Заметка

Աշխարհի բոլոր քաղաքներում կան շքեղ տեսարաններ ու գետնախորշեր
Աշխարհի բոլոր քաղաքներում կան շքեղ տեսարաններ ու գետնախորշեր
21.03.2014 | 12:05
Բոլորը հույսի կարիք ունեն: Դրա համար մարդիկ ամեն շաբաթ վիճակախաղի տոմս են գնում, քաղաքից քաղաք են գնում, ապրում են գետնախորշում, պարում են գիշերային ակումբում, աշխատանք են փնտրում, վստահում են, ընկերանում:
Բրիտանական 12-րդ փառատոնի շրջանակում «Նաիրի» կինոթատրոնում ցուցադրվեց Շոն Էլիսի «Մետրո Մանիլա» դրաման (գլխավոր դերերում՝ Ջեյք Մաքապագալ, Ալթեա Վեգա, Ջոն Արցիլլա): Օսկար Ռամիրեսն ընտանիքի հետ Հյուսիսային Ֆիլիպինների լեռնային շրջանների աղքատությամբ հայտնի բրնձի դաշտերից տեղափոխվում է Մետրո Մանիլա: Ֆիլմը մեծ քաղաքում տիրող բարքերի, աղքատության, համատարած խարդախության մասին է: Երբ աղջկադ ատամը ցավում է, կինդ գեղեցկուհի է, անտուն ես, քաղցած, երբ հավատում ես Աստծուն… Հայրիկ, երբ մահանաս, ո՞ւր ես գնալու` հարցնում է 9-ամյա դուստրը հորը: Օսկարը ցույց է տալիս դստրիկի սիրտը: Նրանց մյուս փոքրիկը մոր գրկում է, ամենափոքրը` կրծքի տակ:
Օսկարի կինը աշխատանք է գտնում գիշերային բարում, բժշկական հետազոտության ժամանակ պարզվում է, որ հղի է: Կաշխատի այնքան ժամանակ, քանի դեռ մարմնի ձևերը թույլ են տալիս: Գեղեցիկ դեմքին ողբերգական շքեղություն է տալիս պարտադիր շպարը: Մերկ մարմնի պարն անսովոր տխուր է:
Օսկարը աշխատանքի է անցնում զրահապատ բեռնատարների կազմակերպությունում որպես վարորդ և ընկերանում է ավագ գործընկեր Օնգի հետ: Զվարճանալ սիրող նոր գործընկերոջ հետ գիշերն անցկացնում է բարում, ուր կինը աշխատանք է գտել: Հարկադրաբար խմում է: Հարկադրաբար ընդունում է ընկերոջ օգնությունը` գետնախոշից դուրս պրծնելու հույսով: Զվարճանքներ սիրող աշխարհը մեկի ազնվությունն է գնում, մյուսի` մարմինը: Օսկարը պարզում է, որ Օնգը երկար ժամանակ սպասել է այնպիսի մարդու ժամանմանը, ինչպիսին ինքն է: Գործընկերոջ բարությանն ի պատասխան պետք է օգնի Օնգին թալանելու այն կազմակերպությունը, որտեղ աշխատում են: Ոչ թե հանուն երազանքի, այլ որովհետև այլընտրանք չունի: Սա երազանքի ձևերից ամենավատն է: Կարծում եմ, ռեժիսորն անտեսանելի մի գծով համադրում է երկու ընտանիքների պատմությունը: Մի դեպքում ներկայացնում է գետնախորշերում ապրող հույսը, սերը, ազնիվ, լավ ապրելու ձգտումը, կյանքի «հոգեվարքը»: Մյուսում` լավ ապրելու մոլուցքն է, ուր սեր չկա, իսկ միջոցների մեջ խտրություն չեն դնում: Օնգի պատշգամբից քաղաքը երևում է իր ողջ շքեղությամբ, անսովոր լույսերով: Աշխարհի բոլոր քաղաքներում կան շքեղ տեսարաններ ու գետնախորշեր: Կան մարդիկ, որոնք չեն խաղում իրենց բաժին ընկած խաղի կանոններով, երբ լավ կյանքը մարտահրավեր է նետում` հյուրասեր տանտիրուհու լայն ժպիտով: Ինչպես Դոստոևսկու «Ոճիր և պատիժ» հանրահայտ վեպում, այստեղ նույնպես մարդասպանը մարդասպան չէ, իսկ մարմնավաճառը սուրբ է:
Ֆիլմի վերջաբանը անսպասելի է, բայց ոչ անհամոզիչ: Օսկարը հանուն երազանքի չի մեռնում, այլ մեռնում է, որովհետև այլընտրանք չունի: Նրա կինը զավակների հետ հեռանում է Մետրո Մանիլայից` տանելով գողացած ոսկե արկղի բանալին ու Օսկար Ռամիրեսի երազանքը: Օսկարը չի հասցնի ծերանալ, չի պատմի աղջկան բրնձի դաշտերի, Մետրո Մանիլայի, երազանքների ու թափառումների մասին, նրա փոքրիկները գուցե երբեք էլ չիմանան, թե ինչ է լինում մարդու հետ, երբ նրան պատին են դեմ տալիս: Օնգը, ի վերջո, մի հարցում ճիշտ էր՝ հույսը բոլորին է պետք, բոլորն են վիճակախաղի տոմսեր գնում, բայց ոչ ոք ոչինչ չի շահում:
Ֆիլմի դիտումից հետո հասկանում ես, որ խաղ չկար, էկրանին իրական կյանքն էր, Մետրո Մանիլան, մեծ քաղաքի լույսերն ու լոգարանի ծորակից իջնող ջրի շիթերին խառնվող արցունքները:
Հավելենք, որ ներառական և հաղորդակցության խնդիրներին նվիրված բրիտանական ֆիլմերի փառատոնն անցկացվեց Երևանում, Գորիսում, Գավառում և Գյումրիում: Բացման հանդիսավոր արարողությունը տեղի ունեցավ «Մոսկվա» կինոթատրոնում` «Ամառը փետրվարին» ֆիլմով:
Երևանում բրիտանական խորհրդի արվեստի ծրագրերի ղեկավար Նարեկ Թովմասյանը մեզ հետ զրույցում նշեց, որ բրիտանական կինոն այսօր մեծ ճանաչում ունի աշխարհում, իսկ բրիտանական BAFTA կինոարվեստի մրցանակաբաշխությունը որակի երաշխիք է կինոաշխարհում: «Մենք ուրախ ենք, որ այս տարի «Լավագույն ֆիլմ» անվանակարգում Օսկարի արժանացած «Ստրկության 12 տարի» ֆիլմը բրիտանացի ռեժիսորի աշխատանք է,- ասաց նա:- «Մետրո Մանիլան» 2013 թվականի արտադրության ֆիլմ է: Այն մեր օրերին համահունչ սյուժե ունի, որը մտածելու և խորհելու տեղիք է տալիս»:
Անդրադառնալով մեր` «Ո՞րն է կինոյի դերն ու նշանակությունը ժամանակակից աշխարհում, ուր առաջին պլանում են համացանցը, արագությունը, վիրտուլ փոխհարաբերությունները», հարցին` պատասխանեց. «Կինոն արվեստի այն ճյուղն է, որ մանրադիտակային ճշգրտությամբ վերարտադրում է մեզ շրջապատող իրականությունը: Կինոյի դերն այսօր առավել քան երբևէ կարևոր է, քանի որ մեզ հնարավորություն է տալիս մի պահ կանգ առնելու և խորհելու այսօր բոլորիս համակած խելահեղ վազքի մասին»:
Հավելենք, որ փառատոնի շրջանակում ներկայացվում են ժամանակակից բրիտանական կինոարվեստի լավագույն և հաջողված աշխատանքները` բոլոր հնարավոր ժանրերով` կատակերգությունից և հոգեբանական թրիլլերից մինչև փաստական դրամա: Հիմքում ընտանեկան հարաբերություններն են, սոցիալական խնդիրները, սերը:

Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ
http://www.irates.am/hy/1395389235

Заметка

«Այն հասցեն, որ նա թողնում է, երբեք ոչ ոք չի գտնում»

«Այն հասցեն, որ նա թողնում է, երբեք ոչ ոք չի գտնում»

11.01.2014 | 15:37

Դուք «ստիպված» եք լինել երջանիկ, ձեր սիրելին կեսգիշերին կհասկանա, որ սիրում է ձեզ, 19 րոպեից ձեզ կզանգեն… եթե միայն ձեր էլ. փոստում հայտնված անհասցե նամակն ուղարկեք 25 հոգու: Բնականաբար, 25 հոգին էլ իր պարտքը կհամարի լինել երջանիկ, ու նամակները կտարածվեն ֆեյսբուքով մեկ: Ինչքան աղջիկներ ու տղաներ կեսգիշերին կբոցավառվեն եղած կամ չեղած սիրով:

Ի՞նչ է սա: Թուղթ ու գի՞ր, զանգվածային հիպնո՞ս, սնոտիապաշտությո՞ւն… ոնց ուզում եք բնորոշեք: Իմ երջանկությունը կապ չունի ձեր երջանկության հետ (առավել ևս` հունվարյան շաբաթների ու կիրակիների քանակի), իմ չուղարկած նամակները՝ ձեր ուղարկած նամակների հետ:

Խորհրդային տարիներին սույն նամակները թիթեղյա արկղերում էին հայտնվում, ու սովետական երկրի քաղաքացիները ստիպված էին N թվով նամակ ձեռագիր գրել ու լցնել այս ու այն «երջանիկի» փաստարկղը:
Ոչինչ չի փոխվել: Միայն՝ արագությունը: Տեխնիկայի օգնությամբ ձեր երջանկությունն ավելի շուտ տուն կգա:
Եթե սա խաղ է, ու ես լրջացրել եմ, ասեմ` ես այդ խաղը չեմ խաղում:
Մի ուղարկեք ինձ անհասցե նամակներ:
ՈՒ մի ստիպեք մարդկանց մտածել, թեկուզ մեկ ակնթարթ, որ ձեր խաղին չմասնակցելու դեպքում ձեռքից բաց կթողնեն երջանկությունը:

Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Заметка

Մեր քաղաքում կոկորդիլոսներ ու ընձառյուծներ կան

Մեր քաղաքում կոկորդիլոսներ ու ընձառյուծներ կան

30.12.2013 | 21:32

Մեր քաղաքում, ուր տոննաներով աղ է ծախսվում, ուր ողջ գիշեր փողոցներն ու բակերը մաքրվում են, ամենուր մերկասառույց է: Մեր քաղաքում կոկորդիլոսներ ու ընձառյուծներ կան: Մեր քաղաքում բուդն ու տոլման ավանդական են ու մոդայիկ: Տոնական սեղանի ճոխությունը միշտ չէ որ խոսում է գրպանիդ պարունակության մասին: Դատարկ գրպանների, ջուր քաշող կոշիկների, հետտոնական դեպրեսիայի մասինչխոսենք, տոնական չէ:

Նախատոնական տրամադրությունն ավելին արժե, քան հենց Նոր տարին: Նոր տարուն… դուռդ կթակի հարևանդ, դիմացի, որին վերջին անգամ տեսել ես անցած Նոր տարուն, բարեկամդ, որին չես տեսել անցած հազարամյակում ու չես տեսնի էլի մի հազարամյակ: Քանի դեռ ապրում ես: ՈՒ նոր տարին կասոցացվի դռան թակոցի հետ, մանդարինի հոտի, թփով տոլմայի: Կոկորդիլոսն անպայման չէ: Նրանք, ովքեր բախտ են ունեցել համտեսելու վերոնշյալ կենդանու միսը, վկայում են, որ բանի նման չէ: Դեռ հարց է, քանի մարդ է կերել օտար ափերում ապրող կոկորդիլոսը (օտար ափերում հայեր շատ կան):

Ինձ թվում է` կոկորդիլոսի միս ուտելը մեր երկրում, ուր բազում քաղցած մարդիկ կան, կոռեկտ չէ: Չճշտված տեղեկությունների համաձայն` կոկորդիլոսի միս համտեսողը այլևս չի կարող Ամանորին ու տոնական այլ առիթներին կոկորդիլոս չուտել: Ծայրահեղ բևեռացված մեր հասարակության մեջ, ուր կան հարուստներ և աղքատներ, այսուհետև կլինեն նաև կոկորդիլոս ուտող ավելի հարուստներ:
Իմ քաղաքում Նոր տարի է:

http://www.irates.am/hy/1388424799
Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Заметка

«Գրքի ընկեր»

«Գրքի ընկեր»

29.12.2013 | 15:47

Տարվա ընթացքում գրական իրադարձությունների պակաս չունեցանք` գրական հանդիպումներ, ընթերցանության ժամեր, գրական մրցույթներ և այլն: ՈՒշադրությունից դուրս չմնացին անգամ լրագրողները, որոնք սովորաբար «մեղադրվում են» գրական կարևոր իրադարձությունները շրջանցելու, գրողական ընտանիքի վեճուկռիվը հանրայնացնելու մեջ: Տարեվերջին «Անտարես» հրատարակչությունը մի շարք լրատվամիջոցների ու լրագրողների պարգևատրեց «Գրքի ընկեր» շնորհակալագրերով:

Տարվա տխուր լուրը. փոքր գրախանութները, հրատարակչությունները փակման վտանգի առաջ են կանգնած: Մայրաքաղաքի գործող գրախանութներում անցկացված հարցումների արդյունքում էլ պարզեցինք, որ գիրք գնողները աստիճանաբար պակասում են:
Մեր ընթերցողները քիչ են ու բազմաճաշակ: Առավել պահանջված գրքերի ցուցակում կարող են տեղ գտնել Նարեկացու «Մատյան ողբերգության» պոեմը, Միլերի «Խեցգետնի արևադարձը», Կարնեգիի «Ինչպես ձեռք բերել բարեկամներ և ազդել նրանց վրա» ձեռնարկը, Կոելիոյի «Ալքիմիկոսը», ժամանակակից հայ հեղինակների գրքերը: Սակայն ամենապահանջված գրականությունը մանկականն է:
Ստվերում չե՞ն մնում արդյոք արժեքավոր գրքերը, որոնց մասին ինչպես հարկն է իրազեկված չէ ընթերցողը:
Ի՞նչ կարդալ: Խորհուրդ են տալիս գրողներն ու գրականագետները` պատասխանելով irates.am-ի հարցին` «ի՞նչ են կարդացել տարվա ընթացքում և ի՞նչ են առաջարկում կարդալ ընթերցասերներին»:
Գրականագետ Հասմիկ Հակոբյանն առաջարկեց կարդալ Քնյութ Համսունի «Սովը»: Բանաստեղծ Արա Ալոյանն ասաց, որ ամեն տարի մշտնջենական այժմեականությամբ վերընթերցում է Աստվածաշունչը, բացահայտում, վերծանում է խորաշերտերը Սուրբ Գրքի: «Հայ գիրք» գրախանութների ցանցի տնօրեն, բանաստեղծ Աշոտ Գաբրիելյանը վերջերս է ավարտել Միգել դե Ունամունոյի «Մառախուղը», տպավորված է Ջորջ Օրվելի «1984»-ով:
«Տարվա ընթացքում շատ գրքեր եմ կարդացել, բայց անցյալ տարվա սկզբին կարդացի Էրիկ Էմանուիլ Շմիթից մի քանի գործ (ցավոք, ռուսերենով), որոնցից կառանձնացնեմ «Օսկարը և վարդագույն տիկինը»: Բացառիկ գործ է, կառաջարկեի, որ բոլորը կարդան: Հիվանդությամբ դատապարտված երեխայի վերջին օրերն են… և նրա նամակներն Աստծուն»,- ասաց բանաստեղծ, արձակագիր Գոհար Գալստյանը:
Հավելենք, որ Facebook սոցցանցի «Գրքեր, որ պետք է կարդալ», «Ինչ գիրք կարդալ» և այլ էջերի միջոցով գրասերները, գրական աշխարհի մարդիկ իրազեկում են իրենց կարդացած լավ գրքերի մասին: «Փոխանակում ենք գրքեր», «Գրաքամոլ» և այլ խմբերի շնորհիվ ոչ միայն առաջարկվում, այլև փոխանակվում են լավ գրքերը:

