Заметка

«Երբեմն «ազգային» երգ են երգում` քրդա-թուրքական մեղեդիով»

«Երբեմն «ազգային» երգ են երգում` քրդա-թուրքական մեղեդիով»

07.03.2014 | 18:08

Վարդուհի Խաչատրյանը ժողովրդական, էստրադային, ազգագրական երգերի հեղինակ է: «Սասնա ծռեր» համույթը երգում է նրա «Հայոց կռունկ» երգը, «Արևները» և Գոհար Հովհաննիսյանը` «Քոչարին», հանրային ռադիոյի «Արևիկ» մանկական անսամբլի կատարմամբ հնչում է «Հայաստան» երգը: Պաշտպանության նախարարության «Զորական» անսամբլը Վարդուհի Խաչատրյանի «Հայ զինվոր» երգը ներկայացնում է տարբեր համերգների ժամանակ, ավելի հաճախ` զորամասերում:

Ասում է, որ իր երգերը ծնվում են ամեն օր: Առաջին հեղինակային սկավառակը` «Սիրո կամուրջները» թողարկել է 2002թ.-ին՝ «Արձագանք» ստուդիայում: Մեկ-երկու տարի է ինչ համագործակցում է սիրված երգիչների ու համույթների հետ: Շուտով Աիդա Սարգսյանը կներկայացնի նրա «Հայի երազը», մոտ օրերս էլի համագործակցություններ են սպասվում այլ երգիչների հետ: 
Նրա ստեղծագործությունները ազգային շունչ ունեն: Նկատում է, որ երբեմն ազգային երգ են երգում ` քրդա-թուրքական մեղեդիով, ընդհանուր դաշտը բարձիթողի է, ազգային երգարվեստին քիչ են ուշադրություն դարձնում. «Ես, իհարկե, գոհ եմ, իմ երգերը գնահատվում են, վաստակավոր երգիչները երգում են: Բայց կուզեի լիներ չափորոշիչ, որպեսզի ամեն տեսահոլովակ եթեր չգնար: Այնքան էլ ճիշտ չէ, երբ ամեն օր նույն երգչին ես տեսնում ու լսում` նույն կերպարով, անսյուժե երգերով: Ես բանասեր եմ ու պետք է ասեմ, որ շատ երգերում շարադասական սխալներ կան, ոչ ճիշտ շեշտադրություն: Համբույր բառը, օրինակ, որոշ երգիչներ համբյուր են ասում: Իսկ այն, ինչ հնչում է եթերից, շատ արագ տարածվում է, երեխաներն ընդօրինակում են»: 
Վարդուհի Խաչատրյանի խոսքով` երգն, առհասարակ, պետք է ունենա սյուժե, կերպար, բովանդակություն: Երգը հենց այնպես չի ծնվում, ներշնման աղբյուր է լինում: Մեր երկրում արտագաղթողների բանակը մեծանում է, դա է պատճառը, որ շատ է շոշափում հայրենադարձության թեման: Ուզում է, նոր սերունդն ավելին իմանա հայրենիքի մասին, գնահատի այն, ինչ ունենք: Հայ ժամանակակից կոմպոզիտորներից առանձնացնում է Տիգրան Մանսուրյանին, Ռուբերտ Ամրիխանյանին: Նկատում է, որ այսօր խառնածին երգեր ավելի շատ են լսում, ազգայինը մեռնում է, եթե բոլորս արաբական, թուրքական ոճի երգեր գրենք ու մատուցենք, սերունդը գնալով կսիրի դա, երբ աշուղական երգ լսի, կասի` ի՞նչ երգ է սա:
«Դրսում ազգագրական երգերը մեծ պահանջարկ ունեն ու գնահատվում են ինչպես հարկն է: Կարծում եմ, ինչքան էլ արաբա-թուրքական երգեր ծնվեն` անիմաստ բառերով, միևնույնն է, գալու է մի ժամանակ, երբ վերադառնալու ենք մեր ազգային ակունքներին: Մնալու է այն, ինչ հարազատ է հայի հոգուն, մյուսները թիթեռի կյանք են ունենալու»,- եզրահանգում է զրուցակիցս՝ նշելով, որ վեց-ութն ու ռաբիսը պետք է հնչեն ռեստորանում, ոչ թե եթերում: Մինչդեռ, անգամ ոճերն են խառնում, ասում են էստրադա, երգում են ռաբիս: 
Խնդիրներ կան ոչ միայն երգարվեստի դաշտում: «Հայաստանում կատարվող ցանկացած երևույթ հղի է պայթունավտանգ, բացասական հետևանքներով,- ասում է զրուցակիցս:— Բացթողումները շատ են կրթական ոլորտում, առողջապահական ոլորտում , ամենուր: Կուզեի նաև ամեն մեկն իր մասնագիտությամբ աշխատեր. հաղորդումներ են վարում դերասանները, երգիչները, որոնք չունեն համապատասխան կրթություն: Բնականաբար, նրանց բառապաշարն աղքատ է, լրագրողական էթիկային չեն տիրապետում: Հաղորդումը վարում են այնպես, ինչպես կվարեին իրենց տանը նստած»:
Երգահանը ծրագրեր շատ ունի: Ամռանը կներկայանա հեղինակային երգով: Առայժմ միայն մեկ տեսահոլովակ ունի, որտեղ «Սիրո անուրջներ» երգը հնչում է իր իսկ կատարմամբ: Ասում է, որ տեսահոլովակը ճանաչում է բերում, բայց միևնույնն է, եթե երգիչը ասելիք չունենա, չի ապրի. «Կային երգիչներ, որ բոլոր հեռուստաալիքներով ցուցադրվում էին, բայց այսօր որևէ մեկին չի հետաքրքում, թե որտե՞ղ են նրանք, ինչո՞ւ չեն երգում: Այսօր համերգներն անցնում են դատարկ դահլիճներում, որովհետև մարդիկ հիասթափված են: Նույն երգերն են, նույն դեմքերը»:
Վարդուհի Խաչատրյանը նպատակ ունի դրսում ներկայացնելու իր երգեր: Մտածում է նաև ժողովածու տպագրելու մասին: Հեղինակ է նաև բանաստեղծությունների, պոեմների, գիտական հոդվածների:

Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Заметка

Արամ MP3-ն ելույթ կունենա «Եվրատեսիլ-2014»-ի 1-ին կիսաեզրափակիչում

Արամ MP3-ն ելույթ կունենա «Եվրատեսիլ-2014»-ի 1-ին կիսաեզրափակիչում

21.01.2014 | 12:34

Հայտնի են «Եվրատեսիլ-2014» մրցույթի մասնակից երկրների ելույթների օրերը: Այս մասին տեղեկացնում են Առաջին ալիքի հասարակայնության հետ կապերի բաժնից, նշում, որ Հայաստանի պատվիրակ Արամ MP3-ն ելույթ կունենա մայիսի 6-ին` 1-ին կիսաեզրափակիչ փուլի համերգային 1-ին հատվածում: Յուրաքանչյուր կիսաեզրափակչից միայն 10 երկիր կմրցի եզրափակիչ փուլում` «Եվրատեսիլի» «Մեծ հնգյակ» երկրների հետ: Ըստ այդմ` Իսպանիան, Ֆրանսիան և Դանիան կքվեարկեն 1-ին կիսաեզրափակչում, իսկ Գերմանիան, Իտալիան և Միացյալ Թագավորությունը` 2-րդ կիսաեզրափակչում:

Դանիայում կայանալիք «Եվրատեսիլ» երգի մրցույթին կմասնակցի 37 երկիր:
Համաեվրոպական երգի մրցույթն ուղիղ եթերում հնարավորություն կունենա դիտելու 180 միլիոն մարդ աշխարհի 40 երկրից, այդ թվում` Առաջին ալիքի հեռուստադիտողները:
2014-ի մրցույթը կրում է «Join Us» («Միացիր մեզ») խորագիրը:

Заметка

Հեռանկարային երաժիշտները` ըստ BBC-ի

Հեռանկարային երաժիշտները` ըստ BBC-ի

12.01.2014 | 14:03

Երաժշտագետների շրջանում անցկացված հարցումների արդյունքում «Բի-Բի-Սի» բրիտանական հեռարձակող ընկերությունը 2014-ի հեռանկարային սկսնակ երաժիշտ է ճանաչել 21-ամյա Սեմ Սմիթին` Հարթֆորդշիրից: Այս մասին հաղորդում է Lenta.ru-ն:

«Բի-Բի-Սի»-ի հարցումների համաձայն` առաջին հնգյակում են հայտնվել Էլլա Էյրը, Բենկսը, Սամֆան և Ջորջ Էզրան: Ընդհանուր առմամբ, խոստումնալից երաժիշտների ցանկում ընդգրկված է եղել 15 արտիստ:
Սեմ Սմիթը հայտնի է դարձել 2012-ին, երբ բրիտանական «Disclosur» էլեկտրոնային դուետը թողարկել է Սմիթի վոկալով «Latch» սինգլը: Իր առաջին ալբոմը նա կթողարկի 2014-ի մայիսին: Ալբոմի առաջին սինգլը` «Lay Me Down» երգը, արդեն վաճառվում է, «Money On My Mind-ը» կթողարկվի փետրվարի 16-ին:

