Заметка

Գարեգին Նժդեհ. «Միայն արին, քաջը, միայն հերոսը կարող է զոհաբերել»

Գարեգին Նժդեհ. «Միայն արին, քաջը, միայն հերոսը կարող է զոհաբերել»

28.01.2014 | 13:28

ՈՒժեղը նա՛ չէ, որի հաղթությունները ռազմական լինելով բարոյական չեն:

…Մենք շատ հաճախ երգո՛ վ ենք հաղթում:

…Գրանիտե հավատ, որ ապստամբած ժողովրդին միայն Աստված կարող է հաղթել:

Մաքիավելին չի օգնի ձեզ:

Եղիր ուժե՛ղ, քանի որ թույլերը բարեկամ չունեն աշխարհի վրա:

Ներկա Հայաստանը կազմում է հազիվ մեկ տասներկուերորդ մասը մեր պատմական հայրենիքի: Դա հայրենիք չէ, այլ հայրենի անկյուն:

Ո՞վ է մեղավոր. Երկրի աշխարհագրական դի՞րքը, քրիստոնեական Եվրոպա՞ն, մահմեդական Ասիա՞ն, ճակատագիրը՞…

-Բոլորը, բացի մեզնից,- կտարամաբանի մեր աննուղելի քաղքենամտությունը:

Անարդար կլինի հավատալ հիվանդին, երբ սա գանգատվում է աշխարհից:

Հոգու հիվանդություն ունեն այն ժողովուրդները, որոնք բողոքում են սեփական հայրենիքից:

Մենք այնքան անարժեք ենք թվում մեզ, որ չենք կարծում, թե քաղաքական աշխարհում որևէ բանի պատճառ, անգամ դժբախտություն կարող ենք և մենք լինել:

Մուրացականությունը զզվելի է ընդհանրապե՛ս, իսկ քաղաքական մուրացկանությունն` առավել:

Միայն արին, քաջը, միայն հերոսը կարող է զոհաբերել:

Ստորությունը մնում է ստորություն անգամ այն դեպքում, երբ նա կատարվում է հանուն ամենանվիրական շահերի. դա նախ բարոյազրկում է և տկարացնում իրենից օգտվողին:

Ժողովուրդները չեն պարտվում, եթե չեն ուզում պարտվել:

Չարժե և չի կարելի օգնել ընկածին, եթե նրան պակասում է ինքնօգնությամբ ոտքի կանգնելու կամքը:

Վաղը հաղթելու է նա, որ մինչ այդ վաղը իր հոգու մեջ կտանի հաղթանակը:

ՈՒզո՞ւմ ես գուշակել, տեսնել ժողովրդի ապագան` նայիր նրա երիտասարդությանը:

Հայրենիքներն ապրում են հայրենասիրությամբ, կործանվում ` դրա պակասից:

Ժողովուրդն առանց հայրենասիրության նույնն է, ինչ մարմինն առանց հոգու:

Փոքր ազգերը պարտադրորեն ավելի հայրենասեր պիտի լինեն, քան մեծերը, մենք ավելի` քան բոլորը:

Կռվի ժամանակ զինվորն ավելի շատ բարոյական մենակությունից է վախենում, քան մահից:

Ռազմավարի հանճարը բխում է նրա հոգու վեհությունից:

Ճապոնացին ապրում է, եթե դա պետք է և մեռնում է, երբ դա արդարացի է:

Հայ կինն ավելի հերոսուհի, քան թախծության մայր պիտի լինի:

Հաճախ վիրավոր, բայց հոգեպես անպարտելի ժողովուրդներն են միայն հաղթում պատմության մեջ:

Հաղթում են ա՛յն ժողովուրդները, որոնք ծանոթ չեն հուսահատություն կոչված ախտին:

Ծաղկաքաղը` Արմինե ՍԱՐԳՍՅԱՆԻ

Заметка

Ազնավուրի հրաժեշտի համերգը

Ազնավուրի հրաժեշտի համերգը

14.12.2013 | 12:52

Աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրի այս տարի աշնանը փայլուն համերգ Է ունեցել Լոնդոնի Royal Albert Hall-ում: Շանսոնյեին դիմավորել են լեփ-լեցուն դահլիճում:

Ըստ լուրերի` Շառլ Ազնավուրը կրկին բեմ կբարձրանա Լոնդոնում 2014- հունիսի 1-ին` հրաժեշտի համերգի համար: Նույն օրը կնշի նաև իր 90-ամյակը:
Շառլ Ազնավուրը հեղինակ է մոտ 1000 երգի, այդ թվում` բազմաթիվ միջազգային հիթերի` «Մամա», «Բոհեմ», «Դեռ երեկ», «Երիտասարդություն», «Երկու կիթառ», «Նա» «Հավերժական սեր», «Ավե Մարիա» և այլ: Իր ամենամեծ հաջողություններից մեկն ունեցել է Միացյալ Թագավորությունում՝ «She» («Նա») երգով:
Երաժշտի` մինչ օրս վաճառված ձայնասկավառակների թիվն ամբողջ աշխարհում շուրջ 100 միլիոն է, խաղացել է 80 ֆիլմում, հազարավոր համերգներ է ունեցել ողջ աշխարհում:

Այս տարի Ազնավուրը Հայաստանում էր «Ոսկե ծիրան» կինոփառատոնի շրջանակում: Շառլ Ազնավուրի անվան հրապարակում բացվեց մեծ շանսոնյեի «Աստղը»: Փառատոնի բացման օրը Ազնավուրը բեմ չբարձրացավ, ինչը դժգոհությունների որոշակի ալիք բարձրացրեց: Կարելի է ենթադրել, որ հրաժեշտի լոնդոնյան համերգը նույնպես կտխրեցնի շանսոնյեի հայաստանյան երկրպագուներին:

Заметка

«Բայց պե՞տք է ունենան այդ լայնամտությունը, իմանան, որ Կոմիտասի, Եկմալյանի պատարագից բացի այս պատարագն էլ կա»

25.10.2013 | 17:23

Նոյեմբերի 1-ին, 19.00-ին, Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը կկայանա Քրիստափոր Կարա-Մուրզայի պատմական, հայկական առաջին բազմաձայն պատարագի պրեմիերան:

Այս պատարագի ձեռագրերը համարվում էին կորսված, սակայն մեր հայրենակից, նյու-յորքաբնակ երաժշտագետ Գրիքոր Փիթեջյանի շնորիվ գտնվել են Ռ. Մելիքյանի ձեռագրերի պահոցում, Լիմոնջյանական նոտայագրությամբ:
Իր ժամանակին Կարա-Մուրզայի քառաձայն պատարագը հանդիպել է պահպանողական եկեղեցականների դժգոհությանը և, ի վերջո, Կարա-Մուրզային հեռացրել են իր պաշտոնից:
Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ Երևանի պետական կամերային երգչախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Հարություն Թոփիկյանը նկատեց, որ Կարա- Մուրզան իր ժամանակին կոչվել է Միստր Մաժոր, և կամերային երգչախումբն այդ լուսավոր գույների մեջ է ներկայացնում պատարագը:
Անդրադառնալով irates.am-ի` «Հնարավո՞ր է, որ այսքան տարիներ կորսված պատարագն այսօր արդեն մատուցվի եկեղեցում» հարցին Հարություն Թոփիկյանն ասաց, որ դա Վեհափառը պետք է վճռի, բայց քանի որ Խորենյան պատարագը իրավունք կա կատարելու, շատ կուզենար, որ Կարա-Մուրզայի պատարագը` խմբագրմամբ Գրիքոր Փիթեջյանի, նույնպես արժանանար այդ պատվին:
Գրիքոր Փիթեջյանը հավելեց, որ հարցը միայն կատարել-չկատարելը չէ, այլ այն, որ այս պատարագը միշտ ներկա լինի հայ եկեղեցու, հայ երաժշտության, մշակույթի, գրականության մեջ:
«Ինչո՞ւ մոռանալ դա: Վերին իշխանություններից է կախված` կկատարե՞ն, թե՞ ոչ: Բայց պե՞տք է ունենան այդ լայնամտությունը, իմանան, որ Կոմիտասի, Եկմալյանի պատարագից բացի այս պատարագն էլ կա: Մանավանդ որ հայերի համար մեծ արժեք ունի,— ասաց նյույորքաբնակ երաժշտագետը:- Երբ կորսված էր, բոլորն ասում էին` ցավոք, չենք կարող ներկայացնել այն: Հիմա ցավ չունենք, ինչո՞ւ ցավենք, ուրախանանք, վայելենք»:

Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Заметка

«Կոմիտասն ասում է` մեր քաղաքակրթությունը գտա մեր հեռու, խուլ գյուղերում, ձորերի մեջ, պարզ մարդկանց մեջ»

«Կոմիտասն ասում է` մեր քաղաքակրթությունը գտա մեր հեռու, խուլ գյուղերում, ձորերի մեջ, պարզ մարդկանց մեջ»

27.09.2013 | 12:29

Երբ ասում ենք Կոմիտաս, հասկանում ենք Արևելյան և Արևմտյան Հայաստանի 1000-ամյակների ամբողջ մշակույթը` արտահայտված երաժշտության լեզվով: Մինչ այդ ասվում էր` մենք եղել ենք հին ազգ, մեծ ազգ, մենք ունեցել ենք մեր ոգին: Միայն ասվում էր: Այդ տարիներին հայերն իրենց ազգանունը փոխում էին, դնում Հայկունի, Ամատունի, ասում էին, որ իրենք հայկական այդ տոհմերի շարունակությունն են և երգում էին հայրենասիրական երգեր` ռուսական ռոմանսներով, չգիտեին անգամ՝ որն է հայկական երգը: Կոմիտասը բերեց այն, ինչը համարյա հնարավոր է ձեռքով բռնել` հենց այդ ոգին: Այնտեղ կային Հայաստանի աշխարհագրությունը, ամբողջ հայ աշխարհը, որովհետև այդ երգերը արտահայտում էին պատմական բոլոր ժամանակները, մեր լեռները, երկինքը, այն չքնաղ հայրենիքը, որ մենք ունեցել ենք և մեծ մասը կորցրել: Պոլսի թերթերը գրում էին` մենք վերջապես ճանաչում ենք մեզ և անմիջապես ենք ճանաչում»,- ասաց կոմպոզիտոր, կոմիտասագետ ԱՐԹՈՒՐ ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆԸ։