http://www.irates.am/hy/1388317762

Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Заметка

Փաբում միայն սպիտակներն են

Փաբում միայն սպիտակներն են

23.11.2013 | 13:51

«Սպիտակ ագռավ». այսպես է կոչվում երևանյան նորաստեղծ ակումբը, որ խոստանում է դառնալ մշակութային յուրատեսակ հավաքատեղի: «Սպիտակ ագռավների» ակումբում անցկացվում են համերգներ, հանդիպումներ, ցուցահանդեսներ, գրքերի շնորհանդեսներ և այլն:

«Աշխարհում բոլոր կենդանիներն ունենում են ալբինոսներ: Մարդիկ՝ նույնպես: Սպիտակ ագռավը ալբինոս է, նա գենետիկ խախտում ունի, ինչի արդյունքում դառնում է յուրօրինակ,— ասում է ակումբի հիմնադիր, գրող, հրապարակախոս Վարդան Հակոբյանը:— Բայց խնդիրն այստեղ այլ է. պետք է ոչ թե սպիտակ ծնվել, այլ կարողանալ սպիտակ ապրել:
Սպիտակ ագռավները հիմնականում մշակութային մարդիկ են, որոնք անընդհատ ինքնարտահայտման տարբերակներ են որոնում»:

Ի՞նչ սկզբունքով են ընտրվում ակումբի անդամները: Զրուցակցիս խոսքով` մարդն ինքն է զգում` սպիտակ ագռա՞վ է ինքը, թե՞ ոչ: Գնահատական ոչ ոք չի տալիս, այստեղ չկան օրենքներ, պարտականություններ, սահմանափակումներ, բայց կա մի մեծ փորձություն` ամեն ինչ անելու իրավունք:«Պարտականությունը փորձություն չէ, մարդիկ սիրում են պարտականություններով ապրել, դա հեշտացնում է կյանքը, իսկ իրավունքները խնդիրներ են առաջացնում: Եթե իրավունքները սխալ օգտագործես, ինքդ էլ կհասկանաս, որ սպիտակ ագռավ չես»,— ասում է նա: Սպիտակ ագռավը առաջին հերթին պետք լինել հասարակական ակտիվություն ունեցող մարդ, ով ինչ-ինչ քայլեր է անում այլոց համար: Նա սպիտակ է, որովհետև առաջին հերթին ոչ թե իր մասին է մտածում, այլ ուրիշներիե: Կանոնադրությունը մոտավորապես այսպիսին է. ակումբի անդամներն իրավունք ունեն առաջարկելու ու անցկացնելու ցանկացած միջոցառում ակումբի տարածքում (նրանց հավաքատեղին համանուն փաբն է`«White Crow»-ը), կարող են մասնակցել ակումբի ձևավորման աշխատանքներին, ունենալ իրենց անունով խմիչքներ և այլն: Ակումբային նշանը արծաթյա սպիտակ ագռավն է: Անդամատոմս չկա, եթե շատ լինեն անդամները, յուրաքանչյուրը կունենա ակումբի իր բանալի:
Հավելենք, որ եվրոպական տարբեր երկրներում գոյություն ունի «Սպիտակ ագռավ» մրցանակ: Այս ավանդույթը թափանցելու է նաև հայկական իրականություն: Փայտից ագռավիկ մրցանակը կստանա նա, ով լավ բան կանի մարդկանց համար: Այսպես են ապրում երևանյան սպիտակ ագռավները: «ՀԿ չեմ հիմնադրում, որովհետև օրենքները բարենպաստ չեն, ընդհանրապես չեմ սիրում օրենք»,— ասում է ակումբի հիմնադիրը, երկու խոսք էլ ասում մեր թևավոր հերոսի` ագռավի մասին:— Ագռավը ինտելեկտուալ թռչուն է, կարողանում է 160 բառ արտասանել և այդ բառերով մտքեր արտահայտել: Ագռավը երկար է ապրում»:
Ի դեպ, բոլորից տարբերվող մարդուն «սպիտակ ագռավ» արտահայտությամբ առաջին անգամ բնորոշել է հռոմեացի պոետ Յուվենալան 1-ին դարում:

http://www.irates.am/hy/1385200395
Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Заметка

