Заметка

Չարենցի գրքերը

Չարենցի գրքերը

13.03.2014 | 15:08

Եղիշե Չարենցի ծննդյան 117-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակում Չարենցի տուն-թանգարանում բացվեց «Կոմիտաս և Չարենց» խորագրով ցուցահանդես: Թանգարանի տնօրեն Լիլիթ Հակոբյանի խոսքով`առաջին անգամ ցուցադրվում է Կոմիտասի թաշկինակը, որ 1913-ից եկել, հասել է Չարենցի ժառանգներին: Կայացավ Չարենցի «Երկիր Նաիրի» վեպի իտալերեն թարգմանության շնորհանդեսը (թարգմանությունը` Հասմիկ Վարդանյանի): «Վերջին շրջանում Չարենցը թարգմանվել է անգլերեն, գերմաներեն, իսպաներեն, իտալերեն, ֆրանսերեն: Նրա գործերը մեծ հետաքրքրություն են ներկայացնում հատկապես Իսպանիայում, որտեղ թարգմանել են նրա «Նավզիկեն»»,— ասաց Լիլիթ Հակոբյանը` նշելով, որ Չարենցի ակադեմիական հատորները չեն վերահրատարակվել, բայց Դավիթ Գասպարյանի աշխատությամբ տպագրվել են ծավալուն ժողովածուներ` կազմված անտիպ և նախկինում հրատարակված գործերից:

Ի՞նչ են առաջարկում գրախանութները: «Բուկինիստում» կարելի է ձեռք բերել «Հայագիտակ», «էդիտ Պրինտ», «Ամարաս», «Անտարես» հրատարակչությունների վերջին շրջանում հրատարակած ժողովածուները: Բուկինիստական բաժնում Չարենցի գրքերից հազվադեպ են հանդիպում: Հարկ է նշել, որ Չարենցի երկերը ամենապահանջված գրքերի շարքում չեն, բայց վաճառվում են: Հատկապես պահանջարկ ունի կյանքի վերջին տարիներին գրված բանաստեղծությունների ընտրանին:

Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Заметка

«Շատ հաճախ տաղանդավոր գրողները մնում են այստեղ` աշխարհից կտրված, իսկ անտաղանդները աշխարհով մեկ շրջագայում են»

«Շատ հաճախ տաղանդավոր գրողները մնում են այստեղ` աշխարհից կտրված, իսկ անտաղանդները աշխարհով  մեկ շրջագայում են»

14.03.2014 | 12:05

«Երբ հայ գրողների գրքերի վրա նշվում է` թարգմանվել է անգլերեն, ռուսերեն, և մոտ 10-15 լեզու է թվարկվում, տպավորությունն այնպիսին է, որ նրանց կարդացել է իսպանախոս կամ անգլիախոս հասարակությունը»,— «Իրատես de facto»-ի հետ զրույցում իր մտահոգությունը հայտնեց արձակագիր ՍՈՒՍԱՆՆԱ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ, նշելով, որ մենք մեզ համար թարգմանում ենք, մեզ համար հրատարակում, սակայն հատուկենտ գործեր են դրսում ներկայացվում: «Առանձնապես չեն պրոպագանդվում թարգմանությունները, չհաշված, որ հեղինակը չի հանդիպում դրսի ընթերցողին, այդ շքեղություններին կարող ենք առհասարակ չանդրադառնալ: Միջազգային այս կամ այն ծրագրին մասնակցելու համար գրողը պետք է լեզու իմանա և կարողանա վճարել շրջագայության համար, իսկ այսօր Հայաստանում ոչ մի գրող չի վաստակում այնքան, որ իր հաճույքի համար ծախսի 2000 դոլար»:
Զրուցակցիս խոսքով, շատ հաճախ տաղանդավոր գրողները մնում են այստեղ` աշխարհից կտրված, իսկ անտաղանդները աշխարհով մեկ շրջագայում են, գալիս են ու սկսում հարցազրույցներ տալ հայ գրականության փրկության մասին: «Մենք խոսում ենք հայ գրականության և հայ գրողի մասին, և պարտադիր չէ, որ հայ գրողը օտար լեզու իմանա, որ կարողանա աշխարհի հետ շփվել կամ Հայաստանից քիթը դուրս հանել»,— ընդգծեց արձակագիրը:
Նա նշեց նաև, որ կամաց-կամաց կորցնում ենք մեր թարգմանիչներին, քանի որ նրանք, ինչպես հարկն է, չեն վճարվում աշխատանքի դիմաց: Հիմնականում մեր հեղինակներին թարգմանում են Բրյուսովի շրջանավարտները, որոնք կենդանի լեզվի հետ անգամ չեն շփվել: Արդյունքում ոչ պրոֆեսիոնալ թարգմանություններ են լինում: Հարց է նաև, որ երբ որևէ մեկը որոշում է թարգմանել քո գրականությունը, ի՞նչ ճաշակ ունի, ի՞նչ շարժառիթ ներկայացնելու կամ չներկայացնելու քո գրականությունը: Շատ պայմանականություններից է կախված այս ամենը: «Օտարերկրյա ժամանակակից հեղինակներն էլ քիչ են թարգմանվում հայերեն, և մեզ համար անհասկանալի է՝ ուր է գնում աշխարհը, համաշխարհային գրականությունը ինչ ուղղությամբ է զարգանում»,— հավելեց զրուցակիցս:

Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Заметка

Վիլյամ Սարոյան. «Ամեն ինչ, որ գրել եմ, մի տեսակ երգ է»

Վիլյամ Սարոյան. «Ամեն ինչ, որ գրել եմ, մի տեսակ երգ է»

09.03.2014 | 22:37

Սերը միակ բանն է, որ մարդկանց ուրիշ է դարձնում:

Միշտ էլ մեկը պիտի լինի կողքիդ, որ թեկուզ գիտի` դու վատն ես, լավը չես, բայց սիրում է քեզ:

Ես ամենից շատ հավատում եմ երազանքներին, քան թե փաստերին:

Միշտ ատել եմ աշխատանքը: Սիրում եմ ծիծաղ, խաղ, երևակայություն:

Ատեցեք չարությունն ու ստորությունը, բայց ոչ չար ու ստոր մարդկանց:

Ծիծաղիս մեջ էլ թախիծ կա:

Մեր ուզածը սեր է և փող:

Ինչ լավ է ապրելը, ուր էլ որ ապրես:

Երազում էի հավերժ արև երկնքում և աշխարհը լի ջերմությամբ:

Չսխալվելն էլ է երբեմն սխալ:

Անթույլատրելի է ու անվայել պահանջներ ունենալ մեկնումեկից, բացի ինքդ քեզնից:

Կյանքն այսքան պայծառ է ու այսքան մաքուր ու այսքան վայրագ:

Ամեն ինչ, որ գրել եմ, մի տեսակ երգ է:

Ես թերևս ամենաջղային գրողն եմ, որին հանդիպել եմ:

Ես չեմ կարծում, որ իմ գրականությունը սենտիմետալ է, թեև մի շատ սենտիմենտալ բան է մարդ արարած լինելը:

Երկար ժամանակ մտածում էի, որ գրողն Աստված է, երբ վերջապես հասա Գի դը Մոպասանին, հասկացա, որ գրողը մարդ է:


Իմ բոլոր կերպարները ես ինքս եմ:

Սերը անմահ է, ատելությունը մահանում է ամեն րոպե:

Բացի ողջ լինելուց՝ մենք պետք է մի քիչ էլ ծիծաղենք:

Ծաղկաքաղը` Արմինե ՍԱՐԳՍՅԱՆԻ

Заметка

ՀԳՄ-ում բացվել է բանավեճի ակումբ

ՀԳՄ-ում բացվել է բանավեճի ակումբ

07.03.2014 | 12:15

Գրողների միությունում երեկվանից գործում է բանավեճի ակումբը, որը ղեկավարում է միության քարտուղար, գրականագետ ՊԵՏՐՈՍ ԴԵՄԻՐՃՅԱՆԸ: Նրա խոսքով` նպատակը գրական կյանքի աշխուժացումն է, քանի որ թյուր պատկերացում կա, թե գրական կյանքը մեռած է, գրականություն չկա: Խոսելու են գրական խնդիրների մասին՝ գրական շահից ելնելով: Չեն լինելու վեճ ու կռիվ, սկանդալ, անձնական վիրավորանքներ: Քննարկումները գուցե շարունակություն ունենան, հանրայնացվեն, համագումարներ հրավիրվեն: «Ակումբում ամեն մեկը կկարողանա իր կարծիքն արտահայտել հաստատ ու լրիվ,— ընդգծեց Պետրոս Դեմիրճյանը:— Ոչ ոք խոսքդ չի ընդհատի, ինչպես լինում է հեռուստատեսային հաղորդումներում: Դրանք ընդամենը շոու են»:
ՀԳՄ քարտուղարն ասաց նաև, որ կան գրողին ու նրա գրականությունը տպագիր և էլեկտրոնային մամուլում, եթերում ներկայացնելու հստակ ծրագրեր: Մարդիկ պիտի տեսնեն գրողին, ճանաչեն, որ հետաքրքրվեն նաև նրա գրականությամբ:
Նկատեցի, որ այսօր մեր գրողներից շատերը ծանոթ են հանրությանը, անգամ կարելի է հանդիպել նրանց նկարներով ցուցատախտակների, ինչը նորություն է մեր քաղաքի համար: Զրուցակիցս ասաց, որ ներկայացված են հիմնականում երիտասարդ գրողները` մեծադիր նկարներով, իմաստուն խոսքերով. «Դրանք բոլորը քննարկման հարցեր են, որոնք երևի մեր բանավեճի ակումբում էլ կբարձրացվեն: Այլ բան է, երբ դասական արժեքներ ենք ցուցադրում: Արձանը, նկարը գնահատություն է, երբ զարդարում են փողոցներն ու այգիները, նշանակում է` ճանաչված և ընդունված արժեք է: Պետք է չափանիշների խնդիր դրվի: Չեմ ասում օրենքով սահմանենք, բայց գրողների միությունը պետք է այդ խնդիրն իր հսկողության տակ վերցնի»:
Բոլորովին վերջերս ՀԳՄ-ում բացվեց շախմատի ակումբ, գրողների տանը կից կգործի սրճարան-ակումբը: Հետաքրքվեցի` այս ամենը արվում է միության գործելաոճը նորացնելո՞ւ համար. գաղտնիք չէ, որ ստեղծագործական միությունները համարվում են հնացած կառույցներ: Պետրոս Դեմիրճյանն ասաց, որ համամիտ չէ, հիշատակեց նաև Թումանյանի խոսքերը՝ հայտարարում են, որ մենք թատրոն չունենք, ո՞վ է ասում, որ թատրոն չունենք, մենք թատրոնի շենք չունենք:«Մարդիկ են կառույցին բովանդակություն տալիս: Ոչ թե կառույցն է հնացած լինում, այլ մարդիկ: Դեմ չենք նաև կառուցվածքային փոփոխություններին, թող առաջարկեն, բանավեճի ակումբում էլ կքննարկենք, բայց պիտի հիմնավորեն: Պիտի մտածենք, ոչ թե միայն` ինչպես քանդենք, այլ ինչպես կառուցենք»,— եզրահանգեց ՀԳՄ քարտուղարը:
Երբ ոչինչ չի արվում, խոսում ենք, երբ ինչ-որ բան է արվում, դարձյալ քննադատության, քննարկման առիթ է դառնում: Անդրադառնալով մեր այս դիտարկմանը՝ ՀԳՄ քարտուղարն ասաց. «Է, բոլորն էլ թող խոսեմ: Մի հաղորդում կա` «Թող խոսեն»: Ես կողմ եմ, որ լինի խոսքի ազատություն, բայց ոչ` անարխիա»:
Բանավեճի ակումբի բացմանը հրավիրված էին ավագ ու երիտասարդ սերնդի գրողները: Գերակշռում էին ավագները: Ներկա էին Ռուբեն Հովսեփյանը, Դավիթ Մուրադյանը, Լևոն Բլբուլյանը, Շանթ Մկրտչյանը, Սուսաննա Հարությունյանը, այլ գրողներ: Ի լրումն ասենք, որ այս տարի լրանում է գրողների միության 80-ամյակը, որի շրջանակում ամռանը Ծաղկաձորում կանցկացվի սփյուռքահայ, օտարագիր և հայագիր գրողների համատեղ համաժողով: Նախատեսվում են նաև այլ միջոցառումներ:

http://www.irates.am/hy/1394180440
Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Заметка

Գրական նորաբաց ակումբ` ՀԳՄ-ում

Գրական նորաբաց ակումբ` ՀԳՄ-ում

06.03.2014 | 17:49

Գրողների միության տարածքում վաղվանից իր դռները կբացի «Գրական ակումբը» («Writers pub»):

ՀԳՄ քարտուղար Պետրոս Դեմիրճյանը մեզ հետ զրույցում ասաց, որ ժամանակին գրողների տան նկուղային հարկում գործել է սրճարան, գրողներն այնտեղ զրուցել են, վիճել, ընդմիջում արել: «Գրական թերթի» շատ բանավեճային հոդվածներ ծնվել են հենց այդ վեճ ու զրույցների արդյունքում:
Նորաբաց ակումբի ձևավորումը, այսպես ասած, գրական է: Ձևավորման աշխատանքներն իրականացրել է Վահե Թևոսյանը: Ակումբի տնօրեն Ռուբեն Մանուկյանը irates.am-ին տեղեկացրեց, որ «Writers pub»-ը բաց կլինի ամեն օր` ժամը 11:00-ից:: Գներն այստեղ բավական մատչելի են: Անցկացվելու են նաև պոեզիայի երեկոներ, գրական այլ միջոցառումներ:«Երիտասարդներն առիթ կունենան շփվելու գրողների հետ, հույս ունենք, որ այն կդառնա երևանցիների սիրելի վայրերից մեկը»,- ասաց Ռուբեն Մանուկյանը:
«Գրական ակումբի» բացումը տեղի կունենա վաղը ժամը 12:00-ին: Նույն օրը կտրվեն նաև ամենամյա գրական մրցանակները:

http://www.irates.am/hy/1394114004

Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Заметка

«Մեր ընկերոջ ֆիզիկական բացակայությունն այս վեպով նորից ու նորից դառնում է ներկայություն»

«Մեր ընկերոջ ֆիզիկական բացակայությունն այս վեպով նորից ու նորից դառնում է ներկայություն»

01.03.2014 | 12:09

«Մի խոսքով, բարեկամներ, ամենացավագին, հակասական զգացմունքներով Մհերն իմ ներսում էր»:

Լ. ԽԵՉՈՅԱՆ («Մհերի դռան գիրքը»)