Заметка

Ինչո՞ւ մասնակցել «Եվրատեսիլին»

Ինչո՞ւ մասնակցել «Եվրատեսիլին»

08.01.2014 | 11:47

Կարելի է, թերևս, 10 և ավելի պատճառ գտնել «Եվրատեսիլ» երգի հեղինակավոր մրցույթին այլևս չմասնակցելու համար:

Արդեն իսկ կասկածելի են «երգի մրցույթ» և «հեղինակավոր» բնորոշումները: Ստիպված ես ձանձրալի երգերի շարք լսել, մինչև պարզ լինի քո երկրի ներկայացուցչի գրաված տեղը: Դե, եթե մասնակցում են, ցանկալի է, որ վերջերում չհայտնվեն: Բայց խոստովանենք, որ առաջին հորիզոնականներում հայտնվելն էլ բանի նման չէ, որովհետև այս մրցույթում պատրիսիակասսերը չեն հաղթում, որովհետև Արամ MP3-ին շոումեն է, այս գլխացավանք մրցույթն էլ, ոչ ավելի ոչ պակաս, շոու է…

Էլի մի քանի պատճառ: Տասից ավելի երկիր հրաժարվել է մասնակցել «Եվրատեսիլ 2014»-ին ֆինանսական խնդիրների պատճառով: Մեր երկիրն էլ նշված խնդիրն ունի: Անհամեմատ հեղինակավոր մրցույթներ կան, որոնք տառացիորեն մնում են լուսանցքներում: Եվրատեսիլներում քիչ թե շատ հաջողություններ գրանցել ենք, կարող ենք եղածով էլ բավարարվել: Վերջին հաշվով, կարելի է չմասնակցել «Եվրատեսիլ» միջազգային երգի մրցույթին, որովհետև այս մրցույթի կարգախոսները, բազմագույն թիթեռնիկներն ու ադամանդներն անգամ կասկածելի են: Եվ որովհետև չկա տասը պատճառ, որի համար կարելի է մասնակցել «Եվրատեսիլ 2014»-ին:

http://www.irates.am/hy/1389167387

Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Заметка

«Եվրատեսիլ-2014»-ի հայաստանյան ներկայացուցիչը

«Եվրատեսիլ-2014»-ի հայաստանյան ներկայացուցիչը

24.12.2013 | 20:05

Հայաստանը պաշտոնապես հաստատել է իր մասնակցությունը «Եվրատեսիլ-2014» երգի համաեվրոպական մրցույթին: Հայաստանի ներկայացուցչի անունը հայտնի կդառնա Ամանորի գիշերը՝ Առաջին ալիքի տոնական եթերի ժամանակ:

«Եվրատեսիլ-2014»-ը կանցկացվի Կոպենհագենի B&W Hallerne համերգասրահում: Մրցույթը կկրի «Join Us» («Միացիր մեզ») խորագիրը: Ավելին, մրցույթի մասնակիցներնը հնարավորություն կունենան ներկայացնել իրենց ցանկությունները, փոխանակվել գաղափարներով:
«Եվրատեսիլ-2014»-ի խորհրդանիշն ադամանդն է, որն ինչպես համաեվրպական մրցույթը, իր մեջ մեծ ուժ և էներգիա է պարունակում: Ադամանդի արտացոլանքը խորհրդանշում է մրցույթի ոչ միակերպ լինելը` ընդգծելով մասնակից երկրների բազմազանությունն ու առանձնահատկությունները:

Հիշեցնենք, որ մրցույթի ավստրիացի մասնակից, տրանասվեստիտ Կոնչիտա Վուրստի «բազմազանության» քարոզը շատերի զայրույթն է հարուցել: Ավելին, արդեն չի էլ խրախուսվում Հայաստանի մասնակցությունը տարեց-տարի արժեզրկվող, երգ ու երաժշտությունից հեռացող, քաղաքականացված այս շոուին: Ե’վ զուր տեղը գումար է ծախսվում, և’ ջուր ենք լցնում գունային բազմազանությամբ աչքի ընկող մրցույթի ջրաղացին: Մրցույթի կարգախոսն էլ առանձնապես չի ոգևորում` «Միացիր մեզ»:
Ի դեպ, «Եվրատեսիլ-2013»-ը որդեգրել էր «We Are One»` «Մենք մեկ ենք» կարգախոսը, իսկ մրցույթի
խորհրդանիշը ծիածանի բոլոր գույներն ունեցող թիթեռնիկն էր:

Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Заметка

Արգելել «Եվրատեսիլ 2014-ի» ցուցադրումը Հայաստանում

Արգելել «Եվրատեսիլ 2014-ի» ցուցադրումը Հայաստանում

21.12.2013 | 16:19

Ֆեյսբուքյան նոր նախաձեռնությունը հայ հասարակությանն առաջարկում է արգելել «Եվրատեսիլ 2014-ի» ցուցադրումը Հայաստանում:

«Մրցույթը օգտագործվելու է ավստրիացի տրանասվեստիտ, սրտխառոնց առաջացնող մասնակից Կոնչիտա Վուրստի կողմից իր հակամարդկային և հակաքրիստոնեական արժեքները ցուցադրելու և քարոզելու համար,- ասվում է տարածած հայտարարության մեջ:- Մենք, որպես առաջին քրիստոնյա պետության քաղաքացիներ, համոզված ենք, որ ընտանիքը ամուսնական կապն է ՏՂԱՄԱՐԴՈՒ և ԿՆՈՋ միջև: Համասեռ կապերի ու ամուսնությունների քարոզը, սոդոմ-գոմորյան այսպիսի պիղծ արժեքների կրողների ցանկացած ցուցադրում հակասում է մեր ազգային, կրոնական և բարոյական ինքնությանը, լրջագույն վտանգի տակ է դնում մեր և մեր երեխաների ապագան»:

Հիշեցնենք, որ Սերբիան և Բուլղարիան չեն մասնակցելու «Եվրատեսիլ-2014» երգի միջազգային մրցույթին: Ֆինանսական միջոցների բացակայության պատճառով մրցույթին հրաժարվել են մասնակցել նաև Չեխիան, Սլովակիան, Կիպրոսը, Խորվաթիան և մի քանի այլ երկրներ:

Համաձայն վերջին տեղեկությունների` Հայաստանը մասնակցելու է Կոպենհագենում կայանալիք համաեվրոպական երաժշտական մրցույթին: Հավանական թեկնածուն Սոֆի Մխեյանն է: Շրջանառվում է նաև Ջուսը անունը: 
Թե մասնակցող երկիրն ի՞նչ հիմքերով է արգելելու մրցույթի ցուցադրումը, դժվար է ասել, բայց արդեն տասնյակ օգտատերեր միացել են նախաձեռնությանը:

Заметка

Հայաստանը կներկայացնի 15-ամյա Մոնիկա Ավանեսյանը` «Շոկո ֆաբրիկա» երգով (տեսանյութ)

Հայաստանը կներկայացնի 15-ամյա Մոնիկա Ավանեսյանը` «Շոկո ֆաբրիկա» երգով (տեսանյութ)

28.09.2013 | 12:42

Առաջին ալիքի ուղիղ եթերում կայացավ «Մանկական եվրատեսիլ-2013»-ի հայաստանյան ընտրական փուլը: Կիևում նոյեմբերի 30-ին կայանալիք մրցույթում Հայաստանը կներկայացնի 15-ամյա Մոնիկա Ավանեսյանը՝ «Շոկո ֆաբրիկա» երգով: Հաղթողի անունը որոշվեց պրոֆեսիոնալ ժյուրիի և հեռուստաքվեարկության արդյունքներով՝ 50/50 հարաբերակցությամբ: Ժյուրիի կազմում էին երգչուհի Սյուզան Մարգարյանը, երաժշտագետ Նաիրա Գյուրջինյանը, երգահան Արա Գեւորգյանը, երաժիշտ, գործիքավորող Արա Թորոսյանը:

Հիշեցնենք, որ «Մանկական Եվրատեսիլ» երգի մրցույթի գծով ստեղծագործական խումբը ստացել էր մասնակցության 82 հայտ: Ընտրական փուլին կներկայացվեց դրանցից 12-ը: Ընտրություն կատարելիս հաշվի է առնվել ներկայացված երգերի` մրցույթի խիստ կանոններին ու պահանջներին համապատասխան լինելու հանգամանքը, բովանդակությունը, որակն ու հիթային լինելը:

«Մանկական Եվրատեսիլ-2013»-ն այս տարի կանցկացվի նոյեմբերի 30-ին՝ Կիևի «ՈՒկրաինա» արվեստների պալատում: Մրցանակային են համարվելու 1-ին, 2-րդ և 3-րդ հորիզոնականները: Հեղինակավոր մրցույթի հաղթողին կընձեռվի Կոպենհագենում կայանալիք «Եվրատեսիլ-2014» երգի մրցույթին հանդես գալու հնարավորություն:

Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

«Մանկական Եվրատեսիլի» ընտրական փուլին կներկայացվի 12 երգ

«Մանկական Եվրատեսիլի» ընտրական փուլին կներկայացվի 12 երգ

18.09.2013 | 16:41

«Մանկական Եվրատեսիլ- 2013» երգի մրցույթի հայաստանյան մասնակցի ընտրությունը կկայանա սեպտեմբերի 27-ին: Մրցույթը կհեռարձակվի Հ1-ի ուղիղ եթերում:

Ինչպես տեղեկացնում են Հ1-ի հասարակայնության հետ կապերի բաժնից, «Մանկական Եվրատեսիլ» երգի մրցույթի գծով ստեղծագործական խումբը ստացել է մասնակցության 82 հայտ: Ընտրական փուլին կներկայացվի դրանցից 12-ը: Հաղթողը կընտրվի հեռուստաքվեարկության և պրոֆեսիոնալ ժյուրիի ընտրության միջոցով` 50։50 հարաբերակցությամբ:
«Մանկական Եվրատեսիլ-2013»-ն այս տարի կանցկացվի նոյեմբերի 30-ին՝ Կիևի «ՈՒկրաինա» արվեստների պալատում: Մրցանակային են համարվելու 1-ին, 2-րդ և 3-րդ հորիզոնականները: Հեղինակավոր մրցույթի հաղթողին կընձեռվի Կոպենհագենում կայանալիք «Եվրատեսիլ-2014» երգի մրցույթին հանդես գալու հնարավորություն:
Հիշեցնենք, որ «Մանկական Եվրատեսիլ» երգի մրցույթն անցկացվում է 2003-ից: Մրցույթին Հայաստանն առաջին անգամ մասնակցել է 2007-ին, իսկ 2010-ին մրցույթի հաղթող է ճանաչվել Հայաստանը ներկայացնող Վլադիմիր Արզումանյանը` «Մամա» երգով: 2011-ին «Մանկական Եվրատեսիլ»-ը հյուրընկալում էր Հայաստանը: Անցյալ տարի «Մանկական Եվրատեսիլ»-ին Հայաստանը ներկայացնող «Compass Band» խումբը «Sweet Baby» երգով զբաղեցրեց 3-րդ տեղը: Հաղթող ճանաչվեց ՈՒկրաինան:

 

«Մանկական Եվրատեսիլ»-ում փոփոխություններ են նախատեսվում

«Մանկական Եվրատեսիլ»-ում փոփոխություններ են նախատեսվում

06.11.2013 | 13:29

«Մանկական Եվրատեսիլ-2013» երգի միջազգային մրցույթն այս տարի կանցկացվի ՈՒկրաինայի արվեստների ազգային պալատում նոյեմբերի 30-ին` «Be Creative» («Եղի՛ր ստեղծագործ») նշանաբանի ներքո: Հայաստանը կներկայացնի Մոնիկա Ավանեսյանը` «Choco Factory» երգով:

Առաջին ալիքի հասարակայնության հետ կապերի բաժնից տեղեկացնում են, որ «Մանկական Եվրատեսիլ-2013»-ի տարբերանշանը Puzzle Man է: Փազլ հավաքում են աշխարհի բոլոր երեխաները: Այն զարգացնում է երեխայի ստեղծագործական միտքը և խորհրդանշում տարբեր մասնիկներից բաղկացած միասնություն:
Նշենք, որ մրցույթին այս տարի կմասնակցի 12 երկիր: Հայաստանը Եվրոպայի հեղինակավոր պատանեկան մրցույթին ներկայանում է 7-րդ անգամ:
Այս տարի մրցույթի անցկացման կարգում մի շարք փոփոխություններ են նախատեսվում. ներկայացվող երգերի առավելագույն թույլատրելի տևողությունը 3 րոպե է: Միավորներ հայտնող պատանիները քվեարկության արդյունքները կհայտարարեն ոչ թե տեսանյութի միջոցով, այլ հենց համերգային բեմից: Ելույթից առաջ ցուցադրվող հեռուստաբացիկի տևողությունը կլինի 50 վայրկյան` նախորդ 40-ի փոխարեն: Մրցանակային տեղերը կլինեն երեքը: 2-րդ և 3-րդ տեղերը զբաղեցրած մասնակիցները կպարգևատրվեն «Փազլմեն» գավաթներով, իսկ առաջին տեղը զբաղեցրած մասնակիցը հնարավորություն կստանա մասնակցելու «Եվրատեսիլ-2014»-ին:
Մրցույթը կվարեն «Եվրատեսիլ-2013»-ի մասնակից Զլատա Օգնևիչը և հաղորդավար Տիմուր Միրոշնիչենկոն:

