Заметка

Երևանյան աղմուկը` Ամանորին

Երևանյան աղմուկը` Ամանորին

23.12.2013 | 16:49

Երևանյան աղմուկը Ամանորին ավելի է թեժանում: Հրավառությունն ու պայթուցիկները մի կողմից տոնական մթնոլորտ են ապահովում, մյուս կողմից` ավելորդ աղմուկի ու դժգոհության պատճառ դառնում: Պայթուցիկների անորակությունն էլ մեկ այլ խնդիր է, և կարող են վնասել հենց պայթյունը «սադրողին»:

Ֆիզիոթերապևտ-մանուալիստ, ակադեմիկոս ԳԱԳԻԿ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԸ մեզ հետ զրույցում ասաց, որ պայթուցիկներից առաջացած ձայնային տատանումները հանկարծակիի են բերում մարդկանց, առաջացնում սթրես, զայրույթ, տագնապ, վախ: «Մարդը վախից կարող է մահանալ,— նկատեց նա,— ասում են` երկու վախը մի մահ է: Փոքրիկ երեխաները վեր են թռչում տեղից ու սկսում լացել: Հարցրեք մարդկանց, չեք գտնի մեկին, ում մեջ հրճվանք է առաջացնում այդ աղմուկը»:
Գուցե որոշ մարդիկ իրենց ուրախությունն այդպե՞ս են արտահայտում, ադրենալինի քանակությո՞ւն են ապահովում, հարցրի:
«Կան մարդիկ, ում երեխաներն ուզում են չարաճճիություն, անշնորհքություն անել, նրանց ձեռնտու է տարբեր առիթներից հետո հրավառություն սարքելը: Ոմանք կայանալու խնդիր ունեն, մեկը ծխում է, հայհոյում, մեկն էլ օդում պայթյուն է առաջացնում, հաճույք է ստանում, և դեռ հրճվում է, երբ դիմացինը վախ է ապրում»,— ասում է նա:
Շատ երկրներում արգելված է պայթուցիկների գործածումը: Մեզ մոտ օրենքով հարցը կարգավորելու փոխարեն առաջարկում են բացատրական աշխատանքներ տանել պայթուցիկներից օգտվողների շրջանում: Նշենք, որ Վանո Սիրադեղյանի, Երվանդ Զախարյանի քաղաքապետության ժամանակ արգելված է եղել պայթուցիկների վաճառքը:

Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Реклама
Заметка

«Ամենամեծ խնդիրը մարզերում ակնաբուժական մասնագիտական օգնության բացարձակ բացակայությունն է»

11.10.2013 | 11:40

Առողջապահության նախարարության գլխավոր ակնաբույժ, Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնի տնօրեն, պրոֆեսոր ԱԼԵՔՍԱՆԴՐ ՄԱԼԱՅԱՆԸ «Իրատես de facto» ակումբում երեկ խոսեց ոլորտում առկա խնդիրներից և ռազմավարական ծրագրերից: Նրա խոսքով` ամենամեծ, պետական նշանակություն ունեցող հիմնախնդիրը մարզերում ակնաբուժական մասնագիտական օգնության բացարձակ բացակայությունն է, հատկապես` վիրաբուժական:«Ակնաբուժական սարքավորումները բավականին թանկ են, դրանց հետ վարվելը պահանջում է բարձրորակ մասնագիտական վերապատրաստում, էլ չեմ խոսում բժշկի մասին, որ պետք է ունենա միկրովիրաբուժական բարձր ունակություններ»,— ասաց Ալեքսանդր Մալայանը: Նրա խոսքով` ներկա դրությամբ նշված պահանջներին համապատասխանող բաժանմունքներ ոչ մի մարզում չկան: Բացի այդ, չկա մասնագիտական հսկողություն Երևանի ակնաբույժների կողմից, լինում են եզակի, թռուցիկ այցելություններ մարզեր, անցկացվում են կոնսուլտացիաներ, և դրանով ամեն բան ավարտվում է: Անհրաժեշտ են մշտական գործող մասնագիտական վիրաբուժական բաժանմունքներ, որոնք, բանախոսի տեղեկացմամբ, մայրաքաղաքում ութն են, ծայրամասերում ընդհանրապես բացակայում են:
«Մեր հիմնական ուժերն ու գաղափարները պետք ուղղվեն այդ վիճակը շտկելուն: Առողջապահության նախարարության, բարեգործական հիմնարկների և մարզերի ղեկավարության հետ համատեղ փորձում ենք միջմարզային բաժանմունքներ բացել: Բայց դա դեռևս գաղափար է, անհրաժեշտ են միջոցներ` ֆինանսական, կադրային և այլն»,— ասաց Ալ. Մալայանը:
Անդրադառնալով մարզերում կադրերի պակասի խնդրին, ակնաբույժը նշեց, որ մեր ուսանողները, նույնիսկ մարզերից եկած ուսանողները, ավարտելով բժշկական համալսարանը, չեն գնում մարզ: Հիմնական պատճառը հիվանդանոցների խնդիրն է: «Ոմանք ուզում են գնալ, գալիս են մեզ մոտ, տեսնում են ժամանակից սարքավորումներ, ժամանակակից վիրահատություններ, երջանիկ հիվանդներ, որոշ դեպքերում` ոչ երջանիկ, բոցավառվում են, ուզում են գնալ, բայց այնտեղ ոչինչ չկա»,— ասաց Ալեքսանդր Մալայանը, հավելելով, որ աշխատանքներ պետք է տարվեն նաև աչքի հիվանդությունների վաղ հայտնաբերման, պրոֆիլակտիկ բուժզննումների ուղղությամբ: Նրա տեղեկացմամբ` աճել են ակնային համարյա բոլոր` և՛ բուժելի, և՛ անբուժելի հիվանդություները: Նա առանձնացրեց շաքարախտից առաջացած աչքի բարդությունները. «Այս դեպքում մենք անզոր ենք որևէ բան անելու առանց էնդոկրինոլոգների մասնակցության։ Երբ էնդոկրինոլոգը հայտնաբերում է հիվանդությունը, հիվանդի երկրորդ այցելությունն անմիջապես պետք է լինի ակնաբույժին»:
Մատչելի՞ են արդյոք մեր քաղաքացիների համար ակնաբուժական ծառայությունները:
«Անվճար բուժօգնությունն իրականացվում է համաբուժարաններում: Մասնագիտական կենտրոններում պետպատվերի շրջանակը գնալով ընդլայնվում է»,— ասաց պրոֆեսորը, նկատելով, որ եթե կլինիկաներում, համաբուժարաններում հիվանդներն այսօր շատ են, դա խոսում է ոչ թե հիվանդության աճի, այլ սպասարկման մատչելիության մասին:

Заметка

«40 տարեկանից հետո բոլոր մարդիկ պետք է իրենց աչքի ներակնային ճնշման մասին պատկերացում ունենան»

«40 տարեկանից հետո բոլոր մարդիկ պետք է իրենց աչքի  ներակնային ճնշման մասին պատկերացում ունենան»

12.07.2013 | 13:29

Երևանում հունիսի 22-ին բացվել է պրոֆեսոր Էդուարդ Ավետիսովի անվան «Աչքի միկրովիրաբուժության և երեխաների տեսողության պահպանման կենտրոնը», որը ստեղծվել է Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի աչքի հիվանդությունների գիտահետազոտական ինստիտուտի հետ համագործակցությամբ և համարվում է այդ ինստիտուտի մասնաճյուղը:
«Էդուարդ Ավետիսովը համաշխարհային մեծության մանկական ակնաբույժ է: Կարելի է ասել` շլության բուժման, մանկական ակնաբուժության հիմնադիրներից մեկն է: Կենտրոնի մանկական բաժանմունքը գործում է ռուսական ակնաբուժության լավագույն ավանդույթների հիման վրա»,- մեզ հետ զրույցում ասաց ակնաբուժական կենտրոնի ղեկավար, ակնաբույժ, լազերային վիրաբույժՆԱԶԵԼԻ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԸ, նշելով, որ կենտրոնի գլխավոր առանձնահատկություններից մեկը բացառիկ սարքավորումներն են: «Ակնաբուժության մեջ կարևոր նշանակություն ունեն սարքերը, որովհետև գործ ունենք փոքր օրգանի հետ, փոքր միկրոհյուսվածքների, որոնք ունեն մանրամասն զննության կարիք: Իհարկե, ես չեմ ուզում նվազեցնել մասնագետների դերը, դա ամենակարևորն է, շեշտում եմ, որ մեր կենտրոնը գործում է Ռուսաստանի ինստիտուտի հետ համատեղ, և մեր բոլոր մասնագետները վերապատրաստվում են այդ ինստիտուտում»:
Ակնաբուժական կենտրոնը հագեցած է Carl Zeiss, Alcon, Tomey և հայտնի այլ ընկերությունների ժամանակակից սարքավորումներով:
«Այստեղ կան նոր սարքավորումներ, որ չկան հայաստանյան որևէ այլ կլինիկայում, մասնավորապես Ambliocor կոչվող սարքը, որը հնարավորություն է ստեղծում կատարելու տեսողության վերականգնում հատուկ վարժությունների միջոցով»,— հավելեց Նազելի Բաղդասարյանը:
Նորագույն սարքավորումները չեն ազդելու գնային քաղաքականության վրա` կենտրոնի ակնաբուժական ծառայությունները կարժենան այնքան, որքան մյուս կլինիկաներում: Կգործեն նաև պետպատվերով նախատեսված ծառայություններ:
Նորագույն տեխնիկան հնարավորություն կտա վաղ հայտնաբերելու աչքի հիվանդությունները, կանխարգելելու և բուժելու դրանք, ինչպես նաև իրականացնելու Հայաստանում երբևէ չկատարված վիրահատություններ:
Մասնագետները փաստում են, որ ակնաբույժի պետք է դիմել մշտապես, մանկությունից մինչև խոր ծերություն, 40 տարեկանից հետո` պարտադիր, եթե նույնիսկ հարյուր տոկոսով առողջ են:

-Ի՞նչ տարածում ունեն աչքի հիվանդությունները մեր օրերում:
-Տեխնիկայի զարգացմանը զուգընթաց գնալով ավելանում է տեսողական ծանրաբեռնվածությունը: Մեր օրերում աչքի հիվանդությունները մեծ տարածում են ձեռք բերում:
Համակարգիչը, բջջային հեռախոսը բնության կողմից չնախատեսված, լրացուցիչ ծանրաբեռնվածություն են ստեղծում: Եթե տասը տարի առաջ անգամ մեծահասակներից շատերը բջջային հեռախոսից չէին օգտվում, հիմա շատ փոքր տարիքից բջջային հեռախոս ունեն, էլ չենք խոսում համակարգչի ազդեցության մասին, հեռուստացույցի և այլն: Արդյունքում` տեսողական խնդիրներն ավելացել են, և սկսել են դրսևորվել ավելի վաղ տարիքից:
-Կարո՞ղ ենք ասել, որ երիտասարդացել են աչքի հիվանդությունները:
-Բոլոր հիվանդություններն են երիտասարդանում, այդ թվում` աչքի հիվանդությունները` տեխնիկայի այս գլոբալ զարգացմանը զուգընթաց:
-Իսկ գենետիկ նախատրամադրվածության մասին ի՞նչ կասեք:
-Ցանկացած գենետիկ գործոն սկսում է դրսևորվել, եթե կան նպաստավոր պայմաններ: Ասենք, եթե երեխան ունի գենետիկ նախատրամադրվածություն և ապրում է ժամանակակից միջավայրում, բնականաբար, խնդիրներ կունենա: Եթե նույն երեխան ապրեր քաղաքակրթությունից հեռու, հնարավոր է, տեսողական որևէ խնդիր չունենար:
-Ժամանակակից միջավայր ասվածը միայն տեխնոհագեցվածությամբ չի սահմանափակվում: Հավանաբար հիվանդությունների ավելացման ու երիտասարդացման նաև ա՞յլ պատճառներ կան:
-Մասնագետները տարբեր կարծիքներ են հայտնում, հիվանդությունների հաճախացումը հատկապես կապվում է էկոլոգիական պայմանների վատթարացման հետ` օդի աղտոտվածության, էկոլոգիապես անմաքուր, ոչ լիարժեք սննդի և այլն:

-Թե՛ կենցաղում, թե՛ աշխատավայրում գրեթե անհնար է խուսափել համակարգչից, ի՞նչ կարելի է անել տեսողությունը հնարավորինս պաշտպանելու համար:
-Կարևոր նշանակություն ունի օգտագործման տևականությունը: Համակարգչով աշխատելիս պետք է հնարավորություն տալ աչքերին հանգստանալու: Ժամը մեկ ընդմիջել աշխատանքը, ժամանակ առ ժամանակ աչքերը հեռացնել էկրանից և նայել հեռու։ Բացի նրանից, որ համակարգիչը ազդում է աչքերի վրա որպես սարք, տեսողական խնդիրների պատճառ է դառնում նաև համակարգչի էկրանին երկար ժամանակ մոտ տարածությունից անթարթ ու լարված նայելը: Առաջանում են աչքերի չորություն, հոգնածություն: Այսօր լայն տարածում ունի «չոր աչքի» սինդրոմը, որին նպաստում են նաև մեր երկրի չոր կլիման, ուլտրամանուշակագույն ճառագայթման բարձր մակարդակը (որպես բարձրադիր գոտի), փոշոտ միջավայրը, աղտոտված օդը: Սրանք բոլորը փոխկապակցված են: Առաջանում են մրմուռ, տհաճության զգացում (հատկապես առավոտյան), օդի հոսքից սառչելու զգացում: Նման դեպքերում կարելի է օգտագործել խոնավացնող կաթիլներ` արցունքաբեր պրեպարատներ:
-Աչքի հիվանդություններն իրենց հերթին ի՞նչ խնդիրներ կարող են առաջացնել:
-Տեսողության միջոցով մարդը ստանում է արտաքին միջավայրի մասին ինֆորմացիայի 80 տոկոսից ավելին, ինձ թվում է, դրանով ամեն ինչ ասված է: Տեսողական խնդիրներն ազդում են նյարդային համակարգի, տրամադրության, հոգեբանության, տարածության մեջ կողմնորոշվելու, սոցիալական ադապտացիայի և շատ օղակների վրա` մեծապես իջեցնելով մարդու կյանքի որակը:
-Ինչպե՞ս պետք է կողմնորոշվել` ո՞ր կենտրոնի ծառայությունից օգտվել, ո՞ր մասնագետին դիմել: Կարծում եմ` շատերին կհետաքրքրի այս հարցը:
-Մեր քաղաքացիները չեն զլանում, պտտվում են բոլոր կլինիկաներում, հարցեր են տալիս, ճշտում են ամեն մի մանրուքը և վերջում կատարում են իրենց ընտրությունը: Իհարկե, այս դեպքում մեծ դեր ունի նաև շրջապատի կարծիքը: Երբ մարդը որևէ ծառայությունից գոհ է լինում, ուզում է հայտնել այդ մասին ընկերներին, բարեկամներին:

Ժամանակակից ակնաբուժության մեջ մեծ տեղ է զբաղեցնում լազերային վիրաբուժությունը: Վիրահատություններ են կատարվում նաև, այսպես ասած, «առողջ աչքի» վրա` շտկելու համար հեռատեսությունը, կարճատեսությունը, աստիգմատիզմը: Ի՞նչ կասեք այս մասին: Լազերային վիրահատության միջոցով հնարավոր է իրականացնել տեսողության լազերային շտկում և ազատվել կորեկցիայի մյուս տարբերակներից` ակնոցներից, լինզաներից: Կան դեպքեր, երբ ո՛չ ակնոցները, ո՛չ լինզաները կիրառելի չեն, և լազերային կորեկցիան տեսողության շտկման միակ միջոցն է:
-Վիրահատությունն այս դեպքում ծայրահեղ միջոց չի՞ համարվում:
-Ծայրահեղ միջոց չէ, ունի բարդությունների շատ փոքր տոկոս:
Լազերային կորեկցիայի պարագայում ոչ միշտ է անհրաժեշտ բժշկական ցուցում: Դա հիվանդի որոշումն է:
-Իսկ ո՞րն են ընտրում մեր քաղաքացիները հիմնականում:
-Նկատվում է լազերային կորեկցիայի ընտրության միտում:
-Ի՞նչ կասեք աչքերի ամբողջական հետազոտության ժամանակակից մեթոդների մասին:
-Աչքերի մասին ընդհանուր, ճիշտ պատկերացում կազմելու համար, տեսողությունը ստուգելուց զատ, հարկ է դիմել քննության այլ մեթոդների: Պետք է ուշադրություն դարձնել աչքերի ճնշմանը: Գոյություն ունեն աչքերի ճնշման չափման տարբեր ձևեր` կոնտակտային և ոչ կոնտակտային: Նախապատվությունը տրվում է ոչ կոնտակտային մեթոդներին, քանի որ յուրաքանչյուր կոնտակտ ինֆեկցիայի վտանգ է ներառում, նաև տհաճություն է պատճառում հիվանդին: Մեր կենտրոնում հնարավոր է աչքերի ճնշումը չափել ոչ կոնտակտային մեթոդով, օդի միջոցով: Կա այսպիսի հասկացություն` աչքի անհատական անվտանգ ճնշում: Մեկի համար դա 10 մմ սնդիկի սյունն է, մյուսի համար` 20-ը, դիապազոնը շատ մեծ է: Միայն մեր կենտրոնում կա սարք, որ կարող է որոշել տվյալ մարդու ներակնային անվտանգ ճնշումը և որոշել` իր համար այդ պահին անվտանգ ճնշումը որքա՞ն է տարբերվում փաստացի ճնշումից: Օրինակ, չափում ենք այցելուի ներակնային ճնշումը, այդ պահին աչքն ունենում է 20 մմ սնդիկի սյան ճնշում, բայց անհատական անվտանգ ճնշումը 12 է: Այդ տարբերությունը հիմք է տալիս ենթադրելու, որ աչքի ճնշումը վնասում է տեսանյարդին:
-Ի՞նչ պետք է անել կարգավորելու համար աչքի ճնշումը:
-Աչքի ճնշման իջեցման համար կան հատուկ դեղորայքներ, որ կարելի է կաթեցնել և դրանով հարցը լուծել: Միայն այն դեպքում, երբ դեղորայքը ազդեցություն չի ունենում, դիմում ենք վիրահատական միջամտության:

-Ե՞րբ են դիմում ակնաբույժին մեր քաղաքացիները, աչքի ո՞ր հիվանդություններն են տարածված, և ո՞ր ախտանիշների դեպքում պետք է հատկապես անհանգստանալ ու դիմել մասնագետին: 
-Սովորաբար դիմում են նախադպրոցական տարիքում, եթե ծնողները մինչ այդ որևէ խնդիր չեն նկատում: Դրանից հետո տարին մեկ նախատեսվում են պրոֆիլակտիկ ստուգումներ բոլորի համար: Աչքի հիվանդություններից ուզում եմ առանձնացնել գլաուկոման` աչքերի ճնշման բարձրացումը և դրանով ուղեկցվող հիվանդությունը, որովհետև գլաուկոմայից առաջացած տեսողության իջեցումը չի վերականգնվում: Աչքերի ճնշման բարձրացումը չի ուղեկցվում որևէ զգացողությամբ, հիվանդությունը զարգանում է աննկատ, առանց նշանների: Ճնշման պատճառով տեսադաշտը նեղանում է կողքերից, խնդիրը նկատվում է, երբ մոտենում է կենտրոնին, երբ տեսանյարդի մեծ մասն արդեն վնասված է լինում, և մենք կարող ենք պահպանել միայն եղած փոքր տեսադաշտը: Մանավանդ, եթե կա գենետիկ նախատրամադրվածություն, պետք է շատ զգույշ լինել, գլաուկոման պետք է վաղ հայտնաբերել, վաղ միջամտել, եթե դրա անհրաժեշտությունը կա, և ամբողջ կյանքում հետևել հիվանդին: Պրոֆիլակտիկան այս դեպքում շատ ակտուալ է, մանավանդ 40 տարեկանից հետո բոլոր մարդիկ պետք է իրենց աչքի անվտանգ ներակնային ճնշման մասին պատկերացում ունենան: Լայն տարածում ունի նաև կատարակտը, որը համարվում է տարիքային հիվանդություն: Բուժումը միայն վիրահատական է: Վիրահատությունը տևում է 5 րոպե, տեղադրվում է արհեստական թափանցիկ ոսպնյակ, որ մնում է ամբողջ կյանքում:
-Աչքի հիգիենա ասվածը ի՞նչ է ենթադրում:
-Մեր օրերում մեծացել է աչքի ուլտրամանուշակագույն ճառագայթման գումարային մակարդակը: Օզոնային շերտը, որ պաշտպանում է երկրագունդը ուլտրամանուշակագույն ճառագայթներից, հիմա շատ բարակ է, որոշ տեղերում բացակայում է, իսկ այդ ճառագայթները խիստ բացասական ազդեցություն ունեն աչքի ցանցաթաղանթի վրա: Պետք է խուսափել արևից, կրել մուգ, պաշտպանիչ ֆիլտր ունեցող ակնոց: Լույսի աղբյուր են նաև վերոնշյալ տեխնիկական սարքերը: Համակարգչի մոտ ողջ օրը աշխատող մարդիկ նույնպես պետք է կրեն ուլտրամանուշակագույն ճառագայթներից պաշտպանող ակնոցներ:
Նաև պետք է լրացվեն օրգանիզմի այն վիտամինները, որոնք պաշտպանում են աչքերը այդ ճառագայթներից: Լյուտեինի մասին է խոսքը. եթե սննդի մեջ լյուտեինի քանակը բավարար չէ, բնական անջրպետը, որ այդ նյութն առաջացնում է աչքի մեջ, պետք է անընդհատ վերականգնել: Սննդամթերքներից խորհուրդ եմ տալիս օգտագործել սպանախ, որն ունի լյուտեինի մեծ քանակություն, նարնջագույն պղպեղ, մանդարին, գազար: Առհասարակ նարնջագույն մթերքները օգտակար են տեսողության համար:
-Կոսմետիկ միջոցների մասին ի՞նչ կասեք: Դիմահարդարները վկայում են, որ համակարգչի առջև երկար նստելը նպաստում է կնճիռների առաջացմանը ճակատի վրա և աչքերի շուրջը: Որպես ակնաբույժ` ի՞նչ կասեք:
-Խորհուրդ չի տրվում կոսմետիկա օգտագործել կոպեզրի վրա:
Աչքն ունի ճարպային գեղձեր, որոնց ծորանները բացվում են կոպեզրի վրա, պետք է ազատ թողնենք, որ աշխատեն: Դրանց աշխատանքից է կախված արցունքային շերտի բավարար լինելը: Իսկ դրսի շպարը, եթե ալերգիա չի առաջացնում, որևէ վտանգ չի ներկայացնում աչքերի համար:
-Աչքի բորբոքային հիվանդությունների մասին ի՞նչ կասեք, օրինակ, ինչպե՞ս տարբերել դրանք «չոր աչքի» սինդրոմից:
-Շատ տարածված են աչքի վիրուսային բորբոքումները, որոնք փոխանցվում են օդակաթիլային ճանապարհով, և կոնտակտային` ձեռքերի միջոցով: Առաջացնում են աչքերի կարմրություն, թեթևակի արտադրություն, ցավ և պահանջում են ճիշտ ախտորոշում: Նշված ախտանիշների դեպքում պահանջվում են մասնագետի խորհրդատվություն և հատուկ դեղորայք:

http://www.irates.am/hy/1373621816
Զրույցը` Արմինե ՍԱՐԳՍՅԱՆԻ

Заметка

«ՈՐՈՇ ՈՒՂՂՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ, ԲԻԶՆԵՍԱՅԻՆ ԲԱՌԱՊԱՇԱՐԻՑ ՕԳՏՎԵԼՈՎ, ԱՍԵՄ` ՄԵՆՔ ՄՈՆՈՊՈԼԻՍՏ ԵՆՔ»

«ՈՐՈՇ ՈՒՂՂՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ, ԲԻԶՆԵՍԱՅԻՆ ԲԱՌԱՊԱՇԱՐԻՑ ՕԳՏՎԵԼՈՎ, ԱՍԵՄ` ՄԵՆՔ ՄՈՆՈՊՈԼԻՍՏ ԵՆՔ»

29.07.2011 | 00:00

Սերգեյ Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնը կազմավորվել է 1978-ին` Հայաստանի գլխավոր ակնաբույժ Սերգեյ Մալայանի գլխավորությամբ, Հանրապետական տրախոմատոզ-գլաուկոմատոզ դիսպանսերի բազայի վրա (1952 թ.): 1988-ից կրում է առաջադեմ գիտնականի և բժշկի անունը: Հանդիսանում է ամենախոշոր ակնաբուժական կենտրոնը Հայաստանում: Մանավանդ վերջին տարիներին ակնհայտ հաջողություններով է աչքի ընկնում: Մասնագետներից շատերը որակավորվել են արտասահմանում: Հայաստանում ակնաբուժական զարգացման առումով մեծ է ակնաբուժական կենտրոնի և Հայկական ակնաբուժական նախագծի (ՀԱՆ) համագործակցության դերը: Վերջինս բարեգործական կազմակերպություն է, որի առաքելությունն է կանխարգելել ձեռքբերովի կուրությունը Հայաստանում: Այն հիմնադրվել է 1992-ին, ԱՄՆ-ում` ամերիկահայ ակնաբույժ Ռոջեր Օհանեսյանի կողմից: Սկզբնական փուլում ծրագրի շրջանակներում տարին 2 անգամ ԱՄՆ-ից բարձրակարգ ակնաբույժներ են այցելել Հայաստան` իրենց փորձը հաղորդելու և հիվանդներին բուժելու առաքելությամբ: Սփյուռքի մեր հայրենակիցների և այլ հանգանակությունների շնորհիվ Հայաստան են բերվել բազմաթիվ թանկարժեք ակնաբուժական բուժպարագաներ, սարքավորումներ և դեղորայք:
«Երկրաշարժն ու պատերազմը մեզ ցույց տվեցին, թե մենք ինչ չունենք, ինչը պետք է զարգացնենք,- ասում է Սերգեյ Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնի տնօրեն, ՀՀ առողջապահության նախարարության գլխավոր ակնաբույժ, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր ԱԼԵՔՍԱՆԴՐ ՄԱԼԱՅԱՆԸ:- Մինչ այժմ այդ ծրագիրը գործում է: Այն մեզ թույլ տվեց պահպանել ինչ-որ ունեինք և հետո դրա վրա կառուցել մնացածը: Այսօր արդեն կարողանում ենք ինքնուրույն կանգնել ոտքի վրա: Այս տարի լրանում է համագործակցության 20-ամյակը: Ես չեմ լսել, որ հայկական որևէ հիմնարկ, մասնաճյուղ, կենտրոն այդքան երկար համագործակցի սփյուռքի որևէ կառույցի հետ»:
Ալեքսանդր Մալայանն այսօր «Իրատես de facto»-ի հյուրն է:

-Պարոն Մալայան, կենտրոնի հաջողությունները, հավանաբար, ճիշտ չէ պայմանավորել միայն դրսում վերապատրաստված կադրերի առկայությամբ, դրսից եկած նորամուծություններով:
-Այստեղ մեկ պատասխան չի կարող լինել: Համալիր գործոններ կան: Եթե մասնագետը չունի բուհական, մասնագիտական լավ կրթություն, նրա վերապատրաստվելը մասնագիտական ուղղություններով չի կարող տալ համապատասխան արդյունք: Միջակ մասնագետը չի կարող վեց ամիս Ամերիկայում վերապատրաստվելուց հետո վերադառնալ որպես հոյակապ մասնագետ: Դա պետք է հիմք ունենա, և ուղարկելիս մենք հաշվի ենք առնում այս բոլոր հանգամանքները: Բացի այդ, զուգահեռ նյութական բազա ենք ստեղծում, ինչը սկսել ենք ավելի շուտ, քան այդ կադրերի պատրաստելը: Այո, եթե մի կողմ թողնենք համեստությունը, ակնառու են մեր հաջողությունները: Բոլորովին վերջերս մենք շրջեցինք, այսպես ասած, «վերջին թերթը» ակնաբուժական ծառայության. հանրապետությունում արդեն կիրառում ենք նորագույն վիրահատություն կարճատեսության հետ կապված, որը մինչ այդ չենք արել, բայց տարածված ու ընդունված էր աշխարհի բոլոր զարգացած երկրներում: Դա նույնպես հանրապետությունում կարծիք ստեղծեց, այսինքն, լրացրեց այն կարծիքը, որը Դուք ասում եք: Որոշ ուղղություններում, բիզնեսային բառապաշարից օգտվելով, ասեմ` մենք մոնոպոլիստ ենք:
-Հնարավո՞ր է Հայաստանում միջազգային հնչողությամբ կենտրոններ ունենալ, դրսից այցելուներ: Ինչը, կարծում եմ, նաև երկրի տնտեսական դրությունը բարելավելու, հեղինակությունը բարձրացնելու միջոց է: 
-Մենք հիմա էլ ենք դրսից հիվանդներ ունենում: Ճիշտ է, չի կարելի ասել, թե դա հիվանդների հոսք է: Նրանք հիմնականում մեր հայրենակիցներն են` Ռուսաստանից, Վրաստանից և այլ երկրներից: Իհարկե, այստեղ գալու գործոններից մեկը նաև հայրենասիրությունն է:
-Իսկ ֆինանսի՞ գործոնը, որքան գիտեմ, մեզ մոտ, արտասահմանյան երկրների համեմատ, բժշկությունն էժան է:
-Այո, այդպես է: Բայց իմացեք, որ բժշկությունը, մանավանդ վիրաբուժությունը, միայն վիրահատություն կատարելը չէ: Կան բազմաթիվ գործոններ, որ ձևավորում են կարծիքը տվյալ կենտրոնի մասին: Ես ենթակառուցվածքների մասին եմ խոսում: Մեզանում բավականին թույլ է միջին օղակը, բավականին ցածր է կուլտուրան, վերաբերմունքը հիվանդների, նրանց բարեկամների հանդեպ, մենք դեռ անելիքներ ունենք այս առումով:
-Սովորաբար մենք զգալիորեն հետ ենք մնում բժշկության զարգացման համաշխարհային տեմպից, հատկապես նորագույն տեխնլոգիան մեզ համար թանկ ու անմատչելի է: Ակնաբուժության դեպքում ինչպե՞ս է, հաջողվո՞ւմ է համաքայլել:
-Շատ դժվար է։ Մեր կենտրոնը վերջին հինգ տարում, կարելի է ասել, լրիվ վերազինվեց` և՛ ախտորոշիչ սարքավորումներով, և՛ վիրաբուժական, բայց չհասցրինք կիրառել, «նոր սերունդ» դուրս եկավ: Թեև հաճախ տարբերությունը շատ քիչ է լինում: Մեզ մոտ դեռևս չկա այդպիսի հասկացություն, որ ֆիրման, որից դու գնել ես այդ առարկան, գործիքը, եթե նորն է արտադրում, վերցնի քեզնից հինը, նորի հետ փոխանակի, ընդամենը տասը տոկոս իր գնից ավելի գումար վերցնելով: Մեզ մոտ պետք է հինը վաճառես շուկայական գնով, նորը գնես էլի շուկայական գնով: Ինչը անհնար է:
-Ի՞նչ կասեք լազերային վիրաբուժության մասին:
-Լազերային վիրաբուժությունը շատ մեծ տեղ է զբաղեցնում ժամանակակից ակնաբուժության մեջ: Այն կարելի է երկու մեծ խմբի բաժանել. վիրահատություններ, որոնք կատարվում են որոշակի ախտահարման ժամանակ, և վիրահատություններ, որ օգնում են վերացնելու հեռատեսությունը, կարճատեսությունը, արվում են համեմատաբար առողջ աչքի վրա: Մարդը տեսնում է, չի ուզում ակնոց կրել ու դիմում է վիրահատության: Դա ընտրական միջոց է, ընտրական ելք: Առաջին դեպքում` ստիպված ես վիրահատության դիմել: Ասեմ, որ մենք ունենք բոլոր անհրաժեշտ լազերային սարքավորումները, որոնք անհրաժեշտ են նման վիրահատությունների համար:
-Ձեր նշած «համեմատաբար առողջ աչքի» դեպքում շատերը գերադասում են ողջ կյանքի ընթացքում ակնո՞ց կրել, թե՞ դիմել վիրահատական միջոցների, լիարժեք տեսնել ու ազատվել ակնոց կրելու անհրաժեշտությունից:
-Ընտրության հարց է: Մեկին ակնոցը սազում է, չի ուզում հանել, մյուսի համար թանկ է վիրահատությունը, մյուսն էլ վախենում է վիրահատությունից, ծնողը, ամուսինը թույլ չեն տալիս և այլն: Իհարկե, մեծամասնությունը չի դիմում վիրահատության:
Որոշ դեպքերում էլ ակնոցը կա՛մ ընդհանրապես չի օգնում, կա՛մ շատ քիչ է օգնում, այդ դեպքում վիրահատությունը, իբրև միջոց, ավելի արդյունավետ է:
-Լազերային մեթոդներով հետազոտո՞ւմ են տեսողությունը: Առհասարակ, կա՞ն ավելի ժամանակակից միջոցներ տեսողության որոշման, թե՞ այսօր էլ ընդունվածը հին ու փորձված մեթոդն է, երբ տառերի միջոցով մասնագետը (երբեմն նաև ակնոցավաճառը) ստուգում է տեսողության վիճակը:
-Կան տեսողության որոշման ավելի բարդ ձևեր, միջոցներ, օրինակ, ուլտրաձայնի տարբերակը, որ թույլ է տալիս նայել հյուսվածքը տարբեր անկյան տակ` սկսած կառուցվածքից, վերջացրած դիրքավորումից: Բայց ամենատարածված, ամենահասանելի ու հասարակ միջոցը Ձեր նշածն է` և՛ մեզանում, և՛ արտասահմանում:
Լազերային նման սարքավորումներ նույնպես կան, բայց զուտ գիտական նպատակի համար են կիրառվում: Մեզ մոտ չկան, լայն կլինիկական պրակտիկայում չեն կիրառվում և տեսանելի չեն աշխարհում:
-Կա կարծիք, որ ակնոցները ծուլացնում են աչքերը:
-Ոչ, ակնոցը չի ծուլացնում աչքը: Դա կարելի է ասել որոշ դեպքերի համար: Օրինակ, թույլ կարճատեսության դեպքում, մանավանդ երեխաների, ցանկալի է չկրել կամ ցածր համարի ակնոց օգտագործել, որ աչքն աշխատի, զարգանա: Օրգանն ինչքան քիչ է աշխատում, այնքան զարգացումը թերի է մնում: Բայց դա մինչև 17-20 տարեկան հասակը, մինչև այն ժամանակ, երբ կարճատեսությունն աճում է:
-Որո՞նք են տեսողական ամենից ավելի հանդիպող խնդիրներն այսօր: Կա՞ն հիվանդություններ, որոնք մինչ օրս համարվում էին անբուժելի, բայց ժամանակակից մեթոդները թույլ են տալիս այս կամ այն չափով լուծել այդ խնդիրները: 
-Վերջին տարիներին մենք ներդրեցինք հատուկ սարքավորումներ և բուժում ենք կերատոկոնուս կոչվող ախտահարումը, դրա սկզբնական շրջանները:
Ինչ վերաբերում է բուժելի և անբուժելի կուրությանը, եթե որևէ ախտահարման պատճառով վնասվում է նյարդային համակարգը, հատկապես տեսողական նյարդը, ցանցաթաղանթը, ապա տեսողության անկումն անդարձ է: Այս պահի դրությամբ: Գուցե ժամեր հետո մեկը հայտարարի, որ բուժումը գտել է: Մնացած ախտահարումները` եղջերաթաղանթի, ոսպնյակի, ցանցաթաղանթի, մենք կարողանում ենք շտկել:
-Անցած դարի 90-ականները` մութը, ցուրտը, սոցիալական պայմանները, հավանաբար, անհետևանք չեն մնացել…
-Ես այդ հարցը չեմ մեկնաբանում, որպես օրենք: Թեև քսան և ավելի տարի է, այդ հարցն ինձ տալիս են: Չեմ մեկնաբանում ոչ թե քաղաքական նկատառումներից ելնելով, այլ որովհետև համապատասխան հետազոտություններ չկան, մենք չունենք փաստեր:
-Որո՞նք են տեսողական ամենատարածված հիվանդությունները:
-Ամենատարածվածը կատարակտն է, բայց պետք է նկատի ունենալ այդ հիվանդության սոցիալական հնչողությունը: Կատարակտը, որպես սոցիալական հիվանդություն, բավականին ծանր երևույթ է, բայց որպես ախտահարում` սոցիալական հնչողություն չունի: Որովհետև տասը րոպեում վիրահատում ես, և հիվանդը «լույս աշխարհ» է գալիս, չի ստեղծում հաշմանդամների բանակ, ինչպես ստեղծում են շաքարախտը, գլաուկոման: Այո, վերջինները սոցիալական հնչողություն ունեն. եթե հիվանդը շաքարային բարդությունների պատճառով կուրացավ, դա կտևի այնքան ժամանակ, մինչև, ինչպես ասացի, հնարեն փոխարինող մի դեղ կամ միջոց:
-Ինչո՞վ է պայմանավորված կատարակտի տարածված լինելը, և կա՞ն կանխարգելիչ միջոցներ:
-Դա տարիքային երևույթ է: 40 տարեկանից հետո բոլորի մոտ կարող է զարգանալ: Կատարակտը հիվանդություն է, որ զարգանում է նյութափոխանակության խանգարման կամ ծերացման արդյունքում: Թեև չի բացառվում, որ մարդն ապրի 100 տարի ու չունենա կատարակտ:
Շատերն ասում են` տատս 90 տարեկան է, ասեղ է թելում: Բայց այդ տատիկը գուցե կարճատեսություն է ունեցել: Այդպիսի «թելող տատիկներ» շատ են գյուղերում: Գյուղում նրանք ո՛չ մեքենա են վարում, ո՛չ ինստիտուտում են սովորում, որ գրատախտակից արտագրեն, այսինքն` նրանց հեռու տեսնելն այդքան էլ անհրաժեշտ չէ: Մոտ տարածությունը լավ են տեսնում, հեռուն պետք չէ, դրա համար չեն զգում:
-Ե՞րբ են դիմում ակնաբույժին մեր քաղաքացիները, և ո՞ր ախտանիշների դեպքում պետք է հատկապես անհանգստանալ ու դիմել մասնագետին:
-Պետք է տարբերակել պրոֆիլակտիկան և առողջապահական միջոցառումները: Վերջինիս խնդիրն առողջությունը պահպանելն է, մեր խնդիրը` առկա հիվանդությունը բուժելը: Պրոֆիլակտիկան կանխում է հիվանդության զարգացումը: Ակնաբույժին պետք է դիմել մանկությունից մինչև խոր ծերություն, այսինքն` մշտապես: Իսկ 40 տարեկանից հետո արդեն պարտադիր է, եթե նույնիսկ հարյուր տոկոսով առողջ ես: Այ, դրա կուլտուրան չկա մեզ մոտ, որ մարդիկ մտածեն իրենց առողջության մասին, երբ առողջ են: Երբ մեր երկրում առողջություն պահպանելն ավելի էժան լինի, քան բուժումը, այդ ժամանակ մարդիկ առողջ կգնան բժշկի մոտ: Պետք է լինեն ապահովագրական ծառայություններ, երբ առողջ մարդը կյանքի ընթացքում, այսպես ասած, պատրաստվում է հիվանդ լինել:
-Ժամանակակից տեխնոլոգիաները (համակարգիչ, հեռուստատեսություն) ի՞նչ վնաս են հասցնում աչքերին, և ինչպե՞ս խուսափել դրանց բացասական ազդեցությունից:
-Էկրանի վրա լուսազգայուն շերտի վրայով անցնում է էլեկտրոնային ճառագայթը, և քանի որ մեծ արագությամբ և փոքր տարածության վրա է անցնում, մենք չենք տեսնում դա, տեսնում ենք պատկերը: Լարված այդ պատկերին նայելը (անգամ լարված գիրք կարդալը), իհարկե, բացասաբար է ազդում, մանավանդ, երբ աչքերն ունեն հեռատեսություն կամ կարճատեսություն, երբ կիրառվում է ոչ նորմալ պայմաններում` մութ տարածքում, կարճ տարածության վրա, կիսապառկած, երկարատև:
-«Աչքիդ լույսի պես պահիր». սա առավելագույն չափանիշն է որևէ բանի կարևորությունը ընդգծելու: Դուք ավելի հաճախ ու անմիջականորեն եք հանդիպում այս խնդրին, ի՞նչ է աչքի լույսը մարդու համար:
-Հայտնի մի ակնաբույժ ասում էր, որ ակնային օպտիկան կատարյալ է, և ոչ մի ֆիզիկական առարկա չի կարող դա կրկնել: Հիպոկրատն ասում էր, որ 90 տոկոս ինֆորմացիան մարդն ստանում է աչքերի օգնությամբ: Աչքերի միջոցով են ճանաչում, գնահատում աշխարհը, արարում, նկարում, գրում, ծանոթանում, ընտանիք կազմում:
Թեև, գիտենք, որ բնածին տեսողությունից զրկված մարդիկ կարող են ձեռքերի միջոցով նույնիսկ տարածության վրա ճանաչել պատկերը, որ երբևէ չեն տեսել, տարբերակել գույները: Մեր հոգեբանության մեջ կա պաշար բնությունից, որը զարգանում է այն դեպքում, երբ թերի է լինում մեկ ուրիշը:
-Ինչպե՞ս եք վերաբերվում տեսողության վերականգնման, բարելավման ավանդական մեթոդներին: Ասում են, որ օգտակար է աչքերը հառել, օրինակ, կապույտ երկնքին, կանաչ խոտին, մայր մտնող արևին:
-Ասեմ, որ դրանք ավանդական միջոցներ չեն: Երկնագույն երկնքին թող նայեն ինչքան ուզում են, բայց արևին նայել չի կարելի (կրակին, լույսին նույնպես անզեն աչքով չի կարելի երկար նայել): Մանավանդ մեր օրերում: Օզոնային շերտը, որ պաշտպանում է երկրագունդը ուլտրամանուշակագույն ճառագայթներից, հիմա շատ բարակ է, որոշ տեղերում բացակայում է: Իսկ այդ ճառագայթները խիստ բացասական ազդեցություն ունեն աչքի ցանցաթաղանթի վրա: Ասում են` արևը շատ սուր է, այո, այդպես է: Պետք է փախչել, խուսափել այդ արևից, կրել մուգ ակնոց, նույնիսկ տանը, եթե շատ է լուսավորությունը:
Ինչ վերաբերում է ավանդական բժշկությանը, դրանք, իհարկե, ընդունելի են, Ավիցեննան, Հերացին մեծ աշխատություններ ունեն աչքի բուժման վերաբերյալ: Մենք դեռ շատ անելիք ունենք այդ ոլորտում: Բայց այն, ինչ կատարվում է մեր որոշ գյուղերում և ոչ գյուղերում, անընդունելի է. երբ աչքի մեջ բան է ընկնում, գնում են տատիկների մոտ, որոնք լեզվով հանում են օտար մարմինը: Գուցե հանում են, բայց որքան էլ օրվա ընթացքում լվանաս ատամներդ, բերանի խոռոչում բազմաթիվ հարուցիչներ կան, մանավանդ տատիկների:
-Ընդհանուր խորհուրդ մեր ընթերցողին` ինչպե՞ս խուսափել տեսողական խնդիրներից:
-Քառասուն տարեկանն այն սահմանն է, երբ մարդը պետք է մտածի իր տեսողության մասին, առաջին հերթին դա ներակնային ճնշման մակարդակն է: Բարձրացումը սկսվում է շատ աննկատ, և տեսողության անկումը սկսվում է բավականին ուշ, երբ տեսողական նյարդը վնասված է, և օգնելը շատ դժվար է: Այն հիվանդությունների, ախտահարումների հայտնաբերման դեպքում, որոնք ունեն անմիջական կապ տեսողական օրգանի հետ (առաջին հերթին դա շաքարախտն է), առաջին իսկ օրվանից պետք է դիմեն ակնաբույժին: Որովհետև փոփոխությունն աննկատ է սկսվում հիվանդի համար, բայց ախտահարում է ցանցաթաղանթը, որն ամենախոցելին է: Առողջ մարդկանց, մանավանդ, եթե աղտոտված մթնոլորտի մեջ են ապրում, աշխատում (մեզ մոտ սովորական մթնոլորտն էլ է աղտոտված), խորհուրդ կտայի առավոտյան, երեկոյան մերսել կոպերի եզրերը, որոնց վրա ճարպային նստվածք է առաջանում, ջրիկ, չգրգռող օճառներով լվանալ, ինչի շնորհիվ հեռացնում եք յուղալի պատվածությունը, որի վրա նստում են օդում գտնվող մեխանիկական նյութերը, ծուխը, փոշին և այլն: Կարելի է նաև աչքերը լվանալ բնական թեյով, երիցուկով:
-Իսկ կոսմետիկ միջոցները չե՞ն վնասում աչքերը: 
-Ոմանք ալերգիա ունեն կամ գերզգայուն են, հաճախ անորակ է լինում կոսմետիկան, որքան էլ կանայք փորձում են գտնել ամենալավը: Պետք է ճիշտ ընտրություն կատարել, ի վերջո դա ճաշակի հարց է:

Զրույցը` Արմինե ՍԱՐԳՍՅԱՆԻ

http://www.irates.am/hy/YO03dAh2coxzUnJgUJhVuECdRK

«ՈՐՈՇ ՈՒՂՂՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ, ԲԻԶՆԵՍԱՅԻՆ ԲԱՌԱՊԱՇԱՐԻՑ ՕԳՏՎԵԼՈՎ, ԱՍԵՄ` ՄԵՆՔ ՄՈՆՈՊՈԼԻՍՏ

Заметка

«ՉՈՐ ԱՉՔԻ» ՍԻՆԴՐՈՄ

«ՉՈՐ ԱՉՔԻ» ՍԻՆԴՐՈՄ

08.07.2011 | 00:00

Համակարգչային բարդույթը համարվում է դարի կարևորագույն խնդիրներից մեկը: Վնասը կարող է լինել և՛ ֆիզիկական, և՛ հոգեբանական: Ֆիզիկական վտանգների շարքում կարևորվում են ստորին վերջույթների անշարժությունը, աչքերի լարվածությունը: Վերջին շրջանում հաճախ է խոսվում «չոր աչքի» սինդրոմի մասին, որն առաջանում է համակարգչի առաջ երկար աշխատելուց:
«Համակարգչի մոտ աշխատելիս մենք քիչ ենք թարթում աչքերը, ուստի առաջանում է աչքերի չորություն, հոգնածություն,- ասում է Ս. Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնի 4-րդ բաժանմունքի վարիչ, ակնաբուժության ամբիոնի դոցենտ ԳԵՈՐԳԻ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ և խորհուրդ տալիս պահպանել տեսողության հիգիենայի կանոնները:- Համակարգչի էկրանը պետք է լինի ճառագայթապաշտպան, կարելի է օգտագործել հատուկ կաթիլներ: Պետք է աշխատել նորմալ լուսավորված տարածքում և երկար չնստել համակարգչի առաջ»:
Ակնաբույժի խոսքով` տեսողության վրա բացասաբար են ազդում նաև ժամանակակից մեծ էկրանով հեռուստացույցները (եթե մոտ տարածքից են դիտում), արևին երկար նայելը, պառկած կարդալը և այլն:
Համակարգչից խուսափել չենք կարող, մնում է հետևել մասնագետների խորհուրդներին: Համակարգչով աշխատելիս ժամանակ առ ժամանակ աչքերը հեռացնել էկրանից և այլ կետի նայել (ասում են` օգտակար է աչքերը հառել, օրինակ, կապույտ երկնքին, կանաչ խոտին, մայր մտնող արևին), մոնիտորը տեղադրել ոչ թե անմիջապես աչքերի առջև, այլ փոքր-ինչ թեք: Էկրանի և աչքերի միջև օպտիմալ հեռավորությունը պետք է լինի 70 սմ: Էկրանն այնպիսի դիրքում պետք է լինի, որ արևի ճառագայթներն ու լամպի լույսն անմիջապես դրա վրա չընկնեն: Խորհուրդ է տրվում աշխատանքն ավարտելուց հետո համակարգիչն անջատել, քանի որ էկրանից արձակվող թրթռոցն ու լույսը նկատելի են նույնիսկ այն ժամանակ, երբ մենք չենք աշխատում համակարգչով:
Կոսմետիկական մեկ դիտարկում hատկապես կանանց համար: Դիմահարդարները վկայում են, որ համակարգչի առջև երկար նստելը նպաստում է կնճիռների առաջացմանը ճակատի վրա և աչքերի շուրջը:

Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ
http://www.irates.am/hy/AgC5gq4A7L70QPjRzuwVRpWVdJ

«ՉՈՐ ԱՉՔԻ» ՍԻՆԴՐՈՄ 08.07.2011 | 00:00 Համակարգչային բարդույթը համարվում է

Заметка

«Յուրաքանչյուր ծխախոտ մուրճի մեկ հարված է ողնաշարին»

«Յուրաքանչյուր ծխախոտ մուրճի մեկ հարված է ողնաշարին»

03.05.2013 | 12:35

Երկրագնդի վրա ծխողների թիվը հասնում է 1,1 միլիարդի: Հայաստանում ծխում է տղամարդկանց 59,6 և կանանց 2,1 տոկոսը: Ծխախոտը սպանում է ամեն տասներորդին աշխարհում: Հարկ է նշել, որ ծխելու պատճառով առաջացած հիվանդությունների մահացու ելքը չի շրջանցում նաև պասիվ ծխողներին: 2004-2010 թվականներին հավաքված տվյալների համաձայն` պասիվ ծխելու հետևանքով աշխարհում տարեկան 600 հազար մարդ է մահանում, որոնց մեկ երրորդը` երեխա:
Ֆիզիոթերապևտ-մանուալիստ, ակադեմիկոս ԳԱԳԻԿ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԸ հստակեցնում է` թեև հատուկ արգելքներ չկան, բայց փակ տարածքում ծխելն անթույլատրելի է: «Ծխախոտի ծուխը ավելի շատ վնաս է հասցնում չծխողին, որովհետև դա միայն ծուխ չէ, այլ ծխող մարդու թոքերի «արտաթորանքը»,- ասում է նա:- Մեզ մոտ հարցնում են` կարելի՞ է ծխել, և որպես կանոն մերժում չեն ստանում, որովհետև խստապահանջ չեն սեփական անձի նկատմամբ: Ինչպես մյուս պարագաներում` կեղծ քաղաքավարության զոհեր են»:
Երթուղայինի վարորդը ծխում է` հաշվի չառնելով հստակ սահմանված արգելքը և, ի պատասխան ուղևորների դժգոհության, պատճառաբանում` դրսի օդն ավելի կեղտոտ է, քան ծխախոտի ծուխը:
«Այսպես է առաջնորդվում մեր քաղաքացին, եթե փողոցը կեղտոտ է, իմ գցածը ի՞նչ պիտի անի: Մեկ հատ ավելի, մեկ հատ պակաս: Հիմա դու քո ծխախոտը թող, էկոլոգիական խնդիրն այլ կերպ կլուծենք»,-ասում է ակադեմիկիոսը:
Հաճախ կարելի է լսել նման դատողություններ` պապս 5 տարեկանից ծխել է և ապրել է 105 տարի:
«ՈՒրեմն պետք է ապրեր 206 տարի,- հակադարձում է ակադեմիկոսը:— Հնարավոր չէ, որ ծխող մարդը առողջ լինի, նիկոտինը թունավորում է օրգանիզմը օր օրի, ժամ ժամի: Կարող են նաև պարծենալ, որ 3, 4, 5 տուփ մեկ օրում ծխում են, չգիտակցելով, որ դրա համար պետք է ամաչել, ոչ թե գուխ գովել»:
Ի՞նչ է կատարվում ծխող մարդու օրգանիզմում:
«Վնասվում է սիրտ-անոթային համակարգը, թոքերը այրվում են, նիկոտինը մտնում է արյան մեջ ու վնասակար ազդեցություն է թողնում անոթների վրա,— պարզաբանում է մասնագետը:- Խաթարվում են նյութափոխանակությունը, նյարդային համակարգը: Տղամարդկանց մոտ ծխելը առաջացնում է իմպոտենցիա, քանի որ քայքայվում է լյարդը, որը պատասխանատու է նաև սեռական օրգանների համար: 
Հղիության ընթացքում ծխող կինը երբեք չի կարող առողջ երեխա ունենալ, ծխի հետ օրգանիզմ թափանցող նյութերը կարող են ընդհուպ վիժում առաջացնել: Ծխող մարդն ասում է` առողջ երեխա ունեմ, նայում ես, արտաքինից լավն է երեխան, բայց պարզվում է` մտավոր խնդիրներ ունի: Ինչպե՞ս կարող է նիկոտինը չանդրադառնալ գենետիկ կոդի վրա»:
Յուրաքանչյուր ծխախոտ մուրճի մեկ հարված է ողնաշարին` այսպիսի բնորոշում է տալիս Գ. Կարապետյանը և պատմում է գիտնականների կատարած ուշագրավ մի փորձի մասին:
Հատուկ սարքի միջով անցկացրել են 400 սիգարետից առաջացրած ծուխը: Սարքի միջի ջուրը դարձել է սև գույնի: Եռացնելուց հետո ջուրը գոլորշացել է, մնացել է 7,5 գրամ սև գույնի, 400 տարրերից բաղկացած խտանյութ, որը թույն է և մահացու կյանքի համար:
Ծխելը վատ սովորություն է, որն աստիճանաբար վերածվում է օրգանիզմի պահանջի` կախվածության: Հոգեբանների կարծիքով` արգելքը միջոցը չէ ծխելու դեմ պայքարի, լավագույն ու երևի թե միակ միջոցը սեփական որոշումն է` կամքի ուժը:
Հավելենք, որ Հայաստանի Հանրապետությունը ծխողների քանակով աշխարհում զբաղեցնում է առաջատար դիրքեր, մեկ շնչին ընկնող ծխախոտի սպառման ծավալներով և բոլոր այն հիվանդություններով, որոնք առնչվում են ծխելուն: Ծխելուց մահացության դեպքերը մեր երկրում նույնպես անթույլատրելի շատ են:
«Հիվանդության ծանր փուլում մարդիկ հաճախ թողնում են ծխելը, բայց դա արդեն նման է տիեզերքում անօդ տարածության մեջ բաց թողած արբանյակի, որ անորոշության մեջ է ու մատնված բախտի քմահաճույքին»,- ասում է Գագիկ Կարապետյանը:

Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

«Յուրաքանչյուր ծխախոտ մուրճի մեկ հարված է ողնաշարին» 03.05.2013 | 12:35

Заметка

«Ճապոնացիների համոզմամբ` մարդը քիչ է ապրում իր տգիտության պատճառով»

18.01.2013 | 14:05

Ըստ միջազգային չափանիշների` հանգիստ շնչառության դեպքում առաջանում է 10 դբ աղմուկ, շշուկի դեպքում` 17 դեցիբել, թերթ թերթելը առաջացնում է 20 դբ աղմուկ, տան աղմուկը 40 դբ է, ծովափինը` 40 դբ: Միջին բարձրության խոսակցությունն առաջացնում է 50 դբ աղմուկ, բարձրը` 70: Աշխատող փոշեծծիչը 80 դբ աղմուկ է առաջացնում, մետրոյի գնացքը` 80, ռոք-խմբի համերգը` 100, ամպրոպի ճայթյունը` 110, ռեակտիվ շարժիչը` 110, զենքի կրակոցը` 120:
Ֆիզիոթերապևտ-մանուալիստ, ակադեմիկոս ԳԱԳԻԿ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԻ պարզաբանումները բարձր ձայնի` մարդու և շրջապատի վրա ունեցած բացասական ազդեցության մասին են: Եվ ոչ միայն: Վնասակար սովորություններ, աղմուկ, սխալ սննդակարգ, անշարժություն, մի խոսքով, տեխնոդարն իր խնդիրներով:

«Օր օրի մեր քաղաքը զրկվում է ծառերից, կանաչ տարածքներից: Ավտոմեքենաներից, գործարաններից արտանետվում են վնասակար թափոններ: Չի պահպանվում էկոլոգիական, կենսաբանական ոչ մի նորմ: Այս ամենը խիստ անդրադառնում է մարդու շնչառական, սրտանոթային համակարգի վրա: Մարդն ինքն էլ է վնասում իր առողջությունը` ծխախոտով, թմրանյութերով, ալկոհոլով, վնասակար այլևայլ սովորություններով:
Նախ և առաջ, մեզանում չկա սնվելու կուլտուրա, և այդ ամենը սկսվում է հայկական խնջույքներից, երբ խորովածը հայտնվում է մրգի կողքին, ամեն ինչ միանգամից դրվում է սեղանին: ՈՒտում են տարբեր մսեր` խոզի, տավարի, հորթի, որից հետո համտեսում են ձուկ կամ թռչնի միս: Այնինչ, օրվա ընթացքում կարելի է օգտագործել մեկ տեսակի կենդանու միս: Փակ տարածքում աշխատում է օդորակիչը, մարդիկ ծխում են` թունավորելով և՛ իրենց, և՛ կողքիններին բառիս բուն իմաստով: Սրան գումարվում է բարձր երաժշտությունը, որ մոտավորապես 1000 հերց հաճախականություն ունի և 100 դեցիբելից ավելի ուժգնություն: Իսկ դահլիճներում չկան ակուստիկ սարքավորումներ:
Եթե աղմուկը գերազանցում է 140 դեցիբելը, մարդը կոնտուզիա է ստանում, 160-ի դեպքում` մեռնում: Շատ երգիչներ իրենց ձայնային վատ տվյալները քողարկում են բարձր երաժշտությամբ, մարդիկ էլ ռիթմով թռչկոտում են:
Մեր խնջույքները, հարսանիքները ես համարում եմ հակաառողջական հավաքներ: Նման արարողություններից հետո երեքից հինգ օր մարդն ուշքի չի գալիս: Նյարդային համակարգի կամ շնչառական օրգանների խնդիրներ ունեցող մարդիկ շուտ լքում են խնջույքի վայրը, աղմուկից և ծանր օդից ունենում են գլխապտույտ, սրտխառնոց, հիպերտոնիկ սրացում, հավասարակշռության կորուստ:
Հայտնի է, որ դելֆինները, կետերը ինքնասպան են լինում: Ըստ գիտական ուսումնասիրությունների` ծովի ընդերքում կատարվող պայթյունները, սուզանավերի շարժիչների առաջացրած ձայնային բարձր հաճախականությունը նրանց խլության պատճառ են դառնում, և նրանք, կորցնելով հավասարակշռությունը, դուրս են նետվում ջրից: Թռչունները թռչում-հեռանում են բարձր ձայնից: Մարդիկ, եթե չեն խուսափում աղմուկից, վնասում են առողջությունը: Ովքեր որոշում են հաճույք ստանալ բարձր երաժշտությունից կամ մշտապես աշխատում են աղմուկի տակ, տուժում է նրանց լսողությունը, առաջանում են նյարդային համակարգի տարբեր տեսակի շեղումներ` քրոնիկ գլխացավ, գլխապտույտ, աղմուկ ականջներում, որոնք բժշկելու տեսակետից գրեթե անլուծելի են:
Ճապոնիայում, օրինակ, բարձր ազդանշանի համար տուգանում են: Մեր քաղաքում աղմուկն ամենուր է և պետականորեն չի վերահսկվում: Ռեստորանային աղմուկը խանգարում է մարդկանց քնին, գիշերվա անդորրը կարող են խախտել մեքենայից հնչող գռեհկության աստիճանի բարձր երաժշտությունը, թափառող շների հաչոցները, գզվռտոցը: Պայթուցիկների, տեղին-անտեղի արվող հրավառությունների ձայնից երեխաները քնած տեղից վեր են թռչում, վախից նյարդային դասի տարբեր հիվանդություններ ձեռք բերում:
Այսօր մոդայիկ է ականջակալներով երաժշտություն լսելը, հեռախոսով խոսելը, սակայն ականջակալից հնչող երաժշտության թրթռոցը ճնշում է թմբկաթաղանթը, ինչը բացասաբար է ազդում լսողական ապարատի վրա:
Օրինակ, մեքենան վարելիս էլ չի թույլատրվում հեռախոսն ականջին խոսել, բայց ականջակալով թույլատրվում է: Երբեմն անառողջ ապրելակերպն ուղղակիորեն կապված է աշխատանքի բնույթի հետ: Մենք փորձում ենք բուժական մեթոդներով գոնե մեղմել այն չարիքները, ինչի առաջ կանգնած է մարդը (երկար ժամանակ մեքենայի ղեկի առաջ նստելը, համակարգչի մոտ աշխատելը, ոտքի վրա կանգնած աշխատելը, հաստոցի դեմ կանգնած նույն շարժումն անելը և այլն):
Օրինակ, համակարգչի առաջ երկար աշխատելիս պետք է 40 րոպեն մեկ ընդմիջում անել, ուղիղ կանգնել պատի մոտ, քայլել, շնչառական և ողնաշարն ուղղող վարժություններ անել:
Գիտատեխնիկական առաջընթացն առաջ է բերում շարժումների սահմանափակություն (հիպոդինամիա): Ամբողջ աշխարհի բնակչությունը կանգնած է այս պրոբլեմի առաջ:
Ակադեմիկոս Ամոսովն իր «Օրը 100 շարժում» գրքում նշում է, որ ինքը օրը 100 շարժում է կատարում և առաջարկում է իր մեթոդիկան: Հարկ է նշել, որ նա ժամեր ձգվող սրտի վիրահատություն էր անում 75 տարեկանում, և ձեռքերը չէին դողում: Մարդկանց 95 տոկոսը արթնանում է, հագնվում և դուրս գալիս տնից: Ես այցելուներ ունեմ, որ օրվա մեջ կատարում են 100-150 քայլ: Նույնիսկ կենդանական աշխարհում շարժումների բազմազանությունը անհրաժեշտություն է: Օրինակ, կատուն արթնանալուց հետո բնազդաբար կատարում է 50-70 շարժում, որ կարողանա ամբողջ օրվա շարժողական ռեժիմը պահպանել:
Մարդն ապրում է իրեն ի վերուստ տրված կյանքի կեսից քիչ: Ճապոնացիների համոզմամբ` մարդը քիչ է ապրում իր տգիտության պատճառով: Պետք է սովորել մարմինը վարելու արվեստը»:

http://www.irates.am/hy/1358503729
Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

«Ճապոնացիների համոզմամբ` մարդը քիչ է ապրում իր տգիտության պատճառով»

«Կարող ես ապրել առանց մի ոտքի, մի երիկամի կամ թոքի, առանց սրտի հնարավոր չէ»

«Կարող ես ապրել առանց մի ոտքի, մի երիկամի կամ թոքի,  առանց սրտի հնարավոր չէ»

«Էրեբունի» բժշկական կենտրոնի սրտանոթային վիրաբուժության բաժանմունքը հիմնադրվել է 2003-ին 2010-ին, Արտյոմ Քուշկյանի նախաձեռնությամբ, վերանորոգվել, վերակահավորվել և վերազինվել է նոր սարքավորումներով:
«Էրեբունի» բժշկական կենտրոնի սրտանոթային վիրաբուժության բաժանմունքի վարիչ, սրտային վիրաբույժ, բժշկական գիտությունների թեկնածու ՎԱՀԵ ԳԱՍՊԱՐՅԱՆԻհետ մեր զրույցը սրտանոթային վիրահատության ժամանակակից մեթոդների, Հայաստանում դրանց կիրառելիության, ինչպես նաև սրտանոթային հիվանդությունների կանխարգելման, առողջ ապրելակերպի կանոնների մասին է: 
Վահե Գասպարյանը 1993-ին ավարտել է Երևանի Մխիթար Հերացու անվան պետական համալսարանը, կլինիկական օրդինատուրան սրտանոթային մասնագիտութամբ անցել է Միքայելյանի անվան վիրաբուժության ինստիտուտում, վերապատրաստվել է ԱՄՆ-ի առաջատար կլինիկաներից մեկում` Նյու Յորքի «Westchester» բժշկական կենտրոնում: Աշխատել է Միքայելյանի անվան վիրաբուժության ինստիտուտում, 1996-98 թթ. ծառայել է ՀՀ զինված ուժերում` որպես զինծառայության լեյտենանտ: Այնուհետև Ֆրանսիայում վերապատրաստվել է փականային վիրաբուժության հիմնադիր պրոֆեսոր Ալեն Կարպանտիեի մոտ: 2000-2003 թթ. աշխատել է Սինգապուրի ազգային համալսարանական հիվանդանոցում, որից հետո` 2003-ից, գլխավորել է «Էրեբունի» բժշկական կենտրոնի սրտանոթային վիրաբուժության բաժանմունքը: Կատարել է մոտ 300 վիրահատություն, հիմնականում` աորտո-կորոնար շունտավորում:

-Խոսքը բա՞ց, թե՞ փակ վիրահատության մասին է:
-Փակ վիրահատությունը կիրառվում է բնածին արատների դեպքում: Մենք զբաղվում ենք մեծահասակների վիրաբուժությամբ: Իրականացնում ենք բաց` կրծքավանդակը հատելով, մեծ մասամբ` արյան արհեստական շրջանառության պայմաններում կատարվող վիրահատություններ: Հիմնականում դա աորտո-կորոնար շունտավորում կոչվող վիրահատությունն է, որը կիրառվում է սրտի իշեմիկ հիվանդությունների դեպքում և նպատակ ունի տարբեր տեսակի շունտերի միջոցով` զարկերակային, երակային, նոր ճանապարհ ստեղծելու արյան համար:
Ձեռքբերովի արատների դեպքում կատարվում են փականների պլաստիկ և պրոթեզավորման վիրահատություններ:
Մեծ և տարածուն սրտամկանի ինֆարկտ տարած հիվանդների դեպքում, որոնք ունեն սրտի լայնացում, կիրառվում է սրտի փորոքի պլաստիկ վիրահատություն` նպատակ ունենալով վերականգնելու սրտի նորմալ չափսերը (Դօռի վիրահատությունը), հետևաբար նաև կծկողականությունը, և հիվանդին ազատել սրտային անբավարարվածության կլինիկայից: Կատարվում են նաև սրտի տարբեր տեսակի ուռուցքների վիրահատություններ և այլն:
-Որո՞նք են վիրաբուժական միջամտության ժամանակակից մեթոդները, և ե՞րբ են դրանք թափանցել Հայաստան:
-ՈՒրախությամբ պետք է նշեմ, որ մենք, ըստ հնարավորության, դրանք կիրառում ենք Հայաստանում: Որպես օրինակ, մեզ մոտ հաջողությամբ ներդրվել է ամբողջային զարկերակային կորոնար շունտավորումը երկու ներքին կրծքային զարկերակների կիրառմամբ Y գրաֆտի տեսքով:
Տվյալ վիրահատության առանձնահատկությունն այն է, որ մենք խուսափում ենք երակային շունտերից, դրվում է միայն զարկերակային, իսկ զարկերակային շունտերի մեջ ներքին կրծքային զարկերակը լավագույնն է հեռակա արդյունքների առումով: Մանավանդ երիտասարդ հիվանդների դեպքում, ովքեր դեռ երկար տարիների կյանք ունեն, նախընտրելի են զարկերակային շունտերը, ինչը հնարավորություն կտա հետագայում խուսափելու կրկնակի վիրահատությունից:
Մյուս օրինակը փորոքի պլաստիկան է, այսպես կոչված, Դօռի վիրահատությունը, որ ներդրվել է 2004-ին Երևան այցելած հայազգի սրտային վիրաբույժ Արման Էքերյանի շնորհիվ և մեր կենտրոնի ջանքերով:
Նախ ասեմ, որ սրտի հետինֆարկտային անևրիզմայով` սրտի լայնացմամբ տառապող հիվանդները ծանր կոնտինգենտ են, որովհետև արտահայտված սրտային անբավարարվածության փուլում են գտնվում և առանց որևէ ակտիվ վիրաբուժական միջամտության դատապարտված են: Ըստ վիճակագրության` նրանց երեք տարվա կյանքը կազմում է 30 տոկոս, այն դեպքում, երբ Դօռի վիրահատությունից հետո 5 տարի ապրելու շանսերը բարձրանում են մինչև 80 տոկոս: Իր արդյունքներով այս վիրահատությունը համարժեք է սրտի փոխպատվաստմանը: Իսկ դա շատ կարևոր է մանավանդ մեր երկրի համար, որտեղ փոխպատվաստում չի արվում, և չեմ կարծում, թե մոտ ապագայում կկիրառվի:
-Սրտի փոխպատվաստման մասին շատ բան չգիտենք: Մի փոքր մանրամասնեք:
-Փոխպատվաստումն ինքնին տեխնիկապես բարդ վիրահատություն չէ: Բարդությունն ավելի շատ ֆինանսական, սոցիալական և կազմակերպական հարցերում է: Հիվանդը հայտնվում է «սպասողների» ցուցակում ու շատ դեպքերում այդպես էլ մահանում է` սպասելով: Հեշտ չէ դոնորական սիրտ ձեռք բերելը, համատեղելիությունը որոշելը, օրենքն ընդունելը: Էլ չասենք, որ բավական թանկ արժեն վիրահատությունը, հետվիրահատական խնամքը և այլն:
Նույնիսկ աշխարհի ամենահարուստ երկրներում, սկսած ԱՄՆ-ից, վերը նշված պատճառներով, փոխպատվաստումը գնալով անկում է ապրում:
-Իսկ եթե, այնուամենայնիվ, բոլոր այդ բարդությունները հաղթահարվեն, կարո՞ղ ենք խոսել փոխպատվաստման արդյունավետության մասին:
-Արդյունավետություն, այո, կա, փոխպատվաստված սրտով հիվանդները փրկվում են: Տերմինալ փուլում գտնվող հիվանդը, որին մնացել է ամիսների կյանք, դառնում է գրեթե լիարժեք մարդ:
-Լավ մասնագետ լինելու համար պարտադի՞ր պայման է արտասահմանում վերապատրաստվելը:
-Անպայման: Երանի հետագայում մեզ մոտ այնպիսի դպրոց լինի, որ նորություններ սովորելու համար այլևս հարկ չլինի գնալ արտասահման: Թեև, ես կարծում եմ, իդեալական երկիր չկա ոչ մի առումով, միշտ դու կողքինից սովորելու բան ունես:
-Հայաստանյան վիրաբույժներից կարո՞ղ են ինչ-որ բան սովորել:
-Իհարկե, այն առումով, որ մենք տեսնում ենք պաթոլոգիաներ, որոնք արտասահմանում արդեն քիչ են հանդիպում: Օրինակ, ռևմատիկ արատները մեզանում շատ են, նրանց մոտ գրեթե չկան:
-Մենք միշտ «լավ արդյունքները» դրսի հետ ենք կապում: Հնարավորության դեպքում հիվանդները գերադասում են վիրահատվել արտասահմանում:
-Եթե տվյալ վիրահատությունն արդյունավետությամբ կատարվում է մեր երկրում, ինչո՞ւ գնալ ուրիշ երկիր, ավելի շատ վճարել ու բուժվել, իսկ եթե` ոչ, իհարկե, միակ ելքը մնում է դուրս գալը:
-Հարցն էլ հենց դա է, սրտանոթային հիվանդությունների բուժման հիմնական մեթոդներն այստեղ կիրառվո՞ւմ են: Սովորաբար ասվում է, որ մենք մոտ 50 տարով հետ ենք մնում համաշխարհային բժշկության զարգացման տեմպից:
-Կարող ենք արձանագրել և հպարտությամբ ասել, որ սրտաբանության բնագավառում Հայաստանի բժշկությունը մեծ առաջընթաց է ապրել, և շատ քիչ բաներ կան, որոնց մեր սրտաբանները չեն տիրապետում:
-Միքայելյանը համարվում էր առաջատար վիրաբույժ: Կա՞ն էլի անուններ, որ կառանձնացնեիք:
-Միքայելյանն առաջինն էր, որ սրտային վիրաբուժություն ներդրեց Հայաստանում: Պետք է դա միշտ հիշել ու երախտիք պահպանել այդ մարդու հանդեպ, ով հեռավոր 1974-ին հիմնեց սրտի վիրաբուժության ինստիտուտ, որը հետագայում կոչվեց նրա անունով:
Այն, որ այսօր ունենք սրտային վիրաբույժներ Հայաստանում, առաջին հերթին Միքայելյանի շնորհիվ է: 1993-ից Հայաստանում է և առայսօր աշխատում է Հրայր Հովակիմյանը: Նա իր հերթին նոր շունչ հաղորդեց Հայաստանի սրտային վիրաբուժությանը: Ես հպարտությամբ պետք է ասեմ, որ Հրայր Հովակիմյանն իմ առաջին ուսուցիչն է:
-Թա՞նկ է սրտի վիրահատությունն առհասարակ:
-Հայաստանում սրտի վիրահատությունն ամենաէժանն է, եթե համեմատենք այլ երկրների հետ: Օրինակ, աորտո-կորոնար շունտավորումը մեզ մոտ արժե մոտ 6000 դոլար, ԱՄՆ-ում` 60 հազար, Եվրոպայում` 20-30 հազար և այլն: Հայաստանի բնակչության համար 6000 դոլարն էլ շատ մեծ գումար է, սակայն ավելի էժան հնարավոր չէ, որովհետև վիրահատության ինքնարժեքը շատ բարձր է: Վիրահատության ժամանակ կիրառվող նյութերը, պարագաները, դեղորայքը, ներարկիչները, արյան արհեստական շրջանառության պարագաները, փականները, բոլորը թանկարժեք, բարձրորակ, արտասահմանյան նյութեր են: Ցածր գինը մեզ հաջողվում է ապահովել միայն ու միայն եկամուտների և վճարվող աշխատավարձերի խիստ կրճատման շնորհիվ:
-Տարեկան քանի՞ վիրահատություն է կատարվում Հայաստանում:
-Մոտ 1000:
-Սրտանոթային հիվանդությունները տարածվածությամբ և մահացությամբ առաջին տեղն են զբաղեցնում ամբողջ աշխարհում, նաև մեր երկրում: Որքան գիտեմ, նկատվում է նաև հիվանդության երիտասարդացում, ինչո՞վ է պայմանավորված:
-Մեր ամենաերիտասարդ հիվանդը, որին կատարել ենք աորտո-կորոնար շունտավորում, 32 տարեկան է: Երիտասարդացումը, առաջին հերթին, պայմանավորված է գենետիկ նախատրամադրվածությամբ, նաև այն բոլոր գործոններով, որոնք առկա են իշեմիկ հիվանդությունների դեպքում` գիրություն, սթրեսներ, նստակյաց կյանք, ծխամոլություն: Բոլոր նշվածները մեր ժողովրդի մեջ խիստ արտահայտված են, երիտասարդ տարիքից ծխում են, սպորտով չեն զբաղվում:
-Ինչպե՞ս պետք է կանխարգելել սրտանոթային հիվանդությունները:
-Բոլոր վերը նշած ռիսկի գործոնները բացառել, ապրել առողջ կյանքով, զբաղվել սպորտով, պահպանել դիետա` գոնե 40 տարեկանից հետո, չծխել, ոգելից խմիչքներ օգտագործել չափավոր` առիթից առիթ:
-Կլինիկական ո՞ր նշանների դեպքում պետք է դիմել սրտաբանի: Երբեմն շատ անսպասելի է վրա հասնում մահը: Կա կարծիք, որ առողջ մարդիկ ավելի հաճախ են մահանում ինֆարկտից:
-Հաճախ է այդպես լինում, մանավանդ` ցողունային ախտահարումների դեպքում: Մարդը առողջ չէ, պարզապես ուշադիր չի եղել, նշաններն անտեսել է, և քանի որ մահը վրա է գալիս հանկարծակի, ասում են` առողջ էր, հանկարծ մահացավ:
Առաջին իսկ նշանների դեպքում` լինի դա սեղմող ցավ կրծոսկրի, հետկրծոսկրի շրջանում, ռիթմի խանգարում` սրտխփոցից սկսած մինչև ավելի կոպիտ արտահայտված ռիթմի խանգարումներ, հևոց, պետք է անպայման դիմել մասնագետի:
-Այս դեպքում հարկ է խոսել պրոֆիլակտիկայի կարևորության մասին:
-Խորհրդային Միության տարիներին Եվգենի Չազովը շեշտը դրեց պրոֆիլակտիկ բժշկության վրա: Այդ տարիներին երկրում կտրուկ նվազեց ինֆարկտների տոկոսը: Նույն հաջողությանը հասել են զարգացած երկրները` խիստ պայքար տանելով ծխելու դեմ, գիրության: Կանխարգելման միջոցառումներ կիրառելու համար անհրաժեշտ են պետական քաղաքականություն, բնակչության գիտակցության բարձրացում ու կամք:
-Ինչո՞ւ ընտրեցիք բժշկի մասնագիտությունը: Հավանաբար, հեշտ չէ գործ ունենալ մարդու սրտի հետ:
-Սիրեցի այդ մասնագիտությունը և հասկացա, որ իմ կոչումն է: Իհարկե, դժվար, պատասխանատու աշխատանք է: Վիրահատությունը գերլարում է պահանջում` ֆիզիկական և հոգևոր: Բայց հետաքրքիր է հենց նրանով, որ դժվար է, ու երբ տեսնում ես առողջացած հիվանդին, մոռանում ես այն չարչարանքը, որ ունեցել ես:
-Սիրտն ընկալվում է որպես հոգու տեղակայման օրգան: Ի՞նչ կասեք սրա մասին:
-Ես աթեիստ եմ: Հուզական պահեր ապրելիս ունենում ենք սրտխփոց, դա ֆիզիոլոգորեն բացատրվող երևույթ է: Գերլարումը` թե՛ հոգևոր, թե՛ ֆիզիկական, պահանջում է ավելորդ արյան մատակարարում դեպի աշխատող օրգաններ, ինչն էլ պահանջում է սրտի արագ աշխատանք: Արդյունքում ունենում ենք սրտխփոց և նույնացնում հոգին ու սիրտը:
-Պատահում է, որ ոչ մի դրական արդյունքի հույս չկա, բայց հիվանդը կազդուրվում է, ընդհուպ` վերակենդանանում, և հակառակը: Չե՞ք կարծում, որ ամեն դեպքում գործ ունեք առեղծվածային օրգանի հետ:
-Ընդհանրապես` հրաշքներ չկան, եթե որևէ բան դեռևս չենք հասկանում, չի նշանակում, որ գործ ունենք գերբնական ուժերի հետ:
-Դրական էմոցիաները, սակայն, օգտակար են սրտին:
-Սիրտը պարզապես մի օրգան է, որ կապված է կյանքի հետ: Չկա սիրտ, չկա կյանք: Կարող ես ապրել առանց մի ոտքի, մի երիկամի կամ թոքի, առանց սրտի հնարավոր չէ: Սրտից է կախված կյանքը` թե՛ լինել-չլինելու, թե՛ որակի առումով:
Դրական սթրեսներն օգտակար են, որովհետև օրգանիզմը տոնուսի մեջ են պահում, չափավոր սթրեսների ժամանակ խոլեստերինը, ճարպերը լուծվում, քայքայվում են: Արտահայտված կամ բացասական սթրեսները վնասակար են:
-Ի՞նչ կասեք մեր ընթերցողին զրույցի վերջում:
-Կցանկանայի, որ ապրեին առողջ կյանքով և լավատես լինեին, որովհետև լավատեսությամբ և ժպիտով ապրելը միայն ու միայն օգտակար է օրգանիզմին:

http://www.irates.am/hy/1356075929
Զրույցը`
Արմինե ՍԱՐԳՍՅԱՆԻ

«Մանկական քաղցկեղն անբուժելի չէ»

«Մանկական քաղցկեղն անբուժելի չէ»

18.09.2009 | 00:00

«ԴՈՒ ՄԵՆԱԿ ՉԵՍ»
«Նանե» պարային համույթը «Դու մենակ չես» բարեգործական ակցիայի շրջանակներում կազմակերպում է համերգներ` «Նանե»-ի և «Փոքրիկ Նանեներ»-ի մասնակցությամբ: Տոմսերի վաճառքից և բարեգործական ներդրումներից գոյացած հասույթը տրամադրվելու է քաղցկեղով հիվանդ երեխաների խնդիրները թեթևացնելու գործին:
«Մենք խորհրդակցեցինք Հայ ուռուցքաբանների ասոցիացիայի նախագահ, մանկական ուռուցքաբանության և քիմիաթերապիայի բաժանմունքի ղեկավար Գրիգոր Բադալյանի հետ և որոշեցինք, որ ներկայումս ամենակարևորը վերանորոգված, բայց դատարկ հիվանդասենյակները կահավորելն է,- ասում է «Նանե» պարային համույթի գեղարվեստական ղեկավար, ակցիայի կազմակերպիչ ՆԱՐԻՆԵ ՏՈՊՈԼՅԱՆԸ։- Երեխաների համար ստեղծելու ենք հեքիաթային խաղասրահ: Երբ ակցիայի լուրը տարածվեց, համոզվեցինք, որ ճիշտ ենք ընտրել «Դու մենակ չես» նշանաբանը, մեր ընկերներն ուզում են իրենց որոշակի ներդրումն ունենալ այս գործում: Մեր պաշտոնական գործընկերներն են «Ազնավուրը Հայաստանին» բարեգործական հիմնադրամը, «Անտարես» հոլդինգը, «Արարատ» հեռուստաընկերությունը, «Ֆոտոգրուպը», «ՈՒռուցքաբանության զարգացման հիմնադրամը: Չորսն էլ կարիք չունեն գովազդի: Սակայն սա ոչ թե գովազդ է, այլ լավ օրինակ բոլորի համար: Բացի պաշտոնական գործընկերներից, իրենց օգնությունն ու համագործակցությունն են առաջարկում նաև հասարակական կազմակերպություններ և ֆիզիկական անձինք։ Շնորհակալ ենք բոլորին»։
Ծրագրի շրջանակներում նախատեսվում է անցկացնել մրցույթ մի քանի անվանակարգերում` լավագույն սոցիալական գովազդ (տեսահոլովակ, ցուցապաստառ, լուսանկարչական աշխատանք), լավագույն լրագրողական աշխատանք (ակնարկ, հոդված, պատմվածք) և այլն:
Ներկայումս հանրապետությունում քաղցկեղով հիվանդ 250 երեխա կա, որոնցից ինը գտնվում են ազգային ուռուցքաբանության կենտրոնի մանկական բաժանմունքում: Ամեն տարի 80 երեխայի մոտ քաղցկեղ է հայտնաբերվում:
«Պետք է իմանալ, որ մանկական քաղցկեղն անբուժելի չէ,- ասում է Նարինե Տոպոլյանը:- «Դու մենակ չես» ակցիան անսովոր ու հուզիչ է նրանով, որ փոքրիկներն են իրենց մասնակցությունը բերում այս կարևոր գործին: Մեզ համար ամենակարևորն այն է, որ մեր սաները փոքր տարիքից սովորեն օգնել դիմացինին և անտարբեր չանցնեն օգնության կարիք ունեցողի կողքով։ Ես նրանց ասում եմ` երբ դժբախտությունը թակում է դուռը, չի հարցնում` ո՞ւմ մոտ է եկել: Կյանքի ճանապարհին հնարավոր է ամեն ինչ` պատերազմ, եղեռն, ահաբեկչություն, հիվանդություն: Նրանք իրենց պարով, իրենց կյանքով պիտի քարոզեն բարություն, խաղաղություն, սեր: Աշխարհին հենց դա է պետք»:
«Պատկերացնում եմ` ինչ ոգևորությամբ են պարելու մեր փոքրիկները,- ասում է «Նանե» պարային համույթի տնօրեն ԱՆԱՀԻՏ ԲԱԲԱՅԱՆԸ:- Երբ դատարկ սենյակները կահավորվեն, մենք նրանց կբացատրենք` տեսնո՞ւմ եք, դուք պարեցիք, և փոքրիկների համար այս դատարկ սենյակում հայտնվեցին սեղան, աթոռ, մահճակալ, պահարան»:
«Դու մենակ չես» բարեգործական ակցիայի շրջանակներում կազմակերպվող առաջին համերգը նախատեսված է անցկացնել հոկտեմբերի 30-ին, Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում:
«ՆԱՆԵ» ԵՎ «ՓՈՔՐԻԿ ՆԱՆԵՆԵՐ»
«Նանե» պարային համույթը ստեղծվել է 1997-ին` Նարինե Տոպոլյանի նախաձեռնությամբ: Ավելի ուշ համույթին կից բացվել է մանկական խորեոգրաֆիկ ստուդիան և հիմնվել «Փոքրիկ Նանեներ» պարային համույթը: Նարինե Տոպոլյանի սաները բազմաոճ, ինքնատիպ համերգային ծրագրերով հանդես են գալիս Հայաստանում և Հայաստանի սահմաններից դուրս` մշտապես արժանանալով բարձրագույն մրցանակների ու «Գրան պրի»-ների:
2005-ին Բեռլինում անցկացված «Տանց Օլիմպ» միջազգային մրցույթում նրանց մասնակցության առիթով ԽՍՀՄ և Ռուսաստանի ժողովրդական արտիստ, պրոֆեսոր Վլադիմիր Վասիլևը նշել է. «Բանն այն չէ, որ նրա սաները ստացան մրցույթի բարձրագույն մրցանակները և դարձան այդ ստուգատեսի ամենասիրված արտիստուհիները: Կարևոր է, թե ինչպես էին փայլում այդ փոքրիկների աչքերը, ինչքան երջանիկ էին նրանք, որ պարում էին: Ես շատ էի ուզում իմանալ, թե ում մոտ են պարում այդ աղջիկները, ու ինձ ծանոթացրին զարմանալի նուրբ, անչափ համեստ, բայց և խիստ լուսավոր մի կնոջ հետ: Նայելով նրան` ես մտածում էի, որ եթե պարարվեստում շատ լինեին այսպիսի ուսուցիչներ, քանի-քանի սքանչելի արտիստներ կստանային իրենց «ուղեգիրը» դեպի մեծ բեմ»:
Այս տարի նույնպես «Տանց Օլիմպ» մրցույթում «Փոքիկ Նանեները» արժանացել են արծաթե մեդալի:
«Նանե»-ի պարացանկում ընդգրկված են հայկական ժողովրդական, դասական, նեոկլասիկ, աշխարհի ժողովուրդների պարեր, հայկական ժողովրդական պարի և ջազի սինթեզ, մոդեռն, ստեպ, ժամանակակից պարեր:
Նարինե Տոպոլյանը կարևորում է հատկապես դասական պարը: Նրա խոսքով` քչերը կարող են դառնալ բալետի պարուհիներ, բայց դասական պարը գեղեցկացնում է մարմինը, կազմակերպում, դաստիարակում է անհատին: Երբեմն ծնողները կատակում են, որ «Նանեն» ոչ թե պարային համույթ է, այլ «բանակ»: Տարբեր երկրների ազգային պարերը սովորելուն զուգընթաց երեխաները նաև ծանոթանում են այդ երկրների պատմությանը, մշակույթին, ազգային նկարագրին:
Պարարվեստի զարգացման և երեխաների դաստիարակության գործում ունեցած վաստակի համար անցյալ տարի Նարինե Տոպոլյանն արժանացել է մշակույթի նախարարության ոսկե մեդալին:
Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ
http://www.irates.am/hy/dntnE7Yis3g9VEsvpDqAQIftxC