«Արարէ» հայագիտական հիմնադրամի, «Մեծահասակների ցկյանս ուսումնառություն» ՀԿ-ի, Հայաստանի երիտասարդական հիմնադրամի համահայկական երիտասարդական կենտրոնի նախաձեռնած «Ճանաչել իմաստություն» ծրագրի 53-րդ հանդիպուման ժամանակ, որը նվիրված էր Կոմիտասին: Նա նաև ընդգծեց, որ խոսքը միայն երգի մասին չէ, այլև տիեզերական օրենքների, որ արտահայտում է տվյալ ժողովրդի էությունը:
«Հիմա, երբ ես գնում եմ Եվրոպա՝ դասախոսության, ինչպե՞ս եվրոպացուն բացատրեմ` ինչ է մեզ համար «Ակնա օրորը»,- ասաց Ա. Շահնազարյանը:- Հայ մայրը, երբ երգում էր օրորը, հավատում էր, որ դա լսել է արևից, որ արևը երգել է իր մանկան համար, և դա լսել է մի մայր, որ գնացել է արևի մոտ` իր երեխայի համար կյանք խնդրելու: Ժողովրդի միֆոլոգիան գալիս է շատ հնուց: Հեռավոր արևի ձայնը կա մեր բոլոր երգերում»:
Հայ ժողովրդի ողջ էությունն է արտահայտվում կոմիտասյան երգերում. կան աշխատանքի երգեր, սիրո, ռազմական, էպիկական, պարային` աշխույժ, դանդաղ: Կոմիտասը 3000 երգ և պարեղանակ է գրառել, որոնցից պահպանվել են մոտ 1500-ը, հնչել են մոտ 300-ը: 1200 նմուշ մինչ օրս որևէ տեղ չի հնչել, դրանք թղթի վրա են:
Արթուր Շահնազարյանն անդրադարձավ նաև հայկական նոտագրությանը: Մեր եկեղեցական երաժշտությունը պահպանվել էր խազերով, բայց շուրջ 400 տարի խազերի բանալին կորած էր: Այդ երգերը հիշողությամբ են երգել և, իհարկե, աղավաղումներ են եղել: Կոմիտասը 20 տարի զբաղվում է խազերի ուսումնասիրությամբ և վերծանում «պարզ խազերը»:
«Հնում և միջնադարում չկար առանձին «երաժիշտ» հասկացություն, կային երաժիշտ փիլիսոփաներ, և երաժշտությունը բացատրվում էր տիեզերական օրենքներով,— ասաց բանախոսը:— 7 ձայները 7 լուսատուներն էին, 12 եղանակները` 12 համաստեղությունները, ամեն լադ համապատասխանում էր մարդու մարմնի որևէ մասին և այլն: Դրա համար Կոմիտասն ասում էր` խազերով զբաղվելու համար պետք է աստղաբաշխություն իմանալ, տիեզերագիտություն, ամբողջ հին մշակույթը»:
Երբ Կոմիտասին տեղափոխում են հոգեբուժարան, նրա ձեռագրերը տարբեր պատճառներով արդեն ցրված էին այս ու այն կողմ: Այդ ձեռագրերի հայտնաբերման գործը շարունակվում է մինչ օրս: Կորած էին համարվում հարյուրավոր երգեր, գիտական աշխատությունների հատվածներ, նաև Կոմիտասի խազաբանական ձեռագրերը, խազերի բանալու գյուտը: Ա. Շահնազարյանն այդ ձեռագրերը ի մի է բերել և 2001-ին հրատարակել իր «Խազերի կոմիտասյան վերծանության հայտնությունը» գրքում:
Կոմիտասը ոչ միայն փրկում է մեր ամբողջ մշակույթը, այլև ստեղծում ներդաշնակության նոր համակարգ (աշխարհում կար միայն դասական երաժշտության համակարգը` դասական հարմոնիան): «Նա ստեղծեց բոլորովին նոր հարմոնիա, մենք ունեցանք մեր մտածողությունը»,- ասաց Ա. Շահնազարյանը և նշեց, որ խոսքը ոչ թե երաժշտական կառույցի մասին էր, այլ հայի մտածողության: Այնտեղ կան մեր ճարտարապետական օրենքները և մեր փիլիսոփայությունը: Այդ համակարգը կենտրոնաձիգ է, ոչ թե շղթայաձև` եվրոպականի նման: Այստեղից եզրակացնում են, որ մեր տոմարը չի կարող լինել այնպիսին, ինչպիսին ներկայացնում են: Մեր տոմարը նման է մեր երաժշտության համակարգին, որտեղ չկա նոր տարի, կա կենտրոնում Տարի օր, որ դուրս է տարուց: Ամեն նոտա իր ամիսն ունի, դրա համար մենք ունենք 12 ամիս` յուրաքանչյուրը բաղկացած 30 օրից և 5 օր, այդ 5 օրը տարուց դուրս է համարվում, դա պետք է լինի գարնան և ձմեռվա կենտրոնում, այդ 5 օրվա կենտրոնի օրն էլ Տարի օրն է:
«Մայրություն, բարություն, սեր, խնամք, հավատարմություն. մարդկային պարզ հատկություններն են եղել և՛ տոմարում, և՛ երաժշտության մեջ, ամեն ինչի հիմքում, և երբ սա վերանա, նոր կհասկանան, թե ինչ են կորցրել,— նկատեց բանախոսը:— Ամերիկացի մի ծեր մարդ պատմում է, որ երբ ինքը մանուկ էր, Ամերիկայի գյուղերում մարդիկ օգնում էին իրար: Այնպես են անում, որ փլուզվի այդ համակարգը, ընդհուպ մարդ են սպանում, որովհետև մարդկային այդ պարզ համակարգը շատ «վտանգավոր» է չարի համար: Կոմիտասը մեր քաղաքակրթությունը գտավ մեր հեռու, խուլ գյուղերում, ձորերի մեջ, պարզ մարդկանց մեջ: Պոլսի թերթերը գրեցին` մենք սպասում էինք, որ մեր քաղաքակրթության տեսակը կգա ազնվականներից` վերևից, բայց գոմից, ցեխերից է գալիս: Մինչ այդ մտածում էին` չոբան է, հանկարծ հասկացան` չոբան չէ, իրենց եղբայրն է, մի հսկա քաղաքակրթություն պահած-անտեսված մարդ-ժողովուրդ է, հին, բնիկ ժողովուրդ, այդ հողից ծնված»:
Արթուր Շահնազարյանն իր խոսքը եզրափակեց հայտնի մանրապատումով, որ վերաբերում է Խրիմյան Հայրիկի կաթողիկոսության շրջանին: Գերմանացի մի հնախույզ հետաքրքրվում է հնագիտական արժեք ունեցող իրերով: Երբ նրան ներկայացնում են Խրիմյանին, վերջինս հնագետին ասում է, որ թանկագին հնություն ունի: Հինգերորդ դարի` փորձում է գուշակել հնագետը: Կաթողիկոսն ասում է` դրանից էլ հին, Քրիստոսից էլ հին, Մովսեսից էլ հին: Դա իմ ազգն է: Անտեսած այս թանկագին հնությունը՝ հին քար կամ առարկա եք փնտրում։

http://www.irates.am/hy/1380270699
Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Заметка

Սոս Սարգսյանը կադրում այնքան ճշմարտացի էր, որ երկրորդ պլանում կենցաղային իրերը սխալ էին թվում

Սոս Սարգսյանը կադրում այնքան ճշմարտացի էր, որ երկրորդ պլանում կենցաղային իրերը սխալ էին թվում

29.09.2013 | 13:28

Մի հավք զարկի ես մի օր.

Թըռա՜վ, գընաց վիրավոր…

Համազգային թատրոնը բազմամարդ էր, հնչում էր սիրված դերասանի կենդանի ձայնը, շուրջ բոլորը մոմեր էին, հրաժեշտի ծաղիկներ, զսպված արցունքներ, լուռ աղոթք: Զրույցները ՍՈՍ ՍԱՐԳՍՅԱՆԻ բացակայության ու նրա մշտատև ներկայության մասին էին: Ավելի քան երբևէ օդում թևածում էին հուշերը, ափսոսանքը, մտատանջությունը: Ավելի քան երբևէ շրջանառվում էր Համազգային թատրոնի շենքի հարցը: Դա վարպետի վերջին, մեծ երազանքն էր:

«ՆԱ ԻՐԵՆ ՉԽՆԱՅԵԼՈՒՉԱՓԱՆԿԵՂԾ ԷՐԻՐԵՆ ՉԽՂՃԱԼՈՒՉԱՓ` ԱՆԿԵՂԾ»