 

 

Заметка

«Եվրատեսիլ-2014»-ը` Կոպենհագենում

«Եվրատեսիլ-2014»-ը` Կոպենհագենում

03.09.2013 | 11:25

«Եվրատեսիլ-2014» երգի համաեվրոպական մրցույթը կանցկացվի Կոպենհագենում՝ B&W Hallerne համերգասրահում: Այդ օրերին B&W Hallerne համերգասրահը և դրան հարող տարածքը կփոխակերպվեն Եվրատեսիլյան կղզու, որտեղ կհյուրընկալվեն մրցույթի մասնակիցները, լրագրողները և երկրպագուները: Այս մասին տեղեկացնում են Առաջին ալիքի հասարակայնության հետ կապերի բաժնից, նշում, որԿոպենհագենը նախկինում 2 անգամ հյուրընկալել է Եվրատեսիլը՝ 1964 և 2001 թվականներին, իսկ 2005-ին այստեղ անց են կացվել մրցույթի 50-ամյակին նվիրված տոնակատարությունները:

2014-ի մայիսին կայանալիք համաեվրոպական երգի մրցույթն ուղիղ եթերում հնարավորություն կունենա դիտելու 170 միլիոն մարդ աշխարհի 40 երկրից՝ այդ թվում Առաջին ալիքի հեռուստադիտողները:

2014-ի մրցույթը կրում է «Join Us» («Միացիր մեզ») խորագիրը:

Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Заметка

«Նոր ալիք 2013»-ի վերջին մրցութային փուլը

 «Նոր ալիք 2013»-ի վերջին մրցութային փուլը

27.07.2013 | 13:39

Այսօր Յուրմալայում անցկացվող «Նոր ալիք 2013» երաժշտական մրցույթի վերջին փուլն է: Հայաստանի ներկայացուցիչ Մերի Մնջոյանը կներկայանա պրեմիերայով: Երաժշտության հեղինակը Հայկոն է, խոսքերի հեղինակը՝ Ռուբեն Մխիթարյանը:

Հաջորդ օրը կանցկացվի եզրափակիչ համերգ և մրցանակաբաշխություն: Հաղթողներին տրվելու է երեք գլխավոր մրցանակ՝ «Բյուրեղապակե ալիք» և դրամական պարգև, հանդիսատեսի համակրանքը վայելած մասնակցին՝ «Ադամանդե ալիք»:

Ժյուրիի կազմում են Վալերի Մելաձեն, Վալերիան, Իգոր Կրուտոյը, Իգոր Մատվիենկոն, Իգոր Նիկոլաևը, Կոնստանտին Մելաձեն, Լայմա Վայկուլեն, Լեոնիդ Ագուտինը, Մաքսիմ Ֆադեևը, Տոտո Կուտունիոն, Յուրի Անտոնովը:

Նշենք, որ Հայաստանի մասնակցի` ելույթներից մեկի համար նախատեսված 20 հազար եվրո արժողությամբ հագուստը սոցցանցերում քննարկումների մեծ ալիք է բարձրացրել: «Կոմսոմոլսկայա պրավդա» թերթը նախօրեին հայտնել էր, որ

«Նոր ալիք 2013»-ի ամենաթանկ հագուստը կշռում է 4 կգ, ամբողջությամբ պատված է թանկարժեք և կիսաթանկարժեք քարերով և թափանցիկ է:

Հավելենք, որ «Նորալիք»-ի ստեղծման գաղափարը պատկանում է Իգոր Կրուտոյին և Ռայմոնդ Պաուլին։ Առաջին մրցույթը տեղի է ունեցել 2002-ին Յուրմալայում (Լատվիա): 2008-ից սկսած ամեն տարի անցկացվում է նաև մանկական «Նոր Ալիք»:

Заметка

«Երգը, այո՛, պիտի ծնվի, պիտի հոգի ունենա, պիտի հուզի»

«Երգը, այո՛, պիտի ծնվի,  պիտի հոգի ունենա, պիտի հուզի»

