Заметка

Գրքի օրը

Գրքի օրը

19.02.2014 | 13:09

Փետրվարի 19-ը՝ Հովհաննես Թումանյանի ծննդյան օրը, նշվում է որպես գիրք նվիրելու օր: Կազմակերպվում են տարատեսակ միջոցառումներ, գրքերի շնորհանդեսներ, թատերական ներկայացումներ, հանդիպումներ գրողների հետ: Գրքասերները միմյանց գրքեր են նվիրում: Պետությունն էլ հոգ է տանում, որ գրքերը հասնեն հանրապետության մարզային ու դպրոցական գրադարաններին: Այս տարի գրքերը «ճանապարհվելու» են Արցախ: Այլ հարց է` նվիրատվությունն ընդգրկում է ավելի շատ պահանջա՞րկ ունեցող, թե՞ գրապահոցներում մնացած գրքերը:

Թանգարանները այցելուների առաջ դռներ են բացում յուրատեսակ առաջարկով` «մուտքը գրքով»: Հրատարակիչներն էլ առաջարկում են «լայքիր ու ստացիր նվեր` գիրք» յուրատեսակ բիզնես-նվիրատվությունը, բնականաբար, սոցցանցերով:
Գրքի տոնը հասնելու է նաև Դսեղ: Եղիշե Չարենցի անվան գրականության արվեստի թանգարանը կկազմակերպի միջոցառում Դսեղի Հովհաննես Թումանյանի տուն-թանգարանի բակում: Միջոցառման շրջանակում մշակույթի նախարարության ներկայացուցիչները Դսեղի դպրոցին կհանձնեն պետական պատվերով հրատարակված հարյուր միավոր գիրք:
Հավելենք, որ գիրք նվիրելու օրը Հայաստանում նշվում է 2008-ից` կառավարության նախաձեռնությամբ և գրողների միության երջանկահիշատակ նախագահ Լևոն Անանյանի որոշմամբ: Այն տարեց տարի դառնում է գրքասերների ամենասիրելի տոներից մեկը:

Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Заметка

Անտեսվում է ժամանակակից գրականությունը

Անտեսվում է ժամանակակից գրականությունը

18.02.2014 | 12:14

Հանրային հեռուսատեսությամբ հեռարձակվելու է 20-րոպեանոց հաղորդաշար, որի ընթացքում ներկայացվելու են հայ ժամանակակից գրողների գործերը` արձակ և չափածո: Այս մասին տեղեկացնում է ՀԳՄ նախագահ Էդուարդ Միլիտոնյանը: Նրա կարծիքով` այդ կերպ կպրոպագանդվի ժամանակակից գրականությունը, նաև ի հայտ կգան նոր դերասաններ, ասմունքողներ:

«Ասմունքի հանրապետական փառատոների մասնակիցներին մենք նվիրում ենք գրքեր, որ նրանք ընտրություն կատարեն նաև այդ գրքերից,— ասում է Է. Միլիտոնյանը:— Վերջերս ասմունքի մասին շատ է խոսվում, ես էլ իմ կարծիքն ասեմ. ասմունքի ասպարեզը մի քիչ հնաոճ է, հիմնականում նմանակում են մեր անցյալի վարպետներին: Նմանակում են նաև դպրոցականները, փառատոներում կլսես երեխաների, որոնք հայտնի դերասանների պես են արտասանում նույն գործերը: Պետք է երեխաների միջից դուրս բերվի նմանակելու այդ տխուր փորձերը»: ՀԳՄ նախագահը նկատեց նաև, որ մերօրյա գրականությունը դերասաններն անտեսում են ոչ այնքան նրա համար, որ այդ գրականությունը բարձր չէ, այլ որովհետև ժամանակակից գրականությունն այդ ոճով կարդալն անհնար է:

«Քիչ չեն գրքերը, որ «հալումաշ» են լինում գրադարաններում»

17.02.2014 | 17:24

Հովհաննես Թումանյանի ծննդյան օրը` փետրվարի 19-ը, արդեն վեց տարի` նշվում է որպես գիրք նվիրելու օր: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ՀԳՄ նախագահԷԴՈՒԱՐԴ ՄԻԼԻՏՈՆՅԱՆԸ տեղեկացրեց, որ գրքեր են նվիրելու Արցախի մարզային ու դպրոցական գրադարաններին: Երևանի դպրոցներում կազմակերպվելու են հանդիպումներ գրողների հետ. «Գիրք նվիրելու օրը մարդկանց համոզում է, որ գրքից լավ նվեր աշխարհում չկա, հատկապես մեր ազգի համար, երբ դարերով գիրքը եղել է սրբազան մի մարմին, էություն. Գրիգոր Նարեկացու գիրքը պահվել է բարձերի տակ որպես բուժման միջոց»:

Մշակույթի նախարարության նախաձեռնությամբ` երեք տարի առաջ հրատարակված գրքերը, որոնք չեն իրացվել կամ դեռևս պահպանվում են գրքի և հրատարակչական գործի կենտրոնում, ցուցակավորվում են, բաժանվում են հանրապետության մարզային և դպրոցական գրադարաններին:
«Մեր դպրոցականները գիրք կարդում են մինչև 6-7-րդ դասարանը, որից հետո զբաղվում են ուսումը շարունակելու պարապմունքներով, մի մասն էլ երևի թե ավելի շատ փողոցի դաստիարակությանն է ապավինում»,— ասաց Է. Միլիտոնյանը, ընդգծելով, որ դպրոցականները հետաքրքրվում են ժամանակակից գրողներով, ուզում են ճանաչել նրանց, և մի դրվագ պատմեց. «Դպրոցներից մեկում հանդիպում էին կազմակերպել։ Երբ խոսքն ինձ տրվեց, մի տղա ասաց` վայ, ես գիտեի` դուք մեռած եք: Դասագրքերում հանդիպել են իմ անվանը, իսկ նրանց թվում է, թե այսօր ապրող մանկագիրներ չկան»:
ՈՒսումնասիրությունները ցույց են տալիս, որ դպրոցների գրադարաններում հատկապես մեծ պահանջարկ ունեն հանրագիտարանային, մանկապատանեկան գրքերը, նաև այն հեղինակների գրքերը, որոնք կան դասագրքերում:
«Իրատես de facto»-ն հետաքրքրվեց` գրքեր նվիրելիս հաշվի առնո՞ւմ են մարզային, դպրոցական գրադարանների պահանջարկը, թե՞ նվիրում են այն, ինչ կարող են: «Այդ հարցը դժվար պատասխանի է մղում: Մարզային գրադարանների պահանջները, իհարկե, կենտրոնում են, բայց բոլորի պահանջները բավարարել, այսօրվա մեր գիրք հրատարակելու միջոցների պայմաններում, շատ դժվար է»,-ասաց Էդուարդ Միլիտոնյանը, նշելով, որ պահանջարկ ունեն հատկապես ժամանակակից գրողների գործերը, որովհետև դասական գրողների գրքերը ժամանակին տպագրվել են տասնյակ հազարավոր տպաքանակով, և ամեն գրքից հինգ օրինակ գոնե առաքվել է գրադարաններ: Այսօր գրքերը հրատարակվում են 500 օրինակով, հանրապետության միայն դպրոցական գրադարանները 1500-ն են: Էդուարդ Միլիտոնյանը տեղեկացրեց, որ հրատարակել են մանկական գրականության անթոլոգիաներ` 1500-2000 տպաքանակով, և նվիրել են դպրոցներին. «Քիչ չեն գրքերը, որ «հալումաշ» են լինում գրադարաններում, կազմերը պոկոտված են, նոր կազմեր են դնում, ամրացնում են և այլն: Հատուկ ծրագիր է պետք մշակել, որ պահանջարկ ունեցող գրքերը վերահրատարակվեն»:
Հարց հնչեց` ի՞նչ է լինելու տարիներ հետո, երբ գրքի շուկայում գերիշխեն էլեկտրոնային գրքերը: «Էլեկտրոնային գիրքն էլ է գիրք և կարելի է նվիրել: Պետք է ոչ թե հակադրել դասական գրքին, այլ նպաստել, որ կարդան: Ով ինչ տեսակի գիրք ուզում է` թող կարդա,- ասաց ՀԳՄ նախագահը:— Բնական է, որ պետք է ընդլայնվի էլեկտրոնային գրքի բիզնեսը, բայց այդ քարոզչությունը չպետք է դառնա միակողմանի` ստվերում թողնելով դասական գիրքը: Հետագայում գուցե ուրիշ տեսակի գրքեր էլ ի հայտ գան»:
Ինչ վերաբերում է թղթային գրքին, բանախոսի կարծիքով, այն չի մահանա, դասական գիրքը մասնակցում է բազմաթիվ միջազգային ցուցահանդեսների, հսկայական դեր ունի, ընդլայնվում է տարբեր երկրներում, ընթերցողների քանակն էլ շատանում է: «Հաճախ է խոսվում թղթի հոտի մասին, որը անբացատրելիորեն ձգում է մարդկանց: Չգիտեմ` դա ինչ է, անուններ չեմ տա, ոչ էլ Մատրոսովի պես մարմնովս ուզում եմ պաշտպանել մի բան, որն իմ պաշտպանության կարիքը չունի»,— եզրափակեց իր խոսքը Միլիտոնյանը, փաստելով, որ աշխարհում պահանջարկի 80 տոկոսը բաժին է ընկնում տպագիր գրքին:
Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

http://www.irates.am/hy/1392643619

Заметка

«Հողածին և հողագույն նրա պոեզիայում բոլոր առարկաները երկինքոտ են»

«Հողածին և հողագույն նրա պոեզիայում բոլոր առարկաները երկինքոտ են»