«Մեզնից կախված ամեն ինչ արեցինք, բազմիցս հարցը բարձրացվել է, նույնիսկ հանրային քննարկում եղավ, կարծես թե ոչ մի խանգարող բան չկար, բայց ձգձվեց, ձգվեց և արդյունքում մեր պապին (մենք Սոս Սարգսյանին պապի էինք ասում) չտեսավ թատրոնի շենքը,-ասաց Համազգային թատրոնի դերասան ԿԱՐԵՆ ԽԱՉԱՏՐՅԱՆԸ:- Ասում էր, գոնե հիմքը գցեն, տեսնեմ, գոնե դա տեսնեմ: Այդպես էլ չտեսավ: Դա համարում եմ անխղճություն»:
Շենքի հարցը միշտ եղել է համազգայինի խնդիրների խնդիրը: Դերասանը պատմեց, որ էքսպոյի ժամանակ խաչբառ են կազմել, հարցին, թեո՞րն է Համազգային թատրոնի երազանքը, պատասխանել է հանրապետության նախագահը: Նա իր ձեռքով գրել է` շենք:

Ի՞նչ կլինի Համազգայինի երազանքի հետ հիմա արդեն, երբ Սոս Սարգսյանը մեզ հետ չէ:

«Ես հույս ունեմ, որ խոսքը, որ տվել են` շենքը կառուցելու, ի վերջո, տղամարդու խոսք է»,- վրդովված ասաց դերասանը:
Նա պատմելու շատ բան ուներ, կարծում եմ, անվերջ կարող էր խոսել Սոս Սարգսյանի մասին: Ասաց, որ մեծ փիլիսոփա էր Սոս Սարգսյանը, շատ բան էր տեսել և ինչ-որ տեսել էր, տեսել էր միայն հայի աչքերով : Դրանում էր նրա ամբողջ հմայքը: Պատմեց, որ ներկա է եղել համազգայինի վերջին պրեմիերային` Չեխովի «Քեռի Վանյա» ներկայացմանը: «Հացի խնդրի» բեմադրությունը նրան շատ է ուրախացրել, ներկա է եղել փորձերին, վարել է փորձը, բեմադրությունն էլ ստացվել է այնպես, ինչպես ինքն է ուզել: «Ծննդյան տոները սենյոր Կուպելլոյի տանը»` նրա վերջին բեմադրությունն էր: «Այդ ներկայացումը, կարծես, իր մասին էր, հանձինս գլխավոր հերոսի, երևի, ինքն իրեն էր տեսնում,-ասաց դերասանն ու հավելեց:- Սիրում էր մեզ, գովեստի խոսքեր էր ասում, նրա ներկայությունը ոգևորող էր ու զսպող: Միշտ ասում էր բեմում ազնիվ եղեք, մի խաբեք հանդիսատեսին ձեր հույզերով, ձեր լացով: Հենրիկ Մալյանն ասում էր` Սոս Սարգսյանը կադրում այնքան ճշմարտացի էր, որ երկրորդ պլանում` կենցաղային իրերը սխալ էին թվում: Հազվադեպ է այդպիսի բան լինում, դա ֆանտաստիկ բան է: Նա իրեն չխնայելու չափ անկեղծ էր, իրեն չխղճալու չափ`անկեղծ»:

 

 

«ԱՅՍ ՄԱՐԴԻԿ ՊԻՏԻ ՀԱՎԵՐԺ ԱՊՐԵՆ, ԵԹԵ ՉԵՆ ԱՊՐՈՒՄ ՀԱՎԵՐԺ, ՈՒՐԵՄՆ ԻՆՉ-ՈՐ ՏԵՂ ԻՆՉ- ՈՐ ԲԱՆ ՍԽԱԼ Է»

Զրուցեցինք նաև վաստակավոր դերասան ՌԱՖԱՅԵԼ ՔՈԹԱՆՋՅԱՆԻ հետ: Նա պատմեց մի տխուր ճամփորդության մասին, երբ Սոս Սարգսյանի հետ գնացել են Անդրկովկասի ամենամեծ դերասանուհու` Վերիկո Անջապարիձեի թաղմանը:«Հիշում եմ, թե որքան ճիշտ հրաժեշտի խոսք ասաց և վերջում ավելացրեց` պետք է խոստովանել, որ պանթեոնը շատ հարստացավ, բայց բեմը դատարկվեց և աղքատացավ, որովհետև գնաց մեծագույն դերասանուհին: Այսօր նույն խոսքերը իրավամբ կարելի է ասել ՍոսԱրտաշեսիչի համար: Մեր պանթեոնը հարստացավ, բայց մեր բեմը, մեր կյանքը աղքատացավ: Եթե գնում են այսպիսի մեծ մարդիկ, ուրեմն աշխարհում ճշմարտություն չկա, որովհետև այս մարդիկ պիտի հավերժ ապրեն, եթե չեն ապրում հավերժ, ուրեմն, ինչ-որ տեղ ինչ-որ բան սխալ է: Այսօր մենք ականատես ենք լինում կյանքի այդ սխալին: Մեզ համար նա խորհրդանիշ էր և նահապատ: Այսօր մենք ճանապարհ ենք գնում նահապետին»:

«ԴԱ ՄԵՐ ԻՄԱՑԱԾ ԴԱՍԱԿԱՆ ԱՍՄՈՒՆՔԸ ՉԷՐ, ԴԱ ԽՈՍՔ ԷՐ` ՄԱՐԴՈՒ ՀՈԳՈՒ ՄԵՋ ՄՏՆՈՂ»

«Մշտապես մտածել եմ` այս կամ այն քայլս ի՞նչ տպավորություն կթողնի նրա վրա»

Ռեժիսոր, Երևանի քաղաքապետի խորհրդական ԱՐԱՄ ՍՈՒՔԻԱՍՅԱՆԸ խոսեց Սոս Սարգսյանի թողած «մեծ բացակայության» մասին` թատրոնի, կինոյի աշխարհում, նաև մեր հասարակական կյանքում: «Նրանով ավարտվեց մի ամբողջական դարաշրջան, քաղաքացու այս կերպարը պարզապես ուսանելի է, նա շարունակելու է իր կերպարով մեզ բոլորիս ուղղորդել: Ես եղել եմ իր ուսանողը և մշտապես մտածել եմ` այս կամ այն քայլս ի՞նչ տպավորություն կառաջացնի նրա մեջ, շարունակելու եմ ենթագիտակցությանս մեջ ունենալ իր տեսակը, անընդմեջ փորձելու եմ հասկանալ` ի՞նչ կմտածեր իմ այս կամ այն քայլի, ստեղծագործական աշխատանքի, ընդհանրապես, գործունեությանս մասին: Կարծում եմ, ինձ ու շատ-շատերին առավել զգոն կպահի նրա կերպարը նաև այսուհետ»:

Արամ Սուքիասյանը հիշատակեց նաև ֆիլմերն ու ներկայացումները, որտեղ ֆենոմենալ, զարմանահրաշ կերպարներ է կերտել վարպետը` «Սպիտակ անուրջներ», «Լիր արքա», «Եռանկյունի», «Հեղնար աղբյուր», «Գիքորը»… Նշեց, որ նրա խոսքի կուլտուրան, անմիջականությունը, իրեն հատուկ, յուրօրինակ երաժշտականութունը երբեք կապկել չի լինի: «Ոսկե ֆոնդում առկա են նյութեր, որոնք մեր մշակութային գանձարանի լավագույն նմուշներն են, դրանք իրավամբ հուշարձաններ են` գրական արվեստի և դրա մատուցման ժանրում,-ասաց Արամ Սուքիասյանը:- Սոս Սարգսյանի ընթերցածը երբեք չէր կարելի ասմունք անվանել, դա մեր իմացած դասական ասմունքը չէր, դա խոսք էր` մարդու հոգու մեջ մտնող, լիներ Իսահակյան, Թումանյան, թե Նարեկացի: Բազմաթիվ փորձեր են արվել Նարեկացի ընթերցելու, լավագույնը շարունակում է մնալ Սոս Սարգսյանի ընթերցածը, այնքան հայերեն, այնքան մատչելի»:

Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

 

Заметка

Ռուբեն Սևակի անվան թանգարան

Ռուբեն Սևակի անվան թանգարան

11.09.2013 | 11:53

«Ես իրապաշտ եմ, ամեն իրականութենե վեր մեկ իրականություն մը կճանչնամ՝ ապրված, զգացված կյանքը և ոչ թե երևակայված կյանքը»:

Ռուբեն Սևակ

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում բացվել է Ռուբեն Սևակի անվան թանգարան: Ղազարապատ կոչված պատմական շենքում տեղակայված թանգարանում, որ հիմնանորոգվել է ֆրանսահայ Հովհաննես Չիլինկիրյանի բարերարությամբ, ցուցադրվելու են Մայր Աթոռին նրա նվիրաբերած բացառիկ և արժեքավոր շուրջ 200 կտավներ, ինչպես նաև` նշանավոր նահատակ բանաստեղծ, արձակագիր և բժիշկ Ռուբեն Սևակին պատկանող ածխանկարներ, անձնական իրեր ու փաստաթղթեր, պատմական սրբազան ցուցանմուշներ և հայ արվեստի արժեքավոր գործեր:

Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր խոսքոմ նշել է, որ թանգարանի հիմնումը հարգանքի տուրք և խոնարհում է ինչպես Ռուբեն Սևակին, այնպես և Գրիգոր Զոհրապին, Սիամանթոյին, Վարուժանին, Կոմիտասին, մեր մյուս մեծերին, մեկ և կես միլիոն մեր անմեղ զոհերին, ովքեր չուրացան իրենց հավատքն ու հայրենիքը և ընդունեցին նահատակության պսակը: «Թանգարանը նվիրվում է Հայոց Ցեղասպանության 100-ամյա տարելիցի ոգեկոչմանը և ունի առանձնահատուկ նշանակություն,- ասել է վեհափառը:— Այն այցելուների միջոցով վերածվելու է ղողանջող անլռելի զանգակատան, որի ձայնը լսելի պիտի լինի աշխարհում` նպաստելով Ցեղասպանության միջազգային ճանաչմանն ուղղված ջանքերին»:

Հավելենք, որ բանաստեղծի եղբորորդի Հովհաննես Չիլինկիրյանի հովանավորությամբ Ռուբեն Սևակի հիշատակի տուն է հիմնադրվել Ֆրանսիայի Նիս քաղաքում:

Երևանում Ռուբեն Սևակի անունով կոչվել են փողոց և դպրոց, որի առջև դրվել է նրա կիսանդրին:

Заметка

«Փելեշյանի լռության մեջ գաղտնիքներ չկան, գաղտնիքը նրա հանճար լինելու մեջ է»

«Փելեշյանի լռության մեջ գաղտնիքներ չկան, գաղտնիքը նրա հանճար լինելու մեջ է»

