Заметка

«Երկու տիպի արվեստագետ կա՝ պալատական և բողոքական»

«Երկու տիպի արվեստագետ կա՝  պալատական և բողոքական»

07.02.2014 | 13:11

«Ոստան հայոց» ռոք-խումբը հայկական ռոք-երաժշտության «երրորդ ալիքի» ամենահայտնի ներկայացուցիչն է: Հիմնվել է 1986-ին, կարճ ժամանակում մեծ ճանաչում է վաստակել` դառնալով 80-ականների ազգային շարժման հիմնադիրներից մեկը: Թողարկել է «Զարթնիր, որդյակ», «Քիմերներ» ալբոմները: Խմբի անդամներն են Հովհաննես Կուրղինյանը (վոկալ), Արեգ Նազարյանը (բաս կիթառ), Դավիթ Մուշեղյանը (կիթառ), Լևոն Հախվերդյանը (հարվածային):
«Իրատես de facto»-ի հյուրը խմբի հիմնադիր, կիթառահարԱՐԵԳ ՆԱԶԱՐՅԱՆՆ է:

-Ի՞նչ հարց էր բարձրացնում 80-ականներին հիմնված «Ոստան հայոցը», և ո՞վ էր ռոքի ունկնդիրն այդ տարիներին:
-Այդ տարիներին ռոքը մեծ լսարան ուներ` տարիքային և սոցիալական ամենատարբեր խմբերում: Ե՛վ քանակով էին շատ ռոքի սիրահարները, և՛ վճարողունակությունն էր թույլ տալիս ներկա լինել համերգներին: Այսինքն, այն ժամանակ մենք ավելի լավ էինք ապրում, քան հիմա։ Իսկ սկսեցինք, որովհետև պարզապես ուզում էինք նվագել: Մեկ ամիս անց հասկացանք, որ պետք է ոչ թե պարզապես նվագենք, այլ խնդիր դնենք մեր առաջ:
-Եվ ո՞րն էր խնդիրը:
-Երկիրը, հայրենասիրությունը, սերը հողի հանդեպ: Մենք նյութ էինք հավաքում մշակումների համար, և, հետաքրքիր զուգադիպությամբ, Սեդան (հետագայում` Մոնթե Մելքոնյանի կինը), մեր տանը նստած, ձայնագրիչը միացրած, երգում էր ազգագրական երգեր, որոնց մի մասը հետագայում ընդգրկվեց մեր երգացանկում: «Ոստան հայոցի» գործունեության հիմքում հայրենասիրությունն էր, ինչն ուղղակիորեն երաժշտությունից վերածվեց պատերազմական գործողությունների: Ես և Հովհաննես Կուրղինյանը մեկնեցինք ռազմաճակատ:
-Այսինքն, խումբը ծնվեց ժամանակի՞ պահանջով:
-Կարծում եմ` այո:
-Եվ ծնվեց, որովհետև բողոք, ասելիք կար, բայց քի՞չ էին երաժշտության լեզվով խոսք ասողները:
-Այսպես ասեմ՝ 87-ին Երևանի հեծանվահրապարակում մեծ փառատոն կազմակերպվեց, մասնակցում էր 17 ռոք խումբ՝ մեկը մյուսից լավը:
-Ինչո՞վ էր առանձնանում «Ոստան հայոցը»:
-Թեմատիկայով:
-Ո՞ր խմբերն էին ճանաչված այդ տարիներին:
-Այդ շրջանի երկու խումբ կհիշատակեմ` «Արևածագը» և «Ասպարեզը»:
-Խորհրդային շրջանում ռոք երաժշտությունը ճնշումների չի՞ ենթարկվել:
-Դե դա մի քիչ խաղ էր, իբր թե արգելում էին, բայց ինչպե՞ս կարող ես արգելել: Կոչվում էր վոկալ գործիքային անսամբլ, ոչ թե ռոք խումբ: Տարբերությունը չեմ տեսնում: Ես 76 թվականից ռոք եմ նվագում:
-Իսկ անցումային շրջանում, մութ ու ցուրտ տարիներին լսելի՞ էր ռոքի ձայնը: Դադարի շրջան չե՞ք ունեցել:
-Մեծ հաշվով` մենք ունեցել ենք դադարներ մեր գործունեության մեջ, բայց երբևէ չենք դադարել ինչ-որ բան անելուց: 2000-ականներին մի քանի տարով մեր կիթառահարը մեկնեց Մոսկվա` բնակության: Ամենամեծ դադարը դա էր:
-Խմբի անդամները ցրվել ու միացե՞լ են, չե՞ն փոխվել:
-95-ից հետո փոփոխություն չի եղել:
-Ի՞նչ ասելիք ունի խումբն այսօր:
-Այսօր խումբը մտածում է, թե ինչ պետք է ասի իր հիմնադրի 50-ամյակի առթիվ, որն այս տարի է լրանում:
-Իսկ ինչպե՞ս եք պատկերացնում հոբելյանական տարին` հոբելյանական համե՞րգ, նոր սկավառակի թողարկո՞ւմ։
-Ե՛վ մեկը, և՛ մյուսը, ծրագրերի մի մեծ ցուցակ ենք կազմել:
-Սիրո մասին երգերը ողողել են շոու-բիզնեսի աշխարհը և լրջորեն քննադատվում են: Բայց երբ հնչում են Սայաթ-Նովայի, գուսան Շերամի, մեր ժամանակակիցներից` Ֆորշի, Հախվերդյանի սիրո երգերը, դա արդեն ուրիշ հարթություն է:
-«Սեր» բառը հաճախ կապ չունի սիրո հետ, որ ամեն պատեհ ու անպատեհ առիթով կիրառում են: Առանց այդ բառի էլ կարող ես երգել սիրո մասին, նայած` ինչ ես սիրում:
-Ազգային երգերի նորօրյա մեկնաբանությունները հավանո՞ւմ եք:
-Մենք այդ ճանապարհին էինք, և մեզ վրա ծիծաղում էին: Ինչ վերաբերում է նորօրյա մեկնաբանություններին, եթե լավ է արված, իհարկե հավանում եմ:
-Ինչի՞ կարիք ունի այսօր հայ մարդը: Եվ ինչի՞ կարիք` աշխարհի քաղաքացին:
-Հանդարտության, բանկային համակարգից հեռու լինելու, գյուղատնտեսությամբ զբաղվելու, բնության հետ շփվելու, բնությունը սիրելու, կենդանիների հետ զրուցելու: Երևի բարդ բան եմ ասում:
-Երաժշտությունը ժամա՞նց է:
-Երբեք, շատ լուրջ բան է:
-ՈՒրեմն չե՞նք կարող բացառել դրական կամ բացասական ազդեցությունը:
-Անշուշտ: Երաժշտությունը արվեստի տեսակներից ամենավիրտուալն է, ամենավերացականը, շոշափելի չէ, դրա համար էլ նրա ազդեցությունը ամենամեծն է: Երաժշտություն լսելիս մարդ ցանկացած պատկեր կարող է պատկերացնել, դա կինո չէ, գիրք չէ, նկար չէ, վերացական է և շատ հնուց է գալիս: Կարծում եմ` ժայռապատկերներն ու երգեցողությունը միասին են ծնվել:
-Հայաստանի ներքաղաքական խնդիրներին որևէ կերպ արձագանքո՞ւմ եք:
-Սկսել եմ խուսափել: Մեկ-մեկ հաջողվում է, մեկ-մեկ` ոչ: ՈՒզում եմ, որ ինչ-որ բան փոխվի, բայց ոչ թե զուտ քաղաքական տեսակետից, այլ մարդկանց մեջ: Երևի դա մեր երկրի ներքաղաքական խնդիրը չէ, դա ամբողջ աշխարհի խնդիրն է, շատ խնդրահարույց է դարձել աշխարհը:
-Արվեստագետը որևէ կերպ պե՞տք է արձագանքի այդ ամենին:
-Անշուշտ, ես բնակություն եմ հաստատելու Արցախում: Դա իմ արձագանքն է:
-«Կիլիկիա» նավի ճամփորդության մասին ի՞նչ կասեք` որպես ճամփորդության մասնակից, նավապետի օգնական: Քաղաքական երանգ չունի՞ այդ նախաձեռնությունը:
-Ոչ մի քաղաքականություն, դա «Ոստան հայոցի» շարունակությունն է ինձ համար: Դա հայրենասիրություն է, հայրենասիրությունը քաղաքականություն չէ երբեք: Երկիր սիրելը, հող սիրելը ոչ մի կապ չունեն քաղաքականության հետ: Իսկ ես իմ երկիրը սիրում եմ ու կարող եմ կրկնել դա անվերջ:

-Ճանապարհորդությունը ինչպե՞ս էր ընկալվում դրսում և ներսում:
-Ներսում քիչ են հասկանում, ո՛չ բոլորն են հասկանում, քանի որ նրանց թվում է` մեծ գումարներ են ծախսվել:
-Կարծում եմ` կարևորն այն է, թե ինչի՞ համար է ծախսվում գումարը:
-Երկիրը ներկայացնելու համար: Իսկ մեր երկիրը խիստ կարիք ունի ներկայանալի լինելու` իր պատմությամբ, իր մշակույթով:
-Ցեղասպանության 100-ամյակի առիթով ծրագրեր ունե՞ք:
-Ես և ընկերս գեղարվեստական ֆիլմի սցենար ենք գրել, կոչվում է «Ախ, Թամար»: Հիմքում իրական կերպար է, իրական պատմություն:
-Հայկական ռոքը դրսում ասելիք ունի՞:
-Կարող եմ ասել, որ շատ-շատ են հետաքրքրվում մեր երաժշտությամբ: Մյուսների մասին չեմ կարող ասել, որովհետև չգիտեմ:
-Լսո՞ւմ եք մեր ռոքերներին, կա՞ն խմբեր, որ կառանձնացնեիք:
-«Բամբիռ», «Որդան կարմիր»…
-Այսօր ռոք երգիչները հանդես են գալիս ակումբներում: Ո՞րն էր ռոքերների հարթակը նախկինում:
-Հայաստանում չկա այնպիսի մեծ հարթակ, որտեղ ելույթ ունեցած չլինենք, հեծանվահրապարակը արդեն նշեցի, մարզահամերգային համալիրի երկու դահլիճները` ոչ մեկ անգամ, «Հրազդան» մարզադաշտը, Ստեփանակերտի մարզահամալիրը, Սիսիանի կենտրոնական հրապարակը և այլն:
-Ռոքն ավելի շատ կամերային վիճակ ստեղծող տարածքի՞ համար է, թե՞ մեծ բեմի:
-Ցանկալի է, որ մեծ բեմից հնչի, որովհետև ազդեցությունն ուրիշ կլինի: Բայց առայժմ ունենք այն, ինչ ունենք, կամաց-կամաց կփոխվի:
-Ռոք լսող հանդիսատեսի մասին ի՞նչ կասեք:
-Մեր մասին կարող եմ ասել` ինքնաքննադատաբար: Երգացանկը երկար ժամանակ չենք թարմացրել: Եղած երգերը, ով լսել, սիրել է, բայց այնքան են լսել, որ հոգնել են: Պետք է ինչ-որ նոր բան արվի, ժամանակ հատկացվի, պետք է գնալ գյուղ` ապրելու ու ստեղծագործելու: Առավոտյան պետք է դուրս գաս տնից, վազես, ցանկալի է՝ 3 կմ, լոգանք ընդունես ջրամբարում, հող փորես, մի բան քաղես: Ստեղծագործելու համար հանգիստ հոգի է պետք:
-Մարզերի տաղանդավոր երիտասարդները ինչ-որ բանի հասնելու համար մայրաքաղաք են տեղափոխվում: Ձեր մոտեցումը մի քիչ անսովոր է:
-Որովհետև երիտասարդ են, ու իրենց թվում է, թե մայրաքաղաքում մեղր ու կարագ են բաժանում: Նման բան չկա: Մայրաքաղաքում ոչինչ չկա: Ամբողջ աշխարհի ապագան հետդարձն է դեպի բնություն, դեպի գյուղատնտեսություն, հետդարձը` պսևդոքաղաքակրթությունից: Հիմա մենք ի՞նչ աշխարհում ենք ապրում, փուչիկ է, պայթեց` պայթեց: Պսևդո է ամբողջը, պայթելու է մի օր, ամենուր ճգնաժամ է, ինչքա՞ն կարելի է: Գնացեք ցորեն ցանեք, հաց թխեք, ոչ թե վարկ վերցրեք:
-«ՈՒր որ հայրենի երգեր կլսվին՝ հոն հայրենիքը ողջ է»: Ղևոնդ Ալիշանն է ասել իր ժամանակին: Այն, ինչ լսվում է այսօր Հայաստանում, սփյուռքում, հայրենի՞ է, թե՞ գլխավորում է ռաբիսը` խառնածին ու ցածրակարգ:
-Չգիտեմ, ես բավական երիտասարդ սիրիահայերի մի խմբի եմ հանդիպել, որոնք վերջերս են եկել Հայաստան: 91-ին նրանց «Ոստան հայոցի» ձայներիզի էր հասել, որը, ինչպես պարզվեց, մանկուց լսել են: Ես դա չեմ փոխի ոչնչի հետ և կարծում եմ, որ պարտքս ինչ-որ տեղ կատարել եմ:
-Երբ անճաշակ երգ եք լսում եթերում, ի՞նչ եք զգում։
-Ես չեմ լսում: Տարօրինակ մարդ եմ: Եթե նույնիսկ որևէ մեկը միացրել է, միևնույն է, չեմ լսում:
-Ի՞նչ է ռոքը:
-Ապրելակերպ: Դա զուտ երաժշտություն չէ:
-Իսկ ինչո՞ւ է այն դրսևորվում բողոքի ձևով:
-Միայն ռոքը չէ բողոք, Վիսոցկու երգն էլ է բողոք: Երկու տիպի արվեստագետ կա՝ պալատական և բողոքական: Առողջ բողոքի մասին է խոսքը: Արվեստագետի երրորդ տեսակ չգիտեմ:
-80-ականներին ձայն էին բարձրացնում հանուն անկախ հայրենիքի, իսկ հիմա՞։
-Նորից հանուն հայրենիքի: Հայրենիքը միշտ կարիք ունի պաշտպանության:
-Իսկ երբ ներքաղաքակա՞ն խնդիրներին է հարցը հասնում:
-Դե, ինչ ասեմ, կոնկրետ փաստ նշեմ. Րաֆֆի Հովհաննիսյանի համար հատուկ նվագել եմ, ճիշտ է, դա չեմ համարում քաղաքական ակցիա մեր կողմից, որովհետև նա ինձ համար ուղղակի «սիմպատիչնի» մարդ է, երկու բառ ասաց, ասացի` հարց չկա:
-Գուցե ծեծված թեմա է, ամեն դեպքում, ռոքի հակաքրիստոնեական բնույթի մասին շատ է խոսվում, նաև ասում են` ռոք երաժշտությունը վնասում է մարդկանց, կենդանիներին, բնությանը: Գուցե կա՞ ռոքի այդ տեսակը:
-Գուցե և կա, ուրեմն, ես չեմ լսում ռոքի այդ տեսակը: Ես ուրիշ օրինակ բերեմ՝. թեյի, սուրճի վնասակարության ու օգտակարության մասին մեկ տարվա մեջ 16 անգամ խոսվում է, նայած որ խոշոր կազմակերպությունը ինչ է արտադրում: Դա բիզնես է:
-Երգ, որ սիրելի է դարձրել «Ոստան հայոցը»:
-Երկուսը կնշեմ՝ «Գնացեք, տեսեք» հայտնի ժողովրդական երգը և Դավթի գրածը` «Քաշվանքը»:
-Ի՞նչ կասեք ընթերցողին:
-Սիրեք միմյանց, ձեր հողը, ձեր ծնողներին, ձեր երեխաներին: Դա նաև սիրո մասին երգերի վերաբերյալ Ձեր հարցի պատասխանն է:

http://www.irates.am/hy/1391764572

Հարցազրույցը` Արմինե ՍԱՐԳՍՅԱՆԻ

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s