Նիդերլանդական առավոտ` առանց Յոսի

Նիդերլանդական առավոտ` առանց Յոսի

01.07.2013 | 15:50

Գրոնինգեն, Նիդերլանդներ: Յոսն արթնանում է անօթևանների կացարանում` գիշերելու իր մշտական վայրում: Առավոտյան մոտ ժամը 10-ն է: Սկսվում է փողոցային կյանքը` անկախ եղանակից: Հիվանդ է, թե ոչ, կամա թե ակամա, Յոսը ստիպված է հեռանալ, ինչպես ամեն օր: Կացարանը կբացվի 12 ժամից: Դրսի ցրտին 12 ժամ դիմանալը հեշտ չէ: Բայց այս օրն ուրիշ է: Յոսը ծրագիր ունի. մտադիր է իրականացնել որոշածը: Նա ստիպված կլինի համոզել ընկերուհուն և ընկերներին: Ինչևէ, մտքին դրել է այսօրվանից փոխվել. այլևս չի խմի, չի ծխի, կոկաին, հերոին կամ այլ թմրանյութեր չի օգտագործի: Երբեք: Յոսը, իրոք, ուզում է փոխվել: Այսօր նա իր բոլոր վատ սովորությունները կթողնի: Իրո՞ք: Այսօր այդ օրն է… Կամ, լավ, գուցե վա՞ղը:

Ռենե Հաուվենի «Հերոին» ֆիլմն ընդգրկված է «Ոսկե ծիրան» 10-րդ միջազգային կինոփառատոնի խաղարկային ֆիլմերի ծրագրում: Դերերում` Մադս Վիտերմանս, Էվա Փուշենդորֆ:
«Ես ոչինչ չեմ արել, ես ոչինչ չեմ արել… թմրամո՛լ»… Յոսի իրերից թռցրել են թմրանյութը, իսկ նա որոշել է փոխվել: Ֆիլմը սկսվում է կարճ, հպանցիկ ինտրիգով ու շարունակվում ոչ մի տեղ չտանող միապաղաղ, չընդհատվող վազքով: Վազք, որ հեռացնում է աղքատության կացարանից, հերոինից, անփողությունից, մթերային խանութից, սեփական տեսակի հետ հաշտ` թափառական ընկերներից: Եթե հերոսի տևական, անկյանք, անվերջ ձգվող պայքարից չհոգնես, կհասնես նրա հետ մինչև փրկության դուռը, ուր սերն է: Դուռ, որ չգիտես քանի-քանի անգամ է բացվել ու փակվել: Այստեղ էլ կյանք չկա: Հերոին է: Հուսահատ փրկություն: Սիրո տեսարանները, ընթրիքը, ամեն ինչ ներծծված են հերոինով: Միջանցքում պտտվող լվացքի մեքենան տարուբերում է Յոսի շորերը: Նրա դղրդոցն ու միայնակ տեսքը ֆիլմից դուրս մնացած դրվագ են հիշեցնում, որի այն կողմում վերջացող կյանքն է, կամ` վերջացած: Յոսն էլի հայտնվում է այն կողմում:
Յոսը վազում է աղքատության կացարանի կողքով, թափառաշրջիկ ընկերների, հերոինի, կյանքի: Ֆիլմի վերջում բացվում է նիդերլանդական առավոտը` առանց Յոսի:
«Ես ոչինչ չեմ արել, ես ոչինչ չեմ արել… թմրամոլ»։
«Հերոինը» Ռենե Հաուվենի առաջին լիամետրաժ աշխատանքն է: Հաուվենը 30 տարի աշխատել է երաժշտության ասպարեզում` որպես երաժիշտ, ձայնագրության պրոդյուսեր, եղել է Գրոնինգենի Mastersound Studios-ի տերը: 2007-ին լիովին հեռացել է երաժշտության ոլորտից, իսկ մեկ տարի անց սկիզբ է առել նրա համագործակցությունը երիտասարդ կինեմատոգրաֆիստ Թեյս Գլոգերի հետ: Միասին հիմնել են Schaftkip Films ընկերությունը` փոքր բյուջեով ֆիլմեր նկարահանելու համար:
Նշենք, որ «Ոսկե ծիրան» փառատոնի խաղարկային ֆիլմերի ծրագիրը, ինչպես նախորդ տարիներին, ընդգրկում է 12 ֆիլմ («11 հանդիպում հորս հետ», «Երկար, երջանիկ կյանք», «Հինգերորդ եղանակ», «Ձայն լռության» և այլն):
Խաղարկային ֆիլմերի ժյուրիի անդամներն են Թինա Լոքը, Անդրեյ Պլախովը, Ջեյ Վայսբերգը, Սերժ Ավետիքյանը: Ժյուրին գլխավորելու է համաշխարհային կինոյի ամենանշանավոր ռեժիսորներից մեկը` հունգարացի Իշտվան Սաբոն:

Ռենե Հաուվենի «Հերոին» ֆիլմից կադր
Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ
http://www.irates.am/hy/1372679548

Նիդերլանդական առավոտ` առանց Յոսի 01.07.2013 | 15:50 Գրոնինգեն, Նիդերլանդներ: Յոսն

«Ես այնքան էլ վստահ չեմ, որ իմ մանկությունից հետո ապրել եմ»

«Ես այնքան էլ վստահ չեմ, որ իմ մանկությունից հետո ապրել եմ»

01.06.2013 | 14:29

Հունիսի 1-ը շատ երեխաների համար սովորական օր է, շատերի համար` ավելի տխուր, քան սովորական օրերը:

Շատերն, ամենաշատն ունեն պաշտպանության կարիք, բայց անպաշտպան են:
Շատերը չունեն իրենց մանկության մոլորակը:
Նրանք չգիտեն, ով է Փոքրիկ Իշխանը,
նրանք դպրոց չեն գնում,
նրանք աշխատում են,
նրանց ստիպում են աշխատել,
նրանք մանկություն չունեն,
նրանք ապրում են ընտանիքներից հեռու,
հասարակությունից հեռու:
Նրանք թափառում են փողոցներում:
Քնում են մանկատանը:
Գիշերօթիկում:
Անծածկ տնակում:
Նրանք չեն քնում:
Նրանք «վիշապ օձ են նկարում` ներսի ու դրսի կողմից, այն էլ վեց տարեկան հասակում»:
Նրանք չեն նկարում:
Նրանք աշխարհի ապագա քաղաքացիներն են:

Աշխարհում ամեն վայրկյան ծնվում է 4 երեխա, իսկ մեկ րոպեում՝ մոտ 250:
Ողջ աշխարհում ստիպում են աշխատել 5-17 տարեկան ավելի քան 200 մլն երեխաների, նրանցից 15 միլիոնը զրկված են դպրոց գնալու հնարավորությունից:
Աշխարհում 170 մլն երեխա քաղցած է: Տարեկան մոտ 3 մլն երեխա մահանում է քաղցից:

Այսօր երեխաների պաշտպանության միջազգային օրն է:

Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Заметка

Անդին… ՈՒզում եմ հարցերս շարադրել առանց թույլտվության…

Անդին… ՈՒզում եմ հարցերս շարադրել առանց թույլտվության…

17.02.2013 | 23:45

ԵՐԿՆԱՅԻՆ ՀԱՆԴԻՊՈՒՄ

Քո վերքից ես էլ ունեմ…

Վահան ՎԱՐԴԱՆՅԱՆ

Հանկարծամահ է եղել «Նարցիս» գրական-գեղարվեստական մշակութային ամսագրի գլխավոր խմբագիր, բանաստեղծ ՎԱՀԱՆ ՎԱՐԴԱՆՅԱՆԸ:

«Ո՞վ ես»: «Ի՞նչ ես անում»: «Գրո՞ւմ ես»: «Ե՞րբ ես սկել գրել»: «Մի՞շտ»: «Այդպես լինո՞ւմ է»: «Ո՞նց ես ապրում, ավելի շատ ուրա՞խ, թե՞ տխուր»:
Առաջին անգամ, ինչ-որ պատմվածք ձեռքիս, «Նարցիսի» խմբագրություն էի գնացել: Ամսագիրը նոր-նոր էր լույս ընծայվել: Ես էլ նոր-նոր լրագրողական քայլեր էի անում: Գրական շրջանակին էլ, անկեղծ ասած, ծանոթ չէի: Հետո իմացա, որ այդ տարօրինակ հարցերով ինձ դիմավորող անձնավորությունը «Նարցիսի» գլխավոր խմբագիրն էր:
Հետո գործերին ծանոթացա: Հարցեր ծնվեցին: Կանաչավուն իմ նոթատետրում այդ հարցերը երկար մնացին: Մեկ տարի, երկու: Մի առիթով հարցազրույց խնդրեցի: Չմերժեց: Ապաքինվեմ, կզրուցենք` ասաց: Չհամառեցի: Հարցերն աչքի անցկացրի: Փոփոխելու ոչինչ չկար: Անմահությանն էին վերաբերվում: Նման թեմաները չեն հնանում:
Հիմա նորից բացել եմ կանաչ նոթատետրը: ՈՒզում եմ հարցերս շարադրել առանց թույլտվության…

-Արարելով մարդն ասես նմանվում է Աստծուն. արվեստագետի որոնումներն ավելի շատ մոտեցնո՞ւմ, թե՞ հեռացնում են նրան Աստծուց:

-Ձեր պոեզիան կյանքն է փառաբանում ` «Ինչ զարմանալի արարում է սա, որ ուզում ես լինել շարունակ», միևնույն ժամանակ չգոյության ձգտում եմ տեսնում («Անդին»):

-«Երբ ավարտվի այս ստեղծագործությունը Տիրոջ, պետք է սպասել նոր արարումի». այս և նման մոտեցումները արտասովոր են դարձնում արվեստագետին: Հե՞շտ, թե՞ դժվար են ապրում ստեղծագործող մարդիկ:

-Բացի գրականությունից…

-Անահիտ Թոփչյանը հետաքրքիր պատասխան էր տվել իմ հարցերից մեկին` «Մահից հետո ենք իմանալու անմահության մասին»: Փաստորեն կյանքը հանելուկ է ու այդքա՞նը….

Այդքանը: Հարցերս նրա պոեզիայից էին ծնվել: Պատասխաններն այնտեղ են..

Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Ո՞Վ ԿԱ

Մենք կապվեցինք իրար օմնոպոն դեղով՝
Արյան կապից թունդ,
Մենք կապվեցինք իրար հավիտենից՝
Կյանքի կապից էլ պինդ ինչ-որ չափով.
Կյանք էր, գուցե արարչական.

Ենթադրական, ավաղ, ենթադրական…

Սերը՝ սիրով հատվեց, կյանքը՝ կյանքով.
Հաշվարկում ի՞նչ եղավ, դեռ չգիտեմ,
Սակայն կյանք էր երկու ոլորտներում
Անքակտելի ներկա,

Արարչական, իրո՛ք, արարչական…

Ներկա՛ գոչեց Տերը, ո՞վ կա,
Աստղ ու ծաղիկ՝ ամենն իրար ձայնակցելով
Եվ դու ինձ հետ՝ բղավեցինք՝ ներկա՛.
Ես լսեցի կանչն այդ, որ կաս.