16.07.2013 | 11:37

Անվանի կինոռեժիսոր Արտավազդ Փելեշյանին բնութագրել են իբրև կինոպոեմի վարպետի, կինոգեղագետի, Սերգեյ Փարաջանովը նրան անվանել է բացառիկ հանճար: «Փելեշյանի լռությունը» ֆիլմի ռեժիսոր Պիետրո Մարչելլոն, փորձելով բացահայտել ռեժիսորի լռության գաղտնիքը, հետաքրքիր եզրահանգման է եկել. «Փելեշյանի լռության մեջ գաղտնիքներ չկան, գաղտնիքը նրա հանճար լինելու մեջ է»:
«Ոսկե ծիրան» 10-րդ միջազգային կինոփառատոնի հետահայաց ցուցադրությունների միջոցառման շրջանակում ներկայացվեցին Արտավազդ Փելեշյանի «Բնիկները», «Տարվա եղանակները», «Վերջ» և «Կյանքը» ֆիլմերը: Տեղի ունեցավ նաև հանդիպում անվանի ռեժիսորի հետ: Իր խոսքը նա սկսեց հումորով, նկատեց, որ ցուցադրվում են իր այն ֆիլմերը, որոնք երիտասարդ տարիներին է նկարահանել, 30, 40, 50 տարի առաջ: «Այն ժամանակ երիտասարդ էի, գանգուր մազեր ունեի, սանր չունեի, հիմա սանր ունեմ, մազեր չունեմ»,— ասաց նա:
Արդեն երկար տարիներ կինոսիրողները սպասում են Փելեշյանի նոր ֆիլմին: Հարց է առաջանում` «Վերջը» ֆիլմը վերջակե՞տ է, թե՞ ստորակետ: Շարունակություն է` ասում է ռեժիսորը: Եթե նորից նկարահաներ «Տարվա եղանակները», ոչինչ չէր փոխի, ֆիլմը մարդկանց է վերագրվում, իսկ մարդիկ չեն փոխվել, համոզված է նա:
«Ըստ Ձեզ` 21-րդ դարի առաջին տասնամյակի ամենամեծ նվաճումը ո՞րն է» հարցին պատասխանեց հումորով` «Որ կենդանի ենք մնացել»:
Կինոաշխարհում գոյություն ունեցող «Փելեշյանի փիլիսոփայություն» արտահայտությունը փորձեց բնորոշել մեկ բառով.«Ամեն ինչ պետք է լինի այնպես, ինչպես պետք է լինի, թեկուզ ընդհակառակը լինի»:
«Պիետրո Մարչելլոյի «Փելեշյանի լռությունը» նայե՞լ եք, համաձա՞յն եք այնտեղ նկարագրված ձեր լռության հետ» հարցին անդրադառնալով` ասաց. «Գիտե՞ք ինչ, նայել եմ այդ ֆիլմը: Վերնագիրը` «Փելեշյանի լռությունը», պահանջում է, որ փոքր-ինչ մոտեցում, բացատրություն լինի, թե ո՞րն է գաղտնիքը, բայց ֆիլմի ռեժիսորը ինձնից օրինակ է վերցրել ու ինքն էլ է լռում: Դա իր լռությունն է, ոչ թե Փելեշյանի»:
Փելեշյանի ֆիլմերում տեղ գտած ազգային տարրերը խոսակցությունների առիթ չեն տվել: Միայն մի դիպված է եղել. ռեժիսորին հասկացրել են, որ անհամեստություն է նման վերնագիր դնելը` «Մենք»: «Իմ կարծիքով` նեղ են մոտեցել հարցին. ֆիլմին վերաբերվելով` մենք` հայերս, ես նկատի եմ ունեցել` մենք` մարդիկ, մարդկությունը, որի մի մասն են հայերը»,— ասաց նա:
Ասում են` փելեշյանական կինոն ամեն անգամ նայելիս մի նոր բան ես գտնում։ «Գիտե՞ք դա ինչի հետևանք է: Ես չգիտեմ բառերով ինչպես արտահայտեմ, բայց ասեմ հետևալը. ես մոնտաժում եմ ոչ միայն ներկա, այլև բացակա պատկերները: Դա է պատճառը, որ դուք յուրաքանչյուր անգամ նայելիս նոր բան եք տեսնում: Հետևաբար ամբողջ ֆիլմը կառուցված է, ֆիլմի կեսը, պատկերները բացակա են, բայց մոնտաժի, երաժշտության և պատկերների շնորհիվ նրանք ենթագիտակցության մեջ ներկա են: Ենթադրենք, եթե ես այսօր դրանք ներկայացնեմ, բացակայությունը կվերանա, կստացվի ներկայություն: Հետևաբար խոսքն իսկական բացակայության մասին է»,- ասաց Արտավազդ Փելեշյանը:
Ովքե՞ր են ընդօրինակում մաեստրոյին։ «Կրկնօրինակելը դժվար բան է,— ասում է նա:- Ոչ թե վերցրել են Փելեշյանի մեթոդը, ավելի լավ բառ կա, այդ մարդիկ ոգևորվել են իմ արածից (անհամեստ եմ ասում) և փորձել են մոտավորապես այդ ոճի ֆիլմեր անել, բայց դա չի նշանակում` կրկնել են Փելեշյանին, նրանք կրկնել են իրենք իրենց, բայց օգտվել են, ասենք, այդ մեթոդից»:

Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Заметка

«Այն քաղաքում, ուր Սերգեյ Փարաջանովի հետքերը կան»

«Այն քաղաքում, ուր Սերգեյ Փարաջանովի հետքերը կան»

14.07.2013 | 11:17

«Ես չունեմ ոչ պաշտոնական կոչումներ և ոչ էլ պարգևներ: Ես ոչ ոք եմ: Ես ապրում եմ Վրաստանում, Թիֆլիսում, իմ ծնողների հին տանը, և երբ անձրև է գալիս, ես հովանոցով եմ քնում և երջանիկ եմ, որովհետև դա նման է Տարկովսկու ֆիլմերին»:

«Ոսկե ծիրան» 10-րդ հոբելյանական կինոփառատոնը եզրափակվեց Սերժ Ավետիքյանի և Օլենա Ֆետիսովայի «Փարաջանով» ֆիլմի անդրանիկ ցուցադրությամբ:
«Սա վտանգավոր ցուցադրություն էր»,— ֆիլմի ավարտից հետո ասելու էր Սերժ Ավետիքյանը: Իրականում, այն ընդունվեց մեծ ոգևորությամբ, հոտնկայս ծափողջույններով:
Ֆիլմը Ուկրաինայի, Ֆրանսիայի, Հայաստանի և Վրաստանի համատեղ արտադրություն է:
Փարաջանովին մարմնավորել է ինքը՝ Սերժ Ավետիքյանը:
«Շատ հուզված եմ, որովհետև Երևանում եմ, այն քաղաքում, ուր Սերգեյ Փարաջանովի հետքերը կան,— ասաց նա:- Ինչպես Փարաջանովը, այս ֆիլմն էլ աշխատեց սահմաններ չունենալ: Իհարկե, Փարաջանովը պատկանում է հայերին, վրացիներին, ուկրաինացիներին, նաև ֆրանսիացիներին, որովհետև այնտեղ նրան շատ են սիրում, բայց Փարաջանովի արվեստը համամարդկային է»:
Ֆրանսիաբնակ ռեժիսորն ասաց, որ մեծ պատասխանատվություն է` և մարմնավորել Փարաջանովի կերպարը, և ֆիլմը կառուցել, հավելեց, որ շատ տաղանդավոր մարդիկ են աշխատել իր կողքին: Հանդիսատեսին նա խնդրեց ֆիլմը նայել ազատ հոգով, ազատ աչքերով և ազատ, բաց ականջներով, նշելով, որ «Փարաջանովը» գեղարվեստական ֆիլմ է:
«Ես այլախոհ չեմ, ես արվեստագետ եմ, իմ միակ ցանկությունը ֆիլմեր նկարահանելն է` գեղեցկությանը ծառայելը»,— ասում է Փարաջանովը: Խորհրդային տարիներին հոգեբանական և ֆիզիկական հալածանքների ենթարկված հանճարը «Ո՞վ ես» հարցին պատասխանում է. «Ծագումով հայ, ծնունդով վրաստանցի, ում մեղադրում են ուկրաինացի ազգայնամոլ լինելու համար: Ես ուր էլ լինեմ, լավ ֆիլմեր եմ նկարահանում, եթե ինձ Աֆրիկա ուղարկեք, կնկարահանեմ աֆրիկյան լավ ֆիլմեր»:
Փարաջանովյան գույները, ձևերը, կոլաժները, խելառությունը, տառապանքն ու ազատությունը ներկայացնելուց զատ, Ավետիքյանը հանդիսատեսի դատին է հանձնում Փարաջանովի միայնությունը:

Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

«Ես մոնտաժում եմ ոչ միայն ներկա, այլև բացակա պատկերները»

«Ես մոնտաժում եմ ոչ միայն ներկա, այլև բացակա պատկերները»

12.07.2013 | 23:24

«ՖԻԼՄԻ ՌԵԺԻՍՈՐՆ ԻՆՁՆԻՑ ՕՐԻՆԱԿ ՎԵՐՑՐԵՑ ՈՒ ԻՆՔՆ ԷԼ Է ԼՌՈՒՄ»

Անվանի կինոռեժիսոր Արտավազդ Փելեշյանին բնութագրել են իբրև կինոբանաստեղծության, կինոպոեմի վարպետ, կինոգեղագետ: Սերգեյ Փարաջանովը նրան անվանել է բացառիկ հանճար: «Փելեշյանի լռությունը» ֆիլմի ռեժիսոր Պիետրո Մարչելլոն ` փորձելով բացահայտել ռեժիսորի լռության գաղտնիքը, հետաքրքիր եզրահանգման է եկել. Փելեշյանի լռության մեջ գաղտնիքներ չկան, գաղտնիքը նրա հանճար լինելու մեջ է:

«Ոսկե ծիրան» 10-րդ միջազգային կինոփառատոնի հետահայաց ցուցադրությունների միջոցառման շրջանակում ներկայացվեցին Արտավազդ Փելեշյանի «Բնիկները», «Տարվա եղանակները», «Վերջ», և «Կյանքը» ֆիլմերը: Տեղի ունեցավ նաև հանդիպում անվանի ռեժիսորի հետ: Մաեստրոն պատասխանեց լրագրողների հարցերին: Իր խոսքը նա սկսեց հումորով, նկատեց, որ ցուցադրվում են իր այն ֆիլմերը, որոնք երիտասարդ տարիներին է նկարահանել, 30, 40, 50 տարի առաջ: «Այն ժամանակ երիտասարդ էի, գանգուր մազեր ունեի, սանր չունեի, հիմա սանր ունեմ, մազեր չունեմ»,— ասաց նա: Տեխնիկական խնդիրներին էլ անդրադարձավ, ասաց` և ժապավենն է բերել, և dividi-ն, ժապավենով ձայնն է վատ, dividi-ով`պատկերը:

«ԱՄԵՆ ԻՆՉ ՊԵՏՔ Է ԼԻՆԻ ԱՅՆՊԵՍ, ԻՆՉՊԵՍ ՊԵՏՔ Է ԼԻՆԻ, ԹԵԿՈՒԶ ԸՆԴՀԱԿԱՌԱԿԸ ԼԻՆԻ»

Արդեն երկար տարիներ կինոսիրողները սպասում են Փելեշյանի նոր ֆիլմին: Հարց է առաջանում`«Վերջը» ֆիլմը վերջակե՞տ է, թե՞ ստորակետ: Շարունակություն է` ասում է ռեժիսորը: Եթե նորից նկարահաներ «Տարվա եղանակները», ոչինչ չէր փոխի, ֆիլմը մարդկանց է վերագրվում, իսկ մարդիկ չեն փոխվել` համոզված է նա:

Եթե այսօր ֆիլմ նկարահաներ Հայաստանի մասին, կանդրադառնար բնությանը:
«Ըստ Ձեզ` 21-րդ դարի առաջին տասնամյակի ամենամեծ նվաճումը ո՞րն է» հարցին պատասխանեց հումորով` «Որ կենդանի ենք մնացել»:

Կինոաշխարհում գոյություն ունեցող փելեշյանի փիլիսոփայություն արտահայտությունը փորձեց բնորոշել մեկ բառով`«Ամեն ինչ պետք է լինի այնպես, ինչպես պետք է լինի, թեկուզ ընդհակառակը լինի»:

«Պիետրո Մարչելլոյի Ֆելեշյանի լռությունը նայե՞ լ եք, համաձա՞ յն եք այնտեղ նկարագրված ձեր լռության հետ» հարցին անդրադառնալով` ասաց. «Գիտեք ինչ, նայել եմ այդ ֆիլմը: Վերնագիրը` «Փելեշյանի լռությունը», պահանջում է, որ փոքր ինչ մոտեցում, բացատրություն լինի, թե ինչո՞ ւմ է կայանում լռության գաղտնիքը, բայց ֆիլմի ռեժիսորը ինձնից օրինակ է վերցրել ու ինքն էլ է լռում: Դա իր լռությունն է, ոչ թե Փելեշյանի»:

Փելեշյանի ֆիլմերում տեղ գտած ազգային տարրերը խոսակցությունների առիթ չեն տվել: Միայն մի դիպված է եղել. ռեժիսորին հասկացրել են, որ անհամեստություն է նման վերնագիր դնելը` «Մենք»: «Իմ կարծիքով նեղ են մոտեցել հարցին, ֆիլմին վերաբերվելով` մենք` հայերս, ես նկատի եմ ունեցել` մենք` մարդիկ, մարդկությունը, որի մի մասն են հայերը»,— ասաց նա:

ԲԱՌԵՐԸ ՇԱՏ ԿԱՐԵՎՈՐ ԵՆ

Իմ ֆիլմերում բառեր չկան, որովհետև դրա կարիքը չի եղել: Բայց բառերը շատ կարևոր են: Գիտե ՞ք ես ինչու չեմ օգտագործել բառեր: Բառը օգտագործելը պահանջում է այնքան տևողությամբ պատկեր, որքան կտևի խոսակցությունը: Իսկ դա խանգարում է կերպար ստեղծելուն, դրա համար ես հրաժարվել եմ բառերից:

Պատկերները, գործողությունը, ձայները, հնչյունը, աղմուկը, երաժշտությունը միասին խոսում են ավելի շատ, քան բառերը:

Օգտագործելով երաժշտություն, պատկերներ և այլն, այսպես ասեմ` ես ստեղծում եմ էմոցիոնալ դաշտ ֆիլմի շուրջը, ոչ թե տվյալ հատվածի, այլ ընդամենը ֆիլմի շուրջը:

ՓԵԼԵՇՅԱՆԱԿԱՆ ԿԻՆՈՆ ԱՄԵՆ ԱՆԳԱՄ ՆԱՅԵԼԻՍ ՄԻ ՆՈՐ ԲԱՆ ԵՍ ԳՏՆՈՒՄ

Գիտե՞ ք դա ինչի հետևանք է: ես չգիտեմ բառերով ինչպես արտահայտեմ, բայց ասեմ հետևալը. ես մոնտաժում եմ ոչ միայն ներկա, այլև բացակա պատկերները: Դա է պատճառը, որ դուք յուրաքանչյուր անգամ նայելիս` նոր բան եք տեսնում: Հետևաբար ամբողջ ֆիլմը կառուցված է, ֆիլմի կեսը, պատկերները բացակա են, բայց մոնտաժի, երաժշտության և պատկերների շնորհիվ նրանք ենթագիտակցության մեջ ներկա են: Ենթադրենք, եթե ես այսօր դրանք ներկայացնեմ, բացակայությունը կվերանա, կստացվի ներկայություն: Հետևաբար խոսքն իսկական բացակայության մասին է:

ՈՎՔԵՐ ԵՆ ԸՆԴՕՐԻՆԱԿՈՒՄ ՄԱԵՍՏՐՈԻՆ

Գիտեք, կրկնօրինակելը դժվար բան է: Ոչ թե վերցրել են փելեշյանի մեթոդը, ավելի լավ բառ կա, այդ մարդիկ ոգևորվել են իմ արածից (անհամեստ եմ ասում) և փորձել են մոտավորապես այդ ոճի ֆիլմեր անել, բայց դա չի նշանակում` կրկնել են Փելեշյանին, նրանք կրկնել են իրենք իրենց, բայց օգտվել են, ասենք, այդ մեթոդից:

ՎԱՎԵՐԱԳՐԱԿԱՆ ԿԻՆՈՆ ՊԵՏՔ Է ՍՑԵՆԱՐ ՈՒՆԵՆԱ

Սցենարը ձեռքիդ պետք է լինի, պետք է նախօրոք որոշես ֆիլմի գաղափարը, թե ինչի՞ ես ուզում նկարահանել, ինչի՞մասին և դա պետք է գրես: Պարտադիր չէ, որ բոլոր դետալները համապատասխանեն, և դու կրկնես, դա քեզ է պետք` որպես ռեժիոր, որ հիշես, ինչ ես ուզում նկարահանել: Իսկ իրականությունը կօգնի քեզ, դրվագներ, դետալներ, էպիզոտներ կբերի, որը դու կվերցնես, բայց կվերցնես այն գաղափարների համար, որ դու նախօրոք մտածել ես:
http://www.irates.am/hy/1373657175
Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

«Ոսկե ծիրանը» նման է վավերագրական կինոյի

«Ոսկե ծիրանը» նման է վավերագրական կինոյի

08.07.2013 | 11:12

«Ոսկե ծիրանը» մեկնարկեց: Շառլ Ազնավուրի անվան հրապարակում բացվեց մեծ շանսոնյեի «Աստղը»:

Հոբելյանական «Ոսկե ծիրանի» և անվանի հայի աստղի բացման արարողությանը ներկա էին մշակութային գործիչներ, բարձրաստիճան պաշտոնյաներ և փառատոնի պատվավոր հյուրը` Շառլ Ազնավուրը: Նա ասաց, որ չի կարողանում խոսել հայերեն, այս տարիների ընթացքում միայն մի բան չի փոխվել` իր հասակը:

Կինոթատրոն, կինոարտադրություն չունեցող մեր փոքրիկ երկրի համար, թվում է, շքեղություն է նման հեղինակավոր փառատոն ունենալը:
«Մեկը մյուսի հետ կապ չունի: «Ոսկե ծիրանը» կայացել է, մենք տոնում ենք տասնամյակը: Ես կարծում եմ, որ «Ոսկե ծիրանը» մեր Երևանի հրաշքներից մեկն է»,— մեզ հետ զրույցում ասաց դերասան Միքայել Պողոսյանը, խոսելով Ազնավուրի մասին, ասաց,- աշխարհում նրա նմանը չկա…»:
Բացման արարողությունը շարունակվեց Երևանի Ալ.Սպենդիարյանի անվան Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում:

Հոբելյանական Ոսկե մրցանակը շնորհվեց փառատոնի գլխավոր հովանավոր, «ՎիվաՍել-ՄՏՍ» ընկերության գլխավոր տնօրեն
Ռալֆ Յիրիկյանին:
«Առիթը օգտագործելով ուզում եմ այս բեմից ասել հետևյալը. Հայաստան աշխարհ, դու իմ հայրենիքն ես, ես քեզ այնքան եմ սիրում, ինչքան իմ ծնողներին, ինչքան իմ տիկնոջը, ինչքան իմ երեխաներին, դեռ` ավելին»,- ասաց պարոն Յիրիկյանը, «Ոսկե ծիրանը» նմանեցնելով վավերագրական կինոյի, որ ծնվում է գաղափարից ու երազանքներից:

«Փարաջանովյան թալեր» մրցանակը շնորհվեց փառատոնի պատվավոր հյուրին` Շառլ Ազնավուրին: Մրցանակը հոտնկայս ծափողջույնների ներքո մեծ շանսոնյեին հանձնեց կանադահայ ռեժիսոր, փառատոնի պատվավոր նախագահ Ատոմ Էգոյանը: Նրա խոսքով` որպես աշխարհի ամենահայտնի հայ` Շառլ Ազնավուրը իր ուսերին մեծ պատասխանատվություն ունի: «Նա շատ ավելին է տվել աշխարհին, քան մենք կարող ենք երևակայել: Նա մեզ տվել է իր սերն առանց վերապահումի: Նա սիրում է իր ժողովրդին: Մենք էլ քեզ ենք սիրում, Շառլ Ազնավուր»,— ասաց Ատոմ Էգոյանը:

Տարին հոբելյանական է: «Ոսկե ծիրանը» տասը տարեկան է:
«Առաջին տարում ունեինք ընդամենը 2 ծրագիր, այսօր` 8-10: Տասը տարի առաջ ունեինք 1000 հանդիսատես, այսօր` 50-60 հազար»,— ասաց փառատոնի հիմնադիր տնօրեն Հարություն Խաչատրյանը, հույս հայտնեց, որ եկող տարիներին կլինեն կինոթատրոններ ոչ միայն կենտրոնում, այլև քաղաքի տարբեր մասերում, ինչպես նախկինում էր, և բոլոր ցանկացողները կմասնակցեն ծրագրերին:

Միջոցառումն ամփոփվեց Ֆրանսուա Տրյուֆոյի «Կրակել դաշնակահարի վրա» ֆիլմով, որի գլխավոր դերում Ազնավուրն է:

http://www.irates.am/hy/1373267681
Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