Արձակագիր, դրամատուրգ ԼԵՎՈՆ ԽԵՉՈՅԱՆԻ «Մհերի դռան գիրքը» գրքի լույս ընծայումը սպասված ու կարևոր իրադարձություն էր: Վեպի վրա գրողն աշխատել է 13 տարի: Հասցրեց տեսնել գրքի՝ հենց իր համար տպված ազդօրինակը: Հասցրեց ասել, որ կարմիրն է իր գրականության գույնը: Կյանքից հեռացավ հունվարի 8-ին: Նույն օրը գրքի խմբագիր Հակոբ Մովսեսը և Արքմենիկ Նիկողոսյանը վերջին ուղղումներն էին անցկացնում տեքստում: Հակոբ Մովսեսն առաջաբանն էր գրում:
Գրչընկերները վեպը համարում են գրողի ստեղծագործության սխրանքը, կյանքի գիրքը:
«Լևոն Խեչոյանը գտել է վեպը պատմելու մի ձև, որը միանգամայն նորություն է: Մեր ազգային վեպը` էպոսը գեղեցիկ լեզվով վերաշարադրվում է այսօրվա մարդու համար: 
Եթե ասեմ որ «Մհերիի դռան գիրքը» Լևոնի լավագույն ստեղծագործությունն է, չեմ կարծում, թե դրանով նախկին ստեղծագործությունների վրա ստվեր կգցեմ: Նա ստեծել է գործեր, որոնց տեղը մեր արձակի մեծ վարպետների ստեղծագործության կողքին է»,- ասաց բանաստեղծ, թարգմանիչ գրքի խմբագիր Հակոբ Մովսեսը, վստահեցնելով, որ Լևոնի դեպքում մահը պայմանական մի բան է, ինչի ապացույցը իր թողած հիասքանչ ժառանգությունն է. «Մեր ընկերոջ ֆիզիկական բացակայությունն այս վեպով նորից ու նորից դառնում է ներկայություն: Սա Լևոնի վերադարձն է, հարությունն է, վերակենդանացումն է դարձյալ ու նորից: Վստահ եմ, որ Լևոնի մասին դեռ շատ է գրվելու»:
Բանաստեղծ, թարգմանիչ, «Մատենադարանի» տնօրեն Հրաչյա Թամրազյանի խոսքով` Լևոն Խեչոյանը մարդ-երևույթ էր, բնաշխարհի ու բանաշխարհի հազվագյուտ կերտվածք ու բյուրեղացում: «Անտարես» հրատարակչության տնօրեն Արմեն Մարտիրոսյանն ասաց, որ Լևոն Խեչոյանի և հատկապես «Մհերի դռան գիրքը» վեպի հետ կապված, ուզում է ուղղակի մի քանի բառ արատասանել իրար հետևից. «Լևոն, Ծովինար, Սանասար, Մհեր, Դավիթ, Մհեր, ժայռ, դուռ, արդարություն, Հայաստան, Լևոն, գիրք, դուռ, Մհեր, լույս»:
Ինքը` Լևոն Խեչոյանը, գրողին նմանեցնում էր առաքյալի, ով ուղարկվում է երկիր մահկանացու մարդու փրկության համար աղոթք անելու: «Այդպես էլ արվեստագետը, նկարիչը, երաժիշտը, գրողը երկիր են գալիս, մի գիրք են գրում, մի նկար են ստեղծում, մի սիմֆոնիա են ստեղծում աղոթքի պես, որպեսզի կարողան մարդուն մենակությունից փրկել,-ասում էր:— Մարդը երկրագնդի վրա, տիեզերքում մենակ է: Մարդու փրկության արվեստն է լավ գործը»: Ազգային էպոսը նա համարում էր մեր ժողովրդի Աստվածաշունը: Գրչընկերների բնորոշմամբ էլ` ինքը վերաշարադրողն էր այդ «Աստվածաշնչի»:
Լևոն Խեչոյանի վերջին գիրքը հրատարակել է «Անտարես» հրատարակչությունը` պետական, նաև՝ ընկերների, մասնավոր հովանավորների աջակցությամբ: Գրքի տպաքանակի առաջին օրինակը Արմեն Մարտիրոսյանը նվիրեց մշակույթի նախարարին: «Մհերի դռան գիրքը» կարելի է ձեռք բերել «Հայ գիրք» գրախանութների ցանցում:

http://www.irates.am/hy/1393661500

Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Заметка

Գրադարանները համալրվում են

Գրադարանները համալրվում են

27.02.2014 | 18:19

Մայրաքաղաքի գրադարանները համալրվում են նոր գրականությամբ, այս մասին տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանից: Այսպես, 2013-ի գրադարանային ֆոնդն ընդհանուր առմամբ կազմել է 1 միլիոն 712136 կտոր գրականություն: 2012-ի համեմատ այն ավելացել է 16432 գրքով: Եթե 2012-ին գրադարանն ունեցել է 26227 ընթերցող, ապա 2013-ին` 36269: Խոսքն ինչպես գեղարվեստական, այնպես էլ մասնագիտական գրքերի մասին է:

Մեր տեղեկություններով` Հայաստանի գրադարանների 95 տոկոսը չի համալրվում նոր գրականությամբ: Գրադարանները եթե անգամ մեծ հետաքրքրություն ներկայացնող գիրք են ձեռք բերում, քանակը սահմանափակ է: Մեղմ ասած` գրադարանները չունեն ընթերցողին առաջարկելու նոր և լավ գրականություն: Մարզային գրադարանների մասին, գերադասում ենք լռել:

Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Заметка

«Վահանը մեծ մարդ էր, դիմացինին խնայող, բարի կամեցող, անհանգիստ, անհուսահատ»

«Վահանը մեծ մարդ էր, դիմացինին խնայող, բարի կամեցող, անհանգիստ, անհուսահատ»

26.02.2014 | 16:43

«Մի օր խմբագրի սենյակ մտավ նիհարիկ մի տղա, անմարմին ու շատ սիրուն աչքերով: Բանաստեղծություններ էր բերել: Այդ տղան Վահան Վարդանյանն էր,- վաղամեռիկ բանաստեղծ Վահան Վարդանյանի մահվան տարելիցին նվիրված հուշ-ցերեկույթում գրող, հրապարակախոս, հասարակական գործիչՄԵՐՈՒԺԱՆ ՏԵՐ-ԳՈՒԼԱՆՅԱՆԸ պատմեց «Գարունում» իրենց հանդիպման մասին:- Ես չեմ սիրում բանաստեղծությունները հեղինակի ներկայությամբ կարդալ: Ասում եմ՝ կզանգահարեմ կամ այսինչ օրը կգաս: Ինչ-որ է: Կարդացի ու հիացա իրենով, կարդացի ու զարմացա»:

Վահանին շատ սիրով ընդունում են «Գարունի» ընտանիք: Նա կայանում է որպես բանաստեղծ, դրամատուրգ: Գալիս են մութ ու մռայլ տարիները: «Գարունը» սկսում է հուսահատ թպրտալ, գրական մամուլը խեղճանում է, որևէ տպավորություն չի թողնում, հասարակական որևէ կարծիք չի ձևավորում, ու հանկարծ ստեղծվում է «Նարցիս» ամսագիրը, որ գալիս է փրկելու, վերակենդանացնելու գրական դաշտը։
«Վահանը մեծ մարդ էր, դիմացինին խնայող, բարի կամեցող, անհանգիստ, անհուսահատ, որքան պինդ էր իր սկզբունքների մեջ, այնքան փխրուն է կյանքում,— շարունակեց իր խոսքը Մերուժան Տեր-Գուլանյանը:— Պիտի խնայենք իրար, այնպես, ինչպես Վահանն էր անում: Այնքան մեծ բան է իրար խնայելը, պարոնայք, տիկնայք, օրիորդներ»:
«Վահանին բնութագրել ու հոգևոր խորությունները չտեսնել նշանակում է նրա պոեզիայի մասին համարյա ոչինչ չասել»,- ասաց «Նարցիս» ամսագրի խմբագիր ՇԱՆԹ ՄԿՐՏՉՅԱՆԸ, նկատելով, որ նա այն բացառիկներից էր, ով հոգևոր տարածքներին տիրություն էր անում, տեսնում էր շատ բան: Գրողը հորդորեց բարի լույսերով հիշել իր ընկերոջը:
Գրականագետ ԱՐՄԵՆ ԱՎԱՆԵՍՅԱՆԸ նշեց, որ Վահան Վարդանյանն իր պիեսները գրել է բանաստեղծություններով:«Հայ թատրոնը դեռևս պատրաստ չէ ներկայացնելու նրա դրամատուրգիան, մի շատ հետաքրքիր ցնորք ունեցող համաշխարհային ռեժիսոր բազմաթիվ ժանրերով կարող էր բեմադրել` դրամայից սկսած մինչև ողբերգություն, մյուզիքլ, մոնոդրամա: Վահան Վարդանյանի խոսքը անպայման պետք է տեղ հասնի»,— ասաց գրականագետը:

http://www.irates.am/hy/1393418710
Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Заметка