15.02.2014 | 11:19

Ավետիք Իսահակյանի կենտրոնական գրադարանում տեղի ունեցավ գեղանկարիչ, բանաստեղծ, հրապարակախոս Արևշատ Ավագյանի «Ինքնության գույնն ու իմաստը» գրքի շնորհանդեսը:

Բանաստեղծ Հակոբ Սրապյանը մեզ հետ զրույցում ասաց, որ Արևշատ Ավագյանը որպես գեղանկարիչ առանձնահատուկ գույներ, ոճ և ասելիք ունի. «Նույնը պետք է ասվի պոեզիայի մասին. խճանկարային, գունեղ նկարչություն է արդեն պոեզիայի լեզվով: Առանձնահատկությունը սա է, իսկ բանաստեղծությունը նախ և առաջ դառնում է բանաստեղծություն, եթե խոսքը պատկերավոր է: Արևշատի պոեզիան պատկերների պոեզիա է, և պետք է ասեմ, տակավին լրջորեն չգնահատված: Մեզ համար ձեռագիր է դարձել, մարդիկ գնան, նոր սկսենք մեծարել»: Հակոբ Սրապյանը ընգծեց նաև, որ Ա. Ավագյանը որպես բանաստեղծ ըմբոստ տեսակ է, պալատական երգիչ դառնալուց շատ հեռու, ինչը կարևոր է մտավորականի համար:
Համո Սահյանը նրա մասին ասել է. «Արևշատ Ավագյանը բացառիկ տաղանդով օժտված գեղանկարիչ է բանաստեղծության մեջ: Հողածին և հողագույն նրա պոեզիայում բոլոր առարկաները երկինքոտ են: Այս նույն տպավորությունն եմ ստանում Արևշատ Ավագյանի կտավներից. գեղանկարչության մեջ նա նույն անկրկնելի բանաստեղծն է»:
ՀԳՄ նախագահ Էդուարդ Միլիտոնյանը տեղեկացրեց, որ մարտի 19-ին Թբիլիսում տեղի կունենա Ա. Ավագյանի գեղանկարների ցուցահանդեսն ու գրքի շնորհանդեսը. «Ժամանակակից գրողների գործերը 100 հոգի էլ կարդան, ես դա համարում եմ ձեռքբերում: Շատերը մտածում են, պետք է հսկայական թվով բանաստեղծություն կարդացողներ լինեն, բայց եկեք իրար չխաբենք, մեր դասականներին անգամ, Վարուժանին, Մեծարենցին, այնպես չի, որ միլիոնավոր մարդիկ կարդում են: Շատ ու քիչ չասենք: Կան մարդիկ, որ պոեզիա սիրում են»:
ՀԳՄ վարչության քարտուղար, գրականագետ Պետրոս Դեմիրճյանի կարծիքով` Ա. Ավագյանն այն հեղինակներից է, ովքեր ունեն առեղծվածների, գաղտնիքների հետ առնչվելու ձգտում, նպատակ. «Դա հողի և երկնքի հետ կապն է, որ Չարենցը կասեր` մի երկնային առնչության պատմություն: Երբ Պարույր Սևակին հարցրել են` ինչպե՞ս է ծնվում բանաստեղծությունը, նա ասել է` դա միգամածությունից ծնվող աստղի է նման»:
Գրականագետ Ռոմա Դալլաքյանի կարծիքով` նոր գիրքը մի մնայուն արժեք է հավերժական հայոց գեղարվեստական գրականության և գեղանկարչության խոսքի ու գույնի աշխարհում:
Արևշատ Ավագյանն ավելի քան 20 գրքի հեղինակ է, այդ թվում` Մոսկվայում լույս տեսած գրքերի: Իբրև գեղանկարիչ` անհատական ցուցահանդեսներ է ունեցել Երևանում, Մոսկվայում, Կիևում, Վիլնյուսում, Լոս Անջելեսում, Բոստոնում, Փարիզում: Նրա ձևավորմամբ ու նկարազարդումներով լույս են տեսնում իր և այլոց գրքերը:

Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Заметка

Լավագույն վեպերը

Լավագույն վեպերը

11.02.2014 | 12:16

Ֆրանսիական «Լառուս» հանրագիտարանը 2000 թվականի հատուկ հրատարակության մեջ զետեղել է «Քսաներորդ դարի լավագույն վեպերը» ցուցակը, որտեղ ընդգրկված է 60 վեպ: Այս մասին տեղեկացնում է «Լիտոպեդիա» բանասիրության հանրագիտարանը: «Լիտոպեդիա»-ի հիմնադիր, «Հայ գիրք» գրքերի ցանցի տնօրեն Աշոտ Գաբրիելյանը նշեց, որ «լավագույն վեպերի» զգալի մասը թարգմանված է հայերեն:

«Հայ գրքում» կարելի է ձեռք բերել Ֆիցջերալդի «Մեծն Գեթսբին», Բուլգակովի «Վարպետը և Մարգարիտան», Բուցցատիի «Թաթարական անապատը», Հեմինգուեյի «Ծերունին ու ծովը», Միլերի «Խեցգետնի արևադարձը»: Շուտով վաճառքում կլինի նաև «ՈՒլիսեսը»:

