Заметка

Արվեստ ու լեգենդ` հայկական նախշերով

Արվեստ ու լեգենդ` հայկական նախշերով

27.02.2014 | 17:30

Երևանյան «Արտ և Լեգենդ» նորաբաց ցուցասրահի ձեռագործ աշխատանքներում և գեղանկարներում գերիշխում են հայկական զարդանախշերը, խորհրդանիշերն ու գույները: «Արտ և Լեգենդ» ՍՊԸ-ի հիմնադիր տնօրեն Անետ Բեքերը գերմանուհի է, ապրում է Ֆրանսիայում: Հետաքրքիր երազանք ունի, ուզում է, որ մի օր Հայաստանում հնարավոր լինի հող մշակել, վուշ ցանել, կտոր գործել ու արտադրել: Հույս ունի, որ հետագայում իրենց կմիանան նաև հայ արվեստագետները, գորգագործները, փայտագործները և այլք, միասին հայկական մաքուր արտադրանք կստեղծեն: Կազմակերպության գործադիր տնօրեն Արմինե Խաչատրյանը մեզ հետ զրույցում ասաց, որ աշխատում են սահմանամերձ գյուղերի կանանց հետ, որ աշխատանք չունեն, բայց ունեն շնորհք, ու դա այնքան թաքցված է, պետք է ջրի երես հանել:

Կազմակերպիչների խոսքով` այսօր մեր հայ պարողների շորերի վրա թուրքական նախշեր են կարում։ «Արտ և Լեգենդ»-ի նպատակը հայկական մաքուր արտադրանքը վերստեղծելն է, չկորցնելը այն, ինչ ունենք:
ՈՒշագրավ են նաև Անետ Բեքերի հայաստանյան լուսանկարները, որոնք առանձին բաժնով ներկայացված են ցուցասրահում:

http://www.irates.am/hy/1393507824
Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Заметка

Պատրիսիա Կաասը` Երևանում

Պատրիսիա Կաասը` Երևանում

13.02.2014 | 21:22

«Միակ բանը, որ սազում է անխտիր բոլորին, սերն է»

Պ. Կաաս

 

Հայաստանում առաջին անգամ համերգով հանդես կգա ֆրանսիացի անվանի երգչուհի Պատրիսիա Կաասը:
Հանրահայտ երգչուհին Հայաստան է այցելելու («Kaas Chante Piaf») «Կաասը երգում է Պիաֆ» ալբոմի համաշխարհային շրջագայության շրջանակում:
Համերգը կկայանա Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում՝ մարտի 9-ին:
Տոմսերի արժեքը 5000-50000 դրամ է:
Կաասը ֆրանսիացի ամենահայտնի երգչուհիներից է, ով իր երաժշտական երկարամյա կարիերայի ընթացքում վաճառել է ավելի քան 16 մլն ձայնասկավառակ: Նրա առաջին հանրահայտ հիթը «Մադմուազելը, որ բլյուզ է երգում» երգն է:
Ինչ-որ ժամանակ նրան սիրում էր ամենագեղեցիկ տղամարդը: Ասում են, երբ Պատրիսիային հանձնել են «Տարվա ձայն» տիտղոսը, հաղորդավար Ալեն Դելոնը ի լուր աշխարհի գոռացել է. «Հիմա դուք կտեսնեք մադմուազել Կաասին: Նա աստվածային գեղեցկությամբ օժտված կին է և մեծ երգչուհի: Ես սիրում եմ նրան»:

Заметка

Կցուցադրվի Բրիտտենին նվիրված երաժշտական վավերագրական ֆիլմ

Կցուցադրվի Բրիտտենին նվիրված երաժշտական վավերագրական ֆիլմ

13.02.2014 | 12:18

«Գաֆէսճեան» արվեստի կենտրոնի «Հանդիպում արվեստի հետ» շարքի այս տարվա առաջին միջոցառումը նվիրվում է բրիտանացի հռչակավոր կոմպոզիտոր Բենջամին Բրիտտենի 100-ամյակին: Կենտրոնի մամուլի ծառայությունից տեղեկացնում են, որ միջոցառման ընթացքում կոմպոզիտորների միության նախագահ Արամ Սաթյանը կպատմի Բենջամին Բրիտտենի՝ 1965-ին Հայաստան կատարած այցի մասին: «Զվարթնոց Վերածնունդ» հիմնադրամի մենակատարների համույթը կկատարի Բրիտտենի ստեղծագործություններից: Միջոցառման ավարտին կցուցադրվի բրիտանացի հայտնի կինոռեժիսոր Թոնի Պալմերի կոմպոզիտորի մասին պատմող «Մի ժամանակ…» երաժշտական վավերագրական ֆիլմը:

Միջոցառումը տեղի կունենա փետրվարի 13-ին, ժամը 19:00-ին՝ կենտրոնի հատուկ միջոցառումների սրահում:
Հիշեցնենք, որ Բրիտանական խորհրդի հայաստանյան մասնաճյուղը, միանալով կոմպոզիտորի ծննդյան տոնակատարություններին, կազմակերպել էր Բենջամին Բրիտտենի 100-ամյակին նվիրված պաստառների և Հայաստան կատարած այցելության լուսանկարների ցուցահանդես: Միրզոյան քառյակը Բրիտտենի ստեղծագործությունները կատարել էր «Տաթևի թևեր» ճոպանուղով ճամփորդելիս:
Անգլիացի կոմպոզիտոր Բենջամին Բրիտտենի 100-ամյակը տոնվում է ողջ աշխարհում: Դեռ կենդանության օրոք նա հռչակվել է 20-րդ դարի լավագույն կոմպոզիտորներից մեկը:

Заметка

Ցեղասպանությունը հանցագործություն է, ցեղասպանությունն ուրացող երկիրը` հանցագործ»

«Ցեղասպանությունը հանցագործություն է,  ցեղասպանությունն ուրացող երկիրը` հանցագործ»

13.12.2013 | 12:14

Ցեղասպանության 100-ամյակին ընդառաջ լույս է տեսել բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, բանագետ, ժողովրդագետ ՎԵՐԺԻՆԵ ՍՎԱԶԼՅԱՆԻ «Հայոց Ցեղասպանություն. Ականատես վերապրողների վկայություններ» գրքի թուրքերեն տարբերակը: Օրերս տեղի ունեցավ գրքի շնորհանդեսը՝ «Բելգե» հրատարակչության տնօրեն, Թուրքիայում մարդու իրավունքների պաշտպանՌԱԳԸՊ ԶԱՐԱՔՈԼՈՒԻ մասնակցությամբ:
«Հայոց ցեղասպանություն. Ականատես վերապրողների վկայություններ» գիրքն ավելի վաղ լույս էր տեսել հայերեն և անգլերեն: Իր աշխատանքը Վերժինե Սվազլյանը սկսել է 1955-ին, անձնական նախաձեռնությամբ գրառել, ձայնագրել, տեսագրել և հրատարակել է պատմական Հայաստանի ավելի քան 150 տեղավայրերից բռնի տարագրված, Հայաստանում և սփյուռքում բնակություն հաստատած ականատես վերապրողների վկայությունները, պատմական բնույթի երգերը:
«Բելգեն» հրատարակել է նաև Վերժինե Սվազլյանի «Հայոց ցեղասպանությունը և հավաքական հիշողությունը» և «Հայոց ցեղասպանությունը արևմտահայոց հուշապատումներում և թուրքալեզու երգերում. «Աքսորի երգեր. Հայոց ցեղասպանությունը արևմտահայոց հուշապատումներում» գրքերը:
«Զարաքոլուի գործունեությունը նույնն է, ինչ խոնարհումը Ցեղասպանության հուշարձանի առաջ»: Այս դիտարկմանը անդրադառնալով՝ թուրք հրատարակիչն ասաց, որ 1999-ին ծնկել է Ցեղասպանության հուշարձանի առաջ և հարգանքի տուրք մատուցել անմեղ զոհերի հիշատակին: Նրա խոսքով` Հայոց ցեղասպանությունը հանցագործություն է, Ցեղասպանությունն ուրացող երկիրը` հանցագործ, և իրենք, իբրև հայրենասեր մտավորականներ, ամեն ինչ անելու են, որ Թուրքիայի ճակատին քսված այդ սև մուրը հնարավոր լինի ջնջել:
Զարաքոլուն ասաց, որ կարևոր հայտարարություն պետք է անի: «Բանկ Օտոմանում» հայերի ներդրած գումարը երիտթուրքերը տեղափոխեցին Բեռլին` «Դոյչե Բանկ», և երբ գերմանացիները Առաջին աշխարհամարտում պարտվեցին, Գերմանիան, որպես փոխհատուցում, ԱՄՆ-ին վճարեց հայերի ներդրած գումարները, ասաց նա, ընդգծելով, որ ԱՄՆ-ն պարտավոր է այդ գումարը վերադարձնել հայերին:
«Թուրք ընթերցողների շրջանում մեծ հետաքրքրություն են վայելում ցեղասպանության թեմայով, առհասարակ, հայաստանյան իրականության վերաբերյալ գրքերը. այդ համատեքստում ի՞նչ արձագանք է գտել Վերժինե Սվազլյանի գիրքը»` «Իրատես de facto»-ի այս հարցին ի պատասխան բանախոսն ասաց. «Տիկին Սվազլյանի գիրքը ոչ միայն հայոց պատմությունն է, այլև թուրք և այլ ժողովուրդների: Այժմյան Թուրքիայի Հանրապետության տարածքի տարբեր բնակավայրերի ամբողջ իրողությունը վեր հանող վկայություններ են դրանք, ուստի այժմ հենց այդ տարածաշրջանում ապրող, այդ տեղի բնակիչ հանդիսացող մարդկանց, ուզի թե չուզի, պետք է հետաքրքրի այդ պատմությունը: Պարզապես