Ուրեմն կաս, որ կամ, որ կաս…

…Ես շուրթերդ թաքուն համբուրեցի՝ գնա,
Տեր իմ՝ խաղաղ համառեցի՝ դու առ,
Բայց իմ հոգին ճեղքվեց կարոտանքից անել,
Ու ես ինքս, արդեն, հաջորդ պահին ողոքեցի՝ որ գամ
Օմնոպոն դեղի կապվածության չափով
Ներառելու կրկին քեզ բարձրերում։

Ինձ ասացին՝ սպասիր, ինձ ասացին՝ մնա,
Ինձ ասացին՝ քիչ էլ դու համբերիր այստեղ,
Դու քարշ արի երկնի դարպասների առջև՝
Թե չես կարողանում կորստյանը հաշտվել,
Սակայն տուրք տուր երկրին, ծնողներիդ երկու, զավակներիդ երկու,
Մինչև հողը ուտի մկաններդ արու։

Ի՞նչ ասացին հեռվում՝ քո ոլորտում ներկաները, որ կան.
Ի՞նչ բառերով թաքուն համոզեցին հոգուդ, որ դիմանա,
Ու ներառվի իրենց ոլորտներում առկա
Մի չքավոր չափով այսերկրային, որ գամ,
Բայց դու հաջորդ պահին վերադարձար՝ Ես կամ.
Ուժ տվեցիր հոգուս ու ասացիր՝
Մնա, որ գաս։

…Հայրս եկավ, ահա, հայրս եկավ արի.
Եվ հարսնություն արա նրա վերջին շնչին,-
Այստե՞ղ արդյոք վերջին, թե՞ իր սկզբին՝ այդտեղ,-
Իր հոգոցին՝ հաստատ արարչական ճամփի՝
Դու հարսնություն արա, մատռվակիր, որ գամ։

Ի՞նչ խոսքերով այդտեղ, քեզ ասացին՝ մնա.
Ի՞նչ բառերով, արդեն ընկրկեցին՝ մնա,
Ինձ ասացին՝ սպասիր, ինձ ասացին՝ գնա,
Իմ ոլորտում՝ այստեղ համոզեցին՝ գնա,
Քանզի ոչ ոք չկա, որ մեր կողքին մնա։

Հայրս եկավ կամոք, հայրս եկավ խաղաղ,
Ի պատասխան Աստծո մեծ հարցամին՝ ո՞վ կա,
Պատասխանեց՝ ներկա, ներկա,
Ու ինձ ասաց՝ ներկա, դու տեր եղիր դարձյալ
Զավակներիդ երկու ու ծնողիդ միակ.
Ով որ կողքիդ, դեռ կա…

Ներկա՛, ներկա՛, ներկա՛, ո՞վ է կողքիս, որ կա,
Այս բացակա ներկան, կարծես կողքիս չկա,
Ոչինչ չկա կողքիս ու աշխարհը չկա,
Ի պատասխան Աստծո մեծ հարցումին՝ ո՞վ կա՝
Միայն ձայնս է առկա, ձեր ոլորտում ներկա…

Անդին… ՈՒզում եմ հարցերս շարադրել առանց թույլտվության… 17.02.2013 | 23:45

«Էս ի՞նչ զռռան ազգ ենք դարձել»

«Էս ի՞նչ զռռան ազգ ենք դարձել»

09.09.2012 | 13:47

«Գրեթե ամեն ինչ, որ մարդը ճանաչում է, կամ վատ է կամ տխուր», «Բացի ողջ լինելուց մենք պետք է մի քիչ էլ ծիծաղենք»: Սարոյանական այս մտքերը «Մարդկային կատակերգությունից» են, ուր և պատերազմ կար, և բարություն, մահ կար, կորուստ, բայց ավելի շատ` կյանք:

Թող որ մեր բանակում էլ ամեն ինչ կատարյալ չէ, թող որ պատռեն ժպտացող զինվորների լուսանկարներն ու սպանված զինվորների լուսանկարներ փակցնեն քաղաքում` «Հաջորդը ես եմ» վերտառությամբ: Մենք ողբացող ժողովուրդ ենք՝ կողբանք, կցավակցենք, կտարածենք սոցցանցերում, կվերլուծենք ու դրանից բանակը (կյանքը) կդառնա ավելի ուրախ, ավելի լավը:
Մեղավորներ ինչո՞ւ փնտրել` ջիպավորներն են, բանակում զոհված զինվորների ծնողները, ջահելները թե ահելները, լևոնականները, թե սերժականները: Մենք ենք: Սա խոսում է մի բանի մասին` քաղաքը հիվանդ է: Ակցիան, հասկանում ենք, որ միանշնակ չէր ընդունվելու, ինքս հիացած չէի ժպտացող զինվորների լուսանկարներով, բայց դրանք պատռելն արդեն չարակամության ակցիա է:
Մարդիկ ժպտում են (կյանքում էլ), ու դա չի նշանակում, որ նրանք ցավ չունեն, որ նրանց շուրջը մեռնող մարդիկ չկան:
Ինչո՞ւ եք պատռում ժպտացող զինվորների լուսանկարները:

Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Հ.Գ.- Սոցցանցերում բնականաբար սույն թեման ակտիվորեն քննարկվում է, comment -ներից մեկը ներկայացնում եմ առանց փոփոխության. «Վա՜յ, էս ի՞նչ ա կատարվում… ժպտալը (ժպիտը) մարդկանց զզվացնում ա…էս ի՞նչ զռռան ազգ ենք դարձել…»: (Վաչագ Տեր-Սարգսյան, նկարիչ, ապրում է Գլենդելում)

Հետամառային մտորումներ. բարև աշուն, հաստլիկ գեղեցկուհին և ոչ մի Թայիթի

Հետամառային մտորումներ. բարև աշուն, հաստլիկ գեղեցկուհին և ոչ մի Թայիթի

04.09.2012 | 13:29

Նրանք, ովքեր նոր-նոր են վերադարձել հանգստավայրերից և չեն հասցրել տեսնել քաղաքի նոր բնակչուհուն` հաստլիկ «գեղեցկուհուն», ասեմ, որ «Գաֆէսճեան արվեստի թանգարանին» կից քանդակների պարտեզում տեղադրված Ֆերնանդո Բոտերոյի «Կատուն», «Հռոմեացի զինվորը» քանդակների շարքը համալրել է «Ծխող կինը»: Քաղաքը չի հասցրել սիրել հաստլիկին: Ինչո՞ւ: Բազմազանությունը մեզ խանգարո՞ւմ է: Գռեհի՞կ է: Մե՞րը չէ: Նո՞ր է: Քաղաքի անբաժանելի մասը դարձած մեր քանդակները, ինչ է, միանշանակ ու գրկաբա՞ց են ընդունվում:

Արվեստագետները միակարծիք չեն: Ինչպես և կարելի էր ենթադրել: Բայց հավանողներն էլ քիչ չեն: Հակառակ դեպքում այսքան ճանապարհ չէր կտրի Բոտերոյի «գլուխգործոցը»: Ասում են` նրա լավագույն գործերից է: ՈՒ ստիպված չենք լինի նման որակի արվեստ տեսնելու համար գնալ հասնել, ասենք, Նյու Յորք, հաստլիկն ինքն է իր ոտքով եկել, տեղավորվել մեր քարքարոտ երկրում (շատ էլ հարմար տեղավորվել է) ու անվրդով տեսքով ծխում է: Ասում է, որ բոլոր կոլումբիացիներից ավելի կոլումբիացի է, ինչպես իր հեղինակը: Ինչ որ է: Այսքան ճանապարհ անցած հյուրը խոսելու իրավունք, կարծում եմ, ունի:
«Այս քաղաքում, հիմնականում խոսում են գնալու և գալու մասին: Ես «Արի տուն» ծրագրի շրջանակում չեմ հայտնվել այստեղ, ոչ էլ Սիրիայում հասունացող խնդիրների, բայց պետք է ասեմ, որ թեթև բնավորությանս շնորհիվ արդեն վաղուց ինձ զգում եմ ինչպես իմ տանը: ՈՒշադրության պակասից չեմ դժգոհում: Ճիշտ է, ինձ ծաղկեփնջերով չդիմավորեցիք, ինչպես և իմ նախորդներին, բայց դա այդքան էլ էական չէ: Ես հասկանում եմ, որ մի քիչ շատ եմ մոնումենտալ (վատ իմաստով) ձեր քաղաքի համար, բայց հանճարեղ գործերը միշտ էլ (գուցե ոչ միշտ) գնահատվում են ժամանակից ուշ: Իմ հերթն էլ կգա, դուք չեք տեսնի, ես անպայման կտեսնեմ:
Ինձ հաջողվեց փոքր ինչ ցրել քաղաքի վատ տրամադրությունը, արվեստագետները երկար-բարակ խոսեցին, հիշեցին հին ու նոր քանդակները (թե որն է որից ավելի վատ): Եթե չլիներ այդ հիմար Սաֆարովը, դեռ երկար կգրավեի անցորդների ուշքն ու միտքը: Հիմա աշխատում եմ մի քիչ զգույշ լինել, որ ամեն ինչ չբարդեն ինձ վրա, ախր, շատ աչքի ընկնող եմ: Մի բանում հաստատ բախտս բերել է. ես հունգար չեմ, թե չէ, ամբողջ կուժուկուլան կջարդեին գլխիս, ու կվերադարձնեին այնտեղ, որտեղից եկել էի` մաս, մաս: ՈՒֆ, հանգիստ ծխել էլ չի լինում էս քաղաքում, աղմուկը շատ է, ծովը` քիչ: Ծխող մարդիկ էլ հիմնականում մտահոգ: Առավել մտահոգները վրաս էլ չեն նայում: Բայց կանցնի: Էլի կխոսենք, դեռ կլուսանկարվենք էլ:
Լսել եմ, որ նոր գործեր են տեղադրվելու այս տարածքում: Չգիտեմ` հարևաններս ովքեր են լինելու, բայց ես ինձ այսպես էլ վատ չեմ զգում, վայելում եմ երևանյան աշունը, ողջունում եմ անցորդներին, քիչ-քիչ ծանոթանում եմ տեղի սովորույթներին ու… պետք չէ ինձ ոչ մի Թայիթի»:

Սկզբնաղբյուրը` http://www.irates.am/hy/1346751292
Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