14.06.2013 | 12:04

Շուտով կթողարկվի երգչուհի, երգահան Սրբուհի Ստամբոլցյանի «Գարուն կգա» ձայնասկավառակը` համանուն երգի վերնագրով, որտեղ տեղ են գտել և՛ հին, և՛ նոր երգեր` սիրային, հոգևոր ու տարբեր հոգեվիճակներ նկարագրող:
Սրբուհի Ստամբոլցյանը հանդիսատեսին առավել ծանոթ է «Տիրամոր գովք» երգի առաջին կատարմամբ և երգչուհի Վարդուհի Վարդանյանի կատարած «Հայաստան աշխարհ» երգի խոսքերով:
1992-ին արժանացել է ազգային ֆիլհարմոնիկ գործակալության «Ա-Շոու» ծրագրի «Միսս Սոուլ» կոչմանը, որպես տարվա լավագույն երգչուհի, «Այո» մրցանակաբաշխության առաջին` «Տարվա լավագույն երգ» մրցանակին: Պարգևատրվել է ՀՀ մշակույթի նախարարության պատվոգրով` երաժշտարվեստի ասպարեզում ունեցած ավանդի համար: Հեղինակել է բազմաթիվ երգերի խոսքեր: Դասավանդել է Հայաստանի երգի պետական թատրոնում, Մոսկվայի տարբեր ուսումնական հաստատություններում (վոկալ ոճաբանություն):
Ներկայումս, ստեղծագործական աշխատանքին զուգընթաց, շարունակում է իր աշխատանքը երգի պետական թատրոնում և վոկալի դասեր է տալիս:
ՍՐԲՈՒՀԻ ՍՏԱՄԲՈԼՑՅԱՆՆ այսօր «Իրատես de facto»-ի հյուրն է:

-Որքան ինձ հայտնի է, նվագում եք դաշնամուր, շվի, սրինգ, կիթառ: Իսկ երգեհոնը Ձեզ չի՞ գրավել:
-Հայրս ուզում էր, որ ես դասական երգչուհի դառնամ, քանի որ հազվագյուտ ձայն ունեմ` կոնտրալտո, տատիկիս, այսինքն` հորս մոր, ձայնը: Այդ իսկ պատճառով նման խնդիր երբեք դրված չի եղել:
-Նաև ոճաբան եք, Մոսկվայում աշխատել եք «Moulin Rouge» էլիտար ամսագրում: Օտար ափերը Ձեզ չե՞ն գրավում` մշտական բնակության առումով: Այնպիսի տպավորություն է, որ ով կարողանում է, հեռանում է երկրից:
-Օտար ափերում շատ եմ եղել, բայց այսօր արդեն չէի ցանկանա հեռանալ երկրից, տարիքի հետ շատ ավելի սուր եմ ընկալում «հայրենիք» հասկացությունը: Եթե, իհարկե, կարիքը չդրդի:
-Մայրաքաղաքի արտաքին ձևափոխումները հավանո՞ւմ եք:
-Կան բաներ, որ, այո, բայց մեծ առումով սա արդեն իմ Երևանը չէ, սա իմ մանկության Երևանը չէ:
-Իսկ ներքին ձևափոխումներին ինչպե՞ս եք արձագանքում` նստադուլից մինչև հացադուլ, նախընտրական շրջանից մինչև գազի գնի բարձրացում:
-Ես այս պետության լիարժեք քաղաքացին եմ, սա իմ հայրենիքն է, սա իմ քաղաքն է, իմ… և բնական է, որ այսպես մտածողը չի կարող անտարբեր լինել այս ամենի նկատմամբ:
-Ձեր հայրը` երգեհոնահար, ժողովրդական արտիստ Վահագն Ստամբոլցյանը, հարցազրույցներից մեկում ասել է, որ ինքն ընդդիմադիր լինելու բացառիկ ստաժ ունի: «6 տարեկան էի, երբ 37 թվին հայրիկիս անվերադարձ տարան սիբիրներ, և ես ժողովրդի թշնամու երեխա էի, այդ կնիքը կար ինձ վրա»,- ասել է նա: Դուք նո՞ւյնպես, այսպես ասած, ընդդիմադիր եք, եթե այո, ինչո՞վ է պայմանավորված այդ ճակատում Ձեր լինելը:
-Ես քաղաքականությամբ չեմ զբաղվում, բայց ակնհայտ անարդարությունների մասին լռելն ինձ համար անբարոյականություն է: Ես երբեք ողորմելի ու վախկոտ չեմ եղել, և չեմ հարգի ինքս ինձ, եթե չփորձեմ իմ, թեկուզ չնչին, լուման ներդնել երազածս հայրենիքի իրականացման ճանապարհին:
-Եվ ինչպե՞ս եք մասնակցում երազ-հայրենիքի իրականացման գործընթացին, Ձեր երգով կամ որևէ այլ կերպ, օրինակ, սատարե՞լ եք այս կամ այն քաղաքացիական նախաձեռնությանը:
-Երգով` նույնպես: Քաղաքական թեմաներով 2 երգ ունեմ, որոնք կընդգրկվեն ձայներիզում: Միտինգներին էլ մասնակցում եմ: Հարցազրույցներում էլ եմ անդրադառնում, կարծիքս հայտնում, հեռուստաեթերներում` նույնպես, չնայած մեծ մասամբ մոնտաժվում է:
-Որպես օրինակ, Սերժ Թանգյանի ու մեր հանրապետության նախագահի նամակագրությանը հետևողներից ոմանք հիշեցնում էին, որ «մուզիկանտը չպետք է զբաղվի քաղաքականությամբ»:
-Ի՞նչ է նշանակում «մուզիկանտը չպետք է զբաղվի քաղաքականությամբ». «մուզիկանտը» մարդ չէ՞, երկրի քաղաքացի չէ՞: Իրեն հարգող ամեն մարդ, եթե չասենք, որ պետք է զբաղվի քաղաքականությամբ, գոնե դժգոհության իր ձայնը պետք է բարձրացնի, առավել ևս` արվեստի, մշակույթի մարդը:
-Արձակագիր Լևոն Խեչոյանը հրաժարվեց նախագահի մեդալից, երկրի վիճակի, նաև ազատամարտիկների համար: Մեր հասարակության ամենաանտեսված խավի մասին է խոսքը: Եվ սա նոր երևույթ չէ: Որտե՞ղ էր բացը, ըստ Ձեզ, ինչո՞ւ հերոսամարտից տուն դարձածներն այսպես դուրս մղվեցին կյանքից:
-Կարծում եմ` բոլորիս մեղքն է: Սրան հասցրեց մեր անտարբերությունը, վախկոտ ու ծախու լինելը:
-«Այո» մրցանակաբաշխությունը վատ տարիների լավ հուշերից է: Այսօր այնքան շատ են նման նախագծերը, որ արդեն ձանձրալի են ու չտրամաբանված: Ավելին, անվերջ քեֆ անողներին երբեմն հիշեցնում են, որ երկիրը ժամանակավոր զինադադարի շրջանում է: Ինչպե՞ս պետք է սահմանազատենք «հացն ու զվարճանքը» և ապրեցնող, արժեքավոր երգարվեստը:
-Վերջին տասնամյակներում այնքան խեղեցին մեր ճաշակը, որ հիմա առանց պետական ծրագրերի դժվար թե ինչ-որ բան փոխվի: Ցավոք, չեմ տեսնում պետական այրերի շահագրգռվածությունը, անգամ ավելին. երբեմն թվում է, որ սա հենց ծրագրված հակազգային քաղաքականություն է:
-Ամեն օր երգեր են ծնվում ու մեռնում, ո՞ր դեպքում է երգը հավերժ ապրում:
-Այսօրվա երգերը չեն ծնվում, այլ գրվում են, երգը պիտի, այո՛, ծնվի, պիտի հոգի ունենա, պիտի հուզի…
-Ժամանակակից երգահաններից ո՞ւմ եք հավանում:
-Քիչ չեն, բայց, ցավոք, եթերում են քիչ: Առանձնացնել որևէ մեկին չէի ցանկանա` պարզ պատճառով:
-Իսկ ո՞ւմ եք լսում մերոնցից:
-Արթուր Գրիգորյանի երգերը, Մարինա Ալեսի երգերը, Լիլիթ Պիպոյանին ու Ֆորշին: Բավականին լավ ջազային և ռոք խմբեր ունենք:
-Մեր հեռուստաեթերը մեկ բառով կբնորոշե՞ք:
-Ձեռառնոցի:
-Մի փոքր էլ Ձեր ստեղծագործական ծրագրերի մասին:
-Առջևում ձայնասկավառակս է, ծրագրեր կան ևս մեկ մենահամերգի, այլ խմբերի հետ համագործակցության: Աստվածն առաջ…

Սկզբնաղբյուրը`  http://www.irates.am/hy/1371197278

Զրույցը` Արմինե ՍԱՐԳՍՅԱՆԻ

«Երգը, այո՛, պիտի ծնվի, պիտի հոգի ունենա, պիտի