 

Заметка

«Մի խելքին մոտիկ պատճառ հորինեք, որ ես դուրս չգամ այս փոքրիկ քաղաքից»

«Մի խելքին մոտիկ պատճառ հորինեք, որ ես դուրս չգամ այս փոքրիկ քաղաքից»

10.02.2014 | 17:40

«Հայ գիրք» գրախանութում տեղի ունեցավ բանաստեղծՀՈՎՀԱՆՆԵՍ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ «Նոր տողից» բանաստեղծական ժողովածուի և «Գերեզմանիա» վիպակի շնորհանդեսը: «Նոր տողիցը» ընդգրկում է Հովհաննես Գրիգորյանի գրեթե բոլոր ստեղծագործությունները, լույս է տեսել անցած տարի: «Գերեզմանիան» ընթերցողի դատին հանձնվեց բանաստեղծի մահվան տարելիցի օրը:

Տարածված կարծիք կա, որ գրողին ճանաչում են մահից հետո:
Գրող, կինոգետ ԴԱՎԻԹ ՄՈՒՐԱԴՅԱՆԸ «Իրատես de facto»-ի հետ զրույցում նշեց, որ Հովհաննես Գրիգորյանն իր գործունեությունը սկսել է «Գարունից», իսկ «Գարունն» այն ժամանակ քիչ թե շատ գրագետ յուրաքանչյուր մարդու ձեռքին էր և տպագրվում էր մինչև 50 հազար տպաքանակով:«Մանավանդ ուսանողությունը նրա առաջին ընթերցողն էր: Հիմա նույնպես երիտասարդությունն է նրա նվիրյալ ընթերցողը: ՈՒրեմն Հովհաննես Գրիգորյանի գրականության մեջ մի հատկություն կար, որ թարմ մտքի տեր մարդը պիտի առաջին հերթին այդ բանաստեղծությունը զգար ու համարեր իրենը: Նա իր ժամանակից փոխանցվեց այս ժամանակին»։ Դավիթ Մուրադյանը նկատեց, որ նրա գրականության մեջ կա մարդու հետ խոսելու բանալի, նրա և ընթերցողի միջև գրեթե տարածություն չկա, պոետական պառնասային բարձունքներից չի խոսում մարդու հետ, այլ կողքին կանգնած, աչքերի մեջ նայելով, զրուցելու պես է խոսում, և դա նրան դարձնում է այս ժամանակի բանաստեղծ:
Ավելի ուշ իր ելույթում Դավիթ Մուրադյանն ասաց, որ միստիկ մի բան կա, երբ գրողի գիրքը բացում ես, ինքը ներսում է.«Դուք չունե՞ք այն զգացողությունը, որ դուք Մարկեսի հետ անձամբ ծանոթ եք կամ Էքզյուպերիի, կա, չէ՞: Ցանկացած պահի, երբ բացեք Հովհաննես Գրիգորյանի գիրքը, ինքը գալու է, բայց լուռ է մնալու, որովհետև գիրք կարդացող մարդուն չեն խանգարում»:
«Հովհաննես Գրիգորյանն իր կենդանության օրոք շատ սիրված ու գնահատված էր, այլ հարց է, որ ճանաչողությունը, կարդալը փառք ու պատիվ են բերում գրողին, այսօր նրան կարդալը, ճանաչելը փառք ու պատիվ են ընթերցողի համար»,- նկատեց գրաքննադատ ԱՐՔՄԵՆԻԿ ՆԻԿՈՂՈՍՅԱՆԸ, նշեց, որ վիպակը ներկայանում է փոքր-ինչ անավարտության մեջ, բայց այն, ինչ կա, ուղղակի ձեռքբերում է մեր արձակի համար: Մյուս կողմից` կա ներքին զգացողություն, որ, նա, այնուամենայնիվ, ավարտել է վիպակը, և իրենք հրատարակել են վերջնական աշխատանքը:
«Գերեզմանիա» վիպակի խմբագիր ՀԱՍՄԻԿ ԽԵՉԻԿՅԱՆՆ ասաց, որ բոլոր ձեռագրերը, մամուլում տպագրված հատվածները հավաքել են, համեմատել` փորձելով վերջնական տեսքի բերել. «Կարծում եմ` այս վիճակով բավականին ամբողջական է, երևում է ավարտը, ինձ թվում է` մեկ գլուխ է պակասում։ Հովհաննես Գրիգորյանը եզակի էր ոչ միայն որպես գրող, այլև մարդ, ընկեր, և իր բացակայությունը շատերն են զգում»:
«Ցավոտ օր է մեզ համար, հիշում եմ` մեկ տարի առաջ ձյուն եկավ, ես համոզված էի, որ այս տարի էլ ձյուն է գալու: Կարծում եմ` սրանից հետո միշտ պետք է պայծառ լինի, իր ցանկությամբ»,- ասաց բանաստեղծի դուստրը` ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ, ու հավելեց, որ մահվան տարելիցի օրը այսպիսի գիրք ծնելը, նոր խոսքով հայտնվելը աշխարհին բոլորին տրված չէ:
Բանաստեղծ ՀԵՆՐԻԿ ԷԴՈՅԱՆԻ կարծիքով` կյանքը, ընդհանրապես, անավարտ է, ու բոլոր մեծ գործերն անավարտ են:
«Մենք 50 տարվա ընկերներ էինք: Իմ բանաստեղծությունները և Հովհաննեսինը շատ տարբեր էին, բայց հիմքը նույնն էր, հիմքը գալիս էր պոեզիայից: Շատ էր մոտեցնում կյանքին նրա պոեզիան, երբեմն նույնիսկ վտանգավոր էր: Բայց պոետական ինտոնացիան նրա այնքան խորն էր, անձնական, որ երբեք չէր ձուլվում, կյանքի մեջ թևերը չէր վառում: Ինչքան մոտենում էր կյանքին, այնքան հեռանում էր կյանքից»:
Բանաստեղծ, թարգմանիչ ՀԱԿՈԲ ՄՈՎՍԵՍԻ կարծիքով` տարբեր բանաստեղծներ չեն լինում. եթե հիմքում լավ պոեզիա է, խորունկ պոեզիա, մեծ պոեզիա, տարբերությունը վերանում է. «Ֆոլքներն ասում է` ամեն մարդ գալիս է աշխարհ, որ ասի` այս ես եմ: Հովհաննես Գրիգորյանն ասաց, որ այդ ինքն է, ինքը գոյություն ունի պոեզիայի մեջ, բարդ պոեզիայի մեջ: Նա մեղմ էր, մարդկային, քնքշության հասնող բնավորություն ուներ: Զարմանալի համեստ էր, ես ասում էի` ո՞նց ես կարողանում վիթխարի հումորդ ու համեստությունդ համատեղել: Միանգամից անցում ենք կատարում նրա անգնահատելի հատկությանը` հումորին, որը նաև բանաստեղծությունների մեջ է արտահայտված: Բայց Հովհաննեսի նպատակը հումորը չէր: Հումորի վարագույրները եթե բացեիր, այնտեղ կտեսնեիր ողբերգություններ, դրամատիզմներ, տխրություններ»:
Գրականագետ ՍՈՒՐԵՆ ԴԱՆԻԵԼՅԱՆԻ կարծիքով` Հովհաննես Գրիգորյանը նոր տողից է սկսում հայ պոեզիան, նա երբեք չդավաճանեց իր սկզբունքներին` բանաստեղծական ընկալման մեջ և ստիպեց մարդկանց փոխվել:«Փոփոխությունը զգացին նաև ավագ սերնդի մարդիկ` Սիլվա Կապուտիկյանը, Վահագն Դավթյանը, մարդիկ, որ թվում է` այն ճամբարից էին: Եվ այդ փոփոխություների միջոցով փոխվեց մեր գրականությունը, մենք մտանք այդ նոր տողի սահմաններից ներս, դա ի՞նչն է, ո՞ւր է տանում մեզ, մենք էլի լավ չենք հասկանում»,- ասաց գրականագետը: Նա դրական գնահատեց այն, որ շնորհանդեսը կազմակերպվում է ոչ թե սրահներում, գրողների միությունում, այլ գրախանութում: «Գրողին մենք պետք է տեսնենք գրքերի մեջ»,— նկատեց նա։
Արձակագիր ԱՐԱՄ ՊԱՉՅԱՆՆ ասաց, որ դժվար է խոսել մի պոետի մասին, ում շատ է սիրում, ինչ էլ խոսի, քիչ է լինելու, ինչ սահմանումներ էլ տա, սխալ են լինելու, թերի, ու կարդաց իր սիրած բանաստեղծություներից մեկը.