Թուրքիան կփորձի արգելել, որ գիրքը հասնի այդ շրջաններին: Այժմ Թուրքիան իրար խառնող ամենահատկանշական իրողությունն այն է, որ կարևոր չէ, թե ինչ էթնիկական անվամբ է մարդը հանդես գալիս` քուրդ, լազ, չերքեզ, նրանցից շատերն իրենց ընտանեկան տոհմածառում բացահայտում են, որ կա՛մ պապը, կա՛մ տատը ծագումով հայ են: Սա հասարակական խնդիր է դարձել: Շատ մարդիկ իբրև սրբազան գաղտնիք են պահել իրենց հայկական ծագումը: Այսօր Միացյալ Նահանգներում ապրող մարդիկ ասում են՝ պապս իռլանդացի է, մեքսիկացի, հայ, և դա շատ նորմալ է ընկալվում, բայց Թուրքիայում մարդը վախենում է, ամաչում է ասելուց` ես ծագումով հայ եմ: Բարեբախտաբար, ազատագրական շարժման մեջ գտնվող քրդերը բացահայտում են իրենց ծագումը, ինչը շատ կարևոր է մեզ համար: Թուրքիայի իշխանությունների համար դա նշանակում է 1915-ի հետ առերեսում»: Զարաքոլուն նշեց նաև, թե իրենց հրատարակած գրքերը պետք է նպաստեն, որ Հայոց ցեղասպանության 100-ամյակին ընդառաջ քննարկման առարկա դառնան ցեղասպանության իրողությունը, ճանաչումն ու դատապարտումը: «Սա է մեր ակնկալիքը, հնարավորինս շատ մարդկանց հասանելի դարձնել իրողությունը»,- ընդգծեց նա:
Դավութօղլուի Հայաստան այցի առիթով էլ ասաց, որ Սևծովյան համագործակցության այդ կազմակերպությունը Հայաստանի և Թուրքիայի միջև նվազագույն կապն ապահովող միակ կառույցն է:
«Լավ է, Դավութօղլուն որ գալիս է, դրական եմ վերաբերվում: Վերժինե Սվազլյանի գիրքը նոր է տպագրվել, ժամանակ չեղավ հասցնելու Թուրքիայի արտգործնախարարին: Շատ կուզեի՝ գիրքը կարդար, նոր գար Հայաստան»,- նկատեց թուրք հրատարակիչը: Նրա համոզմամբ` Թուրքիայի և Հայաստանի միջև որևէ պետական փոխհարաբերություն չի կարող լինել, եթե անտեսվի 1915-ի իրողությունը: «Եթե Թուրքիան չակերտյալ մեծ պետություն դառնալու հավակնություն ունի, 2015-ին պետք է շատ կարևոր քայլ անի` Հայոց ցեղասպանության հետ առերեսվելու հարցում: Հույս ունեմ, որ այդ առիթը չի կորցնի»,— ասաց Զարաքոլուն:
«Իրատես de facto»-ի հաջորդ հարցը վերաբերում էր հրատարակվող գրքերին: Հետաքրքրվեցի` Ցեղասպանության թեմայով փաստավավերագրակա՞ն, թե՞ գեղարվեստական գրքերն են ավելի ներգործող:
«Բելգե» հրատարակչությունն ունի չորս բաժին, և Զարաքոլուն ասաց, որ իրեն ամենից շատ հարազատ է հայ և հույն գրականության թարգմանությունների բաժինը: «Դժբախտաբար, թուրք-հունական հարաբերություններն ավելի բարվոք են, քան հայ-թուրքականը: Նաև թարգմանչական լուրջ խնդրի առաջ ենք կանգնել և ավելի շատ հունարենին վերաբերող գեղարվեստական գրականություն ենք տպագրել, քան հայերեն»,- ասաց նա:
«Բելգեի» հրատարակած առաջին հայկական գեղարվեստական գիրքը Մկրտիչ Արմենի «Հեղնար աղբյուրն» է, որ թարգմանվել է ֆրանսերենից: Թուրք հրատարակիչը նկատեց, որ չկան թարգմանիչներ, հայ մտավորականությանը գլխատեցին 15 թվականին, իսկ երրորդ սերնդի մտավորականության աճը նոր-նոր է սկսվում:
«Հույս ունեմ, որ հայ գեղարվեստական գրականություն թարգմանելու բախտավոր առիթ կունենանք: Իմ հրատարակած գրքերից ամենահարազատը գեղարվեստական գրական արժեք ներկայացնող գրքերն են»,-հավելեց նա:
Հարկ է նշել, որ 1993-ին «Հայկական տաբու»-ի հրատարակման համար Զարաքոլուի կինը` Այշենուր Զարաքոլուն, երկու տարի բանտ է նստել:
Բանտարկությունից ժամանակ առ ժամանակ չեն խուսափում նաև հրատարակիչը և նրա որդին:
Հարց հնչեց` չի՞ վախենում արդյոք թուրք մտավորականն իր կյանքի համար: Զարաքոլուն ասաց, որ չի վախենում, իր գործունեությունը բնորոշեց որպես առաքելություն, ասաց, որ ինքն ու իր կինը կամովին են հանձն առել այն, մնացածը ածանցյալ է, և անիմաստ է դրա մասին խոսելը:

http://www.irates.am/hy/1386922622

Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Заметка

Միրզոյան քառյակը Բրիտտենի ստեղծագործությունները կկատարի «Տաթևի թևեր» ճոպանուղով ճամփորդելիս

Միրզոյան քառյակը Բրիտտենի ստեղծագործությունները կկատարի «Տաթևի թևեր» ճոպանուղով ճամփորդելիս

19.11.2013 | 12:23

Անգլիացի կոմպոզիտոր Բենջամին Բրիտտենի 100-ամյակը տոնվում է ողջ աշխարհում: Բրիտանական խորհրդի հայաստանյան մասնաճյուղը միանում է կոմպոզիտորի ծննդյան տոնակատարություններին` կազմակերպելով Բենջամին Բրիտտենի 100-ամյակին նվիրված պաստառների և Հայաստան կատարած այցելության լուսանկարների ցուցահանդես:

Բենջամին Բրիտտենը ծնվել է Լոուստոֆթում 1913-ի նոյեմբերի 22-ին` երաժշտության սուրբ բարեխոս Սեսիլիայի տոնին: Կոմպոզիտորի մայրն անչափ հպարտանում էր այս փաստից և այն համարում ճակատագրի բարեխոսություն` հույս հայտնելով, որ իր որդին Բախից, Բեթհովենից և Բրամսից հետո դառնալու է «Բ» տառով սկսվող ազգանունը կրող կոմպոզիտորների աստղաբույլի չորրորդ անդամը: Եվ, իսկապես, դեռ կենդանության օրոք նա հռչակվել է 20-րդ դարի լավագույն կոմպոզիտորներից մեկը:
Ինչպես տեղեկացնում է Բրիտանական խորհրդի հայաստանյան մասնաճյուղի հանրային կապերի պատասխանատու Արևիկ Բադալյանը, 1965-ին Բենջամին Բրիտտենը և օպերային երգիչ Փիթեր Փիրսը ժամանել են Հայաստան` հանգստանալու Դիլիջանի կոմպոզիտորների միության ստեղծագործական տանը: Այդ օրերին Էդվարդ Միրզոյանի ջանքերով կազմակերպվել է «Հայաստանում Բրիտտենի օրեր» փառատոնը: Հայաստան կատարած այցելությունից հետո կոմպոզիտորը գրել է. «Հայաստանը միշտ կմնա մեր սրտերում»:
Բենջամին Բրիտտենի 100-ամյակին նվիրված ցուցահանդես տեղի կունենա այսօր ժամը 14.00-ին Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում: Նոյեմբերի 22-ին Միրզոյան քառյակը Բրիտտենի ստեղծագործությունները կկատարի «Տաթևի թևեր» ճոպանուղով ճամփորդելիս, իսկ «Գաֆէսճեան» արվեստի կենտրոնում կցուցադրվեն Բրիտտենին նվիրված կարճամետրաժ ֆիլմեր:

Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Заметка

Ռայմոնդ Պաուլսի երևանյան համերգը

Ռայմոնդ Պաուլսի երևանյան համերգը

11.10.2013 | 14:52

Քաղաքապետ Տարոն Մարգարյանը լատվիացի երգահան, դաշնակահար Ռայմոնդ Պաուլսին հրավիրել է աշնանը մասնակցելու «Էրեբունի-Երևան 2795» տոնակատարություններին: Հայտնի երգահանը սիրով ընդունել է Տարոն Մարգարյանի հրավերն ու խոստացել անպայման այցելել Երևան և երևանցիների հետ միասին տոնել քաղաքի օրը:

Ռայմոնդ Պաուլսի երևանյան համերգը տեղի կունենա «Էրեբունի-Երևան 2795»-ի տոնակատարությունների շրջանակում հոկտեմբերի 13-ին, Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ակադեմիական թատրոնում: Հնչելու են Պաուլսի հին ու նոր ստեղծագործությունները, հավանաբար նաև հայկական երաժշտություն:

Համերգի կազմակերպիչն է ՀՀ-ում Լատվիայի Հանրապետության պատվո հյուպատոսությունը:
Տոմսերի արժեքը 15000-40000 դրամ է:

Заметка

«Ես վրեժխնդրություն և պատիժ չեմ ուզում, բայց ուզում եմ, որ չկորչեն իմ անցյալն ու իմ պատմությունը»

«Ես վրեժխնդրություն և պատիժ չեմ ուզում, բայց ուզում եմ, որ չկորչեն իմ անցյալն ու իմ պատմությունը»

