինոփառատոնի միջազգային խաղարկային մրցույթում:

Ռեժիսորը լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց, որ «Ոսկե ծիրանը» ժամանակին հրավիրել է իրանական կինոյի մեծերին, և ինքը հպարտ է, որ երևանյան փառատոնում ցուցադրվել է նաև իր ֆիլմը:

«Աշխատել ենք, որ մեր կինոն ունենա իրանական ձայն, բայց առնչվի համամարդկային խնդիրներին»,— ասաց նա, նշելով, որ «Փարվիզն» այն մարդկանց մասին է, ովքեր անտեսվում են, չեն նկատվում հասարակության կողմից, իսկ նման մարդիկ աշխարհում շատ են: Ռեժիսորը համոզված է, որ կայուն կյանքով ապրող ցանկացած մարդ, եթե անտեսվի սիրված մարդկանց կողմից, կունենա նույն ռեակցիան, ինչ Փարվիզը: Նրա խոսքով` յուրաքանչյուր ոք, անկախ նրանից, թե որտեղ է ապրում, կարող է իր մեջ Փարվիզ ունենալ:

Մաջիդ Բարզեգարը տեղեկացրեց նաև, որ Իրանում ամեն տարի արտադրվում է մոտ 70 ֆիլմ, և դրանցից 10-ը, այսպես ասած` տարբերվող, նոր ֆիլմեր են:

Հավելենք, որ «Փարվիզի» գլխավոր դերակատարը հայկական ծագում ունեցող Լևոն Հաֆթվանն է:

http://www.irates.am/hy/1373716364

Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

 

Заметка

Թե ինչպես Քրիսը դարձավ Քրիստա

Թե ինչպես Քրիսը դարձավ Քրիստա

10.07.2013 | 19:30

Քրիսն իրեն զգում է ոչ տղամարդ, ոչ կին, այլ ավելի շատ երկու հոգու պես` զույգ սեռերի արանքում: Սակայն մենեջմենթի 60-ը բոլորած դասախոսը իրագործում է իր կյանքի մեծ փոփոխությունը` վիրահատություն Թաիլանդում, կանացիության վարժանքներ Շվեյցարիայում: Մեկ տարում Քրիսը դառնում է Քրիստա:

Լորանս Պերիգոյի «Երկու հոգու միջև» ֆիլմը ներկայացված է «Ոսկե ծիրան» փառատոնի վավերագրական ֆիլմերի ծրագրում:
Քրիսը, այժմ արդեն` Քրիստան, ռեժիսորի հոր ընկերն է և ուրախությամբ է համաձայնել նկարահանման առաջարկին: Լորանս Պերիգոն նկատեց, որ ֆիլմը նաև սոցիալական խնդիր է լուծում, մարդիկ կհասկանան` ինչպես է կատարվում փոխակերպումը:
Սեռը փոխած Քրիսը ի՞նչ ապրումներ ունի վիրահատությունից հետո, ափսոսանքի զգացում չի՞ ունեցել: Այս հարցերն այդպես էլ առկախ մնացին:
«Քրիսը, արդեն` Քրիստան, դրական, երբեմն նաև ծիծաղելի կերպար է»,- ասաց ֆիլմի ռեժիսորը և իրեն ուղղված մեկ-երկու կցկտուր հարցերից հետո եզրակացրեց, որ հայ լրագրողներին հետաքրքրում են տեղական թեմաները:
Իսկ ինչու Լորանս Պերիգոյին թվում էր, որ մեզ պետք է հետաքրքրեին բացառապես սեռափոխման թեմաները, որոնցից դեռևս «չսեռափոխված» նորմալ ֆրանսիացիներն էլ են արդեն հոգնել։
Հայաստանցի լրագրողներս մեր «սահմանափակ» աշխարհընկալումից ամենևին էլ դժգոհ չենք, և ուրախությամբ ենք փաստում, որ սեռափոփոխությունը մեզ մոտ տեղական թեմա և տեղական խնդիր չէ: Հուսանք` երբեք էլ չի լինի։

Թվում է` ֆիլմը հենց ձանձրույթի մասին է

Թվում է` ֆիլմը հենց ձանձրույթի մասին է

10.07.2013 | 19:32

Լիտվացի ռեժիսոր Լինաս Միկուտայի «Ձուկիայի եզը» ֆիլմը ներկայացված է «Ոսկե ծիրան» 10-րդ կինոփառատոնի վավերագրական մրցույթում:

Ֆիլմում կենդանական աշխարհը, բնությունը պատկերող դրվագները, լուսանկարչական չքնաղ պատկերներ են հիշեցնում, մի փոքր էլ ցրում են ձանձրույթը: Թվում է` ֆիլմը հենց ձանձրույթի մասին է:
Չգիտես ես էլ` որն է ավելի վատ` ձանձրալի ֆի՞լմը, թե՞ ձանձրալի կյանքը:
Տպավորիչ է ֆիլմի ավարտը. հուղարկավորությունից հետո գլխավոր հերոսը` Յոնասը, որի մականունը գյուղացիները «Եզ» են դրել` անհավատալի ուժ պատճառով, մոր աղոթքն է ասում: Մայրը շարունակ խնդրում էր Տիրոջը` իրեն ներել մեղքերի համար, որդուն էլ հետ պահել սխալ ճանապարհից:
Քաղաքային աղմուկից և, այսպես կոչված, «ժամանակակից մշակույթից» հեռու աշխարհի սիրահարները «Ձուկիայի եզը» կարող են դիտել տիկնիկային թատրոնում` հուլիսի 12-ին, ժամը 12:00 և 18:00-ին:

Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

 

Թե ինչպես Քրիսը դարձավ Քրիստա 10.07.2013 | 19:30 Քրիսն իրեն