Ինչ-որ մի հնար գտեք, որ ես չհեռանամ 
այս փոքրիկ երկրից: Ինչ-որ սխալ գտեք 
անձնագրիս մեջ և ետ դարձրեք սահմանագլխից:
Մի խելքին մոտիկ պատճառ հորինեք, 
որ ես դուրս չգամ այս փոքրիկ քաղաքից.
թող առատ ձյուն տեղա և անհուսորեն փակվեն
ավտոմայրուղիները և դադարեցվեն թռիչքները 
ինքնաթիռների, և գնացքները կանգնեն 
անորոշ ժամանակով…

Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Заметка

Թվայնացվում են

Թվայնացվում են

10.02.2014 | 14:34

Ազգային գրադարանը, այս տարվանից համագործակցելով այն գրադարանների հետ, որոնք ունեն համապատասխան նյութեր, սկսել է իրականացնել հայ պարբերական մամուլի և հայ գրքի թվայնացման ծրագիր: Ծրագրի համար ձեռք են բերվել սարքավորումներ, Բրիտանական թանգարանը լրացուցիչ դրամաշնորհ է տրամադրելու ազգային գրադարանին` սարքավորումների ձևով, որը հնարավորություն կտա ավելի ակտիվ ու արագ իրականացնելու այդ աշխատանքները: Հայկական ժառանգության էլեկտրոնային շտեմարանին կարելի է ծանոթանալ Ազգային գրադարանի կայքում:

 

Заметка

Մրցույթը երիտասարդանում է

Մրցույթը երիտասարդանում է

03.02.2014 | 17:28

Հայտնի են «Անտարես» հոլդինգի և «Գրանիշ» գրական ակումբի կազմակերպած «Արձակ-2013» պատմվածքի մրցույթի հաղթողները: Մրցանակաբաշխությունն անցկացվեց այսօր` տիկնիկային թատրոնի ճեմասրահում: Գլխավոր մրցանակի արժանացան Արփի Ոսկանյանը («Ողջերին թող թաղեն ողջերը»), Համբարձում Համբարձումյանը («Համլետի հոր ուրվականը») և Նարինե Կռոյանը («Ցեցի դեղը»): «Անտարես» հոլդինգը հատուկ մրցանակ շնորհեց Անրի Գրիգորյանին («Սիեստաու») և Մերի Մկրտչյանին («Շպերունգ»):

Մինչ մրցանակաբաշխության մեկնարկը irates.am-ը զրուցեց ժյուրիի անդամ, գրականագետ ՀԱՍՄԻԿ ՀԱԿՈԲՅԱՆԻհետ:

-Ի՞նչ կասեք «Անտարեսի» կազմակերպած պատմվածքների ամենամյա մրցույթի, և առհասարակ, գրական մրցույթների մասին:
-Գրական մրցույթները պետք են գրական պրոցես կազմակերպելու համար: Դրանք նաև չափորոշիչային դեր են կատարում ընթերցողի համար, որ կողմնորոշվեն, հասկանան, թե ովքեր են անցկացրել մրցույթը, ինչ գեղագիտական չափանիշներով, և, ըստ այդմ, որ ստեղծագործություներն են հաղթել։
«Անտարեսի» մրցույթն առանձնանում է իր ազնվությամբ։ Հանձնախմբում ներառված են մարդիկ, ովքեր կարող են շատ տարբեր կարծիք հայտնել և շատ անկախ կարծիքներ: Ըստ նրանց գնահատականների և ընդհանուր գնահատման սկզբունքով է հանձնվում այս կամ այն մրցանակը:
Կարող է հաղթել պատմվածք, որը ես, գուցե, լավագույնը չեմ համարել, բայց պատրաստ եմ ընդունելու մրցանակակրին, որովհետև հասկանում եմ, թե ինչ սկզբունքներով է այն գնահատվել: Ինքս նկատել եմ, ինչքան բազմազան քննարկումներ են եղել, ոչ միասևեռված, ինչպես լինում է սովորաբար, ոչ կանխակալ, թե ով է հաղթելու մրցույթում: Ոչ ոք չի կարող ասել, որ ծանոթ-բարեկամ կապերն են գործում այս դեպքում, առավել ևս, որ պատմվածքները ներկայացված էին առանց հեղինակների անունների:
-ՈՒ չնայած դրան մեծապես քննադատվում է մրցույթը:
-Այս տարի բողոքներն ավելի քիչ են եղել: Եթե ներկայացված 100 պատմվածքից 80-ը չի ընդգրկվել լավագույնների ցուցակում, այդ 80 գործերի հեղինակները կարող են տրամադրություն ստեղծել, որ օբյեկտիվ չի անցկացվել մրցույթը և այլն: Համառոտ ցուցակում տեղ գտած 21 պատմվածքները ես համարում եմ հաղթող պատվածքներ: Դրանք կհրատարակվեն առանձին գրքով և արդեն գրականություն ստեղծող պրոցես են: Այնքան տարբեր անուններ կան, չգիտեմ` ո՞վ է ում ընկերը: Կան հեղինակներ, որոնց չենք էլ ճանաչում: Մեղադրանքները սուբյեկտիվ են:
-Մրցույթի հեղինակների անանունությունը քննադատություններից խուսափելո՞ւ համար էր:
-Անունները թաքցնելը նաև մասնագիտական հետաքրքրության համար էր: Ոչ ոք զերծ չէ սուբյեկտիվությունից, և անունը կարող է ենթագիտակցաբար ազդեցություն գործել: Բայց, վերջին հաշվով, դա էլ էական չէ: Միշտ լավ ստեղծագործությունները ձեռագիր ունեն, և առանձնանում են մյուս պատմվածքներից:
-Մրցույթը նպատակ ունի ավելի շատ գնահատելու, ևս մեկ անգամ ներկայացնելու քիչ թե շատ հայտնի հեղինակների՞ն, թե՞ բացահայտելու նոր անուններ:
-Առավել կարևոր են բացահայտումները: Իմ դիտարկմամբ` մրցույթը երիտասարդանում է: Եթե անցած տարիներին կայացած գրողներն էին ավելի շատ մասնակցում, հիմա ավելի շատ են երիտասարդները:
-Ինքներդ ո՞ր գործը կառանձնացնեիք:
-Արփի Ոսկանյանի «Ողջերին թող թաղեն ողջերը» պատմվածքը և Ռուզաննա Ազիզյանի «Արթնացումը»:
-Առաջիկա տարիներին մրցույթի անցկացման կարգի փոփոխություններ կլինե՞ն:
-Հետագայում գուցե լինեն թեմատիկ կողմնորոշման փոփոխություններ, դեռ հստակ չէ: Այս տարի սահմանված էր մրցանակ նաև լավագույն մանկական պատմվածքի համար, բայց ոչ մի մանկական պատմվածք չի ներկայացվել:

http://www.irates.am/hy/1391434230

Ճեպազրույցը` Արմինե ՍԱՐԳՍՅԱՆԻ

Заметка

Ջեկ Լոնդոն. «Շանը նետած ոսկորը գթասրտության նշան չէ»

Ջեկ Լոնդոն. «Շանը նետած ոսկորը գթասրտության նշան չէ»

01.02.2014 | 17:49

Հույսը առհասարակ հաշվի չի ուզում նստել փորձառության հետ:

Սիրելը ավելի լավ ու ավելի գեղեցիկ է, քան սիրվելը: Սերը այնքան հարստացնում է կյանքը, որ մարդ հոժարությամբ կմեռներ այդպիսի կյանքի համար:

Խուճապը, որը առաջանում է բազմության մեջ, մի տեսակ ընդհանուր շահագրգռվածություն է ստեղծում և այդ պատճառով էլ ահավոր չէ, որքան այն, որին մարդ մատնվում է, երբ մենակ է:

Ով որ իր փողը ցրիվ է տալիս, արժանի է կողոպտվելու:

Եվ նա երջանիկ է հենց նրա համար, որ հանգիստ է թողել կյանքի փիլիսոփայությունը: Նա այնքան է զբաղված կյանքով, որ ժամանակ չունի կյանքի մասին խորհրդածելու: Իմ սխալն այն է, որ ես սկսեցի գիրք կարդալ:

Ես միշտ սերը գնահատել եմ, որպես աշխարհի ամենավեհ զգացմունքը, գոյության վսեմագույն նպատակը, ուրախության և երջանկության այն ամենաքաղցր բարձրակետը, որտեղ կյանքը սարսռում է խայտանքից, այն գերագույն բանը, որ մարդ միայն կարող է ողջունել:

Հոգու բարոյական անընկճելի վեհությունը, ոչ մի արգելք չի ճանաչում և հավիտենականությունից ու անմահությունից բխող վստահությամբ ու քաջությամբ բարձրանում է ավելի վեր, քան ժամանակը, տարածությունն ու նյութը:

Աշխարհում, թերևս, չկա ավելի ահավոր բան, քան ուժեղ մարդու տեսքը` ծայրահեղ տկարության և ընկճվածության պահին:

Միայն կյանքն է, որ ստիպում է տառապել: Մեռնելը ցավ չի պատճառում: Մեռնել նշանակում է քնել, մահ` նշանակում է վերջ, դադար, հանգստություն: Հապա ինչո՞ւ ինքը չի ուզում մեռնել…

Այսօր մի ճշմարիտ բան ասել, վաղը` ուրիշ, հենց դա էլ նշանակում է ստել:

Մարդը հանուն փողի չպետք է ապրի, այլ հանուն երջանկության, որը ոչ ոք չի կարող ո’չ տալ, ո’չ գնել, ո’չ վաճառել, որը ոչինչով չես վարձատրի:

Շրջմոլիկի հաջողությունը կախված է լավ «պարմություն» հորինելու ընդունակությունից:

Շանը նետած ոսկորը գթասրտության նշան չէ: Գթասրտությունը ոսկոր է, որ կիսում ես քաղցած շան հետ, երբ ինքդ էլ քաղցած ես նրա պես:

Ծաղկաքաղը` Արմինե ՍԱՐԳՍՅԱՆԻ

Заметка

«Աշխարհ է մեծ, ի՞նչ կա թաքուն, բադը հիմնեց գրավատուն»

«Աշխարհ է մեծ, ի՞նչ կա թաքուն, բադը հիմնեց գրավատուն»