Գրողների տանը կբացվի շախմատի ակումբ

Գրողների տանը կբացվի շախմատի ակումբ

24.02.2014 | 15:51

Հայաստանի գրողների միությունում բացվելու է շախմատի ակումբ, որն իր դռներն է բացելու բոլոր շախմատասեր գրողների առաջ: ՀԳՄ նախագահ ԷԴՈՒԱՐԴ ՄԻԼԻՏՈՆՅԱՆԸմեզ հետ զրույցում ասաց, որ գրողների տանը մի ժամանակ սեղանի թենիս կար, շախմատ, ցանկացողները խաղում էին: Շախմատի ակումբը կբացվի փետրվարի 25-ին, կլինի մրցություն, որին կմասնակցն 14 գրող: Ի դեպ, ՀԳՄ նախագահն ասաց, որ պրոֆեսիոնալ շախմատիստ է, մրցույթին չի մասնակցելու, բայց ներկա կլինի բացմանը: Հետագայում կարող են ստեղծագործական միությունների առաջնություն կազմակերպել:

Գրող ՎԱՀԱՆ ՏԵՐ-ՂԱԶԱՐՅԱՆԻ կարծիքով՝ գրողների միությունը հին խորհրդային ձևով է գործում: Ժամանակին համահունչ լինելու համար պետք է կատարի արհմիությունների և ակումբների ֆունկցիա: Շախմատի ակումբի հիմնումը, ըստ նրա, մի քայլ է դեպի ակումբային գործելաոճը: Նաև ժամանցը կազմակերպելու, հանդիպելու այլընտրանքային միջոց է:

http://www.irates.am/hy/1393242773
Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Заметка

Հայ հեղինակների գրքերը` էլեկտրոնային գրքի շուկայում

Հայ հեղինակների գրքերը` էլեկտրոնային գրքի շուկայում

24.02.2014 | 17:20

«Էդիթ Պրինտ» հրատարակչության հայտարարած արձակի մրցույթին մեծ թվով գործեր են ներկայացվել: Դրանց հիմնական մասը անցել է նախնական փուլ: Ստեղծագործության ծավալը 20-100 էջ է: Առաջարկվող ժանրերը` դետեկտիվ, արկածային, միստիկա, ֆանտաստիկա, փիլիսոփայական երկ, սիրային: Մասնակիցները կարող են ստեղծագործել` նաև միաձուլելով դրանցից մի քանիսը:
Ժյուրիի կազմում ընդգրկված են գրականագետներ, գրողներ, արվեստագետներ, լրագրողներ, հրատարակիչներ։ Այն գաղտնի կմնա մինչև ստեղծագործությունների ընդունման վերջնաժամկետը` հունիսի 1-ը: Կազմակերպիչներն այս կերպ փորձում են պահպանել մրցույթի անաչառությունը, խուսափել ծանոթ-բարեկամ կապերից: Քննարկումները կտևեն մեկ ամիս, որից հետո կհրապարակվեն հինգ հաղթող հեղինակների անունները: Թարգմանված ու էլեկտրոնային գրքի վերածված գործերը հասանելի կդառնան աշխարհի բոլոր երկրներում, կվաճառվեն էլեկտրոնային գրքերի գրախանութներում, այդ թվում` ամենամեծ գրախանութում` «Ամազոնում»: Մրցույթի կազմակերպչական խմբի անդամ ԼՈՒՍԻՆԵ ՊԵՏՐՈՍՅԱՆԸ մեզ հետ զրույցում ասաց, որ մասնակիցները հիմնականում նախընտրել են սիրային ժանրը, գրեթե գործ չի ներկայացվել դետեկտիվ ժանրում: Նշեց նաև, որ 20-100 էջը սահմանել են` հաշվի առնելով շուկայի պահանջները:«Հիմնականում այդ ծավալի էլեկտրոնային գրքերն են պահանջարկ վայելում»,- ասաց նա, նշելով, որ մրցույթը նպատակ ունի նպաստելու Հայաստանում էլեկտրոնային գրքի տարածմանը և ապահովելու հայ հեղինակների միջազգային ճանաչումը:

Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