15.09.2009 | 00:00

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ Է ԲՐԱԶԻԼԱՀԱՅ ԴԵՐԱՍԱՆ ՍՏԵՓԱՆ ՆԵՐՍԻՍՅԱՆԸ
ՀՀ սփյուռքի նախարարության և Հայաստանում Բրազիլիայի դեսպանության նախաձեռնությամբ Հայաստան է հրավիրվել բրազիլահայ դերասան ՍՏԵՓԱՆ ՆԵՐՍԻՍՅԱՆԸ: Դերասանի իր կարիերան նա սկսել է 16 տարեկանում` մարմնավորելով գլխավոր հերոսի դերը Խավիեր դե Օլիվեյրայի «Մարսելո Զոնա Սուլ» (1970) ֆիլմում: 1971-ին նա արդեն հայտնի էր դարձել «Ռեդե Գլոբո» հեռուստաընկերությունում` նկարահանվելով հեռուստասերիալներում և հումորային ծրագրերում: Այդ ժամանակից սկսած նկարահանվել է լիամետրաժ 40 ֆիլմերում, հանդես եկել թատրոնում, 1970-ին նրա նկարահանած կարճամետրաժ ֆիլմը «Գրամադո» փառատոնում արժանացել է մրցանակի:
Ստեփան Ներսիսյանը հայրենիքում է առաջին անգամ, ինչը համարում է վերածնունդ:
-Երբ ոտք դրեցի մայր հողին, նոր միայն ինձ ամբողջական զգացի,- ասաց նա լրագրողների հետ հանդիպման ժամանակ,- երջանիկ եմ, որ հայ եմ:
Ստեփանի հայրը հայ է, մայրը` բրազիլուհի: Հայրը` Կարաբեդ Ներսիսյանը, ծնվել է Դիարբեքիրի Հայնիում, 1915-ի եղեռնից հրաշքով փրկվել է, սակայն գաղթի ճանապարհին կորցրել է ծնողներին ու հարազատների մեծ մասին: Ապրել է Հունաստանում, Ֆրանսիայում, 1930-ին ժամանել է Բրազիլիա, ամուսնացել բրազիլուհու հետ, ունեցել հինգ երեխա:
Ստեփան Ներսիսյանը զբաղվում է նաև քաղաքականությամբ, սոցիալիստական ժողովրդական կուսակցության կողմից ընտրված պաշտոնական ներկայացուցիչն է Ռիո դե Ժանեյրո քաղաքի ավագանիում, որի փոխնախագահն է: 2008-ին մշակել է և ներկայացրել օրենքի մի նախագիծ` Ապրիլի 24-ը «Հայ ժողովրդին հարգանքի տուրքի և զորակցության օր» ճանաչելու վերաբերյալ, ինչի համար սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը շնորհակալություն հայտնեց դերասանին:
«Ինձ ասացին, որ մեր հայրենակիցը նպատակ ունի մասնակցելու նաև ֆեդերալ ընտրություններին, այսինքն` բրազիլական պետական-քաղաքական համակարգում տեղ գրավելու լուրջ ձգտումներ ունի,- ասաց նախարարը` շնորհակալություն հայտնելով նաև Բրազիլիայի իշխանություններին` հայ համայնքի հանդեպ ցուցաբերած փայլուն վերաբերմունքի համար:- Ես անցյալ տարի եղել եմ Լատինական Ամերիկայում, այնտեղ մենք և՛ պետական կառույցներում, և՛ քաղաքական համակարգում ունենք հաջողակ հայեր, ունենք նաև կրթական, մշակութային, հոգևոր, եկեղեցական կառույցներ: Բոլոր պայմանները կան, որ հայերն իրենց հավասար զգան Բրազիլիայի քաղաքացիներին, և ուրախ եմ, որ Բրազիլիայի լավագույն քաղաքացիներ լինելով` շարունակում են իրենց ինքնությանն ու արմատներին հավատարիմ մնալ»:
Խոսելով ցեղասպանության մասին` բրազիլահայ դերասանն ասաց, որ պետք է պայքարենք, որպեսզի չկորչեն մեր պատմությունն ու անցյալը:
«Տակավին մանուկ էի, երբ լսեցի ցեղասպանության մասին, հորս ասացի, որ, ուրեմն, պետք է սպանեմ թուրք դասընկերոջս, հայրս պատասխանեց, որ վրեժխնդրությունը հայի պարտականությունը չէ, հայը պետք է աշխատի, ապրի այնպես, որ աշխարհի ոչ մի ժողովուրդ էլ նման չարչարանք չտեսնի: Հորս այս պատգամը կողմնացույց ծառայեց ինձ համար: Ես վրեժխնդրություն և պատիժ չեմ ուզում, բայց ուզում եմ, որ չկորչի իմ պատմությունը: Հայրս և նրա նման շատերը ստախոսներ չէին, մեծ հորս գերդաստանից շատերը սպանվել են գաղթի ճանապարհին, ոչ ոք իրավունք չունի ասելու, որ այդ պատմությունը չի եղել: Եթե ժխտեն, ուրեմն ժխտում են իմ գիտակցությունը, իմ պատմությունը, եթե սա ճշմարիտ չէ, ուրեմն, ճշմարիտ բան չկա աշխարհի վրա: Սակայն ուրախ եմ, որ չենք կառչել անցյալի տխուր օրերից, այսօր հայությունը, Հայաստանն ապրում են: Երիտասարդ, գեղեցիկ ազգ ենք, որովհետև հակառակ բոլոր դժվարություններին, ասես նոր ծնված լինենք»:
Դերասանի կարծիքով` մեր հաջողությունների գրավականն այն է, որ հավատարիմ ենք մեր անցյալին ու մշակութային արժեքներին: Նա նշեց նաև, որ Բրազիլիայի սիրտը բաց է Հայաստանի ու հայության համար:
«Մենք էլ Հայաստանում փոքրիկ Բրազիլիա ունենք` հանձինս մեր դեսպանության,- ասաց նա։-Դեսպանուհին սիրահարված է Հայաստանին և համարում է այն իր երկրորդ հայրենիքը»:
Բրազիլիայի դեսպանության նախաձեռնությամբ սեպտեմբերի 11-ին Մոսկվայի տանը ցուցադրվեց «Պարահանդես» բրազիլական ֆիլմը, ուր խաղում է նաև մեր հայրենակիցը: Ֆիլմը մեծ արձագանքների է արժանացել Բրազիլիայում և աշխարհի տարբեր երկրներում, շահել է միջազգային շուրջ 30 մրցանակ: Այն մեկ գիշերվա պատմություն է, որ իրականանում է պարահանդեսում, չունի որոշակի սցենար, պատմություն, հերոս, մարդկային զգացմունքների հիման վրա նկարահանված յուրատեսակ ֆիլմ է:
Հայաստանում մեծ տարածում են գտել բրազիլական հեռուստասերիալները, և լրագրողներին հետաքրքրում էր` եթե Ստեփան Ներսիսյանը հայկական սերիալներում նկարահանվելու հրավեր ստանա, ինչպե՞ս կընդունի առաջարկը: Դերասանը պատասխանեց, որ եթե նման առաջարկ լինի, հաճույքով կգա ու կմասնակցի, մանավանդ եթե առաջարկեն մի դեր, ուր նա «սիրահարված պետք է լինի հայուհու»:
Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ
http://www.irates.am/ru/4igGlpvDa6EwnpmmAXRqgh6DYW

Заметка

«Ես իմ անուշ Հայաստանին»` գերմաներեն

«Ես իմ անուշ Հայաստանին»` գերմաներեն

25.07.2013 | 18:25

Կոնրադ Կունինը գերմաներեն է թարգմանել Եղիշե Չարենցի բանաստեղծությունները:

Չարենցը նախկինում թարգմանվել է գերմաներեն, բայց ինչպես նշել է ՀԳՄ նախագահ Լևոն Անանյանը, «Ես իմ անուշ Հայաստանի» վերնագրով գիրքը նոր ձևաչափ է և նոր խոսք չարենցյան թարգմանության ոլորտում:
Կունինը ազգությամբ գերմանացի է, հայերեն նա սովորել է կնոջից` աշխարհահռչակ օպերային երգչուհի Հասմիկ Պապյանից:
Չարենցի տուն-թանգարանի տնօրեն Լիլիթ Հակոբյանը մեզ հետ զրույցում ասաց, որ գրքում զուգահեռ ներկայացված են Չարենցի ստեղծագործությունների հայերեն և գերմաներեն տարբերակները: Նրա գնահատմամբ` շատ լավ ընտրանի է ներկայացված, հրատարակությունը որակյալ է, ձևավորումը` գեղեցիկ, թարգմանությունը` հոգեհարազատ չարենցյան անմիջականությանը, հնչողությանը, ռիթմին:
Լիլիթ Հակոբյանը նկատեց նաև, որ Չարենցը գերմաներեն շատ չի թարգմանվել, այս թարգմանության շնորհիվ օտարերկրյա ընթերցողը կծանոթանա մեր հանճարին:
Հավելենք, որ Լևոն Անանյանը գերմանացի թարգմանչին հանձնել է ՀԳՄ պատվոգիր և մեդալ:

Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

«Ես Վերդիով ծնվել, մեծացել եմ, ինքը ինչ է, հայ չէ՞… հայ է»

]«Ես Վերդիով ծնվել, մեծացել եմ, ինքը ինչ է, հայ չէ՞… հայ է»

25.07.2013 | 14:38

Վերդիի և Վագների 200-ամյակներին նվիրված համերգով Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախումբը ամփոփում է այս համերգաշրջանը:

«Արամ Խաչատրյան» համերգասրահում նվագախմբի հետ ելույթ կունենա աշխարհահռչակ մեներգչուհի, ՀՀ ժողովրդական արտիստուհի ՀԱՍՄԻԿ ՊԱՊՅԱՆԸ:
Հնչելու են արիաներ Վագների և Վերդիի հայտնի օպերաներից:
«1813 թվականը աշխարհին տվեց օպերային երկու գերհանճար` իտալական օպերայի Վերդիին և գերմանական օպերայի Վագներին, որոնք ամբողջ կյանքում արտաքուստ իրար հետ պայքարեցին, բայց ներքուստ, համոզված եմ, իրար շատ գնահատում էին,— լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՊՖՆ-ի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյանը:— Մանավանդ որ Վերդին «Աիդայից» հետո երկար տարիներ օպերա չգրեց, ասաց` իմաստ չունի այնպես գրել, ինչպես գրել եմ, եթե հիմա գրեմ, ուրիշ բան պետք է լինի: Եվ Վերդին գրեց «Օթելլոն» ու «Ֆալստաֆը»: Վագների ազդեցությունն ակնհայտ էր: Ես միշտ մտածում եմ, որ եթե Վերդին վեց տարի քիչ ապրեր, եթե չունենար «Օթելլոն» և «Ֆալստաֆը», պատմության առաջ նա կլիներ ուրիշ կոմպոզիտոր»:
Էդուարդ Թոփչյանը նշեց, որ մեր երգիչները կրթված են իտալական ուղղությամբ, ինչը հրաշալի է, բայց Վագներ, փաստորեն, մեզ մոտ չեն երգում, կամ եթե փորձում են երգել, առայժմ շատ հաջողված փորձեր չեն դրանք:
Է. Թոփչյանը ուրախալի փաստ է համարում այն, որ Երևանում Վագներ են կատարելու Հասմիկ Պապյանի հետ: Համագործակցությունը կշարունակվի: Կան նաև նոր մտահղացումներ, գուցե դրսից հրավիրեն ամբողջ մի կազմ կամ երկու-երեք դերակատարների` Հայաստանում Վագների օպերաներից կատարելու համար:
«Հա՞յ, թե՞ այլազգի կոմպոզիտորներն են ավելի շատ գրավում ֆիլհարմոնիկի ունկնդրին»:
Անդրադառնալով «Իրատես de facto»-ի այս հարցին, Էդուարդ Թոփչյանն ասաց, որ եթե մեկն ասի, թե Վագները օտար է, գերմանացիներինն է, կամ Պուչինին իտալացիներինն է, կամ Բախը գերմանացիներինը, ինքը պատրաստ է վիճելու:
«Նրանք բոլորն իմն են: Եթե կասկածում եք, ես կապացուցեմ: Նույն կերպ Արամ Խաչատրյանն է իմը, Տիգրան Մանսուրյանը: Մենք հայ ազգանուններ ունեցող կոմպոզիտորների գործեր շատ ենք կատարում, բայց ես Երկանյանին չեմ կատարում, որովհետև նա հայ է, ես սիրում եմ այդ երաժշտությունը: Ես Վերդիով ծնվել-մեծացել եմ, ինքը ինչ է, հայ չէ՞: Հայ է: Երաժշտությունն ազգություն չունի: Խաչատրյան կատարելիս մտածում ենք, որ գերհանճարեղ երաժշտություն ենք նվագում: Իհարկե, հիանալի է, որ աշխարհին տվել ենք նման կոմպոզիտորներ, որ մենք էլ ունենք մեր բաժինը համաշխարհային երաժշտության ասպարեզում»:
Պարոն Թոփչյանը կոպիտ սխալ է համարում այն, որ անընդհատ ուզում ենք քաղաքականացնել երաժշտությունը, նրա կարծիքով, դրա պատճառն այն տգեղ հայտարարությունն է, թե ֆիլհարմոնիկը հայկական երաժշտություն քիչ է կատարում:
«Շատ-շատ է կատարում, ուղղակի հիմա կատարելը դրոշակ ենք դարձնում, առաջ լուռ էինք կատարում, ով չէր ուզում, չէր նկատում,— ասաց նա, կրկին շեշտելով, որ երաժշտությունը Բախ է, Վերդի, Պուչինի, Չայկովսկի:— Չակովսկին ինչ է, ռո՞ւս է: Ի՞մը չէ, ես դրանով ապրել եմ, ապրում եմ և ապրելու եմ: Այն պահին, երբ ես Չայկովսկի եմ նվագում, կամ ես եմ ռուս, կամ նա ռուս չէ: Եվ ցանկացած երաժիշտ, չեմ ուզում ինձ առանձնացնել: Գիտեք, բոլորը իրենց լեզուներով են խոսել, բոլորը եղել են համամարդկային, դա է ամբողջ հրաշքը»:
Հավելենք, որ նոր համերգաշրջանում ֆիլհարմոնիկ նվագախումբը կմեկնարկի արդեն ավանդույթ դարձած Երևանյան 7-րդ միջազգային երաժշտական փառատոնով, որը նվիրված է լինելու Արամ Խաչատրյանի 110-ամյակին:

http://www.irates.am/hy/1374748833
Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Заметка

«Տաշեղի» երևանյան համերգը

«Տաշեղի» երևանյան համերգը

18.07.2013 | 16:45

Հուլիսի 21-ին Կամերային երաժշտության տանը տեղի կունենա «Տաշեղը Երևանում» խորագիրը կրող համերգ:

«Տաշեղը» (A Splinter) Լոս Անջելեսում ստեղծված հեղինակային երգի և համամարդկային ֆոլկլորի (world music) միասնություն է` հայերեն և անգլերեն երգացանկով, կրում է տարբեր մշակույթների ազդեցությունը (Ասիայից Ամերիկա):
Երգերը հիմնված են իրական դեպքերի վրա, ընդգրկում են զանազան թեմաներ` սիրուց մինչև պատերազմ («Քարվաճառ», «Այցելիր», «Ճամփա», «Ախ, ինչ եղավ աղջիկներին»)։
«Տաշեղ» խմբի հիմնադիր ու գեղարվեստական ղեկավար ամերիկաբնակ Աշոտ Թադևոսյանի կարծիքով` հեղինակային երգի սիրահարները մարդիկ են, ովքեր մտածելու, քննարկելու և տարբեր իրադրությունները նոր անկյուններից դիտելու ցանկություն ունեն, նրանք չեն բավարարվում նրանով, ինչ իրենց մատուցվում է` որպես մասսայական կամ «պոպուլյար» (փոփ) արվեստ։
«Տաշեղը Երևանում» համերգին կմասնակցեն երգիչ-երգահան Աշոտ Թադևոսյանը, Վահան Արծրունու խմբի և Lighthouse New Jazz Project-ի կիթառահար Վարդան Գասպարյանը, «Միքայել Ոսկանյան և ընկերներ» բենդի հարվածային գործիքների վարպետ Էդուարդ Հարությունյանը, ֆիլհարմոնիկ նվագախմբի կոնտրաբասիստ Տիգրան Ոսկանյանը:

Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