31.01.2014 | 12:02

Ընթերցողի սեղանին է ԱՆԱՀԻՏ ԹԱՐՅԱՆԻ «Ա՛յ քեզ գրավատո՜ւն» պատկերազարդ գիրքը:
«Ճիշտ ժամանակին և զարմանալի դիպուկությամբ մի շատ կարևոր ու արդիական խնդիր է արծարծում Անահիտ Թարյանն իր «Ա՛յ քեզ գրավատո՜ւն» չափածո հեքիաթում,— ասվում է գրքի անոտացիայում,- մանուկներին մատչելի ու ընկալելի լեզվով, գեղարվեստական պատկերավոր խոսքով ու ինքնատիպ արտահայտչականությամբ անվանի բանաստեղծուհին իր մանուկ ընթերցողներին վարպետորեն և անբռնազբոս կերպով տալիս է տարրական տնտեսագիտական գիտելիքներ` նրանց աննկատելիորեն ներքաշելով իր գրական հերոսների հեքիաթային, բայց միաժամանակ նաև իրական կյանքում տիրող վայրիվերումների մեջ…»:
Աշխարհ է մեծ,
Ի՞նչ կա թաքուն…
Բադը հիմնեց
Գրավատուն…
Ասաց.- Կյանք է,
Մեկ` լավ, մեկ` վատ…
Շատ բան թանկ է,
Իսկ դեմդ` պատ…

Հեղինակը գրում է, որ «Ա՛յ քեզ գրավատո՜ւն» չափածո հեքիաթի մտահղացումը ծնվել է լարված աշխատանքային օրվա վերջում, տուն վերադառնալիս, երբ անցել են Երևանի Հանրապետության հրապարակի հարևանությամբ` Նալբանդյան փողոցում գտնվող բանկի մոտով:
«Բանկ» մտովի անմիջապես թարգմանեցի «դրամատուն», հետո, չգիտես ինչու, ինձ թվաց, թե այս բառն առանձնապես ընկալելի չի լինի երեխաների համար, և այն միանգամից փոխարինեցի «գրավատուն» բառով,- ասում է նա:- Հետո ամեն ինչ կատարվեց այնքա՜ն արագ. ինձ անմիջապես պատկերացան գրական հերոսները` ծեծված, հյուծված, անխոնջ, փետրահան եղած… հար և նման մեր իրականությանն ու այդ իրականության մեջ ապրող իրական մարդկանց… Ստեղծագործությունը գրվեց մեկ շնչով. այն, հորդահոս գետի նման, գնալով վարարեց և, ինձ առած իր հորձանքի մեջ, տարավ, տարավ ու հասցրեց այնտեղ, որ ես ակամա բացականչեցի. «Ա՛յ քեզ գրավատո՜ւն»:
Հեքիաթի լեզվով, նուրբ, անչար, զգաստացնող հումորով հեղինակը ներկայացնում է գրավատան պատմության վերջը.
Թե չէ ի՞նչ է…
Սիրտ է պայթում.
Ի՜նձ են բերել
Գրավատուն…
Եղածն արդեն,
Է՛հ, եղած է…
Կյանքը բարդ է.
Խինդ ու լաց է…

Ինչպես բոլոր հեքիաթները, «Ա՛յ քեզ գրավատո՜ւնը» նույնպես ասելիք ունի հենց մեծահասակներին, որոնց կառուցած աշխարհում (նաև հեքիաթների աշխարհում) են մեծանում ու կյանք սկսում փոքրիկները:
Հավելենք, որ գիրքը հրատարակվել է «Անտարես» հրատարակչությունում: Նկարների հեղինակը անվանի գեղանկարիչ, բազմաթիվ գրքեր նկարազարդած Նիկոլայ Մանուկյանն է (Նիկօ):
«Ա՛յ քեզ գրավատո՜ւնը» նախատեսված է դպրոցական կրտսեր տարիքի երեխաների համար: Գիրքը կարելի է ձեռք բերել երևանյան գրախանութներում:

http://www.irates.am/hy/1391155445
Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Заметка

Նոբելյան մրցանակ՝ գրականության ոլորտում

Նոբելյան մրցանակ՝ գրականության ոլորտում

30.01.2014 | 16:03

Լուրեր են շրջանառվում, որ Ռումինիայի գրողների միությունը գրող, քաղաքական գործիչ, Ռումինիայի հայոց միության հիմնադիր-նախագահ Վարուժան Ոսկանյանի «Շշուկների մատյանը» առաջարկել է 2014-ի Նոբելյան մրցանակի:
Վարուժան Ոսկանյանը ներկայացվել էր գրականության Նոբելյան մրցանակի նաև անցյալ տարի` Ռումինիայի, Հայաստանի և Իսրայելի գրողների միությունների կողմից:
ՀԳՄ նախագահ Էդուարդ Միլիտոնյանը «Իրատես de facto»ի հետ զրույցում ասաց, որ գրողների միությունը ժողով չի հրավիրում այս կամ այն գրողին Նոբելյան մրցանակի ներկայացնելու համար, կազմկոմիտեն դիմում է անհատներին, ոչ թե միություններին: Մրցանակակիրների անունները հրապարակում է նոբելյան կազմկոմիտեն: Մինչ այդ հայտարարություններ տարածելը, ըստ Միլիտոնյանի, ճիշտ չէ, դա ավելի շատ բացասական քարոզչություն է գրողի համար:
Կարելի է ենթադրել, որ ՀԳՄ-ն անցյալ տարի էլ չի ներկայացրել ռումինահայ գրողի թեկնածությունը: Իսկ թե ինչպես են շրջանառվում նման լուրերը, հայտնի չէ:

Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